Գլխավոր տեղեկություն
Համար
N 743-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (14.07.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 13.07.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
04.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
14.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

4 հուլիսի 2018 թվականի N 743-Լ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-327-8.06.2018-ՊԻՄԻ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությանը:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունը սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հուլիսի 10

Երևան

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ (Պ-327-8.06.2018-ՊԻՄԻ-011/0) ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆԸ

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով առաջարկվում է գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարվելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով կամ 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների գումարի չափը փաստացի հաշվարկել պատասխանողի կողմից հայցապահանջն ամբողջությամբ կատարվելու օրվա դրությամբ, և այդ պահից սկսած մինչև դատարանի վճիռ կայացնելը պատասխանողի նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք չհաշվարկել:

Հայաստանի Հանրապետության կառավարությունը գտնում է, որ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորման անհրաժեշտությունը բացակայում է՝ հաշվի առնելով ստորև ներկայացված հանգամանքները՝

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 424-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն պատշաճ կատարումը դադարեցնում է պարտավորությունը, միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 110-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն դատարանը դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա միայն գործի քննության ընթացքում պատասխանողի կողմից հայցապահանջները կամավոր կատարվելու հետևանքով գործի վարույթը կարճվելու դեպքում, ուստի, ենթադրվում է, որ դատարանը գործի վարույթը կարճելու հետևանքով դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա այն պատճառով, որ վերջինս պատշաճ կատարել է իր պարտավորությունը, ինչի արդյունքում այն (պարտավորությունը) դադարել է: Այս համատեքստում անդրադառնանք նախ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ, այնուհետև 411-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումներին: Այսպես, գտնում ենք, որ, քանի որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասում ներկայացված է տուժանքի (տուգանք, տույժ) հասկացությունը` որպես պարտավորության կատարման ապահովման եղանակ, ըստ որի տուժանք (տուգանք, տույժ) է համարվում օրենքով կամ պայմանագրով որոշված այն դրամական գումարը, որը պարտապանը պարտավոր է վճարել պարտատիրոջը` պարտավորությունը չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում` ներառյալ կատարման կետանցի դեպքում, որից բխում է, որ տուժանքը, ինչպես և պարտավորության կատարման ապահովման ցանկացած միջոց, իրենից ներկայացնում է արդեն իսկ գոյություն ունեցող պարտավորական հարաբերության լրացում, որի հետևանքով էլ այն (տուժանքը) առանց իրենով ապահովվող պարտավորության գոյություն ունենալ չի կարող, այսինքն` գլխավոր պարտավորության դադարումը դադարեցնում է նաև լրացուցիչ պարտավորությունը (բացառությամբ` երաշխիքի): Ուստի, եթե դատարանը գործի վարույթը կարճելու հետևանքով դատական ծախսերի հատուցման պարտականությունը դնում է պատասխանողի վրա այն պատճառով, որ վերջինս պատշաճ կատարել է իր պարտավորությունը (ինչի արդյունքում այն (պարտավորությունը) դադարել է), և այդ պահից դադարել է նաև լրացուցիչ պարտավորությունը` մասնավորապես հաշվարկված տուժանքի (տուգանք, տույժ) վճարումը, ապա այս պարագայում բացառվում է պատասխանողի վրա տուժանքի (տուգանք, տույժ) հաշվեգրումը պարտավորության դադարման պահից մինչև դատական ակտի կայացումը: Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն ուրիշի դրամական միջոցներն ապօրինի պահելու, դրանք վերադարձնելուց խուսափելու, վճարման այլ կետանցով դրանք օգտագործելու, կամ այլ անձի հաշվին անհիմն ստանալու կամ խնայելու դեպքերում այդ գումարին վճարվում են տոկոսներ, որոնք հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը՝ ըստ համապատասխան ժամանակահատվածների համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքների: Նշվածից հետևում է, որ այս դեպքում ևս, տոկոսները հաշվարկվում են կետանցի օրվանից մինչև պարտավորության դադարման օրը, և բացառվում է տոկոսների հաշվեգրումը պարտավորության դադարման պահից մինչև դատական ակտի կայացումը:

2. Օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշված Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհրդի 2013 թվականի հունվարի 29-ի «Հայաստանի Հանրապետության դատարանների կողմից պետական տուրքի գանձման դատական պրակտիկայի մասին» N 129 որոշման 21-րդ կետով նախատեսված կարգավորումը չի կարող պատասխանողի համար բացասական հետևանքներ ունենալ արդեն իսկ կատարված և նշված հիմնավորմամբ կատարման արդյունքում դադարած պարտավորության պարագայում:

Բացի դրանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի համաձայն, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում, Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քաղաքացիական դատարանում և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատում քաղաքացիական գործերով դատավարության իրականացման կարգը, իսկ օրենքի նախագծով առաջարկվող կարգավորումը վերաբերում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 369-րդ հոդվածով նախատեսված տուժանքների (տուգանք, տույժ) կամ 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսների հաշվարկման կարգին (այսինքն` ունի նյութաիրավական, և ոչ դատավարական բնույթ), ուստի, նշված լրացումը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի կարգավորման առարկան չէ:

Ամփոփելով շարադրվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունն առաջարկում է ներկայացված օրենքի նախագծով քննարկվող օրենսգրքի գործող հոդվածը թողնել անփոփոխ: