Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-893-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Base act (31.12.2015-13.09.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.12.30/91(1180) Հոդ.1223
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
29.12.2015
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.12.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.09.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կանոնադրությունը՝ համաձայն 1-ին հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովի կազմը՝ համաձայն 2-րդ հավելվածի:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան


2015 թ. դեկտեմբերի 29

Երևան

ՆՀ-893-Ն

 

 

Հավելված 1

ՀՀ Նախագահի

2015 թ. դեկտեմբերի 29-ի 

 ՆՀ-893-Ն հրամանագրի

 

Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) մշտապես գործող խորհրդակցական մարմին է, որը մշակում և Հայաստանի Հանրապետության կառավարություն է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական քաղաքականության իրագործման և ռազմարդյունաբերական համալիրի (այսուհետ` ՌԱՀ) զարգացման ու գործունեության վերաբերյալ:

2. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, Հայաստանի Հանրապետության օրենքներով, Հայաստանի Հանրապետության Նախագահի հրամանագրերով, կարգադրություններով, Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումներով, սույն կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով:

3. Հանձնաժողովն իր գործունեությունն իրականացնում է՝ պետական մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՌԱՀ կազմակերպությունների և ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարմանը մասնակցող այլ կազմակերպությունների հետ համագործակցելով:

 

II. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

4. Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են`

1) իր իրավասության սահմաններում Հայաստանի Հանրապետության անվտանգության և պաշտպանության ապահովման վերաբերյալ հետևյալ առաջարկությունները քննարկելը`

ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտների վերաբերյալ,

պետություն-մասնավոր ընկերակցություն համագործակցության ապահովմանն ուղղված, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին աջակցելու պայմանների և կարգի վերաբերյալ՝ ըստ ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների զարգացման ծրագրերի,

ռազմական կարիքների համար պետական պատվերների հայտերի հաստատման և փոփոխման, պետական պատվերի գնի որոշման կարգի սահմանման վերաբերյալ,

ռազմարդյունաբերական բնագավառի արդյունավետության բարձրացմանն ուղղված գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման վերաբերյալ,

ռազմարդյունաբերական բնագավառում միջազգային համագործակցության վերաբերյալ.

2) գործադիր մարմիններից ստացված ռազմական կարիքների համար պետական պատվերների հայտերի, ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներից ստացված առաջարկությունների քննարկումը` դրանց վերաբերյալ հանձնաժողովին կից ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդի համապատասխան եզրակացությունների հիման վրա.

3) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների կողմից ներկայացված ռազմարդյունաբերական քաղաքականության իրականացման գործընթացում իրենց զարգացման և հզորությունների պահպանման վերաբերյալ ամենամյա ծրագրերի քննարկումը.

4) ՌԱՀ-ի նորարարական տեխնոլոգիական զարգացման և վերազինման ապահովմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը.

5) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներին աջակցելու պայմանների վերաբերյալ առաջարկությունների, զարգացման ծրագրերի նախագծերի նախապատրաստումը և դրանցից բխող միջոցառումների կատարման ապահովմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը.

6) ռազմարդյունաբերական բնագավառում միջազգային համագործակցության ապահովմանն ուղղված առաջարկությունների նախապատրաստումը.

7) ռազմարդյունաբերական քաղաքականության բնագավառում իրավական ակտերի նախագծերի մշակման վերաբերյալ առաջարկությունների նախապատրաստումը:

5. Հանձնաժողովն իր խնդիրներին համապատասխան իրականացնում է ռազմատեխնիկական և գիտատեխնիկական խորհրդից ստացված առաջարկությունների հիման վրա լսումներ ու վերլուծական քննարկումներ, իր իրավասության սահմաններում ընդունում է որոշումներ և Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնում առաջարկություններ`

1) Հայաստանի Հանրապետության ռազմատեխնիկական և ռազմարդյունաբերական քաղաքականության մշակման և իրականացման վերաբերյալ.

2) ռազմարդյունաբերությանը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացված միջոցների օգտագործման արդյունավետության վերաբերյալ.

3) երկրի պաշտպանության և անվտանգության ապահովման նպատակով սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկայի մշակման ու արտադրության ուղղությամբ օպերատիվ որոշումների ընդունման վերաբերյալ.

4) երկարատև տեխնոլոգիական պարբերաշրջան պահանջող սպառազինության, ռազմական և հատուկ տեխնիկա մշակելու ու արտադրելու նպատակով հիմնարար և որոնողական հետազոտություններ պահանջող առաջարկությունների վերաբերյալ.

5) ՌԱՀ-ի կազմակերպությունների արտադրական հզորությունների պահպանման և զարգացման, փորձարարական բազայի, ստենդների, լաբորատորիաների, նոր փորձադաշտերի և կազմակերպությունների ստեղծման վերաբերյալ.

6) ՌԱՀ-ի կազմակերպություններում քաղաքացիական և երկակի նշանակության բարձր տեխնոլոգիական մրցունակ արտադրանքի ստեղծման վերաբերյալ.

7) ռազմավարական հումքի, նյութերի և էլեկտրոնային տարրերի պետական գրացուցակավորման ու պահոցի ստեղծման, թարմացման, պահպանման և զարգացման վերաբերյալ.

8) տնտեսության զորահավաքային ծավալման պլանների կատարման, համապատասխան տեխնոլոգիական հագեցվածության, անհրաժեշտ պահուստների կուտակման և պահպանման հարցերի վերաբերյալ.

9) ՌԱՀ-ի կազմակերպությունների գիտական, ինժեներատեխնիկական, տեխնիկական կադրերի պատրաստման և նրանց որակավորման բարձրացման վերաբերյալ.

10) ՌԱՀ-ի զարգացման նորմատիվ իրավական և տեխնիկական բազայի կատարելագործման վերաբերյալ.

11) սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի, թիկունքի նյութատեխնիկական միջոցների որակի ապահովման համակարգի կատարելագործման վերաբերյալ.

12) ռազմական կարիքների համար պետական պատվերով մատակարարվող արտադրանքի գնի ձևավորման մեխանիզմների կատարելագործման վերաբերյալ.

13) հերթական ֆինանսական տարվա համար պլանավորված ֆինանսական միջոցների` սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմատեխնիկական միջոցների և ունեցվածքի, թիկունքի նյութատեխնիկական միջոցների, ռազմական շինարարության ծավալների վերաբերյալ.

14) ռազմական կարիքների համար պետական պատվերի ցուցանիշներին համապատասխան՝ ՌԱՀ-ի կազմակերպությունների կողմից ընթացիկ տարվա պատվերների կատարման հաշվետվությունների վերաբերյալ.

15) ռազմարդյունաբերության բնագավառի գիտատեխնիկական նորարարական զարգացման վերաբերյալ.

16) Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված՝ ՌԱՀ-ի գործունեությանն առնչվող այլ հարցերի վերաբերյալ:

6. Հանձնաժողովն իր հիմնական խնդիրներն իրականացնելու նպատակով`

1) ՌԱՀ-ի կազմակերպություններից և ռազմական կարիքների համար պետական պատվերի կատարմանը մասնակցող այլ կազմակերպություններից կարող է սահմանված կարգով հայցել և ստանալ համապատասխան նյութեր և տեղեկատվություն.

2) իր աշխատանքներում, անհրաժեշտության դեպքում, ներգրավում է մասնագետների և փորձագետների.

3) իր իրավասության սահմաններում համագործակցում է պետական մարմինների հետ.

4) իր իրավասության սահմաններում համագործակցում է օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների հետ:

 

III. ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ

 

7. Հանձնաժողովը կազմված է նախագահից, նախագահի տեղակալից, հանձնաժողովի քարտուղարից և հանձնաժողովի անդամներից:

8. Հանձնաժողովի քարտուղարին նշանակում է հանձնաժողովի նախագահը՝ հանձնաժողովի նախագահի տեղակալի ներկայացմամբ:

9. Հանձնաժողովի աշխատանքները կազմակերպվում են նիստերի ձևով, որոնք հրավիրվում են առնվազն վեց ամիսը մեկ անգամ: Գործառնական լուծում պահանջող հարցերի վերաբերյալ կարող են հրավիրվել արտահերթ նիստեր՝ հանձնաժողովի նախագահի կամ հանձնաժողովի անդամների առնվազն մեկ երրորդի նախաձեռնությամբ:

10. Հանձնաժողովի նիստերն անցկացվում են հանձնաժողովի նախագահի կողմից հաստատված օրակարգի համաձայն:

11. Հանձնաժողովի նիստին կարող են մասնակցել ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ներկայացուցիչներ՝ խորհրդակցական ձայնի իրավունքով, և հանդես գալ առաջարկություններով:

12. ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների ներկայացուցիչները հանձնաժողովի նիստին մասնակցում են հանձնաժողովի նախագահի հրավերով՝ հանձնաժողովի անդամների առաջարկությամբ:

13. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է հանձնաժողովի անդամների ընդհանուր թվի առնվազն երկու երրորդը:

14. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են նիստին ներկա անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

15. Հանձնաժողովի անդամները նիստերին մասնակցում են անձամբ:

16. Հանձնաժողովի նիստերը վարում և որոշումներն ու նիստերի արձանագրությունները ստորագրում է հանձնաժողովի նախագահը, իսկ վերջինիս բացակայության դեպքում կամ հանձնարարությամբ՝ նրա տեղակալը:

17. Հանձնաժողովի քարտուղարության գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը:

18. Հանձնաժողովի նախագահը համակարգում և ապահովում է հանձնաժողովի բնականոն աշխատանքը:

19. Հանձնաժողովի քարտուղարը`

1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերը.

2) ապահովում է ներկայացված առաջարկությունների ընդգրկումը նիստերի օրակարգում.

3) նախապատրաստում է առաջարկություններ հանձնաժողովի աշխատանքային ծրագրերի կազմման և կատարման վերաբերյալ.

4) համակարգում է հանձնաժողովի քարտուղարության աշխատանքները.

5) վարում է հանձնաժողովի գործավարությունը:

20. Հանձնաժողովի որոշումները, հանձնաժողովի նախագահի կողմից ստորագրվելուց հետո, սահմանված կարգով՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ուղարկվում են Հայաստանի Հանրապետության կառավարություն:

21. Հանձնաժողովի անդամներին հանձնաժողովի որոշմամբ տրված հանձնարարականների կատարման ընթացքին հետևում է հանձնաժողովի քարտուղարությունը և հանձնաժողովին ներկայացնում համապատասխան տեղեկատվություն:

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Վ. Սարգսյան

 

 

Հավելված 2

ՀՀ Նախագահի

2015 թ. դեկտեմբերի 29-ի 

 ՆՀ-893-Ն հրամանագրի

 

Կ Ա Զ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

 

1. Հայաստանի Հանրապետության վարչապետ (հանձնաժողովի նախագահ)

2. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար

5. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար

6. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարար

7. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար

8. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության տնօրեն

9. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ

10. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

11. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ - նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ

12. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ

13. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ

14. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ):

 

ՀՀ Նախագահի աշխատակազմի

ղեկավար

Վ. Սարգսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
30.08.2018, N 952-Ն 13.09.2018, ՆՀ-893-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան