Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.07/83(1441) Հոդ.1147
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.03.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0029/11/16

ԵԿԴ/0029/11/16

Նախագահող դատավոր՝ Կ. Ղազարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

մասնակցությամբ`
շահագրգիռ անձ

Ս. Թևոսյանի

2018 թվականի մարտի 20-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 6-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի և շահագրգիռ անձ Սուսաննա Թևոսյանի վճռաբեկ բողոքները,  

Պ Ա Ր Զ Ե Ց  

Գործի դատավարական նախապատմությունը.

1. ՀՀ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննիչ Ա.Օրդակյանի` 2014 թվականի հոկտեմբերի 6-ի որոշմամբ Ռուբեն Ղազարյանի լիազորված անձ Հրաչյա Գրիգորյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի հիմքով մերժվել է։

Երևան քաղաքի դատախազի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ հետաքննության մարմնի` 2014 թվականի հոկտեմբերի 6-ի որոշումը վերացվել է, և ՀՀ քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 63205414 քրեական գործ։

1.1. Նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, և Ս.Թևոսյանի կողմից դատարանին կեղծ ապացույցներ ներկայացնելու վերաբերյալ քրեական հետապնդում չի իրականացվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, իսկ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ իրավունք վերապահող փաստաթուղթ կեղծելու, ինչպես նաև Ս.Թևոսյանի կողմից խարդախությամբ Ռ.Ղազարյանին պատկանող Երևան քաղաքի Նորքի Այգիներ 2/234 հասցեում գործող հողամասին տիրանալու կապակցությամբ քրեական հետապնդում չի իրականացվել հանցակազմի բացակայության հիմքով։

Երևան քաղաքի դատախազի` 2016 թվականի հունվարի 25-ի որոշմամբ նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշման դեմ Ռ.Ղազարյանի բողոքը մերժվել է։

2016 թվականի փետրվարի 19-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան) բողոք են ներկայացրել դիմողներ Հ.Գրիգորյանը և Ռ.Ղազարյանը` խնդրելով պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերացնել իրենց իրավունքների ու ազատությունների խախտումը և վերակագնել խախտված իրավունքներն ու օրինական շահերը` վերացնելով նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 31-ի և Երևան քաղաքի դատախազի` 2016 թվականի հունվարի 25-ի որոշումները։

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 26-ի որոշմամբ բողոքը բավարարվել է և որոշում է կայացվել վերացնել քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին նախաքննության մարմնի որոշումը։

3. Դատախազ Տ.Պողոսյանի և գործով շահագրգիռ անձ Ս.Թևոսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հուլիսի 6-ի որոշմամբ բողոքները մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 26-ի որոշումը թողնելով օրինական ուժի մեջ` Վերաքննիչ դատարանի պատճառաբանությամբ` միաժամանակ պարտավորեցնելով վարույթն իրականացնող մարմնին վերականգնել Հ.Գրիգորյանի և Ռ.Ղազարյանի խախտված իրավունքներն ու ազատությունները։

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 6-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը և շահագրգիռ անձ Սուսաննա Թևոսյանը։ Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 9-ի որոշմամբ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ։

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքների կապակցությամբ պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքների քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Առաջին ատյանի դատարանը, վերացնելով նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը, իր կողմից կայացված դատական ակտի շրջանակներում փաստել է. «(…) [Դ]ատարանը արձանագրում է, որ (…) նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում չի իրականացրել Ռուբեն Ղազարյանի լիազորված անձ Հրաչյա Գրիգորյանի կողմից հաղորդման մեջ նշված հանգամանքների շուրջ, մասնավորապես թիվ 63205414 կարճված քրեական գործի նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ նախաքննական մարմնի կողմից պատշաճ քննություն չի իրականացվել «Շեն» համատիրության նախագահի կողմից Սուսաննա Թևոսյանին տրված տեղեկանքների շուրջ, քանի որ կարճված քրեական գործի նյութերում առկա է նույն համատիրության իրավահաջորդ «Նոր Նորքի 2/6» համատիրության նախագահի կողմից 2013 թվականին տրված տեղեկանքը համաձայն որի` Ս.Թևոսյանը չի բնակվել այդ հասցեում, սակայն նշված տեղեկանքի բովանդակությունը ավագ քննիչի կողմից որևէ գնահատականի չի արժանացվել, ինչպես նաև ավագ քննիչի կողմից գնահատականի չի արժանացվել Երևանի Էրեբունի վարչական շրջանի թիվ 13 լիազոր Հ.Աբրահամյանի կողմից 19.10.2013 թվականին տրված տեղեկանքի բովանդակությունը համաձայն որի` Սուսաննա Թևոսյանը հաշվառված է 12.11.1993թ. մշտապես բնակվել և բնակվում է Երևան քաղաքի Նոր-Արեշ 44-րդ փողոցի 92-րդ բնակարանում ամուսնու և երկու դստրերի հետ միասին։ Ավագ քննիչի կողմից գնահատական չի տրվել այն հանգամանքին, որ տրված տեղեկանքների բովանդակությունից պարզ է դառնում, որ Սուսաննա Թևոսյանը միաժամանակ մշտապես բնակվում է երկու տարբեր հասցեներում։

Բացի այդ գործում առկա է տեղեկանք, որ Սուսաննա Թևոսյանը այդ տարածք առաջին անգամ մուտք է գործել 2006 թվականին, որի կապակցությամբ էլ Հ.Գրիգորյանը հայտարարություն է տվել ոստիկանություն, որից հետո ոստիկանության կողմից Սուսաննա Թևոսյանից պարտավորագիր է վերցվել տարածք մուտք չգործելու վերաբերյալ, որը նույնպես քննիչի կողմից անտեսվել է։

Քրեական գործում առկա ցուցմունքների միջև հակասությունների շուրջ քննիչի կողմից առերես հարցաքննություններ են կատարվել միայն վկաներ Հրաչյա Գրիգորյանի և Սուսաննա Թևոսյանի ու վկաներ Նվարդ Բաղրամյանի և Սուսաննա Թևոսյանի միջև և այդքանով բավարարվել է ցուցմունքներում առկա հակասությունների ճշտումներով` առերես հարցաքննություններ չանցկացնելով մնացած վկաների միջև ցուցմունքներում առկա հակասությունների վերաբերյալ։

Քննիչի կողմից չի կատարվել վիճելի տարածքի զննություն պարզելու Սուսաննա Թևոսյանի կողմից 2014 թվականի դեկտեմբերի 02-ի ցուցմունքով հայտնած այն հանգամանքը, որ նշված տարածքում նրա կողմից տնկվել են ծառեր և կատարվել են աշխատանքներ, ինչպես նաև քննիչի կողմից չի նշանակվել համապատասխան փորձաքննություն պարզելու այն հանգամանքը, թե նշված վիճելի տարածքում հնարավոր է եղել արդյոք ծառեր տնկել։

Ինչպես նաև գործում առկա` «Հայջրմուղկոյուղի» ընկերության կողմից տրված Ռոզա Այվազյանի բաժանորդի քարտի համաձայն Երևանի Թոթովենց 11/1 շենքի 38 բնակարանում 10 տարուց ավելի ժամանակով նշված բնակարանի համար ջրի վարձի վճարում չի կատարվել և «Հայաստանի էլ. ցանցեր» ՓԲԸ-ի «Հյուսիս» մասնաճյուղի «Նոր Նորք» տարածքի բաժանորդի էպիկրիզի համաձայն Երևանի Թոթովենց 11/1 շենքի 38 բնակարանի համար էլ. էներգիայի վարձի վճարում չի կատարվել, որին նույնպես քննիչի կողմից գնահատականի չի արժանացվել։

(…) [Դ]ատարանը գտնում է, որ վերը նշված հանգամանքների առկայության պայմաններում բացակայում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, որպիսի պայմաններում խախտվում են բողոքաբերների իրավունքներն ու օրինական շահերը (…)» (տես նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 113-114)։

6. Անփոփոխ թողնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտը՝ Վերաքննիչ դատարանն արձանագրել է. «(…) [Բ]ազմակողմանի ուսումնասիրության ենթարկելով հետաքննության մարմնի և Դատարանի որոշումները, ինչպես նաև գործում առկա մնացած նյութերը, Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն, արդյունքում կայացրել է որոշում, որով խախտվում են Ռուբիկ Ղազարյանի և Հրաչյա Գրիգորյանի իրավունքներն ու ազատությունները։ Ասվածը հիմնավորվում է նրանով, որ նախաքննության մարմինը անտեսել է գործի համար էական նշանակություն ունեցող պարզման ենթակա մի շարք հարցեր, ձեռնամուխ չի եղել դրանց պարզաբանմանն ու գնահատմանը։

(…) Վերաքննիչ դատարանը հարկ է համարում արձանագրել նաև հետևյալը.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290 հոդվածի 5-րդ մասի բովանդակությունից պարզ է դառնում, որ դատարանը, վարույթն իրականացնող մարմնի որոշման դեմ բերված բողոքը ճանաչելով հիմնավորված, կայացնում է որոշում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին, իսկ այս դեպքում Դատարանը կայացրել է որոշում քննիչի որոշումը վերացնելու մասին, որը սակայն չի կարող ազդել գործի ելքի վրա և բեկանման հիմք չէ։

(…) Վերաքննիչ դատարանը, հաշվի առնելով վերոշարադրյալ պատճառաբանությունները, հանգում է այն հետևության, որ Դատարանի 26.04.2017թ. որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, բողոքը քննության առնելիս Դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը կհանգեցներ դատական սխալի և հիմք կհանդիսանար վիճարկվող դատական ակտը բեկանելու համար  (տե՛ս նյութեր« հատոր 3-րդ« թերթեր 65-66)։

Արդյունքում Վերաքննիչ դատարանը որոշել է. «Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 26.04.2017թ. որոշումը թողնել օրինական ուժի մեջ` մերժելով դատախազ Տ.Պողոսյանի և գործով շահագրգիռ անձ Ս.Թևոսյանի վերաքննիչ բողոքները Վերաքննիչ դատարանի պատճառաբանությամբ` պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին վերականգնել Հրաչյա Գրիգորյանի և Ռուբիկ Ղազարյանի խախտված իրավունքներն ու ազատությունները» (տե՛ս նյութեր, հատոր 3-րդ, թերթ 66)։

 

Վճռաբեկ բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները.

 

Վճռաբեկ բողոքները քննվում են հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

7. Բողոքաբեր` ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը գտել է, որ ստորադաս դատարանները թույլ են տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա։

Բողոքի հեղինակը փաստել է, որ ստորադաս դատարանները դատավարական օրենքի խախտման մասով կայացրել են Վճռաբեկ դատարանի` Լաուրա Զարյանի և Գագիկ Ղևոնդյանի վերաբերյալ գործերով որոշումներին հակասող որոշումներ, իսկ նյութական իրավունքի նորմերի խախտման մասով չեն հետևել Վճռաբեկ դատարանի` Արարատ Ավագյանի և Վահան Սահակյանի, ինչպես նաև Սիրակ Սաքանյանի վերաբերյալ գործերով արտահայտված իրավական դիրքորոշումներին։

Բողոքաբերը նշել է, որ Առաջին ատյանի դատարանը որոշում կայացնելիս ղեկավարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 185-րդ հոդվածով, մինչդեռ պետք է ղեկավարվեր նույն օրենսգրքի 290-րդ հոդվածով, որով թույլ է տվել դատական սխալ` քրեադատավարական օրենքի էական խախտում։ Իսկ Վերաքննիչ դատարանը, արձանագրելով նշված խախտումը, գտել է, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը կհանգեցներ դատական սխալի և հիմք կհանդիսանար վիճարկվող դատական ակտը բեկանելու համար, այդպիսով կայացրել է Վճռաբեկ դատարանի` Լաուրա Զարյանի որոշմանն ուղղակիորեն հակասող որոշում, թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա։

8. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 26-ի և Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 6-ի որոշումները և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության։

9. Բողոքաբեր` գործով շահագրգիռ անձ Ս.Թևոսյանը նշել է, որ ստորադաս դատարանները դատական ակտերի պատճառաբանական մասում արձանագրել են, որ նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ գնահատման չի ենթարկել Ռ.Ղազարյանի լիազորած անձ Հ.Գրիգորյանի կողմից հաղորդման մեջ նշված հանգամանքները, և գտել, որ ստորադաս դատարանները վերոնշյալ հետևության գալիս անտեսել են կամ ճիշտ չեն գնահատել գործով ձեռք բերված ապացույցները։ Բողոք բերած անձը փաստել է, որ ենթադրյալ հանցագործության փաստի կապակցությամբ վարույթն իրականացնող մարմնի կողմից տարվել է պատշաճ քննություն, քրեական գործով քննության առարկա են հանդիսացել հենց գործում առկա համատիրությունների նախագահների կողմից տրված բոլոր տեղեկանքները, իսկ գործի վարույթը եզրափակող ակտ կայացնելիս հաշվի են առնվել քրեական գործում առկա հիշյալ բոլոր տեղեկանքները։

Բողոքի հեղինակը գտել է, որ դատարանների կայացրած որոշումներն օրինական և հիմնավորված չեն, չեն բխում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի պահանջներից։ Դատարանները թույլ են տվել դատական սխալ, ճիշտ չեն կիրառել օրենքը, սխալ են մեկնաբանել և գնահատել գործի փաստական հանգամանքները, որոնք ազդել կամ կարող էին ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, գործի փաստական հանգամանքների մասին ստորադաս դատարանների դատական ակտերում շարադրված հետևությունները չեն համապատասխանում գործի փաստական հանգամանքներին։

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 6-ի որոշումը, իսկ վարույթն իրականացնող մարմնի որոշումը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով քրեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին, թողնել օրինական ուժի մեջ։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. օրինական և հիմնավորվա՞ծ են արդյոք դիմողներ Հրաչյա Գրիգորյանի և Ռուբեն Ղազարյանի բողոքները բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումները։

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 278-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է. «Դատարանը, սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով, քննում է հետաքննության մարմինների, քննիչի, դատախազի և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների որոշումների և գործողությունների օրինականության վերաբերյալ բողոքները»։

Վճռաբեկ դատարանը վերահաստատում է իր նախադեպային իրավունքում ձևավորած դիրքորոշումն այն մասին, որ մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողությունը դատավարական օրենքով նախատեսված միջոցների համակարգ է, որն ուղղված է դատական իշխանության սահմանադրական գործառույթների իրականացմանը գործի մինչդատական վարույթում` նպատակ ունենալով թույլ չտալու անձի իրավունքների և ազատությունների անօրեն ու չհիմնավորված սահմանափակումներ, ինչպես նաև վերականգնելու խախտված իրավունքներն ու ազատությունները։ Մինչդատական վարույթն իրականացնող մարմնի որոշումների և գործողությունների դեմ իրավասու անձի կողմից բողոք բերելու դեպքում (եթե այդ որոշումները կամ գործողությունները ենթակա են դատական բողոքարկման) դատարանը պարտավոր է ստուգել բողոքարկված որոշումների կամ գործողությունների օրինականությունն ու հիմնավորվածությունը, պարզել, թե արդյոք առկա է անձի իրավունքների և ազատությունների խախտում, արդյունքում` կայացնել հիմնավորված և պատճառաբանված որոշում` թույլ տրված օրինախախտումը վերացնելու և անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու վերաբերյալ իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կամ բողոքը մերժելու մասին (տե՛ս Ն.Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշման 12-րդ կետը, Վ.Բաղդասարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2012 թվականի հունիսի 8-ի թիվ ԳԴ4/0002/01/11 որոշման 22-րդ կետը

12.1. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 358-րդ հոդվածը սահմանում է.

«1. Դատարանի դատավճիռը պետք է լինի օրինական և հիմնավորված։

(…)

4. Դատարանի դատավճիռը պետք է լինի պատճառաբանված։ Պատճառաբանման ենթակա են դատարանի կողմից դատավճռում շարադրվող բոլոր հետևությունները և որոշումները»։

Դատական ակտի պատճառաբանված լինելու հատկանիշի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում մշտապես ընդգծել է, որ դատական ակտերի պատճառաբանման պահանջը ոչ միայն արդարացիության կարևոր բաղադրատարր է, այլև անձի արդար դատաքննության իրավունքի արդյունավետ իրացման կարևոր երաշխիք, ինչը դատավարության մասնակիցներին պաշտպանում է կամայականություններից։ Դատական ակտի պատճառաբանվածությունը կոչված է պարզաբանելու, թե ինչու է դատարանը եկել այս կամ այն հետևության, որ իրավանորմերով է ղեկավարվել նման որոշում կայացնելիս, և միևնույն ժամանակ հնարավորություն է ստեղծում վերադաս դատարանի կողմից դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգման համար։ Քրեական դատավարության ցանկացած փուլում դատարանի կողմից չհիմնավորված, չպատճառաբանված (կամ ոչ պատշաճ պատճառաբանված) որոշումների կայացումն անընդունելի է։ Ընդ որում, դատական ակտի պատճառաբանությունների հիմքում չեն կարող դրվել վերացական, ընդհանուր բնույթի դատողություններ։ Պատճառաբանությունը պետք է կառուցվի տրամաբանորեն կապված և գործի փաստական հանգամանքներից բխող հստակ, որոշակի և համոզիչ հետևությունների վրա, ուստիև դատական ակտի պատճառաբանությունների հիմքում վերացական, ընդհանրական դատողությունների առկայությունն անմիջականորեն վկայում է այդպիսի պատճառաբանության ոչ պատշաճ լինելու մասին (տե՛ս, mutatis mutandis, Ֆ.Գալստյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2010 թվականի մարտի 26-ի թիվ ԵԿԴ/0058/11/09 որոշման 18-20-րդ կետերը, Գ.Խնուսյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի հոկտեմբերի 18-ի թիվ ԵԷԴ/0030/01/12 որոշման 14-րդ կետը, Արսեն Մակարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի դեկտեմբերի 18-ի թիվ ԵԿԴ/0016/11/15 որոշման 14-րդ կետը, Արամայիս Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ԵԿԴ/0224/01/14 որոշման 17.1-րդ կետը)։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ դատական ակտի պատճառաբանման պահանջը պետք է դիտարկել հիմնավորվածության համատեքստում` որպես դրա բաղկացուցիչ և կենսական մաս։ Այս առումով դատական ակտի պատճառաբանության նշանակությունը նրանում է, որ այն այդ ակտերի հիմնավորվածության երաշխիքը և արտաքին արտահայտման ձևն է։ Այլ կերպ` դատական ակտերի պատճառաբանման պահանջը քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված հիմնավորվածության հատկության բաղադրատարր է, հետևապես չպատճառաբանված կամ ոչ պատշաճ պատճառաբանված դատական ակտն ինքնին չի կարող համարվել հիմնավորված (տե՛ս Մարտուն Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16 որոշման 13-րդ կետը

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի համաձայն` «1. Հետաքննության մարմնի աշխատակցի, քննիչի, դատախազի oպերատիվ-հետախուզական գործողություններ իրականացնող մարմինների` uույն oրենuգրքով նախատեuված որոշումների և գործողությունների oրինական և հիմնավոր չլինելու դեմ բողոքները դատարան կարող են ներկայացվել կաuկածյալի, մեղադրյալի, պաշտպանի, տուժողի, քրեական դատավարության մաuնակիցների, այլ անձանց կողմից, որոնց իրավունքները և oրինական շահերը խախտվել են այդ որոշումներով և գործողություններով, և եթե նրանց բողոքները չեն բավարարվել դատախազի կողմից։

2. Սույն հոդվածի առաջին մասում նշված անձինք իրավունք ունեն նաև դատարան բողոքարկել (…) քրեական գործը (…) կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումները` սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում։

(…)

5. Բողոքը ճանաչելով հիմնավորված` դատավորը որոշում է կայացնում անձի իրավունքների և ազատությունների խախտումը վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականության մասին։ Գտնելով, որ բողոքարկված գործողությունները կատարված են օրենքին համապատասխան, և անձի իրավունքները կամ պարտականությունները խախտված չեն, դատարանը որոշում է կայացնում բողոքը մերժելու մասին (…)»։

Հիմնվելով ՀՀ սահմանադրական դատարանի` 2009 թվականի դեկտեմբերի 7-ի թիվ ՍԴՈ-844 որոշման, Վճռաբեկ դատարանի կողմից նախկինում կայացված` Ներսես Միսակյանի գործով թիվ ԱՐԴ1/0003/11/08, Լաուրա Զարյանի գործով թիվ ԵԿԴ/0081/11/09 դատական ակտերում արտահայտված իրավական դիրքորոշումների վրա` Վճռաբեկ դատարանը վերը մեջբերված նորմերի առնչությամբ Փնջիկ Թերոյանի և Մարտուն Հակոբյանի գործերով որոշումների շրջանակներում վերահաստատել է իր նախադեպային իրավունքում ձևավորած հետևյալ իրավական դիրքորոշումը. «[Ք]րեական գործի վարույթը կարճելու և քրեական հետապնդումը դադարեցնելու (քրեական հետապնդում չիրականացնելու) մասին որոշման դատական ստուգման շրջանակներում անձի խախտված իրավունքների վերականգնման ձևի առումով կիրառելի է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասի` անձի խախտված իրավունքներն ու ազատությունները վերականգնելու իրավասու մարմնի (պաշտոնատար անձի) պարտականությունը սահմանելու կարգավորումը» (տե՛ս Մարտուն Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ԱՐԴ1/0005/11/16 որոշման 20-րդ կետը և Փնջիկ Թերոյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի մարտի 30-ի թիվ ԵԱՔԴ/0024/11/15 որոշման 15-րդ կետը

13.1. Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասում շարադրված վերաքննիչ դատարանի լիազորությունները պետք է կիրառելի լինեն գործն ըստ էության չլուծող դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող նոր դատական ակտերի նկատմամբ։ Այլ կերպ` գործն ըստ էության չլուծող դատական ակտերի վերանայման արդյունքում նոր դատական ակտ կայացնելիս վերաքննիչ դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 394-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված լիազորություններով (տե'ս Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի մայիսի 11-ի թիվ ԿԴ/0003/11/10 որոշման 11-րդ կետը)։

14. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դիմողներ Հ.Գրիգորյանի և Ռ.Ղազարյանի կողմից Առաջին ատյանի դատարան են բողոքարկվել նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 31-ի և Երևան քաղաքի դատախազի` 2016 թվականի հունվարի 25-ի որոշումները։ Առաջին ատյանի դատարանը, քննարկելով բողոքը, արդյունքում այն բավարարել է, իսկ նախաքննության մարմնի` 2015 թվականի հոկտեմբերի 31-ի որոշումը` վերացրել։ Վերջինս իր դատական ակտը հիմնավորել է նրանով, որ բացակայում է գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը, որպիսի պայմաններում խախտվել են բողոքաբերների իրավունքներն ու օրինական շահերը  (տե՛ս սույն որոշման 1.1.-2-րդ և 5-րդ կետերը

Վերաքննիչ դատարանը, Առաջին ատյանի դատարանի դատական ակտը թողնելով անփոփոխ, իր հերթին փաստել է, որ վարույթն իրականացնող մարմինը չի կատարել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն, արդյունքում կայացրել է որոշում, որով խախտվում են Ռ.Ղազարյանի և Հ.Գրիգորյանի իրավունքներն ու ազատությունները. նախաքննության մարմինն անտեսել է գործի համար էական նշանակություն ունեցող պարզման ենթակա մի շարք հարցեր, ձեռնամուխ չի եղել դրանց պարզաբանմանն ու գնահատմանը։ Միաժամանակ արձանագրել է, որ Առաջին ատյանի դատարանը քննիչի որոշումը վերացնելու մասին որոշում է կայացրել, որը, սակայն, չի կարող ազդել գործի ելքի վրա և բեկանման հիմք չէ` հանգելով հետևության, որ Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված, բողոքը քննության առնելիս թույլ չի տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը կհանգեցներ դատական սխալի և հիմք կհանդիսանար վիճարկվող դատական ակտը բեկանելու համար  (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը

15. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 12-րդ և 12.1-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանի որոշման պատճառաբանությունների հիմքում ընկած այն դատողությունները, որ «(...) վարույթն իրականացնող մարմինը չի կատարել օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննություն, արդյունքում կայացրել է որոշում, որով խախտվում են Ռուբիկ Ղազարյանի և Հրաչյա Գրիգորյանի իրավունքներն ու ազատությունները։ (...) [Ն]ախաքննության մարմինը անտեսել է գործի համար էական նշանակություն ունեցող պարզման ենթակա մի շարք հարցեր, ձեռնամուխ չի եղել դրանց պարզաբանմանն ու գնահատմանը» (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը), իրենց բնույթով ընդհանրական, վերացական են, դրանք չեն կարող համարվել հստակ, որոշակի և համոզիչ պատճառաբանություն։

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանի կայացրած դատական ակտի ոչ պատշաճ պատճառաբանված լինելը հանգեցրել է այդ դատական ակտի` քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված` հիմնավորվածության հատկության չեզոքացմանը։

15.1. Միևնույն ժամանակ սույն որոշման 13-րդ կետում շարադրված իրավանորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանը քրեական հետապնդում չիրականացնելու և քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը ստուգելու շրջանակներում ոչ իրավաչափորեն որոշում է կայացրել նախաքննական մարմնի որոշումը վերացնելու, այլ ոչ թե անձի իրավունքների ու ազատությունների խախտումները վերացնելու` վարույթն իրականացնող մարմնի պարտականություն սահմանելու մասին (տե՛ս սույն որոշման 1.1.-2-րդ, 5-րդ կետերը)։

15.2. Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ Վերաքննիչ դատարանն իր դատական ակտում, վկայակոչելով ինչպես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ հոդվածի 5-րդ մասը, այնպես էլ Վճռաբեկ դատարանի` Լաուրա Զարյանի վերաբերյալ գործով որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումները, գտել է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է որոշում քննիչի որոշումը վերացնելու մասին, որը, սակայն, չի կարող ազդել գործի ելքի վրա և բեկանման հիմք չէ`  հետևության հանգելով այն մասին, որ  Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտում, որը կհանգեցներ դատական սխալի և հիմք կհանդիսանար վիճարկվող դատական ակտը բեկանելու համար։ Արդյունքում Վերաքննիչ դատարանն օրինական ուժի մեջ է թողել Առաջին ատյանի դատարանի որոշումը` մերժելով վերաքննիչ բողոքները, սակայն դատական ակտի եզրափակիչ մասում  վարույթն իրականացնող մարմնի համար պարտավորություն է սահմանել վերականգնելու Հ.Գրիգորյանի և Ռ.Ղազարյանի խախտված իրավունքներն ու ազատությունները (տե՛ս նաև սույն որոշման 6-րդ կետը)։

Նախորդ կետում մեջբերված հանգամանքները վերլուծելով սույն որոշման 13-13.1-րդ կետերում շարադրված իրավական նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանը, ըստ էության արձանագրելով Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ տրված քրեադատավարական օրենքի էական խախտումը և վիճարկվող դատական ակտը թողնելով օրինական ուժի մեջ, փոփոխել է դրա եզրափակիչ մասը` արդյունքում կայացնելով ՀՀ քրեադատավարական օրենքով չնախատեսված դատական ակտ, ինչը ՀՀ Սահմանադրությամբ և ՀՀ քրեադատավարության օրենսգրքով սահմանված օրինականության սկզբունքի խախտում է։

16. Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դիմողներ Հրաչյա Գրիգորյանի և Ռուբեն Ղազարյանի բողոքները բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի և այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումներն օրինական և հիմնավորված չեն։

17. Անդրադառնալով ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի` նյութական իրավունքի խախտման վերաբերյալ, ինչպես նաև շահագրգիռ անձ Ս.Թևոսյանի վճռաբեկ բողոքում ներկայացված փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշմամբ արձանագրված դատավարական իրավունքի խախտումների պայմաններում հնարավոր չէ անդրադառնալ նշված փաստարկներին (տե՛ս սույն որոշման 7-րդ և 9-րդ կետերը)։

18. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները սույն գործով դատական ակտեր կայացնելիս թույլ են տվել դատական ակտի բեկանման հիմք հանդիսացող դատական սխալ` դատավարական իրավունքի խախտումներ, մասնավորապես` խախտել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 290-րդ, ինչպես նաև 358-րդ և 394-րդ հոդվածների պահանջները։ Ստորադաս դատարանների կողմից թույլ տրված վերոնշյալ խախտումներն իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք են Առաջին ատյանի դատարանի և Վերաքննիչ դատարանի դատական ակտերը բեկանելու և գործն Առաջին ատյանի դատարան` նոր քննության ուղարկելու համար։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը բավարարել, իսկ շահագրգիռ անձ Սուսաննա Թևոսյանի բողոքը բավարարել մասնակիորեն։ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի ապրիլի 26-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 6-ի որոշումները բեկանել և գործն ուղարկել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից« վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան