Գլխավոր տեղեկություն
Համար
N 720-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.07.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 04.07.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 հունիսի 2018 թվականի N 720-Լ

«ԱռԵՎտրի ԵՎ ծառայությունների մասին» ՀայաՍտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաՍին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծԻ (Պ-324-31.05.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆՆԵՐԻ նախագծի մասին

Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաuտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (Պ-324-31.05.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկություններին:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկությունները սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ:

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 29

Երևան

 

«ԱռԵՎտրի ԵՎ ծառայությունների մասին» ՀայաՍտանի Հանրապետության oրենքում լրացումներ կատարելու մաՍին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծԻ  (Պ-324-31.05.2018-ՏՀ-011/0) վերաբերյալ Հայաստանի  Հանրապետության կառավարության առաջարկությՈՒՆներԸ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը տնտեսվարող սուբյեկտների համար մրցակցային հավասար պայմանների, ինչպես նաև փոքր ու միջին բիզնեսի աջակցության գաղափարներն ընդունելի է համարում՝ դրանք համապատասխանում են տվյալ ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության` ի դեմս Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից որդեգրված քաղաքականությանը: Սակայն նախագծում առկա են որոշ կարգավորումներ, որոնք լրացուցիչ քննարկման, վերանայման, հստակեցման և խմբագրման կարիք ունեն, մասնավորապես՝      

1. Նախագծի 1-ի հոդվածով սահմանվում է, որ առևտրային ցանց է հանդիսանում ընդհանուր կառավարման ներքո կամ միևնույն առևտրային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբը, որոնցում իրացման տարեկան շրջանառությունը գերազանցում է ընդհանուր 1.5 մլրդ դրամը:          

Այդ կապակցությամբ հայտնում ենք, որ «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով արդեն իսկ սահմանված է «առևտրային ցանց» հասկացությունը: Մասնավորապես, առևտրային ցանցը բնորոշվում է որպես երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ, որոնք գտնվում են ընդհանուր կառավարման ներքո կամ գործում են միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո։ Միաժամանակ,  նշված օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ընդհանուր 1.5 մլրդ դրամը գերազանցող տարեկան շրջանառությունն ընդհանուր կառավարման ներքո գտնվող կամ տվյալ տնտեսվարող սուբյեկտին պատկանող կամ նրա կողմից օգտագործվող միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործող չորս կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբը (առևտրային ցանց) գերիշխող դիրք ունեցող բնորոշելու չափանիշ է: Այսինքն, նշված օրենքի իմաստով երկու կամ ավելի առևտրային օբյեկտների ընդհանուր կառավարման ներքո գտնվելը կամ միևնույն ապրանքային նշանի կամ անհատականացման այլ միջոցի ներքո գործելն արդեն իսկ բավարար է այդ օբյեկտների համախումբն առևտրային ցանց բնորոշելու համար: Միաժամանակ հստակեցման կարիք ունի այն հանգամանքը, թե իրացման տարեկան շրջանառությունը որոշելու համար հիմք է ընդունվելու հարկ վճարողի նախորդ, թե ընթացիկ տարվա իրացման շրջանառությունը, թե նկատի է առնվում այլ մոտեցում:

Ըստ այդմ, կարծում ենք, որ նշված փոփոխության անհրաժեշտությունը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի, քանի որ նախագծին կից ներկայացված հիմնավորումից պարզ չէ, թե ինչ նպատակով է առաջարկվում իրացման տարեկան շրջանառությունը ևս դիտարկել առևտրային օբյեկտների համախումբը որպես առևտրային ցանց բնորոշելու չափանիշ:

2. Նախագծի 2-րդ հոդվածով նախատեսվում է առևտրային օբյեկտների տեսակների ցանկում ավելացնել նաև առևտրային ցանցերը: Այս կապակցությամբ հարկ է նշել, որ առևտրային ցանցի` նախագծի 1-ին հոդվածով սահմանվող հասկացությունից բխում է, որ վերջինս ոչ թե առևտրային օբյեկտի առանձին տեսակ է, այլ երկու կամ ավելի առևտրային օբյեկտների համախումբ:

3. Նախագծի 3-րդ հոդվածով սահմանվում է, որ առևտրի օբյեկտներում մանրածախ առևտուր չեն կարող իրականացնել ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը։

Նշվածի վերաբերյալ հայտնում ենք, որ նախագծով հստակեցման կարիք ունի այն հանգամանքը, թե արդյոք առաջարկվող սահմանափակումը վերաբերելու է՝

1) ներմուծման գործառնություններ և մանրածախ առևտուր իրականացնող անձանց.

2) արտադրող և մեծածախ առևտուր իրականացնող անձանց.

3) արտադրող և մանրածախ առևտուր իրականացնող անձանց:

Նախագծով կարգավորված չեն նաև առաջարկվող սահմանափակման հետ կապված անցումային հարաբերությունները, մասնավորապես՝

1) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև օրենքն ուժի մեջ մտնելը ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող անձանց կողմից ներմուծված և մանրածախ առևտրի օբյեկտներում գտնվող ապրանքային մնացորդների իրացման թույլատրելի հնարավոր ժամկետներ.

2) մինչև օրենքն ուժի մեջ մտնելը և դրանից հետո ներմուծող և մեծածախ առևտուր իրականացնող անձանց կողմից ներմուծված և մանրածախ առևտրի օբյեկտներում գտնվող ապրանքային մնացորդների հաշվառման առանձնահատկություններ (որ մասն է ներմուծվել մինչև օրենքն ուժի մեջ մտնելը, որ մասը՝ դրանից հետո):

4. Նախագծի 4-րդ հոդվածով ամրագրվում է, որ առևտրային ցանցերում մանրածախ առևտրի իրականացումը դադարեցվում է շաբաթ և կիրակի օրերին՝ ժամը 20։00-ից մինչև ժամը 22։00-ն ընկած ժամանակահատվածում։ Կարծում ենք, որ նշված դրույթը լրացուցիչ հիմնավորման կարիք ունի: Մասնավորապես, ինչ չափանիշների հիման վրա է նախատեսվել հենց նշված ժամերին առևտրի իրականացումը դադարեցնելու վերաբերյալ կարգավորումը: Բացի դրանից, հաշվի առնելով այն հանգամանքը, որ տվյալ առաջարկը կարող է էական ազդեցություն ունենալ գործարար միջավայրի վրա, կարծում ենք, որ վերջինիս հիմքում  պետք է լինի հստակ վերլուծություն, որը, ըստ էության, բացակայում է։

5. Նախագծով առաջարկվող սահմանափակումների կիրառման համար բացակայում են պատասխանատվության միջոցները, ինչի պարագայում առաջարկվող կարգավորումները կիրառելի չեն լինելու:

6. Այդուհանդերձ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված օրենսդրական տեխնիկայի կանոնների պահանջները նկատի առնելով, առաջարկում ենք նախագծի 1-ին հոդվածում «ավելացնել» բառը փոխարինել «լրացնել» բառով, իսկ «հետևյալ խմբագրությամբ» բառերը` «հետևյալ բովանդակությամբ» բառերով:

Հայտնում ենք, որ կարևորելով բոլոր տնտեսվարողների համար բարենպաստ և հավասար տնտեսական մրցակցային պայմաններ ապահովելու անհրաժեշտությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը, ի դեմս Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, ևս նախատեսել է «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում համապատասխան փոփոխությունների կատարում՝ ուղղված մեծածախ վաճառողների մանրածախ շուկայում գործունեության իրականացման սահմանափակմանը:

 Միաժամանակ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված առաջարկն էական ազդեցություն կարող է ունենալ գործարար միջավայրի վրա, գտնում ենք, որ նախքան նշված կարգավորման սահմանումն անհրաժեշտ է իրականացնել որոշակի ուսումնասիրություն և կազմակերպել քննարկումներ՝ տվյալ ոլորտում գործունեություն ծավալող տնտեսվարողների հետ և միայն դրանց արդյունքների հիման վրա նախաձեռնել համապատասխան փոփոխություններ։      

Ամփոփելով, նշված նկատառումներով պայմանավորված, նախագիծը նման տեսքով ընդունելի չէ։ Ուստի նախագծի հեղինակներին առաջարկում ենք ձեռնպահ մնալ օրենքի նախագծի հետագա քննարկումից և համագործակցել Հայաստանի Հանրապետության կառավարության հետ՝ մշակվելիք նախագծի շրջանակներում առկա խնդիրներին համակարգային լուծումներ տալու և տնտեսվարողների համար անհարկի խոչընդոտներ չառաջացնելու նպատակով:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան