Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (07.04.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.04/51(1409).1 Հոդ.780.24
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0033/04/17

Քաղաքացիական գործ թիվ ԵՄԴ/0033/04/17
2018թ.

Նախագահող դատավոր՝ Մ. Հարթենյան  

Դատավորներ՝ 

 Լ. Գրիգորյան

   Գ. Խանդինյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Ռ. Հակոբյանի

   

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

   

Վ. Ավանեսյանի

   

Ա. Բարսեղյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Տ. Պետրոսյանի

   

Ն. Տավարացյանի

 

201 թվականի 07

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2017 թվականի որոշման դեմ` ըստ / Սիմելա Կեռասովայի` սնանկ ճանաչելու պահանջի մասին,

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Կոմիտեն պահանջել է Ա/Ձ Սիմելա Կեռասովային սնանկ ճանաչել:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 14.04.2017 թվականի վճռով դիմումը բավարարվել է:

Ա/Ձ Սիմելա Կեռասովայի սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանը 30.06.2017 թվականին Դատարան է ներկայացրել պարտապանի սնանկության գործով բաշխման ծրագիր, որի դեմ առարկություն է ներկայացրել Կոմիտեն:

Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Գ. Ավագյան) (այսուհետ` Դատարան) 26.07.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի ներկայացրած առարկությունը մերժվել է, և Ա/Ձ Սիմելա Կեռասովայի սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանի ներկայացրած բաշխման ծրագիրը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 05.10.2017 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 26.07.2017 թվականի որոշումը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն:

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ա/Ձ Սիմելա Կեռասովայի սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանը։

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասը, կիրառել է նույն օրենքի 80-րդ և 82-րդ հոդվածները, որոնք չպետք է կիրառեր:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ սնանկության կառավարչի վարձատրությունը հաշվարկվում է պարտատերերի պահանջների բավարարման չափից, այլ ոչ թե գույքի իրացումից ստացված միջոցներից: Այսինքն` կառավարչի վարձատրության գումարի հաշվարկման բազան ոչ թե գույքի իրացումից ստացված ամբողջ գումարն է, այլ դրա` պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղվող մասը: Տվյալ դեպքում պարտապանի գույքի իրացումից ստացված գումարը կազմել է 1.616.739 ՀՀ դրամ, իսկ պարտատերերի պահանջների բավարարման ենթակա չափը կազմել է 1.430.945 ՀՀ դրամ, հետևաբար կառավարչի վարձատրության չափը պետք է որոշվեր՝ ելնելով պարտատերերի պահանջների բավարարման չափից, այլ ոչ թե գույքի իրացումից ստացված գումարի չափից:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Դատարանը «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով սահմանված բաշխման գումարի հասցեատերերին (որում ընգրկված է նաև կառավարիչը) բաշխված գումարները համարել է ամբողջությամբ պահանջների բավարարմանն ուղղված միջոցներ՝ դրանով իսկ անտեսելով, որ կառավարչի վարձատրությանն ուղղվող գումարի նկատմամբ ևս կիրառվել է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը, այսինքն` կառավարչի վարձատրության չափը դիտվել է որպես պահանջի բավարարում, և այդ գումարի համապատասխան տոկոսադրույքների չափերով կրկին կառավարչին վարձատրություն է հաշվարկվել: Ավելին` «Սնանկության մասին» ՀՀ օրենքի որևէ դրույթով սահմանված չէ, որ կառավարիչը հավաքագրված գումարների բաշխման դեպքում կարող է դիտվել որպես պարտատեր, և նա կարող է օգտվել պարտատերերի համար սահմանված իրավունքներից: Նման կարգավորում օրենքով նախատեսված չէ, և դրա կիրառումը հակասում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներին: Տվյալ դեպքում սնանկության գործով կառավարիչը վարձատրվում է իր կողմից կատարված աշխատանքների կամ մատուցած ծառայությունների դիմաց:

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 05.10.2017 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության:

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի փաստարկները

Վճռաբեկ բողոքն անհիմն է և ենթակա է մերժման, քանի որ տվյալ դեպքում պարտապանի կողմից սնանկության հատուկ հաշվին մուտքագրված գումարի չափի և բաշխման ծրագրի արդյունքում միակ պարտատեր հանդիսացող Կոմիտեն ամբողջությամբ ստանում է իր պահանջի բավարարումը, որպիսի պայմաններում ոչ միայն չի խախտվում սնանկության վարույթի շրջանակներում որևէ պարտատիրոջ կամ սնանկության վարույթի մասնակցի որևէ իրավունք, այլև չի առաջանում որևէ անբարենպաստ հետևանք պարտատիրոջ համար:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Սնանկ ճանաչված Ա/Ձ Սիմելա Կեռասովայի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվել է 1.616.739 ՀՀ դրամ (անվիճելի փաստ).

 

2) Ա/Ձ Սիմելա Կեռասովայի սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանի կողմից հաստատված և 30.06.2017 թվականին Դատարան ներկայացված «Սնանկության գործով բաշխման ծրագրի» համաձայն` Ա/Ձ Սիմելա Կեռասովայի սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանի վարձատրության գումարը հաշվարկվել է որպես պարտապանի գույքի իրացումից ստացված 1.616.739 ՀՀ դրամի 10% (161.673 ՀՀ դրամ), իսկ պարտատիրոջ չապահովված պահանջի բավարարման չափը կազմել է 1.330.945 ՀՀ դրամ (Հավելված, հատոր  1-ին, գ.թ. 14-20):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

 

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքերի առկայությամբ, այն է`

 

1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,

 

2) ստորադաս դատարանների կողմից «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի  3-րդ մասի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք սնանկության գործով կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված միջանկյալ բաշխման ծրագրով կառավարչի վարձատրությունը հաշվարկելիս հիմք է ընդունվում պարտապանի գույքի վաճառքից և (կամ) ակտիվների հավաքագրումից առաջացած միջոցների ամբողջ գումարը, թե՞ պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղված չափը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կառավարչի վարձատրությունը կատարվում է պարտապանի դրամական միջոցներից, պարտապանի, երրորդ անձանց գույքի վաճառքից (օտարումից) կամ ակտիվների (այդ թվում` դեբիտորական պարտքերի) հավաքագրումից գոյացած միջոցներից, չներառելով իրացումից ստացված անուղղակի հարկերի գումարը: Նույն հոդվածի 3-րդ մասի «ա» կետի համաձայն՝ կառավարչի վարձատրությունը սահմանվում է դատարանի որոշմամբ, պարտատերերի պահանջների բավարարման չափի հետևյալ տոկոսադրույքներով` մինչև 25 միլիոն դրամ` 10 տոկոս: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պարտապանը չունի գույք, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, ապա սնանկության գործի ավարտից հետո` մեկամսյա ժամկետում, կառավարչին վճարվում է փոխհատուցում` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` նվազագույն աշխատավարձի երեսնապատիկի չափով:

 

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 46-րդ հոդվածով սահմանվում է պարտատերերի կողմից իրենց պահանջները դատարան ներկայացնելու և պահանջները հաստատելու կարգը:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` պարտապանի գույքի վաճառքից (օտարումից) ստացված (փոխհատուցված) միջոցները բաշխվում են նույն օրենքով սահմանված հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված (չառարկված) միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը: Նույն հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ եթե պարտատերը (պարտատերերը) բաշխման ծրագրի օրինակն ստանալու կամ հայտարարությունը հրապարակելուց հետո` 7 օրվա ընթացքում, բաշխման ծրագրի վերաբերյալ գրավոր առարկություն է ներկայացնում դատարան, ապա դատավորն առարկությունն ստանալուց հետո` յոթ օրվա ընթացքում, հրավիրում է դատական նիստ, որի տեղի և ժամանակի մասին կառավարչին, պարտապանին և պարտատերերին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում` նիստից առնվազն երեք օր առաջ տրվող հայտարարությամբ կամ ծանուցագիր ուղարկելու միջոցով: Նույն հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ առարկությունների քննարկման արդյունքում դատարանը որոշում է կայացնում կառավարչի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրն անփոփոխ թողնելու, փոփոխելու կամ մերժելու վերաբերյալ:

«Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի համաձայն` պարտատերերի չապահովված պահանջները բավարարվում են հետևյալ հերթականությամբ` կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, այդ թվում…:

Վերը նշված հոդվածների համակարգային վերլուծությունից հետևում է, որ պարտապանի գույքի վաճառքից ստացված միջոցները բաշխվում են համապատասխան հերթականությամբ` կառավարչի կողմից հաստատված և պարտատերերի կողմից ընդունված միջանկյալ բաշխման ծրագրին համապատասխան: Ընդ որում, չապահովված պահանջների բավարարման հերթականության մեջ առաջնահերթության կարգով բավարարվում է կառավարչի վարձատրությունը և վարչական ծախսերը, իսկ պարտապանի պարտավորությունների դիմաց գրավադրված գույքի իրացումից ստացված միջոցներից արտահերթ վճարվում են գույքի պահպանման և փոխանցման հետ կապված ծախսերը, ինչպես նաև կառավարչի վարձատրությունը:

Վերոգրյալի համատեքստում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը սնանկության վարույթում պարտապանի գույքի և այլ ակտիվների իրացման արդյունքում դրամական բավարարում ստանալու իրավունք ունեցող անձանց մասով օգտագործել է «ծախս», «վարձատրություն», «պահանջի բավարարում» եզրույթները: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ տարբեր է նաև այդ անձանց կարգավիճակը սնանկության վարույթում: Գրանցված պահանջատերը սնանկ ճանաչված պարտապանից պահանջի բավարարում է ստանում դատարանի կողմից այդպիսի պահանջը ճանաչելու և համապատասխան հերթում գրանցման փաստով, իսկ սնանկության կառավարչի կատարած ծախսերը, այդ թվում նաև` իր կողմից կնքված աշխատանքային պայմանագրերով աշխատողներին տրվող աշխատավարձերը վճարվում են «Սնանկության մասին» ՀՀ օրենքով կառավարչին տրված լիազորությունների իրականացման արդյունքում: Արդյունքում սնանկության վարույթում առաջանում է հավաքագրված գումարների ծախսման 2 հիմնական ուղղություն՝

ա) սնանկության վարույթի իրականացման համար անհրաժեշտ ծախսերը (այդ թվում` կառավարչի վարձատրությունը),

բ) գրանցված պահանջատերերի պահանջների բավարարումը:

 

Այսինքն՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ կառավարչի վարձատրությունը չի համարվում գրանցված պարտատիրոջ պահանջ: Նշված հետևությունը հիմնավորվում է նաև հետևյալ փաստարկներով: Այսպես, նախևառաջ, ի տարբերություն պարտատերերի պահանջների, որոնց բավարարման համար անհրաժեշտ է հատուկ ընթացակարգ, անգամ հնարավոր է, որ պարտատիրոջ պահանջը չհաստատվի կամ չբավարարվի, կառավարչի վարձատրության համար հատուկ ընթացակարգ չի պահանջվում: Կառավարիչը ստանում է իր կատարած աշխատանքի, իր իրականացրած լիազորությունների համար հատուցում: Ընդ որում, օրենսդիրն անգամ նախատեսել է, որ եթե կառավարիչն իրականացնում է իր լիազորությունները, սակայն պարտապանը գույք չունի, կամ նրա գույքի արժեքը պակաս է նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից, կառավարչին փոխհատուցում տրամադրվում է ՀՀ պետական բյուջեից: Հետևաբար կառավարիչը վարձատրվում է իր կատարած աշխատանքի համար, որը չի կարող նույնացվել պարտատիրոջ պահանջների հետ, որոնք, որպես կանոն, ծագում են նախքան պարտապանին սնանկ ճանաչելը, անգամ պայմանավորում են պարտապանի սնանկության հատկանիշների առաջացումը: Բացի այդ, կառավարչի վարձատրությունը թեև ներառված է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածի 1-ին մասով թվարկված պարտատերերի չապահովված պահանջների շարքում, սակայն նույն հոդվածի վերլուծությունից ակնհայտ է, որ օրենսդիրը տարբերակել է կառավարչի վարձատրությունը պարտատերերի պահանջներից՝ ներառելով վարչական ծախսերի հետ մեկ հերթում: Կառավարչի վարձատրությունը պարտատերերի պահանջներից տարբերակելու և կատարված ծախսերի հետ որոշակիորեն հավասարեցնելու՝ օրենսդրի տրամաբանության մասին են վկայում նաև «Սնանկության մասին» ՀՀ օրենքի այլ նորմեր (օրինակ, նույն օրենքի  39-րդ հոդվածի 3-րդ մասի «բ» կետը, 58-րդ հոդվածի «բ» կետը, 80-րդ հոդվածի 2-րդ մասը և այլն):

 

Այսպիսով, վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը եզրահանգում է, որ կառավարչի վարձատրությունը չի նույնանում պարտատերերի պահանջների հետ: «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի վերլուծությունից պարզ է դառնում, որ օրենսդիրը սնանկության կառավարչի վարձատրությունը պայմանավորել է պարտատերերի պահանջների բավարարման չափով: Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ դրանով օրենսդիրը հետապնդել է նաև սնանկության վարույթի արդյունավետության, այն է` պահանջատերերի պահանջների հնարավորինս առավել չափով արագ բավարարման նպատակ, որը սնանկության վարույթի արդյունավետության հիմնական չափանիշն է: Այլ կերպ ասած` որպես կառավարչի վարձատրության հիմք սահմանելով պարտատերերի պահանջների բավարարման չափը՝ օրենսդիրը նպատակ ունի խրախուսելու կառավարչին՝ ձեռնարկել բոլոր հնարավոր միջոցառումները՝ ապահովելու հնարավորինս ավելի մեծ ծավալով պարտատերերի պահանջների բավարարում: Հետևաբար Վճռաբեկ դատարանը փաստում է, որ կառավարչի վարձատրությունը պետք է հաշվել միայն պահանջների ցուցակում գրանցված պարտատերերի պահանջների բավարարվող չափի նկատմամբ՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածով սահմանված տոկոսադրույքներով: Այլ կանխավարկածի դեպքում, այն է՝ թույլ տալով կառավարչի վարձատրության հաշվարկի հիմքում ներառել նաև վարչական և այլ ծախսերը, այդ թվում նաև` իր հաշվարկված վարձատրությունը, կստացվի այնպիսի մի իրավիճակ, երբ կառավարչի վարձատրության հիմքը կապված է ոչ թե դատարանի կողմից հաստատված պահանջների ցուցակի, այլ` իր կողմից կատարվող ծախսերի և այլ վճարների չափից: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սնանկության կառավարչի վարձատրության չափը չի կարող դիտվել որպես պահանջի բավարարում, և այդ գումարի նկատմամբ համապատասխան տոկոսադրույքների չափերով կառավարչին կրկին վարձատրություն հաշվարկվել, այլապես կառավարիչը հավաքագրված գումարների բաշխման դեպքում կարող է դիտվել ինչպես պարտատեր և օգտվել պարտատերերի համար սահմանված իրավունքներից, այնպես էլ վարձատրվել իր կողմից կատարված աշխատանքների դիմաց: Տվյալ դեպքում կստացվի, որ կառավարիչն իր վարձատրության գումարից ևս ստանում է վարձատրության գումար այն դեպքում, երբ ՀՀ օրենսդրությունը նման կարգավորում չի նախատեսել, և դրա կիրառումը հակասում է «Սնանկության մասին» ՀՀ օրենքի պահանջներին:

 

Ելնելով վերոգրյալից` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետի դեպքում հաշվարկը պետք է որոշել հետևյալ բանաձևով ՝

ՄՀ = ՎԾ+ՊԳ+ԿՎ

Որտեղ «ՄՀ»-ն պարտապանի դրամական միջոցների, պարտապանի և երրորդ անձանց գույքի վաճառքից կամ ակտիվների հավաքագրումից ստացված միջոցների հանրագումարն է,

 

«ՎԾ»-ն` համապատասխան վարչական ծախսերը,

 

«ՊԳ»-ն` պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղվելիք գումարի չափը,

 

«ԿՎ»-ն` կառավարչի վարձատրության չափը, որի բանաձևն է`

ԿՎ = ՊԳ x 10% 

Սույն գործի փաստերի համաձայն` սնանկ ճանաչված Ա/Ձ Սիմելա Կեռասովայի սնանկության հատուկ հաշվին մուտքագրվել է 1.616.739 ՀՀ դրամ: Ա/Ձ Սիմելա Կեռասովայի սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանի կողմից Դատարան ներկայացված միջանկյալ բաշխման ծրագրի համաձայն` կառավարչի վարձատրության գումարը հաշվարկվել է որպես պարտապանի գույքի իրացումից ստացված 1.616.739 ՀՀ դրամի 10% (161.673 ՀՀ դրամ):

 

Դատարանը, Կոմիտեի ներկայացրած առարկությունը մերժելով և Ա/Ձ Սիմելա Կեռասովայի սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանի ներկայացրած ծրագիրն անփոփոխ թողնելով, պատճառաբանել է, որ սնանկության գործով կառավարիչը՝ որպես չապահովված պարտատեր, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 82-րդ հոդվածով սահմանված կարգով ունի իր վարձատրության և իր կողմից կատարված վարչական ծախսերի առաջնահերթ բավարարման իրավունք, իսկ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված դրույթը, բավարարման չափի հետ կապված, օրենսդրի կողմից օգտագործվել է կառավարչի վարձատրության չափը, այլ ոչ թե առաջնահերթությունը որոշելու համար, քանի որ պահանջների բավարարման առաջնահերթությունն արդեն իսկ սահմանված է նույն օրենքի   82-րդ հոդվածով:

 

Վերաքննիչ դատարանը, ըստ էության համաձայնելով Դատարանի դիրքորոշման հետ, վերաքննիչ բողոքը մերժել է:

 

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով սույն գործի փաստերին և ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությանը, գտնում է, որ վերջիններս նյութական իրավունքի նորմի սխալ մեկնաբանման արդյունքում հաշվի չեն առել այն հանգամանքը, որ սնանկության կառավարչի վարձատրության գումարի հաշվարկման հիմքը ոչ թե գույքի իրացումից կամ ակտիվների հավաքագրումից ստացված ամբողջ գումարն է, այլ դրա` պարտատերերի պահանջների բավարարմանն ուղղվող մասը, այսինքն` սնանկության կառավարչի վարձատրությունը հաշվարկվում է պարտատերերի պահանջների բավարարման չափից, այլ ոչ թե` գույքի իրացումից կամ ակտիվների հավաքագրումից ստացված միջոցներից: Սույն գործի պարագայում կառավարչի վարձատրության չափը ենթակա էր որոշման՝ ելնելով պարտատերերի պահանջների բավարարման չափից, այլ ոչ թե գույքի իրացումից կամ ակտիվների հավաքագրումից ստացված գումարի չափից՝ հիմք ընդունելով սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները և բանաձևը:  

 

Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները, սխալ մեկնաբանելով համապատասխան նյութական նորմը՝ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը, սխալ եզրահանգման են եկել Կոմիտեի ներկայացրած առարկության վերաբերյալ, ինչն էլ ազդել է գործի ելքի վրա:

 

Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի 05.10.2017 թվականի որոշումը բեկանելու և գործը` Ա/Ձ Սիմելա Կեռասովայի սնակության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, նոր քննության ուղարկելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, հաշվի առնելով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործ պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը  

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 05.10.2017 թվականի որոշումը և գործը` Ա/Ձ Սիմելա Կեռասովայի սնանկության գործով կառավարիչ Շաքե Ղազարյանի ներկայացրած միջանկյալ բաշխման ծրագիրը քննարկելու մասով, ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

 

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ

Ռ. Հակոբյան

 

Ս. Անտոնյան

 

Վ. Ավանեսյան

  Ա. Բարսեղյան
 

Մ. Դրմեյան

 

Գ. Հակոբյան

 

Տ. Պետրոսյան

 

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան