ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
11 հունիսի 2018 թվականի N 729-Լ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ մասով և հաշվի առնելով, որ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածի համաձայն Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության տեսչական մարմինը վերակազմավորվել է Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմնի կանոնադրությունը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների գրասենյակի ղեկավարին՝ ապահովել տեսչական մարմինների բնականոն գործունեության ընթացքի հետ կապված իրավական ակտերի նախագծեր ներկայացնելը։
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. հունիսի 11 Երևան |
Հավելված |
Կ Ա Ն Ո Ն Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմինը (այսուհետ` տեսչական մարմին) վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Հայաստանի Հանրապետության կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ կրթության բնագավառում` հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:
2. Տեսչական մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:
3. Տեսչական մարմինը գործում է Սահմանադրության, «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, այլ օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:
4. Տեսչական մարմնի անվանումն է`
1) հայերեն` Հայաստանի Հանրապետության կրթության տեսչական մարմին, ԿՏՄ
2) ռուսերեն` Инспекционный орган образования Республики Армения, ИОО
3) անգլերեն ` Education Inspection Body of Republic of Armenia, EIB
4) ֆրանսերեն՝ Organisme d'inspection de l'éducation de la République d'Arménie, OIE
5. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Տեսչական մարմինը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:
6. Տեսչական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են տեսչական մարմնի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի, տեսչական մարմնի ղեկավարի օգնականի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի պաշտոնները, որակի ապահովման ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանումները։
7. Տեսչական մարմնի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, Կոմիտաս 37/4:
II. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ
8. Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է, կրթության որակի բարձրացումը և կրթական ծրագրերի յուրացման ապահովմանն աջակցումը:
9. Տեսչական մարմնի խնդիրներն են՝ նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների պահպանումը, ինչպես նաև նշված ոլորտներում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը:
III. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
10. Տեսչական մարմնի լիազորություններն են՝
1) տնտեսավարող սուբյեկտների կողմից նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերի պահանջների, կրթության զարգացման պետական ծրագրի իրականացման, պետական կրթական չափորոշիչների, կրթության իրավունքի, կրթական համակարգի սոցիալական երաշխիքների պահպանման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը, ներառյալ՝ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացումը հետևյալ ուղղություններով՝
ա) կրթության բովանդակությանը համապատասխան կրթական գործընթացի կազմակերպում, ուսումնական պլանների և առարկայական ծրագրերի կատարում, տարեկան ուսումնական ժամանակացույցների, դասացուցակների համապատասխանություն.
բ) սովորողների և շրջանավարտների (անկախ կրթության ձևից) գիտելիքների, հմտությունների ու կարողությունների ստուգման, գնահատման, ամփոփիչ ատեստավորման քննակարգերի, աշխատակարգերի, պահպանում.
գ) ընդունելության, փոխադրման, տեղափոխման և ավարտման կարգերին համապատասխան` սովորողների շարժ.
դ) պետական ավարտական փաստաթղթերի ստացման, պահպանության և բաշխման, փաստաթղթաշրջանառության, հաշվետվությունների իսկություն.
ե) պետական կրթական չափորոշիչներին համապատասխան` անհրաժեշտ ուսումնագիտական, մեթոդական տեղեկատվությամբ, ծրագրերով, դասագրքերով, ուսումնական ձեռնարկներով, այլ անհրաժեշտ փաստաթղթերով ապահովվածություն.
զ) լիազորված մարմնի, տարածքային կառավարման մարմնի (Երևանի քաղաքապետի) կամ համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի հրամանների, հրահանգների, հանձնարարականների, մեթոդական երաշխավորությունների կատարում.
է) ղեկավար և մանկավարժական աշխատողների ընտրության, հավաստագրման, նշանակման, ինչպես նաև վերապատրաստման, ատեստավորման, տարակարգի ներկայացման և շնորհման գործընթացների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխանություն.
ը) կրթության որակի պահպանման նկատմամբ հաստատությունների կանոնադրական պահանջների կատարման, հաստատությունների կառավարման մարմինների լիազորությունների իրականացման ու պահպանման․
2) Հայաստանի Հանրապետության օրենքների, նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտների հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.
3) նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը, իրավական, մասնագիտական, մեթոդական աջակցության ապահովումը և կանխարգելիչ գործունեությունը.
4) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու միջնորդագրերի ներկայացումը լիցենզավորող մարմիններ.
5) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում այդ մասին «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.
6) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների, նախադպրոցական կրթության, հանրակրթության, նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության ոլորտներում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական ու հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտներն ու տնտեսավարող սուբյեկտները.
7) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումը այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.
8) վերահսկողության արդյունքում բացահայտված խախտումների հետևանքների վերացման աշխատանքներում տնտեսավարող սուբյեկտներին մեթոդական օգնության կազմակերպումը.
9) կրթական գործունեության վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտի կողմից հաշվետվությունների ներկայացումը և դրանց հավաստիությունը վերահսկողության միջոցով ապահովումը.
10) կրթական քաղաքականության իրականացման ու կրթական գործընթացի արդյունավետության գնահատումը և հետադարձ կապի ապահովումը.
11) կրթության որակի և չափորոշիչների բարելավման վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը.
12) տեսչական մարմնի գործունեության արդյունքների մասին հաշվետվությունների կազմումը և հրապարակումը.
13) տնտեսավարող սուբյեկտների կրթական ծառայությունների արդյունավետության (այդ թվում՝ սովորողների կողմից հանրակրթական և մասնագիտական կրթական ծրագրերի յուրացում) գնահատումը, գործունեության վերլուծությունը, զարգացմանը նպաստող առաջարկությունների ներկայացումը, ինչպես նաև դրանց իրականացման վերահսկումը.
14) ստուգումների և ուսումնասիրությունների արդյունքների հիման վրա հաշվետվությունների, ակտերի, տեղեկանքների, արձանագրությունների, զեկուցագրերի, զեկույցների, վերլուծությունների, ամփոփագրերի և այլ փաստաթղթերի կազմումը.
15) տարածքային կառավարման մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների կրթության ստորաբաժանումների գործունեության` կրթության բնագավառի օրենսդրությանը համապատասխանության վերահսկումը, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցությունը.
16) վերահսկողական գործառույթներին, ըստ անհրաժեշտության, անկախ փորձագետների, մասնագետների, կրթության հարցերով զբաղվող հասարակական և այլ կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավումը.
17) Օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
IV. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
11. Տեսչական մարմնի կառավարումն իրականացնում են վարչապետը և տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ), որը կազմված է ինը անդամից:
12. Վարչապետը՝
1) հաստատում է տեսչական մարմնի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը, և դրանցում կատարում փոփոխություններ.
2) հաստատում է տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի ներկայացմամբ.
3) իրականացնում է տեսչական մարմնի գործունեության վերահսկողությունը.
4) լսում է տեսչական մարմնի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:
13. Խորհուրդը նախագահում է կրթության բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը:
14. Խորհուրդը`
1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.
2) Հավանություն է տալիս տեսչական մարմնի կողմից ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին․
3) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները և ձևաթղթերը.
4) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.
5) քննարկում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և հավանություն է տալիս դրան.
6) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.
7) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.
8) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.
9) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.
10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:
15. Տեսչական մարմինը ղեկավարում է տեսչական մարմնի ղեկավարը:
Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Վարչապետը խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում խրախուսման ու պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է վարչապետը:
16. Տեսչական մարմնի ղեկավար կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
(16-րդ կետը խմբ. 02.08.18 N 1037-Լ)
17. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է Կառավարությանը, վարչապետին և խորհրդին:
18. Տեսչական մարմնի ղեկավարը՝
1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված նպատակների, խնդիրների ու գործառույթների իրականացման համար.
2) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակները` տարանջատելով վերահսկողական և վերլուծական, պլանավորման գործառույթները․
3) վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը.
4) Օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում խորհրդին, խորհրդի դրական եզրակացության դեպքում՝ վարչապետի աշխատակազմին․
5) վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների քանակը.
6) հաստատում է խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.
7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
8) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.
9) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.
10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, իր տեղակալների, տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.
11) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.
12) խորհրդի հավանությանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.
13) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:
19․ Տեսչական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում՝ տեսչական մարմնում տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:
20․ Տեսչական մարմնի ղեկավարն ունի տեղակալներ, որոնց պաշտոնները վարչական են: Նրանց պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և նրանց նկատմամբ խրախուսման ու պատասխանատվության միջոցներ է կիրառում վարչապետը:
21. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:
(21-րդ կետը խմբ. 02.08.18 N 1037-Լ)
22․ Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը՝
1) գործում է տեսչական մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքներն (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.
2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին փոխանցում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարկաններ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն և արդյունքների մասին տեղեկացնում տեսչական մարմնի ղեկավարին.
3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.
4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում տեսչական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.
5) իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:
23․ Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի պաշտոնը հայեցողական պաշտոն է:
24․ Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականները և պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունները:
25․ Տեսչական մարմնի ղեկավարի օգնականի պաշտոնը հայեցողական պաշտոն է:
26․ Տեսչական մարմնի ղեկավարի օգնականն իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականները:
V. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈԻՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ
27․ Տեսչական մարմնի հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝
1) Հանրակրթության վարչություն.
2) Նախնական և միջին մասնագիտական կրթության վարչություն.
3) Ռիսկի գնահատման, ստուգումների պլանավորման, վերլուծությունների և գնահատման վարչություն.
4) Իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն.
5) Հանրության հետ կապերի բաժին.
6) Որակի ապահովման բաժին:
28․ Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները:
VI. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՒՅՔԸ
29․ Տեսչական մարմինն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:
30․ Տեսչական մարմնի գույքը ձևավորվում է օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչական մարմնի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:
31․ Տեսչական մարմինը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:
VII. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
32․ Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը։
VIII. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ
33․ Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:
34․ Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է խորհրդի հավանությանը, որից հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարին:
35․ Պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարել միայն խորհրդի համաձայնությամբ:
(հավելվածը խմբ. 02.08.18 N 1037-Լ)
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
02.08.2018, N 1037-Լ | 11.08.2018, N 729-Լ |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|