Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1414
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (04.05.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.16/40(1398) Հոդ.655
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
04.05.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
04.05.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.05.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

   

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

  

Քաղ. Երևան

4 մայիսի 2018 թ.

       

2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՄԻՋԵՎ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

        

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Հ. Թովմասյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի (զեկուցող), Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 40 և 74-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2018 թվականի հունվարի 16-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2018 թվականի ապրիլի 3-ին Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի հիմքով Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։

Ուսումնասիրելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին համաձայնագիրը (այսուհետ` Համաձայնագիր) ստորագրվել է 2018թ. հունվարի 16-ին Երևանում:

  

2. «Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև Հայաստանի Հանրապետությունում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայկական տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին» նախորդ համաձայնագիրը վավերացվել է ՀՀ Ազգային ժողովի 12.10.1998թ. Ն-296-1 որոշմամբ (ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչվել 06.10.1998թ. ՍԴՈ-127 որոշմամբ): Քննության առարկա Համաձայնագիրը կոչված է փոխարինելու նշված համաձայնագիրը և ներառում է որոշակի լրամշակումներ և փոփոխություններ, որոնք հիմնականում տեխնիկական բնույթի են:

  

3. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, նախ ստանձնում է ֆինանսական պարտավորություններ, որոնք են.

- Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի (այսուհետ՝ ՄԳՏԿ ՀՏԲ) գործունեության համար ծախսերի մի մասը կատարել պետական բյուջեի՝ գիտությանը հատկացվող միջոցներից (հոդված 2, կետ 2.1.),

- ՄԳՏԿ ՀՏԲ-ին հատկացնել գրասենյակային տարածք և տրամադրել համապատասխան նյութատեխնիկական աջակցություն (հոդված 2, կետ 2.2.),

- Կառավարության միջոցներով (Համաձայնագրի 2.1. հոդվածում նշված ֆինանսական հատկացումներից) ապահովել ՄԳՏԿ-ի կողմից գնված փոխադրամիջոցի շահագործումը (հոդված 2, կետ 2.3.):

Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է նաև.

- ապահովել Հայաստանի քաղաքացիների՝ ՄԳՏԿ ՀՏԲ աշխատակազմի անդամների աշխատանքի ժամանակին վարձատրությունը (հոդված 3, կետ 3.1.),

- ՀՀ կրթության և գիտության նախարարության և ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի միջոցով իրականացնել վերահսկողություն Համաձայնագրի կատարման նկատմամբ (հոդված 6):

  

4. Համաձայնագիրն էապես չի շոշափում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքները և դրանով ստանձնած պարտավորությունները չեն հակասում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը: Ավելին, Համաձայնագիրը կոչված է Հայաստանի Հանրապետության գիտնականներին և ինժեներներին լայնորեն ընդգրկելու ՄԳՏԿ գործունեության շրջանակներում իրականացվող նախագծերի կազմման և իրականացման գործում, ինչը կարող է նպաստել Սահմանադրության 86-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետում ամրագրված հիմնարար և կիրառական գիտության զարգացման նպատակի իրագործմանը:

   

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 3-րդ կետով, 170-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 63, 64-րդ հոդվածներով և 74-րդ հոդվածի 6-րդ մասով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

        

1. 2018 թվականի հունվարի 16-ին Երևանում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի միջև՝ Հայաստանի Հանրապետությունում Միջազգային գիտատեխնիկական կենտրոնի հայաստանյան տարածաշրջանային բաժանմունքի տեղակայման պայմանների մասին համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը։

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

    

Նախագահող

Հ. Թովմասյան

  

4 մայիսի 2018 թվականի

ՍԴՈ-1414