ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4689/02/15 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/4689/02/15 |
Նախագահող դատավոր՝ Տ. Նազարյան |
Դատավորներ՝ |
Ա. Պետրոսյան |
Կ. Չիլինգարյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | |
Վ. Ավանեսյանի | ||
Ա. Բարսեղյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով Արթուր Զաքարյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Արթուր Զաքարյանի ընդդեմ Հայաստանի Հանրապետության, երրորդ անձ ՀՀ ֆինանսների նախարարության (այսուհետ` Նախարարություն)` 1.500.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին,
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արթուր Զաքարյանը պահանջել է պարտավորեցնել Հայաստանի Հանրապետությանը հատուցելու իրեն պատճառված վնասը` 1.500.000 ՀՀ դրամի չափով, որից 800.000 ՀՀ դրամը` որպես ոչ նյութական վնասի և անազատության մեջ գտնվելու հետևանքով կատարված այլ ծախսերի փոխհատուցման գումար, իսկ 700.000 ՀՀ դրամը` որպես դատական ծախս` փաստաբանական ծառայությունների համար վճարված գումար:
Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Ռ. Ափինյան) (այսուհետ` Դատարան) 20.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Հայաստանի Հանրապետությունից` ի դեմս Նախարարության, հօգուտ Արթուր Զաքարյանի բռնագանձել 800.000 ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի հատուցման գումար, 200.000 ՀՀ դրամ` որպես Շենգավիթի քննչական բաժնում քննվող քրեական գործի ընթացքում Արթուր Զաքարյանի շահերի պաշտպանության համար փաստաբանի խելամիտ վարձատրության գումար, 100.000 ՀՀ դրամ` որպես սույն քաղաքացիական գործով հայցվորի կողմից կատարված փաստաբանի խելամիտ վարձատրության գումար: Հայցը` մնացած մասով, մերժվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 01.12.2016 թվականի որոշմամբ Նախարարության վերաքննիչ բողոքը բավարարվել է մասնակիորեն` Դատարանի 20.05.2016 թվականի վճիռը մասնակիորեն բեկանվել և փոփոխվել է` Հայաստանի Հանրապետությունից` ի դեմս Նախարարության, հօգուտ Արթուր Զաքարյանի 800.000 ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի և անազատության հետ կապված ծախսերի հատուցման գումար բռնագանձելու պահանջը մերժվել է: Վճիռը` մնացած մասով, թողնվել է օրինական ուժի մեջ:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Արթուր Զաքարյանը:
Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Նախարարությունը:
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածը, 162.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերը, 1064-րդ, 1087.2-րդ հոդվածները, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասը, 66-րդ հոդվածի 1-ին մասը:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է այն հանգամանքը, որ անօրինական ձերբակալման զոհը պետք է օժտված լինի փոխհատուցում ստանալու իրավունքով` անկախ համապատասխան հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ պետական մարմինների ապօրինի գործողությունների հետևանքով անձին ազատությունից ապօրինի զրկելու, նրան ապօրինի դատապարտելու դեպքում վնասի հատուցման իրավունքը սահմանադրական հիմնարար իրավունքի բնույթ է կրում և լայնորեն ճանաչված ու ամրագրված է նաև միջազգային իրավական ակտերում: Վերաքննիչ դատարանն ուշադրություն չի դարձրել այն հանգամանքին, որ Արթուր Զաքարյանին ապօրինի կալանավորման հետևանքով հասցված վնասը հատուցելու պարտականությունն օրենքի ուժով դրված է պետական մարմին հանդիսացող Նախարարության վրա: Ընդ որում, Արթուր Զաքարյանն իրավունք ունի ստանալու իրեն պատճառված ինչպես նյութական, այնպես էլ ոչ նյութական վնասի հատուցում:
Վերաքննիչ դատարանը, եզրակացնելով, որ Դատարանի կիրառած նորմերն ուժի մեջ են մտել 01.01.2016 թվականից, հետևաբար չէին կարող կիրառման ենթակա լինել` 21.12.2015 թվականի թիվ ՀՕ-184-Ն օրենքում հետադարձ ուժ նախատեսված չլինելու հանգամանքից ելնելով, թույլ է տվել 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածով ամրագրված` օրենքների և այլ իրավական ակտերի հետադարձ ուժի կիրառման վերաբերյալ ոչ ճիշտ մեկնաբանություն, քանի որ օրենքով նախատեսված են եղել Արթուր Զաքարյանի իրավական վիճակն էապես բարելավող նորմեր:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 01.12.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը` 800.000 ՀՀ դրամ ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով, բավարարել»:
2.1 Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները.
Վերաքննիչ դատարանը կատարել է գործում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում ու գնահատում, ինչի հիման վրա էլ կայացրել է արդարացի և հիմնավորված որոշում:
Տվյալ դեպքում մինչև փոփոխություններ կամ լրացումներ նախատեսող իրավական ակտի ուժի մեջ մտնելը ծագած հարաբերությունների վրա տարածվում են մինչև փոփոխությունները կամ լրացումներն ուժի մեջ մտնելը գործող նորմերը, քանի որ փոփոխություններ և լրացումներ նախատեսող իրավական ակտով այլ բան նախատեսված չէ:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Մանուկյանի 03.02.2015 թվականի «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշման համաձայն` Արթուր Զաքարյանը 01.02.2015 թվականին` ժամը 16:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Մայիսի 9-ի փողոցի թիվ 12 շենքի հետևի հատվածում Լիանա Վարդանյանի ձեռքից վերջինիս դրամապանակը քաշել-պոկելու եղանակով բացահայտ հափշտակելու համար թիվ 11104715 քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ (հատոր 1-ին, գ.թ. 8-10):
2) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 04.02.2015 թվականի որոշման համաձայն` ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Մանուկյանի միջնորդությունը` կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, բավարարվել է` Արթուր Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով` կալանավորման սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի տակ վերցնելու (ձերբակալելու) պահից` 01.02.2015 թվականից, իսկ պաշտպան Ստեփան Ոսկանյանի միջնորդությունը` կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ, մերժվել է (հատոր 1-ին, գ.թ. 14-15):
3) Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի դատախազության ավագ դատախազ Կ. Ադամյանի 13.03.2015 թվականի «Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխելու մասին» որոշման համաձայն` Արթուր Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխվել է, և որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը (հատոր 1-ին, գ.թ. 7):
4) ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչ Հ. Մանուկյանի 22.07.2015 թվականի «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշման համաձայն` Արթուր Զաքարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է` վերջինիս արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ որպես խափանման միջոց ընտրված` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է (հատոր 1-ին, գ.թ. 17-19):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` արդարացվածի ոչ նյութական վնասի հատուցման հնարավորության վերաբերյալ այն դեպքում, երբ իրավունքի խախտման փաստը հաստատված է քրեական հետապնդման մարմնի որոշմամբ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար,
2) Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ, 162.1-րդ, 1064-րդ, 1087.2-րդ, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. արդյո՞ք արդարացվածը կարող է պահանջել մինչև «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21.12.2015 թվականին ընդունված և 01.01.2016 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-184-Ն ՀՀ օրենքի ընդունումն անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտմամբ պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե նշված իրավունքի խախտման փաստը տվյալ ժամանակահատվածում հաստատված է ոչ թե դատական կարգով, այլ քրեական հետապնդման մարմնի որոշմամբ:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք իրավունք ունի ազատությունից ապoրինի զրկման կամ ապoրինի խուզարկության դեպքում oրենքով uահմանված հիմքերով և կարգով պատճառված վնաuի հատուցման:
2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 20-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` տուժողին պատճառված վնասը հատուցվում է օրենքով սահմանված կարգով:
Համանման բովանդակությամբ իրավադրույթներ են նախատեսված նաև 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածով: Մասնավորապես` 2015 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրության 62-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` յուրաքանչյուր ոք ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց ոչ իրավաչափ գործողություններով կամ անգործությամբ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` նաև իրավաչափ վարչարարությամբ պատճառված վնասի հատուցման իրավունք: Վնասի հատուցման պայմանները և կարգը սահմանվում են օրենքով: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հանցանք կատարելու համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված անձն արդարացվել է այն հիմքով, որ նոր կամ նոր երևան եկած որևէ հանգամանք ապացուցում է նրա դատապարտման ոչ իրավաչափ լինելը, ապա այդ անձն ունի օրենքին համապատասխան հատուցում ստանալու իրավունք, եթե չի ապացուցվում, որ այդ հանգամանքի ժամանակին բացահայտումը լիովին կամ մասամբ կախված էր տվյալ անձից:
«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 5-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով, ի խախտումն նույն հոդվածի դրույթների, ձերբակալման կամ կալանավորման զոհ է դարձել, իրավունք ունի հայցի ուժով oժտված փոխհատուցման:
Կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք, ում նույն կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիuկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք:
Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 9-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն` յուրաքանչյուր ոք, ով եղել է անօրինական ձերբակալման կամ կալանքի տակ պահվելու զոհ, իրավունք ունի հայցային ուժ ունեցող փոխհատուցման:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 22-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարացվածն իր իրավունքների վերականգնման, այդ թվում` քրեական վարույթն իրականացնող մարմինների կողմից իրեն պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի: Նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն` պատճառված նյութական վնասի հատուցման իրավունք ունի նաև յուրաքանչյուր անձ, ով քրեական գործով վարույթն իրականացնող մարմնի կողմից անօրինական ենթարկվել է հարկադրանքի միջոցների:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` արդարացված է այն անձը, որի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է նույն օրենսգրքի 35-րդ հոդվածի առաջին մասի 1-3-րդ կետերով և երկրորդ մասով նախատեսված որևէ հիմքով, կամ որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ:
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` քրեական գործ չի կարող հարուցվել և քրեական հետապնդում չի կարող իրականացվել, իսկ հարուցված քրեական գործի վարույթը ենթակա է կարճման, եթե արարքի մեջ հանցակազմ չկա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1064-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ապoրինի դատապարտելու, քրեական պատաuխանատվության ենթարկելու, որպեu խափանման միջոց կալանք կամ չբացակայելու մաuին uտորագրություն կիրառելու, վարչական տույժի ենթարկելու հետևանքով պատճառված վնաuը, oրենքով uահմանված կարգով, լրիվ ծավալով հատուցում է Հայաuտանի Հանրապետությունը` անկախ հետաքննության, նախաքննության, դատախազության և դատարանի պաշտոնատար անձանց մեղքից:
ՀՀ սահմանադրական դատարանը 14.12.2010 թվականի թիվ ՍԴՈ-929 որոշմամբ արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ անձին վնաս կարող է պատճառվել նաև հանրային իշխանության մարմինների գործողությունների (անգործության) հետևանքով: Արդարացված անձին ապօրինաբար պատճառված վնասը հատուցելը և նրա խախտված իրավունքները վերականգնելը պետք է դիտվեն որպես սահմանադրական անվերապահ պահանջ, որպես անձի իրավունք, իսկ այն իրացնելու օրենսդրական ընթացակարգերը չեն կարող աղավաղել այդ իրավունքի էությունը կամ օրենքի բացի արդյունքում ընդհուպ արգելափակել այն:
ՀՀ վճռաբեկ դատարանը Մամիկոն Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով կայացված որոշման շրջանակներում հարկ է համարել անդրադառնալ արդարացվածի` ոչ նյութական վնասի հատուցում պահանջելու իրավունքին: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` մինչև 19.05.2014 թվականը գործող խմբագրությամբ 17-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` վնասներ են իրավունքը խախտված անձի ծախսերը, որ նա կատարել է կամ պետք է կատարի խախտված իրավունքը վերականգնելու համար, նրա գույքի կորուստը կամ վնասվածքը (իրական վնաս), ինչպես նաև չստացված եկամուտները, որոնք այդ անձը կստանար քաղաքացիական շրջանառության սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):
ՀՀ սահմանադրական դատարանի 05.11.2013 թվականի թիվ ՍԴՈ-1121 որոշումից հետո (որով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը ճանաչվել է 2005 թվականի փոփոխություններով ՀՀ Սահմանադրությանը հակասող և անվավեր) «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 19.05.2014 թվականին ընդունված և 01.11.2014 թվականին ուժի մեջ մտած թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 17-րդ հոդվածի 2-րդ կետը շարադրվել է նոր խմբագրությամբ` «վնաս» եզրույթի մեջ ներառելով նաև ոչ նյութական վնասը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն (հոդվածը փոփոխվել է 21.12.2015 թվականին ընդունված և 01.01.2016 թվականին ուժի մեջ մտած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-184-Ն ՀՀ օրենքով)` նույն օրենսգրքի իմաստով ոչ նյութական վնասը ֆիզիկական կամ հոգեկան տառապանք է, որն առաջացել է անձին ի ծնե կամ օրենքի ուժով պատկանող նյութական կամ ոչ նյութական բարիքների դեմ ոտնձգող կամ նրա անձնական գույքային կամ ոչ գույքային իրավունքները խախտող որոշմամբ, գործողությամբ կամ անգործությամբ: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալը, հոգաբարձուն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում, եթե քրեական հետապնդման մարմինը կամ դատարանը հաստատել է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով խախտվել են այդ անձի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված հետևյալ հիմնարար իրավունքները. (...)
3) անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը. (...):
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.2-րդ հոդվածի համաձայն`
1. Հիմնարար իրավունքների խախտման և անարդարացի դատապարտման հետևանքով պատճառված ոչ նյութական վնասի հատուցման եղանակը, հիմքը և չափը որոշվում են նույն հոդվածին և նույն օրենսգրքի 162.1-րդ հոդվածին համապատասխան:
2. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ հատուցման ենթակա գույքային վնասից:
3. Ոչ նյութական վնասը ենթակա է հատուցման` անկախ վնաս պատճառելիս պաշտոնատար անձի մեղքի առկայությունից: (...)
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի` իրավահարաբերության ծագման պահին գործող` 19.05.2014 թվականի խմբագրությամբ 162.1-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե դատական կարգով հաստատվել է, որ պետական մարմնի կամ պաշտոնատար անձի որոշման, գործողության կամ անգործության հետևանքով ֆիզիկական անձի նկատմամբ թույլ է տրվել Կոնվենցիայի 2-րդ, 3-րդ կամ 5-րդ հոդվածներով երաշխավորված իրավունքների խախտում (նույն օրենսգրքի իմաստով` կոնվենցիոն իրավունքների խախտում), ապա այդ անձը, իսկ նրա մահվան կամ անգործունակության դեպքում` նրա ամուսինը, ծնողը, որդեգրողը, երեխան, որդեգրվածը, խնամակալն իրավունք ունեն դատական կարգով պահանջելու պատճառված ոչ նյութական վնասի հատուցում:
ՀՀ վճռաբեկ դատարանը, անդրադառնալով ոչ նյութական վնասի հատուցման համար հիմք հանդիսացող խախտված իրավունքների շրջանակին, փաստել է, որ ոչ նյութական վնասի հատուցում կարելի է պահանջել միայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածով նախատեսված իրավունքներից որևէ մեկի կամ միաժամանակ մի քանիսի խախտման դեպքում:
Անդրադառնալով ոչ նյութական վնասի հատուցման հիմքին` ՀՀ վճռաբեկ դատարանը ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի առկայությունը հիմնավորելու հարցը հարկ է համարել քննարկել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (այսուհետ` Եվրոպական դատարան) իրավական դիրքորոշումների լույսի ներքո: Այսպես, Եվրոպական դատարանը գտել է, որ ընդհանուր կանոնն այն է, որ Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված հատուցման տրամադրումը կախված է համապատասխան անձի կողմից նույն հոդվածի նախորդ կետերի խախտմամբ իրեն պատճառված վնասը հիմնավորելու հանգամանքից: Այդուհանդերձ, Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտման արդյունքում հոգեկան տառապանքի հետևանքով ոչ նյութական վնասն ունի որոշ առանձնահատկություններ: Գործում է այն կանխավարկածը (որը կարող է հերքվել), որ նշված հոդվածի խախտմամբ ձերբակալումն անձին պատճառում է որոշ հոգեբանական տառապանքներ ոչ միայն ձերբակալման ընթացքում, այլ նաև դրանից հետո: Նման տառապանքները, որոնք պարտադիր չէ, որ հասնեն հոգեկան խանգարումների մակարդակի կամ արտահայտվեն արտաքին ախտանիշներով, անխուսափելիորեն չեն պահանջում այնպիսի բացառիկ ապացույցների միջոցով հաստատում, ինչպիսիք են հոգեբուժական կամ բժշկական փաստաթղթերը (տե՛ս, Wassink v. the Netherlands գործով (գանգատ թիվ 12535/86) Եվրոպական դատարանի 27.09.1990 թվականի վճիռ, կետ 38, Pavletić v. Slovakia գործով (գանգատ թիվ 39359/98) Եվրոպական դատարանի 22.06.2004 թվականի վճիռ, կետ 95, Włoch v. Poland (no. 2) գործով (գանգատ թիվ 33475/08) Եվրոպական դատարանի 10.05.2011 թվականի վճիռ, կետ 32, Dzhabarov and Others v. Bulgaria գործով (գանգատներ թիվ 6095/11, 74091/11 և 75583/11) Եվրոպական դատարանի 31.03.2016 թվականի վճիռ, կետ 84): Եվրոպական դատարանը նաև արձանագրել է, որ անօրինական կերպով ձերբակալված անձին որևէ փոխհատուցման տրամադրման մերժումն այն հիմքով, որ վերջինիս չի ներկայացրել նմանատիպ ապացույցներ, ինքնին խիստ ձևականացված է և համարվում է Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 5-րդ կետի խախտում (տե՛ս, Danev v. Bulgaria գործով (գանգատ թիվ 9411/05) Եվրոպական դատարանի 02.09.2010 թվականի վճիռը, կետեր 34-35):
Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ոչ նյութական վնասի հատուցման հիմք հանդիսացող տառապանքի, մասնավորապես` հոգեկան տառապանքի հաստատման համար պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ նման տառապանքը հաստատելու համար ուղղակի ապացույցներ (օրինակ` բժշկական փաստաթղթեր, փորձագետի եզրակացություն) կարող են և չներկայացվել: Տառապանքի առկայությունը կարող է հաստատվել ցանկացած ապացույցով, այդ թվում` կողմի, նրա հարազատների ցուցմունքներով: Այլ կերպ ասած` հոգեկան տառապանքի առկայությունը հիմնավորելու համար չափից ավելի ֆորմալ պահանջները չեն բխի հոգեկան տառապանքի առանձնահատկություններից: Ուստի ցանկացած ապացույց, որը կարող է վկայել հոգեկան տառապանքի առկայության մասին (օրինակ` ձերբակալվածին պահելու պայմանները, տևողությունը, անձի անհատական հատկանիշները` դյուրագրգիռությունը, ներշնչվողականությունը և այլն), պետք է գնահատվի դատարանի կողմից:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքով ոչ նյութական վնասի հատուցման համար սահմանված են առավելագույն չափեր, որոնք կարող են գերազանցվել բացառիկ դեպքերում, եթե պատճառված վնասի արդյունքում առաջացել են ծանր հետևանքներ (օրինակ` առողջությանը ծանր վնաս): Ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշում է դատարանը` ողջամտության, արդարացիության (equitableness) և համաչափության սկզբունքներին համապատասխան` հաշվի առնելով ֆիզիկական կամ հոգեկան տառապանքի բնույթը, աստիճանը և տևողությունը, պատճառած վնասի հետևանքները, վնասը պատճառելիս մեղքի առկայությունը, ոչ նյութական վնաս կրած անձի անհատական հատկանիշները, ինչպես նաև այլ վերաբերելի հանգամանքներ: ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ վնասի չափը որոշելիս դատարանները պետք է հաշվի առնեն, որ ոչ նյութական վնասի հատուցումը չպետք է ուղղված լինի տուժող կողմի «հարստացմանը»` նկատի ունենալով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 12-րդ հոդվածով սահմանված իրավունքների չարաշահման արգելքը: Ընդ որում, ՀՀ վճռաբեկ դատարանը, Եվրոպական դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո, հարկ է համարել արձանագրել, որ ոչ նյութական վնասի հատուցման չափը որոշելիս դատարանները պետք է օժտված լինեն ճկունությամբ` մասնավորապես հաշվի առնելով, որ իր բնույթով պայմանավորված` ոչ նյութական վնասը հաշվարկի կամ հստակ քանակական գնահատման ենթակա չէ (տե՛ս, օրինակ, Nagmetov v. Russia (գանգատ թիվ 35589/08) գործով Եվրոպական դատարանի 30.03.2017 թվականի վճիռը, կետեր 72-73, Varnava and Others v. Turkey (գանգատներ թիվ 16064/90, 16065/90, 16066/90, 16068/90, 16069/90, 16070/90, 16071/90, 16072/90 և 16073/90) գործով Եվրոպական դատարանի 18.09.2009 թվականի վճիռը, կետ 224): ՀՀ վճռաբեկ դատարանը կարևորում է, որ ոչ նյութական վնասի չափը որոշելիս դատարանները պետք է առաջնորդվեն ողջամտության, արդարացիության և համաչափության սկզբունքներով` հաշվի առնելով գործի բոլոր հանգամանքները, այդ թվում` և՛ հայցվորի, և՛ պատասխանողի փաստարկները:
ՀՀ վճռաբեկ դատարանը նաև արձանագրել է, որ Հայաստանի Հանրապետությունում հատուցման է ենթակա միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ պաշտոնատար անձի կողմից պատճառված ոչ նյութական վնասը: Ընդ որում, վերոնշյալ անձանց կողմից կատարված խախտումը չպետք է լինի ենթադրյալ խախտում: Այդ խախտումը պետք է հաստատված լինի դատարանի կամ քրեական հետապնդման մարմնի կողմից: Միաժամանակ նշված սուբյեկտների կողմից կատարված խախտումը հաստատելիս հատուցման համար նշանակություն չունի համապատասխան պաշտոնատար անձի մեղքը, քանի որ ոչ նյութական վնասի հատուցման համար օրենսդիրը որդեգրել է առանց մեղքի պատասխանատվության սկզբունքը` սահմանելով, որ այն ենթակա է հատուցման` անկախ պաշտոնատար անձի մեղքից (տե՛ս, թիվ ԵԿԴ/3296/02/14 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն` 03.02.2015 թվականի «Անձին որպես մեղադրյալ ներգրավելու մասին» որոշմամբ Արթուր Զաքարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ: Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի 04.02.2015 թվականի որոշմամբ Արթուր Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` երկու ամիս ժամկետով` կալանավորման սկիզբը հաշվելով փաստացի արգելանքի տակ վերցնելու (ձերբակալելու) պահից` 01.02.2015 թվականից: 13.03.2015 թվականի «Մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոփոխելու մասին» որոշմամբ Արթուր Զաքարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը փոփոխվել է, և որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: 22.07.2015 թվականի «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ Արթուր Զաքարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասով իրականացվող քրեական հետապնդումը դադարեցվել է` վերջինիս արարքի մեջ հանցակազմի բացակայության հիմքով, իսկ որպես խափանման միջոց ընտրված` չհեռանալու մասին ստորագրությունը, վերացվել է:
Դատարանը, ոչ նյութական վնասի հատուցման պահանջի մասով բավարարելով հայցը, պատճառաբանել է, որ ապօրինի դատապարտելու հետևանքով արդարացվածին պատճառված վնասները ենթակա են հատուցման ամբողջ ծավալով, և որ Արթուր Զաքարյանին ապօրինի կալանավորման հետևանքով հասցվել է վնաս, ինչը հատուցելու պարտականությունն օրենքի ուժով դրված է Նախարարության վրա: Դատարանը գտել է, որ 22.07.2015 թվականի «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ է հաստատվել Արթուր Զաքարյանին ապօրինի դատապարտելու հանգամանքը: Անդրադառնալով ոչ նյութական վնասի հատուցման չափին` Դատարանն արձանագրել է, որ Արթուր Զաքարյանը շուրջ 5 ամիս 22 օր գտնվել է անազատության մեջ, դրանով իսկ սահմանափակվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1 հոդվածի 2-րդ կետով սահմանված` անձի անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքը և գտել, որ նման պայմաններում 800.000 ՀՀ դրամը` որպես վնասի հատուցման չափ, ողջամիտ է:
Վերաքննիչ դատարանը, 800.000 ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի և անազատության հետ կապված ծախսերի հատուցման գումար, բռնագանձելու մասով բեկանելով Դատարանի վճիռը, նախևառաջ պատճառաբանել է, որ նախաքննական մարմնի և Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ոչ օրինաչափ վարքագիծը դրսևորվել է նրանում, որ Արթուր Զաքարյանին անհիմն մեղադրանք է առաջադրվել և անհիմն որոշում է կայացվել` որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ: Նշված գործողությունների ոչ օրինաչափ լինելը հիմնավորվել է քննիչի 22.07.2015 թվականի «Քրեական հետապնդումը դադարեցնելու մասին» որոշմամբ, որի ուժով էլ հայցվորը ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ: Անդրադառնալով Դատարանի կիրառած նյութական իրավունքի նորմերին` Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ սույն գործով վիճելի իրավահարաբերությունը ծագել է 2015 թվականից, իսկ Դատարանի կիրառած նորմերը ուժի մեջ են մտել 01.01.2016 թվականից, հետևաբար չէին կարող կիրառման ենթակա լինել, քանի որ 21.12.2015 թվականի թիվ ՀՕ-184-Ն օրենքը չի նախատեսում դրա հետադարձ ուժ, իսկ նախքան 21.12.2015 թվականին կատարված փոփոխությունները և լրացումները, ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ և 1087.2-րդ հոդվածները գործել են այլ խմբագրությամբ: Վերաքննիչ դատարանը գտել է, որ տվյալ դեպքում սույն գործով իրավահարաբերության ծագման պահի դրությամբ գործող խմբագրությամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 162.1-րդ հոդվածով նախատեսված պայմանը` Կոնվենցիոն իրավունքների խախտման փաստը դատական կարգով հաստատված լինելը, առկա չի եղել, ուստի ոչ նյութական վնասի հատուցման պահանջը չէր կարող բավարարվել: Վերաքննիչ դատարանը նաև փաստել է, որ սույն գործով հայցվորը ներկայացրել է նաև անազատության հետ կապված ծախսերի` նյութական վնասի հատուցման պահանջ, սակայն չի հիմնավորել նման ծախսեր կատարած լինելու հանգամանքը: Ուստի Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ հայցվորի պահանջած 800.000 ՀՀ դրամը` որպես ոչ նյութական վնասի և անազատության մեջ գտնվելու հետևանքով կատարված այլ ծախսերի փոխհատուցման գումար, բռնագանձելու որևէ հիմք սույն գործով առկա չի եղել:
Վճռաբեկ դատարանը, վերոնշյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումներին, գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը` հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
19.05.2014 թվականին ընդունված «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-21-Ն ՀՀ օրենքով ոչ նյութական վնասի հատուցման ինստիտուտը ներառվել է ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և սկսել է գործել 01.11.2014 թվականից` ներառելով նաև անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման համար ոչ նյութական վնասի հատուցումը, իսկ Արթուր Զաքարյանի նշված իրավունքի խախտումը կատարվել է 01.02.2015 թվականից մինչև 22.07.2015 թվականը և հաստատվել քրեական հետապնդման մարմնի 22.07.2015 թվականի որոշմամբ, քանի որ նշված որոշմամբ Արթուր Զաքարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է արդարացնող հիմքով: Ընդ որում` քրեական հետապնդման մարմնի և դատարանի` անձին ձերբակալելու և որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ որոշումներով սահմանափակվել է Արթուր Զաքարյանի անձնական ազատության իրավունքը, իսկ մինչև քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշում կայացվելը նրա նկատմամբ խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը կիրառելու մասին որոշմամբ` նրա անձնական անձեռնմխելիության իրավունքը:
Հաշվի առնելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված իրավակարգավորումը, համաձայն որի` արդարացված է ոչ միայն այն անձը, որի նկատմամբ կայացվել է արդարացման դատավճիռ, այլև նա, ում նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել կամ քրեական գործով վարույթը կարճվել է նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով, Արթուր Զաքարյանը ձեռք է բերել արդարացվածի կարգավիճակ: Մամիկոն Ստեփանյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ՀՀ վճռաբեկ դատարանը փաստել է, որ արդարացվածն ընդհանուր հիմունքներով իրավունք ունի պահանջել ոչ նյութական վնասի հատուցում: Նկատի ունենալով, որ Արթուր Զաքարյանը քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է, կալանավորվել, ապա նրա նկատմամբ կիրառվել է խափանման այլ միջոց, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով առկա է ոչ նյութական վնասի հատուցման հիմքը` անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման արդյունքում կրած հոգեկան տառապանքը` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ գործում առկա ապացույցներով հիմնավորվում է, որ Արթուր Զաքարյանը 40 օր գտնվել է անազատության մեջ, իսկ 131 օր նրա նկատմամբ կիրառված է եղել խափանման այլ միջոց` ստորագրություն չհեռանալու մասին: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերոգրյալ ապացույցները բավարար էին` հաստատված համարելու համար ոչ նյութական վնասի հատուցման հիմքի առկայությունը:
Անդրադառնալով Վերաքննիչ դատարանի այն եզրահանգմանը, որ Դատարանի կիրառած նորմերը չէին կարող կիրառվել, քանի որ հետադարձ ուժ չունեին, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ արդարացվածի` ոչ նյութական վնասի հատուցում ստանալու պահանջը իրավունքի խախտման փաստը դատական կարգով հաստատված չլինելու պատճառաբանությամբ մերժելը չի կարող իրավաչափ համարվել` նկատի ունենալով, որ անձի` արդարացվածի կարգավիճակը մինչև 01.01.2016 թվականը կարող էր հաստատվել ոչ միայն դատավճռով կամ դատական կարգով, այլև քրեական հետապնդման մարմնի որոշմամբ, որպիսինն իր իրավական հետևանքներով նշված ժամանակահատվածում հավասարեցված է եղել արդարացման դատավճռին: Այսինքն` եթե իրավահարաբերության ծագման պահին գործող օրենսդրությամբ առկա է եղել հնարավորություն` անձին արդարացված համարել նաև քրեական հետապնդման մարմնի որոշմամբ, անհիմն կլինի մերժել վերջինիս ոչ նյութական վնասի հատուցման պահանջն այն հիմքով, որ իրավունքի խախտման փաստը դատական կարգով հաստատված չէ: Ընդ որում, նման հետևությունը համապատասխանում է նաև Եվրոպական դատարանի և ՀՀ սահմանադրական դատարանի` իրավահարաբերության ծագման պահին արդեն իսկ առկա դիրքորոշումներին` մասնավորապես նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանը հենց Հայաստանի Հանրապետության դեմ վճիռներում անձին պատճառված բարոյական վնասի դիմաց նյութական փոխհատուցում չտրամադրելը դիտել է որպես Կոնվենցիայի համապատասխան դրույթների խախտում (տե՛ս, օրինակ, Խաչատրյանը և այլք ընդդեմ Հայաստանի Հանրապետության (գանգատ թիվ 23978/06) գործով 27.11.2012 թվականի և Պողոսյանն ու Բաղդասարյանն ընդդեմ Հայաստանի Հանրապետության (գանգատ թիվ 22999/06) գործով 12.06.2012 թվականի վճիռները): Իսկ ՀՀ սահմանադրական դատարանը 05.11.2013 թվականի թիվ ՍԴՈ-1121 որոշմամբ արձանագրել է, որ ՀՀ օրենսդրությամբ բարոյական վնասի նյութական փոխհատուցման ինստիտուտի թերի կանոնակարգումը համահունչ չէ նաև ՀՀ կողմից ստանձնված միջազգային պարտավորություններին:
Հատկանշական է, որ օրենսդիրը ՀՀ քաղաքացիական օրենսգրքում 21.12.2015 թվականին կատարած և 01.01.2016 թվականից ուժի մեջ մտած փոփոխություններով հաղթահարել է այդ իրավական բացը` օրենքը լիովին համապատասխանեցնելով Կոնվենցիայի, ՀՀ Սահմանադրության, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին: Հետևաբար, Վճռաբեկ դատարանը, արձանագրելով, որ իրավահարաբերության ծագման պահին արդարացվածի կարգավիճակը կարող էր հաստատվել քրեական հետապնդման մարմնի որոշմամբ, եզրահանգում է, որ արդարացված Արթուր Զաքարյանն իրավունք ուներ պահանջել ոչ նյութական վնասի հատուցում` նկատի ունենալով, որ վերջինիս անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման արդյունքում առկա է եղել ոչ նյութական վնասի հատուցման հիմքը:
Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, 800.000 ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի և անազատության հետ կապված ծախսերի հատուցման գումար, բռնագանձելու մասով բեկանելով և փոփոխելով Դատարանի վճիռը և այդ մասով հայցը մերժելով, սահմանափակել է Արթուր Զաքարյանի` ՀՀ Սահմանադրությամբ և Կոնվենցիայով երաշխավորված` անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման համար ոչ նյութական վնասի հատուցում ստանալու իրավունքը:
Անդրադառնալով Դատարանի կողմից 800.000 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջն ամբողջությամբ բավարարելուն` Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Դատարանը հաշվի չի առել, որ նշված գումարը հայցվորը պահանջել է որպես ոչ նյութական վնասի և անազատության հետ կապված այլ ծախսերի փոխհատուցման գումար, սակայն չի մասնավորեցրել, թե նշված գումարից որ մասն է պահանջում որպես ոչ նյութական վնասի հատուցում, և որ մասը` որպես նյութական ծախսերի հատուցում: Հետևաբար Դատարանն այս մասով պատշաճ քննություն չի իրականացրել, որպիսի սխալը չի շտկվել նաև Վերաքննիչ դատարանի կողմից` նկատի ունենալով, որ Վերաքննիչ դատարանն ամբողջությամբ մերժել է վերոնշյալ պահանջը` այլ հիմքով:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ թեև Դատարանը ճիշտ եզրահանգման է եկել ոչ նյութական վնասի հատուցման պահանջի հիմնավոր լինելու մասին, սակայն վնասի չափը պարզելու մասով պատշաճ քննություն չի իրականացրել, որպիսի պարագայում առկա է գործի նոր քննության անհրաժեշտություն` սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո պարզելու ոչ նյութական վնասի չափը:
Վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները հերքվում են վերոհիշյալ պատճառաբանություններով:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար: Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ Վերաքննիչ դատարանի որոշումը բողոքարկվել է միայն 800.000 ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի և անազատության հետ կապված ծախսերի հատուցման գումար, պահանջը մերժելու մասով, հետևաբար Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանվում է միայն այդ մասով:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի համաձայն` պետական տուրքը վճարվում է դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով` Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 01.12.2016 թվականի որոշման` Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի 20.05.2016 թվականի վճիռը` Հայաստանի Հանրապետությունից` ի դեմս ՀՀ ֆինանսների նախարարության, հօգուտ Արթուր Զաքարյանի 800.000 ՀՀ դրամ` որպես ոչ նյութական վնասի հատուցման և անազատության մեջ գտնվելու հետևանքով կատարված այլ ծախսերի փոխհատուցման գումար, բռնագանձելու մասով, բեկանելու և փոփոխելու մասը, և այդ մասով գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ Ս. Անտոնյան Վ. Ավանեսյան Մ. Դրմեյան Գ. Հակոբյան Ռ. Հակոբյան Տ. Պետրոսյան Ն. Տավարացյան
Ա. Բարսեղյան