ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական Վարչական գործ թիվ ՎԴ5/0001/05/08 |
Վարչական գործ թիվ ՎԴ5/0001/05/08 |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Գ. Հակոբյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի ապրիլի 07
դռնբաց դատական նիստում, քննելով «ՉԱՊ ՔԵՄԻՔԼ» ՍՊԸ-ի (իրավանախորդ` «Չապ» ՍՊԸ) (այսուհետ` Ընկերություն) ներկայացուցիչ Կարեն Թումանյանի վճռաբեկ բողոքը՝ ըստ հայցի ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության (այսուհետ` Տեսչություն) ընդդեմ Ընկերության` 25.212.700 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, և ըստ Ընկերության հակընդդեմ հայցի ընդդեմ Տեսչության` 12.11.2007 թվականի թիվ 1034621 ակտն անվավեր ճանաչելու պահանջի մասին, վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը նոր հանգամանքի հիմքով վերանայելու մասին,
Պ Ա Ր Զ Ե Ց
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Տեսչությունը պահանջել է Ընկերությունից բռնագանձել 25.212.700 ՀՀ դրամ:Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 12.11.2007 թվականի թիվ 1034621 ակտը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Էդ. Նահապետյան) (այսուհետ` Դատարան) 19.03.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 25.116.700 ՀՀ դրամ, իսկ մնացած մասով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` Տեսչության 12.11.2007 թվականի թիվ 1034621 ակտը մասնակիորեն` 14 բաժնի մասում արձանագրված «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով հաշվարկված 96.000 ՀՀ դրամի հարկային պարտավորություն հաշվարկելու մասով, ճանաչվել է անվավեր:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2008 թվականի որոշմամբ Դատարանի 19.03.2008 թվականի վճռի դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ընկերության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.Սույն գործով առկա է նոր հանգամանք:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
«Չապ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 15485/09) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) 04.05.2017 թվականի վճռով հաստատվել է, որ սույն գործի շրջանակներում տեղի է ունեցել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` նույն հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համատեղ: Եվրոպական դատարանը նշել է, որ Գրիգոր Ամալյանի տրամադրած փաստաթղթերը և Արթուր Ջանոյանի, Սամվել Ավետիսյանի, Սահակ Մինասյանի, Հովհաննես Պետրոսյանի, Գուրգեն Սողոմոնյանի և Հովհաննես Մառանջյանի կողմից արված հայտարարությունները Դատարանում վարույթի ընթացքում ընդունվել են որպես հայցվոր ընկերության դեմ ներկայացված ապացույց: Եվրոպական դատարանն արձանագրել է, որ անհիմն կերպով սահմանափակվել է Ընկերության` իր դեմ հարուցված վարույթի ընթացքում վերոնշյալ վկաներին հարցաքննելու իրավունքը:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «նոր հանգամանքի հիմքով բեկանել Վճռաբեկ դատարանի 18.09.2008 թվականի թիվ ՎԴ5/0001/05/08 որոշումը, վարույթ ընդունել Դատարանի 19.03.2008 թվականի վճռի դեմ 04.09.2008 թվականին ներկայացված վճռաբեկ բողոքը և բավարարել այն»։
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.
1. Տեսչության 12.11.2007 թվականին կազմված թիվ 1034621 ակտով Ընկերությանն առաջադրվել է 25.212.700 ՀՀ դրամի չափով հարկային պարտավորություն (հատոր 1-ին, գ.թ. 24-33)։2. Ընկերության ներկայացուցիչը 12.03.2008 թվականին միջնորդություն է ներկայացրել Դատարան` «Թելման 94» ՍՊԸ-ի տնօրեն Սահակ Մինասյանին, «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ի տնօրեն Իշխան Գասպարյանին, «Շարա» ՍՊԸ-ի տնօրեն Արկադի Ղանդիլյանին, «Ջեռ-Համ» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Աբրահամյանին, «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ի տնօրեն Նորայր Շաբոյանին, Արսեն Նազարյանին, Հովհաննես Պետրոսյանին, Գուրգեն Սողոմոնյանին, Հովհաննես Մառանջյանին, Սամվել Ավետիսյանին, Արթուր Ջանոյանին և ՀՀ հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի (այսուհետ` ՀՌԱՀ) նախագահ Գրիգոր Ամալյանին որպես վկաներ հրավիրելու մասին, որը Դատարանի նույն օրվա արձանագրային որոշմամբ մերժվել է (հատոր 2-րդ, գ.թ. 78-79, 90-93)։
3. Դատարանի 19.03.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 25.116.700 ՀՀ դրամ, իսկ մնացած մասով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` Տեսչության 12.11.2007 թվականի թիվ 1034621 ակտը մասնակիորեն` 14 բաժնի մասում արձանագրված «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով հաշվարկված 96.000 ՀՀ դրամի հարկային պարտավորություն հաշվարկելու մասով, ճանաչվել է անվավեր: Սկզբնական հայցը մասնակիորեն բավարարելիս և հակընդդեմ հայցը մասնակիորեն մերժելիս Դատարանը վճռի հիմքում դրել է Տեսչության կողմից վարչական վարույթի շրջանակներում «Թելման 94» ՍՊԸ-ում, «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ում, «Շարա» ՍՊԸ-ում, «Ջեռ-Համ» ՍՊԸ-ում, «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ում, Ա/Ձ Արսեն Նազարյանի, Ա/Ձ Հովհաննես Պետրոսյանի, Ա/Ձ Գուրգեն Սողոմոնյանի, Ա/Ձ Հովհաննես Մառանջյանի, Ա/Ձ Սամվել Ավետիսյանի, Ա/Ձ Արթուր Ջանոյանի մոտ կատարված հանդիպակաց ստուգումների արդյունքում ձեռքբերված, ինչպես նաև ՀՌԱՀ-ի կողմից տրամադրված և թիվ 1034621 ակտում ներառված տեղեկությունները (հատոր 2-րդ, գ.թ. 97-108)։ 4. ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2008 թվականի որոշմամբ Դատարանի 19.03.2008 թվականի վճռի դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է (հատոր 3-րդ, գ.թ 33-34)։5. Ընկերության թիվ 15485/09 գանգատի հիման վրա Եվրոպական դատարանը 04.05.2017 թվականի վճռով հաստատել է, որ տեղի է ունեցել Ընկերության՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում` նույն հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համատեղ: Եվրոպական դատարանը, մասնավորապես` նշել է, որ «(...) բոլոր ցուցմունքները սովորաբար պետք է ներկայացվեն դռնբաց լսումների ժամանակ մեղադրյալի ներկայությամբ` մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ փաստարկներ ներկայացնելու հնարավորությունն ապահովելու համար: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին համարժեք և պատշաճ հնարավորություն տրվի վկայի կողմից իր դեմ տված ցուցմունքը վիճարկելու կամ նրան հարցաքննելու` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում (...)»: Եվրոպական դատարանը գտել է նաև, որ «(...) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից պահանջ ստանալուց հետո ՀՌԱՀ-ի նախագահը տրամադրել է Ընկերության հեռարձակման վերաբերյալ որոշակի փաստաթղթեր, մինչդեռ Ընկերության կողմից միջնորդություն էր ներկայացվել նրան Դատարան հրավիրելու՝ այդ փաստաթղթերի վերաբերյալ հարցեր ուղղելու նպատակով, այսինքն՝ ըստ էության վիճարկվում էր նաև ՀՌԱՀ-ի նախագահի կողմից տրամադրված տեղեկությունների հավաստիությունը, որն այդպես էլ չի բավարարվել: Ինչ վերաբերում է վկաներին, ապա Դատարանը նրանց դատարան հրավիրելու Ընկերության միջնորդությունը նույնպես մերժել է` համարելով վերջիններիս ցուցմունքները ոչ վերաբերելի: Այնուամենայնիվ Ընկերության նկատմամբ հարկային պարտավորություն սահմանելիս Դատարանը հիմնվել է վկաների ցուցմունքների վրա, հետևաբար պետք է ենթադրել, որ այնուամենայնիվ, տվյալ վկաների կողմից տրված ցուցմունքները որոշիչ են եղել Ընկերության նկատմամբ պարտավորություն սահմանելիս: Վերոնշյալ փաստարկները Եվրոպական դատարանը բավարար է համարել եզրակացնելու, որ անհիմն կերպով սահմանափակվել է դիմումատու Ընկերության՝ իր դեմ հարուցված վարույթի ընթացքում ՀՌԱՀ-ի նախագահին և վկաներին հարցաքննելու իրավունքը: Համապատասխանաբար, խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և 3-րդ կետի «դ» ենթակետը(...)» (ներկայացված է վճռաբեկ բողոքին կից):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է՝ առկա է նոր հանգամանք, որը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Կոնվենցիայի 1-ին հոդվածի համաձայն՝ Բարձր պայմանավորվող կողմերն իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուրի համար ապահովում են այն իրավունքներն ու ազատությունները, որոնք սահմանված են Կոնվենցիայի 1-ին բաժնում:Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք (...):
Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն` քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող յուրաքանչյուր ոք ունի հետևյալ նվազագույն իրավունքները. հարցաքննելու իր դեմ ցուցմունք տվող վկաներին կամ իրավունք ունենալու, որ այդ վկաները ենթարկվեն հարցաքննության, և իրավունք ունենալու` իր վկաներին կանչելու ու հարցաքննելու միևնույն պայմաններով, ինչ իր դեմ ցուցմունք տված վկաները:
Կոնվենցիայի 41-րդ հոդվածի համաձայն՝ եթե Դատարանը գտնում է, որ տեղի է ունեցել Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել։
Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ Դատարանի վերջնական վճիռն ուղարկվում է Նախարարների կոմիտե, որը վերահսկողություն է իրականացնում դրա կատարման նկատմամբ:ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքով սահմանված կարգով օրինական ուժի մեջ մտած վճիռները և որոշումները կարող են վերանայվել նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի համաձայն` նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանը կայացրել է դատական ակտ, որով հաստատվել է, որ տվյալ գործով Հայաստանի Հանրապետության դատարանի կայացրած դատական ակտով խախտվել է դատավարության մասնակցի՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված իրավունքը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ և վճռաբեկ դատարանների` օրինական ուժի մեջ մտած որոշումները վերանայում է վճռաբեկ դատարանը։
Վճռաբեկ դատարանը սույն գործի շրջանակներում նախ անհրաժեշտ է համարում անդրադառնալ Եվրոպական դատարանի կողմից կայացված վճռով կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով կողմ համարվող պետության կողմից վճռի կատարման առնչությամբ ծագող իրավական պարտավորությունների բնույթին ու բովանդակությանը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճիռները կատարելու պարտավորությունը, նախևառաջ, բխում է Կոնվենցիայի 1-ին հոդվածից, որով սահմանվում է իրենց իրավազորության ներքո գտնվող յուրաքանչյուր անձի համար Կոնվենցիայի 1-ին բաժնում սահմանված իրավունքներն ու ազատություններն ապահովելու՝ Բարձր պայմանավորվող կողմերի պարտականությունը։ Բացի այդ, Կոնվենցիան 46-րդ հոդվածում հստակ սահմանել է, որ Կոնվենցիայի անդամ պետությունը պարտավոր է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ կատարել Եվրոպական դատարանի այն վճիռները, որոնք կայացվել են տվյալ պետության՝ որպես կողմ հանդես եկած գործերով: Այնուամենայնիվ, Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ կապված պետության կոնկրետ պարտականությունների բովանդակությունը Կոնվենցիայով հստակ ամրագրված չէ. այն բացահայտվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի միջոցով։
Այսպես, Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի համաձայն՝ վճիռը, որով Եվրոպական դատարանը խախտում է արձանագրում, պատասխանող պետության համար սահմանում է իրավաբանական պարտավորություն, որը ոչ միայն վերաբերում է շահագրգիռ անձանց արդարացի փոխհատուցում վճարելուն, այլ նաև ենթադրում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընդհանուր և (կամ), անհրաժեշտության դեպքում, անհատական միջոցների կիրառում, որոնց ձեռնարկումն անհրաժեշտ է ներպետական իրավական համակարգում Եվրոպական դատարանի արձանագրած խախտումները դադարեցնելու և դրանց հետևանքները հնարավորինս վերացնելու համար: Բացի այդ, պետությունն ազատ է Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի լինեն Եվրոպական դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ (տե՛ս, Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի 13.07.2000 թվականի վճիռը, կետ 249)։
Եվրոպական դատարանի վճռի կատարմանն ուղղված անհատական միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ Կոնվենցիայի մասնակից պետությունների վրա դրվող միջազգային իրավական պարտավորությունը բովանդակային առումով ունի եռաստիճան կառուցվածք և ներառում է միմյանց հետ փոխկապված հետևյալ երեք իրավական պահանջները.
1. Եվրոպական դատարանի կողմից սահմանված արդարացի փոխհատուցումը վճարելու պարտավորությունը,
2. կոնվենցիոն իրավունքի շարունակվող խախտումը դադարեցնելու պարտավորությունը,
3. restitutio in integrum սկզբունքից բխող՝ մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու պարտավորությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպական դատարանի վճռի կատարման նպատակով պետության կողմից ձեռնարկվող անհատական միջոցները հասցեագրված են դիմումատուին, կիրառվում են Կոնվենցիայի խախտման հետևանքով դիմումատուի կրած բացասական հետևանքների վերացման և, վերջին հաշվով, մինչև խախտումը եղած դրության հնարավորինս վերականգնման (միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօ in integrսm սկզբունք) նպատակով: Միևնույն ժամանակ restitutio in integrum իրականացնելը կարող է հնարավոր չլինել՝ ելնելով կոնկրետ գործի հանգամանքներից, որպիսի պարագայում կոնվենցիոն իրավունքի խախտումից տուժած անձի կրած բացասական հետևանքները վերացվում են՝ հիմնվելով տվյալ խախտումն արձանագրած Եվրոպական դատարանի վճռի և վերջինիս նախադեպային իրավունքի վրա։
Այսպես, Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ վճիռը, որով Եվրոպական դատարանն արձանագրել է իրավունքի խախտում, պատասխանող պետությանը պարտավորեցնում է դադարեցնել իրավախախտումը և դրա հետևանքների դիմաց հատուցել այնպես, որ հնարավորինս վերականգնվի մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը: Իսկ այն դեպքում, երբ restitutiօ in integrum սկզբունքի իրականացումը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (տե՛ս, Papamichalopoulos and others v. Greece գործով Եվրոպական դատարանի 31.10.1995 թվականի վճիռը, կետ 34, Selçuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի 24.04.1998 թվականի վճիռը, կետ 125):
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ միջազգային իրավական պատասխանատվության առաջնային և հիմնարար restitutio in integrum սկզբունքը ենթադրում է մինչև խախտումը գոյություն ունեցած դրության հնարավորինս վերականգնումը և քննարկվող իրավահարաբերությունների շրջանակում ընդգրկում է, inter alia, հետևյալ միջոցառումները.
- դիմումատուին առնչվող գործի վերաբացում, վերաքննություն,
- Կոնվենցիայի խախտման հանգեցնող որոշման չկատարում,- Կոնվենցիայի խախտմամբ մերժված իրավական կարգավիճակի տրամադրում և այլն։
Ինչ վերաբերում է Եվրոպական դատարանի վճռով խախտում հայտնաբերվելու դեպքում տվյալ գործով պետության կողմից ձեռնարկվող կոնկրետ միջոցներին, ապա Եվրոպական դատարանի Մեծ պալատի ձևավորած նախադեպային իրավունքի համաձայն՝ պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն գործի վերաբերյալ Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը (տե՛ս, Öcalan v. Turkey գործով Եվրոպական դատարանի 12.05.2005 թվականի վճիռը, կետ 210)։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված է Եվրոպական դատարանի կողմից կոնվենցիոն իրավունքի խախտում հայտնաբերվելու դեպքում նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման հնարավորությունը, որը բխում է կոնվենցիոն իրավունքի խախտման դեպքում պետության կողմից անհատական միջոցառումներ ձեռնարկելու միջազգային-իրավական պարտավորությունից։ Մասնավորապես՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 182-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի ուսումնասիրությունից բխում է, որ անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, որը հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ, հիմք է դատական ակտը նոր հանգամանքի հիմքով վերանայելու համար։
ՀՀ սահմանադրական դատարանը, 31.05.2013 թվականի թիվ ՍԴՈ-1099 և 18.09.2013 թվականի թիվ ՍԴՈ-1114 որոշումներում անդրադառնալով նոր հանգամանքների հիմքով դատական ակտերի վերանայման ինստիտուտին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ տվյալ ինստիտուտի սահմանադրաիրավական բովանդակությունը հանգում է նրան, որ դրա միջոցով ապահովվում է խախտված սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքների վերականգնումը: Վերջինս, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում, ինչն իր հերթին պահանջում է հնարավորինս վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակը (restitutio in integrum): Այն դեպքում, երբ անձի սահմանադրական և (կամ) կոնվենցիոն իրավունքը խախտվել է օրինական ուժի մեջ մտած դատական ակտով, այդ իրավունքի վերականգնման նպատակով մինչև իրավախախտումը գոյություն ունեցած վիճակի վերականգնումը ենթադրում է տվյալ անձի համար այնպիսի վիճակի ստեղծում, որը գոյություն է ունեցել տվյալ դատական ակտի բացակայության պայմաններում: Այսինքն՝ խնդրո առարկա դեպքում խախտված իրավունքի վերականգնումը հնարավոր է ապահովել համապատասխան դատական ակտի իրավական ուժը կորցնելու պարագայում: Բացի այդ, ՀՀ սահմանադրական դատարանը նշել է նաև, որ նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայումն անխուսափելիորեն պետք է ipso facto հանգեցնի հակասահմանադրական նորմ կիրառած դատական ակտի և կոնվենցիոն իրավունքի խախտում թույլ տված դատական ակտի բեկանմանը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի 19.01.2000 թվականի «Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների հիման վրա ներպետական մակարդակում որոշ գործերի վերաքննության կամ վերաբացման մասին» թիվ R (2000)2 հանձնարարականը, անդրադառնալով restitսtiօ in integrսm սկզբունքի արդյունավետ երաշխավորման միջոցներին, դրանց թվում մատնանշում է գործի վերաքննությունը, նոր քննությունը, իսկ որպես գործի վերաքննության հատուկ միջոց է դիտարկվում գործի նորոգումը, այն է` գործի վարույթի վերաբացումը: Վերոնշյալ հանձնարարականի համաձայն՝ անհատական միջոցառումների ձեռնարկումը, մասնավորապես՝ գործի վերաբացումը, անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների միաժամանակյա առկայության պարագայում, ինչի պարագայում գործի վերաբացման անհրաժեշտությունը գերակայում է իրավական որոշակիության սկզբունքի մաս կազմող` դատական ակտերի վերջնական լինելու res judicata սկզբունքի նկատմամբ.
1) նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ,
2) դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա վարույթի ելքը որոշող դատական ակտի բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան տվյալ դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ։
Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նոր հանգամանքի հիմքով գործի վարույթի վերսկսումը կարող է տեղի ունենալ միայն «բացառիկ» դեպքերում, հատկապես երբ գործի քննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով սահմանված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ: Տվյալ դեպքում հատուցման ամենապատշաճ ձևը կլինի վարույթի վերաբացումն ու գործի նոր քննությունը՝ արդար դատաքննության բոլոր պահանջների պահպանմամբ: Այսպես, օրինակ, Եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության դեմ կայացված իր վճիռներից մեկում Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում հայտնաբերելուց հետո նշել է, որ այն դեպքում, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, փոխհատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, վարույթի վերաբացումն ու արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան գործի վերաքննության կազմակերպումն է (տե՛ս, Գաբրիելյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 10.04.2012 թվականի վճիռը, կետ 104)։
Ընդհանրացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ խախտված կոնվենցիոն իրավունքների վերականգնման պարտավորությունը, իրավական պետության հիմնարար սկզբունքներից ելնելով, պահանջում է խախտման արդյունքում տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացում։ Ընդ որում, պատասխանատու պետությունից պահանջվող միջոցառումները կախված են կոնկրետ գործի հանգամանքներից և պետք է սահմանվեն տվյալ գործով Եվրոպական դատարանի կայացրած վճռի լույսի ներքո` հաշվի առնելով նաև Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը։ Ավելին, այդ միջոցների մեջ նախապատվությունը պետք է տրվի մինչև իրավունքի խախտումը գոյություն ունեցած վիճակը վերականգնելուն (restitutio in integrum), որն իրականացվում է նոր հանգամանքի հիմքով դատական ակտի վերանայման միջոցով, հատկապես, երբ դատաքննությունն իրականացվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածով նախատեսված արդար դատաքննության իրավունքի խախտմամբ, և միայն այն դեպքում, երբ restitutio in integrum-ը հնարավոր չէ կամ չի բխում կոնկրետ գործի հանգամանքներից, թույլատրելի է այլ եղանակով վերացնել տուժողի համար առաջացած բացասական հետևանքները։ Այսինքն՝ restitutio in integrum-ը տուժողի համար առաջացած բացասական հետևանքների վերացման թեև նախընտրելի, բայց ոչ միակ տարբերակն է, և երբ դրա իրականացումը հնարավոր չէ կամ չի բխում գործի հանգամանքներից, ապա վերանում է նաև նոր հանգամանքի հիմքով դատական ակտը վերանայելու իրավական անհրաժեշտությունը։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործը հարուցվել է Տեսչության հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Ընկերությունից բռնագանձել 25.212.700 ՀՀ դրամ, իսկ հակընդդեմ հայցով Ընկերությունը պահանջել է անվավեր ճանաչել Տեսչության 12.11.2007 թվականի թիվ 1034621 ակտը:
Ընկերության ներկայացուցիչը 12.03.2008 թվականին միջնորդություն է ներկայացրել դատարան` «Թելման 94» ՍՊԸ-ի տնօրեն Սահակ Մինասյանին, «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ի տնօրեն Իշխան Գասպարյանին, «Շարա» ՍՊԸ-ի տնօրեն Արկադի Ղանդիլյանին, «Ջեռ-Համ» ՍՊԸ-ի տնօրեն Գևորգ Աբրահամյանին, «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ի տնօրեն Նորայր Շաբոյանին, Արսեն Նազարյանին, Հովհաննես Պետրոսյանին, Գուրգեն Սողոմոնյանին, Հովհաննես Մառանջյանին, Սամվել Ավետիսյանին, Արթուր Ջանոյանին և ՀՌԱՀ-ի նախագահ Գրիգոր Ամալյանին որպես վկաներ հրավիրելու մասին, որը Դատարանի նույն օրվա արձանագրային որոշմամբ մերժվել է:
Դատարանի 19.03.2008 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Ընկերությունից հօգուտ ՀՀ պետական բյուջեի բռնագանձել 25.116.700 ՀՀ դրամ, իսկ մնացած մասով հայցը մերժվել է, հակընդդեմ հայցը բավարարվել է մասնակիորեն` Տեսչության 12.11.2007 թվականի թիվ 1034621 ակտը մասնակիորեն` 14 բաժնի մասում արձանագրված «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածով հաշվարկված 96.000 ՀՀ դրամի հարկային պարտավորություն հաշվարկելու մասով, ճանաչվել է անվավեր: Սկզբնական հայցը մասնակիորեն բավարարելիս և հակընդդեմ հայցը մասնակիորեն մերժելիս Դատարանը վճռի հիմքում դրել է Տեսչության կողմից վարչական վարույթի շրջանակներում «Թելման 94» ՍՊԸ-ում, «Ասատրյանների Սախա Լենա» ՓԲԸ-ում, «Շարա» ՍՊԸ-ում, «Ջեռ-Համ» ՍՊԸ-ում, «Ամասիայի գլխավոր պանրագործարան» ՍՊԸ-ում, Ա/Ձ Արսեն Նազարյանի, Ա/Ձ Հովհաննես Պետրոսյանի, Ա/Ձ Գուրգեն Սողոմոնյանի, Ա/Ձ Հովհաննես Մառանջյանի, Ա/Ձ Սամվել Ավետիսյանի, Ա/Ձ Արթուր Ջանոյանի մոտ կատարված հանդիպակաց ստուգումների արդյունքում ձեռքբերված, ինչպես նաև ՀՌԱՀ-ի կողմից տրամադրված և թիվ 1034621 ակտում ներառված տեղեկությունները:
ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2008 թվականի որոշմամբ Դատարանի 19.03.2008 թվականի վճռի դեմ Ընկերության բերած վճռաբեկ բողոքը վերադարձվել է այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոք բերած անձը չի հիմնավորել ՀՀ վարչական դատարանի կողմից առերևույթ դատական սխալ թույլ տրված լինելու, ինչպես նաև օրենքի միատեսակ կիրառության համար ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման էական նշանակություն ունենալու հանգամանքները:
Ընկերության թիվ 15485/09 գանգատի հիման վրա 04.05.2017 թվականին կայացրած վճռով Եվրոպական դատարանը հաստատել է, որ տեղի է ունեցել Ընկերության՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված իրավունքի խախտում: Եվրոպական դատարանը, մասնավորապես, նշել է, որ «(...) բոլոր ցուցմունքները սովորաբար պետք է ներկայացվեն դռնբաց լսումների ժամանակ մեղադրյալի ներկայությամբ` մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ փաստարկներ ներկայացնելու հնարավորությունն ապահովելու համար: Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին համարժեք և պատշաճ հնարավորություն տրվի վկայի կողմից իր դեմ տված ցուցմունքը վիճարկելու կամ նրան հարցաքննելու` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ հետագա փուլերում (...)»: Եվրոպական դատարանը գտել է նաև, որ «(...) ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության կողմից պահանջ ստանալուց հետո ՀՌԱՀ-ի նախագահը տրամադրել է Ընկերության հեռարձակման վերաբերյալ որոշակի փաստաթղթեր, մինչդեռ Ընկերության կողմից միջնորդություն էր ներկայացվել նրան Դատարան հրավիրելու այդ փաստաթղթերի վերաբերյալ հարցեր ուղղելու նպատակով, այսինքն, ըստ էության, վիճարկվում էր նաև ՀՌԱՀ-ի նախագահի կողմից տրամադրված տեղեկությունների հավաստիությունը, որն այդպես էլ չի բավարարվել: Ինչ վերաբերում է վկաներին, ապա Դատարանը նրանց դատարան հրավիրելու Ընկերության միջնորդությունը նույնպես մերժել է` համարելով վերջիններիս ցուցմունքները ոչ վերաբերելի: Այնուամենայնիվ Ընկերության նկատմամբ հարկային պարտավորություն սահմանելիս Դատարանը հիմնվել է վկաների ցուցմունքների վրա, հետևաբար պետք է ենթադրել, որ այնուամենայնիվ, տվյալ վկաների կողմից տրված ցուցմունքները որոշիչ են եղել Ընկերության նկատմամբ պարտավորություն սահմանելիս: Արդյունքում Եվրոպական դատարանը բավարար է համարել վերոնշյալ փաստարկները եզրակացնելու, որ անհիմն կերպով սահմանափակվել է դիմումատու Ընկերության իր դեմ հարուցված վարույթի ընթացքում ՀՌԱՀ-ի նախագահին և վկաներին հարցաքննելու իրավունքը: Համապատասխանաբար, խախտվել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետը և 3-րդ կետի «դ» ենթակետը (...)» (տե՛ս, «ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 04.05.2017 թվականի վճիռը, կետեր 43, 48-52)։
Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Եվրոպական դատարանի վճռով արձանագրված կոնվենցիոն իրավունքի խախտումը սույն գործով հանգում է արդար դատաքննության իրավունքի բաղադրատարր հանդիսացող մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ իր դեմ ցուցմունք տված վկաներին հարցաքննելու իրավունքի խախտումներին: Մասնավորապես` դիմումատու Ընկերությունը պետք է հնարավորություն ունենար հարցաքննելու իր դեմ ցուցմունք տված վկաներին կամ իրավունք ունենար, որ այդ վկաները ենթարկվեին հարցաքննության, ինչպես նաև իր վկաներին դատարան հրավիրելու և միևնույն պայմաններում հարցաքննվելու իրավունք (տե՛ս, «ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 04.05.2017 թվականի վճիռը, կետ 52)։Այսպիսով, սահմանափակված լինելով մարդու հիմնարար իրավունքներով և ազատություններով, հաշվի առնելով «ՉԱՊ» ՍՊԸ-ն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի 04.05.2017 թվականի վճռում արտահայտված իրավական դիրքորոշումները, հիմք ընդունելով խախտված իրավունքների վերականգնման restitutio in integrum սկզբունքի վերաբերյալ վերը շարադրված վերլուծությունները, միևնույն ժամանակ նպատակ ունենալով վերականգնելու Ընկերության խախտված կոնվենցիոն իրավունքները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ տվյալ դեպքում մինչև խախտումը գոյություն ունեցած դրությունը հնարավորինս վերականգնելու համար անհրաժեշտ է ապահովել Ընկերության՝ վարչական գործի ըստ էության քննության և լուծման եղանակով` մրցակցային դատավարության սկզբունքի պահպանմամբ։ Ուստի մինչև Ընկերության կոնվենցիոն իրավունքի խախտումը եղած դրությունը կարող է վերականգնվել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և դրա արդյունքում Դատարանի 19.03.2008 թվականի վճիռը` սկզբնական հայցը մասնակիորեն` 25.116.700 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, բավարարելու և հակընդդեմ հայցը՝ չբավարարված մասով, բեկանելու և գործը՝ այդ մասերով, նոր քննության ուղարկելու միջոցով։ Ընդ որում, Վճռաբեկ դատարանը Դատարանի վճիռը բեկանում և գործը նոր քննության է ուղարկում միայն այդ մասերով՝ նկատի ունենալով, որ Դատարանի վճիռը բողոքարկվել է միայն այդ մասերով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 180-րդ և 182-րդ հոդվածների ուժով ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը վերանայելու և Դատարանի 19.03.2008 թվականի վճիռը` սկզբնական հայցը մասնակիորեն` 25.116.700 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, բավարարելու և հակընդդեմ հայցը՝ չբավարարված մասով, բեկանելու համար:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ, 171-րդ, 183-րդ և 190-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Նոր հանգամանքի հիմքով վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.09.2008 թվականի «Վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին» որոշումը:
2. Բեկանել ՀՀ վարչական դատարանի 19.03.2008 թվականի վճիռը՝ հայցը մասնակիորեն` 25.116.700 ՀՀ դրամ բռնագանձելու մասով, բավարարելու և հակընդդեմ հայցը՝ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության աշխատակազմի Գյումրու հարկային տեսչության 12.11.2007 թվականի թիվ 1034621 ակտը, բացառությամբ 14 բաժնի մասում արձանագրված խախտման, անվավեր ճանաչելու պահանջը մերժելու մասերով, և այդ մասերով գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Գ. Հակոբյան Վ. Ավանեսյան Ա. Բարսեղյան Մ. Դրմեյան
Ս. Անտոնյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|