Գլխավոր տեղեկություն
Համար
N 698-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (18.06.2018-06.06.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 17.06.2018
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
11.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
11.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

11 հունիսի 2018 թվականի N 698-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 9-րդ մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝

Հաստատել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 11

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2018 թ.
հունիսի 11-ի N 698-Լ
որոշման

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ, ԿԱՊԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է՝

1) հայերեն՝ Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն.

2) ռուսերեն` министерство транспорта, связи и информационных технологий Республики Армения.

3) անգլերեն` ministry of transport, communication and information technologies of the Republic of Armenia.

4) ֆրանսերեն՝ Ministère du Transport, de la Communication et des Technologies de l'information de la Rèpublique d'Armènie:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, նախարարի տեղակալների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի, նախարարի խորհրդականի (խորհրդականների), մամուլի քարտուղարի, օգնականի (օգնականների) և նախարարի տեղակալների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակը:

7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է՝ քաղ. Երևան, Վազգեն Սարգսյան 3/3:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարության նպատակը ճանապարհային, ավտոմոբիլային, երկաթուղային, ջրային, օդային (բացառությամբ ռազմականի) ու տիեզերական տրանսպորտի (այսուհետ՝ տրանսպորտ), կապի, փոստի, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, ինովացիոն, կիբեռանվտանգության և թվայնացման ոլորտի ենթակառուցվածքների մրցակցության խթանման, ոլորտի հավասարակշիռ և կայուն զարգացման, ինչպես նաև պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումն ու ամրապնդումն է:

10. Նախարարության խնդիրներն են՝

1) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), ինովացիոն, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման բնագավառների գործունեության արդյունավետ կառավարումը և համակարգումը.

2) պետության տնտեսական աճի ապահովման համար պայմանների ստեղծումը և ամրապնդումը.

3) տրանսպորտի, երկաթուղու, երրորդ երկրներից ներմուծվող ռադիոէլեկտրոնային սարքավորումների և փոստի ոլորտներում գործող լիցենզիաների, Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերում և (կամ) պաշտպանական գոտիներում գովազդի տեղադրման թույլտվության գործընթացի, գովազդ տեղադրելու համար վճարի հաշվարկման և վճարման, ինչպես նաև էլեկտրոնային հաղորդակցության վերջնակետային սարքավորումների արտադրության, ներմուծման, իրացման և օգտագործման, երկաթուղային տրանսպորտով փոխադրման գործընթացի հետ կապված տեխնիկական միջոցների շահագործման և երթևեկության անվտանգության ոլորտում նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման ապահովումը.

4) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), ինովացիոն, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման բնագավառներում միջպետական համագործակցությունը, Հեռահաղորդակցության միջազգային միությունում և Համաշխարհային փոստային միությունում, այլ միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանությունը.

5) Հայաստանի Հանրապետությունում միասնական երթուղային ցանցի ձևավորման, հեռանկարային զարգացման ծրագրերի կազմման և հաստատման, միջպետական, միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումներ իրականացնող կազմակերպությունների ընտրություն, միջմարզային և ներմարզային կանոնավոր փոխադրումների երթուղային ցանցի և ուղևորափոխադրումների միասնական համակարգի, ինչպես նաև ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման և անվտանգ երթևեկության ապահովման կազմակերպումը.

6) ինքնագնաց ճանապարհաշինարարական մեքենաների և մեխանիզմների, ձյունագնաց, ջրային, երկաթուղային տրանսպորտային միջոցների կադաստրի վարման ապահովումը.

7) արտակարգ իրավիճակների, ռազմական դրության դեպքում էլեկտրոնային հաղորդակցության բոլոր ցանցերի կամ ծառայությունների կամ դրանցից ցանկացածի շահագործման և կառավարման համակարգումը, ինչպես նաև տեղեկատվական և փոստային կապի ցանցերի գործունեության ապահովումը.

8) տեղեկատվական հասարակության ձևավորումը. տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման, տեղեկատվական և կիբեռանվտանգության քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակումը և դրանց իրագործումը.

9) թվային տնտեսության ձևավորման խթանումը.

10) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, թվայնացման բնագավառներում ինովացիոն քաղաքականության ձևավորումը և զարգացմանը նպաստելը:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), ինովացիոն, բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության, թվայնացման, հաղորդակցության և ճանապարհաշինական ոլորտի զարգացման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում էլեկտրոնային հաղորդակցության համընդհանուր ծառայությունների մատուցման քաղաքականության ծրագրերի մշակում և դրանց իրականացման մոնիթորինգ.

2) Հայաստանի Հանրապետության միջազգային համաձայնագրերով սահմանված տրանսպորտի, կապի, համացանցի (ինտերնետի), թվայնացման, ինովացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական և կիբեռանվտանգության, փոստի և ճանապարհաշինական ոլորտին առնչվող հանձնառությունների իրականացում.

3) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), թվայնացման, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության, ինչպես նաև ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող նորմատիվ իրավական և նորմատիվ տեխնիկական ակտերի մշակում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տրանսպորտի, փոստի, կապի, թվայնացման, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության բնագավառների գործունեությունը կարգավորող իրավական ակտերի ընդունում.

4) տրանսպորտի և կապի օբյեկտների, կապուղիների ու դրանց պաշտպանական գոտիների հողերի օգտագործման սահմանափակումների և նորմերի մշակում.

5) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), թվայնացման, ինովացիոն, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության բնագավառներում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի (համաձայնագրերի) նախագծերի նախապատրաստման, կնքման, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունների կատարման աշխատանքներին մասնակցություն և իր իրավասության սահմաններում միջազգային համագործակցության այլ ձևերի իրականացում.

6) օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով տրանսպորտի, փոստի, կապի, տեղեկատվական հեռահաղորդակցական տեխնոլոգիաների և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող համապատասխան վարչական վիճակագրական հաշվետվությունների (հարցաթերթեր, տեղեկանքներ և այլն) ներդրում ու դրանց միջոցով հավաքագրված տվյալների հիման վրա վարչական վիճակագրական ռեգիստրի, ինչպես նաև տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի վարչական ռեգիստրի վարում.

7) Հայաստանի Հանրապետության սոցիալ-տնտեսական ծրագրերի` տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), ինովացիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության ու ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող բաժինների մշակում.

8) պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություններում մասնակցի (բաժնետիրոջ) լիազորությունների իրականացում, ինչպես նաև պետական ոչ առևտրային կազմակերպությունների, ենթակա մարմինների ու պետական հիմնարկների կառավարում.

9) ռադիոհաճախականության տիրույթի պաշտպանության ու պահպանման նորմերի և դրանց կիրառման կարգի սահմանում.

10) ռադիոհաճախականության տիրույթի բաշխում, օգտագործման որոշակի նպատակների համար ռադիոհաճախականությունների տիրույթի որոշակի հատվածների առանձնացում.

11) փոստի բնագավառում միջազգային համագործակցություն իրականացնելիս` որպես Հայաստանի Հանրապետության փոստային ադմինիստրացիա հանդես գալը.

12) հեռահաղորդակցության և համացանցի (ինտերնետի) ծառայության մատուցման արբանյակների ուղեծրային դիրքի օգտագործման պայմանների կարգավորման վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը.

13) Հայաստանի Հանրապետության փոստային նամականիշերի պատկերի և թեմայի, փոստային վճարման պետական նշանների նմուշների, անվանագների, տպաքանակի, գործողության ժամկետների սահմանում.

14) նամակագրական թղթակցության` փոստարկղերից հավաքման հաճախականության և փոստային առաքանիների անցման, դրամական միջոցների փոստային փոխադրությունների իրականացման հսկիչ ժամկետների և փոստային օբյեկտների դասիչների սահմանում.

15) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհային ցանցի զարգացման, շինարարության, նորոգման (հիմնանորոգում, միջին նորոգում), շահագործման (ընթացիկ նորոգում, պահպանություն) ծրագրերի մշակում և դրանց մոնիթորինգ, ավտոմոբիլային ճանապարհների դասակարգում և դրանց անվանացանկի հաշվառում.

16) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների (բացառությամբ Երևան քաղաքի տարածքում գտնվող այդ ճանապարհների մաս հանդիսացող ճանապարհահատվածների) կառուցման ու շահագործման ընդունում.

17) Հայաստանի Հանրապետության հաճախականությունների բաշխումների աղյուսակի հաստատում և փոփոխում.

18) ռադիոալեհավաք կառույցների շինարարության, ներկման և լուսավորման վերաբերյալ կանոնների սահմանում.

19) Հայաստանի Հանրապետության, «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերության և «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության միջև 2008 թվականի փետրվարի 13-ին կնքված «Հայկական երկաթուղու համակարգը «Ռուսական երկաթուղիներ» բաց բաժնետիրական ընկերության կողմից ստեղծված «Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությանը փոխանցելու մասինե կոնցեսիոն պայմանագրով վերապահված գործառույթների իրականացում.

20) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործառույթների կանոնակարգում.

21) տրանսպորտի, կապի, փոստի, համացանցի (ինտերնետի), տեղեկատվական անվտանգության և կիբեռանվտանգության, տեղեկատվական տեխնոլոգիաների, բարձր տեխնոլոգիաների, ինովացիայի և ճանապարհաշինական բնագավառներին վերաբերող տեխնիկական ակտերի ու ստանդարտների մշակում.

22) սահմանափակ ռեսուրսների` ներառյալ ռադիոհաճախականությունների տիրույթի, արբանյակային ուղեծրի հատվածների և համարների օգտագործման վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

23) զորահավաքային նախապատրաստության, զորահավաքի և քաղաքացիական պաշտպանության միջոցառումների պլանավորման և իրականացման ապահովում.

24) արդյունավետ վառելիքի կիրառման և ավտոտրանսպորտային միջոցների վնասակար արտանետումների կրճատման, մեծ տարողությամբ տրանսպորտային միջոցներով միկրոավտոբուսների շարունակական փոխարինման և էլեկտրական տրանսպորտի զարգացման ուղղությամբ օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ առաջարկությունների ներկայացում.

25) մշակում է տեղեկատվական հասարակության ձևավորման և զարգացման պետական քաղաքականությունը, դիտանցում տեղեկատվական հասարակության ձևավորման գործընթացի իրականացումը.

26) մշակում է պետության կողմից ֆիզիկական և իրավաբանական անձանց մատուցվող էլեկտրոնային ծառայությունների լիարժեք հասանելիության ծրագրերը և դիտանցում դրանց իրականացումը.

27) մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների, ինովացիայի, բարձր տեխնոլոգիաների, թվայնացման ոլորտի զարգացման քաղաքականությունը և ապահովում է զարգացման պետական ծրագրերի ու միջոցառումների մշակումը և դրանց իրագործումը.

28) մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, կապի ոլորտներում ինովացիոն ենթակառուցվածքների ձևավորման և զարգացման քաղաքականությունը.

29) մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների, տրանսպորտի, կապի ոլորտներում տեխնոլոգիական ինովացիոն քաղաքականությունը, ինչպես նաև տվյալ ոլորտների տեխնոլոգիական նորարարության նպատակային ծրագրերը և իրականացնում դրանց մոնիթորինգը.

30) մշակում է տեխնոլոգիական ընկերությունների գործունեությանն աջակցության և տեխնոլոգիական գործունեության արդյունքի առևտրայնացման քաղաքականությունը.

31) մշակում է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ինովացիոն կարողությունների զարգացման և ոլորտի միջազգային գործընթացներում ներգրավման քաղաքականությունը.

32) մշակում է տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող միջազգային ընկերությունների՝ Հայաստան գրավման և հայկական տեխնոլոգիական զարգացման գործունեություն իրականացնող ընկերությունների գլոբալացման խթանման քաղաքականությունը.

33) Հայաստանի Հանրապետությունում ավիացիոն պատահարների և լուրջ միջադեպերի պետական մասնագիտական քննության անցկացման կազմակերպումը.

34) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ գործառույթների իրականացում:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Նախարարության կառավարումն իրականացնում են Հայաստանի Հանրապետության վարչապետը և Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը (այսուհետ՝ նախարար):

13. Հայաստանի Հանրապետության վարչապետը՝

1) հաստատում է նախարարության, իսկ առկայության դեպքում՝ նաև գրասենյակի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

15. Նախարարը հաշվետու է Հայաստանի Հանրապետության կառավարությանը և Հայաստանի Հանրապետության վարչապետին:

16. Նախարարին անմիջական հաշվետու են նախարարի տեղակալները, գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը (առկայության դեպքում), ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

17. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը (առկայության դեպքում):

18. Նախարարը՝

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.

3) Հայաստանի Հանրապետության վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.

8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

9) սահմանում է նախարարի յուրաքանչյուր տեղակալի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, նախարարի տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) հաստատում է հաստիքացուցակը.

14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարի տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմնի, կազմակերպությունների, հիմնարկների և գրասենյակների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:

19. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում՝ նախարարին փոխարինող նախարարի տեղակալն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում:

20. Նախարարի տեղակալը՝

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

21. Նախարարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարի տեղակալին:

22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով` պետությանը պատճառված վնասի համար:

26. Գլխավոր քարտուղարը՝

1) առանց լիազորագրի` «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գրասենյակների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է նախարարի տեղակալի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և նախարարի տեղակալի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

27. Գլխավոր քարտուղարն ունի տեղակալ, որը փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչապետը:

28. Նախարարի խորհրդականը՝

1) ուսումնասիրում է նախարարի կողմից իրեն հանձնարարված ոլորտի միջազգային փորձը.

2) ներկայացնում է առաջարկություններ ոլորտի զարգացման ծրագրերի մշակման վերաբերյալ.

3) նախարարի հանձնարարությամբ որոշակի աշխատանքների, ծրագրերի համակարգման աջակցման նպատակով կառուցվածքային ստորաբաժանումներից, գրասենյակներից, ենթակա պետական մարմիններից, կազմակերպություններից և հիմնարկներից կարող է ստանալ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվություն:

29. Նախարարի մամուլի քարտուղարը՝

1) պատրաստում է մամուլի հաղորդագրություններ, օրվա մամուլի տեսություն.

2) նախարարին և այլ պաշտոնատար անձանց ծանուցում է զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած կարևոր նյութերի մասին և անհրաժեշտության դեպքում ապահովում դրանց օպերատիվ արձագանքը.

3) առաջարկություններ է ներկայացում զանգվածային լրատվության միջոցներով ելույթներում, մշտական թեմատիկ խորագրերում, հեռուստառադիոհաղորդումներում նախարարության պաշտոնատար անձանց մասնակցության վերաբերյալ և ապահովում դրանց կատարումը.

4) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ կազմակերպում է աշխատանքային հանդիպումներ, այդ թվում` նախարարի և այլ պաշտոնատար անձանց մասնակցությամբ:

30. Նախարարի օգնականը՝

1) ապահովում է նախարարի մոտ կազմակերպվող հանդիպումների և նիստերի կազմակերպման գործընթացը.

2) նախարարի հանձնարարարությամբ կազմում է նախարարի կողմից անցկացվող խորհրդակցությունների արձանագրություններ և հսկողություն է իրականացնում արձանագրություններով տրված հանձնարարականների կատարման ժամկետների վերաբերյալ:

31. Նախարարի տեղակալի օգնականը՝

1) ապահովում է նախարարի տեղակալի կողմից տրված հանձնարարականների կատարումը.

2) ապահովում է նախարարի տեղակալի մոտ կազմակերպվող հանդիպումների և նիստերի կազմակերպման գործընթացը:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) տրանսպորտի վարչություն.

2) երկաթուղային տրանսպորտի վարչություն.

3) ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչություն.

4) փոստային ոլորտի քաղաքականության վարչություն.

5) կապի և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների վարչություն.

6) տեղեկատվական, բարձր տեխնոլոգիաների և թվայնացման վարչություն.

7) օդային քաղաքականության բաժին.

8) տիեզերական քաղաքականության բաժին.

9) ներքին աուդիտի բաժին:

33. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) ֆինանսատնտեսագիտական և հաշվապահական հաշվառման վարչություն.

2) իրավաբանական վարչություն.

3) արտաքին կապերի և ծրագրերի վարչություն.

4) գործերի կազմակերպման վարչություն.

5) անձնակազմի կառավարման բաժին.

6) հասարակության հետ կապերի բաժին.

7) առաջին բաժին.

8) զորահավաքային նախապատրաստության և քաղաքացիական պաշտպանության բաժին:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

 

34. Ծառայությունների մատուցման գրասենյակ:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

 

35. Նախարարությանը ենթակա մարմին է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն:

 

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

36. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

37. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

38. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

39. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

40. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

42. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

43. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

44. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, որն իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազորությունները:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
22.01.2020, N 69-Լ 24.01.2020, N 698-Լ
17.10.2019, N 1494-Լ 20.10.2019, N 698-Լ
01.06.2019, N 660-Լ 06.06.2019, N 698-Լ
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան