Գլխավոր տեղեկություն
Համար
N 1257-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (17.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 16.11.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.11.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.11.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 նոյեմբերի 2018 թվականի N 1257-Լ

 

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-398-17.10.2018-ՏՏԳԲ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. նոյեմբերի 12

Երևան

 

 

«ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-398-17.10.2018-ՏՏԳԲ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

 

«Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը (այսուհետ՝ օրենք) սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում կենդանական աշխարհի վայրի տեսակների պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման պետական քաղաքականությունը։ Համաձայն օրենքի 1-ին հոդվածի 5-րդ և 16-րդ պարբերությունների՝ օրենքի կարգավորման առարկան կենդանիների վայրի տեսակների ու դրանց համակեցությունների ամբողջականությունն է։

Օրենքի 15-րդ և 19-րդ հոդվածների կարգավորումները վերաբերում են կենդանական աշխարհի վայրի տեսակներին, մինչդեռ օրենքի նախագծին կից հիմնավորման մեջ խոսքը վերաբերում է «բնակավայրերում կենդանիների, մասնավորապես, թափառող շների ոչնչացման» դեպքերին։ Ինչ վերաբերում է օրենքի 15-րդ հոդվածով սահմանված՝ բացառիկ դեպքերում (բնակչության, վայրի և ընտանի կենդանիների համաճարակային հիվանդություններ, անասնապահության զարգացմանը վտանգի սպառնում, էկոլոգիական հավասարակշռության խախտման վտանգ) վայրի կենդանիների առանձին տեսակների թիվը կարգավորող միջոցառումների՝ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ անցկացմանը, ապա որպես օրինակ կարող է ծառայել Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 123-Ն որոշումը, որի հավելվածում նախատեսված են նաև հրազենով ոչնչացման դեպքեր։ Բացի դրանից, օրենքի 25-րդ հոդվածով նախատեսված է կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործումը սոցիալական նպատակներով (սիրողական որս և ձկնորսություն, ձկնորսության և որսի օբյեկտ չհանդիսացող կենդանիների որս), իսկ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ որսի ընթացքում կարող են օգտագործվել օրենքով սահմանված կարգով որսորդական ողորկափող և ակոսավոր հրազեն, որսորդական սառը զենք:

Օրենքի նախագծի 2-րդ հոդվածով օրենքի 19-րդ հոդվածում առաջարկվող լրացման կապակցությամբ հարկ է նկատի ունենալ, որ նույն հոդվածի «դ» ենթակետով արգելվում են կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումը, ինչն էլ իր հերթին ենթադրում է արգելք՝ այդ գործողությունների հնարավոր բոլոր ձևերի կիրառման նկատմամբ։

Բացի դրանից, կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի և խոշտանգման, զանգվածային ոչնչացումների և այլ իրավախախտումների վերաբերյալ սահմանված են պատասխանատվության համապատասխան միջոցներ՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (մասնավորապես, 92-րդ հոդված) և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի (մասնավորապես, 295-րդ հոդված) մի շարք հոդվածներով։

Ելնելով շարադրվածից, գտնում ենք, որ օրենքի նախագծով առաջարկվող հարաբերությունները գործող օրենքի կարգավորման առարկան չեն, և առաջարկվում է գործող օրենքի փոփոխվող հոդվածները թողնել անփոփոխ:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան