Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1423
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (10.07.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.25/56(1414) Հոդ.829
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
10.07.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
10.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.07.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

10 հուլիսի 2018 թ.

 

ԿԱՐԵՆ ԱՎԱԳՅԱՆԻ ԴԻՄՈՒՄԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ՝ ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔԻ 60-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ 22-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ 1-ԻՆ ՄԱՍԻ «Թ» ԿԵՏԻ 6-ՐԴ ՊԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ` ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Սահմանադրական դատարանը` կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Հ. Նազարյանի (զեկուցող), Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝

դիմողի ներկայացուցիչ Տ. Ղազարյանի,

գործով որպես պատասխանող ներգրավված` Ազգային ժողովի ներկայացուցիչ` Ազգային ժողովի աշխատակազմի իրավական փորձաքննության վարչության օրենսդրական փորձաքննության բաժնի ավագ իրավափորձագետ Ա. Քոչարյանի,

համաձայն Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետի, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, ինչպես նաև «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 22, 40 և 69-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Կարեն Ավագյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի և «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

ՀՀ վարչական դատավարության օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 2013 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 2013 թվականի դեկտեմբերի 28-ին և ուժի մեջ է մտել 2014 թվականի հունվարի 7-ից:

Օրենսգրքի՝ «Դատական ծախսերի բաշխումը դատավարության մասնակիցների միջև» վերտառությամբ 60-րդ հոդվածի՝ սույն գործով վիճարկվող նորմը սահմանում է.

«1. Կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի՝ վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար։ Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին»։

«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքը (այսուհետ՝ Օրենք) Ազգային ժողովի կողմից ընդունվել է 1997 թվականի դեկտեմբերի 27-ին, Հանրապետության Նախագահի կողմից ստորագրվել՝ 1998 թվականի հունվարի 10-ին և ուժի մեջ է մտել 1998 թվականի հունվարի 11-ից:

Օրենքի՝ «Դատարաններում պետական տուրքի գծով արտոնությունները» վերտառությամբ

22-րդ հոդվածի սույն գործով վիճարկվող նորմը սահմանում է.

«Դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են.

թ) ոչ առևտրային կազմակերպություններ և ֆիզիկական անձինք`

- վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունված որոշման դեմ բողոքներով»։

Գործի քննության առիթը Կարեն Ավագյանի՝ 2018 թվականի փետրվարի 15-ին Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է։

Ուսումնասիրելով դիմումը և պատասխանողի գրավոր բացատրությունը, ինչպես նաև վերլուծելով Օրենսգրքի և Օրենքի համապատասխան դրույթները, գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Դիմողի դիրքորոշումները

Դիմողը գտնում է, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը, ինչը, իր հերթին հետևանք է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 2-րդ մասով ամրագրված իրավական նորմի անորոշության, հակասում է ՀՀ Սահմանադրության 39 և 79-րդ հոդվածներին, ինչպես նաև Սահմանադրության 10-րդ հոդվածի 1-ին մասին, 60-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերին:

Դիմողի կարծիքով՝ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերության հիմքով պետական տուրքից ազատվելու հնարավորությունը հավասարապես տարածվում է նաև այն դեպքերի վրա, երբ հայցվորի պահանջը ՀՀ վարչական դատարանը բավարարում է, սակայն հետագայում այդ վճռի դեմ պատասխանողի կողմից բերված բողոքի արդյունքում այն բեկանվում է վերադաս դատական ատյանի կողմից: Ըստ դիմողի՝ վիճարկվող դրույթներին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը խախտում է սեփականության սահմանադրական իրավունքը՝ անձի վրա դնելով պետական տուրք վճարելու պարտականություն այն դեպքում, երբ նման պարտականություն օրենքը չի նախատեսում:

 

2. Պատասխանողի դիրքորոշումները

Ըստ պատասխանողի՝ վիճարկվող դրույթները համապատասխանում են ՀՀ Սահմանադրության պահանջներին հետևյալ պատճառաբանությամբ:

Օրենսդիրը սահմանադրաիրավական վեճի առարկա հանդիսացող դրույթների ամրագրման իրավական հիմք է ընդունել պատճառված վնասի հատուցման տեսությունից բխող՝ դատական ծախսերի ողջամիտ բաշխման հայեցակարգը, համաձայն որի՝ օրենքով սահմանված ընթացակարգերի արդյունքում պատճառված վնասը պայմանավորված է այն ծախսերով, որոնք ֆիզիկական կամ իրավաբանական անձը, ում իրավունքները խախտված են, պետք է կրի խախտված իր իրավունքները վերականգնելու համար, ներառյալ՝ նրա սեփականության (գույքի) կորուստը և վնասը: Բացի դրանից, օրենսդիրը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությամբ սահմանված դրույթների ամրագրման հիմքում դրել է միջազգային իրավունքի հանրաճանաչ restitսtiօո at iոtegrսm սկզբունքը (վերականգնել մինչև իրավախախտումը գոյություն ունեցող վիճակը):

 

3. Գործի շրջանակներում պարզման ենթակա հանգամանքները

Սույն գործով սահմանադրաիրավական վեճի շրջանակներում Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում վիճարկվող նորմերի սահմանադրականությունը գնահատելիս պարզել.

- արդյո՞ք Օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված նորմերն Օրենսգրքի այլ նորմերի հետ համակարգային ամբողջականության շրջանակներում երաշխավորում են անձի` դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի լիարժեք իրացումը` ելնելով այն հանգամանքից, որ այդ իրավունքի իրացման արդյունավետությունն ու մատչելիությունն օբյեկտիվորեն պայմանավորված են նաև դատական ծախսեր կատարելու, այս կամ այն կողմի կրած դատական ծախսերը հատուցելու (դատավարության կողմերի միջև այն արդարացի բաշխելու) իրավական հնարավորությամբ,

- արդյո՞ք Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությամբ սահմանված պետական տուրքի գծով արտոնությունը Սահմանադրության 61-րդ հոդվածի (1-ին մաս), 63-րդ հոդվածի (1-ին մաս), 75 և 79-րդ հոդվածների սահմանադրաիրավական կարգավորումների համատեքստում բավարար չափով որոշակի ընկալելի է իրավակիրառ ընթացակարգերում և արդյունավետ միջոց՝ վարչաիրավական հարաբերություններից բխող որոշակի գործերով դատական պաշտպանության իրավունքի իրացման համար:

 

4. Սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումները

4.1. Օրենքի 2-րդ, 3-րդ, 7-րդ հոդվածների և դրանց հետ փոխկապակցված այլ նորմերի համակարգված վերլուծությունը վկայում է, որ պետական տուրքը պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` որոշակի ծառայությունների կամ գործողությունների, այդ թվում՝ ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների, ինչպես նաև դատարանի կողմից տրվող փաստաթղթերի պատճեններ (կրկնօրինակներ) տալու համար ֆիզիկական և իրավաբանական անձանցից Հայաստանի Հանրապետության պետական և (կամ) համայնքների բյուջեներ մուծվող օրենքով սահմանված պարտադիր վճար է: Ելնելով այդ վճարի՝ օրենքով որոշված իրավական բովանդակությունից և նպատակային նշանակությունից՝ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ պետական տուրք վճարելու պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում, նախ՝ որոշակիորեն փոխհատուցել պետության կողմից հանրային ծառայություններ մատուցելու, այդ թվում` արդարադատության իրականացման հետ կապված ծախսերը, իսկ վերջինիս դեպքում նաև՝ մասամբ նախականխել ակնհայտ անհիմն հայցադիմումների հոսքը՝ նպաստելով թե՛ արդարադատության իրականացման արդյունավետության բարձրացմանը և թե՛ դատարան դիմելու իրավունքի իրացման հնարավոր շահարկման կանխարգելմանը:

Հետևաբար, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել և միաժամանակ գտնում է, որ պետական տուրք վճարելու պարտականությունը չի հետապնդում դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից անձին զրկելու կամ այդ իրավունքի իրացումը սահմանափակելու նպատակ: Օրենսդիրը, կարգավորելով դատարաններում պետական տուրքի գանձման հետ կապված հարաբերությունները, կաշկանդված է անձանց իրավունքների ու ազատությունների պաշտպանության և այն իրացնելու անհրաժեշտ կազմակերպական կառուցակարգեր և ընթացակարգեր սահմանելու, դատարանի մատչելիության իրավունքի երաշխավորման սահմանադրական պարտականություններով, որոնք ուղղակիորեն բխում են Սահմանադրության 3-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում, 63-րդ հոդվածի 1-ին մասում, 75-րդ հոդվածում ամրագրված նորմերից: Պետության այդ պարտականություններից բխող խնդիրն է՝ օրենքով երաշխավորել պատշաճ հավասարակշռություն, մի կողմից՝ պետական տուրք վճարելու` անձի պարտականության և, մյուս կողմից` դատարանում իր իրավունքներն ու ազատությունները պաշտպանելու` անձի սահմանադրական իրավունքի իրացման արդյունավետության ապահովման միջև: Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդպիսի հավասարակշռության երաշխավորումն իր իրավական միտվածությամբ հետապնդում է սահմանադրաիրավական նպատակ: Ուստի, արդարադատության արդյունավետ իրականացմանն ուղղված իր վերոթվարկյալ խնդիրներով պետական տուրքի կառուցակարգը հետապնդում է անձի իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության իրավունքի՝ ՀՀ Սահմանադրության 61 և 63-րդ հոդվածներով նախատեսված իրավական չափանիշներով իրացման նպատակ: Միաժամանակ, Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում ընդգծել, որ վճարված պետական տուրքը դրա վճարման պարտավորություն ունեցող դատավարության մասնակցի հաշվին կարող է հատուցվել օրենքով սահմանված կարգով, որը նաև պայմանավորված է մրցակցային արդարադատության էությամբ:

4.2. Օրենքի՝ սույն գործով վիճարկման առարկա իրավակարգավորման վերլուծությունը, ելնելով նաև դիմողի հարցադրումների ընդհանուր բովանդակությունից, վկայում է, որ օրենսդիրը սահմանել է նաև որոշակի լրացուցիչ իրավական երաշխիքներ, որոնք միտված են նշված հավասարակշռությունն ապահովելուն: Մասնավորապես, Օրենքի 22-րդ հոդվածի և 31-րդ հոդվածի (1-ին պարբերության «գ», «գ.1» կետեր և 4-րդ պարբերություն) համաձայն` առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով նախատեսված են արտոնություններ, որոնք կիրառելի են կա՛մ իրավունքի ուժով (22-րդ հոդված), ըստ էության բացառելով դատական հայեցողությունը, կա՛մ կարող են սահմանվել դատարանի կողմից (Օրենքի 31-րդ հոդված) նույն Օրենքի 9-րդ հոդվածում մատնանշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից: Ընդ որում, վերոհիշյալ արտոնությունները, ի թիվս այլնի, ներառում են նաև պետական տուրքից ընդհանրապես ազատելու իրավական հնարավորություն:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ այդպիսի իրավակարգավորումը դատական պաշտպանության իրավունքի իրացման շրջանակներում նպատակ ունի՝ իրավական որոշակի չափանիշներով պայմանավորված, հնարավորություն ստեղծել երաշխավորելու արդար հավասարակշռություն մի կողմից՝ դատարանի մատչելիության, մյուս կողմից՝ սոցիալական խնդիրներով կամ հանրային բնույթի առանձին գործերով դատական պաշտպանությունն ապահովելու սահմանադրաիրավական անհրաժեշտության միջև:

Հետևաբար, արդարադատության իրականացմամբ պայմանավորված՝ պետական տուրքի վճարման պարտականության շրջանակներում օրենքով նման արտոնություններ (կամ՝ ընդհանուր կանոններից բացառություններ) նախատեսելը հետապնդում է արդարացի և իրավունքի արդյունավետ իրացմանը միտված Սահմանադրությամբ նախանշված նպատակներ:

4.3. Անդրադառնալով դատական պաշտպանության իրավունքի իրացման շրջանակներում պետական տուրքի վճարման արտոնությունների կառուցակարգի և դատավարական տարբեր փուլերում այն կիրառելու կանոնակարգման ու իրավակիրառական պրակտիկայում դրա մեկնաբանման սահմանադրականության վերաբերյալ դիմող կողմի հարցադրումներին՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում խնդիրը դիտարկել ինչպես Օրենքի 22-րդ հոդվածի, Օրենսգրքի 60-րդ հոդվածի վիճարկվող նորմերում ամրագրված իրավակարգավորումների և դրանց հետ փոխկապակցված այլ նորմերի, այնպես էլ՝ Սահմանադրական դատարանի որոշումներում արտահայտված իրավական դիրքորոշումների և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային պրակտիկայում հաստատագրված չափանիշների համատեքստում:

Օրենսգրքի «Դատական ծախսերը» վերտառությամբ 10-րդ գլխի և դրա հետ փոխկապակցված Օրենքի նորմերի ընդհանուր բովանդակությունից հետևում է, որ.

- դատական ծախսերն արդարադատության իրականացման օբյեկտիվ նախապայման են ու հետևանք, դրանք դատավարության մասնակիցները որպես հատուցման պարտականություն, կարող են կրել դատաքննության տարբեր, այդ թվում՝ դատական բողոքարկման փուլերում,

- պետական տուրքը դատական ծախսի տարատեսակ է (Օրենքի 56-րդ հոդված), որը դատական պաշտպանության իրավունքի իրացման պարտադիր նախապայման է այն դեպքերում և գործերով, որոնք սպառիչ նախատեսված են (Օրենսգրքի 9-րդ հոդված),

- պետական տուրքի չափի, դրա վճարումից ազատելու, վճարումը հետաձգելու կամ տարաժամկետելու և դրա չափը նվազեցնելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Օրենքով (Օրենսգրքի 57-րդ հոդված),

- վարչական գործերով դատաքննության ծախսերը, բացի պետական տուրքից, կարող են ներառել այլ ծախսեր՝ վկաներին, փորձագետներին, թարգմանիչներին վճարվելիք գումարներ, դատավարության մասնակիցների ներկայացուցիչների վճարներ, դատարանի պահանջները և դատական հանձնարարությունները կատարելու հետ կապված ծախսեր և այլն (Օրենսգրքի 58-րդ հոդված):

Այսպիսով, Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը, հստակեցնելով դատական ծախսերի միասնական կազմը, այդ ծախսերի հետ կապված հարաբերությունները վարչական դատավարության շրջանակներում կարգավորելիս, առաջնորդվել է պետական տուրքի ինչպես պարտադիր վճարման, այնպես էլ՝ այդ վճարումից ազատելու (արտոնություն սահմանելու)` Օրենքում հաստատագրված ընդհանուր սկզբունքներով, իսկ առանձնահատկությունները պայմանավորված են վարչաարդարադատական որոշակի գործերի բնույթով (Օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերություն): Ընդհանուր են նաև այդ կառուցակարգն անձանց նկատմամբ կիրառելու սկզբունքները (Օրենքի 31-րդ հոդված):

Միաժամանակ, օրենսդիրը հստակեցրել է դատական ծախսերի բաշխման կանոնակարգումը: Մասնավորապես, Օրենսգրքի 60-րդ հոդվածում սահմանված են գործի քննության ելքով կամ դատավարական այս կամ այն գործընթացով պայմանավորված սպառիչ նախապայմանները, որոնց առկայությամբ են պարտավոր իրավասուբյեկտի հաշվին հատուցվում այդ ծախսերը, այդ թվում՝ վճարված պետական տուրքը: Ինչ վերաբերում է դատական ծախսերի հատուցման՝ Օրենսգրքի վերոհիշյալ հոդվածի վիճարկվող կարգավորմանը, ապա օրենսդիրն առաջնորդվել է մրցակցային արդարադատության հիմքում դրված կանոններով, համաձայն որոնց.

- կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է (իրավական վեճում «պարտվել է»), կրում է վկաներին և փորձագետներին վճարված գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար,

- դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որոնք իրենց նպատակին չեն ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Այսպիսով, վերոհիշյալ հանգամանքներով պայմանավորված առանձնահատուկ դեպքերում օրենսդիրը դատական ծախսերի բաշխման հարցում օբյեկտիվորեն կարևորել է հատկապես դատաքննության արդյունքը, դրա հիմքում որպես գնահատման չափանիշ դիտարկելով արդյունավետությունը, և դրան համապատասխան՝ դատական ծախսերի հատուցման պարտականություն սահմանել այն իրավասուբյեկտի համար, որի իրավունքների, օրինական շահերի դատական պաշտպանությունն օբյեկտիվորեն անարդյունավետ է եղել:

Հետևաբար, Սահմանադրական դատարանը գտնում է, որ դատական ծախսերի բաշխման (հատուցման) իրավակարգավորման նման սկզբունքի նախատեսումը հետապնդում է արդարացի, Սահմանադրության 61-րդ (1-ին մաս), 63-րդ (1-ին մաս) հոդվածներին համապատասխան՝ իրավունքի իրացման չափանիշներին համապատասխանող նպատակ, այն բավարար չափով որոշակի է (Սահմ. 79-րդ հոդված), որպեսզի վարչական դատավարության կոնկրետ մասնակիցներն ի վիճակի լինեն կանխատեսել դատաքննության արդյունքներով պայմանավորված իրավական հետևանքներ՝ կապված դատական ծախսերի հատուցման հնարավոր պարտականության կատարման հետ:

4.4. Սահմանադրական դատարանն իր` 2008թ. սեպտեմբերի 9-ի ՍԴՈ-758 որոշման մեջ իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ յուրաքանչյուր դատական ատյանի գործառույթի իրացման արդյունքում անձի իրավունքների դատական պաշտպանությունը նոր որակ է ստանում, յուրաքանչյուր դատական ատյանի կողմից իր գործառույթների իրականացման արդյունքում ընդունված դատական ակտն իր ինքնուրույն դերակատարությունն ունի դատական պաշտպանության իրավունքի իրացման ողջ գործընթացում: Սույն գործի շրջանակներում զարգացնելով նշված իրավական դիրքորոշումը` Սահմանադրական դատարանը գտնում է, որ վերադաս դատարանի ակտի հիման վրա նոր քննության արդյունքում ստորադաս դատարանի կողմից ընդունված ակտը ևս հետապնդում է ինքնուրույն նպատակ՝ տվյալ գործի քննության գործընթացում կողմերի համար առաջացնելով իրավական հնարավոր նոր հետևանքներ: Հետևաբար, դատական նման ակտի արդյունքում առաջանում են նաև տվյալ ակտի բողոքարկման հետ կապված նոր իրավահարաբերություններ, որոնց պայմաններում դատաքննության արդյունքում կայացված դատական ակտը հանդիսանում է վերադաս դատարանի կողմից վերահսկողության նոր օբյեկտ: Դրանով պայմանավորված` վերադաս դատարանը, վերահսկողություն իրականացնելով դատական ենթադրյալ սխալ պարունակող` ստորադաս ատյանի դատական ակտի նկատմամբ, կատարում է գործողություն, որն օրենքի իմաստով հանդիսանում է պետական տուրքի գանձման ինքնուրույն օբյեկտ: Ընդ որում, խնդրո առարկա իրավիճակում գանձվող պետական տուրքը ծառայում է այն նույն նպատակներին, ինչն այդ ինստիտուտն ունի ընդհանրապես, այն է` փոխհատուցել վերադաս դատարանում գործի քննությամբ պայմանավորված ծախսերը:

Հաշվի առնելով, որ սույն գործով դիմողի մատնանշած իրավիճակում բողոք բերող կողմը, ելնելով Օրենքի 22-րդ հոդվածի վիճարկվող իրավակարգավորման բովանդակությունից, շարունակում է օգտվել օրենսդրական այն երաշխիքներից, որոնք միտված են բացառելու դատարանի մատչելիության իրավունքի իրացմանը պետական տուրք վճարելու պարտականությամբ խոչընդոտելու հնարավորությունը, Սահմանադրական դատարանը գտնում է, որ վիճարկվող հիշյալ դրույթը` իրավակիրառական պրակտիկայում դրան տրված այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի` վարչական դատավարության շրջանակներում կայացված դատական ակտերի բողոքարկման ընթացակարգերում պետական տուրքի գծով արտոնություն չի տրամադրվում այդ արտոնությունից օգտված անձին, դատարանի մատչելիության իրավունքի ենթադրյալ խախտման առումով սահմանադրականության խնդիր է առաջացնում: Օրենքի վերոհիշյալ հոդվածի վիճարկվող իրավակարգավորման բովանդակությունից հետևում է, որ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազոր մարմինների ընդունած որոշման դեմ, բողոքներով պետական տուրքի վճարումից ազատելու ձևով արտոնություն սահմանելով, օրենսդիրը որևէ սահմանափակում կամ բացառություն չի նախատեսել կապված՝ այդ գործերով կայացված դատական ակտերի հետագա հնարավոր բողոքարկման շրջանակներում հիշյալ արտոնության շարունակական կիրառման հետ: Սակայն, Սահմանադրական դատարանը գտնում է, որ Օրենքի 22-րդ հոդվածի և Օրենսգրքի 60-րդ հոդվածի վիճարկվող նորմերի համատեղ կիրառման շրջանակներում դատական ծախսերի բաշխման կանոնները չեն կարող մեկնաբանվել այնպիսի բովանդակությամբ, համաձայն որի՝ պետական տուրքի գծով արտոնություն ունեցող անձից այդ ծախսերը գանձվեն՝ ներառելով նաև վճարման ենթակա պետական տուրքի գումարը: Այն դեպքերում, երբ դատաքննության անբարենպաստ ելքով կամ օրենքով նախատեսված կոնկրետ հիմքով պայմանավորված դատավարության մասնակից այն սուբյեկտը, որն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի վճարման արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերն Օրենքով նախատեսված հիմքերով հատուցելու պարտականություն՝ պահպանելով պետական տուրքի գծով արտոնությունը:

Սահմանադրական դատարանը գտնում է, որ իրավակիրառ պրակտիկան պետք է առաջնորդվի քննության առարկա դրույթների հենց այսպիսի ընկալմամբ` ապահովելով դատական պաշտպանության իրավունքի լիարժեք իրացումը նաև դատական բողոքարկման ընթացակարգերում: Մինչդեռ, սույն գործով դիմումին կից ներկայացված 13.09.2017թ. թիվ N ՎԴ/3146/05/16 որոշումը կայացնելիս ՀՀ վարչական վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով Օրենսգրքի 60-րդ հոդվածը (այդ թվում՝ հիշյալ հոդվածի վիճարկվող նորմը), դիմողից հօգուտ մյուս կողմի բռնագանձել է որպես բողոք բերելու համար սահմանված չափով նախապես վճարված պետական տուրքի փոխհատուցում կազմող համապատասխան գումար։

4.5. Անդրադառնալով սույն գործով վիճարկվող իրավակարգավորման էության շրջանակներում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով հաստատագրված պրակտիկային՝ Սահմանադրական դատարանն անհրաժեշտ է համարում կարևորել հետևյալ դիրքորոշումները, համաձայն որոնց.

«...Դատարանն այնուհետև կրկնում է, որ այն դեպքերում, երբ բողոքարկման ընթացակարգեր են նախատեսված, Բարձր պայմանավորվող կողմերը պարտավոր են ապահովել իրենց իրավասության տակ գտնվող ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից 6-րդ հոդվածով սահմանված այն նույն երաշխիքներից օգտվելը վերաքննիչ դատարաններում, ինչպիսիք նրանք ունեն առաջին ատյանի դատարանում» (տե՛ս Case of Paykar ev Haghtanak LTD v. Armenia, § 45, 20 December 2007, http://hudoc.echr.coe.int/eng?i=001-84119).

«...Ավելին, այն սահմանափակումները, որոնք զուտ ֆինանսական բնույթ ունեն, և որոնք բացարձակապես կապված չեն վերաքննիչ բողոքի կամ վերջինիս հաջողության հեռանկարների հետ, պետք է արդարադատության շահերից ելնելով մանրակրկիտ քննության առնվեն» (տե՛ս Case of Podbielski and PPU Polpure v. Poland, 26 July 2005, § 65, http://hudoc.echr.coe.int/eng?i=001-69911 ):

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 63, 64 և 69-րդ հոդվածներով՝ Սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցն իրավունքի ուժով օգտվել է պետական տուրքի գծով արտոնությունից, դատարանի որոշմամբ կարող է կրել դատական ծախսերը, որը չի կարող ներառել այդ արտոնությամբ նախատեսված պետական տուրքի վճարը:

2. «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1-ին մասի «թ» կետի 6-րդ պարբերությունը համապատասխանում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը սահմանադրաիրավական այնպիսի մեկնաբանությամբ, համաձայն որի՝ դատարաններում պետական տուրքի վճարումից ազատվում են ոչ առևտրային կազմակերպությունները և ֆիզիկական անձինք՝ վարչական իրավախախտումների վերաբերյալ համապատասխան լիազորված մարմինների ընդունած որոշման դեմ բողոքներով՝ դատական բողոքարկման բոլոր փուլերում:

3. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներին համապատասխան՝ սույն գործով դիմողի նկատմամբ կայացված վերջնական դատական ակտը սույն որոշման եզրափակիչ մասի 1-ին և 2-րդ կետերի համաձայն՝ նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով ենթակա է վերանայման՝ օրենքով սահմանված կարգով:

4. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 11-րդ մասի համաձայն՝ նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով իրենց նկատմամբ կայացված վերջնական դատական ակտի՝ նոր հանգամանքի ի հայտ գալու հիմքով վերանայման վերոհիշյալ իրավունքը տարածվում է նաև այն անձանց վրա, որոնք Սահմանադրական դատարանում սույն գործով դիմումը մուտքագրվելու օրվա դրությամբ դեռևս պահպանել էին նույն հարցով Սահմանադրական դատարան դիմելու իրենց իրավունքը, սակայն չէին դիմել Սահմանադրական դատարան:

5. Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Հ. Թովմասյան

 

10 հուլիսի 2018 թվականի

ՍԴՈ-1423

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան