ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 մայիսի 2018 թվականի N 600-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 78-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով 2015 թվականի մարտի 24-ին Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպության միջև կնքված «Դիաբետոն ՄՌ 60-ի (գլիկլազիդ)» մատակարարման պայմանագրի 3.1.6-րդ կետը, նկատի ունենալով «Լե Լաբողատուաղ Սեղվիե» կազմակերպության անունից ներկայացված նոր իջեցված գնային առաջարկը` 1,248 եվրո մեկ տուփի համար կամ 0.0416 եվրո մեկ հաբի համար` առանց ավելացված արժեքի հարկի, և միաժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ որպես մարդասիրական օգնություն տրամադրելու պայման հանվելու է յուրաքանչյուր տարվա պահանջարկի 10 տոկոսը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության կարիքների համար դիաբետոն 60 մգ դեղի գնման 2015-2019 թվականների գործընթացը կազմակերպելու մասին» N 78-Ն որոշման 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության 2015-2017 թվականների կարիքների համար Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից դիաբետոն 60 մգ դեղի խմբաքանակների գնումներն իրականացվելու են ֆրանսիական «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերությունից` 1 հաբը 0,06 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի, իսկ 2018-2019 թվականների կարիքների համար՝ 1 հաբը 0.0416 եվրո գնով` առանց ավելացված արժեքի հարկի:»:
2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և «Լե Լաբողատուաղ Սեղվիե» ընկերության միջև 2015 թվականի մարտի 24-ին կնքված «Դիաբետոն ՄՌ 60-ի (Գլիկլազիդ)» մատակարարման պայմանագրում կատարելու սույն որոշումից բխող փոփոխությունը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. մայիսի 29 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|