Գլխավոր տեղեկություն
Համար
N 798-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (30.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2014.08.20/44(1057) Հոդ.744
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
31.07.2014
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
13.08.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.08.2014

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

31 հուլիսի 2014 թվականի N 798-Ն

 

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳՈՐԾԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել գործատուի սնանկության կամ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի (այդ թվում` գործատու հանդիսացող) մահվան դեպքում սոցիալական վճարի պարտավորությունները մարելու և համապատասխան կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2014 թ. օգոստոսի 13

Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հուլիսի 31-ի N 798-Ն որոշման

Կ Ա Ր Գ

 

ԳՈՐԾԱՏՈՒԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԵՎ ՆՈՏԱՐԻ (ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԳՈՐԾԱՏՈՒ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎՃԱՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻՆ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ

 

1. Սույն կարգով կարգավորվում են գործատուի սնանկության կամ անհատ ձեռնարկատիրոջ և նոտարի (այդ թվում` գործատու հանդիսացող) մահվան կամ դատարանի վճռով մահացած ճանաչվելու (այսուհետ` մահվան) դեպքում սոցիալական վճարի պարտավորությունները մարելու և համապատասխան կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցելու հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը փոփ. 13.12.18 N 1440-Ն)

2. Սույն կարգում կիրառվող հասկացություններն ունեն «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ` օրենք) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված իմաստը:

3. Գործատուին (այդ թվում` անհատ ձեռնարկատեր և նոտար հանդիսացող) սնանկ ճանաչելու մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից մինչև սնանկության գործի ավարտը (այդ թվում` ֆինանսական առողջացման ծրագրի իրականացման ընթացքում) կասեցվում են սոցիալական վճարների գծով պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար հաշվարկման, վճարման կամ գանձման ենթակա տույժերի հաշվարկումը, վճարումը կամ գանձումը, վերանում են պարտապանի գույքի վրա այդ մասով դրված արգելանքներն ու սահմանափակումները և կարճվում են գույքային բռնագանձումներով բոլոր կատարողական վարույթները:

(3-րդ կետը փոփ. 13.12.18 N 1440-Ն)

4. Սնանկության դեպքում սոցիալական վճարի պարտավորության գծով պարտատեր է հանդիսանում հարկային մարմինը, որը գործատուին է ներկայացնում պարտավորությունների մարման պահանջ:

5. Սնանկության գործընթացում գտնվող գործատուների` սոցիալական վճարի գծով պարտավորությունները (որպես չապահովված պահանջ) մարվում են «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հերթականությանը և կարգին համապատասխան: Ընդ որում, սոցիալական վճարների պարտավորությունները գանձապետարանի միասնական հաշվին փոխանցելու պարտավորությունը կրում է սնանկության կառավարիչը:

(5-րդ կետը փոփ. 13.12.18 N 1440-Ն)

6. Սնանկության գործընթացում գտնվող գործատուի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում հանվում են սույն կարգի 3-րդ կետում նշված կասեցումները:

7. Սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, նոտարի պաշտոնից ազատման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում իրավաբանական անձանց պետական գրանցումն իրականացնող մարմնում պարտապան գործատուի լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարման) պետական գրանցման հաջորդ օրվանից սոցիալական վճարի չկատարված պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված):

(7-րդ կետը փոփ. 13.12.18 N 1440-Ն)

8. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում`

1) անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սոցիալական վճարի պարտավորությունը դադարեցվում և հաշվառումից հանվում է (համարվում է մարված) մահվան մասին տեղեկություն ստանալու օրվան հաջորդող օրվանից.

2) որպես գործատու` մահվան օրվա դրությամբ սոցիալական վճարի չկատարված պարտավորությունները կատարվում են նրա ժառանգի կողմից (մեկից ավելի ժառանգների դեպքում չկատարված պարտավորությունները կատարվում են ժառանգների կողմից՝ ժառանգած՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի շուկայական արժեքին համամասնորեն), իսկ ժառանգի (ժառանգների) բացակայության կամ ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու դեպքում` դադարում են, այդ մասին տեղեկություն ստանալու հաջորդող օրվանից:

Սույն ենթակետում նշված դեպքում, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան մասին տեղեկություն ստանալու օրվան հաջորդող օրվանից հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգը սոցիալական վճարների հաշվարկներ չի ընդունում.

3) եթե մահացած անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի ժառանգը հրաժարվում է ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի ժառանգությունից, ապա իր մասով ազատվում է սոցիալական վճարի պարտավորության կատարումից.

4) ժառանգն իրեն փոխանցվող սոցիալական վճարի պարտավորության մեծությունը պարզելու նպատակով կարող է դիմել մահացած անձի հաշվառման վայրի հարկային մարմին, որը պարտավոր է դիմումն ստանալուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում տրամադրել տեղեկատվություն ժառանգին փոխանցվող սոցիալական վճարի պարտավորության մեծության մասին.

5) ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգված՝ ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի և սոցիալական վճարի պարտավորություններն ստանձնելու, ինչպես նաև ժառանգի (ժառանգների) կողմից ժառանգությունն ընդունելուց հրաժարվելու մասին հարկային մարմինը տեղեկատվությունն ստանում է նոտարներից` Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N 1264-Ն որոշմամբ սահմանված կարգով.

6) ժառանգն իրեն փոխանցվող սոցիալական վճարի պարտավորությունը պարտավոր է կատարել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմվող վարչական ակտի հիման վրա՝ մինչև ժառանգությունն ընդունելու օրը ներառող ամսվան հաջորդող երրորդ ամսվա 20-ը ներառյալ:

(8-րդ կետը խմբ. 13.12.18 N 1440-Ն)

9. Սնանկության գործընթացում, ինչպես նաև գործատուի ֆինանսական առողջացման հիմքով սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով: Ընդ որում, սնանկության գործընթացում գտնվող գործատուի սոցիալական վճարի պարտավորությունը տվյալ հաշվետու ժամանակահատվածի համար համարվում է մարված, եթե կամուրջ հաշվին մուտքագրված սոցիալական վճարի պարտավորությունների գումարները բավարար են այդ հաշվետու ժամանակահատվածի սոցիալական վճարը մարելու համար:

10. Սնանկության գործընթացում գտնվող գործատուին դատարանի վճռի հիման վրա լուծարման (անհատ ձեռնարկատիրոջ գործունեության դադարեցման, նոտարի պաշտոնից ազատման) կապակցությամբ սնանկության գործընթացի ավարտի դեպքում կատարվում է պարտավորությունների վերահաշվարկ և միասնական հաշվից գանձապետարանի կամուրջ հաշվին փաստացի փոխանցված սոցիալական վճարներից և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան լրացուցիչ միջոցներից (օրենքով սահմանված դեպքում) ձևավորված կուտակային հատկացման գումարները հարկային մարմնի հանձնարարականի հիման վրա փոխանցվում են ռեեստրը վարողի հաշվին:

(10-րդ կետը խմբ. 13.12.18 N 1440-Ն)

11. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի մահվան դեպքում`

1) որպես գործատու` սոցիալական վճարի պարտավորությունները ժառանգին անցնելու դեպքում մինչև մահվան ամիսը ներառյալ հաշվարկված կուտակային հատկացումները մասնակիցների ռեեստրը վարողին փոխանցվում են օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

Եթե աշխատանքային հարաբերությունները չեն շարունակվում Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 128-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան, ապա մահվան օրվանից աշխատանքային հարաբերությունները համարվում են ավարտված, իսկ մահվան օրվանից հետո սոցիալական վճարների չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը, ինչպես նաև մահվան ամսվան հաջորդող հաշվետու ժամանակաշրջանին վերաբերող սոցիալական վճարները ենթակա են վերահաշվարկման` բացառությամբ մասնակիցների ռեեստրը վարողին որպես կուտակային հատկացումներ փոխանցված գումարների.

2) անժառանգ ճանաչվելու և սույն կարգի 8-րդ կետի 1-ին ենթակետում նշված դեպքում կատարվում է մինչև մահվան ամիսը ներառյալ հաշվարկված սոցիալական վճարների պարտավորությունների վերահաշվարկ և միասնական հաշվից կամուրջ հաշվին փաստացի փոխանցված սոցիալական վճարներից և դրան համապատասխան Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի լրացուցիչ միջոցներից (օրենքով սահմանված դեպքում) ձևավորված կուտակային հատկացման գումարները հարկային մարմնի համապատասխան հանձնարարականի հիման վրա փոխանցվում են ռեեստրը վարողի հաշվին:

(11-րդ կետը խմբ. 13.12.18 N 1440-Ն) 

(հավելվածը փոփ., խմբ. 13.12.18 N 1440-Ն) 

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.12.2018, N 1440-Ն 30.12.2018, N 798-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան