Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.01.2014-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.01.2014
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.01.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.01.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0962/02/12

2014 թ.

Քաղաքացիական գործ թիվ ԵԱԴԴ/0962/02/12

Նախագահող դատավոր՝ Ա. Խառատյան

Դատավորներ՝

Ա. Պետրոսյան

Կ. Չիլինգարյան

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Վ. Աբելյանի

Ս. Անտոնյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Է. Հայրիյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

 

2014 թվականի հունվարի 22-ին,

քննարկելով ըստ հայցի «Նորվիկ» ունիվերսալ վարկային կազմակերպություն փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ` Ընկերություն) ընդդեմ Սեյրան, Վլադիմիր, Լիլիաննա Եդիգարյանների, Լաուրա Առաքելյանի, Մարիամ Սարգսյանի` գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Լաուրա Առաքելյանի, Վլադիմիր, Լիլիաննա Եդիգարյանների  ընդդեմ Ընկերության` օգտագործման իրավունքը վերականգնելու պահանջի մասին, քաղաքացիական գործով ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2013 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշման դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է Սեյրան, Վլադիմիր, Լիլիաննա Եդիգարյաններին, Լաուրա Առաքելյանին, Մարիամ Սարգսյանին վտարել Երևանի Բաշինջաղյան 1-ին փողոցի 8-րդ շենքի թիվ 19 բնակարանից:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Լաուրա Առաքելյանը, Վլադիմիր, Լիլիաննա Եդիգարյանները պահանջել են վերականգնել իրենց օգտագործման իրավունքը Երևանի Բաշինջաղյան 1-ին փողոցի 8-րդ շենքի թիվ 19 բնակարանի նկատմամբ:

Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների  ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Մ. Հարթենյան) (այսուհետ` Դատարան) 03.07.2013 թվականի վճռով հայցը բավարարվել է, իսկ հակընդդեմ հայցը` մերժվել:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 21.11.2013 թվականի որոշմամբ քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է մինչև իրավահաջորդության հարցի լուծումը:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերությունը:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը պատշաճ չի ուսումնասիրել վարույթի կասեցման հիմք հանդիսացող փաստաթուղթը, չի կատարել կիրառվող օրենսդրության պատշաճ ուսումնասիրություն, ինչի արդյունքում հանգել է սխալ եզրակացության: Մասնավորապես, Լաուրա Առաքելյանի մահվան փաստը չէր կարող գործի վարույթի կասեցման հիմք հանդիսանալ, քանի որ օգտագործման իրավունքը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է և չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է վերացնել Վերաքննիչ դատարանի 21.11.2013 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

 

3. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Քննելով վճռաբեկ բողոքը նշված հիմքի սահմաններում` Վճռաբեկ դատարանն այն գտնում է հիմնավոր հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ  քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանը կարող է կասեցնել գործի վարույթը:

Օրենսդիրը, սահմանելով վերաքննիչ դատարանի այս լիազորությունը, միաժամանակ չի սահմանում գործի վարույթը կասեցնելու ինքնուրույն հիմքեր, ինչը նշանակում է, որ վերաքննիչ դատարանի կողմից գործի վարույթի կասեցումը տեղի է ունենում նույն օրենսգրքի՝ «Վարույթն ընդհանուր իրավասության դատարանում» վերտառությամբ առաջին ենթաբաժնի 105-րդ և 106-րդ հոդվածներով սահմանված հիմքերով:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն` դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե գործին մասնակցող քաղաքացու մահից հետո վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն:

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ գործի վարույթի կասեցումը չի կարող կրել ձևական բնույթ, իսկ դրա միակ նպատակը գործի շարունակմանը խոչընդոտող հանգամանքների վերացումն է: Մասնավորապես, գործին մասնակցող քաղաքացու մահվան դեպքում նրան իրավահաջորդով փոխարինելը հետապնդում է դատավարությունում այդ կողմի ներկայությունն ապահովելու և դրա միջոցով նրա` ՀՀ Սահմանադրությամբ, օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված կամ պայմանագրով նախատեսված իրավունքների, ազատությունների և օրինական շահերի պաշտպանության ապահովման նպատակ, որի բացակայության դեպքում գործի վարույթը վկայակոչված հիմքով կասեցվել չի կարող, քանի որ իրավունքների պաշտպանությունը կարող է իրականացվել միայն շահագրգիռ անձի կողմից որոշակի դատավարական գործողություններ կատարելու դեպքում: Միաժամանակ Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վկայակոչված հիմքով գործի վարույթի կասեցումն օրենսդիրը պայմանավորել է վիճելի իրավահարաբերության բնույթով, այն է` արդյոք տվյալ իրավահարաբերությունը թույլ է տալիս, թե բացառում է իրավահաջորդությունը: Հետևաբար յուրաքանչյուր դեպքում նշված հիմքով գործի վարույթը կասեցնելու հարց լուծելիս դատարանները նախ և առաջ պետք է պարզեն վիճելի իրավահարաբերության բնույթը:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշմամբ անդրադարձել է նաև ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերը նշված հոդվածների և 221-րդ հոդվածի 3-րդ կետում ամրագրված դրույթի համադրված վերլուծությանը և գտել է, որ չնայած կասեցման հիմքերի ընդհանրությանը, վերաքննիչ դատարանում գործի վարույթի կասեցումն օժտված է որոշակի առանձնահատկությամբ՝ պայմանավորված վերաքննության բովանդակությամբ և ծավալով: Նշված առանձնահատկությունը հանգում է նրան, որ եթե առաջին ատյանի դատարանում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 105-րդ հոդվածում ամրագրված` գործի վարույթը կասեցնելու հիմքերը պարտադիր հիմքեր են, որոնց առկայության դեպքում առաջին ատյանի դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, ապա նույն օրենսգրքի 221-րդ հոդվածի 3-րդ կետում «կարող է կասեցնել գործի վարույթը» ձևակերպումը ենթադրում է, որ գործի վարույթը կասեցնելու հիմքերի առկայության դեպքում վերաքննիչ դատարանն օժտված է հայեցողական լիազորությամբ և տվյալ գործի կոնկրետ հանգամանքների համատեքստում վերաքննիչ դատարանն է որոշում, թե արդյո՞ք վերաքննիչ վարույթում ի հայտ եկած տվյալ հանգամանքը խոչընդոտում է վերաքննիչ բողոքի քննության հետագա ընթացքին: Նման իրավակարգավորումը թույլ է տալիս վերաքննիչ դատարանին ստուգել և գնահատել կոնկրետ գործի հանգամանքների համակցությունը` օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում կասեցման անհրաժեշտության և նպատակահարմարության հարցը լուծելիս (տե՛ս, օրինակ, Սամվել, Սահակ և Սուլթան Մարկոսյաններն ընդդեմ Լուսիկ Գևորգյանի, Վիլիկ Աբազյանի, Եկատերինա, Մարգարիտա և Գևորգ Ալեքսանյանների, Սեդա Խաչատուրովայի, Սեդա և Գուրգեն Սիմոնյանների, երրորդ անձ ՀՀ Կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի «Երևան» տարածքային ստորաբաժանման` ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին թիվ ԵԿԴ/0808/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 06.11.2013 թվականի որոշումը):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն շարժառիթները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ:                       

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած իր որոշումներում անդրադարձել և բազմիցս նշել է, որ գործի վարույթը կասեցնելու մասին դատարանի որոշման մեջ պետք է  նշվեն շարժառիթները, օրենքները, այլ իրավական ակտերը, որոնցով դատարանը հանգել է հետևությունների (տե՛ս, օրինակ, Անահիտ Գալոյանն ընդդեմ Գրիգոր Կարապետյանի թիվ ԿԴ1/0902/02/10 քաղաքացիական գործով Վճռաբեկ դատարանի 08.06.2011 թվականի որոշումը): Ընդ որում, որոշման մեջ ոչ միայն պետք է ցույց տրվի կիրառման ենթակա նորմը պարունակող նորմատիվ ակտի այս կամ այն հոդվածը, այլև պետք է պատճառաբանվի, թե հատկապես ինչու պետք է կիրառվի հենց այդ նորմը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածությունում բնակվելու իրավունքն է: Անձի բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող օտարվել, լինել գրավի, վարձակալության կամ անհատույց օգտագործման ինքնուրույն առարկա, ինչպես նաև չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով:

Վկայակոչված հոդվածից հետևում է, որ ուրիշի սեփականություն հանդիսացող բնակելի տարածության օգտագործման իրավունքն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է, որը չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով:

Վերաքննիչ դատարանը, կասեցնելով գործի վարույթը, պատճառաբանել է, որ սույն իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն, հետևաբար քաղաքացիական գործի վարույթը պետք է կասեցնել մինչև իրավահաջորդության հարցի լուծումը:

Մինչդեռ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանի վերոգրյալ պատճառաբանությունն անհիմն է և չունի որևէ իրավական հիմք: Մասնավորապես, սույն գործով Ընկերությունն ընդդեմ Լաուրա Առաքելյանի ներկայացրել է գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից հետ վերադարձնելուն պարտավորեցնելու պահանջ, իսկ հակընդդեմ հայցով Լաուրա Առաքելյանն ընդդեմ Ընկերության ներկայացրել է օգտագործման իրավունքը վերականգնելու պահանջ: Տվյալ պարագայում գործով վիճելի իրավահարաբերությունը բխում է Լաուրա Առաքելյանի` բնակելի տարածության օգտագործման իրավունքից, որն անձի հետ անխզելիորեն կապված իրավունք է և չի կարող փոխանցվել այլ անձի ժառանգաբար կամ իրավահաջորդության կարգով, հետևաբար Լաուրա Առաքելյանի մահից հետո վիճելի իրավահարաբերությունը բացառում է իրավահաջորդությունը:

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը կասեցնելու որևէ իրավական հիմք առկա չէ:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների համաձայն Վերաքննիչ դատարանի որոշումը վերացնելու համար:

         

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի  222-րդ,  240-2411-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վերացնել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 21.11.2013 թվականի «Քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու մասին» որոշումը:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

Վ. Աբելյան

Ս. ԱՆՏՈՆՅԱՆ

Ա. Բարսեղյան

Մ. Դրմեյան

Գ. ՀԱԿՈԲՅԱՆ

Է. Հայրիյան

Տ. Պետրոսյան

Ե. Սողոմոնյան