Գլխավոր տեղեկություն
Համար
N 1025-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (10.10.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 09.10.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.09.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.10.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 սեպտեմբերի 2018 թվականի N 1025-Լ

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1-ին հոդվածի «բ» կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի տարեկան ծրագիրը` համաձայն N 1 հավելվածի.

2) հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումների ցանկը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սահմանված կարգով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թվականի պետական ծրագիրը և միջոցառումների ցանկը Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի նախագծի կազմում ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հոկտեմբերի 1

Երևան

   

  

  

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1025-Լ որոշման

      

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՆԵՐԱՌՄԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

 

I. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ

    

1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2019 թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածին համապատասխան:

2. Տարեկան ծրագիրը ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով տվյալ բյուջետային տարում իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը:

3. Ծրագիրը կազմելիս հաշվի են առնվել ՄԱԿ-ի 2006 թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017 թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CՕ/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները:

   

II. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԽՆԴԻՐՆԵՐՆ ՈՒ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ

    

Ծրագրի նպատակն է`

4. Ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությունը և խթանել նրանց մասնակցությունը տնտեսական, սոցիալական, մշակութային և քաղաքական կյանքին:

Ծրագրի խնդիրներն են`

5. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրական դաշտի բարելավումը,

6. հաշմանդամություն ունեցող անձանց համար կրթության բոլոր մակարդակներում և ամբողջ կյանքի ընթացքում ներառական կրթության և աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքների ապահովումը,

7. հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և խելամիտ հարմարեցումների կարիքների գնահատումն` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման /այսուհետ` ԱՀԿ ՖՄԴ/ սկզբունքների և մոտեցումների,

8. հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքային և գյուղական վայրերում ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների և համակարգերի, շենքերի ու ծառայությունների մատչելիության ապահովումը,

9. հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը,

10. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը,

11. հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընդհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը,

12. հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովումը,

13. հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ապրելու վայրը ընտրելու, աջակցության ծառայություններից հավասարապես օգտվելու և անձնական օգնական ունենալու հնարավորությունների ապահովումը:

     

III. ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԸ

  

14. Հետևողական քայլեր են իրականացվում ՀՀ օրենսդրությունը և պետական քաղաքականությունը Կոնվենցիայի սկզբունքներին և պահանջներին համապատասխանեցնելու ուղղությամբ:

15. Մշակվում է հաշմանդամություն ունեցող անձանց ֆունկցիոնալության գնահատման համակարգը. աշխատանքներ են տարվում անձի կարողունակության բազմամասնագիտական գնահատման նոր համակարգի ներդրման և անձի կողմից իր իրավունքների իրացման համար անհրաժեշտ հնարավորությունների և պայմանների սահմանման ուղղությամբ՝ ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների և մոտեցումների:

16. Առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասցեական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտակական կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը: Մշտապես բարելավվում են հաշմանդամություն ունեցող անձի վերականգնողական անհատական ծրագրի մշակման և իրականացման ընթացքի գնահատման և հետադարձ կապի ապահովման մեխանիզմները:

17. Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ:

18. Պարբերաբար նորացվում են տրամադրվող պարագաների տեխնիկական նկարագրերը, վերանայվում են նաև տրամադրման մեխանիզմները, 2018 թվականի ընթացքում փորձնական ծրագրով լսողական սարքերը և սայլակները շահառուներին տրամադրվել են հավաստագրի միջոցով:

19. Աշխատանքներ են իրականացվում հաշմանդամություն ունեցող անձանց պետական նպատակային ծրագրերի շրջանակներում տրամադրվող բոլոր աջակցող տեխնոլոգիաները տրամադրել հավաստագրերով:

20. Պարբերաբար թարմացվում և արդիականցվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման» և «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգերը` ապահովելով հաշմանդամություն ունեցող անձանց վիճակագրական տվյալների և պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման գործընթացի վերահսկելիությունը, ինչպես նաև բարձրացնելով տարբեր ձևաչափերով վերլուծություներ իրականացնելու հնարավորությունը:

21. 2018 թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 188051 հաշմանդամություն ունեցող անձ, որից 106701 անձ /56,7%/ աշխատանքային տարիքի են:

22. 2018 թ. հունվարի 1-ի դրությամբ Զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2983 հաշմանդամություն ունեցող անձ: Տարվա ընթացքում աշխատանքի է տեղավորվել 187 հաշմանդամություն ունեցող անձ, որից 48-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 56 հաշմանդամություն ունեցող անձ:

23. Շարունակվում են աշխատանքները ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ. ներառական կրթություն իրականացնելու իրավունք վերապահված 201 հանրակրթական դպրոցներում 2017-2018 ուսումնական տարում սովորել է 6225 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:

24. Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Գնահատման հիմքում դրված են ԱՀԿ ՖՄԴ սկզբունքները:

25. 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և հաշմանդամ երեխա կարգավիճակ ունեցող անձանց համար ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:

26. Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:

27. Կառավարության ուշադրության կենտրոնում են հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց հիմնահարցերը: Իրականացվում են աշխատանքներ հոգեկան առողջության ոլորտում համայնքահեն ծառայությունների նոր մոդելների ներդրման, առկա ռեսուրսների ու ներուժի հզորացման, հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի և սոցիալական ծառայությունների տրամադրմանն առնչվող իրավական հիմքերի մշակման ուղղությամբ:

28. Կարևորելով հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ծառայություններ տրամադրող ցերեկային կենտրոնների գործունեությունը` պետական աջակցություն է ցուցաբերվում «Փրկություն», «Առավոտ» «Հույսի կամուրջ», «Լիարժեք կյանք», «Իմ ուղին» «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամ բարեգործական և «Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպությաններին: Ցերեկային կենտրոններում համապատասխան ծառայությունների մատուցումը նպաստում է ոչ միայն հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառմանը, այլև նրանց ընտանիքների անդամների զբաղվածության հարցերի կարգավորմանը: Այս հանգամանքից ելնելով է, որ կառավարությունը տարեցտարի փորձում է ընդլայնել նման կենտրոնների գործունեությունը:

29. Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստերի ընթացքում Երևան քաղաքի և մարզային հանձնաժողովների ներկայացուցիչների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների վերաբերյալ բազմաթիվ հարցեր, ներկայացվել են համապատասխան առաջարկություններ դրանց կարգավորման ուղղությամբ:

30. Հասարակության իրազեկության բարձրացման նպատակով` հաշմանդամության հիմնախնդիրները պարբերաբար լուսաբանվել են հեռուստատեսությամբ` նախարարության մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից:

31. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:

  

IV. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2019 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

    

32. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղված 2019 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 12 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի:

33. Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող օրենսդրությունը Կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝

1) «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդնում,

2) Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թթ. համալիր ծրագրից բխող միջոցառումների իրականացում,

3) Հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և խելամիտ հարմարեցումների կարիքի գնահատման և ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդրում:

34. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և նրանց կյանքի որակի բարձրացման նպատակով, բոլոր ոլորտներում իրականացվելու են նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:

35. 2019 թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերցմանը:

36. Ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:

37. Կմշակվեն մեխանիզմներ ամրապնդելու հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի դերը` ապահովելու միջոլորտային համագործակցությունը հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության համար:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

  

       

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

սեպտեմբերի 27-ի N 1025-Լ որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան