Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.04/51(1409).1 Հոդ.780.21
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0441/02/16

Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0441/02/16
2018թ.

Նախագահող դատավոր՝ Կ. Հակոբյան  

Դատավորներ՝

 Ա. Հունանյան

 

 Ա. Մկրտչյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ն. Տավարացյանի

 

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Լուսինե Հովսեփյանի ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանի և Ծովինար Բալայանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացատարանի 04.07.2017 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Լուսինե Հովսեփյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության՝ ազատությունից ապօրինի զրկելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին,

Պ Ա Ր Զ Ե Ց

1.Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Լուսինե Հովսեփյանը պահանջել է Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ ոստիկանության կողմից իրեն անազատության մեջ ապօրինի պահելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 10.04.2017 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 04.07.2017 թվականի որոշմամբ Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ոստիկանության, վերաքննիչ բողոքը բավարարվել է, Դատարանի 10.04.2017 թվականի վճիռը բեկանվել է և փոփոխվել՝ սույն քաղաքացիական գործի վարույթը կարճվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք են ներկայացրել Լուսինե Հովսեփյանի ներկայացուցիչները:

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 61-րդ և 63-րդ հոդվածները, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ և 13-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 27-րդ, 29-րդ, 40-րդ, 109-րդ, 205-րդ, 213-րդ հոդվածները, չի կիրառել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 18-րդ, 162.1-րդ հոդվածները, որոնք պետք է կիրառեր, կիրառել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ, 100-րդ, 102-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր։

Բողոք բերած անձինք նշված պնդումը պատճառաբանել են հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ Լուսինե Հովսեփյանը հայց ներկայացնելիս ղեկավարվել է բացառապես ՀՀ քաղաքացիական օրենսգրքի դրույթներով, որոնցով սահմանված չէ, որ անձը պարտականություն ունի նախքան Հայաստանի Հանրապետության դեմ ոչ նյութական վնասի հատուցման պահանջով հայց ներկայացնելը, այդ վնասի փոխհատուցման պահանջով դիմել վնասը պատճառած վարչական մարմնին: Իսկ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածով սահմանված նորմը սույն գործով կիրառելի չէ, քանի որ Լուսինե Հովսեփյանի պահանջը ներկայացված է ոչ թե ՀՀ ոստիկանության, այլ՝ Հայաստանի Հանրապետության դեմ: Ընդ որում, Լուսինե Հովսեփյանն անհրաժեշտ և նպատակահարմար չի գտել իրեն պատճառված ոչ նյութական վնասի հատուցումը պահանջել վարչական կարգով, քանի որ այդ պահանջը հավանաբար կմերժվեր ՀՀ ոստիկանության կողմից: Փաստորեն, սույն քաղաքացիական գործի վարույթը կարճվելու հետևանքով Լուսինե Հովսեփյանը մեկընդմիշտ զրկվել է իրեն պատճառված բարոյական վնասի հատուցում ստանալու իրավունքից:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ սույն գործով վերաքննիչ բողոքը բերվել է ՀՀ ոստիկանության կողմից, մինչդեռ սույն գործով պատասխանող կողմ է հանդիսացել Հայաստանի Հանրապետությունը, այլ ոչ թե ՀՀ ոստիկանությունը, հետևաբար ՀՀ ոստիկանության վերաքննիչ բողոքը չէր կարող ընդունվել Վերաքննիչ դատարանի վարույթ:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձինք պահանջել են բեկանել Վերաքննիչ դատարանի 04.07.2017 թվականի որոշումը և օրինական ուժ տալ Դատարանի 10.04.2017 թվականի վճռին։

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունի հետևյալ փաստը.

Թիվ ՎԴ/9046/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանի 09.07.2015 թվականի վճռով Լուսինե Հովսեփյանի հակընդդեմ հայցն ընդդեմ ՀՀ ոստիկանության՝ ոստիկանության գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին, մասնակիորեն բավարարվել է և Լուսինե Հովսեփյանին 04.09.2013 թվականին վարչական ձերբակալման ռեժիմում երեք ժամից ավելի պահելուն ուղղված ՀՀ ոստիկանության գործողությունները ճանաչվել են ոչ իրավաչափ: ՀՀ վարչական դատարանի վճիռն այդ մասով չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ (հատոր 1-ին, գ.թ. 13-47):

4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները՝ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքի իրացման կառուցակարգի վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրումներին.

1)   ինչպիսի՞ վարչական և դատավարական գործողությունների միջոցով անձը կարող իրացնել ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իր իրավունքը,

2)  ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հայցապահանջի հիման վրա հարուցված գործն ընդդատյա է արդյո՞ք ընդհանուր իրավասության դատարանին:

2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ անձը, ում իրավունքը խախտվել է, կարող է պահանջել իրեն պատճառված վնասների լրիվ հատուցում, եթե վնասների հատուցման ավելի պակաս չափ նախատեսված չէ օրենքով կամ պայմանագրով: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ), ինչպես նաև ոչ նյութական վնասը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ապօրինի գործողությունների (անգործության)` ներառյալ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին կամ այլ իրավական ակտին չհամապատասխանող ակտի հրապարակման հետևանքով քաղաքացուն կամ իրավաբանական անձին պատճառված վնասները հատուցում է Հայաստանի Հանրապետությունը կամ համապատասխան համայնքը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ նույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ:

Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները. (1) կյանքի իրավունքը. (2) խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի չենթարկվելու իրավունքը. (3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը. (4) արդար դատաքննության իրավունքը. (5) անձնական և ընտանեկան կյանքը հարգելու, բնակարանի անձեռնմխելիության իրավունքը. (6) մտքի, խղճի և կրոնի ազատության, սեփական կարծիքն ազատ արտահայտելու իրավունքը. (7) հավաքների և միավորման ազատության իրավունքը. (8) իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը. (9) սեփականության իրավունքը:

Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Վերը նշված իրավական նորմերի բովանդակությունից հետևում է, որ 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությունը մարդու հիմնարար իրավունքների շարքում ամրագրել է նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, այդ թվում նաև՝ վարչարարությամբ, պատճառված վնասի հատուցման իրավունքը՝ այդ վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանելու իրավասությունը վերապահելով օրենսդրին:

ՀՀ սահմանադրական դատարանը, դեռևս 05.11.2013 թվականի թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ անդրադառնալով պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքի երաշխավորված իրացման անհրաժեշտության հարցին, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ բարոյական վնասը և բարոյական վնասի նյութական հատուցման հնարավորությունը բխում են մարդու իրավունքների պաշտպանության հարցում որդեգրված սահմանադրաիրավական մոտեցումներից: Մարդու արժանապատվության առանցքային բաղադրատարրերից մեկը, ի թիվս այլնի, հանդիսանում է անհատական հատկանիշներով պայմանավորված բարոյական տառապանքներից զերծ մնալը: Ազատությունից ապօրինի զրկելու կամ ապօրինի խուզարկության դեպքում անձին պատճառված վնասը չի կարող մեխանիկորեն հանգեցվել սոսկ կրած ֆիզիկական կամ նյութական վնասի փոխհատուցմանը, քանզի տվյալ դեպքում տուժած անձին տրամադրված փոխհատուցումը համարժեք չի լինի վերջինիս կրած հոգեկան տառապանքներին: Միաժամանակ ելնելով մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության և դրանցով պայմանավորված` բարոյական վնասի ինստիտուտին առնչվող կանոնակարգումների լիարժեքությունն ապահովելու անհրաժեշտությունից` ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ բարոյական վնասի նյութական փոխհատուցման ընդհանուր չափանիշներն ու կարգը պետք է օրենսդրորեն հստակ ամրագրվեն, որպեսզի երաշխավորվի համապատասխան դեպքերում և կարգով անձին պատճառված բարոյական վնասի ողջամիտ և արդարացի փոխհատուցումը, ապահովվի ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված մարդու իրավունքների և ազատությունների արդյունավետ իրականացումը և չխոչընդոտվի Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնված միջազգային պարտավորությունների բարեխիղճ կատարումը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված հարաբերությունների ընդհանուր իրավակարգավորումները նախատեսել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ նյութական վնասի հատուցման իրավունքի վերաբերյալ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վերոնշյալ իրավակարգավորումների մեկնաբանությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ ոչ նյութական վնասի հատուցում կարելի է պահանջել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 2-րդ մասում թվարկված հիմնարար իրավունքներից որևէ մեկի կամ միաժամանակ մի քանիսի խախտման դեպքում. դրանցից է անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը: ՀՀ վճռաբեկ դատարանն ընդգծել է, որ հատուցման է ենթակա միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատճառված ոչ նյութական վնասը: Ընդ որում, վերոնշյալ անձանց կողմից կատարված խախտումը չպետք է լինի ենթադրյալ խախտում. այն պետք է հաստատված լինի դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի կողմից (տե՛ս, Մամիկոն Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության թիվ ԵԿԴ/3296/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի վկայակոչված իրավադրույթների բովանդակությունից հետևում է, որ ընդհանուր կանոնի համաձայն՝ ոչ նյութական վնասի հատուցումը տեղի է ունենում դատական կարգով: Այլ կերպ ասած, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով շահագրգիռ անձը, որպես ընդհանուր կանոն, կարող է անմիջապես դիմել դատարան: Միևնույն ժամանակ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 5-րդ մասում այդ ընդհանուր կանոնից կատարել է բացառություն՝ սահմանելով, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց՝ վարչարարություն հանդիսացող ոչ իրավաչափ գործողությունների կամ անգործության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Այլ կերպ ասած, եթե ոչ նյութական վնասը պատճառվել է պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով, ապա այդ դեպքում կիրառվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի՝ վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված վարչական մարմինների և մասնավոր անձանց միջև ծագող հարաբերությունները կարգավորող կանոնները:

Այսպես, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ նույն օրենքը (...) կարգավորում է (...) վարչարարությամբ հասցված վնասի հատուցման հետ կապված` վարչական մարմինների և ֆիզիկական կամ իրավաբանական անձանց (...) միջև ծագած հարաբերությունները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ նույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝ վարչական մարմիններ` (ա) Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմիններ՝ Հայաստանի Հանրապետության նախարարություններ, ինչպես նաև Հանրապետության ողջ տարածքում վարչարարություն իրականացնող պետական այլ մարմիններ. (բ) տարածքային կառավարման մարմիններ` մարզպետներ. (գ) տեղական ինքնակառավարման մարմիններ` համայնքի ավագանի և համայնքի ղեկավար:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական մարմինների կողմից իրականացվող վարչարարության հետևանքով անձանց պատճառված վնասը ենթակա է հատուցման նույն օրենքի 7-րդ բաժնի դրույթներին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարության (...) հետևանքով անձանց պատճառված վնասի համար պատասխանատվությունը կրում է`(ա) Հայաստանի Հանրապետությունը` նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված վարչական մարմինների դեպքում. (բ) համապատասխան համայնքը` նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «գ» ենթակետում նշված վարչական մարմինների դեպքում:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 96-րդ հոդվածի համաձայն` վնասի հատուցում չի իրականացվում, քանի դեռ վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ չի ճանաչվել (...):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է դա: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնասի հատուցման պահանջը ներկայացվում է դիմումի միջոցով, որի նկատմամբ կիրառվում են նույն օրենքի 31-րդ հոդվածի կանոնները:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 102-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` վարչական մարմնում վնասի հատուցման պահանջը քննարկվում և լուծվում է դիմումի քննարկման համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վնաս կրած անձը վարչական մարմնի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է դա բողոքարկել` վարչական ակտը, վարչական մարմնի գործողությունը կամ անգործությունը բողոքարկելու համար` նույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ոչ իրավաչափ վարչարարությամբ ֆիզիկական անձի ազատությունը սահմանափակելու, նրա անձեռնմխելիությունը, բնակարանի անձեռնմխելիությունը, անձնական կամ ընտանեկան կյանքի անձեռնմխելիությունը խախտելու, նրա պատիվը, բարի համբավը կամ արժանապատվությունն արատավորելու միջոցով ոչ գույքային վնաս պատճառելու դեպքերում այդ անձն իրավունք ունի պահանջելու դրամական միջոցներով հատուցում կամ առաջացած հետևանքների վերացում` պատճառված ոչ գույքային վնասին համարժեք չափով:

ՀՀ սահմանադրական դատարանը, 07.11.2017 թվականի թիվ ՍԴՈ-1383 որոշմամբ անդրադառնալով հանրային իշխանության մարմինների ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում անձանց պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքի սահմանադրաիրավական բովանդակությանը, արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անձանց հասցված վնասի (գույքային և ոչ գույքային բնույթի) հետ կապված հարաբերությունները՝ պայմանավորված հանրային իշխանության մարմինների գործունեությամբ, իրավակարգավորման ենթարկելիս առաջնահերթ հիմք են ընդունվել ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածով երաշխավորված՝ այդպիսի վնասի հատուցման իրավունքի բովանդակությունը և դրա իրացման ու պաշտպանության իրավական ընդհանուր սկզբունքները, մասնավորապես. անձն ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք, վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով, անձինք իրենց իրավունքները պաշտպանելու նպատակով իրավունք ունեն բողոքարկելու վարչական ակտերը, վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական կամ դատական կարգով:

Ըստ ՀՀ սահմանադրական դատարանի՝ օրենսդիրը նախատեսել է ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցում պահանջելու նախապայման, այն է՝ ոչ իրավաչափ ճանաչել վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի իրավակարգավորումների համաձայն կարող է հետևել վարչարարության հետևանքով վնաս պատճառած մարմնին հատուցման պահանջ ներկայացնելը: Այսինքն՝ պահանջի իրավունքն անձը ձեռք է բերում վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը, որով անձին վնաս է հասցվել, սահմանված կարգով ոչ իրավաչափ ճանաչվելու դեպքում: ՀՀ սահմանադրական դատարանը գտել է, որ նման նորմատիվ պայմանը հետապնդում է իրավական հիմնավոր նպատակ և միտված է պատճառված վնասի հատուցման (վարչական կամ դատական կարգով) Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքի իրացման համար իրավական բարենպաստ պայմաններ (նախադրյալներ) ստեղծելուն:

ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի հատուցման իրավունքի իրականացման կառուցակարգին, իր նախկին որոշումներում ձևավորել է այն կայուն նախադեպային դիրքորոշումը, որի համաձայն՝ ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաu հաuցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը: Դրանից հետո միայն անձը պարտավոր է ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը բողոքարկել վերադասության կամ դատական կարգով (տե՛ս, Ժորա Սարգսյանն ընդդեմ Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղապետարանի թիվ ՎԴ/0277/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 03.12.2009 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 18-րդ հոդվածով և «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 95-րդ հոդվածով ու նույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված իրավադրույթների համակարգային վերլուծությունը վկայում է այն մասին, որ նշված օրենսդրական ակտերը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի (այդ թվում նաև՝ ոչ նյութական) հատուցման պարտականություն կրող սուբյեկտների հարցում նախատեսել են նույնանման իրավական կարգավորումներ: Այսպես, ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը սահմանում է, որ պետական մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ պատճառված վնասի (այդ թվում նաև՝ ոչ նյութական) հատուցման պարտականություն կրող սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց դեպքում՝ համապատասխան համայնքը: Իր հերթին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական և տարածքային կառավարման մարմինների ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված վնասի (այդ թվում նաև՝ ոչ նյութական) հատուցման պարտականություն կրող սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, իսկ տեղական ինքնակառավարման մարմինների դեպքում՝ համապատասխան համայնքը:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը (այդ թվում նաև՝ ոչ նյութական) հատուցելու պարտականությունը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կատարում են այն վարչական մարմինների միջոցով, որոնց դրսևորած ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության կամ համայնքի մոտ առաջացել է վնասի (այդ թվում նաև՝ ոչ նյութական) հատուցման պարտականությունը, քանի որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ հոդվածի 1-ին մասում օրենսդիրը նախատեսել է, որ վնասի հատուցման պահանջը պետք է ներկայացվի այն վարչական մարմին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է այդ վնասը: Այլ կերպ ասած, Հայաստանի Հանրապետությունից կամ համայնքից ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասի (այդ թվում նաև՝ ոչ նյութական) հատուցումը կարող է պահանջվել այն վարչական մարմնից, որի ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառվել է այդ վնասը: Տվյալ դեպքում ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը (այդ թվում նաև՝ ոչ նյութական) հատուցելու պարտականությունը կրող սուբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է կամ համայնքը, որոնք այդ պարտականությունը կատարում են համապատասխան վարչական մարմնին ներկայացված՝ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը (այդ թվում նաև՝ ոչ նյութական) հատուցելու դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի շրջանակներում նշված դիմումը քննարկելու և օրենքով նախատեսված հիմքերի առկայության դեպքում այն բավարարելու մասին որոշում ընդունելու միջոցով:

Նախկինում կայացված որոշումներից մեկում ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 100-րդ և 102-րդ հոդվածների վկայակոչված իրավադրույթների վերլուծությունից հետևում է, որ վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումի նկատմամբ կիրառելի են օրենքով վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող ընդհանուր պահանջները, իսկ վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումը վարչական մարմինը քննարկում և լուծում է վարչական վարույթի հարուցման համար հիմք հանդիսացող դիմումների քննարկման համար օրենքով սահմանված ընդհանուր կանոններին համապատասխան: Փաստորեն, վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումը՝ ուղղված իրավասու վարչական մարմնին (այն վարչական մարմնին, որի վարչարարության հետևանքով պատճառվել է այդ վնասը), «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված ընդհանուր կարգով վարչական վարույթ հարուցելու հիմք է (տե՛ս, Էրիկ Վարդանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/0528/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2017 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջով դիմելով համապատասխան վարչական մարմնին՝ շահագրգիռ անձը հայցում է իր պահանջի բավարարման վերաբերյալ բարենպաստ վարչական ակտի ընդունում: Մյուս կողմից, իրավակիրառ պրակտիկայում հնարավոր են այնպիսի իրավիճակներ, երբ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժվում է համապատասխան վարչական մարմնի կողմից: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժելու մասին որոշումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում հանդիսանում է միջամտող վարչական ակտ, քանի որ այն համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 53-րդ հոդվածով սահմանված՝ վարչական ակտի հասկացությանը բնորոշ բոլոր հատկանիշներին (վարչական ակտի հասկացության մասին առավել մանրամասն տե՛ս Ռոբերտ Հովհաննիսյանն ընդդեմ Երևանի քաղաքապետարանի թիվ ՎԴ/4651/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը վարչական մարմնի կողմից լրիվ կամ մասնակիորեն մերժվելու դեպքում շահագրգիռ անձը կարող է դիմել իր խախտված իրավունքների ինչպես վարչական, այնպես էլ դատական պաշտպանության՝ մասնավորապես, դատարանի առջև բարձրացնելով ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժելու մասին վարչական մարմնի որոշման իրավաչափության հարցը, ինչպես նաև պահանջելով պարտավորեցնել համապատասխան վարչական մարմնին ընդունելու շահագրգիռ անձի դիմումով հայցվող համապատասխան բարենպաստ վարչական ակտը:

Այս համատեքստում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված նմանատիպ վեճերը բխում են հանրային իրավահարաբերություններից և ընդդատյա են վարչական դատարանի քննությանը հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ դատական օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ընդհանուր իրավասության դատարանին են ենթակա բոլոր գործերը, բացառությամբ վարչական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի: Նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վարչական դատարանն ըստ էության քննում է Վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված վարչական գործերը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն՝ վարչական դատարանին ընդդատյա են հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (...):

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ քաղաքացիական բոլոր գործերն ընդդատյա են առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին:

Վկայակոչված իրավադրույթների համակարգային վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ընդդատությունը՝ որպես դատավարական ինստիտուտ, դատավարական նորմերի այնպիսի համակցություն է, որոնք կարգավորում են դատարանի քննությանը ենթակա բոլոր գործերի բաշխումը ՀՀ դատական իշխանության առաջին ատյանի կոնկրետ դատարանների միջև։ Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր իրավասության դատարանի ընդդատության շրջանակն ընդգրկում է բոլոր գործերը՝ բացառությամբ վարչական դատարանի քննությանը վերապահված գործերի, իսկ վարչական դատարանի ընդդատության շրջանակը ներառում է հանրային իրավահարաբերություններից բխող վեճերից ծագող գործերը։ Փաստորեն, դատական գործերի տարանջատումը քաղաքացիականի և վարչականի պայմանավորված է այդ գործերով վիճելի իրավահարաբերության բնույթով. կոնկրետ գործի՝ առարկայական ընդդատության հարցը բացահայտելու համար անհրաժեշտ է պարզել այդ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը, այսինքն՝ այն հարցը, թե արդյոք տվյալ գործը ծագում է հանրային, թե մասնավոր իրավահարաբերություններից բխող վեճից: Այսպիսով, իրավունքների պաշտպանության հայցի կամ դիմումի հիման վրա հարուցված գործերի առարկայական ընդդատության հարցը որոշվում է՝ ելնելով այն հանգամանքից, թե ինչպիսի (հանրային կամ մասնավոր) իրավահարաբերություններից ծագող վեճից է բխում այդ գործերի հարուցման համար հիմք հանդիսացած պահանջը:

ՀՀ վճռաբեկ դատարանը մի շարք որոշումներում անդրադարձել է հանրային և մասնավոր իրավահարաբերությունների տարբերակման և դրա հիման վրա դատական գործերի ընդդատության տարանջատման հարցին: Այսպես, ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի բնորոշման՝ հանրային է այն իրավահարաբերությունը, որում կողմերից մեկի դերում անպայմանորեն հանդես է գալիս հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտը, որն այդ հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները: Իրավահարաբերության հանրային լինելու և դրանից բխող վեճը վարչական դատարանին ընդդատյա լինելու հանգամանքը պարզելու նպատակով պետք է գնահատման առարկա դարձվեն հետևյալ հանգամանքները.

1.   արդյո՞ք իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, թե՝ ոչ,

2.  արդյո՞ք այդ իրավահարաբերության բովանդակությունը կազմում է հանրային իշխանական լիազորությամբ օժտված սուբյեկտի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման պարտականությունը, թե՝ ոչ,

3.  արդյո՞ք այդ իրավահարաբերությունը ծագել է հանրային շահի իրացման կապակցությամբ (իրավահարաբերությունն ուղղված է եղել հանրային շահի`        սոցիալ-իրավական պրակտիկայում իրացմանը և առարկայացմանը), թե՝ ոչ:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ միայն վերոգրյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում է հնարավոր փաստել իրավահարաբերության հանրային լինելու հանգամանքը, ինչպես նաև այդ հարաբերությունից բխող վեճերի ընդդատության հարցը (տե՛ս, «Վեստ» ՍՊԸ-ն ընդդեմ ՀՀ էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գործակալության թիվ ՎԴ/0823/05/14, թիվ ՎԴ/0830/05/14 և թիվ ՎԴ/1621/05/14 վարչական գործերով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումները):

Հաշվի առնելով վերը նշված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված իրավահարաբերության կողմերից մեկը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է՝ այն վարչական մարմինը, որի ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում անձանց պատճառվել է ոչ նյութական վնաս: Քննարկվող իրավահարաբերության բովանդակությունն այդ վարչական մարմնի կողմից իր հանրային իշխանական լիազորությունների իրականացման, այն է՝ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պարտականությունն է, որը ծագում է պատշաճ վարչարարության ապահովման միջոցով մարդու հիմնարար իրավունքների երաշխավորված իրացմանն ուղղված հանրային շահի կենսագործման կապակցությամբ: Հետևաբար ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված իրավահարաբերությունից բխող վեճերն ընդդատյա են վարչական դատարանին և ենթակա են քննության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժելու մասին վարչական մարմնի որոշման իրավաչափության հարցը, ինչպես նաև այդ դիմումով հայցվող ոչ նյութական վնասի հատուցման ենթակա լինելու կամ չլինելու հարցը վարչական դատարանի առջև կարող է բարձրացվել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցատեսակի միջոցով:

Այսպես, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պարտավորեցման հայցով հայցվորը կարող է պահանջել ընդունել այն բարենպաստ վարչական ակտը, որի ընդունումը մերժել է վարչական մարմինը, իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտավորեցման հայցը ներառում է վարչական մարմնի կողմից նույն հոդվածի 1-ին մասում նշված միջամտող վարչական ակտը վիճարկելու պահանջը:

Փաստորեն, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդվածով նախատեսված պարտավորեցման հայցատեսակի միջոցով շահագրգիռ անձը կարող է պահանջել պարտավորեցնել ոչ իրավաչափ վարչարարություն դրսևորած վարչական մարմնին ընդունելու դրա հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը հատուցելու մասին բարենպաստ վարչական ակտ, որի ընդունումը մերժվել է այդ վարչական մարմնի կողմից: Տվյալ դեպքում շահագրգիռ անձի ներկայացրած հայցը ներառում է նաև ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը լրիվ կամ մասնակիորեն մերժելու մասին վարչական մարմնի որոշումը վիճարկելու պահանջը: Ընդ որում, վերոհիշյալ պահանջներով վարչական դատարան ներկայացված հայցի հիման վրա հարուցված վարչական գործերով պատասխանող է հանդես գալիս այն վարչական մարմինը, որը լրիվ կամ մասնակիորեն մերժել է իր կողմից դրսևորված ոչ իրավաչափ վարչարարության հետևանքով պատճառված ոչ նյութական վնասը հատուցելու մասին շահագրգիռ անձի դիմումը, քանի որ ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասը (այդ թվում նաև՝ ոչ նյութական) հատուցելու պարտականությունը Հայաստանի Հանրապետությունը կամ համայնքը կատարում են այն վարչական մարմինների միջոցով, որոնց դրսևորած ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պետության կամ համայնքի մոտ առաջացել է վնասի (այդ թվում նաև՝ ոչ նյութական) հատուցման պարտականությունը, իսկ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի համաձայն՝ պատասխանողն այն վարչական մարմինն է (...), որի դեմ հայց է ներկայացվել վարչական դատարան:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասին շահագրգիռ անձի դիմումը վարչական մարմնի կողմից չքննարկվելու պարագայում առաջանում է օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիան, որի ուժով վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման պահանջի մասին անձի դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթի արդյունքում վարչական մարմնի կողմից չընդունված բարենպաստ վարչական ակտը՝ վնասի հատուցում տրամադրելու մասին, կարող է համարվել ընդունված, եթե առկա են դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանները: Ընդ որում, նշված իրավական կառուցակարգի շրջանակներում վարչական ակտի ընդունված համարվելու դեպքերում այդ վարչական ակտից բխող իրավունքները դրա հասցեատիրոջ կողմից կարող են արդյունավետ կերպով իրացվել, եթե տվյալ անձին տրամադրվի հայցվող բարենպաստ վարչական ակտի ընդունված լինելը հավաստող համապատասխան փաստաթուղթը: Այդ նպատակին է ծառայում ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակը, որի համաձայն՝ հայցվորը կարող է պահանջել օրենքով սահմանված ժամկետում վարչական ակտ չընդունվելու հետևանքով վարչական ակտն ընդունված համարվելու դեպքում տրամադրել օրենքով նախատեսված համապատասխան փաստաթուղթը (վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման կապակցությամբ քննարկվող իրավական կառուցակարգի վերաբերյալ առավել մանրամասն տե՛ս Էրիկ Վարդանյանն ընդդեմ ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության թիվ ՎԴ/0528/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 25.04.2017 թվականի որոշումը):

Ամփոփելով վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը ՀՀ իրավական համակարգում իրացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Մասնավորապես՝ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իրավունքը կենսագործվում է հետևյալ ընթացակարգով.

1) նախևառաջ ոչ նյութական վնաս պատճառած պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց գործողությունը, անգործությունը կամ վարչական ակտը պետք է շահագրգիռ անձի դիմումով (վարչական կամ դատական կարգով) ճանաչվի ոչ իրավաչափ,

2) այնուհետև շահագրգիռ անձը պետք է դիմի ոչ իրավաչափ գործողություն կատարած կամ ոչ իրավաչափ անգործություն դրսևորած կամ ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունած վարչական մարմնին՝ ոչ նյութական վնասի հատուցման պահանջով,

3) ոչ նյութական վնասի հատուցման դիմումի լրիվ կամ մասնակիորեն մերժման դեպքերում շահագրգիռ անձը կարող է վարչական կարգով բողոքարկել այդ դիմումը մերժելու մասին վարչական ակտը կամ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի միջոցով դիմել վարչական դատարան՝ ոչ իրավաչափ գործողություն կատարած կամ ոչ իրավաչափ անգործություն դրսևորած կամ ոչ իրավաչափ վարչական ակտ ընդունած վարչական մարմնին ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջով,

4) ոչ նյութական վնասի հատուցման դիմումը չքննարկվելու դեպքում գործում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 48-րդ հոդվածով նախատեսված իրավաբանական ֆիկցիայի ինստիտուտը (դրա համար անհրաժեշտ բոլոր պայմանների առկայության պարագայում), որի շրջանակներում շահագրգիռ անձը կարող է հասնել ոչ նյութական վնասի հատուցման իր իրավունքի գործնական իրացմանը՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործողության կատարման հայցատեսակով վարչական դատարան դիմելու միջոցով:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն` թիվ ՎԴ/9046/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը 09.07.2015 թվականի վճռով, որը մտել է օրինական ուժի մեջ, ոչ իրավաչափ է ճանաչել Լուսինե Հովսեփյանին վարչական ձերբակալման ռեժիմում 04.09.2013 թվականին երեք ժամից ավելի պահելուն ուղղված ՀՀ ոստիկանության գործողությունները: Լուսինե Հովսեփյանը, առանց ոչ իրավաչափ վարչարարությամբ իրեն պատճառված ոչ նյութական վնասը հատուցելու պահանջով ՀՀ ոստիկանությանը դիմելու, հայցադիմում է ներակայացրել Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ ոստիկանության կողմից իրեն անազատության մեջ ապօրինի պահելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:

 

Դատարանը բավարարել է Լուսինե Հովսեփյանի հայցը՝ թիվ ՎԴ/9046/05/13 վարչական գործով ՀՀ վարչական դատարանը 09.07.2015 թվականի վճռով հաստատված հանգամանքները սույն գործով նախադատելի համարելով:

 

Վերաքննիչ դատարանը բավարարել է Հայաստանի Հանրապետության՝ ի դեմս ՀՀ ոստիկանության, վերաքննիչ բողոքը և կարճել սույն գործի վարույթը: Վերաքննիչ դատարանը պատճառաբանել է, որ վարչարարության հետևանքով վնասի հատուցման պահանջով անհրաժեշտ է, որպեսզի առաջին հերթին ոչ իրավաչափ ճանաչված լինի անձին վնաս հասցրած վարչական մարմնի իրավական ակտը, գործողությունը կամ անգործությունը (ինչը տվյալ դեպքում առկա է), ինչից հետո անձը պարտավոր է նախ դիմել վնասը պատճառած վարչական մարմին, որի կողմից հատուցման պահանջն ամբողջությամբ կամ մասնակիորեն մերժելու կամ դիմումը չքննարկելու դեպքում կարող է վնասի հատուցումը պահանջել դատական կարգով:

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն քաղաքացիական գործը հարուցվել է Լուսինե Հովսեփյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է Հայաստանի Հանրապետությունից բռնագանձել 200.000 ՀՀ դրամ` որպես ՀՀ ոստիկանության կողմից իրեն անազատության մեջ ապօրինի պահելու հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցում: Ընդ որում, ՀՀ ոստիկանության կողմից Լուսինե Հովսեփյանին անազատության մեջ պահելու հարցի իրավաչափությունը քննարկման առարկա է դարձել թիվ ՎԴ/9046/05/13 վարչական գործի շրջանակներում, որն ըստ էության լուծող դատական ակտով՝ 09.07.2015 թվականի վճռով, ՀՀ վարչական դատարանը Լուսինե Հովսեփյանին վարչական ձերբակալման ռեժիմում 04.09.2013 թվականին երեք ժամից ավելի պահելուն ուղղված ՀՀ ոստիկանության գործողությունները ճանաչել է ոչ իրավաչափ (ՀՀ վարչական դատարանի նշված վճիռը մտել է օրինական ուժի մեջ):

Փաստորեն, տվյալ դեպքում Լուսինե Հովսեփյանին առերևույթ պատճառված ոչ նյութական վնասն առաջացել է ՀՀ ոստիկանության կողմից Լուսինե Հովսեփյանին վարչական ձերբակալման ռեժիմում 04.09.2013 թվականին երեք ժամից ավելի պահելուն ուղղված ոչ իրավաչափ գործողությունների հետևանքով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում վարչական ձերբակալման հետ կապված հարաբերությունների ընդհանուր իրավակարգավորումն օրենսդիրը սահմանել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում: Այսպես, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 259-րդ հոդվածի համաձայն՝ (...) Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերով ուղղակիորեն նախատեսված դեպքերում, վարչական իրավախախտումները կանխելու նպատակով, եթե սպառվել են ներգործության մյուս միջոցները, անձը պարզելու, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն կազմելու նպատակով, եթե տեղում այն կազմելը հնարավոր չէ և եթե արձանագրություն կազմելը պարտադիր է, գործերի ժամանակին ու ճիշտ քննումը և վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումների կատարումը ապահովելու նպատակով թույլատրվում են անձի վարչական ձերբակալում, անձնական զննում, իրերի զննում և իրերի ու փաստաթղթերի վերցնում (...):

Նույն օրենսգրքի 262-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում կատարած անձի վարչական ձերբակալումը կարող է տևել ոչ ավելի, քան երեք ժամ (...):

Վկայակոչված իրավադրույթների համադրված վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ վարչական ձերբակալումը հանդիսանում է վարչական հարկադրանքի միջոց, որի նպատակը վարչական իրավախախտումների կանխումը կամ անձին վարչական պատասխանատվության ենթարկելուն ուղղված վարչական վարույթի իրականացման բնականոն ընթացքի ապահովումն է: Վարչական ձերբակալումը հանդիսանում է իրավասու վարչական մարմինների կողմից իրականացվող այնպիսի գործողություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ՝ ֆիզիկական անձը որոշակի ժամկետով զրկվում է ազատությունից: Այլ կերպ ասած՝ վարչական ձերբակալումը համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված վարչարարության հասկացությանը, որը բնորոշվում է որպես վարչական մարմինների արտաքին ներգործություն ունեցող գործունեություն, որը եզրափակվում է վարչական կամ նորմատիվ ակտերի ընդունմամբ, ինչպես նաև գործողություն կամ անգործություն, որն անձանց համար առաջացնում է փաստական հետևանքներ: Հետևաբար անձին ոչ իրավաչափ վարչական ձերբակալման արդյունքում պատճառված ոչ նյութական վնասը համարվում է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնաս, որը ենթակա է հատուցման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով:

Վերոգրյալ իրավական վերլուծություններից բխում է, որ Լուսինե Հովսեփյանը, սույն գործով դիմելով դատարան, հետապնդել է ՀՀ ոստիկանության ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում իրեն առերևույթ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում ստանալու նպատակ: Մինչդեռ Լուսինե Հովսեփյանը չի պահպանել ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իր ենթադրյալ իրավունքի իրացման պատշաճ ընթացակարգը: Մասնավորապես՝ Լուսինե Հովսեփյանին վարչական ձերբակալման ռեժիմում 04.09.2013 թվականին երեք ժամից ավելի պահելուն ուղղված ՀՀ ոստիկանության գործողությունները դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչվելուց հետո Լուսինե Հովսեփյանը ոչ նյութական վնասի հատուցման պահանջով պետք է դիմեր ոչ իրավաչափ գործողություն կատարած վարչական մարմնին՝ ՀՀ ոստիկանությանը: ՀՀ ոստիկանության կողմից ոչ նյութական վնասի հատուցման դիմումի լրիվ կամ մասնակիորեն մերժման դեպքում Լուսինե Հովսեփյանը կարող էր ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով նախատեսված համապատասխան հայցատեսակի միջոցով դիմել վարչական դատարան՝ ՀՀ ոստիկանությանը ոչ նյութական վնասի հատուցման վերաբերյալ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելու պահանջով: Սակայն Լուսինե Հովսեփյանը, շրջանցելով ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման իր ենթադրյալ իրավունքի իրացման վերոգրյալ պատշաճ ընթացակարգը, իրեն վարչական ձերբակալման ռեժիմում երեք ժամից ավելի պահելուն ուղղված` ՀՀ ոստիկանության գործողությունները դատական կարգով ոչ իրավաչափ ճանաչվելուց հետո միանգամից դիմել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան: Իսկ ըստ սույն որոշմամբ Վճռաբեկ դատարանի ձևավորած իրավական դիրքորոշումների՝ ոչ իրավաչափ վարչարարությամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցման հետ կապված իրավահարաբերությունից բխող վեճերն ընդդատյա են վարչական դատարանին և ենթակա են քննության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով: Հետևաբար սույն գործով Լուսինե Հովսեփյանի կողմից Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի առջև բարձրացված վեճը, որը բխում է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասի հատուցման հետ կապված հանրային իրավահարաբերությունից, ընդդատյա չէ ընդհանուր իրավասության դատարանին:

ՀՀ վճռաբեկ դատարանն իր նախկին որոշումներում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ գործի՝ առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված լինելը տվյալ գործի քննության ընթացքում պարզվելու դեպքում ընդհանուր իրավասության դատարանը, ի տարբերություն վարչական դատարանի, իրավասու չէ այն հանձնել այլ դատարանի քննությանը: Տվյալ պարագայում ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է կարճել գործի վարույթը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով, որի համաձայն՝ դատարանը կարճում է գործի վարույթը, եթե վեճը ենթակա չէ դատարանում քննության: Այսինքն՝ այն դեպքում, երբ որևէ գործի քննության ընթացքում պարզվում է, որ այն վարույթ է ընդունվել առարկայական ընդդատության կանոնների խախտմամբ, ընդհանուր իրավասության դատարանը պարտավոր է վճիռ կայացնել գործի վարույթը կարճելու մասին այն հիմքով, որ տվյալ գործը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության (տե՛ս, Գոռիշխան Իշիկյանն ընդդեմ ««ԱՐՄԵՆԻԱ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐ» ՓԲԸ-ի թիվ ԵՄԴ/1029/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը):

Հիմք ընդունելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն քաղաքացիական գործի վարույթը ենթակա էր կարճման այն հիմքով, որ վեճը ենթակա չէ ընդհանուր իրավասության դատարանում քննության, քանի որ սույն գործով վեճը բխում է ոչ իրավաչափ վարչարարության արդյունքում պատճառված վնասի հատուցման հետ կապված հանրային իրավահարաբերությունից և ընդդատյա չէ ընդհանուր իրավասության դատարանին: Փաստորեն, Վերաքննիչ դատարանն իրավացիորեն է կայացրել սույն քաղաքացիական գործի վարույթը կարճելու մասին որոշումը:

Անդրադառնալով վճռաբեկ բողոքի այն փաստարկին, որ ՀՀ ոստիկանությունն իրավասու չէր վերաքննիչ բողոք ներկայացնել սույն գործով պատասխանող Հայաստանի Հանրապետության անունից, Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ՀՀ կառավարության անունից դատարանում հանդես գալու հետ կապված հարաբերությունները կարգավորված են ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի «Հայաստանի Հանրապետության կառավարության անունից Հայաստանի Հանրապետության դատարաններում հանդես գալու իրավունք վերապահալու մասին» թիվ 372-Ն որոշմամբ, որի 1-ին կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշել է իրավունք վերապահել Հայաստանի Հանրապետության նախարարներին, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, Հայաստանի Հանրապետության մարզպետներին Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ լիազորել իրենց համակարգի աշխատողներին կամ այլ անձանց հանդես գալու Հայաստանի Հանրապետության կառավարության անունից` Հայաստանի Հանրապետության դատարաններում:

Այսինքն` Հայաստանի Հանրապետության անունից վերաքննիչ բողոք բերելու ՀՀ ոստիկանության լիազորության առկայության կամ բացակայության հարցը պետք է գնահատվի ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 372-Ն որոշմամբ սահմանված իրավակարգավորումների համատեքստում:

Սույն գործում առկա՝ 03.08.2016 թվականի թիվ 02/13.3/11362-16 գրությունից հետևում է, որ հիմք ընդունելով ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 372-Ն որոշումը՝ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին հայտնել է սույն գործով ներկայացուցչի մասնակցությունն ապահովելու ՀՀ վարչապետի հանձնարարության մասին (hատոր 1-ին, գ.թ. 70)։ Վճռաբեկ դատարանի գնահատմամբ նշված գրությունը հաստատում է իր համակարգի աշխատողներին կամ այլ անձանց ՀՀ կառավարության անունից դատարանում հանդես գալու լիազորություն տրամադրելու՝ ՀՀ կառավարության 07.03.2007 թվականի թիվ 372-Ն որոշմամբ ՀՀ ոստիկանության պետին վերապահված իրավունքի իրացման իրավական նախադրյալի՝ ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարության առկայությունը: Հետևաբար սույն գործով ՀՀ ոստիկանության պետն իրավասու էր դատարաններում Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու ինչպես անձամբ, այնպես էլ իր համակարգի աշխատողների կամ այլ անձանց միջոցով:

ՀՀ ոստիկանության պետը, օգտվելով իր այդ լիազորությունից, 28.04.2017 թվականին լիազորել է ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական պաշտպանության բաժնի ավագ տեսուչ Արթուր Պիվազյանին սույն քաղաքացիական գործով ներկայացնել վերաքննիչ բողոք (hատոր 2-րդ, գ.թ. 13)։ Վերջինս էլ ստորագրել և 05.05.2017 թվականին ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ դրան կցելով վերը նշված լիազորագիրը: Փաստորեն, ՀՀ ոստիկանության պետի տված լիազորագրի հիման վրա ՀՀ ոստիկանության իրավաբանական վարչության իրավական պաշտպանության բաժնի ավագ տեսուչ Արթուր Պիվազյանի կողմից ստորագրված վերաքննիչ բողոքը համարվում է սույն գործով պատասխանող Հայաստանի Հանրապետության անունից պատշաճ կերպով ներկայացված վերաքննիչ բողոք: Ուստի բողոք բերած անձանց այն փաստարկը, որ ՀՀ ոստիկանության վերաքննիչ բողոքը չպետք է ընդունվեր Վերաքննիչ դատարանի վարույթ, անհիմն է:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը բավարար չէ Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար, քանի որ Վերաքննիչ դատարանը, կարճելով սույն քաղաքացիական գործի վարույթը, կայացրել է իրավաչափ դատական ակտ: Հետևաբար սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտն օրինական ուժի մեջ թողնելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը: Միաժամանակ նկատի ունենալով, որ ստորադաս դատարանի գործն ըստ էության ճիշտ լուծող դատական ակտը թերի է պատճառաբանված, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն պետք է թողնել անփոփոխ` սույն որոշման պատճառաբանություններով:

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 72-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` պետական տուրքը ենթակա է վերադարձման` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետի համաձայն՝ պետական տուրքը ենթակա է վերադարձման մասնակի կամ լրիվ տվյալ գործով վարույթը կարճելու կամ հայցն առանց քննության թողնելու դեպքում, եթե գործը ենթակա չէ դատարանում քննության (...):

Նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է մերժման, իսկ սույն քաղաքացիական գործի վարույթը` կարճման ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով Լուսինե Հովսեփյանի կողմից վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի գումարը՝ 6.000 ՀՀ դրամի չափով, ենթակա է վերադարձման այն վճարած անձին:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 04.07.2017 թվականի որոշումը թողնել օրինական ուժի մեջ՝ սույն որոշման պատճառաբանություններով:

2. Վճռաբեկ բողոքի համար վճարված պետական տուրքի հարցը «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիմքով համարել լուծված:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան

  Ս. Անտոնյան
 

Ա. Բարսեղյան

 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
  Ն. Տավարացյան