ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Քրեական գործ թիվ ՏԴ2/0005/01/16 |
ՏԴ2/0005/01/16 |
Նախագահող դատավոր՝ Ռ. Մխիթարյան |
Դատավորներ՝ |
Ս. Չիչոյան |
Մ. Արղամանյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Ավագյանի | |
մասնակցությամբ |
Վ. Պողոսյանի | |
պաշտպան |
Ս. Ջաղինյանի |
2017 թվականի նոյեմբերի 15-ին ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Հրաչյա Նարիմանի Ներսիսյանի և Էդգար Սերոժի Ամիրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ ամբաստանյալներ Հ.Ներսիսյանի և Է.Ամիրյանի պաշտպան Ս.Ջաղինյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1.2015 թվականի հունվարի 31-ին ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության հատկապես կարևոր գործերով(այսուհետ՝ ՀՀ ՔԿ Տավուշի մարզային ՔՎ ՀԿԳ)ավագ քննիչ Մ.Թամազյանի (այսուհետ՝ նաև քննիչ Մ.Թամազյան) կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցվել է թիվ 38100815 քրեական գործը:
Քննիչ Մ.Թամազյանի 2015 թվականի հունիսի 10-ի որոշմամբ թիվ 38100815 քրեական գործի նյութերով ՀՀ քրեական օրեսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նոր քրեական գործ է հարուցվել և առանձնացվել առանձին վարույթում՝ թիվ 38104915 համարով:Նույն օրը ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Սարգսյանը որոշում է կայացրել թիվ 38104915 քրեական գործը վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու մասին:
Թիվ 38104915 քրեական գործով նախաքննության մարմնի` 2015 թվականի հունիսի 13-ի որոշումներով Հրաչյա Նարիմանի Ներսիսյանը և Էդգար Սերոժի Ամիրյանը ներգրավվել են որպես մեղադրյալ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ և 344-րդ հոդվածի 1-ին մասերով:
Նախաքննության մարմնի` 2015 թվականի հունիսի 13-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասովորպես մեղադրյալ են ներգրավվել նաև Ռաֆայել Ներսիսյանը, Մարտին Ներսիսյանը, Նարեկ Ներսիսյանը, իսկ նույն թվականի հունիսի 16-ի որոշմամբ՝ Հայկ Ներսիսյանը:
Թիվ 38100815 քրեական գործով նախաքննության մարմնի` 2015 թվականի հունիսի 16-ի որոշմամբ Հրաչյա Ներսիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով:
2015 թվականի հունիսի 17-ի որոշմամբ թիվ 38100815 քրեական գործը ընդունվել է քննիչ Վ.Սարգսյանի վարույթ: Նույն օրվա մեկ այլ որոշմամբ թիվ 38104915 և թիվ 38100815 քրեական գործերը միացվել են,և նախաքննությունը շարունակվել էթիվ 38100815 համարով:
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ քննիչ Մ.Թամազյանը ճանաչվել է տուժող:
1.1. 2015 թվականի հուլիսի 4-ին քննիչ Վ.Սարգսյանը որոշում է կայացրել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով թիվ 38105615 քրեական գործը հարուցելու և այն վարույթ ընդունելու մասին:
Նույն մարմնի` 2015 թվականի օգոստոսի 26-ի որոշմամբ թիվ 38105615 քրեական գործով Էդգար Ամիրյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով:
2015 թվականի օգոստոսի 26-ին քննիչ Վ.Սարգսյանը որոշում է կայացրել թիվ 38105615 և թիվ 38100815 քրեական գործերը միացնելու և թիվ 38100815 համարով նախաքննությունը շարունակելու մասին:
Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Էդգար Ամիրյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին, 332-րդ հոդվածի 2-րդ և 344-րդ հոդվածի 1-ին մասերով:
Նախաքննության մարմնի`2015 թվականիօգոստոսի 28-ի որոշմամբ Հրաչյա Ներսիսյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 344-րդ հոդվածի 1-ին մասով:
2. 2015 թվականի սեպտեմբերի 11-ին ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանը որոշում է կայացրել թիվ 38100815 քրեական գործը վարույթ ընդունելու և նախաքննությունը շարունակելու մասին:
Նախաքննության մարմնի` 2015 թվականի դեկտեմբերի 15-ի որոշմամբ Հրաչյա Ներսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով առաջադրված մեղադրանքի մասը վերացվել է, իսկ ՀՀ քրեական օրեսգրքի 344-րդ հոդվածի1-ին մասը` փոփոխվել է 344-րդ հոդվածի 3-րդ մասով: Հ.Ներսիսյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 344-րդ հոդվածի 3-րդ մասով:
Նույն օրընախաքննության մարմնի մեկ այլ որոշմամբ Էդգար Ամիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքի մասը վերացվել է, Է.Ամիրյանը ներգրավվել է որպես մեղադրայալ, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրեսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և 344-րդ հոդվածի 1-ին մասով:
2016 թվականի հունվարի 8-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան):
3. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 22-ի դատավճռով ճանաչվել և հռչակվել է ամբաստանյալ Հ.Ներսիսյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ և 344-րդ հոդվածի 3-րդ մասերով առաջադրված մեղադրանքում, ամբաստանյալ Է.Ամիրյանի անմեղությունը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ և 344-րդ հոդվածի 1-ին մասերով առաջադրված մեղադրանքում՝ հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:
Նույն դատավճռով արդարացվել են նաև ամբաստանյալներ Մարտին Վրեժի Ներսիսյանը, Նարեկ Վրեժի Ներսիսյանը, Ռաֆայել Վրեժի Ներսիսյանը և Հայկ Հրաչյայի Ներսիսյանը:
Մեղադրող Վ.Պողոսյանի և տուժող Մ.Թամազյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի փետրվարի 14-ի որոշմամբվերաքննիչ բողոքները բավարարել է մասնակիորեն, Հրաչյա Նարիմանի Ներսիսյանի և Էդգար Սերոժի Ամիրյանի մասով բեկանել ու փոփոխել է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 22-ի դատավճիռը, Հ.Ներսիսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` 300.000 ՀՀ դրամի չափով, իսկ Է.Ամիրյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ նշանակել տուգանք` 200.000 ՀՀ դրամի չափով:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 14-ի որոշման դեմ Վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալ Հ.Ասլանյանը, տուժող Մ.Թամազյանը, ամբաստանյալներ Հ.Ներսիսյանի և Է.Ամիրյանի պաշտպան Ս.Ջաղինյանը:
Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հուլիսի 26-ի որոշումներով ՀՀ գլխավոր դատախազի տեղեկալՀ.Ասլանյանի և տուժող Մ.Թամազյանի բողոքները վարույթ ընդունելը մերժվել է, իսկ ամբաստանյալներ Հ.Ներսիսյանի և Է.Ամիրյանի պաշտպան Ս.Ջաղինյանի բողոքնընդունվել է վարույթ:
Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
5. Ամբաստանյալ Հ.Ներսիսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ և 344-րդ հոդվածի 3-րդ մասերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2015թ. հունիսի 9-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, (…) քննիչ Մ.Թամազյանի կողմից Իջևան քաղաքի Անկախության փողոցի 4-րդ շենքի 12-րդ բնակարանում և բնակարանին կից օժանդակ շինություններում ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի «Բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվության մասին» թիվ ՏԴ/0019/07/15 որոշման հիման վրա խուզարկություն կատարելու ընթացքում ներս է մտել իր վերոնշյալ բնակարան, գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտել է քննիչի գործունեությանը՝ այն է՝ քննիչի կողմից օրենքով սահմանված կարգով կողմնակի անձանց քննչական գործողության կատարման վայրից դուրս հրավիրելուց հետո պարբերաբար արգելել է նրանց ենթարկվել քննիչի պահանջին, հրաժարվելով ծանոթանալ դատարանի վերոնշյալ որոշմանը, մասնակցել կատարվող քննչական գործողությանը, քննիչին մեղադրել է տուն ապօրինի մուտք գործելու մեջ, հրապարակավ հայտարարել է, որ իր տանը 1.000.000 դոլար գումար է եղել, միաժամանակ սպառնալով, որ եթե գումարը չլինի, ապա բոլորի քթից կբերի, քննիչի կողմից կողմնակի անձանց դուրս հրավիրելու երկրորդ կոչին պատասխանել է, որ եթե նրանց ներկայությունը խանգարում է քննիչին, ապա հենց քննիչն էլ կարող է դուրս գալ, քննիչի նկատմամբ ցուցաբերել է անհարգալից վերաբերմունք և նրան վիրավորել է, պարբերաբար վիճաբանությունների մեջ մտնելով քննիչ Մ.Թամազյանի հետ, նրան անվանել է «այ տղա», քննիչին պարբերաբար դուրս է հրավիրել իր տանից, միաժամանակ ձեռքը գցել է սեղանին դրված պաշտոնական փաստաթղթին` խուզարկության վերաբերյալ արձանագրությանը, վերցնելով դրանք և տալով քննիչին՝ վերջինիս պարտադրել է դուրս գալ իր բնակարանից, այնուհետև հրապարակավ քննիչին մեղադրել է սեղանին եղած 1.000.000 դոլար գումարի գողության մեջ, նրան անվանելով «գող», հրելով քննիչի ձեռքը, հերթական անգամ խոչընդոտել է դատարանի որոշման հրապարակմանը՝ պահանջելով չկատարել այն, ընդունել է իրենց կողմից քննիչի գործողություններին խոչընդոտելու փաստը, միաժամանակ հրապարակավ ողջունել է խուզարկության կատարմանը խոչընդոտող Հայկ, Մարտին, Նարեկ, Ռաֆայել Ներսիսյանների և Էդգար Ամիրյանի գործողությունները, զրպարտել, վիրավորել, սպառնացել է քննիչ Մ. Թամազյանին և ճնշում է գործադրել վերջինիս նկատմամբ» (տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթ 24-25):
5.1. Ամբաստանյալ Է.Ամիրյանին ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ և 344-րդ հոդվածի 1-ին մասերով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «2015թ. հունիսի 9-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, (…) քննիչ Մ. Թամազյանի կողմից Իջևան քաղաքի Անկախության փողոցի 4-րդ շենքի 12-րդ բնակարանում և բնակարանին կից օժանդակ շինություններում ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանի»Բնակարանում խուզարկություն կատարելու թույլտվության մասին» թիվ ՏԴ/0019/07/15 որոշման հիման վրա խուզարկություն կատարելու ընթացքում առանց թույլտվության ներս է մտել վերոնշյալ բնակարան և Հրաչյա Ներսիսյանի կազմակերպմամբ ու հորդորներով գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտել է քննիչի գործունեությանը՝ այն է՝ չի ենթարկվել բնակարանից դուրս գալու քննիչի օրինական պահանջին, բնակարանում հավաքված անձանց՝ Ռաֆայել, Նարեկ, Մարտին, Հայկ և Հրաչյա Ներսիսյանների հետ միասին քննիչի հետ վիճաբանել է, գոռգոռացել վերջինիս վրա, հավաքված անձանց կոչ է արել նկարահանել քննիչի կողմից կազմվող արձանագրությունը, դրանով իսկ ճնշում գործադրել քննիչի նկատմամբ:
Բացի այդ, ՀԿԳ ավագ քննիչ Մ.Թամազյանին զրպարտել է՝ անհիմն մեղադրելով նախնական քննության վարելու և այլ դատական ակտի կատարման՝ այն է խուզարկության ընթացքում Հրաչյա Ներսիսյանի տանը գտնվող և իրեն պատկանող 1.000.000 դրամ գողանալու մեջ, պահանջելով հետ վերադարձնել գողացված գումարը»(տե՛ս քրեական գործ, հատոր 11-րդ, թերթ 38-39):
6. Թիվ 38100815 քրեական գործի նութերով նոր քրեական գործ հարուցելու և առանձին վարույթում առանձնացնելու մասին քննիչ Մ.Թամազյանի` 2015 թվականի հունիսի 10-ի որոշման համաձայն. «(...)թիվ 38100815 քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հրաչյա Ներսիսյանի կազմակերպմամբ վերջինս և քննությամբ չպարզված մի խումբ անձինք գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությանը խոչընդոտելու նպատակով միջամտել են [քննիչ Մ.Թամազյանի] գործունեությանը:
Նկատի ունենալով, որ նշված փաստում առկա են ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներ, այսինքն թիվ 38100815 քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված առերևույթ հանցագործության դեպքից բացի բացահայտվել է դրա հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարվել է Հրաչյա Ներսիսյանի կազմակերպմամբ նրա և մի խումբ անձանց կողմից, և որ նշված փաստի կապակցությամբ նոր քրեական գործ հարուցելն ու այն առանձին վարույթում առանձնացնելը չի կարող անդրադառնալ թիվ 38100815 քրեական գործի վարույթի լրիվության և օբյեկտիվության վրա(...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 6-րդ, թերթ 1-5):
7. Առաջին ատյանի դատարանի`2016 թվականի հունիսի 22-ի դատավճռի համաձայն` «[Բնակարանում խուզարկությունը կատարելուց] հետո քննիչ Թամազյանը չէր կարող պատշաճ քննիչ լինել Հրաչյա Ներսիսյանին վերաբերող որևէ գործով: Ուստի նա նշված պահից ոչ քրեական գործ հարուցելու, ոչ նախաքննությունը շարունակելու, ոչ էլ ամբաստանյալին մեղադրանք առաջադրելու իրավունք չպետք է ունենա: (...)»(տե՛ս քրեական գործ, հատոր 13-րդ, թերթ 200):
8. Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի մեջբերված դատողության հետ, նշել է. «(...)Վերաքննիչ դատարանը նախ արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանում քննված մեղադրանքների մասով քրեական գործը թեև հարուցվել է քննիչ Մ.Թամազյանի կողմից, սակայն նախաքննությունը նրա կողմից չի կատարվել: Իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով հարուցված քրեական գործով նախաքննությունը շարունակելու և մեղադրանք առաջադրելու վերաբերյալ փաստարկներն առարկայազուրկ են, քանի որ գործի քննությունը դատարանում կատարվում է միայն այն մեղադրանքի սահմաններում, որով ամբաստանյալին մեղադրանք է առաջադրվել (տե՛ս ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասը):
Ինչ վերաբերում է քննիչ Ա.Թամազյանի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քրեական գործի հարուցման իրավաչափությանը, ապա Առաջին ատյանի դատարանի հետազոտած ապացույցների հիման վրա Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քննիչ Ա.Թամազյանը ոչ թե իրավունք է ունեցել, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` պարտավոր է եղել հարուցելու քրեական գործ(...)»(տե՛ս քրեական գործ, հատոր 15-րդ, թերթ 49-50):
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի ու հիմնավորումների սահմաններում.
9.Բողոքաբերը նշել է, որ ստորադաս դատարանը սույն գործով թույլ է տվել դատավարական իրավունքի նորմերի այնպիսի էական խախտումներ, որոնք ազդել են գործի ելքի վրա:
Ի հիմնավորում իր վերոհիշյալ փաստարկին` բողոքի հեղինակը նշել է, որ քննիչ Ա.Թամազյանի կողմից քրեական գործի հարուցումն անօրինական է, որովհետև տվյալ գործով վերջինս հանդիսացել է հանցագործության ոտնձգության օբյեկտ, իսկ հետագայում՝ ճանաչվել որպես տուժող, այսինքն` հանդիսացել է գործով շահագրգիռ անձ:
Բողոք բերող անձը փաստարկելէ նաև, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել գործի քննության ծավալից, մասնավորապես, ղեկավարվելով Վճռաբեկ դատարանում գործերի քննության համար սահմանված կանոններով, բեկանել է ստորադաս դատարանի արդարացման դատավճիռն ու կայացրել մեղադրական դատավճիռ՝ առանցվերաքննության կարգին վերադառնալու:
Բողոքաբերը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը դուրս է եկել մեղադրանքի ծավալից և փոփոխել է գործում առկա փաստերը, մասնավորապես` Հ.Ներսիսյանին և Է.Ամիրյանին առաջադրված մեղադրանքներում առկա ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նկարագրված արարքներն ընդգրկել է ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասի մեջ:
10.Հիմք ընդունելով վերոգրյալը՝ բողոքի հեղինակը խնդրել է Հրաչյա Նարիմանի Ներսիսյանի և Էդգար Սերոժի Ամիրյանի մասով բեկանել Վերաքննիչ դատարանի` 2017թվականի փետրվարի 14-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016թվականի հունիսի 22-ի դատավճռին կամ գործն ուղարկել համապատասխան ստորադաս դատարան՝ նոր քննության:
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցավոր ոտնձգությունից տուժելու դեպքում դրա առթիվ քրեական գործ հարուցելու իրավասություն ունեցող սուբյեկտի, ինչպես նաև դրա քննությունն իրականացնելու իրավազորություն ունեցող մարմնի պատշաճությանհարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:
12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք քննիչ Մ.Թամազյանի կողմից իր վարույթում գտնվող գործի քննությանը խոչընդոտելու փաստի առթիվ նոր քրեական գործի հարուցումը:
13.ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` «Քրեական գործ հարուցելու առիթներ[ից է]` (…) հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից հանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը` իրենց լիազորություններն իրականացնելիս»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 175-րդ հոդվածի համաձայն`
«Քրեական գործ հարուցելու` սույն օրենսգրքով նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը, իրենց իրավասության շրջանակներում, պարտավոր են քրեական գործ հարուցել»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն`
«Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը պարտավոր են իրենց իրավասության սահմաններում քրեական գործ հարուցել հանցագործության հատկանիշներ հայտնաբերելու յուրաքանչյուր դեպքում, օրենքով նախատեսված բոլոր միջոցառումները ձեռնարկել հանցագործություն կատարած անձանց և հանցագործության, ինչպես նաև դրա կատարման հանգամանքները բացահայտելու համար:
Նույն քրեական գործի նախաքննության ընթացքում նույն անձի կողմից այլ հանցագործություններ կատարելու փաստերի հայտնաբերման դեպքում կարող է նոր քրեական գործ չհարուցվել, եթե արդեն իսկ հարուցված քրեական գործի շրջանակներում հնարավոր է գործի նախաքննությունն իրականացնել ամբողջ ծավալով(…)»:
Նույն օրենսգրքի 184-րդ հոդվածի համաձայն՝ «Հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը իրենց վարույթում գտնվող քրեական գործի նյութերով կայացնում են որոշում նոր գործ հարուցելու և այն առանձին վարույթում առանձնացնելու մասին, (…) եթե մեղադրյալին վերագրվող հանցագործություններից բացի բացահայտված է առաջինի հետ չկապված այլ հանցագործություն, որը կատարել է այլ անձ՝ առանց մեղադրյալի մասնակցության (…)»:
Մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազը, լինելով դատավարության հանրային սուբյեկտներ, ի պաշտոնե պարտավորված են քրեական գործ հարուցել դրա օրինական առիթների և բավարար հիմքերի առկայության դեպքում: Քրեական գործ հարուցելու առիթների շարքում օրենսդիրը նախատեսել է, ի թիվս այլոց, վերոհիշյալ սուբյեկտների կողմից իրենց լիազորություններն իրականացնելիսհանցագործության մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը: Այսինքն՝ հետաքննության մարմինը, քննիչը, դատախազնիրենց լիազորություններն իրականացնելիսհանցագործության մասին տվյալներ, հանցագործության նյութական հետքեր և հետևանքներ հայտնաբերելու դեպքում, որպես կանոն, պարտավոր են հարուցել քրեական գործ:
14. Միևնույն ժամանակ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 88-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է, որ. «[Դ]ատախազը, քննիչը, հետաքննության մարմնի աշխատակիցը,(…) որոնց հայտնի են քրեական դատավարությանն իրենց մասնակցությունը բացառող հանգամանքներ, պարտավոր են դրանց մասին հայտնել դատավարության շահագրգռված մասնակիցներին, քրեական վարույթն իրականացնող մարմնին, իսկ այն դեպքում, երբ նրանք կասկածում են իրենց մասնակցությամբ գործի նորմալ քննության հնարավորությանը` հայտարարել ինքնաբացարկ (…)»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 92-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված է, որ, համապատասխանաբար, դատախազը և քննիչը կամ հետաքննության մարմնի աշխատակիցը չեն կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առկա է նույն օրենսգրքի 90-րդ հոդվածով նախատեսված հանգամանքներից որևէ մեկը:
Իսկ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով որպես այդպիսի հիմք է նախատեսված, ի թիվս այլոց,համապատասխան սուբյեկտի՝գործին մասնակցող անձ ողջամտորեն հանդիսանալու (հիմքեր ունի կարծելու, որ նա կհանդիսանա) հավանականությունը:
Գործի արդարացի քննության սկզբունքից ելնելով՝ հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, դատախազը չեն կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են գործի ելքով (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ մաս):Հիշյալ օրենսդրական արգելքը միտված է արդարադատության բնագավառում երաշխավորելու օբյեկտիվ և անաչառ որոշումների կայացումը` ինչպես ընթացակարգային (դատավարական), այնպես էլ նյութական իրավահարաբերություններ կարգավորելիս: Այնանձի արդար դատաքննության, իր իրավունքների պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունքի, ինչպես նաև իրավունքի գերակայության ապահովման կարևորագույն երաշխիք է:
15. Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ հիշյալ երաշխիքը գործում է քրեական գործով վարույթի ամբողջ ընթացքում՝ ներառելով նաև քրեական գործի հարուցման փուլը:Այլ խոսքով՝ որպես հանցագործության դեպքով քրեական գործ հարուցելու պարտականության ընդհանուր կանոնից բացառություն, այն դեպքում, երբ հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը, կամ դատախազը ուղղակի կամ անուղղակի շահագրգռված են գործի ելքով,այդ թվում՝ ողջամտորեն կարող են հանդիսանալ գործին մասնակցող անձ,մասնավորապես,հանցավոր ոտնձգությունից տուժած անձ, իրավասու չեն լուծելու քրեական գործի հարուցման հարցը:
Վճռաբեկ դատարանը գտնում է, որ բոլոր այն դեպքերում, երբ հետաքննության մարմնի աշխատակիցը, քննիչը կամ դատախազը ողջամտորեն կարող են հանդիսանալ ենթադրյալ հանցագործությունից տուժած անձ, անկախ այն հանգամանքից՝ դա տեղի է ունեցել իրենց լիազորություններն իրականացնելիս, թե դրանից դուրս, որպես քրեական գործ հարուցելու առիթ չի կարող դիտարկվել ՀՀ քրեական դատավարության օրենսգքրի 176-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի իմաստով՝ հանցագործության հայտնաբերումը: Տվյալ դեպքում հանցագործության օրինական առիթ կարող է լինելնույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված՝ ֆիզիկական անձի հաղորդումը (հանցագործության մասին հաղորդման որպես քրեական գործ հարուցելու առիթի մեկնաբանությանը Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Էմմա Կարապետյանի վերաբերյալ 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-133/07 և Ռուզաննա Նիազյանի վերաբերյալ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ԵԿԴ/0118/11/13 որոշումներում):Հիշյալ դեպքերում քրեական գործ պետք է հարուցի և վարույթ իրականացնի քրեական գործ հարուցելու լիազորությամբ օժտված անկողմնակալ հանրային սուբյեկտը:
16. Անդրադառնալով սույն գործի փաստական հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Թամազյանը 2015 թվականի հունիսի 10-ի որոշմամբ իր վարույթում գտնվող թիվ 38100815 քրեական գործի նյութերով, Հ.Ներսիսյանի կազմակերպմամբ, նրա և մի խումբ անձանց կողմից գործի քննությանը խոչընդոտելու նպատակով, իր՝ որպես քննիչի գործունեությանը միջամտելու փաստի կապակցությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով նոր քրեական գործ է հարուցել և այն առանձնացրել առանձին վարույթում(տե՛ս սույն որոշման 1-ին կետը):
Նույն օրը ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Սարգսյանը որոշում է կայացրել հիշյալ քրեական գործը վարույթ ընդունելու և նախաքննություն կատարելու մասին(տե՛ս սույն որոշման 1-ին կետը), իսկ 2015 թվականի սեպտեմբերի 11-ին այն իր վարույթ է ընդունել ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանը(տե՛ս սույն որոշման 2-րդ կետը):
Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի հուլիսի 5-ի որոշմամբ քննիչ Մ.Թամազյանը ճանաչվել է տուժող(տե՛ս սույն որոշման 1-ին կետը):
Առաջին ատյանի դատարանը, արդարացնելով ամբաստանյալներին, ի թիվս այլոց, անդրադարձել է քննիչ Մ.Թամազյանի գործողությունների իրավաչափությանը՝ գտնելով, որ բնակարանում խուզարկությունը կատարելուց հետո քննիչ Թամազյանը չէր կարող պատշաճ քննիչ լինել Հրաչյա Ներսիսյանին վերաբերող որևէ գործով: Ուստի նա նշված պահից ո΄չ քրեական գործ հարուցելու, ո΄չ նախաքննությունը շարունակելու, ո΄չ էլ ամբաստանյալին մեղադրանք առաջադրելու իրավունք չպետք է ունենար(տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):
Վերաքննիչ դատարանը, չհամաձայնելով Առաջին ատյանի դատարանի վերոհիշյալ պատճառաբանության հետ, նշել է, որ Առաջին ատյանի դատարանում քննված մեղադրանքների մասով քրեական գործը թեև հարուցվել է քննիչ Մ.Թամազյանի կողմից, սակայն նախաքննությունը նրա կողմից չի կատարվել,բացի այդ,քննիչ Ա.Թամազյանը ոչ թե իրավունք է ունեցել, այլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 27-րդ հոդվածի համաձայն` պարտավոր է եղել հարուցել քրեական գործ(տե՛ս սույն որոշման 8-րդ կետը):
17. Նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման13-15-րդ կետերում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչ Մ.Թամազյանը, քրեական գործին մասնակցող՝ հանցավոր ոտնձգությունից տուժած անձ, հանդիսանալու ողջամիտ հավանականության մասին քաջատեղյակ լինելով, հարուցել է քրեական գործ:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որքննիչ Մ.Թամազյանի կողմից իր վարույթում գտնվող գործի քննությանը խոչընդոտելու փաստի առթիվ նոր քրեական գործի հարուցումնիրավաչափ չէ:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն իրավաչափ չի համարում Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունն առ այն, որ քննիչ Ա.Թամազյանը ոչ թե իրավունք է ունեցել, այլ պարտավոր է եղել հարուցել քրեական գործ, քանի որ Վերաքննիչ դատարանն անտեսել է քրեական վարույթին քննիչ Ա.Թամազյանի մասնակցությունը բացառող հանգամանքի առկայությունը:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քննիչ Մ.Թամազյանի՝ որպես շահագրգիռ անձի կողմից քրեական գործ հարուցելու մասին որոշում կայացնելու հանգամանքն ինքնին հիմք չէ դրանից հետո կատարված քննությունն ամբողջությամբ անօրինական գնահատելու և ամբաստանյալներին արդարացնելու համար:Այսպես՝ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը բացարկման ենթակա լինելու հիմքով ոչ պատշաճ սուբյեկտի կողմից դատավարական գործողության իրականացման իրավական հետևանքները, որպես կանոն, կապում է դրա հիման վրա ձեռքբերված տվյալները որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիության հետ:Հիշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իր մասնակցությունը գործով վարույթին բացառող հանգամանքի մասին տեղյակ լինելու հետևանքով ոչ պատշաճ հանրային սուբյեկտի կողմից քրեական գործ հարուցելը պետք է հանգեցնի տվյալ սուբյեկտի գործողությունների արդյունքում ձեռք բերված ապացույցների, ինչպես նաև դրանց հետ «թունավոր ծառի պտուղների» կանոնով փոխկապակցված ապացույցների անթույլատրելիության, այլ ոչ թե ինքնաբերաբար ենթադրյալ հանցանք կատարած անձի արդարացման («թունավոր ծառի պտուղների» կանոնի վերլուծության Վճռաբեկ դատարանն անդրադարձել է Ա.Սարգսյանի վերաբերյալ 2009 թվականի սեպտեմբերի 16-ի թիվ ԵՔՐԴ/0295/01/08 և Ժ.Սեֆիլյանի վերաբերյալ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշումներում):
18. Վերոհիշյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում քննարկման առարկա դարձնել նաև այն իրավական հարցը՝իրավաչափ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալներ Հ.Ներսիսյանի և Է.Ամիրյանի դատապարտումը նախաքննությունըՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Սարգսյանի և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանի կողմից իրականացված լինելու պայմաններում:
19. Այսպես՝ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի՝ գործի արդարացի քննության սկզբունքը նախատեսող17-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Քրեական հետապնդում իրականացնող մարմինը պարտավոր է ձեռնարկել սույն օրենսգրքով նախատեսված բոլոր միջոցառումները` գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման համար, պարզել ինչպես կասկածյալի և մեղադրյալի մեղավորությունը հիմնավորող, այնպես էլ նրանց արդարացնող, ինչպես նաև նրանց պատասխանատվությունը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները»:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 190-րդ հոդվածի համաձայն՝
«1. Նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի [332-րդ և 344-րդ] հոդվածներով նախատեսված հանցագործությունների վերաբերյալ գործերով կատարում են քննչական կոմիտեի քննիչները:
(…)
6. (…)
Անհրաժեշտության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը կարող է քննչական այլ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնել քրեական գործեր, որոնք առնչվում են [պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց] հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործություններին, կամ որոնցով այդ անձինք ճանաչված են որպես տուժող, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն»:
Նույն օրենսգրքի 6-րդ հոդվածի 26.2-րդ կետի համաձայն՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող անձիք են, ի թիվս այլոց,քննչական կոմիտեի ծառայողները:
20. Վերը մեջբերված նորմերի վերլուծությունից հետևում է, որ օրենսդիրը, քրեական հետապնդման մարմնի համարսահմանելով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն կատարելու պարտականություն, որպես դրա ապահովման երաշխիք քննչական ենթակայության կանոնները սահմանելիս, ի թիվս այլնի, լիազորել է ՀՀ գլխավոր դատախազին առանձին դեպքերում քրեական գործեր վերցնել քննչական այլ մարմինների քննիչների վարույթից և հանձնել հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին:Հիշյալ առանձին դեպքերի շրջանակում են նաև այն քրեական գործերը, որոնցով այլ քննչական մարմինների քննիչները կարող են հանդիսանալ հանցավոր ոտտձգությունից տուժած անձ: Ընդ որում, գլխավոր դատախազի հիշյալ լիազորությունը հայեցողական բնույթ է կրում, իսկ դրա իրականացումը պայմանավորված է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն երաշխավորելու անհրաժեշտությամբ:
Այս կապակցությամբ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ օբյեկտիվ քննություն կատարելու պահանջը վերացական բնույթ կկրի, եթե չապահովվի քրեական գործի քննությունն իրականացնող մարմնի տվյալ գործի նկատմամբ գերատեսչական հետաքրքրության բացակայությունը, կողմերից մեկի և գործը քննող կառույցի շահերի համընկման անթույլատրելությունը: Հիշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքերում, երբ քրեական գործով որպես տուժող է ճանաչված քննչական մարմնիծառայողը, կամ վերջինս հանդիսանում է հանցավոր ոտնձգությունից տուժած անձանթույլատրելի է տվյալ գործի քննության իրականացումըայդ քննչական մարմնի կողմից, հակառակ դեպքում չի երաշխավորվի գործի անաչառ քննության իրականացումը՝ կասկածի տակ դնելով ձեռք բերված ապացույցների թույլատրելիությունը:
21. Անդրադառնալով սույն գործի հանգամանքներին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործը ոչ պատշաճ սուբյեկտի՝ տվյալ գործով հետագայում տուժող ճանաչված ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Մ.Թամազյանի կողմից հարուցվելուց հետո դրա նախաքննությունն իրականացվել է նույն վարչության մեկ այլ քննիչ Վ.Սարգյանի կողմից, ապա՝ ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանի: Այսինքն՝ սույն գործով քննչական կոմիտեի քննիչ Մ.Թամազյանի տուժող ճանաչված լինելու պայմաններում տվյալ գործի քննությունն իրականացվել է նույն մարմնի կողմից: Նման պայմաններում, Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գործի քննությունը չի իրականացվել օբյեկտիվ մարմնի կողմից՝ հանգեցնելով դրա շրջանակներում ձեռք բերված ապացույցների անթույլատրելիության:
22. Հիշյալ փաստերը համադրելով սույն որոշման 20-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշման լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նախաքննությունը ՀՀ ՔԿ Տավուշի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վ.Սարգսյանի և ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ ավագ քննիչ Ա.Մկրտչյանի կողմից իրականացված լինելու պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից ամբաստանյալներ Հ.Ներսիսյանի և Է.Ամիրյանի դատապարտումն իրավաչափ չէ:
23. Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Վերաքննիչ դատարանը, պատշաճ իրավական գնահատական չտալով վերոհիշյալ հանգամանքներին, թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 17-րդ հոդվածով նախատեսված գործի արդարացի քննության սկզբունքի խախտում, որն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք է վերջինիս կողմից կայացվածդատական ակտը բեկանելու համար:
Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, և ամբաստանյալներ Հ.Ներսիսյանի և Է.Ամիրյանի անմեղությունը կասկած չի հարուցում: Ուստի անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի՝ 2016 թվականի հունիսի 22-ի արդարացման դատավճռին` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
Վճռաբեկ դատարանն արձանագրում էնաև, որ այս պարագայում նպատակազուրկ է անդրադառնալ բողոքաբերների բարձրացրած մյուս փաստարկներին:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 35-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Ամբաստանյալներ Հրաչյա Նարիմանի Ներսիսյանի և Էդգար Սերոժի Ամիրյանի մասով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 14-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հունիսի 22-ի արդարացման դատավճռին` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:
2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ս. Ավետիսյան Դատավորներ` Ե. Դանիելյան
Հ. Ասատրյան
Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան