Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 272-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.09.2018-04.11.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.11.12/28(507).1 Հոդ.303.15
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.10.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2014
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.11.2021

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014484

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

7 հոկտեմբերի 2014 թ.

թիվ 272-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 005 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ, ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ԹԻՎ 235-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ հաշվետվություն տրամադրող անձանց կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների և կասկածելի գործարքների կամ գործարար հարաբերությունների վերաբերյալ հաշվետվությունների նոր ձևեր, փոփոխության ենթարկել դրանց տրամադրման կարգը և սահմանել ժամկետներին վերաբերող առավել մանրամասն կանոններ,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 5-րդ մասը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 005 հաշվետվության ձևը»՝ համաձայն սույն որոշման Հավելված 1-ի:

2. Հաստատել «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 005 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման կարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի հուլիսի 31-ի «Վիճակախաղ կազմակերպող անձանց (այսուհետ՝ հաշվետվություն տրամադրող անձանց) կողմից պարտադիր տեղեկացման և կասկածելի գործարքի վերաբերյալ տեղեկությունների տրամադրման ձևը (թիվ 005 հաշվետվական ձև) տեղեկությունների տրամադրման կարգը և ժամկետները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի փետրվարի 20-ի թիվ 59-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 235-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ

 

Ն. Երիցյան


 2014 թ. հոկտեմբերի 10
Երևան

 

 

Հավելված 1

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թ. հոկտեմբերի 7-ի

թիվ 272-Ն որոշմամբ

 

 ՁԵՎ

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 005 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ

 

(հավելվածը փոփ. 03.08.18 թիվ 135-Ն)

 

Հավելված 2

Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թ. հոկտեմբերի 7-ի

թիվ 272-Ն որոշմամբ

 

Կ Ա Ր Գ

 

ՎԻՃԱԿԱԽԱՂԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՏԵՂԵԿԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱՐՔԻ ԵՎ ԿԱՍԿԱԾԵԼԻ ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԹԻՎ 005 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. «Վիճակախաղերի կազմակերպիչների կողմից պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ թիվ 005 հաշվետվության ձևի լրացման և հաշվետվության ներկայացման» կարգը (այսուհետ՝ Կարգ) սահմանում է վիճակախաղերի կազմակերպիչների (այսուհետ՝ Հաշվետվություն տրամադրող անձ) կողմից «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) սահմանված հաշվետվության ձևի լրացման կարգը և հաշվետվությունների ներկայացման դեպքերը:

2. Կարգում հասկացություններն օգտագործվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Հաշվետվության ձևը լրացվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնում (այսուհետ՝ Ֆինանսական դիտարկումների կենտրոն) հաշվառված Հաշվետվություն տրամադրող անձանց կողմից:

4. Հաշվետվությունը ներկայացվում է Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի և 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ 6-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ

 

5. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի և կասկածելի գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում էլեկտրոնային տարբերակով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի կամ «Սի-Բի-Էյ-Նեթ» համակարգի միջոցով, կամ թղթային տարբերակով:

6. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը կարող է ձեռք բերվել Ֆինանսական դիտարկումների կենտրոնին դիմելու կամ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջից արտահանելու միջոցով:

7. Հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ինտերնետային կայքէջի միջոցով ներկայացվում են միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի մարտի 20-ի թիվ 81-Ն որոշմամբ հաստատված՝ «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի վեբ կայքի միջոցով Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների ներկայացման ընթացքում էլեկտրոնային թվային ստորագրությունը կիրառելու կարգի» 4-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հետ համաձայնագիր կնքելուց հետո:

8. Էլեկտրոնային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը ներկայացված է համարվում, եթե մեկ աշխատանքային օրվա ընթացքում Հաշվետվություն տրամադրող անձը չի ստանում սխալի վերաբերյալ հաղորդագրություն:

9. Սխալի վերաբերյալ հաղորդագրություն ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով՝ առանց հաշվետվության անվանման փոփոխության: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

10. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում փակ կնքված (կնիքի առկայության դեպքում) ծրարով՝ «Անձամբ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի ղեկավարին» նշագրումով, հետևյալ եղանակներից որևէ մեկով՝

1) ֆիզիկապես ներկայացնելու միջոցով,

2) փոստի միջոցով:

11. Կարգի 10-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն ներկայացված է համարվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից ստացականի, իսկ Կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում՝ «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից համապատասխան անդորրագրի տրամադրման պահից: Կարգի 10-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքում հաշվետվությունն ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի փոստային հասցեով (ՀՀ, ք. Երևան 0010, Վազգեն Սարգսյան 6):

12. Թղթային տարբերակով տրամադրվող հաշվետվության սխալի վերաբերյալ հետադարձ կապ ստանալու դեպքում Հաշվետվություն տրամադրող անձը մեկ աշխատանքային օրվա ընթացքում հաշվետվությունը ներկայացնում է համապատասխան փոփոխություններով: Տվյալ դեպքում հաշվետվության ներկայացումը չի համարվում ժամկետանց:

13. Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում այդ գործարքը կատարելու պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում:

14. Հաշվետվության տրամադրման օրերի հաշվարկը սկսվում է գործարքի կատարման օրվան հաջորդող աշխատանքային օրվանից և ավարտվում է այդ օրվան հաջորդող երրորդ աշխատանքային օրը՝ ժամը 18:00-ին:

15. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը Ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացվում գործարքում կամ գործարար հարաբերությունում կասկածելիության հիմք կամ չափանիշ հայտնաբերելու դեպքում՝ նույն աշխատանքային օրվա ընթացքում, իսկ դրա անհնարինության դեպքում՝ մինչև հաջորդ աշխատանքային օրվա ժամը 12:00-ն:

16. Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվության տրամադրման անհնարինությունը կարող է պայմանավորված լինել՝

1) աշխատանքային (գործառնական) օրվա ավարտով,

2) ծրագրաապարատային կամ հաղորդակցության անհաղթահարելի խնդիրներով:

 

ԳԼՈՒԽ 3. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ

 

17. Հաշվետվության ձևը լրացվում է հնարավորինս պարզ, հակիրճ, միանշանակ ընկալվող հայերեն լեզվով, «յունիկոդ» կոդավորմամբ տառատեսակով և մեծատառերով: «Անուն» 4.1, «Ազգանուն» 4.2, «Հայրանուն» 4.3 ենթակետերը լրացվում են անգլերեն, երբ անհրաժեշտ տվյալները Հաշվետվություն տրամադրող անձին հասանելի են միայն անգլերեն լեզվով: Եթե նշված տվյալները հասանելի են այլ օտար լեզվով, ապա նշված ենթակետերը լրացվում են հայերեն կամ անգլերեն լեզվով:

18. Հաշվետվության ձևի թղթային տարբերակը լրացվում է համակարգչի օգնությամբ կամ գրիչով՝ յուրաքանչյուր վանդակում նշելով մեկ նիշ: Հաշվետվության ձևի 1.4.1, 3.6.3, 3.7, 3.9, 6.1.1, 6.2.1 կետերի ներքո նախատեսված դաշտերի սահմաններն անբավարար լինելու դեպքում անհրաժեշտ է օգտագործել հավելյալ թղթեր: Այդ թղթերի ձախ կողմում նշվում է այն կետը կամ ենթակետը, որի ներքո նախատեսված դաշտը լրացվում է: Այդ թղթերը ստորագրվում և հաստատվում են կնիքով (կնիքի առկայության դեպքում) և կցվում հիմնական հաշվետվության ձևին: Տեխնիկական բնույթի ուղղումների կատարման դեպքում ստորագրվում է նաև այդ ուղղումների կողքին:

19. Հաշվետվության ձևի առաջին էջի ներքևի մասում նշվում է ներկայացվող հաշվետվության էջերի քանակը (ներառյալ՝ առաջին էջը): Հաշվետվության ձևի յուրաքանչյուր էջի ներքևի աջ անկյունում անհրաժեշտ է ստորագրել և հաստատել կնիքով (կնիքի առկայության դեպքում): Հաշվետվության ձևի այն էջերը, որոնք չեն լրացվել, կարող են չներկայացվել:

20. Հաշվետվության ձևի էլեկտրոնային տարբերակը լրացվում է՝ օգտագործելով ներկայացված էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները: Էլեկտրոնային ձևում առկա սահմանափակումները փոփոխության ենթակա չեն: Ցանկացած ներկայացված հաշվետվություն, որը պարունակում է փոփոխություն, դիտվում է թերի կամ սխալ լրացված հաշվետվություն և հանգեցնում է օրենքով նախատեսված պատասխանատվության:

21. Լրացման համար պարտադիր են այն կետերը և ենթակետերը, որոնց վերաբերյալ Հաշվետվություն տրամադրող անձը ունի կամ պարտավոր է ունենալ տեղեկատվություն:

22. Յուրաքանչյուր գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ ներկայացվում է առանձին հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 4. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԱՆՎԱՆՈՒՄԸ

 

23. «Հաշվառման համարը» 1.1 կետում լրացվում է Ֆինանսական դիտարկումների կենտրոնի կողմից տրամադրված հաշվառման համարը (ութ նիշ):

24. «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2 կետում լրացվում է հաշվետվության ուղարկման օրը, ամիսը, տարին (վեց նիշ):

25. «Հաշվետվության հերթական համարը» 1.3 կետում լրացվում է տվյալ օրվա դրությամբ ուղարկված հաշվետվության հերթական համարը (երեք նիշ):

26. «Ուղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետում լրացվում է տվյալ հաշվետվության ուղղման կամ լրացման նպատակով ներկայացվող հաշվետվության հերթական համարը (մեկից երեք նիշ): Այս կետը լրացվում է, եթե հաշվետվությունն ուղարկվում է նախկինում ուղարկված հաշվետվությունում առկա սխալի կամ թերության ուղղման նպատակով, ինչպես նաև եթե սեփական նախաձեռնությամբ անհրաժեշտ է տրամադրել լրացուցիչ տեղեկատվություն:

27. Կարգի 8-րդ և 11-րդ կետերով սահմանված կարգով ներկայացված համարվող հաշվետվության մեջ ուղղում կամ լրացում կատարելու համար հիմք հանդիսացած պատճառները և հանգամանքները լրացվում են «Ուղղման (լրացման) պատճառը» 1.4.1 ենթակետում: Այս ենթակետը ենթակա է պարտադիր լրացման, եթե ուղղում կամ լրացում կատարվել է նախորդ հաշվետվությունը ներկայացնելու պահից երեք աշխատանքային օր հետո:

28. Ուղղում կամ լրացում կատարելու դեպքում ներկայացվում է նոր հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 5. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԸ

 

29. «Պարտադիր տեղեկացման ենթակա գործարքի վերաբերյալ հաշվետվություն» 2.1 կետը նշվում է, եթե վիճակախաղի տոմսերի մեկ անկանխիկ գնումը կամ ստացված մեկ անկանխիկ շահումը կամ 24 ժամվա ընթացքում վիճակախաղի տոմսերի անկանխիկ գնումների կամ ստացված անկանխիկ շահումների հանրագումարը գերազանցում է 20 միլիոն դրամը, ինչպես նաև եթե վիճակախաղի տոմսերի մեկ կանխիկ գնումը կամ մեկ կանխիկ շահումը կամ 24 ժամվա ընթացքում վիճակախաղի տոմսերի կանխիկ գնումների կամ ստացված կանխիկ շահումների հանրագումարը գերազանցում է 5 միլիոն դրամը:

30. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն» 2.2 կետը նշվում է, եթե ներկայացվում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն:

 

ԳԼՈՒԽ 6. ԳՈՐԾԱՐՔԻ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

 

31. «Գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման ամսաթիվը» 3.1. կետում լրացվում են տեղեկացման ենթակա գործարքի կատարման կամ գործարար հարաբերության հաստատման օրը, ամիսը, տարին: Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելիս, եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը դեռևս չի կատարվել, լրացվում են այն օրը, ամիսը, տարին, երբ ներկայացվել է գործարք կատարելու կամ գործարար հարաբերություն հաստատելու առաջարկը, իսկ այն դեպքում, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժվել է, նշվում են գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման օրը, ամիսը, տարին:

32. «Կանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.2 կետը նշվում է, եթե գործարքը կատարվել է կանխիկ եղանակով: Այն դեպքում, երբ գործարքն իրականացվել է միաժամանակ կանխիկ և անկանխիկ եղանակով, սակայն միայն կանխիկ եղանակով վճարված գումարն է գերազանցել 5 մլն դրամը, ապա նշվում է «Կանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.2 կետը, իսկ «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկատվություն» 3.9 կետում նշվում է գործարքի գումարի նաև անկանխիկ եղանակով վճարված լինելու հանգամանքի և դրա չափի մասին տեղեկատվությունը:

33. «Անկանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.3 կետում նշվում է գործարքի՝ անկանխիկ եղանակով իրականացված լինելու մասին տեղեկատվությունը: Այն դեպքում, երբ գործարքը իրականացվել է միաժամանակ անկանխիկ և կանխիկ եղանակով, սակայն միայն անկանխիկ եղանակով վճարված գումարն է գերազանցում 20 միլիոն ՀՀ դրամը, ապա նշվում է «Անկանխիկ եղանակով իրականացվող գործարք» 3.3 կետը, իսկ «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկատվություն» 3.9 կետում նշվում է գործարքի գումարի նաև կանխիկ եղանակով վճարված լինելու հանգամանքի և դրա չափի մասին տեղեկատվությունը:

34. «Գումարը» 3.2.1 և 3.3.1 ենթակետերում լրացվում է գործարքի գումարի չափը ՀՀ դրամով:

35. «Գործառնության տեսակ» 3.4 կետում նշվում է այդ կետի ներքո նախատեսված ենթակետերից որևէ մեկը:

36. «Վիճակախաղի տեսակը» 3.5 կետում նշվում է այդ կետի ներքո նախատեսված ենթակետերից կամ դաշտերից որևէ մեկը:

37. «Կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշը կամ տիպաբանությունը» 3.6 կետում նշվում է 3.6.1- 3.6.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը: Եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու չափանիշը կամ տիպաբանությունը սահմանված չէ 3.6.1 և 3.6.2 ենթակետերով նախատեսված իրավական ակտերում, ապա նշվում է «Այլ» 3.6.3 ենթակետը: 3.6.1 - 3.6.3 ենթակետերից մեկը կամ մի քանիսը նշելու դեպքում այդ ենթակետերի ներքո նախատեսված դաշտում լրացվում է Լիազոր մարմնի իրավական ակտով, Հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտով սահմանված կամ այլ կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշ կամ տիպաբանություն:

38. «Կասկածների նկարագրությունը» 3.7 կետում հնարավորինս մանրամասն նկարագրվում են գործարքի կամ գործարար հարաբերության նախապատմությունը, այն բոլոր հանգամանքները, որոնք վկայել են գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության մասին: Այս կետում կարող են նկարագրվել նաև Հաշվետվություն տրամադրող անձի՝ հետագա հնարավոր զարգացումների վերաբերյալ կանխատեսումները:

39. «Կապված հաշվետվության անվանումը» 3.8 կետը լրացվում է, եթե ներկայացվող հաշվետվությամբ կասկածելի գործարքը կամ գործարար հարաբերությունը, ըստ Հաշվետվություն տրամադրող անձի, պատճառահետևանքային կամ այլ առումով կապված է Հաշվետվություն տրամադրող անձի կողմից նախկինում հաշվետվությամբ ներկայացված գործարքի հետ: «Կապված հաշվետվության անվանումը» 3.8 կետում լրացվում է նախկինում ուղարկված հաշվետվության ձևի «Հաշվառման համարը» 1.1, «Հաշվետվության ուղարկման ամսաթիվը» 1.2, «Հաշվետվության հերթական համարը» 1.3, «Ուղղման (լրացման) հերթական համարը» 1.4 կետերում (առկայության դեպքում) լրացված տեղեկատվությունը: Թղթային տարբերակով հաշվետվություն ներկայացնելիս, եթե առկա է մեկից ավելի կապված հաշվետվություն, ապա «Կապված հաշվետվության անվանումը» 3.8 կետը պատճենահանվում է և լրացվում է համապատասխան քանակով:

40. «Գործարքին կամ գործարար հարաբերությանը վերաբերող այլ տեղեկատվություն» 3.9 կետում նշվում են Կարգի 32-րդ, 33-րդ և 40-րդ կետերով նախատեսված տեղեկությունները, ինչպես նաև գործարքին կամ գործարար հարաբերությանն առնչվող՝ Հաշվետվություն տրամադրող անձի կողմից կարևորվող այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 6. ՀԱՃԱԽՈՐԴ

 

41. «Անուն» 4.1 կետում լրացվում է հաճախորդի անունը:

42. «Ազգանուն» 4.2 կետում լրացվում է հաճախորդի ազգանունը: Այն դեպքում, երբ հստակ չէ, թե որն է հաճախորդի անունը և որը ազգանունը, ապա 4.1 և 4.2 կետերը լրացվում են Հաշվետվություն տրամադրող անձի հայեցողությամբ:

43. «Հայրանուն» 4.3 կետում լրացվում է հաճախորդի հայրանունը:

44. «Ծննդյան ամսաթիվը» 4.4 կետում լրացվում են հաճախորդի ծննդյան օրը, ամիսը, տարին:

45. «Բնակության վայր» 4.5 կետի ներքո նախատեսված 4.5.1-4.5.4 ենթակետերում լրացվում է այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ հաճախորդը մշտապես կամ առավելապես բնակվում է:

46. «Հաշվառման վայր» 4.6 կետի ներքո նախատեսված 4.6.1.-4.6.4 ենթակետերում լրացվում է հաճախորդի այն հասցեն (փողոցը, շենքը, տունը (բնակարանը), քաղաքը կամ գյուղը, մարզը, երկիրը), որտեղ նա հաշվառված է: 4.6.1.- 4.6.4 ենթակետերը չեն լրացվում, եթե հաճախորդի բնակության վայրը և հաշվառման վայրը նույնն են:

47. «Քաղաքացիությունը» 4.7 կետում լրացվում է հաճախորդի քաղաքացիությունը:

48. «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.8 կետում նշվում է հաճախորդի անձնագիրը, նույնականացման քարտը կամ նորմատիվ իրավական ակտով սահմանված անձը (ինքնությունը) հաստատող այլ փաստաթուղթը:

49. «Փաստաթղթի սերիան և համարը» 4.8.1, «Փաստաթղթի տրամադրման ամսաթիվը» 4.8.2 ենթակետերում, համապատասխանաբար, լրացվում են «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.8 կետում նշված փաստաթղթի սերիան, համարը, ինչպես նաև տրամադրման օրը, ամիսը, տարին:

50. «Ում կողմից է տրամադրվել» 4.8.3 ենթակետում լրացվում է այն պետական մարմնի անվանումը կամ ծածկագիրը, որի կողմից տրամադրվել է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.8 կետում նշված փաստաթուղթը:

51. «Փաստաթղթի վավերականության ժամկետը» 4.8.4 ենթակետում լրացվում է այն օրը, ամիսը, տարին, երբ լրանում է «Անձը հաստատող փաստաթղթի տեսակը» 4.8 կետում նշված փաստաթղթի վավերականության ժամկետը:

 

ԳԼՈՒԽ 7. ԻՐԱԿԱՆ ՇԱՀԱՌՈՒ

 

52. «Չի տիրապետում իրական շահառուի մասին տեղեկատվությանը» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը չի կարողանում ստանալ տեղեկատվություն այն մասին, թե արդյոք գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու, թե՝ ոչ:

53. «Չկա իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը պարզել է, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա չէ իրական շահառու (օրինակ՝ այդ մասին գրավոր հայտարարություն է տվել հաճախորդը):

54. «Առկա է իրական շահառու» դաշտը նշվում է այն դեպքում, երբ Հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդից կամ այլ աղբյուրից տեղեկացել է, որ գործարքում կամ գործարար հարաբերությունում առկա է իրական շահառու:

55. 5.1-5.8.4 ենթակետերը լրացվում են միայն «Առկա է իրական շահառու» դաշտը նշելու դեպքում՝ Կարգի 41-51-րդ կետերով սահմանված կարգով:

56. Հաշվետվության ձևի 5-րդ բաժինը, կախված անձանց թվից, լրացվում է համապատասխան քանակով:

 

ԳԼՈՒԽ 8. ԳՈՐԾԱՐՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԵՐԺՈՒՄ, ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ԵՎ ԳՈՒՅՔԻ ՍԱՌԵՑՈՒՄ

 

57. «Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժում» 6.1 կետը նշվում է, երբ գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժվել է:

58. «Գործարքի կամ գործարար հարաբերության իրականացման մերժման պատճառները» 6.1.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքի կամ գործարար հարաբերության իրականացումը մերժելու համար:

59. «Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցում» 6.2 կետը նշվում է, երբ գործարքը կամ գործարար հարաբերությունը դադարեցվել է:

60. «Գործարքի կամ գործարար հարաբերության դադարեցման պատճառները» 5.2.1 ենթակետում լրացվում են այն պատճառները, որոնք հիմք են հանդիսացել գործարքը կամ գործարար հարաբերությունը դադարեցնելու համար:

61. «Գույքի սառեցում» 6.3 կետը նշվում է, երբ հաճախորդի գույքը սառեցվել է:

62. «Սառեցման ամսաթիվ» 6.3.1 ենթակետում լրացվում է գույքի սառեցման օրը, ամիսը, տարին:

63. «Սառեցման ժամկետը» 6.3.2 ենթակետում լրացվում է սառեցման ժամկետը:

64. «Ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի անվանումը» 6.3.3 ենթակետում լրացվում է Միավորված ազգերի կազմակերպության անվտանգության խորհրդի բանաձևերի և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման նպատակով Լիազոր մարմնի կողմից հրապարակված ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց ցանկերի անվանումը:

(64-րդ կետը փոփ. 03.08.18 թիվ 135-Ն)

 

ԳԼՈՒԽ 9. ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԱՇԽԱՏԱԿԻՑ

 

65. «Անուն» 7.1 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի անունը:

66. «Ազգանուն» 7.2 կետում լրացվում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի ազգանունը:

67. «Լրացման ամսաթիվը» 7.3 կետում լրացվում է հաշվետվության ձևը լրացնելու օրը, ամիսը, տարին:

(հավելվածը փոփ. 03.08.18 թիվ 135-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
12.10.2021, թիվ 152-Ն 04.11.2021, թիվ 272-Ն
03.08.2018, թիվ 135-Ն 01.09.2018, թիվ 272-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան