Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (15.11.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.04/51(1409).1 Հոդ.780.50
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
15.11.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
15.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.11.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԱՔԴ/0025/06/17

ԵԱՔԴ/0025/06/17

Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ` դատավորներ

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

մասնակցությամբ
պաշտպան`

Կ. Ղազարյանի

դատախազ`

Շ. Իսրայելյանի

 

2017 թվականի նոյեմբերի 15-ին                                                                                                                               ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Ալեքսեյ Անդրեյի Գրինչուկի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 28-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանի վճռաբեկ բողոքը,

Պ Ա Ր Զ Ե Ց

Գործի դատավարական նախապատմությունը.

 

1. ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում 2016 թվականի փետրվարի 17-ին ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի, 324-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 09101217 քրեական գործը:

 

2017 թվականի փետրվարի 27-ին Ալեքսեյ Գրինչուկը ներկայացել է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժին և ձերբակալվել:

 

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մարտի 2-ի որոշմամբ Ա.Գրինչուկը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով:

 

2. 2017 թվականի մարտի 2-ին նախաքննության մարմինը միջնորդություն է հարուցել Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` մեղադրյալ Ա.Գրինչուկի նկատմամբ որպես խափանման միջոց 2 ամիս ժամկետով կալանավորում կիրառելու մասին:

 

Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 2-ի որոշմամբ նախաքննության մարմնի վերոհիշյալ միջնորդությունը բավարարվել է, և մեղադրյալ Ա.Գրինչուկի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 2 ամիս ժամկետով կալանավորումը: Նույն որոշմամբ մերժվել է մեղադրյալի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը:

 

3. Պաշտպանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի մարտի 28-ին որոշում է կայացրել բողոքը մասնակիորեն բավարարելու և Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 2-ի որոշումը բեկանելու մասին: Մեղադրյալ Ա.Գրինչուկի նկատմամբ որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է կիրառվել գրավը` 1.000.000 ՀՀ դրամի չափով:

 

4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Հարությունյանը:

 

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հուլիսի 27-ի որոշմամբ ներկայացված բողոքը վարույթ է ընդունվել:

 

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

 

5. Ա.Գրինչուկին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «(...) Մարատ Կիրիլյուկի կամքին հակառակ` ապօրինի մուտք է գործել Երևան քաղաքի Զ.Սարկավագ փողոցի 123/3 շենքի [թիվ] 13 բնակարան, խախտելով բնակարանի անձեռնմխելիությունը, այն է` մարմնավաճառությամբ զբաղվող Նազելի Մելիքյանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում վերջինիս հեռախոսահամարից Մ.Կիրիլյուկի կողմից իր և ծնողների հասցեին հնչած սեռական բնույթի հայհոյանքների շուրջ պարզաբանումներ ստանալու համար, Ն.Մելիքյանի ծառայությունից օգտվելու հանգամանքը որպես պատրվակ օգտագործելով, 2017 թվականի փետրվարի 16-ին` ժամը 23:30-ի սահմաններում, (...) իր ընկերներ` Ֆեոդոր Բոլդիրևի, Ալեքսանդր Կասմինինի և Դավիդ Գրինչուկի հետ գնացել է Մ.Կիրիլյուկին պատկանող նշված բնակարան, որտեղ իրենց հետ հեռախոսազրույցի ընթացքում հայհոյած երիտասարդին գտնելու նպատակով Ա.Գրինչուկը և Ֆ.Բոլդիրևը մտել են նշված շենքի [թիվ] 13 բնակարան, իսկ Ա.Կասմինինը և Դ.Գրինչուկը սպասել են դրսում: Ա.Գրինչուկի և Ֆ.Բոլդիրևի առջև հիշյալ բնակարանի մուտքի դուռը բացել է Ն.Մելիքյանը, սակայն նրանք առանց հրավերի դուռը հրելով բացել և ապօրինի մուտք են գործել բնակարան, որտեղ հանդիպելով բնակարանատեր Մ.Կիրիլյուկին և, վերջինիս կողմից իր բնակարանից դուրս գալու օրինական պահանջն անտեսելով, դուրս չեն եկել` խախտելով բնակարանի անձեռնմխելիությունը:

 

Այնուհետև Ա.Գրինչուկը, արդեն իսկ գտնվելով Մ.Կիրիլյուկի բնակարանում, ուրիշի գույքը հափշտակելու նպատակով հարձակվել է նրա վրա` կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով` ձեռքերով, որպես զենք օգտագործվող առարկայով` արդուկով և պահարանի դարակով, հարվածներ է հասցրել Մ.Կիրիլյուկի մարմնի տարբեր մասերին և գլխին, պահանջել է գումար և ոսկեղեն, սակայն Մ.Կիրիլյուկը հրաժարվել է գումար և ոսկեղեն տալ: Ա.Գրինչուկն այդ ընթացքում դիտավորությամբ վնասել է Մ.Կիրիլյուկին պատկանող զգալի չափերի` 400.000 ՀՀ դրամ արժողության «Սամսունգ» ֆիրմայի հեռուստացույցը` դիտավորությամբ հարվածելով այն հյուրասենյակի բազկաթոռին և կոտրել այն: Հյուրասենյակի հեռուստացույցի տակդիրի վրայից հափշտակել է Մ.Կիրիլյուկին պատկանող 40.000 ՀՀ դրամ արժողության DVD նվագարկիչը և հեռացել (...)» (տե´ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 46-48):

 

5.1. Վկա Է.Մանուկյանը 2017 թվականի փետրվարի 27-ի հարցաքննության ժամանակ տվել է հետևյալ բովանդակությամբ ցուցմունքները. «(...) Ունեմ (...) ավտոմեքենա, (...) [որը] գրանցել եմ տաքսի ծառայությունում և վարում եմ միայն ես: 2017 թվականի փետրվարի 16-ին` ժամը 22-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, գտնվում էի Նոր Նորքի 8-րդ զանգվածում, և իմ հեռախոսին զանգեց Ալեքսեյը (...) և ասաց` քշեմ Քանաքեռի ուղղությամբ: Ալեքսեյը նստել էր իմ կողքը, իսկ հետևում` չորս այլ երիտասարդներ: (...) [Շենքի] մուտքի դիմաց կանգնել եմ, իմ ավտոմեքենայից իջել են Ալեքսեյը և հետևի նստած տղաներից մեկը: (...) [Ա]նցել էր մոտ 20 րոպե, երբ եկավ Ալեքսեյը, նրա ձեռքին կար արծաթագույն DVD նվագարկիչ և ասաց, որ [բեռնախցիկը] բացեմ` դնենք, դրանից մի քանի րոպե անց երիտասարդներից մեկն էլ հետ եկավ, որի ձեռքին կար փայտե մոտ 60 սանտիմետրանոց ժամացույց, դա նույնպես դրեցինք բեռնախցիկում: (...) Ալեքսեյը նստած ժամանակ պատմում էր, որ երբ մտել են ներս, դուռը աղջիկ է բացել, փորձել են տղա գտնել, և, այնտեղ աղջկա շորերով և պարիկով տղա [տեսնելով], հասկացել են, որ նա է իրենց հայհոյել և նրան ծեծել են, և ասաց, որ դուրս գալուց իրերը վերցրել են իրենց հետ: Մոտ 5 րոպե անց եկավ Դավիթը և նստեց Ալեքսեյի հետևի նստատեղին և ասում էր, որ հեռախոսը տա: Նրանք սկսեցին վիճել, զգացվում էր, որ Ալեքսեյը շատ խմած ու բարկացած էր և ասում էր, որ չեմ տալիս, նստի, գնում ենք: Մոտ 2 րոպե նրանք վիճեցին, և Ալեքսեյը հեռախոսն իր կողքի պատուհանից դուրս նետեց: (...) [Փ]որձել ենք գտնել հեռախոսը, գտանք իրարից անջատված մասեր և վերցրեցինք: (...) [Ա]լեքսեյը վերցրեց, և գնացինք: [Ես] նրանց (...) իջեցրել եմ, բեռնախցիկից վերցրել են ժամացույցը, իսկ Ալեքսեյն ասաց` DVD-ն պետք չի, թող մնա քեզ մոտ (...)» (տե´ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 8-11):

 

5.2. Տուժող Մ.Կիրիլյուկը 2017 թվականի փետրվարի 20-ի լրացուցիչ հարցաքննության ժամանակ տվել է հետևյալ բովանդակությամբ ցուցմունքները. «(...) [Նազելիի] հեռախոսահամարին զանգահարել էր ռուսալեզու անձնավորություն, որի խոսակցությունը չհասկանալու պատճառով, [նա] անջատեց հեռախոսը: Որոշ ժամանակ անց նա ստացավ ուրիշ համարից զանգ, և իրար չհասկանալու պատճառով սեռական բնույթի հայհոյանքներ տվեցին միմյանց և [անջատեցին] հեռախոսը: Որոշ ժամանակ անց կրկին զանգ եկավ նույն հեռախոսահամարից Նազելիի համարին, նա փոխանցեց հեռախոսն ինձ, ես վերցրեցի և լսեցի տարբեր հայհոյանքներ` ինչ-որ «ռայոնի» բարբառով: Լսելով նրա հայհոյանքները` ես նույնպես հայհոյեցի և կախեցի հեռախոսը: Դրանից որոշ ժամանակ անց Նազելին կրկին զանգ է ստանում, արդեն այլ հեռախոսահամարից, (...) Նազելին ասաց, որ իր ծանոթներից մեկը միգուցե գա մեր տուն: (...) [Դ]ուռը բացելուն պես բնակարան [մտան] չորս անհայտ անձինք, որոնք լույսը վառեցին և տեսան, որ ես աղջկա հագուստով եմ, բայց տղայի ձայնով եմ խոսում, զարմանալով հարցրին, թե «Ո՞նց, դու տղա՞ ես» և հարձակվեցին ինձ վրա: Ես գարեջրի շշով խփեցի նրանցից մեկի գլխին: Նրանք սկսեցին ինձ ծեծի ենթարկել, և նրանցից մեկը, խուզարկ[ում էր] բնակարանի իրերը, զգացվում էր, որ գումար է փնտրում, ջարդում էր (...) իրերը, շրջեց գրասեղանը, հեռուստացույցը: Ես, մի կերպ նրանցից ազատվելով, փախա խոհանոց և ասացի Նազելիին, [որ] նա զանգահարի 1-02 ծառայություն: Խոհանոցում ձեռքիս վերցրեցի դանակ, որպեսզի վախեցնեմ նրանց, (...) երկուսը վրա հասան և խլեցին ձեռքիս դանակը` ծեծի ենթարկելով ինձ: Այնուհետև նրանցից մեկը փորձում էր մատիցս հանել մատանին` ասելով` «Որտե՞ղ են գումարն ու ոսկեղենը»: Մի կերպ փախնելով` հասել եմ միջանցք, որտեղ նրանցից մեկը, հարդուկը ձեռքին վրա եկավ և սկսեց հարվածել գլխիս տարբեր մասերին: (...) Բնակարանից գողացվել է` DVD նվագարկիչ (...), պատի փայտե ժամացույց (...), հախճապակե ծաղկաման (...), 320.000 ՀՀ դրամ գումար (...), [երկու հատ] բջջային հեռախոս (...): Նաև նրանք փորձել են տանել հեռուստացույցը, սակայն, [տեսնելով, որ կոտրված է], թողել են միջանցքում: Ինձ պատճառվել է ընդհանուր 945.000 ՀՀ դրամի նյութական վնաս (...)» (տե´ս նյութեր, 1-ին հատոր, թերթեր 36-40):

 

5.3. Տուժող Ն.Մելիքյանը 2017 թվականի փետրվարի 20-ի լրացուցիչ հարցաքննության ժամանակ տվել է հետևյալ բովանդակությամբ ցուցմունքները. «(...) [Բնակարան մտած անձանցից մեկն] ասաց` «Տուր փողերդ» և միաժամանակ ինձ քաշքշեց (...), հայն ասաց` «Ընկերոջդ կսպանեմ` կթողնեմ [քեզ վրա]»: (...) Ես և Մարատը պահանջել ենք մեր հեռախոսները (...): Մարատը պատմում էր, որ իրեն հարվածել են հարդուկով և տնից տարել են ժամացույց, վազ, DVD, հեռուստացույցն ուզել են տանել, բայց քանի որ ջարդված է եղել, թողել են (...): Ինձնից գողացել են անձնագիր, 100.000 ՀՀ դրամ արժողությամբ բնական սև մազեր (...) և հեռախոսս (...)» (տե´ս նյութեր, 1-ին հատոր, թերթեր 28-35):

 

5.4. Տուժող Մ.Կիրիլյուկը կասկածյալ Ա.Գրինչուկի հետ 2017 թվականի փետրվարի 28-ի առերես հարցաքննության ժամանակ տվել է հետևյալ բովանդակությամբ ցուցմունքները. «(...) Ինձ հետ առերես հարցաքննվողին առաջին անգամ տեսել եմ փետրվարի 16-ին` 23:30-ի սահմաններում, երբ նա 3 անձանց հետ մտավ մեր բնակարան: (...) [Ալեքսեյը] և [իր] ընկերն ինձ ծեծել են, ինձնից գումար և ոսկի պահանջել: [Ալեքսեյը] դուրս քաշելով փորձում էր հանել մատիս մատանին (...): [Ալեքսեյը] հարդուկով  մի քանի անգամ հարվածել է գլխիս` հայհոյելով և գումար պահանջելով (...): Այնուհետև նկատեցի, որ հեռուստացույցը միջանցքում կոտրված դրված էր, իսկ առավոտյան տեսա` տանից պակասում էր պատի ժամացույցը, DVD նվագարկիչը, դարակից իմ պահած 320.000 ՀՀ դրամ գումարը, վազը (ծաղկաման) և բջջային հեռախոսս (...)» (տե´ս նյութեր, 1-ին հատոր, թերթեր 17-19):

 

5.5. Տուժող Ն.Մելիքյանը կասկածյալ Ա.Գրինչուկի հետ 2017 թվականի փետրվարի 28-ի առերես հարցաքննության ժամանակ տվել է հետևյալ բովանդակությամբ ցուցմունքները. «(...) [Երբ Ալեքսեյը] տեղեկացավ, որ զանգում եմ ոստիկանություն, (...) հեռախոսս ձեռքիցս [վերցրեց]: Հյուրասենյակ գնալուց [Ալեքսեյը] ջղայինացած շրջվեց` ասելով` «Ընկերոջդ կսպանեմ` կթողնեմ վրադ»: Հետո նորից վերադարձավ սենյակ, սկսեց ինձ քաշքշել` (...) ասելով` «Նորմալ գումար ես աշխատում, գումար կունենաս տունը», ես ասացի` «Չունեմ», և [Ալեքսեյը] գնաց քանդեց պատի տակ դրված դարակը, սակայն չեմ տեսել, որ այնտեղից գումար [վերցնի]: (...) Չեմ տեսել, թե Մարատին ովքեր են ծեծել և գումար, ոսկեղեն պահանջել: (...) Իմ հեռախոսը մնացել է [Ալեքսեյի] մոտ: (...) Առավոտյան (...) տեսանք, որ անձնագիրս, մազերս` 4 շերտ բնական, և հեռախոսս չկան: Մարատի ասելով և միասին նկատեցինք, որ պատի (...) ժամացույցը չկար, [Մարատի] երկու հեռախոսները, սեղանին դրված վազը և DVD-ին: (...) Ալեքսեյն ինձնից սպառնալիքով գումար [չի] պահանջել  (...)» (տե´ս նյութեր, 1-ին հատոր, թերթեր 20-22):

 

5.6. Մեղադրյալ Ալեքսեյ Գրինչուկը 2017 թվականի մարտի 2-ի հարցաքննության ժամանակ տվել է հետևյալ բովանդակությամբ ցուցմունքները. «(...) Ես ինձ մեղավոր եմ ճանաչում մասնակի, քանի որ (...) մենք Մ.Կիրիլյուկից գումար և ոսկի չենք պահանջել: Մենք գնացել ենք այնտեղ հարաբերություններ պարզելու, սակայն կռվի վերածվեց, և մենք նրան ծեծեցինք: (...) [Ն.Մելիքյանի հեռախոսը] շենքի բակում դուրս եմ նետել ավտոմեքենայից, և այն կոտրվել է (...)» (տե´ս նյութեր, 1-ին հատոր, թերթեր 23-24):

 

6. Առաջին ատյանի դատարանն իր որոշման շրջանակներում փաստել է. «(...) Ուսումնասիրելով միջնորդությանը կից (...) ներկայացված նյութերը, [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ առկա են ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարմանն Ալեքսանդր Գրինչուկի առնչությունը (հիմնավոր կասկածը) հաստատող ապացույցները, մասնավորապես` տուժողներ Ն.Մելիքյանի, Մ.Կիրիլյուկի, [վերջիններիս] և կասկածյալ Ա.Գրինչուկի առերես ցուցմունքները, անձին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունները, բացի այդ, առկա են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 135-րդ հոդվածի 1-ին մասում սահմանված հիմքերից մի քանիսը:

 

[Առաջին ատյանի դատարանը] հաշվի է առնում այն հանգամանքը, որ Ալեքսեյ Գրինչուկին ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով, 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով և 185-րդ հոդվածի 1-ին մասով մեղսագրված ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքները դասվում են ոչ մեծ ծանրության և ծանր հանցանքների շարքին, որոնցից ծանրի համար նախատեսված ազատազրկման ձևով պատժի առավելագույն ժամկետը տասը տարի է, հետևաբար մեղսագրվող հանրորեն վտանգավոր արարքների բնույթն ու վտանգավորության աստիճանը, ինչպես նաև ակնկալվող պատժի խստությունը հանդիսանում են գործի քննությանը խոչընդոտելու և քրեական վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը գնահատելու կարևոր տարրեր` գործի նյութերից բխող մյուս հանգամանքների հետ միասին, ուստիև գտնում է, որ նման պայմաններում մեծ է ռիսկայնությունն առ այն, որ Ալեքսեյ Գրինչուկն, ազատության մեջ մնալով, կարող է քրեական դատավարությանը մասնակցող` հարցաքննված և դեռևս չհարցաքննված անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը և թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից:

 

Մեղադրյալի հավանական վարքագծի վերաբերյալ հետևությունը բխում է այն հանգամանքից, որ նախաքննությունը դեռևս գտնվում է ապացույցների հավաքման և ստուգման փուլում և քրեական գործով տվյալ պայմաններում դեռևս առկա է նախաքննությամբ ճշմարտությունը բացահայտելու ընթացքին միջամտության վտանգի հավանականություն, որպիսի պայմաններում [Առաջին ատյանի դատարանը] գտնում է, որ միջնորդությունը հիմնավորված է, այն ենթակա է բավարարման, և Ա.Գրինչուկի նկատմամբ 2 ամիս ժամկետով որպես խափանման միջոց պետք է կիրառել կալանավորումը:

 

[Առաջին ատյանի դատարանը] նաև փաստում է, որ (սկզբնական կալանքի ժամանակահատվածում) մեղադրյալ Ա.Գրինչուկի պատշաճ վարքագիծն ու վարույթն իրականացնող մարմնին ներկայանալը հնարավոր է ապահովել վերջինիս նկատմամբ առավել խիստ խափանման միջոց կալանավորում ընտրելու պարագայում:

 

Ինչ վերաբերում է պաշտպանի միջնորդությանը` իր պաշտպանյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելուն, ապա դատարանը հանգում է այն հետևության, որ մեդադրյալ Ա.Գրինչուկի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի համարվել չի կարող:

 

(…) [Առաջին ատյանի դատարանի] գնահատմամբ, տվյալ դեպքում, անհրաժեշտ է նշել, որ վերագրվող հանրորեն վտանգավոր արարքների բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը, գործի մյուս հանգամանքների հետ միասին, ունեն էական նշանակություն` նրա հետագա վարքագծի հավանականությունը կանխորոշելու հարցում, որ գործի կոնկրետ հանգամանքներից ելնելով այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ կանխել մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը` նրան ազատ արձակելու դեպքում, և առկա է ողջամիտ ենթադրություն, որ ազատության մեջ մնալով` մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից: Հիմք ընդունելով վերը շարադրված հիմնավորումները և պատճառաբանությունները [Առաջին ատյանի] դատարանը գտնում է, որ մեղադրյալ Ա.Գրինչուկի նկատմամբ գրավի կիրառումն անթույլատրելի է:

 

Միջնորդությունը քննարկելիս [Առաջին ատյանի] դատարանը հաշվի է առնում նաև մեղադրյալ Ա.Գրինչուկի անձը բնութագրող տվյալները, մասնավորապես` նախկինում դատված չլինելը, մշտական բնակության վայր ունենալը, դրական բնութագիրը, սակայն միևնույն ժամանակ արձանագրում է, որ վերը շարադրվածի պայմաններում դրանք ինքնին չեն կարող որպես կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավը կիրառելու հիմք հանդիսանալ» (տե´ս նյութեր, հատոր 1-ին, թերթեր 53-59):

 

7. Վերաքննիչ դատարանի դատական ակտի համաձայն` «(…) Առաջին ատյանի դատարան ներկայացված վերոգրյալ նյութերի` հիմնավոր կասկածի տեսանկյունից կատարված ուսումնասիրությունից երևում է, որ տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը միջնորդության քննության ժամանակ բավարար տվյալներ ունեցել է մեղադրյալ Ալեքսեյ Գրինչուկի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասով և 185-րդ հոդվածի 1-ին մասով ենթադրյալ հանցանքները կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության մասին հետևության գալու համար: Ինչ վերաբերում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով ենթադրյալ հանցանքը կատարած լինելու հիմնավոր կասկածի առկայության կամ բացակայության հարցին, ապա ներկայացված նյութերի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ 2017 թվականի փետրվարի 16-ին` ժամը 22:00-ի սահմաններում, Ալեքսեյ Գրինչուկը զանգահարել է Նազելի Մելիքյանի հեռախոսահամարին` սեռական հարաբերություն ունենալու նպատակով: Խոսակցության ընթացքում Մարատ Կիրիլյուկը վերցրել է հեռախոսը և վեճի բռնվել Ալեքսեյ Գրինչուկի հետ, որի ընթացքում փոխադարձ հայհոյանքներ են հնչեցվել, որից հետո Ալեքսեյ Գրինչուկը և նրա ընկերները գնացել են Մարատ Կիրիլյուկի բնակարան` հայհոյանքների կապակցությամբ հարաբերություններ պարզելու համար, որտեղ վիճաբանություն է սկսվել, և Ալեքսեյ Գրինչուկը, Ֆեոդոր Բոլդիրևը և Մարատ Կիրիլյուկը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց: Ներկայացված նյութերում առկա է նաև հակասական և իրարամերժ փաստական տվյալ, մասնավորապես` այն, որ Ալեքսեյ Գրինչուկը Նազելի Մելիքյանից և/կամ Մարատ Կիրիլյուկից գումար և ոսկեղեն է պահանջել: Դրանից հետո Ալեքսեյ Գրինչուկը Մարատ Կիրիլյուկի բնակարանից վերցրել է «DVD» նվագարկիչը, բջջային հեռախոսը և դուրս եկել: Ալեքսեյ Գրինչուկը բջջային հեռախոսն ավտոմեքենայի պատուհանից դուրս է նետել, իսկ «DVD» նվագարկիչը թողել է ավտոմեքենայի բեռնախցիկում:

 

Այսինքն` նշված տվյալները ողջամտորեն վկայում են այն մասին, որ Ալեքսեյ Գրինչուկի և Մարատ Կիրիլյուկի վիճաբանությունն առաջացել է վերջինիս կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու` հայհոյանքներ հնչեցնելու հետևանքով: Իսկ այն, որ այդ ծեծկռտուքը վերաճել է մեղադրյալի կողմից ենթադրյալ ավազակությամբ տուժողից գումար, ոսկեղեն և այլ իրեր հափշտակելուն, ապա այդ մասով ներկայացված նյութերը չեն կարող բավարար լինել հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված համարելու:

 

Ընդ որում` տուժողներն իրենց սկզբնական ցուցմունքներում նշել են, թե Ալեքսեյ Գրինչուկն ու նրա ընկերներն իրենցից գումար և ոսկեղեն են պահանջել: Այնուհետև` տուժող Նազելի Մելիքյանն Ալեքսեյ Գրինչուկի հետ առերես հարցաքննության ժամանակ հայտնել է, որ ինքը չի տեսել, թե ովքեր են Մարատին ծեծել և գումար ու ոսկեղեն պահանջել: Ինքը նրանց ձայները չի լսել: Մարատն առավոտյան իրեն ասել է, որ ասելու է, թե այդ դարակում եղել է 320.000 ՀՀ դրամ, որպեսզի այդ գումարը ստանա և հեռուստացույց գնի: Իսկ Ալեքսեյ Գրինչուկն էլ իր ցուցմունքում նշել է, որ իրենք Մարատ Կիրիլյուկից գումար և ոսկի չեն պահանջել: Իրենք գնացել են այնտեղ հարաբերություններ պարզելու համար, սակայն կռիվ է սկսվել, և իրենք նրան ծեծել են:

 

Վերը նշվածի համատեքստում Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշ է նաև շահադիտական շարժառիթը, նպատակը: Շահադիտական նպատակը հանցավորի ձգտումն է նյութական օգուտ ստանալ հափշտակված գույքի հաշվին` այն վերցնելով, իրենը դարձնելով և այլն: Իսկ եթե շահադիտական նպատակը բացակայում է և անձն ապօրինի, անհատույց տիրանում է ուրիշի գույքին այլ շարժառիթով, մասնավորապես` գույքի տիրոջը մերկացնելու, վրեժ լուծելու և այլ նպատակով, հափշտակության հանցակազմը բացակայում է:

 

Վերոգրյալ վերլուծությունների լույսի ներքո Վերաքննիչ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ Ալեքսեյ Գրինչուկի գործողություններում շահադիտական դրդումների առկայությունը քիչ հավանական է, որպիսի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նրան մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված չի կարող համարվել: Միաժամանակ Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Ալեքսեյ Գրինչուկի ենթադրյալ գործողություններն առերևույթ կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցակազմի, մասնավորապես` 118-րդ հոդվածի կամ 322-րդ հոդվածի 2-րդ մասի (եթե տուժողին էական վնաս է պատճառվել) հատկանիշներ:

 

Ավելին` ներկայացված վերոգրյալ նյութերի ուսումնասիրությունից առերևույթ հետևում է, որ Ալեքսեյ Գրինչուկի կողմից Մարատ Կիրիլյուկի բնակարանից «DVD» նվագարկիչ վերցնելը կրել է վերջինին պատժելու նպատակ, այլ ոչ թե նշված գործողությունը կատարվել է շահադիտական շարժառիթից ելնելով, քանի որ վկա Էդուարդ Մանուկյանն իր ցուցմունքում հայտնել է, որ Ալեքսեյն ասել է, թե «DVD» նվագարկիչը պետք չէ, թող մնա իր մոտ, որն էլ հետագայում ինքը տարել է տուն, որպեսզի այն չմնար բեռնախցիկում:

 

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը, արձանագրելով, որ ներկայացված նյութերում առկա են միայն մեղադրյալ Ալեքսեյ Գրինչուկի կողմից 147-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 118-րդ հոդվածով կամ 322-րդ հոդվածի 2-րդ մասով ենթադրյալ հանցանքները կատարած լինելու հիմնավոր կասկածը հավաստող տվյալներ, հարկ է համարում անդրադառնալ կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության հարցին:

 

(...) Տվյալ դեպքում Առաջին ատյանի դատարանը եկել է այն եզրահանգման, որ մեծ է ռիսկայնությունն առ այն, որ Ալեքսեյ Գրինչուկն ազատության մեջ մնալով կարող է քրեական դատավարությանը մասնակցող` հարցաքննված և դեռևս չհարցաքննված անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը և թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից, որպիսի մոտեցումը Վերաքննիչ դատարանի համար նույնպես ընդունելի է:

 

Միաժամանակ Վերաքննիչ դատարանը հարկ է համարում անդրադառնալ մեղադրյալ Ալեքսեյ Գրինչուկին կալանքից գրավով ազատելու հնարավորության հարցին:

 

(...) Վերաքննիչ դատարանի համար անընդունելի է Առաջին ատյանի դատարանի այն մոտեցումը, որ գրավի կիրառման միջոցով ողջամտորեն հնարավոր չէ ապահովել մեղադրյալ Ալեքսեյ Գրինչուկի հետագա պատշաճ վարքագիծը մինչդատական վարույթի ընթացքում և տվյալ դեպքում գրավը` որպես կալանավորման այլընտրանք, չի կարող գործուն երաշխիք հանդիսանալ կալանավորման վերը նշված հիմքերի չեզոքացման համար:

 

Վերաքննիչ դատարանը, անդրադառնալով մեղադրյալ Ալեքսեյ Գրինչուկին կալանքից գրավով ազատելու հնարավորության հարցին, գտնում է, որ տվյալ դեպքում այլընտրանքային երաշխիքն ի զորու է կանխելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը` նրան ազատ արձակելու դեպքում:

 

Վերաքննիչ դատարանի վերոգրյալ եզրահանգումը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ վերը նշված եզրահանգումների պայմաններում մեղադրյալ Ալեքսեյ Գրինչուկի ենթադրյալ գործողությունների արդյունքում հիմնավոր կասկածն առկա է ոչ մեծ և/կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար:

 

Բացի այդ, Վերաքննիչ դատարանը հարկ է համարում նկատել, որ մեղադրյալ Ալեքսեյ Գրինչուկի անձը հայտնի է, նա ունի մշտական բնակության վայր, ընտանիքը բաղկացած է 11 անդամներից, բնութագրվում է դրականորեն, նախկինում դատապարտված չի եղել, որպիսի պայմաններում Վերաքննիչ դատարանը գտնում է, որ քրեական գործով վարույթի ընթացքում մեղադրյալ Ալեքսեյ Գրինչուկի պատշաճ վարքագիծը հնարավոր է ապահովել նաև կալանավորման այլընտրանքային խափանման միջոցի` 1.000.000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ գրավի կիրառմամբ, որը, որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող է բացառել նրա կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և քրեական դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով վարույթն իրականացնող մարմնի աշխատանքները խոչընդոտելու հանգամանքը (...)» (տե´ս նյութեր, հատոր 2-րդ, թերթեր 24-40):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

 

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

 

8. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի համոզմամբ` Վերաքննիչ դատարանի որոշմամբ  խախտվել են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 135-րդ, 143-րդ և 288-րդ հոդվածների պահանջները, ինչն ազդել է գործի ելքի վրա:

 

Բողոքաբերը, վերլուծելով անձի նկատմամբ խափանման միջոց կիրառելու հիմքերի, ինչպես նաև` գրավի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի` թիվ ՏԴ2/0009/06/11, թիվ ԿԴ1/0062/06/12, թիվ ԱՎԴ/0022/06/08, թիվ ԵԷԴ/0138/06/13, թիվ ԱՐԴ/0121/01/11 որոշումները, եզրահանգել է, որ Վերաքննիչ դատարանը, Ա.Գրինչուկին առաջադրված մեղադրանքը «վերաորակելով» և կալանավորումը գրավով փոխարինելով, դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներից` կայացնելով անհիմն ու ապօրինի դատական ակտ:

 

Մասնավորապես, բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանն Ա.Գրինչուկին առաջադրված մեղադրանքի ծանրությունն անհիմն կերպով նվազեցրել է` արդյունքում կալանքի նպատակահարմարության հարցը դիտարկելով ոչ թե ծանր, այլ ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործությունների տեսանկյունից: Նման պայմաններում, ըստ բողոքաբերի, անտեսվել է կալանավորման անհրաժեշտության հիմքում ընկած հանցանքի որակական բնույթն ու հանրային վտանգավորության աստիճանը:

 

8.1. Բողոք բերած անձը նշել է նաև, որ Վերաքննիչ դատարանը սխալ եզրահանգման է եկել նաև այն առումով, որ տուժողների և մեղադրյալների կողմից տրված ցուցմունքների միջև հակասությունը մեկնաբանել է որպես հիմնավոր կասկածը հերքող հանգամանք: Ըստ բողոքաբերի` քրեական գործի քննության տվյալ փուլում, հատկապես, երբ առկա են վիճարկման ենթակա հանգամանքներ, հարցաքննված անձանց ցուցմունքների միջև կարող են առաջանալ հակասություններ, որոնց պատճառները և յուրաքանչյուր ցուցմունքի արժանահավատությունը, վերաբերելիությունը, հաստատումը կամ հերքումը, ապացուցողական տեսակարար կշիռն արդեն վերլուծության և քննարկման ենթակա է նախաքննության հետագա ընթացքում կամ դատարանում, բայց ոչ կալանավորման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ դատական քննության սահմաններում: 

 

8.2. Վերոնշյալի համատեքստում բողոքաբերը եզրահանգել է, որ մեղադրյալ Ա.Գրինչուկի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը գրավով փոխարինելու հարցում Վերաքննիչ դատարանի հետևությունը հիմնավորված ու պատճառաբանված չէ: 

 

9. Վերոշարադրյալի հիման վրա ՀՀ գլխավոր դատախազի տեղակալը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

 

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. հիմնավո՞ր է արդյոք Վերաքննիչ դատարանի հետևությունն առ այն, որ Ա.Գրինչուկի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածը բացակայում է:

 

11. ՀՀ Սահմանադրության 27-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի անձնական ազատության իրավունք: Ոչ ոք չի կարող անձնական ազատությունից զրկվել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և օրենքով սահմանված կարգով`

 

(…)

 

4) անձին իրավասու մարմին ներկայացնելու նպատակով, երբ առկա է նրա կողմից հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկած, կամ երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է հանցանքի կատարումը կամ դա կատարելուց հետո անձի փախուստը կանխելու նպատակով.

 

(…)»:

 

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն` «1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետևյալ դեպքերում և oրենքով uահմանված կարգով.

 

(…)

 

գ) անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար.

 

(…)»:

 

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 11-րդ հոդվածի համաձայն`

 

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատության և անձեռնմխելիության իրավունք:

 

2. Ոչ ոք չի կարող արգելանքի վերցվել և պահվել անազատության մեջ այլ կերպ, քան սույն օրենսգրքով նախատեսված հիմքերով և կարգով:

 

(…)»:

 

12. Կալանավորման պայմաններից մեկի` «հանցանք կատարած լինելու հիմնավոր կասկածի» էության և դրա ստուգման սահմանների վերաբերյալ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում ձևավորել է մի շարք իրավական դիրքորոշումներ: Այդ համատեքստում Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Էդգար Եղիազարյանի գործով որոշման շրջանակներում, հիմնվելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձևավորած նախադեպային իրավունքի վրա, ինչպես նաև վերահաստատելով և զարգացնելով իր կողմից նախկինում արտահայտված իրավական դիրքորոշումները, ընդգծվել են հետևյալ հանգամանքները`

 

- հիմնավոր կասկածի բացակայության դեպքում անձի ազատության իրավունքը սահմանափակելն ինքնին ապօրինի է,

 

-  հիմնավոր կասկածը չի պահանջում կատարված արարքի մեջ մեղադրյալի մեղավորությունն ապացուցող` հիմնավոր կասկածից վեր ապացուցման չափանիշին համապատասխան բավարար փաստերի առկայություն, այնուամենայնիվ, «կասկածը» պետք է լինի ողջամիտ, այն պետք է հիմնված լինի օրենքով սահմանված կարգով ձեռքբերված որոշակի փաստական տվյալների վրա (որոնք կվկայեն կատարված արարքին անձի առնչությունը և դեպքի, իրադարձության համընկնումը այն հանցանքին, որի առերևույթ կատարման մեջ անձը կասկածվում /մեղադրվում/ է), իսկ դրա առկայության կամ բացակայության վերաբերյալ դատարանի հետևությունները պետք է լինեն հիմնավորված և պատճառաբանված,

 

-   կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելիս պետք է ցույց տրվի, որ հանցանք կատարած լինելու կասկածը պահպանվել է և շարունակում է մնալ «հիմնավոր»: Ազատությունից զրկելու տևողությունը կարող է լինել կարևոր գործոն կասկածի` պահանջվող աստիճանի համար,

 

- մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնելիս, մասնավորապես` կալանավորման վերաբերյալ միջնորդությունը քննելիս դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից (տե´ս, mutatis mutandis, Ներսես Միսակյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի ապրիլի 10-ի թիվ ԱՐԴ1/0003/11/08 որոշումը), ուստիև հիմնավոր կասկածի առկայությունը ստուգելիս դատարանն իրավասու չէ կանխորոշելու մեղքի հարցը, իրավական գնահատական տալու անձի մեղավորությանը կամ անմեղությանը, անմիջականորեն փաստելու անձի արարքում հանցակազմի առկայությունը կամ բացակայությունը: Միևնույն ժամանակ դատարանը, վերոգրյալ հարցերի շուրջ իրավական գնահատականներ չտալով, իրավասու է որոշում կայացնելու կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու կամ ժամկետը երկարացնելու կամ վերահաստատելու վերաբերյալ քրեական հետապնդման մարմնի ներկայացրած միջնորդությունը մերժելու մասին այն դեպքում, երբ հավաստում է քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայությունը և դրա հնարավոր կիրառելիությունը: Ընդ որում, քրեական գործով վարույթը բացառող այդ հանգամանքի առերևույթ առկայության մասին վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում` ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա (օրինակ` արարքը, որի կատարման մեջ մեղադրվում է անձը, դրա կատարման պահին հանցագործություն չի համարվել (այդ առումով մանրամասն տե´ս, օրինակ, Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 27-ի վճիռը, գանգատ թիվ 23978/06), կամ որպես մեղադրյալ է ներգրավվել քրեական պատասխանատվության ենթարկվելու տարիքի չհասած անձը, կամ անցել են վաղեմության ժամկետները, ընդունվել է համաներման ակտ և այլն),

 

- հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումը ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող` միջնորդությանը կից ներկայացված նյութերին), իսկ արարքի փաստական կողմն առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին (օրինակ` անձին մեղսագրվել է խոշոր չափերով գողություն կատարելու հանցակազմը (ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետ), ինչը, սակայն, ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը, իսկ վերջինն առերևույթ վկայում է անձի արարքում գողության հասարակ հանցակազմի հատկանիշների առկայության մասին, կամ, օրինակ, անձին մեղսագրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված` զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հանցակազմը, սակայն արարքի փաստական նկարագրությունն ակնհայտորեն վկայում է զենքի գործադրման բացակայության, բայց միևնույն ժամանակ առերևույթ փաստում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 2-րդ կամ 3-րդ մասով նախատեսված որակյալ հանցակազմի առկայության մասին), (տե´ս Էդգար Եղիազարյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշման 15-րդ կետը):

 

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ`

 

ա) Վկա Է.Մանուկյանը 2017 թվականի փետրվարի 27-ի հարցաքննության ժամանակ հայտնել է, որ իր տաքսի ավտոմեքենայով Ա.Գրինչուկի և չորս այլ երիտասարդների հետ երթևեկել է Քանաքեռի ուղղությամբ: Ա.Գրինչուկը մեկ ուրիշ երիտասարդի հետ իջել է ավտոմեքենայից, ապա 20 րոպե անց վերադարձել` ձեռքին DVD նվագարկիչ, և իրեն ասել, որ բացի բեռնախցիկը: Եվս մի քանի րոպե անց մոտեցել է մյուս երիտասարդը` ձեռքին փայտե ժամացույց, որը նույնպես դրել են բեռնախցիկում: Իրենց իջեցնելուց հետո բեռնախցիկից վերցրել են ժամացույցը, իսկ DVD-ն Ալեքսեյն ասել է, որ պետք չէ և կարող է պահել իրեն (տե´ս սույն որոշման 5.1-րդ կետը):  

 

Տուժող Մ.Կիրիլյուկը 2017 թվականի փետրվարի 20-ի հարցաքննության ժամանակ հայտնել է, որ իր բնակարան են ներխուժել չորս անհայտ անձինք և հարձակվել իր վրա: Նշված անձանցից մեկը խուզարկել է բնակարանի իրերը և գումար փնտրել: Այդ անձանցից մեկ ուրիշը փորձել է հանել իր մատի մատանին` հարցնելով գումարի և ոսկեղենի տեղը: Ըստ տուժող Մ.Կիրիլյուկի` իր բնակարանից գողացել են DVD նվագարկիչ, պատի ժամացույց, ծաղկաման, 320.000 ՀՀ դրամ գումար և երկու բջջային հեռախոս (տե´ս սույն որոշման 5.2-րդ կետը):

 

Ա.Գրինչուկի հետ 2017 թվականի փետրվարի 28-ի առերես հարցաքննության ժամանակ տուժող Մ.Կիրիլյուկը տվել է, ըստ էության, նույնաբովանդակ ցուցմունքներ (տե´ս սույն որոշման 5.4-րդ կետը): 

 

Տուժող Ն.Մելիքյանը 2017 թվականի փետրվարի 20-ի հարցաքննության ժամանակ հայտնել է, որ Մ.Կիրիլյուկի բնակարան եկած չորս անձանցից մեկն իրենից փող է պահանջել` հակառակ դեպքում սպառնալով սպանել Մ.Կիրիլյուկին և ամեն ինչ իր վրա բարդել: Ինքն ու Մ.Կիրիլյուկը պահանջել են վերադարձնել իրենց հեռախոսները: Մ.Կիրիլյուկը պատմել է, որ իրեն հարվածել են հարդուկով և տնից տարել են ժամացույց, ծաղկաման և DVD նվագարկիչ: Իրենից գողացել են անձնագիրը, 100.000 ՀՀ դրամ արժողությամբ բնական սև մազերը և հեռախոսը (տե´ս սույն որոշման 5.3-րդ կետը):

 

Ա.Գրինչուկի հետ 2017 թվականի փետրվարի 28-ի առերես հարցաքննության ժամանակ տուժող Ն.Մելիքյանը հայտնել է, որ Ա.Գրինչուկն իր ձեռքից վերցրել է հեռախոսը, ապա սպառնացել, որ կսպանի Մ.Կիրիլյուկին և կբարդի իր վրա: Այնուհետև Ա.Գրինչուկն իրեն քաշքշել է` ասելով, որ ինքը նորմալ գումար է աշխատում և տանը փող կունենա: Իր բացասական պատասխանից հետո Ա.Գրինչուկը քանդել է դարակը, սակայն ինքը չի տեսել նրան գումար վերցնելիս: Չի տեսել նաև, թե ովքեր են Մ.Կիրիլյուկին ծեծել, գումար և ոսկեղեն պահանջել: Առավոտյան նկատել է, որ իր անձնագիրը, 4 շերտ բնական մազերը և հեռախոսը չկան: Մ.Կիրիլյուկի հետ նկատել են, որ չկան պատի ժամացույցը, հեռախոսները, ծաղկամանը և DVD նվագարկիչը: Ա.Գրինչուկն իրենից սպառնալիքով գումար չի պահանջել (տե´ս սույն որոշման 5.5-րդ կետը):

 

բ) Առաջին ատյանի դատարանը գտել է, որ առկա են ենթադրյալ հանրորեն վտանգավոր արարքների կատարմանն Ա.Գրինչուկի առնչությունը (հիմնավոր կասկածը) հաստատող ապացույցները, մասնավորապես` տուժողներ Ն.Մելիքյանի, Մ.Կիրիլյուկի, ցուցմունքները, վերջիններիս և կասկածյալի առերես հարցաքննությունների ցուցմունքները և անձին ճանաչման ներկայացնելու մասին արձանագրությունները: Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով Ա.Գրինչուկին մեղսագրվող արարքների հանրային վտանգավորության բնույթն ու աստիճանը, ակնկալվող պատժի խստությունը, եզրահանգել է, որ մեծ է ռիսկայնությունն առ այն, որ Ա.Գրինչուկը, մնալով ազատության մեջ, կարող է քրեական դատավարությանը մասնակցող` հարցաքննված և դեռևս չհարցաքննված անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը և թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Անդրադառնալով Ա.Գրինչուկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու հարցին` Առաջին ատյանի դատարանը փաստել է, որ այլընտրանքային երաշխիքն ի զորու չէ կանխելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը, և առկա է ողջամիտ ենթադրություն առ այն, որ ազատության մեջ մնալով` մեղադրյալը կարող է թաքնվել քրեական վարույթն իրականացնող մարմնից (տե´ս սույն որոշման 6-րդ կետը): 

 

գ) Վերաքննիչ դատարանի համոզմամբ ներկայացված նյութերը բավարար չեն հիմնավոր կասկածի առումով հաստատված համարելու, որ Ա.Գրինչուկի և Մ.Կիրիլյուկի միջև ծեծկռտուքը վերաճել է մեղադրյալի կողմից ավազակությամբ տուժողից գումար, ոսկեղեն և այլ իրեր հափշտակելուն: Բացի այդ, ստորադաս դատարանն արձանագրել է, որ ներկայացված նյութերում առկա է նաև հակասական և իրարամերժ փաստական տվյալ, մասնավորապես` այն, որ Ա.Գրինչուկը Ն.Մելիքյանից և/կամ Մ.Կիրիլյուկից գումար և ոսկեղեն է պահանջել: Վերաքննիչ դատարանը փաստել է, որ տուժողներ Ն.Մելիքյանն ու Մ.Կիրիլյուկն իրենց սկզբնական ցուցմունքներում նշել են Ա.Գրինչուկի և նրա ընկերների կողմից գումար և ոսկեղեն պահանջելու մասին, սակայն հետագայում Ն.Մելիքյանը նշել է, որ Մ.Կիրիլյուկին ծեծելու ու նրանից գումար և ոսկեղեն պահանջելու գործողություններին ինքն ականատես չի եղել: Ասվածի, ինչպես նաև մեղադրյալ Ա.Գրինչուկի` Մ.Կիրիլյուկից գումար և ոսկեղեն պահանջելու հանգամանքը հերքող ցուցմունքների հաշվառմամբ Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ Ա.Գրինչուկի գործողություններում շահադիտական դրդումների առկայությունը քիչ հավանական է, որպիսի պայմաններում ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նրան մեղսագրվող արարքում հիմնավոր կասկածի առկայությունը հաստատված չի կարող համարվել: Սույն հետևությունը Վերաքննիչ դատարանը հիմնավորել է նաև նրանով, որ ըստ վերջինիս` Ա.Գրինչուկի կողմից Մ.Կիրիլյուկի բնակարանից «DVD» նվագարկիչ վերցնելը կրել է վերջինին պատժելու նպատակ, այլ ոչ թե նշված գործողությունը կատարվել է շահադիտական շարժառիթից ելնելով, քանի որ վկա Է.Մանուկյանն իր ցուցմունքում հայտնել է, որ Ա.Գրինչուկն ասել է, թե «DVD» նվագարկիչը պետք չէ, թող մնա իր մոտ, որն էլ հետագայում ինքը տարել է տուն, որպեսզի այն չմնար բեռնախցիկում:

 

Վերոգրյալի հետ համատեղ Վերաքննիչ դատարանը գտել է, որ Ա.Գրինչուկի ենթադրյալ գործողություններն առերևույթ կարող են պարունակել ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված այլ հանցակազմի, մասնավորապես` 118-րդ հոդվածի կամ 322-րդ հոդվածի 2-րդ մասի (եթե տուժողին էական վնաս է պատճառվել) հատկանիշներ: Արդյունքում Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ ներկայացված նյութերում առկա են միայն մեղադրյալ Ալեքսեյ Գրինչուկի կողմից 147-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև 118-րդ հոդվածով կամ 322-րդ հոդվածի 2-րդ մասով ենթադրյալ հանցանքները կատարած լինելու հիմնավոր կասկածը հավաստող տվյալներ:

 

Անդրադառնալով կալանավորման հիմքերին` Վերաքննիչ դատարանն ընդունելի է համարել Առաջին ատյանի դատարանի դատողություններն այն մասին, որ Ա.Գրինչուկը, մնալով ազատության մեջ, կարող է քրեական դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով խոչընդոտել մինչդատական վարույթում գործի քննությանը և թաքնվել վարույթն իրականացնող մարմնից: Միևնույն ժամանակ Վերաքննիչ դատարանը գտել է, որ այլընտրանքային երաշխիքը` գրավը, ի զորու է կանխելու մեղադրյալի ոչ իրավաչափ վարքագիծը` պայմանավորված հատկապես այն հանգամանքով, որ Ա.Գրինչուկի ենթադրյալ գործողությունների արդյունքում հիմնավոր կասկածն առկա է ոչ մեծ և/կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար:

 

Վերաքննիչ դատարանը մեղադրյալ Ա.Գրինչուկի նկատմամբ գրավի կիրառման թույլատրելիությունը պայմանավորել է նաև այն հանգամանքներով, որ նրա անձը հայտնի է, ունի մշտական բնակության վայր, ընտանիքը բաղկացած է 11 անդամից, բնութագրվում է դրական, նախկինում դատապարտված չի եղել: Ըստ Վերաքննիչ դատարանի` գրավը` որպես բավարար և ողջամիտ միջոց, կարող է բացառել Ա.Գրինչուկի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և քրեական դատավարության մասնակիցների վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով վարույթն իրականացնող մարմնի աշխատանքները խոչընդոտելու հանգամանքները (տե´ս սույն որոշման 7-րդ կետը): 

 

14. Նախորդ կետում մեջբերված փաստական տվյալները գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Ա.Գրինչուկի կողմից` ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով նախատեսված հանցագործության առերևույթ կատարման վերաբերյալ հիմնավոր կասկածի բացակայության մասին Վերաքննիչ դատարանի հետևությունները հիմնավոր չեն:

 

Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով տուժողներ Ն.Մելիքյանի և Մ.Կիրիլյուկի սկզբնական, ինչպես նաև վերջիններիս` մեղադրյալ Ա.Գրինչուկի հետ առերես հարցաքննության ժամանակ տված ցուցմունքները (տե´ս սույն որոշման 5.2-5.5-րդ կետերը), դրանք համադրելով գործում առկա այլ նյութերի հետ, արձանագրում է, որ նշված փաստական տվյալների առկայությունն արդեն իսկ բավարար է դատավարության տվյալ փուլում ողջամիտ ենթադրություն անելու, որ մեղադրյալ Ա.Գրինչուկին վերագրված արարքն առերևույթ բովանդակում է ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի հատկանիշները: Այլ կերպ` ըստ Վճռաբեկ դատարանի` սույն գործով առկա են բավարար հիմքեր` եզրակացնելու, որ Ա.Գրինչուկն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցագործությանը, և դեպքը, իրադարձությունը համընկնում են այն առերևույթ հանցանքին, որի կատարման մեջ վերջինս մեղադրվում է:

 

14.1. Ինչ վերաբերում է գումար և ոսկեղեն պահանջելու մասով տուժողների և մեղադրյալ Ա.Գրինչուկի կողմից տրված ցուցմունքներում առկա հակասության, ինչպես նաև վկա Է.Մանուկյանի ցուցմունքների հիման վրա Վերաքննիչ դատարանի կողմից արված այն հետևություններին (տե´ս սույն որոշման 7-րդ, 13-րդ կետերը), որ Ա.Գրինչուկին վերագրված արարքում ավազակության հանցակազմի սուբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշի` շահադիտական շարժառիթի առկայության վերաբերյալ հիմնավոր կասկածը չի հաստատվում, ապա Վճռաբեկ դատարանը, հիմնվելով սույն որոշման 12-րդ կետի հատկապես վերջին երկու պարբերություններում արտահայտված իրավական դիրքորոշումների վրա, գտնում է, որ այդպիսի դատողությունն իրավաչափ չի կարող համարվել: Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ հիմնավոր կասկածի հարցը գնահատման ենթարկելիս`

 

- դատարանն իրավասու չէ քննարկման առարկա դարձնելու այնպիսի հարցեր, որոնք դուրս են այդ պահին իր առջև դրված խնդիրների շրջանակից,

 

- քրեական գործով վարույթը բացառող հանգամանքի առերևույթ առկայության մասին դատարանի վկայությունը պետք է լինի ոչ թե ներկայացված նյութերի, այդ թվում` ապացույցների` գործն ըստ էության քննելու և լուծելու ժամանակ պահանջվող աստիճանի չափ բազմակողմանի և խորը վերլուծության արդյունք, այլ այդպիսի վկայությունը պետք է հիմնված լինի ներկայացված նյութերից բխող համեմատաբար ակնհայտ փաստերի վրա,

 

- վճռորոշ նշանակություն կարող են ունենալ այն իրավիճակները, երբ արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չհամապատասխանի արարքի փաստական նկարագրությանը (կամ անձին վերագրված փաստերը հաստատող` միջնորդությանը կից ներկայացված նյութերին), իսկ արարքի փաստական կողմն առերևույթ վկայի արարքին տրված իրավական որակման համեմատությամբ իր բնույթով առավել նվազ ծանրության ենթադրյալ հանցագործության կատարման մասին (տե´ս Էդգար Եղիազարյանի գործով թիվ ԵԱՆԴ/0017/06/16 որոշման 15-րդ կետը):

 

Այլ կերպ` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ տուժողների և մեղադրյալ Ա.Գրինչուկի կողմից տրված ցուցմունքներում առկա վերոհիշյալ հակասությունը, վկա Է.Մանուկյանի համապատասխան ցուցմունքները չեն կարող դիտվել որպես Ա.Գրինչուկին վերագրված արարքում շահադիտական շարժառիթի առերևույթ բացակայության մասին վկայող համեմատաբար ակնհայտ փաստ: Ավելին` նշյալ հանգամանքներն ամենևին չեն փաստում այն մասին, որ Ա.Գրինչուկին մեղսագրված արարքին տրված իրավական որակումն ակնհայտորեն չի համապատասխանում արարքի փաստական նկարագրությանը կամ Ա.Գրինչուկին վերագրված փաստերը հաստատող` միջնորդությանը կից ներկայացված նյութերին: Վերոգրյալի առնչությամբ Վճռաբեկ դատարանն իր համաձայնությունն է հայտնում նաև բողոքաբերի հետևյալ փաստարկին. «Քրեական գործի քննության տվյալ փուլում, հատկապես, երբ առկա են վիճարկման ենթակա հանգամանքներ, հարցաքննված անձանց ցուցմունքների միջև կարող են առաջանալ հակասություններ, որոնց պատճառները և յուրաքանչյուր ցուցմունքի արժանահավատությունը, վերաբերելիությունը, հաստատումը կամ հերքումը, ապացուցողական տեսակարար կշիռն արդեն վերլուծության և քննարկման ենթակա է նախաքննության հետագա ընթացքում կամ դատարանում, բայց ոչ կալանավորման օրինականության և հիմնավորվածության վերաբերյալ դատական քննության սահմաններում» (տե´ս սույն որոշման 8.1.-րդ կետը): 

 

15. Նախորդ կետում արված դատողությունները Վճռաբեկ դատարանին հիմք են տալիս եզրակացնելու, որ Ա.Գրինչուկի արարքում ավազակության հանցակազմի հիմնավոր կասկածի առկայությունը համապատասխան պատճառաբանություններով հերքելով` Վերաքննիչ դատարանը դուրս է եկել մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության սահմաններից:

 

16. Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ ստորադաս դատարանները հաստատված են համարել մեղադրյալի կողմից ոչ պատշաճ վարքագիծ դրսևորելու, այդ թվում` դատավարության մասնակիցների վրա հնարավոր անօրինական ազդեցություն գործադրելու միջոցով գործի քննությանը խոչընդոտելու և վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու հավանականությունը: Այդ համատեքստում անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն հետևությանը, որ մեղադրյալ Ա.Գրինչուկի նկատմամբ գրավ կիրառելու վերջինիս եզրահանգումը պայմանավորված է հատկապես այն հանգամանքով, որ մեղադրյալ Ա.Գրինչուկի ենթադրյալ գործողությունների արդյունքում հիմնավոր կասկածն առկա է ոչ մեծ և/կամ միջին ծանրության հանցագործությունների կատարման համար` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն որոշման 14-15-րդ կետերում արտահայտված իրավական դիրքորոշումներն արդեն իսկ բավարար են (մեղադրյալին մեղսագրված արարքներից ավազակությունը դասվում է ծանր հանցանքների շարքին) անհիմն համարելու այդպիսի հետևությունը:

 

Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի կողմից մատնանշված` Ա.Գրինչուկի անձը բնութագրող հանգամանքներին (տե´ս սույն որոշման 7-րդ կետը), ապա Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերոգրյալի պայմաններում դրանք չեն կարող բավարար լինել մեղադրյալի նկատմամբ գրավի` որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառման համար:

 

Ասվածի համատեքստում հաշվի առնելով նաև Դ.Վարդանյանի գործով արտահայտված իրավական դիրքորոշումներն առ այն, որ մեղադրյալի կողմից դատավարությանը մասնակցող անձանց վրա անօրինական ազդեցություն գործադրելու ճանապարհով վարույթի պատշաճ ընթացքին խոչընդոտելու վտանգի չեզոքացման գործուն երաշխիք գրավը չի կարող հանդիսանալ (տե´ս Դավիթ Վարդանյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2014 թվականի հոկտեմբերի 31-ի թիվ ԵԱՔԴ/0056/06/14 որոշման 19-րդ կետը)` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ գրավի կիրառումը մերժելու հարցում Առաջին ատյանի դատարանը եկել է իրավաչափ եզրահանգման: 

 

17. Այսպիսով, ամփոփելով վերոշարադրյալը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը սույն գործով դատական ակտ կայացնելիս թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 7-րդ, 143-րդ, 288-րդ, 358-րդ հոդվածների պահանջների խախտում, ինչն իր բնույթով էական է, քանի որ ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա և, համաձայն ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների, հիմք է ստորադաս դատարանի դատական ակտը բեկանելու համար: Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Առաջին ատյանի դատարանը կայացրել է գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտ, թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող դատական սխալ: Ուստի արդարադատության արդյունավետության շահերից ելնելով` անհրաժեշտ է օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 2-ի որոշմանը` հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

Վճռաբեկ դատարանը փաստում է նաև, որ Առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին պետք է հաշվակցել Ա.Գրինչուկին փաստացի արգելանքի վերցնելու պահից` 2017 թվականի փետրվարի 27-ից մինչև ազատ արձակվելը նրա` անազատության մեջ գտնվելու ժամկետը, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին որպես գրավի գումար մուծված 1.000.000 ՀՀ դրամը պետք է վերադարձնել գրավատուին:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ,     43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Մեղադրյալ Ալեքսեյ Անդրեյի Գրինչուկի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի մարտի 28-ի որոշումը բեկանել և օրինական ուժ տալ Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի մարտի 2-ի որոշմանը` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները:

 

2. Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի որոշմամբ սահմանված` կալանավորման 2 ամիս ժամկետին հաշվակցել 2017 թվականի փետրվարի 27-ից մինչև ազատ արձակվելը մեղադրյալ Ա.Գրինչուկի` անազատության մեջ գտնվելու ժամկետը:

 

3. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դեպոզիտ հաշվին որպես գրավի գումար մուծված 1.000.000 ՀՀ դրամը վերադարձնել գրավատուին:

 

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան