ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշում Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0696/02/15 |
Քաղաքացիական գործ թիվ ԵԿԴ/0696/02/15 |
Նախագահող դատավոր՝ Հ. Ենոքյան |
Դատավորներ՝ |
Ս. Միքայելյան |
Գ. Խանդանյան |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ե. Խունդկարյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Ա. Բարսեղյանի | |
Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ | ||
Վ. Ավանեսյանի | ||
Մ. Դրմեյանի | ||
Գ. Հակոբյանի | ||
Ռ. Հակոբյանի | ||
Տ. Պետրոսյանի | ||
Ն. Տավարացյանի |
2018 թվականի ապրիլի 07-ին
դռնբաց դատական նիստում, քննելով «Աէրոֆլոտ-Ռուսական ավիաուղիներ» Հայաստանյան ներկայացուցչության (այսուհետ՝ Կազմակերպություն) ներկայացուցիչ Էմիլ Ամիրխանյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.08.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Արթուր Հայրապետյանի ընդդեմ Կազմակերպության` որոշակի գործողություն կատարելուն պարտադրելու պահանջի մասին,
1. Գործի դատավարական նախապատմությունը
Դիմելով դատարան` Արթուր Հայրապետյանը պահանջել է Կազմակերպությանը պարտադրել իրեն հանձնել «LED 40 Samsung UE40H6233» հեռուստացույցի տեսակին և որակին համարժեք հեռուստացույց:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ռ. Ներսիսյան) (այսուհետ` Դատարան) 16.05.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 03.08.2016 թվականի որոշմամբ Կազմակերպության ներկայացուցիչ Էռնեստ Հարությունյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, ու Դատարանի 16.05.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ։
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կազմակերպության ներկայացուցիչը:
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները:
Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ «Միջազգային օդային փոխադրումներին վերաբերող որոշակի կանոնների միասնականացման մասին» կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 18-րդ հոդվածի մեկնաբանությունից բխում է, որ փոխադրողն ուղեբեռը վնասելու համար կարող է պատասխանատվության ենթարկվել միայն հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում` օդային փոխադրման ընթացքում պետք է տեղի ունեցած լինի պատահար, ուղեբեռը վնասվի այդ պատահարի ընթացքում և այդ պատահարի ու ուղեբեռի վնասման միջև առկա լինի պատճառահետևանքային կապ:
Կոնվենցիայի 18-րդ հոդվածը որևէ դրույթ չի նախատեսում ուղեբեռի` օդային փոխադրման ժամանակ վնասված լինելու կանխավարկածի վերաբերյալ, եթե հակառակը չի ապացուցվում:
Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել, որ պատահարի տեղի ունենալու փաստի, վնասի և պատահարի միջև պատճառահետևանքային կապի առկայության ապացուցման բեռը պետք է դրվեր բացառապես Արթուր Հայրապետյանի վրա, իսկ Կազմակերպությունը պետք է ապացուցեր, որ վնասը պատճառելիս բացակայել է իր մեղքը:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ գործում առկա որևէ ապացույց չի կարող հաստատել այն փաստերը, որ իրականում պատահարը տեղի է ունեցել օդային փոխադրման ժամանակ, և ուղեբեռի վնասման պատճառը հենց այդ պատահարն է:
Վերաքննիչ դատարանն անտեսել է նաև, որ Դատարանն առհասարակ ապացուցման բեռի բաշխում չի կատարել: Կազմակերպությունը Դատարանում գործի քննության ժամանակ նույնիսկ տեղյակ չի եղել, որ իր վրա դրվել է վնասը՝ ոչ օդային փոխադրման ընթացքում տեղի ունեցած պատահարի արդյունքում առաջացած լինելու փաստն ապացուցելու պարտականություն, որպեսզի իր հերթին նախ առարկեր նման փաստի՝ գործի լուծման համար նշանակություն ունենալու առումով, և զուգահեռաբար փորձեր ձեռք բերել փաստը հաստատող որոշակի ապացույցներ: Վերաքննիչ դատարանն իր նախաձեռնությամբ գործի համար նշանակություն ունեցող նոր փաստ է մատնանշում` ավելացնելով, որ քանի որ այդ փաստը Կազմակերպության կողմից չի ապացուցվել, ուստի մեխանիկորեն ապացուցված է համարվում այն փաստը, որ վնասը տեղի է ունեցել օդային փոխադրման ընթացքում տեղի ունեցած պատահարի ընթացքում:
Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 03.08.2016 թվականի որոշումը և փոփոխել այն՝ հայցը մերժել:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը`
1) «Աէրոֆլոտ-Ռուսական ավիաուղիներ» հանրային բաժնետիրական ընկերության կողմից իրականացված Պերմ-Երևան օդային չվերթով Արթուր Հայրապետյանը 20.11.2014 թվականին ժամանել է Երևան` ունենալով գրանցված ուղեբեռ «Samsung» հեռուստացույց (հատոր 1-ին, գ.թ. 95, 97).
2) Կազմակերպության կողմից կազմվել է «Վնասի վերաբերյալ զեկույց», որում «Վնասի վերաբերյալ մանրամասները» տողում նշվել է «01-կողմը` վնասված», իսկ «Ուղեբեռի վերաբերյալ մանրամասները» տողում` «01-էկրանը` վնասված» (հատոր 1-ին, գ.թ. 95).
3) Կազմակերպությունը 24.12.2014 թվականին մերժել է Արթուր Հայրապետյանի դիմումը` վնասը հատուցելու պահանջի մասին (հատոր 1-ին, գ.թ. 97).
4) գործի քննությունն իրականացվել է առանց դատաքննության նախապատրաստական փուլի, նախնական դատական նիստ չի հրավիրվել, ինչպես նաև նշանակված դատական նիստում կողմերի հետ չի քննարկվել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը, և նրանց միջև չի բաշխվել ապացուցման պարտականությունը: Կազմակերպությունը չի վկայակոչել փաստ այն մասին, որ վնասն առաջացել է ոչ oդային փոխադրման ընթացքում պատահարի հետևանքով, իսկ Դատարանն իր հերթին նման փաստի ապացուցման պարտականություն Կազմակերպության վրա չի դրել (հատոր 1-ին, գ.թ. 50-103):
4.Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները խախտելու հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:
Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանը հարկ է համարում անդրադառնալ գրանցված բեռը կամ ուղեբեռը վնասվելու դեպքում փոխադրողին պատասխանատվության ենթարկելու նախապայմաններին և դրանցից բխող` նախնական դատական նիստում ապացուցում պահանջող փաստերի շրջանակը կողմերի հետ չքննարկելու ու համապատասխան փաստն ապացուցում պահանջող փաստերի շրջանակում չներառելու և այդ փաստի ապացուցման պարտականությունը կողմի վրա չդնելու պայմաններում բացասական հետևանքները կողմի վրա թողնելու հարցերին:
«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն` նույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետության օդային տարածքի օգտագործման և ավիացիայի բնագավառի գործունեության իրավական հիմքերը, ծառայություններին և ծառայություններ մատուցողներին ներկայացվող պահանջները, վերահսկողության մեխանիզմները և բնագավառի իրավական կարգավորման սկզբունքների հետ կապված հարաբերությունները:
«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ավիացիոն գործունեությունը Հայաստանի Հանրապետության տարածքում, որը ներառում է Հայաստանի Հանրապետության ցամաքային ու ջրային տարածքները, ինչպես նաև դրանց վրայի օդային տարածությունը, իրականացվում է նույն օրենքին, Հայաստանի Հանրապետության օրենքներին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և այլ իրավական ակտերին համապատասխան:
«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի համաձայն` եթե Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են նույն օրենքով, ապա կիրառվում են միջազգային պայմանագրերի նորմերը:
Կոնվենցիայի 18-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` փոխադրողը պատասխանատվություն է կրում այն վնասների համար, որոնք առաջացել են գրանցված ուղեբեռի կամ ապրանքների ոչնչացման, կորուստի կամ վնասվելու պատճառով, եթե պատահարը, որի հետևանքով առաջացել է վնասը, տեղի է ունեցել օդային փոխադրման ընթացքում:
Վկայակոչված նորմերի վերլուծությունից նաև հետևում է, որ տվյալ դեպքում միջազգային պայմանագրով սահմանված է գրանցված ուղեբեռի վնասվելու դեպքում փոխադրողին պատասխանատվության ենթարկելու որոշակի նախապայման, որի համաձայն՝ փոխադրողը կարող է պատասխանատվություն կրել վնասված ուղեբեռի համար միայն այն պարտադիր պայմանների միաժամանակյա առկայության դեպքում, երբ`
1. ուղեբեռը գրանցված է.
2. ուղեբեռը վնասվել է.
3. վնասումը տեղի է ունեցել պատահարի հետևանքով.
4. պատահարը տեղի է ունեցել օդային փոխադրման ընթացքում:
Նշված պայմաններից որևէ մեկի բացակայությունը բացառում է վնասված ուղեբեռի համար փոխադրողին պատասխանատվության ենթարկելը:
Ավելին` «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի բովանդակությունից բխում է, որ նույն օրենքի 11-րդ գլխի դրույթները, որը ներառում է նաև այդ օրենքի 63-րդ հոդվածը, կիրառվում են օդային տրանսպորտով ինչպես վճարովի, այնպես էլ անվճար իրականացվող ուղևորների, ուղեբեռների և բեռների փոխադրման ժամանակ:
«Ավիացիայի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` փոխադրողը պատասխանատվություն է կրում գրանցված ուղեբեռի կամ բեռի կորստի, ոչնչացման կամ վնասման համար, եթե պատճառ հանդիսացող իրադարձությունը տեղի է ունեցել ուղեբեռի կամ բեռի՝ փոխադրողի հսկողության տակ գտնվելու ժամանակահատվածում օդանավակայանում կամ օդանավում կամ, եթե օդանավը վայրէջք է կատարում օդանավակայանից դուրս, բեռի գտնվելու վայրում, բացառությամբ նույն հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով նախատեսված դեպքերի:
Վկայակոչված նորմերի վերլուծությունից նաև հետևում է, որ ավիացիոն գործունեությունը կարգավորող մեկ այլ իրավական ակտով օրենսդիրն իր հերթին ուղեբեռի կամ բեռի վնասման դեպքում փոխադրողին պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտ պայմաններ է նախատեսել`
1. ուղեբեռի կամ բեռի գրանցված լինելը.
2. ուղեբեռի կամ բեռի վնասված լինելը.
3. իրադարձության տեղի ունենալը.
4. ուղեբեռը կամ բեռն իրադարձության հետևանքով վնասված լինելը.
5. այդ իրադարձությունն ուղեբեռի կամ բեռի՝ փոխադրողի հսկողության տակ գտնվելու ժամանակահատվածում տեղի ունենալը:
Այսինքն`այս դեպքում ևս նշված պայմաններից որևէ մեկի բացակայությունը բացառում է վնասված ուղեբեռի կամ բեռի համար փոխադրողին պատասխանատվության ենթարկելը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 854-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` բեռների, ուղևորների և ուղեբեռների փոխադրումն իրականացվում է փոխադրման պայմանագրի հիման վրա:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 863-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխադրման պարտավորությունները չկատարելու կամ անպատշաճ կատարելու դեպքում կողմերը կրում են նույն օրենսգրքով, այլ օրենքներով, ինչպես նաև կողմերի համաձայնությամբ սահմանված պատասխանատվություն:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 866-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` փոխադրողը պատասխանատվություն է կրում բեռի կամ ուղեբեռի կորստի, պակասորդի, վնասվածքի համար, որը տեղի է ունեցել այն փոխադրման համար ընդունելուց հետո մինչև բեռն ստացողին, նրա լիազորած անձին կամ ուղեբեռն ստանալու համար լիազորված անձին հանձնելը, եթե չի ապացուցում, որ բեռի կամ ուղեբեռի կորուստը, պակասորդը, վնասվածքը տեղի են ունեցել այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը չէր կարող կանխել, և որոնց վերացնելը իրենից կախված չէր:
Նշված նորմերի վերլուծությունից նաև բխում է, որ բեռի կամ ուղեբեռի վնասվածքի համար փոխադրողը կարող է պատասխանատվության ենթարկվել միայն այն դեպքում, երբ վնասվածքը տեղի է ունեցել բեռը կամ ուղեբեռը փոխադրման համար ընդունելուց հետո մինչև այն ստացողին, նրա լիազորած անձին կամ այն ստանալու համար լիազորված անձին հանձնելը: Ընդ որում, այդ վնասվածքը պետք է տեղի ունեցած լինի այնպիսի հանգամանքներում, որոնք փոխադրողը կարող էր կանխել, և այդ վնասվածքի վերացումը կախված է եղել իրենից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերը որոշում է դատարանը՝ գործին մասնակցող անձանց պահանջների և առարկությունների հիման վրա, իսկ նույն հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե բոլոր ապացույցների հետազոտումից հետո վիճելի է մնում փաստի առկայությունը կամ բացակայությունը, ապա դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ արձանագրել է, որ յուրաքանչյուր գործով կողմերի միջև ապացուցման պարտականությունը ճիշտ բաշխելու համար դատարանն առաջին հերթին պետք է պարզի յուրաքանչյուր գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերը՝ ելնելով գործին մասնակցող անձանց պահանջներից և առարկություններից։ Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի առկայությունը կամ բացակայությունը վիճելի լինելու դեպքում դրա բացասական հետևանքները կրում է այդ փաստի ապացուցման պարտականությունը կրող կողմը (տե՛ս, Էդգար Մարկոսյանը և Զարուհի Գևորգյանն ընդդեմ Սեդա Սարգսյանի թիվ ԵԱՆԴ/0479/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 13.02.2009 թվականի որոշումը)։
Վերահաստատելով նշված իրավական դիրքորոշումը՝ ՀՀ վճռաբեկ դատարանը մեկ այլ որոշմամբ նշել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման պարտականությունը գործի քննության և լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների ապացուցման ուղղությամբ որոշակի դատավարական գործողությունների կատարման անհրաժեշտությունն է, որն ապահովված է որոշակի անբարենպաստ հետևանքների առաջացման սպառնալիքով:
Ապացուցման պարտականությունը՝ որպես սուբյեկտիվ պարտականություն, բովանդակային առումով ներառում է հետևյալ երկու տարրերը.
1) պահանջների կամ առարկությունների հիմքում որոշակի փաստական հանգամանքներ դնելու պարտականություն (հաստատման ծանրություն), որը դիտարկվում է որպես պահանջները և առարկությունները փաստերով հիմնավորելու՝ պահանջների և առարկությունների հիմքում որոշակի փաստական հանգամանքներ դնելու և օրենքով սահմանված ձևով դատարանին ներկայացնելու անհրաժեշտություն,
2) ապացույցներ ներկայացնելու պարտականություն (բացահայտման ծանրություն), որը գործին մասնակցող անձի կողմից պահանջների և առարկությունների հիմքում դրված փաստական հանգամանքները հաստատող ապացույցները դատարանին և գործին մասնակցող մյուս անձանց ներկայացնելու անհրաժեշտություն է:
ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ քաղաքացիական դատավարությունում ապացուցման գործընթացի ճիշտ կազմակերպման, ապացուցողական նյութի լրիվության, վարույթի բնականոն ընթացքի ապահովման և արդյունքում գործի ճիշտ լուծման համար կարևոր նշանակություն ունի այն հարցը, թե դատավարության կոնկրետ որ մասնակցի վրա է ընկնում գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքների ապացուցման ծանրությունը կամ ապացուցման բեռը: Հետևաբար օրենքով սահմանված որոշակի կանոնների պահպանմամբ գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելը, որը տեղի է ունենում գործը դատաքննության նախապատրաստելու փուլում, դատարանի կարևորագույն խնդիրներից մեկն է: Գործին մասնակցող անձանց միջև ապացուցման պարտականությունը բաշխելու հարցը կարգավորող օրենսդրական նորմերը՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները, վճռորոշ նշանակություն են ստանում այն դեպքում, երբ կողմերի իրավահավասարության և մրցակցության սկզբունքների իրագործման պայմաններում ներկայացված ապացույցները բավարար չեն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության մասին օբյեկտիվ և հիմնավորված եզրահանգում կատարելու համար, քանի որ քաղաքացիական դատավարությունում դատարանը չի կարող հրաժարվել վճիռ կայացնելուց ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ և ապացուցման ամենաբարդ իրավիճակում անգամ պարտավոր է գործն ըստ էության լուծող վերջնական դատական ակտ կայացնել: Ըստ այդմ՝ ապացուցման բեռի բաշխման կանոնները հանդես են գալիս այն կառուցակարգի դերում, որը թույլ է տալիս գործով ձեռք բերված ապացույցների ոչ բավարար լինելու, դրանց հակասականության կամ բացակայության պայմաններում որոշելու այն սուբյեկտին, ով պարտավոր է ներկայացնել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստական հանգամանքները հաստատող ապացույցները և պետք է կրի այդ պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու բոլոր անբարենպաստ հետևանքները: Ըստ այդմ՝ ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ապացույցներ ներկայացնելու (բացահայտելու) պարտականությունը գործին մասնակցող անձանց միջև ճիշտ բաշխելու համար դատարանը պետք է ճշգրիտ որոշի գործի լուծման համար նշանակություն ունեցող այն փաստերի շրջանակը, որոնք պետք է ապացուցվեն գործին մասնակցող տվյալ սուբյեկտի կողմից (տե՛ս, ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Արամ Ավետիսյանի, երրորդ անձ «Սևան ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության թիվ ԵԱՔԴ/1096/02/13 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 22.04.2016 թվականի որոշումը)։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1495 -րդ հոդվածի համաձայն՝ հայցադիմումը վարույթ ընդունելուց հետո գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով դատարանը ձեռնամուխ է լինում գործը դատաքննության նախապատրաստելուն:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերի համաձայն` դատարանը նախնական դատական նիստում կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետները, կողմերի միջնորդությամբ, իսկ նույն օրենսգրքով նախատեսված դեպքում` իր նախաձեռնությամբ, պահանջում է անհրաժեշտ ապացույցներ, լուծում է փորձաքննություն նշանակելու, դատական նիստին փորձագետներ, վկաներ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, տեղում իրեղեն և գրավոր ապացույցներն ուսումնասիրելու հարցերը:
ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշմամբ անդրադառնալով վերոնշյալ իրավական նորմերի վերլուծությանը, նշել է, որ գործի քննությունը դատաքննության նախապատրաստական փուլով իրականացնելիս դատարանը պարտավոր է կողմերի հետ քննարկել ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականությունը կողմերի միջև բաշխել ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան: Ընդ որում, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի շրջանակը որոշելն անմիջական կախվածության մեջ է գտնվում գործին մասնակցող անձանց վկայակոչած փաստերի վերաբերյալ մյուս կողմի ներկայացրած առարկություններից: Գործը դատաքննության նախապատրաստելու ինստիտուտը նպատակաուղղված է ապահովելու գործի արդյունավետ քննությունը: Այդ նպատակով օրենսդիրը գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ սահմանում է ոչ միայն կողմերի, այլև դատարանի գործողությունները: ՀՀ քաղաքացիական դատավարությունն իրականացվում է կողմերի մրցակցության սկզբունքի հիման վրա: Սակայն գործը դատաքննության նախապատրաստելու վերաբերյալ նորմերը սահմանում են մրցակցային դատավարությունում դատարանի պարտականությունները: Միաժամանակ դատարանը, ղեկավարելով գործը դատաքննության նախապատրաստելու գործընթացը, պահպանում է անկախություն, օբյեկտիվություն և անաչառություն, իսկ գործը դատաքննության նախապատրաստելու ժամանակ դատարանի գործողություններն ուղղված են ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածով նախատեսված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության համար համապատասխան պայմանների ապահովմանը, գործի համար նշանակություն ունեցող ապացուցման ենթակա փաստերի որոշմանը և գործը լուծելու համար ճիշտ իրավանորմերի կիրառմանը: Ապացույցներ ներկայացնում են գործին մասնակցող անձինք, սակայն դատարանը գործի նախապատրաստական փուլում ապացուցման առարկան և բեռը բաշխելուց հետո կողմերին հնարավորություն է ընձեռում ներկայացնելու այն ապացույցները, որոնցով վերջիններս կարող են հիմնավորել իրենց պահանջները և առարկությունները: Հետևաբար գործը դատաքննության նախապատրաստելու դատավարական ինստիտուտի ամրագրումն օրենսդրի կողմից ինքնանպատակ չէ, և դատարանն այդ փուլով դատավարությունը պետք է անցկացնի իր առջև դրված խնդիրներն իրականացնելու համար (տե´ս, Երևանի քաղաքապետարանի «Երևանի Էլեկտրատրանսպորտ» ՓԲԸ-ն ընդդեմ Դավիթ Մարտիրոսյանի ու ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Էրեբունի անձնագրային բաժնի թիվ ԵԷԴ/1637/02/09 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.05.2011 թվականի որոշումը):
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատարանը յուրաքանչյուր ապացույց գնահատում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության վրա հիմնված ներքին համոզմամբ:
Վերը նշված իրավանորմի վերլուծությունից հետևում է, որ գործի լուծման համար էական նշանակություն ունեցող յուրաքանչյուր փաստի հաստատված լինելու հարցը դատարանը պարզում է գործում եղած բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման վրա հիմնված ներքին համոզմամբ:
ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշմամբ փաստել է, որ այս կամ այն հանգամանքի առկայության կամ բացակայության մասին դատարանի եզրակացությունը պետք է լինի գործով ձեռք բերված ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտման տրամաբանական հետևությունը՝ հաշվի առնելով դրանց համակցությունը և փոխադարձ կապը, կիրառման ենթակա իրավունքը և ներքին համոզմունքը (տե՛ս, Ռուզաննա Թորոսյանն ընդդեմ Նվեր Մկրտչյանի թիվ ԵԱՔԴ/1688/02/08 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.07.2011 թվականի որոշումը):
Սույն գործի փաստերի համաձայն՝ գործի քննությունն իրականացվել է առանց դատաքննության նախապատրաստական փուլի, նախնական դատական նիստ չի հրավիրվել, իսկ նշանակված դատական նիստում կողմերի հետ չի քննարկվել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող` ապացուցում պահանջող վերը նշված փաստերի շրջանակը, կողմերի միջև չի բաշխվել ապացուցման պարտականությունը: Կազմակերպությունը չի վկայակոչել փաստ այն մասին, որ վնասն առաջացել է ոչ oդային փոխադրման ընթացքում պատահարի հետևանքով, իսկ Դատարանն իր հերթին նման փաստի ապացուցման պարտականություն Կազմակերպության վրա չի դրել:
Դատարանը, պատճառաբանելով, որ «Հայցվոր կողմը ներկայացրել է բավարար ապացույցներ, որոնք հաստատում են ուղեբեռը պատասխանող ընկերության տիրապետությանը հանձնելու փաստի մասին: Միևնույն ժամանակ Պատասխանողի կողմից չեն ներկայացվել կազմված ակտերը, որոնք կվկայեն տեղափոխվող LED 40 Samsung UE40H6233 տեսակի հեռուստացույցը վնասվածքով պատասխանողի տիրապետությանը հանձնելու մասին», «վնասվածքի առկայությամբ ուղեբեռը հանձնելու մասին ակտի բացակայության պայմաններում գործում է հայցվորի կողմից այն անվնաս հանձնած լինելու կանխավարկածը, քանի որ ակտերը կազմելը հենց պատասխանողի պարտականությունն է», «բեռները պետք է ունենան համապատասխան փաթեթավորում, որով վերջիններս փոխադրման և առաքման ժամանակ ապահովվելու են վնասումից, փչանալուց և կորստից, իսկ համապատասխան փաթեթավորման բացակայության պայմաններում կրկին պետք է կազմվի ակտ, փաթեթավորման թերությունների վերաբերյալ», «պատասխանող ընկերությունը չի ներկայացրել որևէ ապացույց առ այն, որ ուղեբեռը չի ունեցել այնպիսի փաթեթավորում, որը բնականոն պայմաններում չէր ապահովի ուղեբեռի անվնաս փոխադրումը», «սույն գործի քննության ընթացքում փոխադրողի կողմից չեն ներկայացվել որևէ ապացույցներ այն մասին, որ իր կողմից ձեռնարկվել են քայլեր, որոնք ուղղված են եղել վնասներից խուսափելուն», «ուղեբեռն ընդունելուց հետո ուղեբեռի նկատմամբ եղած պատասխանատվությունը կրում է փոխադրողը», գտել է, որ հայցը ենթակա է բավարարման:
Վերաքննիչ դատարանը Կազմակերպության վերաքննիչ բողոքը մերժել է` պատճառաբանելով, որ «գործում առկա ապացույցներով հիմնավորվել և Դատարանում հաստատված է համարվել այն փաստը, որ սույն գործով հայցվոր Արթուր Հայրապետյանը որպես ուղեբեռ փոխադրողին է հանձնել LED 40 Samsung UE40H6233 հեռուստացույց», «վնասը ոչ oդային փոխադրման ընթացքում տեղի ունեցած պատահարի հետևանքով առաջացած լինելու փաստն ապացուցելու պարտականությունը Կոնվենցիայի համաձայն պետք է կրի փոխադրողը, սակայն վերջինս չի ներկայացրել որևէ վերաբերելի, թույլատրելի և արժանահավատ ապացույց ի հիմնավորում տվյալ փաստի»:
Վերը շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո անդրադառնալով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությանը՝ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
Ինչպես արդեն իսկ վերը նշվեց, գործի քննությունն իրականացվել է առանց դատաքննության նախապատրաստական փուլի, նախնական դատական նիստ չի հրավիրվել, իսկ նշանակված դատական նիստում կողմերի հետ չի քննարկվել սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեցող` ապացուցում պահանջող վերը նշված փաստերի շրջանակը, կողմերի միջև չի բաշխվել ապացուցման պարտականությունը:
Ինչ վերաբերում է Վերաքննիչ դատարանի այն դիրքորոշմանը, որ Կոնվենցիայի համաձայն` վնասը ոչ oդային փոխադրման ընթացքում տեղի ունեցած պատահարի հետևանքով առաջացած լինելու փաստն ապացուցելու պարտականությունը դրված է փոխադրողի վրա, ապա այն ևս անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագիրը նորմատիվ իրավական ակտ է, որը կարգավորում է Հայաստանի Հանրապետության ու օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպության և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև հարաբերությունները:
«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
Նման պայմաններում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը Կոնվենցիան, մասնավորապես դրա 18-րդ հոդվածը, մեկնաբանել է «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86-րդ հոդվածի պահանջների խախտմամբ`փոփոխելով դրանով սահմանված նորմերի իմաստը, քանի որ ինչպես Կոնվենցիան, այնպես էլ դրա 18-րդ հոդվածը նման փաստի ապացուցման պարտականություն փոխադրողի վրա չեն դնում: Տվյալ դեպքում գործում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված իրավակարգավորումը, որի համաձայն` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը, իսկ ինչպես արդեն վերը նշվեց, Կազմակերպությունը նման փաստ չի վկայակոչել:
Վերոնշյալի հաշվառմամբ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարում վճռաբեկ բողոքի հիմքը` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48-րդ և 53-րդ հոդվածները խախտելու վերաբերյալ:
Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 228-րդ հոդվածի ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար` փոխադրողին պատասխանատվության ենթարկելու նախապայմանների կապակցությամբ գործի փաստերը և դրանց վերաբերյալ ապացույցները վերոնշյալ մեկնաբանությունների լույսի ներքո պարզելու և գնահատելու համար:
Միաժամանակ Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով, որ «ՀՀ դատական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 12.12.2017 թվականի ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի հիմքով 25.01.2018 թվականից Երևան քաղաքում գործում է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, գտնում է, որ գործը պետք է նոր քննության ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան:
5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն` վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:
Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման մասնակիորեն, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
ՈՐՈՇԵՑ
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 03.08.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:
2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:
Նախագահող` Ե. Խունդկարյան Դատավորներ` Գ. Հակոբյան
Ա. Բարսեղյան
Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյանի