Գլխավոր տեղեկություն
Համար
N 1152-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.01.2019-31.10.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2005.08.25/55(427) Հոդ.1058
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.07.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
09.08.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
15.08.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.08.2005
Ուժը կորցնելու ամսաթիվ
06.02.2020

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 15 օգոստոսի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2005 թվականի N 1152-Ն

ԱՆՏԱՌՆԵՐԻ ՄՈՆԻԹՈՐԻՆԳԻ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ
(վերնագիրը փոփ. 17.01.19 N 10-Ն)

«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 1-ի N 939-Ն որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ անտառների մոնիթորինգն իրականացնող` Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունն է:

(1-ին կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)

2. Հիմնադրման միջոցով ստեղծել «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

(2-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)

3. Սահմանել, որ`

ա) «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեությունն ապօրինի հատումների, բնափայտի տեղափոխման, իրացման և այլ բացասական գործողությունների կանխարգելման նպատակով ուսումնասիրությունների իրականացումն է.

բ) «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության առարկան և նպատակն անտառային մոնիթորինգի իրականացումն է.

գ) Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանն են վերապահվում «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «դ», «ե» և «է» կետերով ու 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները.

դ) «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը կարող է սեփականության իրավունքով հանձնվել նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկը չգերազանցող ցանկացած գույք` բացառությամբ շենքերի և շինությունների.

ե) շենքերն ու շինությունները և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն է ամրացվում անհատույց օգտագործման իրավունքով` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով:

(3-րդ կետը փոփ. 17.01.19 N 10-Ն)

3.1. Թույլատրել «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը.

1) աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում:

(3.1-ին կետը լրաց. 17.01.19 N 10-Ն)

3.2. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենն իրավաբանական, ֆիզիկական անձանց, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների հետ կնքում է պայմանագրեր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում որոշում է սպառողների պատվերներով և նրանց ֆինանսավորմամբ իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության սակագները՝ նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ:

(3.2-րդ կետը լրաց. 17.01.19 N 10-Ն)

4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին`

ա) մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել առաջարկություններ ապօրինի հատումների դեմ պայքարի աշխատանքները համակարգող անտառների պետական մոնիտորինգի խորհրդի ստեղծման կապակցությամբ.

բ) երկամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն անտառների պետական մոնիտորինգի խորհրդի աշխատակարգի և կազմի վերաբերյալ.

գ) եռամսյա ժամկետում ապահովել`

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող ու անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմի հաստատումը,

«Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրության հաստատումն ու պետական կազմակերպության` օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը.

դ) մինչև 2006 թվականի հուլիսի 15-ը անտառների պետական մոնիտորինգի համակարգի ներդրման աշխատանքների իրականացման նպատակով կազմել ծրագիր, ժամանակացույց, ինչպես նաև ապօրինի հատումների և անտառանյութի` անտառից դուրսբերման մոնիտորինգի չափորոշիչներ և ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը:

(4-րդ կետը փոփ. 13.04.06 N 466-Ն)

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության հայտի հիման վրա` ներկայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության գործունեության ֆինանսավորման վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

Հայաստանի Հանրապետության
  վարչապետ     



Ա. Մարգարյան

2005 թ. օգոստոսի 9
     Երևան