Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 279-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (01.09.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2014.11.12/28(507).1 Հոդ.303.22
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
07.10.2014
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
10.10.2014
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.11.2014

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 նոյեմբերի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 05014491

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

7 հոկտեմբերի 2014 թ.

թիվ 279-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9-Ի ԹԻՎ 269-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի՝ նոր խմբագրությամբ ընդունումից հետո «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգը համապատասխանեցնել օրենքում կատարված փոփոխություններին, ինչպես նաև նման պահանջներ սահմանել ոչ ֆինանսական հաստատությունների համար,

հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածը և «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը,

ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի սեպտեմբերի 9-ի «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում ֆինանսական հաստատությունների համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը և գործարքում իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ հայտարարության ձևը հաստատելու մասին» թիվ 269-Ն որոշումը:

2. Հաստատել «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգը»՝ համաձայն սույն որոշման Հավելվածի:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՀՀ կենտրոնական բանկի
նախագահի տեղակալ

Ն. Երիցյան


2014 թ. հոկտեմբերի 10
Երևան

Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թ. հոկտեմբերի 7-ի
թիվ 279-Ն որոշմամբ

Կ Ա Ն Ո Ն Ա Կ Ա Ր Գ

 

ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

ԳԼՈՒԽ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգի դրույթները տարածվում են «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի «ա»-«ի» ենթակետերով նախատեսված ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատությունների և անձանց վրա:

2. Սույն կանոնակարգում օգտագործվող հասկացությունները մեկնաբանվում են Օրենքով սահմանված հասկացությունների իմաստով:

3. Սույն կանոնակարգը սահմանում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում՝

1) հաշվետվություն տրամադրող անձի կառավարման մարմինների, այդ թվում՝ ներքին դիտարկումների մարմնի գործառույթների իրականացման կարգին ներկայացվող նվազագույն պահանջները.

2) հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերի հաստատման ու փոփոխման կարգը.

3) փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկի չափանիշներն ու դրանց որոշման կարգը.

4) հաճախորդի, այդ թվում՝ առկա հաճախորդի պատշաճ ուսումնասիրությանը ներկայացվող նվազագույն պահանջները.

5) գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու հետ կապված դիտարկման ընթացքին (վերլուծության կատարմանը) ներկայացվող նվազագույն պահանջները.

6) տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) հավաքմանը, հաշվառմանն ու պահպանմանը ներկայացվող նվազագույն պահանջները.

7) հաշվետվություն տրամադրող անձի ներքին աուդիտի իրականացման դեպքերը և հաճախականությունը, ինչպես նաև արտաքին աուդիտի հրավիրման կարգը.

8) հաշվետվություն տրամադրող անձի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իրավասու աշխատակիցների ուսուցման նվազագույն պահանջները:

 

ԳԼՈՒԽ 2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԱՆՑ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

4. Հաշվետվություն տրամադրող անձի խորհուրդը՝

1) սահմանում է հաշվետվություն տրամադրող անձի՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման քաղաքականությունը,

2) հաստատում է ներքին դիտարկումների մարմնի, իսկ սույն կանոնակարգի 55-րդ կետով նախատեսված դեպքում նաև՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում ներքին աուդիտի տարեկան ծրագրերը, դրանց կատարման հաշվետվությունները, հսկողություն է իրականացնում այդ ծրագրերի իրագործման նկատմամբ,

3) անհրաժեշտության դեպքում ներքին դիտարկումների մարմնին հանձնարարում է իրականացնել Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ուսումնասիրություններ, հաստատում է աուդիտի արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը,

4) համաձայնություն է տալիս գործադիր մարմնի կողմից ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի նշանակման և ազատման վերաբերյալ,

5) հաստատում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելմանն ուղղված ներքին իրավական ակտերը (այսուհետ՝ ներքին իրավական ակտեր),

6) քննարկում և հաստատում է ներքին աուդիտի եզրահանգումները, ինչպես նաև իր սահմանած հաճախականությամբ, բայց ոչ ուշ, քան կիսամյակը մեկ անգամ՝ ներքին դիտարկումների մարմնի՝ Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված հաշվետվությունները,

7) իրականացնում է Օրենքով, սույն կանոնակարգով և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

5. Հաշվետվություն տրամադրող անձի գործադիր մարմինը՝

1) ապահովում է խորհրդի սահմանած փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման քաղաքականության ներդրումը, ինչպես նաև դրա արդյունավետ իրականացումը,

2) ապահովում է Օրենքի, սույն կանոնակարգի և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի ամբողջական ու արդյունավետ կիրառումը և հսկողություն է իրականացնում դրա նկատմամբ,

3) խորհրդի համաձայնությամբ՝ նշանակում և ազատում է ներքին դիտարկումների մարմնի աշխատակցին,

4) ապահովում է իր աշխատակիցների՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում պատշաճ ուսուցումը,

5) կազմակերպում է ներքին դիտարկումների մարմնի գործունեությանն անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովվածությունը,

6) ապահովում է ներքին դիտարկումների մարմնի՝ Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված ուսումնասիրությունների, աուդիտի արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացումը,

7) իրականացնում է Օրենքով, սույն կանոնակարգով և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

6. Իրավաբանական անձ հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի կառավարման համակարգում խորհրդի բացակայության դեպքում սույն կանոնակարգի 4-րդ կետով սահմանված գործառույթներն իրականացնում է գործադիր մարմինը: Տնտեսական ընկերակցություն հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի դեպքում սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված գործառույթներն իրականացնում են լիակատար ընկերները:

7. Անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաշվետվություն տրամադրող անձի դեպքում անհատ ձեռնարկատերն իրականացնում է սույն կանոնակարգի 4-րդ և 5-րդ կետերի 2-7-րդ ենթակետերով սահմանված գործառույթները:

 

ԳԼՈՒԽ 3. ՆԵՐՔԻՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

8. Օրենքով, սույն կանոնակարգով և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված գործառույթները պատշաճ իրականացնելու նպատակով ֆինանսական հաստատության ներքին դիտարկումների մարմնի աշխատակիցը պետք է ունենա բարձրագույն կրթություն կամ Հայաստանի Հանրապետության կամ միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական (ֆինանսական ոլորտի) որակավորման վկայական և նշանակմանը նախորդող 10 տարիների ընթացքում առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ (ֆինանսական ոլորտում կամ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ոլորտում):

9. Ներքին դիտարկումների մարմնի աշխատակից չի կարող լինել այն անձը, ով օրենքով սահմանված կարգով՝

1) ունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար,

2) դատարանի կողմից զրկված է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական կամ իրավական ոլորտներում պաշտոններ զբաղեցնելու իրավունքից,

3) սնանկ է ճանաչվել և ունի չմարված (չներված) պարտավորություններ,

4) ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինների կողմից քրեական գործով ներգրավված է որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ,

5) չի համապատասխանում սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված չափանիշներին:

10. Սույն կանոնակարգի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված տեղեկությունները ներկայացվում են «Ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի վերաբերյալ» հայտարարագրով (այսուհետ՝ Հայտարարագիր)՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի, որը հաշվետվություն տրամադրող անձին է ներկայացվում ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի պաշտոնում նշանակվելուց առաջ: Հայտարարագրով ներկայացված տեղեկությունների հավաստիությունը կարող է ստուգվել օրենքով չարգելված ցանկացած եղանակով:

11. Բանկերում ներքին դիտարկումների մարմնի գործառույթը չի կարող դրվել հաճախորդների հետ անմիջականորեն առնչվող աշխատակիցների և ներքին աուդիտի ստորաբաժանման կամ աշխատակցի վրա:

12. Ներքին դիտարկումների մարմնի գործառույթը հաշվետվություն տրամադրող անձի՝ այլ գործառույթներ իրականացնող ստորաբաժանման կամ աշխատակցի վրա դնելու դեպքում այն պետք է հստակ նկարագրված լինի այդ ստորաբաժանման կամ աշխատակցի աշխատանքային պարտականություններում:

13. Ներքին դիտարկումների մարմինը փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման հետ կապված գործառույթների իրականացման հարցում օժանդակում և խորհրդատվություն է տրամադրում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իրավասու այլ աշխատակիցներին:

14. Ներքին դիտարկումների մարմինը գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու, կասեցնելու, իրականացումը մերժելու կամ դադարեցնելու, ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու վերաբերյալ իր կայացրած որոշման մասին կարող է տեղեկացնել գործադիր մարմնին և խորհրդին, համապատասխանաբար, ներքին իրավական ակտերով նախատեսված լինելու դեպքում, միայն կասկածելի որակված գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվությունը լիազոր մարմնին տրամադրելուց, գործարքը կամ գործարար հարաբերությունը կասեցնելու, իրականացումը մերժելու կամ դադարեցնելու, ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու վերաբերյալ որոշում կայացնելուց հետո:  

(14-րդ կետը փոփ. 03.08.18 թիվ 133-Ն)

15. Ներքին դիտարկումների մարմինը նվազագույնը՝

1) ապահովում է հաշվետվություն տրամադրող անձի անունից լիազոր մարմնին տեղեկությունների տրամադրումը, ինչպես նաև հաշվետվություն տրամադրող անձի կապը լիազոր մարմնի հետ,

2) կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության բացահայտման նպատակով իրականացնում է վերլուծություններ,

3) պահպանում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության բացահայտման նպատակով իրականացված վերլուծությունների արդյունքները,

4) ապահովում է հաճախորդի և գործարքի կամ գործարար հարաբերության ռիսկի գնահատումը,

5) գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու, կասեցնելու, իրականացումը մերժելու կամ դադարեցնելու, ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց գույքը սառեցնելու հարցը, ըստ անհրաժեշտության, քննարկում է սույն կանոնակարգի 45-րդ կետով սահմանված՝ ներքին ազդակ տրամադրած համապատասխան աշխատակցի հետ,

6) իրականացնում է Օրենքով, սույն կանոնակարգով և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:

(15-րդ կետը փոփ. 03.08.18 թիվ 133-Ն)

16. Ներքին դիտարկումների մարմինը կարող է՝

1) մշակել ներքին իրավական ակտեր, դրանք ներկայացնել խորհրդի հաստատմանը,

2) իրականացնել ներքին իրավական ակտերի արդյունավետության մոնիտորինգ, ներկայացնել առաջարկներ դրանց բարելավման վերաբերյալ,

3) իրականացնել գործադիր մարմնի կամ խորհրդի հանձնարարած այլ գործառույթներ այնքանով, որքանով դա չի սահմանափակում ներքին դիտարկումների մարմնի անկախությանը:

17. Օրենքի 24-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված՝ հաշվետվություն տրամադրող անձի իրավասու մարմնին ներկայացվող ուսումնասիրության արդյունքների վերաբերյալ հաշվետվությունը պետք է նվազագույնը ներառի՝

1) պարտադիր տեղեկացման ենթակա գործարքների թիվը, կասկածելի գործարքների և գործարար հարաբերությունների թիվը և համառոտ նկարագրությունը,

2) այն գործարքների և գործարար հարաբերությունների թիվը և ամփոփ նկարագրությունը, որոնց վերաբերյալ իրականացվել են վերլուծություններ, սակայն չեն որակվել կասկածելի,

3) հաշվետվություն տրամադրող անձի կասեցրած, իրականացումը մերժած կամ դադարեցրած գործարքների և գործարար հարաբերությունների թիվը և համառոտ նկարագրությունը, յուրաքանչյուր կասեցված գործարքի կամ գործարար հարաբերության արժեքը,

4) սառեցված գույքի չափը,

5) հաշվետվություն տրամադրող անձի աշխատակիցների գործողությունների արդյունքում Օրենքի, սույն կանոնակարգի և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջների խախտման դեպքերը,

6) ներքին իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

 

ԳԼՈՒԽ 4. ՆԵՐՔԻՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՈՒ ՓՈՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԸ

 

18. Հաշվետվություն տրամադրող անձը լիազոր մարմնում հաշվառվելուց հետո մեկամսյա ժամկետում հաստատում և Օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոն է ներկայացնում Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ներքին իրավական ակտեր՝ բացառությամբ հաշվետվություն տրամադրող այն անձի, որի համար օրենսդրությամբ նախատեսված չէ ներքին իրավական ակտեր ունենալու պարտականություն:

19. Հաշվետվություն տրամադրող այն անձը, որի համար օրենսդրությամբ սահմանված է ներքին իրավական ակտերի ներկայացման ավելի վաղ ժամկետ, հաստատված ներքին իրավական ակտերը ներկայացնում է համապատասխան ավելի վաղ ժամկետում:

20. Ներքին իրավական ակտերում հաշվետվություն տրամադրող անձի նախաձեռնությամբ կամ Լիազոր մարմնի պահանջով փոփոխություններ կամ լրացումներ կատարելու դեպքում փոփոխված կամ լրացված ներքին իրավական ակտերը հաստատվում և Լիազոր մարմնին ներկայացվում են Օրենքով և սույն կանոնակարգով նախատեսված ընթացակարգով ու ժամկետներում:

 

ԳԼՈՒԽ 5. ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՌԻՍԿԻ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ

 

21. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետով սահմանված՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը գնահատվում է որպես միջին (ստանդարտ), բարձր կամ ցածր: Ռիսկը գնահատվում է ըստ ռիսկը բնութագրող չափանիշի, իսկ մեկից ավելի չափանիշների առկայության դեպքում՝ դրանց համակցությամբ: Ռիսկի չափանիշները սահմանվում են Օրենքով, սույն կանոնակարգով և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով: Ներքին իրավական ակտերով կարող են սահմանվել միայն բարձր ռիսկի լրացուցիչ չափանիշներ:

22. Ռիսկը գնահատվում է միջին (ստանդարտ) այն դեպքում, երբ բացակայում են բարձր կամ ցածր ռիսկի չափանիշները՝ բացառությամբ սույն կանոնակարգի 24-րդ կետի 2-րդ ենթակետով նախատեսված դեպքի:

22.1 Սույն կանոնակարգի 27-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված բարձր ռիսկի չափանիշի առկայության դեպքում հաշվետվություն տրամադրող անձը ռիսկը կարող է գնահատել միջին՝ հաշվի առնելով Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կարգով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերի բացահայտման և գնահատման արդյունքները, եթե համապարփակ և փաստաթղթավորված վերլուծության արդյունքում հանգում է հիմնավոր եզրակացության, որ այդ ռիսկերը արդյունավետորեն կառավարվում են և զսպված են: Սույն կետով նախատեսված վերլուծության արդյունքները հաշվետվություն տրամադրող անձը սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված կարգով ներկայացնում է լիազոր մարմնին:

(22.1-ին կետը լրաց. 03.02.17 թիվ 26-Ն)

23. Ռիսկը գնահատվում է բարձր այն դեպքում, երբ առկա է բարձր ռիսկի թեկուզ մեկ չափանիշ՝ բացառությամբ սույն կանոնակարգի 22.1 կետով և 24-րդ կետի 3-րդ ենթակետով նախատեսված դեպքերի:

(23-րդ կետը փոփ. 03.02.17 թիվ 26-Ն)

24. Ռիսկը գնահատվում է ցածր այն դեպքում, երբ.

1) առկա են միայն ցածր ռիսկի չափանիշներ,

2) առկա է միջին (ստանդարտ) ռիսկի որևէ չափանիշ, սակայն կատարվում է սույն կանոնակարգի 28-րդ կետով նախատեսված ցածր ռիսկի գործարք,

3) առկա է բարձր ռիսկի որևէ չափանիշ, սակայն կատարվում է սույն կանոնակարգի 28-րդ կետի 1-3-րդ ենթակետերով նախատեսված ցածր ռիսկի գործարք կամ սույն կանոնակարգի 28-րդ կետի 4-րդ և 5-րդ ենթակետերով նախատեսված ցածր ռիսկի գործարք, որի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:

25. Տարբեր ռիսկերի համար բնութագրական մի քանի չափանիշների միաժամանակ առկայության դեպքում ռիսկը գնահատվում է առկա չափանիշներից առավել բարձր ռիսկայինին համապատասխան՝ բացառությամբ սույն կանոնակարգի 24-րդ կետի 2-րդ և 3-րդ ենթակետով սահմանված դեպքերի:

26. Հաճախորդի հետ գործարար հարաբերության ընթացքում ռիսկի որևէ նոր չափանիշ ի հայտ գալու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը պետք է վերանայի տվյալ ռիսկի գնահատումը՝ ձեռնարկելով նոր որոշված ռիսկին համապատասխան հաճախորդի պատշաճ ուսումնասիրության միջոցառումներ:

27. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի համաձայն՝ բարձր ռիսկի չափանիշներ են նաև՝

1) իրավաբանական անձինք կամ կազմավորումները, որոնց գործունեության ոլորտը ակտիվների անհատական տնօրինումն է,

2) անվանական բաժնետերեր կամ ըստ ներկայացնողի բաժնետոմսեր ունեցող ընկերությունները,

3) կանխիկի լայնամասշտաբ կիրառությամբ բնութագրվող բիզնեսները և գործարար հարաբերությունները,

4) սեփականատերերի արտասովոր կամ անհարկի բարդ կազմ ունեցող ընկերությունները,

5) անհատականացված բանկային ծառայությունների մատուցումը,

6) առանց առերես շփման գործարքը կամ գործարար հարաբերությունը:

28. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 23-րդ կետի համաձայն՝ ցածր ռիսկի չափանիշներ են նաև՝

1) կյանքի ապահովագրության պայմանագրերը, որոնց դեպքում տարեկան ապահովագրավճարը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկը կամ միանվագ ապահովագրավճարը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հազարապատիկը,

2) կենսաթոշակային համակարգերի շրջանակում կնքված ապահովագրական պայմանագրերը, եթե դրանք չեն պարունակում հրաժարման մասին դրույթ, և պայմանագիրը չի կարող օգտագործվել որպես գրավի առարկա,

3) Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքի բյուջե կատարվող վճարումները,

4) հանրային ծառայությունների դիմաց կատարվող վճարումները,

5) աշխատավարձի, կենսաթոշակի կամ հայտնի աղբյուրներից ստացվող սոցիալական նպաստների հետ կապված վճարումները:

 

ԳԼՈՒԽ 6. ՀԱՃԱԽՈՐԴԻ ՊԱՏՇԱՃ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

29. Հաշվետվությունը տրամադրող անձը պետք է Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերում իրականացնի հաճախորդի պատշաճ ուսումնասիրություն՝ ձեռնարկելով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկին համապատասխան միջոցառումները:

30. Հաճախորդի պատշաճ ուսումնասիրության գործընթացը ներառում է հաճախորդին (այդ թվում՝ լիազորված անձին և իրական շահառուին) նույնականացնելը և նրա ինքնությունը ստուգելը, գործարքի կամ գործարար հարաբերության նպատակը և նախատեսվող բնույթը պարզելը, ինչպես նաև գործարար հարաբերության ամբողջ ընթացքում (ներառյալ՝ հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելու պահը) ընթացիկ պատշաճ ուսումնասիրություն իրականացնելը:

(30-րդ կետը լրաց. 03.08.18 թիվ 133-Ն)

31. Միջին (ստանդարտ) ռիսկի դեպքում իրականացվում է հաճախորդի պատշաճ ուսումնասիրության՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով սահմանված գործընթացը, որի շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձը, ի կատարումն այդ կետով և Օրենքի համապատասխան այլ դրույթներով միջին (ստանդարտ) ռիսկի դեպքում սահմանված պահանջների, իրականացնում է գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության կանոնավոր միջոցառումներ:

32. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության շրջանակներում հաճախորդի հետ գործարքների դիտանցման նպատակով հաշվետվություն տրամադրող անձը միջին (ստանդարտ) ռիսկի դեպքում ձեռնարկում է հետևյալ միջոցառումները.

1) ստուգում է գործարքի կամ գործարար հարաբերության առնչությամբ հաճախորդից պահանջվող տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) իսկությունը և հավաստիությունը՝ անհրաժեշտության դեպքում օգտվելով տեղեկատվության սահմանափակ մատչելիությամբ և հանրամատչելի աղբյուրներից, կատարելով հարցումներ իրավասու մարմիններին և այլ հաշվետու անձանց, ինչպես նաև օտարերկրյա գործընկերներին,

2) համադրում է հաճախորդի՝ միավոր ժամանակահատվածում տարբեր գործարքներով շրջանառող միջոցների աղբյուրները, շարժը և ծավալները,

3) պարզում է հաճախորդների, գործարքների և գործարար հարաբերությունների միջև կապերի առկայությունը,

4) ստուգում է գործարքի կամ գործարար հարաբերության համադրելիությունը հաճախորդի գործարար բնութագրին,

5) ներքին իրավական ակտով սահմանված դեպքում՝ պարզում է հաճախորդի եկամուտների և ունեցվածքի աղբյուրը,

6) ձեռնարկում է ներքին իրավական ակտերով սահմանված այլ միջոցառումներ:

33. Բարձր ռիսկի դեպքում իրականացվում է հաճախորդի հավելյալ պատշաճ ուսումնասիրության՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով սահմանված գործընթացը, որի շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձը, ի կատարումն այդ կետով և Օրենքի համապատասխան այլ դրույթներով բարձր ռիսկի դեպքում սահմանված պահանջների, իրականացնում է գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության խորացված միջոցառումներ:

34. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության շրջանակներում հաճախորդի հետ գործարքների դիտանցման նպատակով հաշվետվություն տրամադրող անձը բարձր ռիսկի դեպքում ձեռնարկում է հետևյալ խորացված միջոցառումները.

1) գործարքի կամ գործարար հարաբերության առնչությամբ հաճախորդից պահանջվող տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) իսկությունը և հավաստիությունը ստուգելիս պահանջում է անհրաժեշտ տեղեկություններ (ներառյալ՝ լրացուցիչ փաստաթղթեր), օգտվում է տեղեկատվության սահմանափակ մատչելիությամբ և հանրամատչելի աղբյուրներից, կատարում է հարցումներ հնարավոր մեծ թվով իրավասու մարմինների և այլ հաշվետու անձանց, ինչպես նաև օտարերկրյա գործընկերներին,

2) հաճախորդի՝ տարբեր գործարքներով շրջանառող միջոցների աղբյուրները, շարժը և ծավալները համադրելիս ընտրում է հնարավորին ավելի երկար կամ մի քանի համադրելի միավոր ժամանակահատված,

3) հաճախորդների, գործարքների և գործարար հարաբերությունների միջև կապերի առկայությունը պարզելիս կատարում է դրանց բազմաստիճան վերլուծություն, այդ թվում՝ հնարավոր անուղղակի կապերը բացահայտելու նպատակով,

4) հաճախորդի գործարար բնութագրին որևէ գործարքի կամ գործարար հարաբերության համադրելիությունը ստուգելիս պահանջում է դրանց շրջանակներում կատարված գործողությունները լիարժեքորեն հիմնավորող տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր),

5) հաճախորդի եկամուտների և ունեցվածքի աղբյուրը պարզելիս պահանջում է դրանց օրինականությունը հիմնավորող տեղեկություններ (ներառյալ՝ փաստաթղթեր),

6) ձեռնարկում է ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործողություններ:

35. Ցածր ռիսկի դեպքում կարող է իրականացվել հաճախորդի պարզեցված պատշաճ ուսումնասիրության՝ Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով սահմանված գործընթացը, որի շրջանակներում հաշվետվություն տրամադրող անձը, ի կատարումն այդ կետով և Օրենքի համապատասխան այլ դրույթներով ցածր ռիսկի դեպքում սահմանված պահանջների, կարող է իրականացնել գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության նվազեցված միջոցառումներ:

36. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության շրջանակներում հաճախորդի հետ գործարքների դիտանցման նպատակով հաշվետվություն տրամադրող անձը ցածր ռիսկի դեպքում կարող է ձեռնարկել հետևյալ նվազեցված միջոցառումները.

1) ստուգել գործարքի կամ գործարար հարաբերության առնչությամբ հաճախորդից պահանջվող տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) իսկությունը և հավաստիությունը՝ հիմք ընդունելով հաճախորդի տրամադրած տեղեկատվությունը,

2) համադրել հաճախորդի՝ միավոր ժամանակահատվածում տարբեր գործարքներով շրջանառող միջոցների աղբյուրները, շարժը և ծավալները միայն այն դեպքում, երբ դրանք գերազանցում են հաճախորդի գործարար բնութագրի տեսանկյունից ողջամիտ գումարային սահմանաչափը,

3) պարզել հաճախորդների, գործարքների և գործարար հարաբերությունների միջև կապերի առկայությունը միայն այն դեպքում, երբ ի հայտ են եկել միջին (ստանդարտ) կամ բարձր ռիսկայնության հաճախորդների, գործարքների կամ գործարար հարաբերությունների հետ կապեր:

37. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված՝ գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրության շրջանակներում դիտանցումը կատարվում է գործարար հարաբերության ամբողջ ընթացքում (ներառյալ՝ հաճախորդի հետ գործարար հարաբերություն հաստատելու պահը), ընդ որում՝ սույն կանոնակարգի 32-րդ և 34-րդ կետերի 2-րդ և 3-րդ ենթակետերով նախատեսված միջոցառումները, բացառությամբ սույն կանոնակարգի 41.1-րդ կետով սահմանված դեպքերի, պետք է ձեռնարկվեն ոչ ուշ, քան.

1) տարին մեկ անգամ՝ միջին (ստանդարտ) ռիսկի դեպքում,

2) վեց ամիսը մեկ անգամ՝ բարձր ռիսկի դեպքում, բացառությամբ սույն կանոնակարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի:

(37-րդ կետը փոփ. 03.02.17 թիվ 26-Ն)

38. Օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության շրջանակում հավաքված տեղեկությունների (բացառությամբ հաճախորդի նույնականացման և ինքնության ստուգման արդյունքում ձեռք բերված տեղեկությունների) թարմացումը, բացառությամբ սույն կանոնակարգի 41.1-րդ կետով սահմանված դեպքերի, կատարվում է ոչ ուշ, քան.

1) տարին մեկ անգամ՝ միջին (ստանդարտ) ռիսկի դեպքում,

2) վեց ամիսը մեկ անգամ՝ բարձր ռիսկի դեպքում, բացառությամբ սույն կանոնակարգի 41-րդ կետով նախատեսված դեպքի,

3) երկու տարին մեկ անգամ՝ ցածր ռիսկի դեպքում:

(38-րդ կետը փոփ. 03.02.17 թիվ 26-Ն)

39. Ներպետական օրենսդրության նոր պահանջներն ուժի մեջ մտնելու պահի դրությամբ առկա հաճախորդների նկատմամբ պատշաճ ուսումնասիրության պահանջները կիրառվում են՝ ձեռնարկելով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման համապատասխան ռիսկի համար նախատեսված միջոցառումները, հետևյալ դեպքերում և ժամկետներում.

1) հաճախորդին (այդ թվում՝ լիազորված անձին և իրական շահառուին) նույնականացնելու և նրա ինքնությունը ստուգելու, ինչպես նաև գործարքի կամ գործարար հարաբերության նպատակը և նախատեսվող բնույթը պարզելու մասով՝ նոր պահանջներն ուժի մեջ մտնելուց հետո նախքան հաճախորդի հետ առաջին գործարքը կատարելը կամ սույն կանոնակարգի 38-րդ կետով նախատեսված՝ հաճախորդի պատշաճ ուսումնասիրության շրջանակում հավաքված տեղեկատվությունը հերթական անգամ թարմացնելիս, եթե մինչև հերթական թարմացումը հաճախորդի հետ գործարք չի կատարվել,

2) գործարար հարաբերության ընթացիկ պատշաճ ուսումնասիրությունը իրականացնելու մասով՝ նոր պահանջներն ուժի մեջ մտնելու պահից սկսած:

(39-րդ կետը լրաց. 03.08.18 թիվ 133-Ն)

40. Առանց առերես շփման գործարար հարաբերություններ հաստատելիս հաշվետվություն տրամադրող անձը հաճախորդի պատշաճ ուսումնասիրության շրջանակներում պետք է նաև պահանջի, որ առաջին վճարումը կատարվի Օրենքի 16-րդ հոդվածի 8-րդ մասի 3-րդ կետի «ա»-«գ» ենթակետերով սահմանված պահանջներին բավարարող ֆինանսական հաստատությունում հաճախորդի անվամբ բացված հաշվով:

41. Քաղաքական ազդեցություն ունեցող անձանց դեպքում Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետի «դ» ենթակետով սահմանված ընթացիկ հավելյալ դիտարկումն ընդգրկում է սույն կանոնակարգի 34-րդ կետով նախատեսված միջոցառումները, բացառությամբ սույն կանոնակարգի 41.1-րդ կետով սահմանված դեպքերի, իրականցվում են ոչ ուշ, քան երեք ամիսը մեկ անգամ:

(41-րդ կետը փոփ. 03.02.17 թիվ 26-Ն)

41.1. Հաշվետվություն տրամադրող անձը կարող է իր ներքին իրավական ակտերով սահմանել այլ ժամկետներ, քան սահմանված են սույն կանոնակարգի 37-րդ, 38-րդ և 41-րդ կետերով՝ հաշվի առնելով Օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կարգով փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման հնարավոր և առկա ռիսկերի բացահայտման և գնահատման արդյունքները, եթե համապարփակ և փաստաթղթավորված վերլուծության արդյունքում հանգում է հիմնավոր եզրակացության, որ այդ ռիսկերը արդյունավետորեն կառավարվում են և զսպված են: Սույն կետով նախատեսված վերլուծության արդյունքները հաշվետվություն տրամադրող անձը սույն կանոնակարգի 4-րդ գլխով սահմանված կարգով ներկայացնում է լիազոր մարմնին:

(41.1-ին կետը լրաց. 03.02.17 թիվ 26-Ն)

42. Օրենքի 16-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված՝ հաճախորդի գործարար բնութագիրը պարզելիս հաշվետվություն տրամադրող անձը պետք է հավաստիանա, որ բավարար տեղեկություններ է ձեռք բերել հաճախորդի՝ քաղաքական ազդեցություն ունեցող անձ լինելու հանգամանքը պարզելու համար:

43. Օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ իրական շահառուի առկայությունը պարզելիս լրացվում է «Իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ» հայտարարություն»՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 2-ի: Սույն կետով նախատեսված հայտարարությունը գործարար հարաբերության ընթացքում լրացվում է նաև, երբ ի հայտ է գալիս իրական շահառու, կամ երբ իրական շահառուն փոխվում է:

 

ԳԼՈՒԽ 7. ԳՈՐԾԱՐՔԸ ԿԱՄ ԳՈՐԾԱՐԱՐ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԿԱԾԵԼԻ ՈՐԱԿԵԼՈՒ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԴԻՏԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔԻՆ (ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆԸ) ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

44. Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու գործընթացը իրականացվում է ներքին դիտարկումների մարմնի կողմից՝ Օրենքով, սույն կանոնակարգով և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերով, ինչպես նաև ներքին իրավական ակտերով սահմանված կարգով:

45. Գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի որակելու գործընթացը սկսվում է ինչպես ներքին և արտաքին ազդակների ստացման դեպքում, այնպես էլ ներքին դիտարկումների մարմնի նախաձեռնությամբ, բոլոր այն դեպքերում, երբ.

1) առկա է հնարավոր համընկնում հաճախորդի կամ գործարքի մյուս կողմի տվյալների և ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց կամ լիազոր մարմնի հանձնարարականներում նշված այլ անձանց նույնականացման տվյալների միջև.

2) դիտարկվող իրավիճակը ամբողջությամբ կամ մասամբ համապատասխանում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության չափանիշներին կամ տիպաբանություններին.

3) կնքված կամ առաջարկվող գործարքի կամ գործարար հարաբերության կատարման տրամաբանությունը, շարժը (դինամիկան) կամ այլ հանգամանքներ հիմք են տալիս ենթադրելու, որ այն կարող է իրականացվել փողերի լվացման կամ ահաբեկչության ֆինանսավորման նպատակով.

4) առկա են ներքին իրավական ակտերով սահմանված՝ գործարքի կամ գործարար հարաբերության կասկածելիության մասին վկայող այլ հանգամանքներ:

(45-րդ կետը փոփ. 03.08.18 թիվ 133-Ն)

46. Ներքին ազդակներ են համարվում հաճախորդներին սպասարկող ստորաբաժանումների աշխատակիցների, բանկի կառավարման մարմինների, ներքին աուդիտի ստորաբաժանման, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իրավասու այլ աշխատակիցների կողմից ներքին դիտարկումների մարմնին ներքին իրավական ակտերով սահմանված կարգով և ժամկետներում փոխանցված ազդակները:

47. Արտաքին ազդակներ են համարվում լիազոր մարմնից, իրավասու մարմիններից, այլ հաշվետու անձանցից, օտարերկրյա գործընկերներից, ինչպես նաև տեղեկատվության սահմանափակ մատչելիությամբ և հանրամատչելի աղբյուրներից ստացված ազդակները:

48. Ներքին դիտարկումների մարմինը սույն կարգի 45-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված այն դեպքերում, երբ առկա է հնարավոր համընկնում.

1) ահաբեկչության կամ զանգվածային ոչնչացման զենքի տարածման հետ կապված անձանց նույնականացման տվյալների հետ, անմիջապես իրականացնում է համապատասխան համադրումներ և դրական համընկնման, ինչպես նաև այն դեպքում, երբ չի հաջողվում հավաստիանալ դրական համընկնման բացակայության հարցում, Օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնին ներկայացնում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն և ձեռնարկում Օրենքի 28-րդ հոդվածով նախատեսված միջոցառումները.

2) լիազոր մարմնի հանձնարարականներում նշված այլ անձանց նույնականացման տվյալների հետ, հանձնարարականներում նշված ժամկետներում իրականացնում է համապատասխան համադրումներ և դրական համընկնման, ինչպես նաև այն դեպքում, երբ չի հաջողվում հավաստիանալ դրական համընկնման բացակայության հարցում, կատարում է հանձնարարականներով սահմանված գործողությունները:

(48-րդ կետը փոփ. 03.08.18 թիվ 133-Ն)

49. Ներքին դիտարկումների մարմինը սույն կարգի 45-րդ կետի 2-4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում ողջամիտ ժամկետում կատարում է համակողմանի վերլուծություն՝ օգտվելով հաճախորդի պատշաճ ուսումնասիրության շրջանակներում հավաքված և լրացուցիչ ձեռք բերվող տեղեկատվությունից, անհրաժեշտության դեպքում ճշտումներ է կատարում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնի հետ և եթե գործարքը կամ գործարար հարաբերությունը որակում է որպես կասկածելի, Օրենքով սահմանված կարգով լիազոր մարմնին ներկայացնում է կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն, ինչպես նաև ձեռնարկում է Օրենքով նախատեսված այլ միջոցառումներ:

50. Եթե ներքին և արտաքին ազդակների հիման վրա, ինչպես նաև սեփական նախաձեռնությամբ կատարած վերլուծության արդյունքում ներքին դիտարկումների մարմինը գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չի որակում, և կասկածելի գործարքի կամ գործարար հարաբերության վերաբերյալ հաշվետվություն չի տրամադրում լիազոր մարմնին, ապա գործարքը կամ գործարար հարաբերությունը կասկածելի չորակելու հիմնավորումները, կատարված եզրահանգումները, վերլուծության ընթացքը և արդյունքները փաստաթղթավորվում ու պահպանվում են Օրենքով սահմանված կարգով և ժամկետում:

 

ԳԼՈՒԽ 8. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՆԵՐԱՌՅԱԼ՝ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ) ՀԱՎԱՔՄԱՆԸ, ՀԱՇՎԱՌՄԱՆՆ ՈՒ ՊԱՀՊԱՆՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

51. Օրենքով սահմանված տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) կարող են հավաքվել և պահպանվել թղթային կամ էլեկտրոնային եղանակով:

52. Օրենքով սահմանված պահպանման ենթակա տեղեկությունները (ներառյալ՝ փաստաթղթերը) պետք է հաշվառվեն: Հաշվառումը պետք է կատարվի այնպես, որ անհրաժեշտության դեպքում հնարավորություն լինի վերականգնել այն աշխատակցի տվյալները, ով իրականացրել է հաճախորդի պատշաճ ուսումնասիրությունը կամ պահպանման ենթակա տեղեկությունների (ներառյալ՝ փաստաթղթերի) ձեռքբերմանն ուղղված այլ գործողությունները:

53. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է ապահովի պահպանվող տեղեկությունների (ներառյալ փաստաթղթերի) անվտանգությունը և գաղտնիությունը:

 

ԳԼՈՒԽ 9. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԱՐՏԱՔԻՆ ԱՈՒԴԻՏԻ ՀՐԱՎԻՐՄԱՆ ԿԱՐԳԸ

 

54. Հաշվետվություն տրամադրող անձն իրականացնում է ներքին աուդիտ՝ հավաստիանալու համար, որ իր գործունեությունը համապատասխանում է Օրենքի, սույն կանոնակարգի և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջներին:

55. Եթե հաշվետվություն տրամադրող անձի համար օրենսդրությամբ սահմանված է ներքին աուդիտի գործառույթ ունենալու պարտականություն, հաշվետվություն տրամադրող անձը ներքին աուդիտի տարեկան ծրագրով պետք է նախատեսի Օրենքին, սույն կանոնակարգին և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին իր գործունեության համապատասխանությունն ուսումնասիրելու պահանջ: Այն դեպքում, երբ ներքին դիտարկումների մարմնի գործառույթը վերապահված է ներքին աուդիտի ստորաբաժանմանը կամ աշխատակցին, ներքին դիտարկումների մարմնի գործունեության մասով աուդիտը պետք է իրականացվի հաշվետվություն տրամադրող անձի այլ աշխատակցի կամ ստորաբաժանման կողմից:

(55-րդ կետը լրաց. 03.02.17 թիվ 26-Ն)

56. Եթե հաշվետվություն տրամադրող անձի համար օրենսդրությամբ սահմանված չէ ներքին աուդիտի գործառույթ ունենալու պարտականություն, հաշվետվություն տրամադրող անձը պետք է ներքին իրավական ակտերով սահմանի Օրենքին, սույն կանոնակարգին և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերին իր գործունեության համապատասխանությունն ուսումնասիրելու կարգ և հաճախականություն: Այն դեպքում, երբ սույն կետով նախատեսված ուսումնասիրության իրականացման պարտականությունը դրված է հաշվետվություն տրամադրող անձի ներքին դիտարկումների մարմնի վրա, ներքին դիտարկումների մարմնի գործունեության համապատասխանության մասով ուսումնասիրությունը պետք է իրականացվի հաշվետվություն տրամադրող անձի ներքին իրավական ակտերով սահմանված այլ աշխատակցի կամ ստորաբաժանման կողմից:

(56-րդ կետը լրաց. 03.02.17 թիվ 26-Ն)

57. Սույն կանոնակարգի 55-րդ և 56-րդ կետերի պահանջների իրականացման արդյունքում կատարված եզրահանգումները (այդ թվում՝ ներքին աուդիտի տարեկան ծրագրի կատարման հաշվետվության համապատասխան բաժինը) պատշաճ կերպով ներկայացվում են լիազոր մարմնին՝ հաշվետվություն տրամադրող անձի խորհրդի հաստատելուց հետո մեկշաբաթյա ժամկետում:

58. Եթե հաշվետվություն տրամադրող անձն ունի օրենսդրությամբ սահմանված դեպքերում և հաճախականությամբ արտաքին աուդիտ հրավիրելու պարտականություն, արտաքին աուդիտի իրականացման ժամանակ պետք է ուսումնասիրվի նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի օրենսդրության պահանջների ներդրումը և դրանց կատարման արդյունավետությունը:

59. Լիազոր մարմինը հաշվետվություն տրամադրող անձից կարող է պահանջել իրականացնել արտաքին աուդիտ, եթե հաշվետվություն տրամադրող անձը պարբերաբար խախտում է Օրենքի, սույն կանոնակարգի և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջները կամ ծավալում է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման բարձր ռիսկի չափանիշներով բնութագրվող գործունեություն:

60. Լիազոր մարմնի կողմից արտաքին աուդիտ իրականացնելու պահանջ ստանալու դեպքում հաշվետվություն տրամադրող անձը մեկամսյա ժամկետում հրավիրում է արտաքին աուդիտ, որի եզրակացությունը ստանալուց հետո մեկշաբաթյա ժամկետում տրամադրվում է լիազոր մարմնին:

61. Հաշվետվություն տրամադրող անձը, որն ունի դուստր կազմակերպություն, մասնաճյուղ կամ ներկայացուցչություն, պատասխանատու է դրանց գործունեությունը Օրենքի, սույն կանոնակարգի և Օրենքի հիման վրա ընդունված այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխան իրականացվելու համար: Այդ նպատակով հաշվետվություն տրամադրող անձը պետք է ստանա և ուսումնասիրի իր դուստր կազմակերպություններում, մասնաճյուղերում և ներկայացուցչություններում իրականացված աուդիտի վերաբերյալ եզրակացության պատճենը:

 

ԳԼՈՒԽ 10. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐՈՂ ԱՆՁԻ՝ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱՎԱՍՈՒ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

62. Հաշվետվություն տրամադրող անձը պետք է փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման թեմայով պարբերաբար ուսուցում կազմակերպի խորհրդի, գործադիր մարմնի, ներքին դիտարկումների մարմնի, հաճախորդների սպասարկման և ներքին աուդիտի գործառույթներ իրականացնող, ինչպես նաև փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում իրավասու այլ աշխատակիցների համար:

63. Սույն կանոնակարգի 62-րդ կետով նախատեսված նոր աշխատակիցների համար փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման թեմայով ուսուցումը պետք է կազմակերպվի աշխատանքի ընդունումից հետո երեք ամսվա ընթացքում:

64. Հաշվետվություն տրամադրող անձի իրականացրած ուսուցման նյութերը, դրանց մասնակցած աշխատակիցների տվյալները և մասնակցությունը հավաստող փաստաթղթերը պետք է հաշվառվեն և պահպանվեն առնվազն 5 տարի ժամկետով:

 

Հավելված 1
   «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների
վերաբերյալ կանոնակարգի»

Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր

 

Ներքին դիտարկումների մարմնի աշխատակցի վերաբերյալ

 

1. Անձնական տվյալներ

1.1. Անունը, ազգանունը, հայրանունը __________________________________________________

1.2 Սեռը _________________ 1.3. Ծննդյան տարեթիվը, ամիսը, ամսաթիվը _____________________
(օր/ամիս/տարի)

1.4. Ծննդավայրը __________________1.5. Քաղաքացիությունը _____________________________

1.6. Անձը հաստատող փաստաթղթի համարը և սերիան, ում կողմից և երբ է տրված ________________
1.7. Սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում) __________________________________
1.8. Բնակության վայրը ______________________________________________________________
1.9. Հեռախոսահամար _________________ 1.10. Էլեկտրոնային փոստի հասցե ________________

2. Պաշտոնը

2.1. Եթե զբաղեցնում եք այլ պաշտոն, ապա նշեք այդ պաշտոնի անվանումը

3. «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ» կանոնակարգի 8-րդ և 9-րդ կետերով նշված հիմքերի մասին.
Մեկնաբանությունների համար կարող եք օգտագործել լրացուցիչ թերթեր

3.1. Արդյո՞ք Դուք կատարել եք դիտավորյալ հանցագործություն, որի համար դատվածությունը սահմանված կարգով մարված կամ հանված չէ

Այո

Ոչ

 

3.2. Արդյո՞ք դատարանը Ձեզ զրկել է ֆինանսական, բանկային, հարկային, մաքսային, առևտրային, տնտեսական, իրավական ոլորտներում պաշտոններ վարելու իրավունքից

Այո

Ոչ

 

3.3. Արդյո՞ք Դուք ճանաչվել եք սնանկ և ունեք չմարված (չներված) պարտավորություններ

Այո

Ոչ

 

3.4. Արդյո՞ք ՀՀ կամ այլ պետությունների իրավապահ մարմինները Ձեզ քրեական գործով ներգրավել են որպես կասկածյալ, մեղադրյալ կամ ամբաստանյալ

Այո

Ոչ

 
 

3.5. Կրթություն
Այս կետը լրացնելու փոխարեն աշխատակիցը կարող է ներկայացնել իր ինքնակենսագրությունը (տպագիր և հայերեն), որտեղ նվազագույնը պետք է ներկայացվի սույն կետով սահմանված տեղեկատվությունը

 

3.5.1 Ուսումնական հաստատության
անվանումը

Գտնվելու վայրը

Հաճախումների
Ժամանակաշրջանը
(----թ.-ից մինչև ----թ.)

Գիտական
աստիճան

 

     
       
       

 

     

3.6.Աշխատանքային գործունեությունը` վերջին 10 տարվա ընթացքում

Կազմակերպության անվանումը,
գտնվելու վայրը, հեռախոսը

Աշխատանքի ընդունման և
ազատման ժամկետները

Պաշտոնը

     
     
     
     
     

 

 

 

3.7. Այլ` Ձեր կարծիքով կարևոր տեղեկատվություն

4. Հավաստիացնում եմ, որ սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունն ամբողջական և արժանահավատ է: Գիտակցում եմ, որ որևէ կեղծ փաստի կամ տեղեկատվության ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված քրեական, վարչական և կարգապահական պատասխանատվության:
Ես պարտավորվում եմ իմ ներկայացրած վերոնշյալ տեղեկատվության փոփոխության դեպքում պատշաճ կերպով և ժամանակին տեղեկացնել հաշվետվություն տրամադրող անձին:

Ստորագրություն_________________

Ամսաթիվ __________________________

օր/ամիս/տարի

 

Հավելված 2
«Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման ոլորտում հաշվետվություն տրամադրող անձանց համար սահմանվող նվազագույն պահանջների վերաբերյալ կանոնակարգի»

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Իրական շահառուի առկայության (բացակայության) վերաբերյալ

Ես` -------------------------------------------------------------------------ս, ----- ------ -----------թ. ------------------------------------------------------------------- հաստատելով գործարար հարաբերություն կամ գործարքում հանդես գալով որպես --------------------------------------------------, հայտարարում եմ, որ գործարար հարաբերության մեջ կամ գործարքում իրական շահառու է ------------------- --------------------------ը:

 

Պարտավորվում եմ նաև գործարար հարաբերության ընթացքում իրական շահառուի փոփոխության դեպքում տեղյակ պահել Ձեզ:

 

------ --------------- -------թ.

 օր         ամիս        տարի

 

------------------

ստորագրություն

(հավելվածը խմբ. 03.08.18 թիվ 133-Ն)

(կանոնակարգը լրաց., փոփ. 03.02.17 թիվ 26-Ն, փոփ., լրաց., խմբ. 03.08.18 թիվ 133-Ն)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
03.08.2018, թիվ 133-Ն 01.09.2018, թիվ 279-Ն
03.02.2017, թիվ 26-Ն 13.03.2017, թիվ 279-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան