Գլխավոր տեղեկություն
Համար
N 1078-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (04.08.2018-27.04.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.09.30/64(1153) Հոդ.874
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
10.09.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
25.09.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
10.10.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 սեպտեմբերի 2015 թվականի N 1078-Ն

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի և 22-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը և կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ 2017 թվականի հունվարի 1-ից սույն որոշման հավելվածի 4-րդ կետով սահմանված սոցիալական ծառայություններ տրամադրող՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ներքո չգտնվող կազմակերպությունները պետական աջակցությամբ իրականացվող ծրագրերում կարող են ընդգրկվել և (կամ) սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ համագործակցության շրջանակներում՝ սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերին մասնակցել միայն «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասում նշված` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնում հավաստագրելու դեպքում:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում սահմանել սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրի ձևը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. սեպտեմբերի 25

Երևան

 

Հավելված
ՀՀ կառավարության 2015 թվականի
սեպտեմբերի 10-ի N 1078-Ն որոշման

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ ԵՎ ԿԱՐԳԸ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման դեպքերը, հավաստագրման համար պահանջվող փաստաթղթերը և պայմանները, կարգավորվում են սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման և սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրի տրամադրման հետ կապված այլ հարաբերություններ:

2. Կազմակերպությունները (այդ թվում` Հայաստանի Հանրապետության և համայնքի անունից սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունները), անկախ կազմակերպական-իրավական ձևից, կարող են հավաստագրել սույն կարգի 4-րդ կետով սահմանված մեկ կամ մի քանի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը:

3. Սոցիալական ծառայություններ տրամադրող կազմակերպությունների գործունեության հավաստագրումն իրականացնում է սոցիալական աջակցության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ՝ լիազորած մարմին):

 

II. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԴԵՊՔԵՐԸ

 

4. Հավաստագրվել կարող է հետևյալ սոցիալական ծառայությունները տրամադրելու գործունեությունը՝

1) տարեց և (կամ) 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը՝

ա. տնային պայմաններում,

բ. բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում,

գ. բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում,

դ. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում.

2) երեխաների (այդ թվում՝ առանց ծնողական խնամքի մնացած, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող երեխաների) խնամքը՝

ա. տնային պայմաններում,

բ. բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում,

գ. բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում,

դ. բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություններում,

ե. սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում.

3) որպես ժամանակավոր օթևան կացարանով ապահովելը`

ա. որոշակի բնակության վայր չունեցող անձանց,

բ. ընտանեկան բռնության ենթարկված անձանց:

5. Սույն կարգի 4-րդ կետի 1-ին ենթակետի «ա», «բ», «գ», «դ» պարբերություններով, 2-րդ ենթակետի «ա», «բ», «գ», «դ», «ե» պարբերություններով և 3-րդ ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված յուրաքանչյուր սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեություն կարող է հավաստագրվել՝ անկախ այլ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու հանգամանքից:

 

III. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԴԻՄԵԼԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

6. Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման համար կազմակերպությունը (այսուհետ՝ նաև հայտատու) լիազորած մարմին է ներկայացնում հայտ՝ համաձայն ձևի, և սույն կարգի 8-րդ կետում նշված փաստաթղթերը: Միևնույն հայտով կարող է հայցվել մեկից ավելի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրում:

7. Հայտում նշվում են՝

1) հայտատուի անվանումը, պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), գտնվելու և հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վայրը (իսկ տնային պայմաններում խնամք տրամադրելու դեպքում՝ սպասարկման տարածքը).

2) հայտատուի կապի միջոցները (հեռախոսահամարը, առկայության դեպքում՝ նաև էլեկտրոնային հասցեն և ֆաքսը).

3) հայտատուի կողմից հայցվող՝ հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն (ծառայություններ) տրամադրելու գործունեությունը.

4) հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման համար նախատեսված աշխատողների ընդհանուր թիվը և տվյալ բնագավառում մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների թիվը.

5) հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վերաբերյալ հայտատուի՝ նախկինում ունեցած փորձի և աշխատանքային գործունեության (առկայության դեպքում) մասին տեղեկություններ.

6) կից ներկայացվող փաստաթղթերի ցանկը:

8. Հայտին կից ներկայացվում են՝

1) հայտատուի գրանցված կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները.

2) հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեության (բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման) համար նախատեսված տարածքի նկատմամբ հայտատուի իրավունքը հավաստող փաստաթղթերը՝ գույքի նկատմամբ իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենը, իսկ տարածքը վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ անհատույց օգտագործման իրավունքով տիրապետելու դեպքում՝ նաև համապատասխան պայմանագրի բնօրինակը և դրա պատճենը.

3) հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման համար նախատեսված աշխատողների թվի և հաստիքների մասին հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի կողմից տրված տեղեկանքը և աշխատողների աշխատանքային գրքույկի պատճենները, իսկ աշխատողների մասնագիտական կրթություն և (կամ) որակավորում ունենալու դեպքում` համապատասխան փաստաթղթերի (դիպլոմներ, վկայականներ) պատճենները, բժշկի (բժիշկների) առկայության դեպքում՝ այդ անձանց կողմից բժշկական գործունեությամբ զբաղվելու իրավունքը հաստատող՝ բժշկական գործունեության որոշակի տեսակներով զբաղվելու լիցենզիայի պատճենները.

4) հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեության (բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման) համար նախատեսված տարածքում անվտանգությունը սեփական ուժերով ապահովելու մասին հայտատուի հայտարարությունը կամ այդ տարածքում անվտանգությունն ապահովելու մասին հայտատուի և համապատասխան կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության միջև կնքված պայմանագրի պատճենը.

5) հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեության (բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման) համար նախատեսված տարածքում պահպանիչ-հակահրդեհային ազդարարման համակարգը Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությանը միացված լինելու մասին համապատասխան պայմանագրի պատճենը.

6) կախված հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության տեսակից՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատության և (կամ) սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնի և (կամ) կացարանի ներքին կարգապահական կամ համակեցության կանոնները՝ հաստատված հայտատուի համապատասխան լիազորություններով օժտված մարմնի (կամ պաշտոնատար անձի) կողմից.

7) հավաստագրման ենթակա յուրաքանչյուր սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության համար անհրաժեշտ՝ սույն կարգի IV բաժնում նշված պահանջները բավարարելու մասին հայտատուի հայտարարությունը.

8) տեղեկանք հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորությունների բացակայության վերաբերյալ:

9. Սույն կարգի 8-րդ կետով նախատեսված փաստաթղթերի պատճենները ներկայացվում են «իսկականի հետ ճիշտ է» նշագրմամբ` վավերացված հայտատուի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ:

(9-րդ կետը փոփ. 10.07.18 N 765-Ն)

10. Հայաստանի Հանրապետության օրենքներով իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում, լիազորած մարմինը կարող է իրականացնել անհրաժեշտ գործողություններ՝ սույն կարգի 8-րդ կետի 3-րդ, 4-րդ և 7-րդ ենթակետերում նշված փաստաթղթերում արտացոլված տեղեկատվության հավաստիությունը գնահատելու նպատակով:

11. Եթե սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը ներկայացնելուց հետո ներկայացված տեղեկություններում կատարվել են փոփոխություններ, ապա հայտատուն պարտավոր է ներկայացնել նաև փոփոխված տեղեկությունները՝ մինչև լիազորած մարմնի կողմից հավաստագրման կամ հավաստագրումը մերժելու մասին անհատական իրավական ակտի կայացումը: Եթե ներկայացված հայտը կամ դրան կից՝ սույն կարգով պահանջվող փաստաթղթերը թերի են, ապա հայտատուն իրավունք ունի մինչև լիազորած մարմնի կողմից հավաստագրման կամ հավաստագրումը մերժելու մասին անհատական իրավական ակտի կայացումը ներկայացնելու փոփոխված հայտը և (կամ) պահանջվող փաստաթղթերը, ընդ որում, հայտում փոփոխման ենթակա չէ դրանում նշված՝ հավաստագրման համար հայցվող սոցիալական ծառայությունը (ծառայությունները) տրամադրելու գործունեությունը: Սույն կետում նշված դեպքերում հայտը լիազորած մարմնին ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և (կամ) պահանջվող փաստաթղթերը լիազորած մարմնին ներկայացնելու օրը:

12. Անկախ հավաստագրման կամ հավաստագրումը մերժելու հանգամանքից, լիազորած մարմնին ներկայացված փաստաթղթերի պատճենները հայտատուին չեն վերադարձվում: Սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետում նշված պայմանագրի բնօրինակը հայտատուին է վերադարձվում ոչ ուշ, քան սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրելու կամ հավաստագրումը մերժելու մասին անհատական իրավական ակտն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում՝ սույն կարգի 26-րդ կետով սահմանված կարգով:

 

IV. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

 

13. Հավաստագրվում են այն կազմակերպությունները, որոնք ապահովում են տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները բավարարող կոմունալ, սանիտարահիգիենիկ և հակահրդեհային անվտանգության անհրաժեշտ պայմանները, տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու համար նախատեսված տարածքի ընդհանուր և բնակելի մակերեսին, անձնակազմին (աշխատողների թվին և հաստիքներին), նրանց աշխատանքային պայմաններին, միաժամանակյա խնամք ստացողների (բնակվողների) առավելագույն թվին, նրանց տրամադրվող սննդի չափաքանակին, դրա էներգետիկ արժեքին, հագուստի, սպիտակեղենի, կոշկեղենի, անկողնային և անձնական հիգիենայի պարագաների չափորոշիչներին, անվտանգության ապահովմանը և այլ պայմաններին ներկայացվող պահանջները:

14. Երեխաներին խնամք տրամադրելու գործունեությունը հավաստագրելու համար դիմած կազմակերպությունները, սույն կարգի 13-րդ կետով սահմանված պահանջներից բացի, տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու համար նախատեսված տարածքում պետք է ունենան դասապատրաստման և խմբային աշխատանքների համար նախատեսված սենյակներ, երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ և բարեկարգ խաղահրապարակներ և խաղասենյակներ, ինչպես նաև ապահովեն երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները:

15. Որպես ժամանակավոր օթևան կացարանով ապահովելու գործունեությունը հավաստագրելու համար դիմած կազմակերպությունները, բացառապես երեխաների համար նախատեսված կացարան ունենալու դեպքում, սույն կարգի 13-րդ կետում նշված պայմաններից բացի, տվյալ կացարանում պետք է ապահովեն նաև երեխայի խնամքի և դաստիարակության համար անհրաժեշտ նվազագույն չափորոշիչները:

 

V. ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ

 

16. Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման գործընթացը կազմակերպելու, հավաստագրման և հավաստագրումը մերժելու մասին եզրակացությունների տրամադրման նպատակով ստեղծվում է առնվազն հինգ անդամներից կազմված հավաստագրման հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով), որի կազմը և աշխատակարգը հաստատվում է լիազորած մարմնի ղեկավարի հրամանով:

17. Հանձնաժողովը`

1) իրավազոր է, եթե դրա աշխատանքներին (նիստին) մասնակցում է հանձնաժողովի անդամների առնվազն կեսը.

2) իրականացնում է սույն կարգի 6-րդ կետում նշված հայտերի և դրանց կից ներկայացված փաստաթղթերի, ինչպես նաև դրանցում ներառված տեղեկությունների փոփոխման վերաբերյալ ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը.

3) կարող է այցելել հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության համար նախատեսված տարածքներ՝ տվյալ գործունեության համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված անհրաժեշտ պայմաններին տեղում ծանոթանալու նպատակով.

4) ընդունում և լիազորած մարմնի ղեկավարին է ներկայացնում սույն կարգի 21-րդ կետով սահմանված եզրակացությունները.

5) սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը վերապահումով հավաստագրվելու դեպքում լիազորած մարմնի ղեկավարին գրավոր տեղեկացնում է հայտատուի կողմից`

ա. թերությունները վերացնելու մասին՝ դրանք վերացնելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում, կամ

բ. թերությունները չվերացնելու մասին՝ սույն կարգի 23-րդ կետով սահմանված մեկամսյա ժամկետն ավարտվելուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում.

6) իրականացնում է սույն կարգով և իր աշխատակարգով սահմանված այլ գործառույթներ:

18. Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են բաց քվեարկությամբ՝ հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ: Քվեարկության ժամանակ հանձնաժողովի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք: Ձայնի և քվեարկության իրավունքի փոխանցումը հանձնաժողովի մեկ անդամից մյուսին չի թույլատրվում: Քվեարկության արդյունքում ձայների հավասար լինելու դեպքում որոշումն ընդունվում է հայտատուի օգտին:

19. Հանձնաժողովի նախագահին նշանակում է լիազորած մարմնի ղեկավարը՝ հանձնաժողովի կազմից: Հանձնաժողովի նախագահը ղեկավարում է հանձնաժողովի աշխատանքները, հրավիրում և վարում է հանձնաժողովի նիստերը, հսկողություն է իրականացնում սույն կարգի 21-րդ կետում նշված եզրակացությունները սահմանված ժամկետում տրամադրելու նկատմամբ, իրականացնում է սույն կարգով և հանձնաժողովի աշխատակարգով նախատեսված այլ գործառույթներ:

 

VI. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ ԵՎ ՀԱՎԱՍՏԱԳՐՈՒՄԸ ՄԵՐԺԵԼՈՒ ՀԻՄՔԵՐԸ

 

20. Լիազորած մարմինը սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրումն իրականացնում կամ հավաստագրումը մերժում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը և դրան կից պահանջվող բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

21. Հանձնաժողովը, սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտը և դրան կից ներկայացված բոլոր փաստաթղթերն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում լիազորած մարմնի ղեկավարին է ներկայացնում սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրման (այդ թվում՝ վերապահումով հավաստագրման) կամ հավաստագրումը մերժելու մասին եզրակացություն: Այն դեպքում, երբ միևնույն հայտով հայցվում է մեկից ավելի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրում, հանձնաժողովը կարող է մեկ միասնական փաստաթղթի տեսքով ներկայացնել նաև որոշակի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրելու, իսկ որոշ սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրումը մերժելու մասին եզրակացություն՝ հստակ մատնանշելով ինչպես հավաստագրման ենթակա, այնպես էլ մերժման ենթակա գործունեության տեսակները:

22. Լիազորած մարմնի ղեկավարը, հանձնաժողովի եզրակացության հիման վրա, այն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում ընդունում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրելու կամ հավաստագրումը մերժելու մասին անհատական իրավական ակտ: Միևնույն հայտով մեկից ավելի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրում հայցելու և հանձնաժողովի կողմից որոշակի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրելու, իսկ որոշ սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրումը մերժելու մասին եզրակացություն տրամադրելու դեպքում լիազորած մարմնի ղեկավարը կարող է ընդունել մեկ միասնական անհատական իրավական ակտ՝ որոշակի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրելու, իսկ որոշ սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրումը մերժելու մասին: Սույն կետով սահմանված դեպքերում լիազորած մարմնի ղեկավարը կարող է հիմք չընդունել հանձնաժողովի եզրակացությունը, ինչի դեպքում, անհատական իրավական ակտում շարադրվում է այն չընդունելու հիմնավորումը, իսկ հանձնաժողովի եզրակացությունը, համապատասխան նշագրմամբ, վերադարձվում է հանձնաժողովի նախագահին:

23. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված հայտում կամ դրան կից ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների` վրիպումների, ոչ իրավական բնույթի անճշտությունների, նման այլ բացթողումների առկայության դեպքում սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը կարող է հավաստագրվել վերապահումով, որ հայտատուն մեկամսյա ժամկետում կվերացնի առկա թերությունները: Այդ դեպքում սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրված է համարվում առկա թերությունները վերացնելու օրվան հաջորդող օրվանից, ինչի վերաբերյալ լիազոր մարմինը հայտատուին ծանուցում է եռօրյա ժամկետում՝ սույն կարգի 26-րդ կետով սահմանված կարգով:

24. Սույն կարգի 23-րդ կետում նշված ժամկետում թերությունները չվերացնելու դեպքում սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը վերապահումով հավաստագրելու մասին անհատական իրավական ակտը չեղյալ է ճանաչվում:

25. Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրումը մերժվում է, եթե`

1) հայտը և (կամ) դրան կից ներկայացված փաստաթղթերը չեն համապատասխանում Հայաստանի Հանրապետության օրենքների և (կամ) իրավական այլ ակտերի պահանջներին.

2) հայտին կից ներկայացվել են կեղծ կամ թերի փաստաթղթեր կամ հայտում և (կամ) դրան կից ներկայացված փաստաթղթերում արտացոլված են կեղծ կամ խեղաթյուրված տեղեկություններ կամ հայտին կից չեն ներկայացվել սույն կարգով պահանջվող անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը.

3) հայտատուն ունի հարկային և օրենքով սահմանված այլ պարտադիր վճարների ժամկետանց պարտավորություն՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի և ավելի չափով.

4) հայտը ներկայացնելու օրվա դրությամբ առկա է հայտատուին սնանկ ճանաչելու մասին դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռ և հայտատուն ունի չմարված (չներված) պարտավորություններ.

5) հայտատուն չի բավարարում սույն կարգի IV բաժնում նշված, տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները.

6) լիազորած մարմնի հիմնավորված կարծիքով հայտատուի կողմից տվյալ սոցիալական ծառայությունների տրամադրումը կարող է վտանգել սոցիալական ծառայություններ ստացող անձանց առողջությունը, կյանքը կամ գույքը կամ սոցիալական ծառայություններ ստացող անձանց այլ իրավունքները կամ օրինական շահերը.

7) Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված այլ դեպքերում:

26. Սույն կարգի 22-րդ կետում նշված՝ լիազորած մարմնի ղեկավարի կողմից ընդունված անհատական իրավական ակտն ընդունելուց հետո եռօրյա ժամկետում առձեռն հանձնվում է հայտատուին կամ հայտատուի տրամադրած (նշած) գտնվելու վայր է ուղարկվում փոստային կապի միջոցով:

27. Սույն կարգի 22-րդ կետում նշված՝ լիազորած մարմնի ղեկավարի կողմից ընդունված անհատական իրավական ակտում, ի թիվս այլ տեղեկությունների, պետք է նշվեն՝

1) ընդունման օրը, ամիսը, տարեթիվը և համարը.

2) հավաստագրման համար հայցվող՝ սոցիալական ծառայություն (ծառայություններ) տրամադրելու գործունեության անվանումը.

3) ընդունման հիմնավորումը՝ այն փաստական և իրավական հիմքերը, որոնցով լիազորած մարմինը հանգել է հետևությունների.

4) անհատական իրավական ակտի եզրափակիչ մասը՝ սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրելու կամ հավաստագրումը մերժելու կամ որոշակի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրելու, իսկ որոշ սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրումը մերժելու մասին, իսկ սույն կարգի 23-րդ կետով սահմանված դեպքում՝ սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը վերապահումով հավաստագրելու մասին, ինչպես նաև հայտատուի կողմից թերությունները վերացնելու և սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրված համարելու ժամկետները, դրանք չվերացնելու հետևանքը:

 

VII. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳԻՐԸ

 

28. Սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագիրը (այսուհետ՝ հավաստագիր) լիազորած մարմնի կողմից տրվող, սահմանված ձևի և վավերապայմաններով փաստաթուղթ է, որը հավաստում է սույն կարգի 4-րդ կետում նշված՝ մեկ կամ մի քանի սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրելու հանգամանքը:

29. Հավաստագիրը տրվում է հինգ տարի ժամկետով: Այն չի կարող օտարվել, գրավադրվել կամ որևէ այլ կերպ փոխանցվել այլ անձի: Հավաստագրի և սույն կարգով նախատեսված դեպքերում հավաստագրի կրկնօրինակի տրամադրման համար հավաստագրված կազմակերպությունից որևէ գումար չի գանձվում:

30. Հավաստագիրը տրվում է սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրելու մասին անհատական իրավական ակտի ընդունումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում: Սույն կարգի 23-րդ կետով սահմանված դեպքում հավաստագիրը տրվում է կազմակերպության կողմից առկա թերությունները վերացնելուց հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

31. Հավաստագրում նշվում են`

1) հավաստագիրը տվող մարմնի անվանումը.

2) հավաստագրի համարը.

3) հավաստագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

4) հավաստագրված կազմակերպության անվանումը, պետական գրանցման համարը.

5) այն սոցիալական ծառայության (ծառայությունների) անվանումը, որը տրամադրելու գործունեությունը հավաստագրելու հանգամանքը հավաստվում է տվյալ հավաստագրով.

6) հավաստագրված յուրաքանչյուր սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեության իրականացման վայրը (հասցեն), իսկ տնային պայմաններում խնամքի տրամադրման դեպքում՝ սպասարկման տարածքը.

7) հավաստագրի գործողության (ուժի մեջ լինելու) ժամկետը:

32. Հավաստագիրը վավերացվում է լիազորած մարմնի ղեկավարի ստորագրությամբ և լիազորած մարմնի՝ Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով կնիքով:

33. Հավաստագրի ձևը սահմանվում է լիազորած մարմնի ղեկավարի հրամանով:

34. Հավաստագիրը տրվում է մեկ օրինակից: Հավաստագրի կորստի (կորցնելու, ոչնչացման և այլն) կամ օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում հավաստագրված կազմակերպությունը դրա մասին տեղեկացնում է լիազորած մարմնին՝ ներկայացնելով հավաստագրի կրկնօրինակ տրամադրելու վերաբերյալ դիմում:

35. Լիազորած մարմինը հավաստագրի կրկնօրինակը հավաստագրված կազմակերպությանն է տրամադրում դիմումը ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

36. Հավաստագրի կրկնօրինակի վերին աջ անկյունում կատարվում է «Կրկնօրինակ» նշագրումը:

37. Հավաստագրված կազմակերպության առանձնացման ձևով վերակազմակերպման դեպքում հավաստագիրը պահպանում է հավաստագրված կազմակերպությունը, իսկ հավաստագրված կազմակերպությունից առանձնացած իրավահաջորդին (իրավահաջորդներին) հավաստագիրը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ միայն սույն կարգով նախատեսված դեպքերում և կարգով:

38. Հավաստագրված կազմակերպության բաժանման ձևով վերակազմակերպման դեպքում բաժանված (նոր ստեղծված) իրավաբանական անձանց հավաստագիրը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ միայն սույն կարգով նախատեսված դեպքերում և կարգով:

39. Հավաստագրված կազմակերպության՝ այլ իրավաբանական անձին միանալու ձևով վերակազմակերպման դեպքում վերակազմակերպված իրավաբանական անձին հավաստագիրը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ միայն սույն կարգով նախատեսված դեպքերում և կարգով: Հավաստագրված կազմակերպությանն այլ իրավաբանական անձի (անձանց) միանալու դեպքում հավաստագրված կազմակերպությունը պահպանում է տրված հավաստագիրը:

40. Հավաստագրված կազմակերպության՝ այլ իրավաբանական անձի (անձանց) հետ միաձուլման ձևով վերակազմակերպման դեպքում նոր առաջացած իրավաբանական անձին հավաստագիրը տրվում է ընդհանուր հիմունքներով՝ միայն սույն կարգով նախատեսված դեպքերում և կարգով:

41. Հավաստագրված կազմակերպության վերակազմավորման (կազմակերպական-իրավական ձևի փոփոխման) դեպքում վերակազմավորված իրավաբանական անձը, վերակազմավորված իրավաբանական անձի պետական գրանցումից հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում լիազորած մարմնին ներկայացնում է գրավոր դիմում՝ հավաստագիրը հանձնելու և նոր հավաստագիր ստանալու համար: Սույն կետով սահմանված դիմումին կից ներկայացվում են վերակազմավորված իրավաբանական անձի գրանցված կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները: Լիազորած մարմինը նոր հավաստագիրը կազմակերպությանն է տրամադրում դիմումի և սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

42. Հավաստագրված կազմակերպության անվանման փոփոխման դեպքում այդ փոփոխության՝ իրավական ուժ ստանալու օրվանից սկսած տասն աշխատանքային օրվա ընթացքում կազմակերպությունը լիազորած մարմնին է ներկայացնում գրավոր դիմում՝ հավաստագիրը հանձնելու և նոր հավաստագիր ստանալու համար: Սույն կետով սահմանված դիմումին կից ներկայացվում են կազմակերպության անվանման փոփոխման փաստը հավաստող համապատասխան փաստաթղթեր: Լիազորած մարմինը նոր հավաստագիրը կազմակերպությանն է տրամադրում դիմումի և սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

43. Հավաստագրված սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեության իրականացման վայրի (տնային պայմաններում խնամքի տրամադրման դեպքում՝ սպասարկման տարածքի) փոփոխման կամ տվյալ գործունեությունն այլ վայրում ևս իրականացնելու դեպքում հավաստագրված կազմակերպությունը դրա մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում լիազորած մարմնին է ներկայացնում գրավոր դիմում՝ նշելով նաև իր կողմից նախկինում ստացված հավաստագրի վավերապայմանները: Սույն կետով սահմանված դիմումին կից հավաստագրված կազմակերպությունը լիազորած մարմնին է ներկայացնում գրավոր հայտարարություն՝ նախկինում ներկայացված փաստաթղթերում կատարված փոփոխությունների մասին, ինչպես նաև սույն կարգի 8-րդ կետի 2-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը՝ բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման սպասարկման տարածքի փոփոխության կամ տնային պայմաններում խնամքի տրամադրման գործունեությունն այլ վայրում նույնպես իրականացնելու դեպքերի:

44. Հավաստագրված սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեության իրականացման վայրի (բացառությամբ տնային պայմաններում խնամքի տրամադրման սպասարկման տարածքի) փոփոխման կամ տվյալ գործունեությունն այլ վայրում ևս իրականացնելու մասին գրավոր դիմումը քննարկվում, այլ վայրում սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության հավաստագրումն իրականացվում կամ հավաստագրումը մերժվում է սույն կարգի 20-25-րդ կետերով սահմանված կարգով և ժամկետներում: Լիազորած մարմինը նոր հավաստագիրը կազմակերպությանն է տրամադրում այլ վայրում սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեությունը հավաստագրելու մասին անհատական իրավական ակտի ընդունումից հետո հինգ աշխատանքային օրվա ընթացքում:

45. Տնային պայմաններում խնամքի տրամադրման սպասարկման տարածքի փոփոխության կամ տնային պայմաններում խնամքի տրամադրման գործունեությունն այլ վայրում իրականացնելու մասին դիմումի հիման վրա լիազորած մարմինը նոր Հավաստագիրը կազմակերպությանն է տրամադրում դիմումը և սույն կարգի 43-րդ կետում նշված գրավոր հայտարարությունը ներկայացնելուց հետո տասն աշխատանքային օրվա ընթացքում:

46. Հավաստագիրն ուժը կորցրած է ճանաչվում՝

1) դրա գործողության ժամկետը լրանալու դեպքում.

2) հավաստագրված կազմակերպության լուծարման դեպքում.

3) հավաստագրված կազմակերպության դիմումի համաձայն.

4) դրա գործողությունը դադարեցնելու դեպքում, եթե հավաստագրման համար ներկայացվել են կեղծ և (կամ) խեղաթյուրված փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ՝ խախտումը կատարվելու օրվանից ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում, իսկ շարունակվող խախտման դեպքում` այն բացահայտվելու օրվանից մեկ տարվա ընթացքում՝ բացառությամբ սույն կարգի 48-րդ կետով սահմանված դեպքի.

5) հավաստագրված կազմակերպության բաժանման կամ միաձուլման ձևով վերակազմակերպման դեպքերում՝ նոր ստեղծված իրավաբանական անձանց պետական գրանցման պահից, իսկ այլ իրավաբանական անձին միանալու ձևով վերակազմակերպման դեպքում՝ հավաստագրված կազմակերպության գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:

47. Սույն կարգի 46-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված դեպքում հանձնաժողովը հավաստագրված կազմակերպությանը պատշաճ կերպով իրազեկում է հավաստագրի գործողության դադարեցման վերաբերյալ հարցի քննարկման մասին՝ քննարկումից ոչ ուշ, քան յոթ օր առաջ` տեղեկացնելով քննարկման վայրի (հասցեի), օրվա ու ժամի մասին: Հարցի քննարկմանը հավաստագրված կազմակերպության ներկայացուցչի չմասնակցելը հիմք չի հանդիսանում հարցը չքննարկելու համար:

48. Եթե հավաստագրված կազմակերպությունը, մինչև հավաստագրի գործողության դադարեցման վերաբերյալ հարցի քննարկումը կամ դրա ընթացքում ներկայացնում է փոփոխված փաստաթղթեր և (կամ) տեղեկություններ, և դրանցով հիմնավորվում է տվյալ սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության համար անհրաժեշտ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելու հանգամանքը, իսկ շարունակվող խախտման դեպքում՝ նաև վերացնում է այդ խախտումը, ապա լիազորած մարմինը կարող է չդադարեցնել հավաստագրի գործողությունը:

49. Սույն կարգի 46-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված դեպքերում հավաստագիրն ուժը կորցրած է ճանաչվում լիազորած մարմնի ղեկավարի անհատական իրավական ակտով:

50. Հավաստագրված կազմակերպությունը, հավաստագրի գործողության ժամկետը լրանալուց ոչ շուտ, քան երեք և ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան, կարող է լիազորած մարմնին ներկայացնել հայտ՝ հավաստագրի գործողության ժամկետը լրանալուց հետո դրանում նշված սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեությունը հավաստագրելու համար: Սույն կետով սահմանված դեպքում նոր հավաստագրի գործողության ժամկետի սկիզբը հաշվարկվում է նախորդ հավաստագրի գործողության ժամկետը լրանալու օրվանից: Նոր հավաստագիրը տրամադրվում է սույն կարգով սահմանված պահանջներին համապատասխան:

51. Հավաստագրված կազմակերպությունների անվանումները և նրանց կողմից հավաստագրված` սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության վերաբերյալ տվյալները հրապարակվում են լիազորած մարմնի պաշտոնական կայքում՝ հավաստագրի տրամադրումից հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:

 

VIII. ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆԸ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԸ

 

52. Լիազորած մարմինը վարում է հավաստագրերի գրանցամատյան (այսուհետ՝ գրանցամատյան), որում պետք է նշվեն`

1) հավաստագրի համարը.

2) հավաստագիրը տալու օրը, ամիսը, տարեթիվը.

3) հավաստագրված կազմակերպության անվանումը և գտնվելու վայրը.

4) հավաստագրված՝ սոցիալական ծառայություն (ծառայություններ) տրամադրելու գործունեությունը.

5) հավաստագրված՝ սոցիալական ծառայություն (ծառայություններ) տրամադրելու գործունեության իրականացման վայրը (հասցեն), իսկ տնային պայմաններում խնամք տրամադրելու դեպքում՝ սպասարկման տարածքը.

6) հավաստագիրն ուժի մեջ լինելու ժամկետը.

7) տեղեկություններ հավաստագրի վերաձևակերպման, ուժը կորցրած ճանաչելու մասին:

53. Լիազորած մարմնի կողմից կարող են սահմանվել գրանցամատյանում լրացման ենթակա այլ տեղեկություններ: Գրանցամատյանի ձևը սահմանվում է լիազորած մարմնի ղեկավարի հրամանով:

54. Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում են և այն կնքվում է լիազորած մարմնի կնիքով:

55. Հավաստագրված յուրաքանչյուր կազմակերպության համար լիազորած մարմնում կազմվում է անհատական գործ, որում ներառվում են տվյալ կազմակերպության կողմից հավաստագրման համար ներկայացված բոլոր փաստաթղթերը, դրանցում ներառված տեղեկություններում կատարված փոփոխություններին վերաբերող փաստաթղթերը, ինչպես նաև Հավաստագրի պատճենը:

56. Հավաստագրված կազմակերպության անհատական գործը ենթակա է պահպանման՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:

 

IX. ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏԱԳՐԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

57. Հավաստագրված սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեության իրականացման համար զբաղեցրած տարածքը վարձակալությամբ (ենթավարձակալությամբ) կամ անհատույց օգտագործման իրավունքով օգտագործելու դեպքում օգտագործման ժամկետի ավարտից առնվազն մեկ ամիս առաջ հավաստագրված կազմակերպությունը դրա մասին պետք է գրավոր կերպով տեղեկացնի լիազորած մարմնին:

58. Հավաստագրված սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեության իրականացման համար զբաղեցրած տարածքի նկատմամբ օգտագործման իրավունքի ժամկետի երկարացման դեպքում դրա իրավական հիմքի առաջացման պահից տասն աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրված կազմակերպությունը դրա մասին գրավոր կերպով պետք է տեղեկացնի լիազորած մարմնին` կից ներկայացնելով այդ փաստը հավաստող համապատասխան փաստաթղթերը՝ սույն կարգի 8-րդ կետի 2-րդ ենթակետով և 9-րդ կետով սահմանված պահանջներին համապատասխան:

59. Հավաստագրված կազմակերպության բաժանման կամ այլ իրավաբանական անձին միանալու կամ միաձուլման ձևով վերակազմակերպման մասին որոշում ընդունելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրված կազմակերպությունը դրա մասին գրավոր կերպով պետք է տեղեկացնի լիազորած մարմնին՝ ներկայացնելով վերակազմակերպման մասին հավաստագրված կազմակերպության իրավասու մարմնի որոշման պատճենը՝ սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջին համապատասխան:

60. Հավաստագրված կազմակերպության լուծարման մասին որոշում ընդունելուց կամ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հավաստագրված կազմակերպությունը դրա մասին գրավոր կերպով պետք է տեղեկացնի լիազորած մարմնին՝ ներկայացնելով լուծարման մասին հավաստագրված կազմակերպության իրավասու մարմնի որոշման կամ լուծարման մասին դատարանի վճռի պատճենը՝ սույն կարգի 9-րդ կետով սահմանված պահանջին համապատասխան:

61. Հավաստագրված յուրաքանչյուր սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեությունը կարող է իրականացվել բացառապես հավաստագրում որպես տվյալ սոցիալական ծառայությունը տրամադրելու գործունեության իրականացման վայր (հասցե) նշված վայրում (հասցեում), իսկ տնային պայմաններում խնամք տրամադրելու դեպքում՝ հավաստագրում նշված սպասարկման տարածքում:

62. Հավաստագրում չնշված վայրում (հասցեում), իսկ տնային պայմաններում խնամք տրամադրելու դեպքում՝ հավաստագրում չնշված սպասարկման տարածքում սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեություն իրականացնելը համարվում է առանց հավաստագրման սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացում:

63. Հավաստագրված կազմակերպությունները «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված դեպքերում և կարգով լիազորած մարմնին են ներկայացնում հավաստագրված սոցիալական ծառայություններ տրամադրելու գործունեության վերաբերյալ տեղեկատվություն:

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

 

Ձև

 

Հ Ա Յ Տ

 

ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ՀԱՄԱՐ

 

1. __________________________________________________________________________

հայտատուի անվանումը

2. __________________________________________________________________________

հայտատուի պետական գրանցման համարը, հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

3.__________________________________________________________________________

____________________________________________________________________________

հայտատուի գտնվելու վայրը և կապի միջոցները (հեռախոսահամարը, առկայության դեպքում՝

նաև էլեկտրոնային հասցեն և ֆաքսը)

4.

Հայտատուի կողմից հայցվող՝ հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն (ծառայություններ) տրամադրելու գործունեությունը

Սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման վայրը (տնային պայմաններում խնամք տրամադրելու դեպքում՝ սպասարկման տարածքը)

Նախատեսված աշխատողների ընդհանուր թիվը

Տվյալ բնագավառում մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների թիվը

1)

տարեց և (կամ) 18 տարին լրացած հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը՝

     

ա.

տնային պայմաններում

     

բ.

բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում

     

գ.

բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում

     

դ.

սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում

     

2)

երեխաների խնամքը՝

     

ա.

տնային պայմաններում

     

բ.

բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր տիպի հաստատություններում

     

գ.

բնակչության սոցիալական պաշտպանության հատուկ (մասնագիտացված) հաստատություններում

     

դ.

բնակչության սոցիալական պաշտպանության խնամքի գիշերօթիկ հաստատություններում

     

ե.

սոցիալական հոգածության ցերեկային կենտրոններում

     

3)

որպես ժամանակավոր օթևան կացարանով ապահովելը`

     

ա.

որոշակի բնակության վայր չունեցող անձանց

     

բ.

ընտանեկան բռնության ենթարկված անձանց

     

( վանդակում լրացվում է V նշանը, եթե հայցվում է հավաստագրել տվյալ տողում նշված՝ սոցիալական ծառայություն (ծառայություններ) տրամադրելու գործունեությունը)

5.___________________________________________________________________________

____________________________________________________________________________

____________________________________________________________________________

Հավաստագրման ենթակա սոցիալական ծառայություն տրամադրելու գործունեության իրականացման

վերաբերյալ հայտատուի նախկինում ունեցած փորձի և աշխատանքային գործունեության

(առկայության դեպքում) մասին տեղեկություններ

6. Կից ներկայացվող փաստաթղթերը՝

1)__________________________________________________________________________

2)__________________________________________________________________________

3)__________________________________________________________________________

4)__________________________________________________________________________

5)__________________________________________________________________________

6)__________________________________________________________________________

7)__________________________________________________________________________

8)__________________________________________________________________________

 

Հայտատուի գործադիր մարմնի ղեկավար

----------------------------------------------------------------------------------

պաշտոնը, անունը, ազգանունը

 

____________________________

ստորագրությունը

 

Կ.Տ.

_____ __________________ 20 թ.

(հավելվածը փոփ. 10.07.18 N 765-Ն)