Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 04-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (25.06.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2018.06.15/17(620) Հոդ.141
Ընդունող մարմին
Վիճակագրության պետական խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
01.06.2018
Ստորագրող մարմին
Վիճակագրության պետական խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
01.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

01 հունիսի 2018 թ.

թիվ 04-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-Ի ԹԻՎ 05-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի «Վիճակագրական տեղեկությունների հավաքագրման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն և 2010 թվականի մայիսի 12-ի թիվ 12-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 05-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Որոշման վերնագրում և 1-ին կետում «վիճակագրական տեղեկությունների հավաքագրման» բառերը փոխարինել «վիճակագրական տվյալների հավաքման» բառով,

2) Որոշման նախաբանը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.»,

3) Որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Նախագահ

Ս. Մնացականյան

 

Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2018 թվականի հունիսի 1-ի
թիվ 04-Ն որոշման

 

«Հավելված
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2016 թվականի հունիսի 20-ի
թիվ 05-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ԿՈՂՄԻՑ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի (այսուհետ՝ Վիճակագրական կոմիտե) կողմից վիճակագրական տվյալների հավաքման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվող հասկացություններն ունեն նույն իմաստը, ինչ իմաստով որ դրանք սահմանված են «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում:

3. Վիճակագրական տվյալների հավաքումը ներառում է ռեսպոնդենտներին վիճակագրական դիտարկումներում ընդգրկումը և իրազեկումը, վիճակագրական փաստաթղթերով ապահովումը, ռեսպոնդենտների կողմից վիճակագրական տվյալների ներկայացումը, Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված վիճակագրական փաստաթղթերի ընդունումը, վարչական ռեգիստրներից վիճակագրական տվյալների ստացումը և դրանց հետ կապված այլ գործողություններ:

4. Սույն կարգը չի տարածվում համատարած հաշվառումների ժամանակ վիճակագրական տվյալների հավաքման վրա:

 

II. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԸՆՏՐԱՆՔԸ ԵՎ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ

 

5. Սույն կարգի իմաստով ռեսպոնդենտներ են հանդիսանում`

1) իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը.

2) իրավաբանական անձանց դուստր ընկերությունները, մասնաճյուղերը, ներկայացուցչությունները, առանձնացված ստորաբաժանումները.

3) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող օտարերկրյա իրավաբանական անձինք, ինչպես նաև դրանց Հայաստանի Հանրապետության տարածքում գործող ստորաբաժանումները.

4) պետական մարմինները և տեղական ինքնակառավարման մարմինները, պետական հիմնարկները.

5) Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող ֆիզիկական անձինք` անկախ իրենց քաղաքացիությունից և իրավական կարգավիճակից կամ նման անձանց խմբեր, ինչպիսիք են` տնային (քաղաքային և գյուղական) տնտեսությունները.

6) այլ սուբյեկտներ, որոնք կարող են տիրապետել վիճակագրական հետազոտության նպատակներին համապատասխանող տվյալների:

6. Վիճակագրական տվյալները հավաքվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի (այսուհետ՝ Պետական խորհուրդ) կողմից հաստատված հետևյալ վիճակագրական փաստաթղթերի միջոցով՝

1) վիճակագրական հաշվետվություններ.

2) հետազոտությունների հարցաթերթեր.

3) վիճակագրական դիտարկումներին վերաբերող Պետական խորհրդի կողմից հաստատված այլ փաստաթղթեր:

 

III. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻ ԻՐԱԶԵԿՈՒՄԸ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ԿԱՄ ԴԻՏԱՐԿՈՒՄՆԵՐԻՑ ՀԱՆՎԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

8. Ռեսպոնդենտները վիճակագրական կոմիտեի կողմից նախապես գրավոր իրազեկվում են` սույն կարգով սահմանված իրազեկման գրությամբ (Ձև 1):

9. Իրազեկման գրության մեջ պարտադիր նշվում են.

1) ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը).

2) նշում այն մասին, որ ռեսպոնդենտն ընդգրկվել է վիճակագրական դիտարկումներում.

3) ռեսպոնդենտների իրավունքներն ու պարտականությունները.

4) օրենքով սահմանված պատասխանատվության մասին.

5) հղում համապատասխան իրավական ակտերին և Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքին.

6) Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման գտնվելու վայրը, հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն.

7) այլ անհրաժեշտ տեղեկություններ:

10. Իրազեկումն ուժի մեջ է այնքան ժամանակ, քանի դեռ ռեսպոնդենտը գրավոր չի իրազեկվում վիճակագրական դիտարկումներից հանվելու մասին կամ դեռ չի լրացել ընդգրկման մասին պաշտոնական գրության մեջ նշված ժամկետը:

11. Վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու մասին իրազեկված ռեսպոնդենտը վիճակագրական փաստաթղթերը ներկայացնում է իրազեկումը ստանալուց հետո առաջին հաշվետու ժամանակաշրջանից սկսած, եթե իրազեկման գրության մեջ այլ բան նախատեսված չէ: Վիճակագրական դիտարկումներում ընդգրկվելու պահից ռեսպոնդենտը պարտավոր է վիճակագրական կոմիտեի պահանջով ներկայացնել նաև տվյալ տարվան, ինչպես նաև ընդգրկմանը նախորդող տարվան վերաբերող վիճակագրական փաստաթղթերը (անհրաժեշտության դեպքում` ամսական բաշխվածությամբ):

12. Միանվագ հետազոտությունների դեպքում ռեսպոնդենտներն իրազեկվում են մինչև հետազոտությունը սկսվելը:

13. Եթե վիճակագրական դիտարկումներում ընդգրկված ռեսպոնդենտը սահմանված կարգով իրազեկվելուց հետո փոխում է իր գործունեության տեսակը կամ սկսում է զբաղվել նաև այլ գործունեությամբ, ապա այդ գործունեության տեսակի համապատասխան վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են հաջորդող հաշվետու ժամանակաշրջանից սկսած` առանց լրացուցիչ իրազեկման:

14. Վիճակագրական փաստաթղթերի ներկայացման պարբերականության փոփոխության դեպքում ռեսպոնդենտն այդ մասին լրացուցիչ իրազեկվում է:

15. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միացման կամ վերակազմավորման ձևով վերակազմակերպվելիս իրավաբանական անձը շարունակում է ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերն առանց սույն կարգով սահմանված գրավոր իրազեկման:

16. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով բաժանման, առանձնացման և միաձուլման ձևով վերակազմակերպվելիս նոր ստեղծված իրավաբանական անձը (անձինք) վիճակագրական դիտարկումներում ընդգրկելու մասին իրազեկվում է սույն կարգով սահմանված ձևով:

 

IV. ՌԵՍՊՈՆԴԵՆՏՆԵՐԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՁԵՎԵՐՈՎ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ

 

17. Վիճակագրական կոմիտեն ապահովում է ռեսպոնդենտների համար վիճակագրական փաստաթղթերն իրենց կողմից նախընտրելի եղանակով (թղթային կամ էլեկտրոնային) ներկայացնելու հնարավորություն, մասնավորապես`

1) անվճար և մեկ օրինակից տրամադրում է Պետական խորհրդի կողմից հաստատված վիճակագրական փաստաթղթերի ձևերը,

2) էլեկտրոնային եղանակով վիճակագրական փաստաթղթերը ներկայացնելու համար ապահովում է այդ փաստաթղթերի ձևերի և դրանց լրացման հրահանգների հասանելիությունը պաշտոնական կայքի միջոցով,

3) պաշտոնական կայքի միջոցով ապահովում է ռեսպոնդենտներին վիճակագրական տվյալների հավաքման հետ կապված անհրաժեշտ տեղեկատվության տրամադրումը:

18. Վիճակագրական փաստաթղթերի ձևերը ռեսպոնդենտները ստանում են ինքնուրույնաբար` իրենց գործունեության իրականացման վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից կամ ներբեռնում են Վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքից:

19. Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելը չի կարող հիմք հանդիսանալ ռեսպոնդենտին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի թղթային ձևերը չտրամադրելու համար:

 

V. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՑՈԼՄԱՆ ԿԱՐԳԸ

 

20. Վիճակագրական փաստաթղթերը ռեսպոնդենտները լրացնում և ներկայացնում են ինքնուրույնաբար, եթե այլ բան նախատեսված չէ տվյալ փաստաթղթով:

21. Վիճակագրական փաստաթղթերը, եթե դրանցում այլ բան նախատեսված չէ, պետք է ստորագրվեն ռեսպոնդենտ իրավաբանական անձի ղեկավարի, ռեսպոնդենտ անհատ ձեռնարկատիրոջ կամ նրանց լիազորված ներկայացուցչի կողմից:

22. Հաշվետու ժամանակաշրջանում գործունեություն իրականացրած չլինելու դեպքում, ներկայացվող վիճակագրական փաստաթղթերի` հաշվետու ժամանակաշրջանին (ժամանակաշրջաններին) վերաբերող համապատասխան մասերում դրվում են գծիկներ (-) կամ փակման (Z) նշան:

23. Ռեսպոնդենտը գործունեության կամ գործունեության որևէ տեսակի դադարեցման դեպքում ներկայացնում է սույն կարգով սահմանված ձևի հայտարարություն (Ձև 2): Այս դեպքում գործունեության կամ գործունեության տեսակի դադարեցման օր է համարվում հայտարարության մեջ նշված օրը:

24. Սույն կարգի 23-րդ կետով սահմանված հայտարարությունը չի ազատում ռեսպոնդենտին մինչ գործունեության դադարեցման օրն ընկած հաշվետու ժամանակաշրջանի վերաբերյալ վիճակագրական փաստաթղթերի ներկայացման պարտականությունից: Այս դեպքում վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են հայտարարության հետ կամ այդ փաստաթղթերի համար սահմանված ժամկետներում:

25. Գործունեությունը կամ գործունեության տեսակը վերսկսելու դեպքում ռեսպոնդենտը շարունակում է ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերը:

26. Այն ռեսպոնդենտները, որոնք միաժամանակ գործունեություն են իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, ամսական կամ եռամսյակային պարբերականությամբ ներկայացնում են տվյալ գործունեության գծով վիճակագրական տվյալները` նաև մարզային բաշխվածությամբ:

 

VI. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԵՂԱՆԱԿՆԵՐԸ

 

27. Վիճակագրական փաստաթղթերը ռեսպոնդենտը ներկայացնում է իր գործունեության իրականացման վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը կամ ուղարկում է այդ ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում գործունեություն իրականացնելու դեպքում, վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են ռեսպոնդենտի նախընտրելի վայրի Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը:

28. Գործունեության իրականացման վայրի փոփոխության դեպքում ռեսպոնդենտը տեղեկացնում է գործունեության իրականացման վայրի փոփոխության մասին` սույն կարգով սահմանված ձևով (Ձև 3):

29. Վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են դրանցում նշված ժամկետներում և պարբերականությամբ:

30. Վիճակագրական փաստաթղթերը լրացվում են համաձայն տվյալ փաստաթղթի լրացման հրահանգի կամ ցուցումների:

31. Վիճակագրական փաստաթղթերի ներկայացման համար սահմանված ժամկետի ավարտման օրվան հաջորդող հինգ աշխատանքային օրվա ընթացքում չներկայացնելու դեպքում ռեսպոնդենտը ենթարկվում է պատասխանատվության` օրենքով սահմանված կարգով:

32. Վիճակագրական փաստաթղթերը, ինչպես նաև սույն կարգով սահմանված մյուս փաստաթղթերը ռեսպոնդենտի կողմից ներկայացվում են նախընտրելի տարբերակով՝ առձեռն, փոստով կամ էլեկտրոնային փոստով:

33. Վիճակագրական փաստաթղթի ներկայացման օր է համարվում՝

1) փոստային կապի միջոցով վիճակագրական փաստաթղթի ներկայացման դեպքում այն փոստային կապի կազմակերպությանը հանձնելու օրը.

2) առձեռն ներկայացման դեպքում` ներկայացման օրը.

3) էլեկտրոնային փոստով ուղարկելու դեպքում` ռեսպոնդենտի կողմից դրա ուղարկման օրը:

34. Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումն իրականացնում է ներկայացված վիճակագրական փաստաթղթերի հաշվառում: Վիճակագրական փաստաթղթերը թղթային տարբերակով ներկայացնելու դեպքում, դրանք ենթակա են գրանցման ստորաբաժանումում առկա գրանցամատյանում` նշելով ներկայացման ամիսը, ամսաթիվը և տարեթիվը:

35. Առձեռն ներկայացման դեպքում գրանցումն իրականացվում է ներկայացման պահին: Առձեռն ներկայացնողը ստորագրում է գրանցամատյանի համապատասխան մասում:

36. Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար ռեսպոնդենտն այդ մասին իրազեկում է վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանմանը: Այդ նպատակով ռեսպոնդենտը լրացնում է սույն կարգով սահմանված տեղեկատվության ձևը (Ձև 4) և ուղարկում է իր գործունեության վայրի համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով:

37. Վիճակագրական փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու դեպքում ռեսպոնդենտը ներբեռնում է իր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի ձևերը` վիճակագրական կոմիտեի www.armstat.am պաշտոնական կայքի «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» բաժնից:

38. Էլեկտրոնային լրացված յուրաքանչյուր վիճակագրական փաստաթուղթ ստորագրվում է էլեկտրոնային ստորագրությամբ և էլեկտրոնային փոստով ուղարկվում Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեով: Յուրաքանչյուր վիճակագրական փաստաթուղթ ուղարկվում է առանձին էլեկտրոնային նամակով:

39. Վիճակագրական փաստաթուղթն էլեկտրոնային փոստով ուղարկելիս ռեսպոնդենտը էլեկտրոնային նամակի «սաբջեքթ» (subject) կամ «տեմա» (тема) տողում նշում է իր անվանումը (անունը, ազգանունը), հարկ վճարողի հաշվառման համարը, վիճակագրական փաստաթղթի կրճատ անվանումը, պարբերականությունը և հաշվետու ժամանակաշրջանը:

40. Վիճակագրական կոմիտեն ապահովում է ռեսպոնդենտի հետադարձ էլեկտրոնային ծանուցումը` վիճակագրական փաստաթղթի ստացված լինելու մասին:

41. Վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են ըստ ռեսպոնդենտի գործունեության տեսակի: Ռեսպոնդենտն ընտրում է իր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի ցանկը` օգտվելով www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնի վիճակագրական հաշվետվությունների փնտրման համակարգից:

 

VII. ՎԱՐՉԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐՆԵՐԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՍՏԱՑՈՒՄԸ

 

42. Վարչական ռեգիստրները պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից կամ նրանց անունից վարչական նպատակներով հավաքվող վարչական տվյալների շտեմարաններ են:

43. Պետական և տեղական ինքնակառավարման մարմինները պարտավոր են վիճակագրական կոմիտեին անհատույց տրամադրել իրենց տրամադրության տակ եղած տվյալները, պաշտոնական վիճակագրության արտադրման համար անհրաժեշտ մանրամասնությամբ, ինչպես նաև մեթատվյալները, որոնք թույլ են տալիս գնահատել տվյալների որակը:

44. Վիճակագրական կոմիտեն Վիճակագրական ծրագրով նախատեսված տվյալները վարչական ռեգիստրներից հավաքում է իր կողմից սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթերի միջոցով կամ կողմերի միջև կնքված համաձայնագրի կամ փոխըմբռնման հուշագրի կամ համատեղ հրամանի հիման վրա:

45. Եթե վարչական տվյալներ տրամադրողները նախատեսում են էականորեն վերանայել տվյալների հավաքման կամ մշակման ընթացակարգերը կամ կազմակերպել տվյալների նոր հավաքում, որը կարող է անդրադառնալ պաշտոնական վիճակագրության նպատակներով տրամադրվող տվյալների վրա, ապա նրանք պարտավոր են խորհրդակցել վիճակագրական կոմիտեի հետ և, անհրաժեշտության դեպքում, պաշտոնական վիճակագրության այլ արտադրողների հետ՝ մինչև նման որոշում կայացնելը:

 

VIII. ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՍԽԱԼՆԵՐ ԵՎ ԱՂԱՎԱՂՈՒՄՆԵՐ ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼՈՒ ԴԵՊՔՈՒՄ ՈՒՂՂՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼԸ

 

46. Վիճակագրական փաստաթղթերում սխալների և աղավաղումների հայտնաբերման դեպքում դրանք ենթակա են ուղղման:

47. Եթե վիճակագրական փաստաթղթի տվյալների ուղղումը պահանջում է հաշվապահական հաշվառման փաստաթղթերում գրանցումների փոփոխություն կամ որոշակի տևական ժամանակահատված, ապա ճշգրտված վիճակագրական փաստաթուղթը ներկայացվում է հաջորդ ժամանակաշրջանի վերաբերյալ ներկայացվող վիճակագրական փաստաթղթի հետ միասին` բացառությամբ եռամսյակային և տարեկան պարբերականությամբ ներկայացվող վիճակագրական փաստաթղթերի:

48. Եռամսյակային և տարեկան պարբերականությամբ վիճակագրական փաստաթղթերը ներկայացվում են սխալը հայտնաբերելուց հետո համապատասխանաբար տասնհինգ և երեսուն օրվա ընթացքում:

49. Ճշգրտված վիճակագրական փաստաթղթի դիմային էջի վրա նշվում է «ճշգրտված է» գրառումը, իսկ էլեկտրոնային ներկայացնելու դեպքում «ճշգրտված է» գրառումը նշվում է «սաբջեքթ» (subject) տողում:

 

Ձև 1

_________________________________________

_________________________________________

ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը),

գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

Հարգելի գործընկեր,

Սույն գրության նպատակն է իրազեկել, որ համաձայն «Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի դրույթների, Դուք հանդիսանում եք վիճակագրական տվյալներ տրամադրող (ռեսպոնդենտ) և ընդգրկվել եք վիճակագրական դիտարկումներում:

Վիճակագրական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով, Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի համար կարևոր է Ձեր վստահությունն ու աջակցությունը:

Համաձայն Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասի՝ վիճակագրական հետազոտություններին մասնակցությունը պարտադիր է վիճակագրական միավորների (ռեսպոնդենտների) համար:

Վիճակագրական հետազոտության շրջանակում տեղեկատվությունը պետք է լինի ճշգրիտ և տրամադրվի ժամանակին, պահանջվող ձևաչափով և անվճար:

Համաձայն Օրենքի 23-րդ հոդվածի, Ձեր կողմից ներկայացված վիճակագրական գաղտնիք համարվող տվյալները հրապարակման կամ այլ ձևով տարածման ենթակա չեն:

Հավաքված վիճակագրական տվյալների անանունությունը պահպանելը Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի պարտականությունն է:

Վիճակագրական տեղեկությունները ներկայացվում են ՀՀ վիճակագրության պետական խորհրդի կողմից սահմանված ձևի վիճակագրական փաստաթղթերի միջոցով:

Վիճակագրական փաստաթղթերը կարող եք ներկայացնել Ձեր կողմից նախընտրելի եղանակով` թղթային (առձեռն և փոստով) կամ էլեկտրոնային:

Վիճակագրական փաստաթղթերի ձևերը կարող եք անվճար ստանալ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումից կամ ներբեռնել www.armstat.am պաշտոնական կայքի «Վիճակագրական հաշվետվությունների ձևեր» բաժնից:

Վիճակագրական փաստաթղթերը պետք է ներկայացվեն ըստ Ձեր կողմից իրականացվող գործունեության տեսակի (տեսակների)` համաձայն տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի (NACE rev2) 2-րդ խմբավորման:

Ստորև թվարկված վիճակագրական փաստաթղթերի ձևերից ընտրեք Ձեր գործունեության տեսակին համապատասխան վիճակագրական փաստաթղթերի ցանկը` օգտվելով www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնի վիճակագրական հաշվետվությունների փնտրման համակարգից.

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

______________________________________________________________________________

(թվարկել վիճակագրական փաստաթղթերը)

 

Եթե Դուք միաժամանակ գործունեություն եք իրականացնում Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերում, ապա ամսական կամ եռամսյակային պետք է ներկայացնեք նաև տվյալ գործունեության գծով վիճակագրական տվյալները (ցուցանիշները)` մարզային բաշխվածությամբ:

Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար լրացրեք և ստորև նշված էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկեք համապատասխան ձևը (Ձև 4), որը կարող եք գտնել www.armstat.am պաշտոնական կայքի «Ռեսպոնդենտների համար» բաժնում: Վիճակագրական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման կողմից նշված ձևի ստացումը հավաստող հետադարձ էլեկտրոնային ծանուցումն ստանալուց անմիջապես հետո կարող եք էլեկտրոնային եղանակով ներկայացնել վիճակագրական փաստաթղթերը:

Վիճակագրական փաստաթղթերն էլեկտրոնային եղանակով ներկայացվում են www.armstat.am պաշտոնական կայքում տեղադրված ձևաչափով:

Գործունեության տեսակի փոփոխության կամ գործունեության նոր տեսակ սկսելու դեպքում այդ տեսակին համապատասխան վիճակագրական փաստաթղթերը ևս պետք է ներկայացվեն` առանց լրացուցիչ իրազեկման:

Վիճակագրական փաստաթղթերի ներկայացման գործընթացին, ինչպես նաև Ձեզ հետաքրքրող մյուս հարցերին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի պաշտոնական կայքի՝ www.armstat.am, «Ռեսպոնդենտների համար» բաժնից:

Սույն իրազեկումից հետո այլ տեսակի վիճակագրական հետազոտությունում ընդգրկվելու, ինչպես նաև վիճակագրական փաստաթղթերի ներկայացման պարբերականության փոփոխության դեպքում Ձեզ լրացուցիչ կիրազեկվի:

 

Ստորաբաժանման էլեկտրոնային փոստի հասցեն է ----------------------------------:

 

Ստորաբաժանման հեռախոսահամարն է --------------------------------------:

 

Առանցքային իրավական ակտեր են.

«Պաշտոնական վիճակագրության մասին» ՀՀ օրենք,

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշում,

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգիրք։

Սույն իրազեկումն ուժի մեջ է մնում այնքան ժամանակ, քանի դեռ Դուք գրավոր չեք իրազեկվում տվյալների տրամադրման դադարեցման մասին:

Պաշտոնական վիճակագրության մասին ՀՀ օրենսդրության խախտումն առաջացնում է պատասխանատվություն Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 169.2 հոդվածով սահմանված կարգով:

 

Շնորհակալություն համագործակցության համար։

 

(Ստորաբաժանման ղեկավար)՝

------------------------------------

(ստորագրություն)

------------------------------------

(անուն, ազգանուն)

 

Ձև 2

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

____________________________________________

(ստորաբաժանման անվանումը)

 

Պետ՝ ______________________________________-ին

 

 

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԴԱԴԱՐԵՑՈՒՄ ՆԱԽԱՏԵՍԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Սույն հայտարարությամբ

տեղեկացնում եմ, որ

____________________________________________________

ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը), գտնվելու վայրը (բնակության վայրը)

սկսած «___» ___________ 20___թ-ից դադարեցնում է գործունեությունը.

1) ամբողջությամբ.

2) գործունեության հետևյալ տեսակների գծով`

___________________________________________________________________________

(1-ին դեպքում ընդգծվում է, 2-րդ դեպքում նշվում է գործունեության տեսակի անվանումը և ծածկագիրը)

 

Պարտավորվում եմ գործունեությունը (գործունեության տեսակը) վերսկսելու դեպքում տվյալ հաշվետու ժամանակաշրջանից սկսած ներկայացնել համապատասխան վիճակագրական փաստաթղթերը:

 

Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ

 

Գտնվելու (բնակության) վայրը

___________________________________

I__I__I__I__I__I

(փոստային դասիչ)

Էլեկտրոնային փոստ _________________________________________

Հեռախոս(ներ) ___________________________________________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

  I__I__I__I__I__I__I__I__I

  (լրացվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից)

Հարկ վճարողի հաշվառման համարը I__I__I__I__I__I__I__I__I

Ղեկավար`_________________________________ ստորագրություն

 

Ձև 3

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

____________________________________________

(ստորաբաժանման անվանումը)

 

Պետ՝ ______________________________________-ին

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՎԱՅՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Սույնով տեղեկացնում եմ, որ _________________________________________________________

ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը),

գտնվելու վայրը (բնակության վայրը)

 

գործունեության իրականացման վայրի փոփոխությամբ պայմանավորված, սկսած

«___» _________ 20---թ-ից վիճակագրական փաստաթղթերը նախատեսում է ներկայացնել ՀՀ վիճակագրական կոմիտեի

__________________________________________________ ստորաբաժանում:

(ստորաբաժանման անվանումը)

 

Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ

 

Գտնվելու (բնակության) վայրը _______________________________________________________

 

Գործունեության իրականացման վայրը

_________________________________

_________________________________

_________________________________

I__I__I__I__I__I__I

(փոստային դասիչ)

Էլեկտրոնային փոստ _____________________________________

Հեռախոս(ներ) ___________________________________________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը

  I__I__I__I__I__I__I__I__I

  (լրացվում է ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից)

Հարկ վճարողի հաշվառման համարը I__I__I__I__I__I__I__I__I

Ղեկավար`_________________________________ ստորագրություն

 

Ձև 4

 

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ

____________________________________________

(ստորաբաժանման անվանումը)

 

ՊԵՏ՝ ______________________________________-ին

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ԵՂԱՆԱԿՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Սույնով տեղեկացնում եմ, որ ___________________________________________________________ -ը

(ռեսպոնդենտի անվանումը (անունը, ազգանունը))

 

նախատեսում է վիճակագրական փաստաթղթերը ներկայացնել էլեկտրոնային եղանակով:

 

Տվյալներ ռեսպոնդենտի վերաբերյալ

 

Գտնվելու (բնակության) վայրը _______________________________________________________

Գործունեության իրականացման վայրը ________________________________________________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I

Հարկ վճարողի հաշվառման համարը I__I__I__I__I__I__I__I__I

Էլեկտրոնային փոստի հասցեն _________________________________________

 

Գործունեության տեսակը (տեսակները)

__________________________________________________

նշվում է գործունեության ստույգ տեսակը համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-անիշ դասակարգման (տես` http://armstat.am հղումը):

Հեռախոս -------------------------------------------

Դիմող`

---------------------------------------

(անուն, ազգանուն)

Ստորագրություն

 

«-----» --------- 20---թ.»:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան