Գլխավոր տեղեկություն
Համար
N 395-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.11.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.11.01/27(630) Հոդ.216
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
24.10.2018
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
24.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.11.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

24 հոկտեմբերի 2018 թվականի

ք. Երևան

N 395-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 88-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 22-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու և Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագների հաշվարկման մեթոդիկայի՝

1) 1-ին կետի 4-րդ, 5-րդ և 7-րդ ենթակետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4) հողմային էլեկտրակայաններ, որոնք՝

ա. էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածում.

բ. ունեն մինչև 30 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում.».

«5) կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններ, որոնք էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում.».

«7) արևային էլեկտրակայաններ, որոնք ունեն՝

ա. մինչև 1 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ ժամանակահատվածում.

բ. մինչև 5 ՄՎտ (ներառյալ) տեղակայված հզորություն և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա են ստացել 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում.».

2) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Սույն մեթոդիկայի 1-ին կետի՝

1) 4-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ ընդունվելու դեպքում՝ սակագինը սահմանվում է 42.845 դրամ/կՎտժ (առանց ավելացված արժեքի հարկի), իսկ 2019 թվականի հունիսի 1-ից հետո ընդունվելու դեպքում՝ նշված մեծության հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար,

2) 4-րդ ենթակետի «բ» և 7-րդ ենթակետի «բ» պարբերություններով նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն առաջին անգամ սահմանվում է՝

ա. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2018 թվականի նոյեմբերի 2-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ժամանակահատվածում ընդունվելու դեպքում՝ բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնին հավասար,

բ. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընդունվելու դեպքում՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված սակագնային կարգավորման համաձայն,

3) 7-րդ ենթակետի «ա» պարբերությամբ նշված և էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայով ամրագրված հաշվարկային հզորությամբ կառուցված կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինն առաջին անգամ սահմանվում է՝

ա. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը մինչև 2019 թվականի մայիսի 31-ը ներառյալ ընդունվելու դեպքում՝ 42.845 դրամ/կՎտժ (առանց ավելացված արժեքի հարկի), իսկ 2019 թվականի հունիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդունվելու դեպքում՝ նշված մեծության հիման վրա սույն մեթոդիկայի 4-րդ կետի բանաձևով կատարվող ճշգրտումների արդյունքում ձևավորված մեծությանը հավասար,

բ. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2020 թվականի հունվարի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդունվելու դեպքում՝ բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնին հավասար,

գ. սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը 2021 թվականի հունվարի 1-ից հետո ընդունվելու դեպքում՝ 2020 թվականի հունվարի 1-ից հետո տվյալ տեսակի կայանի լիցենզիա ստացող անձանց համար սահմանված սակագնային կարգավորման համաձայն։».

3) 4-րդ կետում՝

ա. «K1» գործակիցը սահմանող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«K1-ը գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման՝ սղաճի տեմպով պայմանավորված և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների, մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած հողմային և արևային էլեկտրակայանների համար ընդունվում է հավասար 0,35-ի, իսկ 2018 թվականի նոյեմբերի 2-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած հողմային և արևային էլեկտրակայանների համար՝ 0,1.»,

բ. «K2» գործակիցը սահմանող պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«K2-ը գործող սակագնի այն մասն է, որը ենթակա է ճշգրտման ԱՄՆ դոլարի նկատմամբ Հայաստանի Հանրապետության դրամի միջին ամսական փոխարժեքի փոփոխմամբ պայմանավորված և փոքր հիդրոէլեկտրակայանների, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայանների, մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը ներառյալ էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած հողմային և արևային էլեկտրակայանների համար ընդունվում է հավասար 0,65-ի, իսկ 2018 թվականի նոյեմբերի 2-ից հետո էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ստացած հողմային և արևային էլեկտրակայանների համար՝ 0,9.»,

4) 6-րդ կետում «առաջին» բառից հետո լրացնել «կամ կայանի տեսակի փոփոխությամբ պայմանավորված սակագնի վերանայման վերաբերյալ» բառերը։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի տեղակալ

Մ. Սողոմոնյան