Գլխավոր տեղեկություն
Համար
N 647-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.06.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.15/47(1405) Հոդ.736
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
08.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

8 հունիսի 2018 թվականի N 647-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1321-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձանց կողմից վճարված եկամտային հարկի գումարների փոխհատուցման կարգը սահմանելու մասին» N 1321-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) վերնագրում և ամբողջ տեքստում «փոխհատուցում» բառը և դրան համապատասխան հոլովաձևերը փոխարինել «վերադարձ» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման նախաբանում «5-րդ մասը» բառերը փոխարինել «6-րդ մասը» բառերով.

3) որոշման հավելվածի`

ա. 1-ին կետը «բնակարանի» բառից հետո լրացնել «կամ անհատական բնակելի տան» բառերով,

բ. 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում անմիջապես կառուցապատողից բնակարան ձեռք բերող, ինչպես նաև պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան (այդ թվում՝ ավտոկայանատեղի, եթե այն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով կցված է բնակարանին) ձեռք բերող, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերող, կամ Հայաստանի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցող վարձու աշխատողների (այսուհետ՝ վարկառու) վրա՝ վերջիններիս կողմից սույն կարգի 5-րդ կետով սահմանված փաստաթղթերը կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ անհատական բնակելի տան գտնվելու վայրի հարկային մարմնի տարածքային բաժին (այսուհետ` հարկային մարմին) ներկայացվելու դեպքում: Սույն կարգի կիրառման իմաստով, վարկառու է հանդիսանում նաև վարձու աշխատող հանդիսացող հիփոթեքային վարկի համավարկառուն` բնակարանի (անհատական բնակելի տան) սեփականատեր (համասեփականատեր) հանդիսանալու դեպքում:»,

գ. 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Եթե հաշվետու եռամսյակի ընթացքում վարձու աշխատողին աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որևէ մեկը, իսկ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների մոտ աշխատող վարձու աշխատողների դեպքում՝ վարձու աշխատողը հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունները չեն կատարել կամ կատարել են մասնակի, ապա վարկառուին այդ գործատուի հաշվարկած եկամտային հարկը վերադարձվում է սույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական կատարումից հետո՝ վարկառուի կողմից սույն կարգի 5-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված դիմումը ներկայացվելու դեպքում»,

դ. 5-րդ կետի 4-րդ ենթակետում «գրավադրված գույքի» բառերը փոխարինել «հիփոթեքային պայմանագրի շրջանակներում ձեռք բերվող` գրավադրված գույքի» բառերով,

ե. 5-րդ կետի 6-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6) Հայաստանի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան կառուցապատողի կողմից տրված տեղեկանք բնակարանը կամ անհատական բնակելի տունն անմիջապես կառուցապատողից ձեռք բերված (բերվող) լինելու մասին, կամ վարկառու համարվող անձին տրված` անհատական բնակելի տան շինարարության թույլտվություն (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ժամկետներում գործող), իսկ պետության և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ համայնքից բնակարան ձեռք բերող քաղաքացու դեպքում՝ համապատասխան պետական (համայնքային) մարմնի կողմից տրված տեղեկանք բնակարանը պետությունից (համայնքից) ձեռք բերված (բերվող) լինելու մասին.»,

զ. 5-րդ կետի 7-րդ ենթակետը «բնակարանի առուվաճառքի» բառերից հետո լրացնել «(այդ թվում` նախնական)» բառերով, իսկ «մասին պայմանագիր» բառերից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում կառուցված կամ կառուցվող անհատական բնակելի տան առուվաճառքի կամ կառուցվող անհատական բնակելի տուն գնելու իրավունքի մասին պայմանագիր» բառերով,

է. 5-րդ կետի 8-րդ ենթակետը «եկամտային հարկի գումարների վերաբերյալ» բառերից հետո լրացնել «հարկային մարմնի կողմից սահմանված և» բառերով,

ը. 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե`

1) այն ներկայացնելու պահին հաշվետու եռամսյակի ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն.

2) չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ, 6-րդ և 7-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը.

3) ձեռք բերվող բնակարանի կամ անհատական բնակելի տան գործարքի պայմանագրային արժեքը գերազանցում է 55 մլն դրամը.

4) 2018 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկի պայմանագրերի շրջանակներում վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ օգտվել են հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից:

Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է վարկառուին:»,

թ. 8-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8.1-ին կետով.

«8.1. Հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիփոթեքային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը յուրաքանչյուր եռամսյակի համար 1.5 մլն դրամը գերազանցելու դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար վերադարձվում է 1.5 մլն դրամը:»,

ժ. 9-րդ կետում «հինգ աշխատանքային» բառերը փոխարինել «ութ աշխատանքային» բառերով, իսկ 10-րդ կետում՝ «հինգերորդ աշխատանքային» և «հինգ աշխատանքային» բառերը համապատասխանաբար փոխարինել «ութերորդ աշխատանքային» և «ութ աշխատանքային» բառերով.

4) որոշման 2-րդ կետում «սույն որոշմամբ սահմանված կարգով» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N 205-Ն որոշման համաձայն» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 12

Երևան