Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.03.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.11.07/83(1441) Հոդ.1149
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.03.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.03.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0303/01/16

ԵԿԴ/0303/01/16

Նախագահող դատավոր՝ Ս. Չիչոյան
դատավորներ՝                    Մ. Արղամանյան
                                             Ռ. Մխիթարյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

   

ե. դԱՆԻԵԼյանի

   

Լ. Թադևոսյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

   

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

  մասնակցությամբ`  
 

պաշտպան

Հ. Սարգսյանի

2018 թվականի մարտի 20-ին

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 12-ի որոշման դեմ ամբաստանյալ Սևակ Գևորգի Լսկավյանի պաշտպան Հ.Սարգսյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2015 թվականի հունիսի 5-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ներկայացուցիչ Արամայիս Ասատրյանի հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերով քրեական գործի հարուցումը մերժվել է։

Վերոնշյալ որոշումը Երևան քաղաքի դատախազ Ա.Դավթյանի` 2015 թվականի հուլիսի 31-ի որոշմամբ վերացվել է, և ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 63202115 քրեական գործը։

2016 թվականի հոկտեմբերի 6-ին Սևակ Լսկավյանը որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։

Նախաքննական մարմնի` նույն օրվա մեկ այլ որոշմամբ Ս.Լսկավյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրությունը չհեռանալու մասին։

2016 թվականի նոյեմբերի 21-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 17-ի դատավճռով Ս.Լսկավյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցանքի կատարման մեջ, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 2 տարի ժամկետով։ Նույն դատավճռով բավարարվել է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության քաղաքացիական հայցը` 837.647 ՀՀ դրամի չափով։

3. Ամբաստանյալ Ս.Լսկավյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի հուլիսի 12-ի որոշմամբ բողոքը մերժել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 17-ի դատավճիռը թողել է օրինական ուժի մեջ։

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 12-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ամբաստանյալ Ս.Լսկավյանի պաշտպան Հ.Սարգսյանը։

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի նոյեմբերի 21-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

5. Սևակ Լսկավյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն արարքի համար, որ «նա, ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2012 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից հափշտակել է իրեն վստահված, խոշոր չափերի` 838.679 ՀՀ դրամ գումար։

Այսպես` Սևակ Լսկավյանը, հանդիսանալով «Սեգալ» ՍՊ ընկերության տնօրեն, 2012 թվականի փետրվարի 22-ին ընկերության անունից «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ կնքել է ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու մասին պայմանագիր և այդ կերպ ձեռք է բերել ապահովագրական ընկերության անունից և նրա հաշվին ապահովագրական պայմանագրեր կնքելու իրավունք։ Սևակ Լսկավյանը ապահովագրական ընկերությունից յուրացման եղանակով գումարներ հափշտակելու միասնական դիտավորությամբ` 2012 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, ապահովադիրների հետ կնքելով 88 ապահովագրական վկայագրեր դրանց դիմաց ստացել է շուրջ 2.413.034 ՀՀ դրամ գումար, սակայն հավաքագրված գումարներից 838.679 ՀՀ դրամը չի մուտքագրել ապահովագրական ընկերության հաշվեհամարին և ծախսել է անձնական կարիքների համար, այդ կերպ ապահովագրական ընկերությունից յուրացրել է խոշոր չափերի` 838.679 ՀՀ դրամ գումար» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 150-151)։

5.1 «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության իրավաբան Ա.Ասատրյանի` 2015 թվականի օգոստոսի 21-ի հարցաքննության արձանագրության համաձայն` «(...) Գործակալական գործունեություն իրականացնելու թիվ Գ12-013 պայմանագրի հիման վրա (...) [Սևակ Լսկավյանը] պարտավորվել է մեր ընկերության անունից կնքել ապահովագրական պայմանագրեր, ստանալ դրանց կնքումից գոյացած գումարները, միջնորդավճարը մասհանած կամ առանց դրա մուտքագրել ընկերության բանկային հաշվին (...)։ Սևակ Լսկավյանը 2012թ.-ի ապրիլ ամսից մինչև 2013թ.-ի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում կնքել է մի շարք` 88 ապահովագրական վկայագրեր, դրանց կնքումից ստացել է 2.413.094 ՀՀ դրամ, որից իրեն հասանելիք միջնորդավճարը, որը կազմել է 361.955 ՀՀ դրամ, ընկերությանն է փոխանցել 556.553 ՀՀ դրամ, բացի դրանից կնքել է նաև առողջության ապահովագրության վկայագրեր, որոնց միջնորդավճարները, ի տարբերություն ԱՊՊԱ վկայագրերի, ի սկզբանե տնօրինում է ընկերությունը, հաշվարկելով պարտքից հանել է 655.780 ՀՀ դրամ, որի արդյունքում մեր ընկերությանը չփոխանցելով մնացած գումարը, ընկերության նկատմամբ վերջնական հաշվարկով չի փոխանցել ընկերության հաշվեհամարին 836.646 ՀՀ դրամ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 234-235)։

5.2 «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության աշխատակից Լ.Հակոբյանի` 2015 թվականի սեպտեմբերի 9-ի հարցաքննության արձանագրության համաձայն` «(...) [Սևակ Լսկավյանը] կնքել է թվով շուրջ 88 ԱՊՊԱ վկայագիր, որոնց գծով ձևավորվել է շուրջ 2.413.033 ՀՀ դրամ գումար, որից վճարվել է ընդամենը 556.553 ՀՀ դրամ։ (...) Մեր ընկերությունը, կատարելով Լսկավյանին հասանելիք միջնորդավճարների հաշվանցում, [հաշվարկել է, որ] Լսկավյանի պարտքը կազմել է 838.645 ՀՀ դրամ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 1, թերթեր 237-238)։

5.3 Որպես վկա հարցաքննված Սևակ Լսկավյանի 2015 թվականի հոկտեմբերի 22-ի հարցաքննության արձանագրության համաձայն` «(...) Ես Նաիրի ինշուրանս ընկերության ներկայացրած հաշվարկների հետ համաձայն չեմ, քանի որ ես հասանելիք միջնորդավճարներ ունեի և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն նրանք պետք է հաշվանցում կատարեին, որի արդյունքում պարտքս պետք է մարվեր և նրանք վստահեցրել էին, որ դա կատարվել է, հակառակ դեպքում ես կմարեի դա, ուստի խնդրում եմ ստուգման ենթարկեք ներկայացված հաշվարկը, դրա ճշտությունը և հիմնավորվածությունը, այլ հարցերի պատասխանել չեմ ցանկանում, հիմա էլ պատրաստ եմ հիմնավորման դեպքում վճարել պարտք ունեցածս գումարը» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթ 1)։

5.4 Դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննության` 2016 թվականի հուլիսի 28-ի թիվ 26761609 եզրակացության հետևությունների համաձայն` «(...) [Ս]ույն համալիր փորձաքննությամբ կատարված հաշվարկներով` «Սեգալ» ՍՊ ընկերության պարտավորությունները Ապահովագրողին կազմում է ընդամենը 838679 դրամ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2, թերթեր 114-118)։

6. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(…) Դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքներով Դատարանը հաստատված համարեց այն, որ Սևակ Լսկավյանը ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ 2012թ. ապրիլից մինչև 2013թ. հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում «Նաիրի Ինշուրանս» ԱՍՊ ընկերությունից յուրացման եղանակով հափշտակել է իրեն վստահված խոշոր չափերի` 838.679 ՀՀ դրամ գումար (…)։

(…) Դատարանը հաստատված համարեց այն, որ ամբաստանյալ Սևակ Լսկավյանը կատարել է իրեն վստահված ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն` յուրացում, այսինքն` հանցավոր արարք, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին, հետևաբար` նա քրեական պատասխանատվության և պատժի ենթակա է այդ հոդվածի վերոնշյալ մասով և կետով» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 57-61)։

7. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` «(…) Սույն գործի փաստերի վերլուծությունից երևում է, որ Սևակ Լսկավյանը, հանդիսանալով «Սեգել» ՍՊ ընկերության տնօրենը, ընկերության անունից «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ կնքել է ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու մասին պայմանագիր` ձեռք բերելով ապահովագրական ընկերության անունից ապահովագրական պայմանագրեր կնքելու և գումարներ գանձելու իրավունք։ Սևակ Լսկավյանը 2012 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում, ապահովադիրների հետ կնքելով 88 ապահովագրական վկայագրեր, յուրացման եղանակով գումարներ հափշտակելու միասնական դիտավորությամբ, վստահված 2.413.034 ՀՀ դրամ ապահովագրավճարներից խոշոր չափերի` 838.679 ՀՀ դրամ գումարն ապահովագրական ընկերության հաշվեհամարին չի մուտքագրել և յուրացման միջոցով հափշտակել է։

Վերաքննիչ դատարանն արձանագրում է, որ մեղադրանքի հիմքում դրված և մեղադրական դատավճռում շարադրված ապացույցների շարքում առկա են փաստական տվյալներ այն մասին, որ Սևակ Լսկավյանը, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները` ապահովադիրներից գանձած 2.413.034 ՀՀ դրամ ապահովագրավճարներից 838.679 ՀՀ դրամն ապահովագրական ընկերության հաշվեհամարին չի մուտքագրել, հափշտակել է` զրկելով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը գումարներն օգտագործելու, տիրապետելու և տնօրինելու լիազորություններից, ինչի հետևանքով ընկերության գույքային ֆոնդը պակասել է։ (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 3, թերթեր 117-122)։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

8. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հուլիսի 12-ի որոշումն օրինական և հիմնավոր չէ, դատարանը թույլ է տվել դատական սխալ՝ նյութական և դատավարական իրավունքի խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա, որպիսի պարագայում, կայացված դատական ակտը ենթակա է բեկանման։

8.1 Մասնավորապես բողոքաբերը, հղում կատարելով Վ.Մաթևոսյանի գործով կայացված որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումներին և վերլուծելով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացման հանցակազմի հատկանիշները, նշել է, որ անձի կողմից քաղաքացիաիրավական պարտավորության ոչ պատշաճ կատարումը կամ չկատարումը չի վկայում նրա արարքում յուրացման հանցակազմի առկայության մասին։

Վերոնշյալի հիման վրա բողոք բերած անձը հայտնել է, որ սույն գործով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական և «Սեգել» ընկերությունների միջև կնքված թիվ Գ-12-013 պայմանագրից ծագել են քաղաքացիաիրավական փոխհարաբերություններ, որոնք ենթակա էին կարգավորման բացառապես քաղաքացիադատավարական կարգով, սակայն ստորադաս դատարանները նշված քաղաքացիական գործը քննել են քրեական դատավարության կարգով` «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության գույքային շահերը դիտելով հանրային շահի տիրույթում և հանրային միջոցներ ծախսելով` իրականացրել են նշված մասնավոր շահերի քրեաիրավական պաշտպանություն, որի արդյունքում խաթարվել է քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը` խախտելով նաև արդարադատության հիմնարար սկզբունքները։

Միևնույն ժամանակ բողոքաբերը նշել է, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը դեռևս 2014 թվականի հուլիսի 21-ին քաղաքացիական հայցով դիմել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան «Սեգել» ՍՊԸ-ից 837.646 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջով, որպիսի պարագայում ստացվում է, որ միևնույն իրավահարաբերության շրջանակներում պատասխանատվության է կանչվել, ինչպես «Սեգել» ՍՊԸ-ն, այնպես էլ Ս.Լսկավյանը։

9. Վերոշարադրյալի հիման վրա բողոքաբերը խնդրել է բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և կայացնել նոր դատական ակտ` ճանաչելով և հռչակելով Ս.Լսկավյանի անմեղությունն իրեն առաջադրված մեղադրանքում։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

10. Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացման հանցակազմի մեկնաբանման, ինչպես նաև այն քաղաքացիական պարտավորությունների չկատարումից սահմանազատելու կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր։ Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում սույն գործով արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նույնանման փաստական հանգամանքներ ունեցող գործերով միատեսակ իրավակիրառ պրակտիկայի ձևավորման համար։

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավոր են արդյոք Սևակ Լսկավյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացման հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները։։

12. ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի համաձայն` «1. Յուրացնելը կամ վատնելը՝ հանցավորին վստահված ուրիշի գույքի հափշտակությունը զգալի չափերով՝ [պատժվում է համապատասխան պատժաչափով]։

2. Նույն գործողությունը, որը կատարվել է՝

(...)

3) խոշոր չափերով` [պատժվում է համապատասխան պատժաչափով]»։

12.1 Յուրացումը սեփականության անվտանգությունն ապահովող հասարակական հարաբերությունների դեմ ուղղված հանցագործություն է, որը դասվում է հափշտակությունների շարքին։ Յուրացման օբյեկտիվ կողմն արտահայտվում է հանցավորի կողմից իր լիազորությունների գործադրմամբ վստահված գույքն ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակով իրենը կամ մեկ ուրիշինը դարձնելով։ Այսինքն` յուրացման դեպքում հանցավորը գույքն առանձնացնում է դրա սեփականատիրոջ գույքային ֆոնդից և միացնում իր կամ մեկ ուրիշի գույքային ֆոնդին` օգտագործելով այն լիազորությունները, որոնք նրան վերապահված են եղել այդ գույքի նկատմամբ։ Այդ հանգամանքն ունի առանձնահատուկ նշանակություն անձի արարքում յուրացման հանցակազմի օբյեկտիվ կողմի հատկանիշների առկայության հարցը քննարկելիս։ Այդ համատեքստում անհրաժեշտ է նկատի ունենալ, որ հափշտակության առարկան հանցավորի ունեցած լիազորությունների ուժով առնվազն պետք է հանձնված լինի հանցավորի տիրապետությանը։ Ընդ որում, այդ լիազորությունները պետք է բխեն որոշակի փաստական տվյալներից և պայմանավորված լինեն հանցավորի պարտականություններով, հատուկ հանձնարարություններով կամ կնքված քաղաքացիաիրավական պայմանագրերի դրույթներով։

Սուբյեկտիվ կողմից հանցավորի դիտավորությունն ուղղված է լինում իրեն վստահված գույքը հափշտակելուն։ Հանցավորը գործում է ուղղակի դիտավորությամբ և շահադիտական դրդումներով։ Այսինքն` հանցանք կատարող անձը գիտակցում է իր կողմից ուրիշի գույքը յուրացնելու` հանրության համար վտանգավոր բնույթը, նախատեսում և ցանկանում է իրեն վերապահված լիազորությունների գործադրմամբ նյութական արժեքները սեփականատիրոջ գույքային ֆոնդից միացնել իր գույքային ֆոնդին։

Յուրացման միջոցով ուրիշի գույքը հափշտակելու ուղղակի դիտավորության և շահադիտական նպատակի առկայությունը պետք է հիմնավորվի գործով ձեռք բերված ապացույցների համակցության հիման վրա։ Այդ առումով սուբյեկտիվ կողմի հատկանիշների առկայության մասին կարող է վկայել կոնկրետ գործի փաստական հանգամանքների համատեքստում հանցավորի կողմից որոշակի գործողությունների (անգործության) կատարումը։ Այսպես, օրինակ` հանցավորի կողմից կեղծ հաշվետվությունների ներկայացումը, որոնք իբր հիմնավորում են հանձնված գույքն ըստ նպատակային նշանակության սպառելու հանգամանքը, գույքը փաստացի չստանալն այն դեպքում, երբ առկա է այն ստանալու հանգամանքը հավաստող փաստական տվյալ, վստահված գույքը հաշվեկշռում ցույց չտալը գույքագրման կամ աուդիտի ժամանակ և այլն։

Բացի այդ, էական նշանակություն ունի նաև գույքի նկատմամբ ունեցած լիազորությունների ձեռքբերման գործընթացի գնահատումը։ Մասնավորապես այն, թե ով է հանդես եկել գույքի նկատմամբ լիազորությունները փոխանցելու նախաձեռնությամբ, ինչպիսի պայմանների առկայությամբ են այդ լիազորությունները փոխանցվել հանցավորին։

Վերոգրյալի համատեքստում յուրացման հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը պարզելու համար առանցքային դեր ունի նաև կողմերի միջև ձևավորված պարտավորական իրավահարաբերության կատարման վերաբերյալ անվիճելի փաստական հանգամանքների գնահատումը։ Օրինակ, յուրացման հանցակազմի հատկանիշների բացակայության մասին կարող են վկայել այն դեպքերը, երբ պարտավորական իրավահարաբերության մասնակիցը համեմատաբար փոքր մասով չի կատարել իր պարտավորությունը և կատարման ենթակա պարտավորության չափի կապակցությամբ կողմերի միջև առերևույթ առկա է գույքային վեճ։ Նման դեպքերում վստահված գույքը հափշտակելու հատկանիշների առկայությունը հաստատված համարելու համար պահանջվում են առավել ծանրակշիռ փաստական տվյալներ։

Այսինքն` յուրաքանչյուր դեպքում յուրացման սուբյեկտիվ կողմի հատկանիշների առկայությունը պարզելու համար անհրաժեշտ է գործի փաստական հանգամանքների համակողմանի ուսումնասիրմամբ պատշաճ իրավական գնահատականի արժանացնել ենթադրյալ հանցանք կատարած անձի դրսևորած վարքագիծը, ձեռնարկված միջոցառումների որակական և քանակական կազմը, կատարած գործողությունների (անգործության) բնույթը, որոնք ուղղված են եղել վստահված հափշտակության առարկան սեփական գույքային ֆոնդ ներառելուն։

Ինչ վերաբերում է յուրացման հանցակազմի սուբյեկտին, ապա այն հատուկ է։ Մասնավորապես, որպես յուրացման հանցակազմի սուբյեկտ կարող է հանդես գալ այն անձը, ում վերապահվել են գույքի նկատմամբ որոշակի լիազորություններ, որոնց գործադրմամբ է յուրացվել վստահված գույքը։

12.2 Նախորդ կետում արտահայտված դիրքորոշումների հաշվառմամբ յուրացման հանցակազմն անհրաժեշտ է սահմանազատել մասնավոր-իրավական պայմանագրով ստանձնած գույքային պարտավորությունների չկատարումից։

Մասնավորապես, հանցավորի կողմից իրեն վստահված գույքի հափշտակմամբ բնութագրվող յուրացման հանցակազմը չի կարող նույնացվել մասնավոր-իրավական պայմանագրով ստանձնած գույքային պարտավորությունների չկատարման հետ, երբ կնքված պայմանագրով սահմանված կարգին համապատասխան քաղաքացիական իրավունքի օբյեկտը պարտավորական իրավահարաբերության մի սուբյեկտի կողմից չի հանձնվում մյուսին։ Քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտման դեպքերում քրեադատավարական կառուցակարգերի գործադրման իրավաչափության կապակցությամբ Վճռաբեկ դատարանը կայուն նախադեպային իրավունք է ձևավորել այն մասին, որ քրեադատավարական ռեսուրսները չեն կարող օգտագործվել քաղաքացիական բնույթի իրավահարաբերությունները (վեճը) պարզելու և այդպիսի վեճի առարկան կազմող իրավաբանական փաստերը հաստատելու ուղղությամբ։ Վերջինս պայմանավորված է համապատասխան փաստերը հաստատելու քաղաքացիադատավարական կանոնների՝ քրեադատավարական կանոններից սկզբունքային տարբերությամբ և դրանք մեկը մյուսով փոխարինելու անթույլատրելիությամբ։ Այսպես, եթե քաղաքացիաիրավական հարաբերության հենքը վերաբերում է կարգավորիչ գործառույթ իրականացնող իրավունքի ճյուղին, ապա քրեական իրավունքը և դատավարությունը, մարմնավորելով իրավունքի պահպանիչ գործառույթը, իրենց բնույթով ածանցյալ են իրավունքի տվյալ ճյուղերից, մասնավորապես քաղաքացիական իրավունքից և դատավարությունից։ Ուստի, ներգործության քրեաիրավական և քրեադատավարական միջոցները չպետք է այնպիսին լինեն, որ խաթարեն քաղաքացիաիրավական ու քաղաքացիադատավարական հարաբերությունների ներքին տրամաբանությունը, անորոշություն ու անկանխատեսելիություն ստեղծեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ (տե՛ս ՀՀ վճռաբեկ դատարանի` Լ.Ավետիսյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0176/01/09 գործով 2011 թվականի փոտրվարի 29-ի որոշման 30-րդ կետը, Վ.Մաթևոսյանի վերաբերյալ թիվ ԵՇԴ/0037/01/11 որոշման 25-27-րդ կետերը, Ռ.Բալասանյանի վերաբերյալ թիվ ԵԿԴ/0199/01/13 գործով 2014 թվականի դեկտեմբերի 16-ի որոշման 17-րդ կետը)։

12.3 Վերահաստատելով նախորդ կետում վկայակոչված իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ գույքի սեփականատիրոջ իրավունքների ենթադրյալ խախտումների կապակցությամբ քրեադատավարական իրավահարաբերություններում իրավական պաշտպանություն հայցելու մեխանիզմները չեն կարող օգտագործվել, երբ պաշտպանության առարկան կազմող իրավահարաբերություններն իրենց բնույթով ենթակա են կարգավորման քաղաքացիական իրավանորմերի գործադրման արդյունքում։ Այլ կերպ` քրեադատավարական կառուցակարգերը չեն կարող կիրառվել քաղաքացիական իրավունքների ենթադրյալ խախտումները վերացնելու, քաղաքացիական իրավահարաբերության օբյեկտի շուրջ ձևավորված վեճը լուծելու համար։ Այդ համատեքստում անհրաժեշտ է նաև նկատի ունենալ, որ ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 6-րդ մասի, «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» միջազգային դաշնագրի 11-րդ հոդվածի համաձայն` քրեադատավարական կառուցակարգի կիրառմամբ քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու համար անթույլատրելի է պարտապանին անձնական ազատությունից զրկելը։

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ պարտապանի կողմից քաղաքացիական պայմանագրով ստանձնած իր գույքային պարտավորությունների չկատարումը չի կարող հիմք հանդիսանալ քրեադատավարական կառուցակարգի կիրառմամբ պարտատիրոջ հանդեպ նրա ունեցած գույքային պարտավորության չափը պարզելու, պարտատիրոջ ենթադրյալ խախտված իրավունքներն այդ կառուցակարգի կիրառմամբ վերականգնելու համար։

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Սևակ Լսկավյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով այն արարքի համար, որ «նա, ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն կատարելու դիտավորությամբ, 2012 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, յուրացման եղանակով «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունից հափշտակել է իրեն վստահված, խոշոր չափերի` 838.679 ՀՀ դրամ գումար։

Այսպես, Սևակ Լսկավյանը, հանդիսանալով «Սեգալ» ՍՊ ընկերության տնօրեն, 2012 թվականի փետրվարի 22-ին ընկերության անունից «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ կնքել է ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու մասին պայմանագիր և այդ կերպ ձեռք է բերել ապահովագրական ընկերության անունից և նրա հաշվին ապահովագրական պայմանագրեր կնքելու իրավունք։ Սևակ Լսկավյանը ապահովագրական ընկերությունից յուրացման եղանակով գումարներ հափշտակելու միասնական դիտավորությամբ` 2012 թվականի ապրիլից մինչև 2013 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում, ապահովադիրների հետ կնքելով 88 ապահովագրական վկայագրեր դրանց դիմաց ստացել է շուրջ 2.413.034 ՀՀ դրամ գումար, սակայն հավաքագրված գումարներից 838.679 ՀՀ դրամը չի մուտքագրել ապահովագրական ընկերության հաշվեհամարին և ծախսել է անձնական կարիքների համար, այդ կերպ ապահովագրական ընկերությունից յուրացրել է խոշոր չափերի` 838.679 ՀՀ դրամ գումար» (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը)։

Առաջին ատյանի դատարանը դատաքննությամբ հետազոտված ապացույցների գնահատման արդյունքում դատական ակտով հաստատված է համարել այն, որ ամբաստանյալ Սևակ Լսկավյանը կատարել է իրեն վստահված ուրիշի գույքի խոշոր չափերի հափշտակություն` յուրացում, որը համապատասխանում է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցագործության հատկանիշներին (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։

Վերաքննիչ դատարանն էլ իր հերթին, հաստատված համարելով, որ Սևակ Լսկավյանը «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության հետ կնքել է ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու մասին պայմանագիր` ձեռք բերելով ապահովագրական ընկերության անունից ապահովագրական պայմանագրեր կնքելու և գումարներ գանձելու իրավունք, գտել է, որ Սևակ Լսկավյանը, ապահովադիրների հետ կնքելով 88 ապահովագրական վկայագրեր, ապահովագրավճարներից խոշոր չափերի` 838.679 ՀՀ դրամ գումարն ապահովագրական ընկերության հաշվեհամարին չի մուտքագրել և յուրացման միջոցով հափշտակել է (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը)։

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 12-12.3-րդ կետերում վկայակոչված իրավադրույթի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ստորադաս դատարանները Ս.Լսկավյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված` յուրացում կատարելու հանցագործության մեջ մեղավոր ճանաչելիս և նրա նկատմամբ ազատազրկման ձևով պատիժ նշանակելիս պատշաճ իրավական գնահատականի չեն արժանացրել այն, որ Ս.Լսկավյանին մեղսագրվող հանցակազմի սուբյեկտիվ կողմը հիմնավորող փաստական տվյալներ քրեական գործում բացակայում են, ավելին` արարքի փաստական կազմը ներառում է քաղաքացիական իրավանորմերի գործադրմամբ լուծման ենթակա հարցեր։

Այսպես` ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ՍՊԸ-ի և Սևակ Լսկավյանի միջև ծագած իրավահարաբերություններն իրենց բնույթով քաղաքացիական են և ծագել են փոխադարձ համաձայնության հիման վրա կնքված` «Ապահովագրական գործակալի գործունեություն իրականացնելու մասին» թիվ Գ12-013 պայմանագրից։ Այսպես` կողմերի միջև ծագած իրավահարաբերության քաղաքացիաիրավական բնույթի մասին է վկայում նաև «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության իրավաբան Ա.Ասատրյանի` 2015 թվականի օգոստոսի 21-ի ցուցմունքն այն մասին, որ գործակալական գործունեություն իրականացնելու թիվ Գ12-013 պայմանագրի հիման վրա Սևակ Լսկավյանը պարտավորվել է ընկերության անունից կնքել ապահովագրական պայմանագրեր, ստանալ դրանց կնքումից գոյացած գումարները, միջնորդավճարը մասհանած կամ առանց դրա մուտքագրել ընկերության բանկային հաշվին։ Իրավաբանը հայտնել է նաև, որ Սևակ Լսկավյանը 2012 թվականի ապրիլ ամսից մինչև 2013 թվականի հուլիս ամիսն ընկած ժամանակահատվածում կնքել է մի շարք` 88 ապահովագրական վկայագրեր, դրանց կնքումից ստացել է 2.413.094 ՀՀ դրամ, որից իրեն հասանելիք միջնորդավճարը կազմել է 361.955 ՀՀ դրամ, ընկերությանն է փոխանցել 556.553 ՀՀ դրամ, բացի դրանից, կնքել է նաև առողջության ապահովագրության վկայագրեր, որոնց միջնորդավճարները, ի տարբերություն ԱՊՊԱ վկայագրերի, ի սկզբանե տնօրինում է ընկերությունը, հաշվարկելով պարտքից հանել է 655.780 ՀՀ դրամ, որի արդյունքում վերջնական հաշվարկով չի փոխանցել ընկերության հաշվեհամարին 836.646 ՀՀ դրամ (տե՛ս սույն որոշման 5.1-րդ կետը)։

Բացի այդ, «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության և Սևակ Լսկավյանի միջև ձևավորված իրավահարաբերությունների բնույթի մասին 2015 թվականի սեպտեմբերի 9-ին նույնաբովանդակ ցուցմունք է տվել նաև ընկերության աշխատակից Լ.Հակոբյանը` հայտնելով, որ Սևակ Լսկավյանը կնքել է թվով շուրջ 88 ԱՊՊԱ վկայագրեր, որոնց գծով ձևավորվել է շուրջ 2.413.033 ՀՀ դրամ գումար, որից վճարվել է ընդամենը 556.553 ՀՀ դրամ` ընկերությանը պարտք մնալով 838.645 ՀՀ դրամ (տե՛ս սույն որոշման 5.2-րդ կետը)։

Բացի այդ, Սևակ Լսկավյանը որպես վկա ցուցմունք է տվել այն մասին, որ ինքը հասանելիք միջնորդավճարներ է ունեցել և ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ընկերությունը պետք է հաշվանցում կատարեր, որի արդյունքում պարտքը պետք է մարվեր, ընկերությունից վստահեցրել էին, որ դա կատարվել է (տե՛ս սույն որոշման 5.3-րդ կետը)։

Այսինքն` վերոնշյալ հանգամանքների համակցությունը ցույց է տալիս, որ «Սեգալ» ընկերության տնօրեն Սևակ Լսկավյանի և «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության միջև ձևավորված հարաբերությունն ունեցել է հետևյալ բովանդակությունը. Սևակ Լսկավյանն ապահովագրական ընկերության անունից իրավունք է ունեցել կնքելու ապահովագրական վկայագրեր, որոնց արդյունքում ձևավորվող գումարից իրեն հասանելիք միջնորդավճարի մասով անձամբ կամ ընկերության կողմից հաշվանցում կատարելու արդյունքում պետք է մնացած գումարը փոխանցվեր ապահովագրական ընկերության հաշվեհամարին։ Այսինքն` Սևակ Լսկավյանի կնքված 88 ԱՊՊԱ պայմանագրերից ձևավորված 2.413.033 ՀՀ դրամ գումարից իր միջնորդավճարի մասով պետք է կատարվեր հաշվանցում։ Նման պայմաններում ստորադաս դատարանները հաշվի չեն առել, որ Սևակ Լսկավյանին մեղսագրվող յուրացման հանցակազմի սուբյեկտիվ կողմը բացակայում է, քանի որ ձեռբերված փաստական տվյալներից չի հետևում, որ ամբաստանյալը շահադիտական դրդումներով, ուղղակի դիտավորությամբ յուրացրել է ապահովագրական վկայագրերի կնքումից ապահովագրական ընկերությանը հասանելիք գումարը։

Ավելին` ստորադաս դատարանների կողմից պատշաճ իրավական գնահատականի չի արժանացվել այն հանգամանքը, որ տվյալ պարագայում «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության և Սևակ Լսկավյանի միջև ձևավորված իրավահարաբերությունները կրել են քաղաքացիական բնույթ, իսկ Սևակ Լսկավյանի մեղադրանքը վերաբերել է պայմանագրի ուժով ծագած գույքային պարտավորությունն ամբողջությամբ չկատարելուն` ընկերությանը պարտք մնալով 838.679 ՀՀ դրամ գումար, ինչը պարզվել է դատահաշվապահական և ֆինանսատնտեսական համալիր փորձաքննության` 2016 թվականի հուլիսի 28-ի թիվ 26761609 եզրակացությամբ (տե՛ս սույն որոշման 5.4-րդ կետը)։

15. Այսպիսով, հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Սևակ Լսկավյանի արարքում ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով նախատեսված յուրացման հանցակազմի հատկանիշների առկայության վերաբերյալ ստորադաս դատարանների հետևությունները հիմնավոր չեն։

16. Ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ ստորադաս դատարանները դատական ակտ կայացնելիս թույլ են տրվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի հիման վրա, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք է։

Միևնույն ժամանակ հաշվի առնելով, որ սույն գործով առկա է քրեական հետապնդումը բացառող հանգամանք, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ամբաստանյալ Սևակ Լսկավյանի նկատմամբ պետք է հանցակազմի բացակայության հիմքով քրեական հետապնդումը դադարեցնել և քրեական գործի վարույթը կարճել։

Նման պայմաններում Սևակ Լսկավյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, ենթակա է վերացման։

Ինչ վերաբերում է «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության քաղաքացիական հայցին, ապա այն պետք է թողնել առանց քննության` հաշվի առնելով, որ քրեական հետապնդման դադարեցումը և քրեական գործի կարճումը բացառում է քրեական դատավարության շրջանակներում քաղաքացիական հայցի քննության հնարավորությունը։

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Ամբաստանյալ Սևակ Գևորգի Լսկավյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 17-ի դատավճիռը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի հուլիսի 12-ի որոշումը բեկանել և փոփոխել։

2. Սևակ Գևորգի Լսկավյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով առաջադրված մեղադրանքում արդարացնել, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել` հանցակազմի բացակայության հիմքով և քրեական գործի վարույթը կարճել։

3. «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության քաղաքացիական հայցը թողնել առանց քննության։

4. Սևակ Գևորգի Լսկավյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը` ստորագրությունը չհեռանալու մասին, վերացնել։

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Հ. Ասատրյան
   

Ե. Դանիելյան

    Լ. Թադևոսյան
    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան