Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.07.04/51(1409).1 Հոդ.780.31
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
07.04.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
07.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.04.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

      

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

       

ՀՀ վարչական վերաքննիչ

դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/1961/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/1961/05/15

2018թ.

Նախագահող դատավոր՝   Ա. Սարգսյան

Դատավորներ՝

Ա. Աբովյան

Ա. Բաբայան

      

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

     

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

      

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան),

      

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Գ. Հակոբյանի

Ս. Անտոնյանի

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ն. Տավարացյանի

    

2018 թվականի ապրիլի 07-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Երևանի քաղաքապետարանի (այսուհետ՝ Քաղաքապետարան) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.10.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ֆելիքս Մեխակյանի ընդդեմ Քաղաքապետարանի՝ 29.04.2015 թվականի թիվ Վ-15/4 որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

  

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

 

Դիմելով դատարան` Ֆելիքս Մեխակյանը պահանջել է անվավեր ճանաչել Քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանման ծառայության (այսուհետ՝ Ծառայություն) պետի 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ Վ-15/4 որոշումը։

ՀՀ վարչական դատարանի ատավոր՝ Մ. Մելքումյան) (այսուհետ` Դատարան) 03.02.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 07.10.2016 թվականի որոշմամբ Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 03.02.2016 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Քաղաքապետարանը։

Վճռաբեկ բողոքի պատասխան է ներկայացրել Ֆելիքս Մեխակյանի ներկայացուցիչ Կարապետ Բադալյանը։

  

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը 

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ, 154-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 26-րդ, 27-րդ հոդվածները։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ չի հետազոտել ու գնահատել գործով ձեռք բերված ապացույցները, որոնք հաստատում են այն հանգամանքը, որ Երևանի քաղաքապետի 26.06.2013 թվականի թիվ Վ-20/4 որոշմամբ Ֆելիքս Մեխակյանի նկատմամբ տուգանքի նշանակումից հետո վերջինս շարունակել է ինքնակամ շինարարական աշխատանքները, մասնավորապես՝ Երևանի Առաքելյան փողոցի թիվ 2ա հասցեի տան դիմաց գտնվող շինության (կցակառույցի) տանիքին ինքնակամ իրականացնելով շվաքարանի կառուցման շինարարական աշխատանքներ: Նման պայմաններում Վերաքննիչ դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ հոդվածի կիրառումն անհիմն է, քանի որ վարչական վարույթի նյութերով ապացուցվում է Ֆելիքս Մեխակյանի կողմից թույլ տրված արարքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցակազմի առկայությունը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.10.2016 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը մերժել:

  

2.1. Վճռաբեկ բողոքի պատասխանի հիմնավորումները

Ֆելիքս Մեխակյանին վերագրվող՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցանքը հայտնաբերելու պահին վերջինս չի համարվել նախկինում տույժի ենթարկված անձ, քանի որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցանքի համար նշանակված տույժի կատարումից անցել է ավելի քան մեկ տարի, և այդ ընթացքում Ֆելիքս Մեխակյանը որևէ իրավախախտում չի կատարել: Հետևաբար Վերաքննիչ դատարանը, վերհանելով գործի լուծման համար նշանակություն ունեցող բոլոր փաստերը, ինչպես նաև բազմակողմանի, լրիվ ու օբյեկտիվ հետազոտելով ապացույցները, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ հոդվածի կիրառմամբ իրավացիորեն է հանգել այն եզրակացության, որ վիճարկվող վարչական ակտը ենթակա է անվավեր ճանաչման:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1)   Քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության (այսուհետ՝ Վարչություն) կողմից 22.05.2013 թվականին կազմված թիվ 009979 արձանագրության համաձայն` Երևանի Առաքելյան փողոցի թիվ 2ա հասցեի տան դիմաց առանց հողօգտագործման իրավունքի և քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերի Ֆելիքս Մեխակյանն իրականացրել է կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքներ, ինչը համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված զանցակազմի հատկանիշներին (հատոր 1-ին, գ.թ. 40)։

2)    Երևանի քաղաքապետի 26.06.2013 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-20/4 որոշման համաձայն՝ Ֆելիքս Մեխակյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության` Երևանի Առաքելյան փողոցի թիվ 2ա հասցեի տան դիմաց՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա, կցակառույցի կառուցման ինքնակամ շինարարական աշխատանքներ իրականացնելու համար, և վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով (հատոր 1-ին, գ.թ. 41)։

3)   «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ի 24.07.2013 թվականի անդորրագրի համաձայն՝ Ֆելիքս Մեխակյանի կողմից հօգուտ Երևան համայնքի կատարվել է 400.000 ՀՀ դրամի չափով վճարում՝ որպես Վարչության 22.05.2013 թվականի թիվ 009979 արձանագրությամբ հայտնաբերված վարչական իրավախախտման համար նշանակված տուգանքի գումար (հատոր 1-րդ, գ.թ. 45)։

4)   Վարչության կողմից 08.04.2015 թվականին կազմված թիվ 019274 արձանագրության համաձայն՝ 01.04.2015 թվականին հայտնաբերվել է, որ Երևանի Առաքելյան փողոցի թիվ 2ա հասցեի տան դիմաց Ֆելիքս Մեխակյանի նկատմամբ 22.05.2013 թվականին կազմված թիվ 009979 արձանագրության հիման վրա Երևանի քաղաքապետի 26.06.2013 թվականի թիվ Վ-20/4 որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Ֆելիքս Մեխակյանը շարունակել է շինարարական աշխատանքները, մասնավորապես՝ շինության տանիքին իրականացվել են շվաքարանի կառուցման շինարարական աշխատանքներ, ինչը համապատասխանում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված զանցակազմի հատկանիշներին (հատոր 1-ին, գ.թ. 9)։

5)    Քաղաքապետարանի «Թիվ Վ-15/4 գործի քննության վերաբերյալ» 29.04.2015 թվականի արձանագրության համաձայն՝ Ֆելիքս Մեխակյանի ներկայացուցիչը բացատրություն է տվել այն մասին, որ անձրևաջրերի` տուն լցվելու պատճառով Ֆելիքս Մեխակյանը կառուցել է տանիք` ժամանակավոր ծածկ, որի համար չի ունեցել շինարարության թույլտվություն (հատոր 1-ին, գ.թ. 25-26)։

6)   Ծառայության պետի 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ Վ-15/4 որոշման համաձայն՝ Ֆելիքս Մեխակյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, և վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք` 2.500.000 ՀՀ դրամի չափով, այն բանի համար, որ Երևանի քաղաքապետի 26.06.2013 թվականի թիվ Վ-20/4 որոշմամբ Ֆելիքս Մեխակյանի նկատմամբ տուգանքի նշանակումից հետո վերջինս շարունակել է ինքնակամ շինարարական աշխատանքները, մասնավորապես՝ Երևանի Առաքելյան փողոցի թիվ 2ա հասցեի տան դիմաց գտնվող շինության (կցակառույցի) տանիքին ինքնակամ իրականացվել են շվաքարանի կառուցման շինարարական աշխատանքներ (հատոր 1-ին, գ.թ. 23-24)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները      

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու զանցակազմի հիմքով վարչական պատասխանատվության առաջացման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է նաև ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ և 154-րդ հոդվածների խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցին. արդյո՞ք անձը ենթակա է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, եթե շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու արարքը կատարվել է առաջին անգամ ինքնակամ շինարարական աշխատանքների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված վարչական տույժի կատարումից մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 9-րդ հոդվածի 1-ին պարբերության համաձայն` վարչական իրավախախտում (զանցանք) է համարվում պետական կամ հասարակական կարգի, (...) քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավորյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ հոդվածի համաձայն` եթե վարչական տույժի ենթարկված անձը տույժի կատարումն ավարտելու օրվանից մեկ տարվա ընթացքում նոր վարչական իրավախախտում չի կատարել, ապա այդ անձը համարվում է վարչական տույժի չենթարկված:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը, բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով: Գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով: Հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` նույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքներ կատարել շարունակելը նույն հոդվածի առաջին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարհինգհարյուրապատիկի չափով:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած որոշումներից մեկում արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար: Ընդ որում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված են շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցակազմի հետևյալ դրսևորումները.

1)   սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը կամ բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ կատարելը (բացառությամբ գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա ինքնակամ կառուցված անհատական բնակելի տան),

2)   գյուղական համայնքներում տնամերձ հողամասի վրա բնակելի տուն ինքնակամ կառուցելը,

3)   հողօգտագործման իրավունք չունեցող անձանց կողմից պետությանը և համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը:

Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման՝ թեև վկայակոչված իրավախախտումներից յուրաքանչյուրն ունի միայն իրեն բնորոշ առանձնահատկությունները (արարքի կատարման վայրը, կառուցվող շինության տեսակը, արարքը կատարող սուբյեկտը, կիրառվող սանկցիան), սակայն դրանց համար ընդհանուրն այն է, որ բոլոր դեպքերում այդ զանցակազմերը կարող են առկա լինել միայն ինքնակամ կառույցի (շենքի, շինության) կառուցման պարագայում: Ըստ այդմ, ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասում նկարագրված բոլոր արարքներն ընդգրկվում են շենքեր ու շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի միասնական հասկացության մեջ, որի ոտնձգության օբյեկտը քաղաքաշինության բնագավառում օրենսդրությամբ սահմանված իրավակարգի պաշտպանությանն ուղղված հասարակական հարաբերությունների ամբողջությունն է (տե՛ս, Սասունիկ Մշեցյանն ընդդեմ Երևանի քաղաքապետի թիվ ՎԴ/9692/05/13 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 02.12.2016 թվականի որոշումը

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանն արտահայտել է այն իրավական դիրքորոշումը, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով օրենսդիրը վարչական պատասխանատվություն է նախատեսել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքների, այդ թվում նաև՝ շենքեր և շինություններ ինքնակամ կառուցման կատարումը շարունակելու համար՝ նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգով տուգանք նշանակելուց հետո։ Ըստ ՀՀ վճռաբեկ դատարանի՝ այս վարչական իրավախախտումն օբյեկտիվ կողմից դրսևորվում է հետևյալ արարքով. շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անձը շարունակում է կատարել այն նույն ինքնակամ շինարարությունը, որի համար նախկինում ենթարկվել է վարչական պատասխանատվության: Փաստորեն, օրենսդիրը նախատեսել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական պատասխանատվության առաջացման համար անհրաժեշտ պայմանն ինքնակամ շինարարական աշխատանքների համար վարչական պատասխանատվության ենթարկված լինելու և վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո դրանց կատարումը շարունակելու փաստական հանգամանքների միաժամանակյա առկայությունն է:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նկարագրված վարչական իրավախախտման հասարակական վտանգավորությունը գլխավորապես պայմանավորված է այն հանգամանքով, որ ինքնակամ շինարարական աշխատանքների համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո անձը շարունակում է նույն օբյեկտի շինարարությունը՝ նպատակ ունենալով այն ավարտին հասցնել և ապահովել այդ ինքնակամ կառույցի շահագործման հնարավորությունը, ինչը քաղաքաշինական տեսանկյունից կարող է լուրջ սպառնալիքներ առաջացնել մարդկանց կյանքի և առողջության համար: Հետևաբար ինքնակամ շինարարական աշխատանքների համար վարչական պատասխանատվության ենթարկված լինելուց հետո այնպիսի շինարարական աշխատանքի կատարումը, որն ուղղված է տվյալ ինքնակամ շինությունն ավարտական տեսքի բերելուն և շահագործման համար պիտանի դարձնելուն, պետք է որակվի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով (տե՛ս, Արտյոմ Խոջոյանն ընդդեմ Գյումրու քաղաքապետարանի թիվ ՎԴ5/0137/05/15 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 27.12.2017 թվականի որոշումը)։

Վերահաստատելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված պատասխանատվության կարող է ենթարկվել նույն հոդվածի 1-ին մասով նախատեսված իրավախախտումը կատարած անձը: Ընդ որում, շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո տվյալ անձի կողմից այդ նույն շինարարական աշխատանքները շարունակելու դեպքում վերջինս ենթակա է վարչական պատասխանատվության շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման կատարումը շարունակելու զանցանքի համար՝ անկախ այն հանգամանքից, թե այդ անձը համարվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ հոդվածի իմաստով «վարչական տույժի ենթարկված», թե՝ ոչ:

Վերոգրյալ դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում օրենսդրի կողմից Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով ձևակերպված զանցակազմի օբյեկտիվ կողմի տառացի մեկնաբանությունը, որի համաձայն՝ նշված զանցակազմն առաջանում է, եթե առաջին անգամ կատարված ինքնակամ շինարարական աշխատանքների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկված անձը շարունակում է ինքնակամ կերպով կատարել նույն շինարարական աշխատանքները՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով պատասխանատվության ենթարկվելուց հետո: Փաստորեն, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասում նկարագրված զանցակազմի օբյեկտիվ կողմի պարտադիր հատկանիշներից մեկն արգելված արարքի՝ շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու, կատարման ժամանակն է. շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու արարքը պետք է կատարվի նախկինում իրականացված ինքնակամ շինարարական աշխատանքների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո:

Ընդ որում, Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը չի սահմանել ժամանակի որևէ պահ, որից հետո կատարված՝ շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու արարքն այլևս չի առաջացնում վարչական պատասխանատվություն: Այսինքն՝ սահմանելով շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու արարքի համար վարչական պատասխանատվություն առաջանալու այն պայմանը, որ տվյալ արարքը պետք է կատարվի նախկինում իրականացված ինքնակամ շինարարական աշխատանքների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո, օրենսդիրը չի սահմանել այդ պահից հաշվարկվող այնպիսի ժամկետ, որի լրանալուց հետո շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու արարքի կատարումն այլևս չի առաջացնում վարչական պատասխանատվություն: Այլ կերպ ասած` ամեն դեպքում շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար վարչական պատասխանատվության ենթարկված անձի կողմից նշված արարքը շարունակելը Վճռաբեկ դատարանի գնահատմամբ բավարար է վերջինիս օրենսդրի կողմից սահմանված առավել խիստ վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Հետևաբար շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու արարքի կատարման ժամանակը վարչական պատասխանատվության առաջացման տեսանկյունից էական նշանակություն ունի միայն այն առումով, որ քննարկվող ոչ իրավաչափ արարքը պետք է կատարվի նախկինում իրականացված ինքնակամ շինարարական աշխատանքների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո՝ ցանկացած ժամանակ:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ օրենսդիրը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ հոդվածում սահմանել է այն պայմանները, որոնց առկայության դեպքում անձը համարվում է վարչական տույժի չենթարկված: Այդ պայմանները հանգում են հետևյալին. (1) այս կամ այն զանցանքի համար անձի նկատմամբ նշանակված վարչական տույժը՝ որպես պատասխանատվության միջոց, կատարված է, (2) վարչական տույժի կատարումից հետո մեկ տարվա ընթացքում տվյալ անձը չի կատարել նոր վարչական իրավախախտում: Ընդ որում, վկայակոչված իրավակարգավորման համատեքստում անձին վարչական տույժի ենթարկված կամ չենթարկված համարելու հարցը պայմանավորված չէ առաջին անգամ կատարված զանցանքի համար նշանակված վարչական տույժը կատարվելուց հետո մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ կատարված զանցանքի նույնական կամ նույնասեռ լինելով: Այսինքն՝ անձը համարվում է վարչական տույժի ենթարկված, եթե որևէ զանցանքի համար նշանակված վարչական տույժը կատարվելուց հետո մեկ տարվա ընթացքում թույլ է տվել կամ նույն զանցանքը կամ որևէ այլ վարչական իրավախախտում:

Համադրելով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ և 38-րդ հոդվածների վերոգրյալ իրավական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման շինարարական աշխատանքները շարունակելու արարքն առաջին անգամ ինքնակամ շինարարական աշխատանքների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված վարչական տույժի կատարումից մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո կատարելու հանգամանքը որևէ կերպ չի ազդում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված զանցանքի համար վարչական պատասխանատվության առաջացման վրա: Այլ կերպ՝ շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկված անձի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ հոդվածի իմաստով «վարչական տույժի ենթարկված» համարվելու կամ չհամարվելու հանգամանքն էական նշանակություն չունի` շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման կատարումը շարունակելու համար վարչական պատասխանատվության առաջացման համար:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ օրենսդիրը շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման կատարումը շարունակելու զանցակազմի հիմքով վարչական պատասխանատվության առաջացումը չի պայմանավորել այնպիսի հանգամանքներով, ինչպիսիք են, օրինակ, (ա) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված տուգանքի վճարված լինելը կամ չլինելը, (բ) այդ տուգանքի վճարումից հետո անցած ժամանակի տևողությունը, (գ) շենքեր և շինություններ ինքնակամ կառուցման կատարումը շարունակելու արարքի Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ հոդվածի իմաստով «վարչական տույժի ենթարկված անձի» կողմից կատարված լինելը կամ չլինելը:

  

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ դեռևս 2013 թվականին Երևանի Առաքելյան փողոցի թիվ 2ա հասցեի տան դիմաց՝ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի վրա, առանց հողօգտագործման իրավունքի և քաղաքաշինական համապատասխան փաստաթղթերի Ֆելիքս Մեխակյանն իրականացրել է կցակառույցի կառուցման շինարարական աշխատանքներ: Նշված արարքի համար Երևանի քաղաքապետի 26.06.2013 թվականի «Վարչական իրավախախտման գործի վերաբերյալ» թիվ Վ-20/4 որոշմամբ Ֆելիքս Մեխակյանը Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով ենթարկվել է վարչական պատասխանատվության, և նրա նկատմամբ նշանակվել է տուգանք՝ 400.000 ՀՀ դրամի չափով: Ֆելիքս Մեխակյանը կատարել է նշված վարչական ակտով նշանակված 400.000 ՀՀ դրամ տուգանքի վճարումը: Այնուհետև՝ 01.04.2015 թվականին, Վարչության աշխատակիցների կողմից հայտնաբերվել է, որ Երևանի քաղաքապետի 26.06.2013 թվականի թիվ Վ-20/4 որոշմամբ տուգանք նշանակելուց հետո Ֆելիքս Մեխակյանը շարունակել է ինքնակամ շինարարական աշխատանքները, մասնավորապես՝ Երևանի Առաքելյան փողոցի թիվ 2ա հասցեի տան դիմաց գտնվող շինության (կցակառույցի) տանիքին իրականացրել է շվաքարանի կառուցման ինքնակամ շինարարական աշխատանքներ: Նշված արարքի համար Ծառայության պետի 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ Վ-15/4 որոշմամբ Ֆելիքս Մեխակյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, և վերջինիս նկատմամբ նշանակվել է տուգանք` 2.500.000 ՀՀ դրամի չափով:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վարչական գործը հարուցվել է Ֆելիքս Մեխակյանի վիճարկման հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Ծառայության պետի 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ Վ-15/4 որոշումը:

Դատարանը բավարարել է Ֆելիքս Մեխակյանի հայցը՝ պատճառաբանելով, որ վիճարկվող վարչական ակտի ընդունման պահին լրացել է Ֆելիքս Մեխակյանի նկատմամբ նշանակված տույժի կատարումն ավարտելու օրվանից մեկ տարվա ժամկետը, և վարչական վարույթի նյութերում բացակայում է որևէ ապացույց նշված ժամանակահատվածում նոր իրավախախտում կատարված լինելու վերաբերյալ: Այսինքն՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ հոդվածի իմաստով Ֆելիքս Մեխակյանը համարվել է վարչական տույժի չենթարկված, հետևաբար վերջինիս նկատմամբ չէր կարող կիրառվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պատասխանատվությունը: Ըստ այդմ, Դատարանը գտել է, որ Ծառայության պետի 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ Վ-15/4 որոշումն ընդունվել է օրենքի սխալ մեկնաբանման և կիրառման հետևանքով և ենթակա է վերացման:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Քաղաքապետարանի վերաքննիչ բողոքը և անփոփոխ թողնելով Դատարանի վճիռը, ըստ էության հիմնավոր է համարել Դատարանի վերոգրյալ պատճառաբանությունները՝ գտնելով, որ «(...) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտման առկայությունը պարզելու նպատակով Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը կատարելը շարունակելու վերաբերյալ փաստերը պարզելիս էական է նաև այն հանգամանքի պարզումը, թե նշված արարքներն այդ անձի կողմից շարունակվել են կատարվել վարչական պատասխանատվության ենթարկվելուց հետո մեկ տարվա ընթացքում, թե՝ ոչ (...)»:

Մինչդեռ վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով ստորադաս դատարանների եզրահանգումների հիմնավորվածությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դրանք անհիմն են հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտով Ֆելիքս Մեխակյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման կատարումը շարունակելու զանցանքի համար: Իսկ Վճռաբեկ դատարանի կողմից սույն որոշմամբ ձևավորված իրավական դիրքորոշումների համաձայն՝ շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու զանցանքի համար առաջին անգամ վարչական պատասխանատվության ենթարկված անձի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ հոդվածի իմաստով «վարչական տույժի ենթարկված» համարվելու կամ չհամարվելու հանգամանքն էական նշանակություն չունի շենքերի և շինությունների ինքնակամ կառուցման կատարումը շարունակելու համար վարչական պատասխանատվության առաջացման համար: Հետևաբար այն հանգամանքը, որ Ծառայության պետի 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ Վ-15/4 որոշմամբ Ֆելիքս Մեխակյանին վերագրվող արարքը կատարվել է Երևանի Առաքելյան փողոցի թիվ 2ա հասցեի տան դիմաց գտնվող կցակառույցի ինքնակամ շինարարական աշխատանքների համար Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասով Երևանի քաղաքապետի 26.06.2013 թվականի թիվ Վ-20/4 որոշմամբ նշանակված վարչական տույժի կատարումից մեկ տարվա ժամկետը լրանալուց հետո, որևէ կերպ չի ազդում սույն գործով վիճարկվող վարչական ակտի իրավաչափության վրա: Այլ կերպ ասած՝ այն հանգամանքը, որ տվյալ դեպքում Ծառայության պետի 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ Վ-15/4 որոշման ընդունման պահին Ֆելիքս Մեխակյանը չի համարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ հոդվածի իմաստով «վարչական տույժի ենթարկված անձ», չէր կարող վճռորոշ նշանակություն ունենալ այդ վարչական ակտի իրավաչափությունը գնահատելու համար, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Փաստորեն, Դատարանը, ոչ իրավաչափորեն է հանգել այն եզրակացության, որ Ծառայության պետի 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ Վ-15/4 որոշումն ընդունվել է Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ հոդվածի խախտմամբ և այդ հիմքով ենթակա է անվավեր ճանաչման, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից:

 

Նշված պատճառաբանություններով հերքվում են վճռաբեկ բողոքի պատասխանում բերված փաստարկները:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող վարչական ակտը՝ Ծառայության պետի 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ Վ-15/4 որոշումը, Դատարանի կողմից անվավեր է ճանաչվել միայն այն հիմքով, որ Ֆելիքս Մեխակյանը չի կարող ենթարկվել վարչական պատասխանատվության Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 154-րդ հոդվածի 2-րդ մասով, քանի որ վերջինս չի համարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 38-րդ հոդվածի իմաստով «վարչական տույժի ենթարկված անձ»: Մինչդեռ սույն գործով Ֆելիքս Մեխակյանը Ծառայության պետի 29.04.2015 թվականի «Վարչական տույժ նշանակելու վերաբերյալ» թիվ Վ-15/4 որոշման վիճարկման հայցի հիմքում դրել է նաև մի շարք այլ փաստարկներ ու հիմնավորումներ (մասնավորապես՝ վիճարկվող ակտն ընդունվել է ոչ իրավասու պաշտոնատար անձի կողմից, վարչական ակտով վերագրվող արարք չի կատարվել…), որոնց վերաբերյալ քննություն չի իրականացվել, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ հայցի մնացած հիմքերն ու հիմնավորումները քննության առարկա դարձնելու, գործի փաստական հանգամանքներն ի պաշտոնե ("ex officio") պարզելու սկզբունքի բովանդակությունը կազմող դատավարական գործողությունները պատշաճ կատարելու և վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունն օրենքով սահմանված կարգով գնահատելու համար սույն գործն անհրաժեշտ է ուղարկել նոր քննության:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 07.10.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Գ. Հակոբյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Մ. Դրմեյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ն. Տավարացյան