ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վերաքննիչ քրեական դատարանի որոշում Գործ թիվ ԵԱՔԴ/0154/01/14 |
ԵԱՔԴ/0154/01/14 |
Նախագահող դատավոր՝ Ս. Համբարձումյան |
Դատավորներ՝ |
Մ. Պետրոսյան |
Կ. Ղազարյան |
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)
նախագահությամբ |
Ս. ԱՎԵՏԻՍյանի | |
մասնակցությամբ դատավորներ |
Հ. Ասատրյանի | |
ե. դԱՆԻԵԼյանի | ||
Լ. Թադևոսյանի | ||
ա. պողոսՅԱՆԻ | ||
Ս. Օհանյանի | ||
քարտուղարությամբ |
Մ. Պետրոսյանի |
2017 թվականի դեկտեմբերի 20-ին |
ք. Երևանում |
դռնբաց դատական նիստում, քննության առնելով Գալուստ Եզնիկի Կուչուրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 5-ի որոշման դեմ քաղաքացիական հայցվորների ներկայացուցիչ Հերմինե Ավետիսյանի վճռաբեկ բողոքը,
Պ Ա Ր Զ Ե Ց
Գործի դատավարական նախապատմությունը.
1. Նախաքննության մարմնի՝ 2014 թվականի ապրիլի 10-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է թիվ 09113514 քրեական գործը՝ Մանվել Սամվելի Քոչինյանին անզգուշությամբ մահ պատճառելու դեպքի առթիվ։
2014 թվականի սեպտեմբերի 25-ին Գալուստ Եզնիկի Կուչուրյանը ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
2014 թվականի հոկտեմբերի 10-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ մուտքագրվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հունվարի 23-ի դատավճռով Գալուստ Եզնիկի Կուչուրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում՝ 6 (վեց) ամիս ժամկետով` զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու իրավունքից՝ 2 (երկու) տարի ժամկետով։ Դատարանը որոշել է Գալուստ Կուչուրյանի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 (երկու) տարի ժամկետով։ Դատարանը որոշել է նաև տուժողի իրավահաջորդ Վարսենիկ Քոչինյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը բավարարել մասնակի և Գալուստ Կուչուրյանից հօգուտ Վարսենիկ Քոչինյանի բռնագանձել 800.000 (ութ հարյուր հազար) ՀՀ դրամ` որպես հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված վնասի հատուցում։
3. Քաղաքացիական հայցվորի ներկայացուցիչ Գ.Գրիգորյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2015 թվականի հունիսի 16-ի որոշմամբ վերաքննիչ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի դատավճիռը` քաղաքացիական հայցի մասով բեկանել և գործն ուղարկել է ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության` սահմանելով նոր քննության ծավալը։
4. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 2-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված հիմքով։
2017 թվականի փետրվարի 3-ին Առաջին ատյանի դատարանը Գ.Կուչուրյանի վերաբերյալ 2015 թվականի հունվարի 23-ի դատավճռի չբեկանված մասն օրինական ուժի մեջ մտնելու և այն ի կատար ածման ենթակա լինելու վերաբերյալ կարգադրություն է ուղարկել ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայություն։
5. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 2-ի որոշման դեմ վերաքննիչ բողոքներ են ներկայացրել ամբաստանյալ Գ.Կուչուրյանի պաշտպան Ա.Հակոբյանը և քաղաքացիական հայցվորների ներկայացուցիչ Հ.Ավետիսյանը։
Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 5-ի որոշմամբ վերաքննիչ բողոքները մերժվել են, իսկ Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 2-ի որոշումը` թողնվել օրինական ուժի մեջ։
6. Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 5-ի որոշման դեմ քաղաքացիական հայցվորների ներկայացուցիչ Հ.Ավետիսյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։
Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.
7. Նախաքննության մարմինը Գ.Կուչուրյանին մեղադրանք է առաջադրել «(...) այն բանի համար, որ նա, (...) [հ]անդիսանալով արհեստանոցի վարիչ և տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ` մետաղական խողովակների վրա պարույրներ հանելու ընթացքում միացրել է հաստոցը, խախտել է անվտանգության կանոնները, որի հետևանքով հաստոցի վրա տեղադրված խողովակը պտտվել և հարվածել է Մանվել Քոչինյանի գլխին, որը ստացած մարմնական վնասվածքներից 07.04.2014թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» Բ/Կ-ում մահացել է» (տե՛ս Քրեական գործ, հատոր 1, թերթ 148)։
8. Տուժողի իրավահաջորդ և քաղաքացիական հայցվոր Վ.Քոչինյանը սույն գործով քաղաքացիական հայց է ներկայացրել Առաջին ատյանի դատարան` ընդդեմ Գալուստ Կուչուրյանի և ՀՀ ԳԱԱ Ա.Բ.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ ՊՈԱԿ-ի` խնդրելով վերջիններիցս համապարտության կարգով բռնագանձել 3.451.000 ՀՀ դրամ, որպես հանցագործությամբ իրենց ընտանիքին պատճառված նյութական վնասի հատուցում, ինչպես նաև 2.000.000 ՀՀ դրամ, որպես հանցագործության հետևանքով իրենց ընտանիքին պատճառված բարոյական (ոչ նյութական) վնասի հատուցում՝ բռնագանձումը տարածելով պատասխանողներին պատկանող գույքի, դրամական միջոցների և այլ եկամուտների վրա (տե՛ս Քրեական գործ, հատոր 2, թերթեր 45-57)։
9. Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հունվարի 23-ի դատավճռի համաձայն. «Դատարանը գտնում է, որ տուժողի իրավահաջորդ Վարսենիկ Քոչինյանի կողմից ներկայացված քաղաքացիական հայցը պետք է բավարարել մասնակի` 800.000 /ութ հարյուր հազար/ ՀՀ դրամի չափով, քանի որ քաղաքացիական հայցում ներկայացվել է ոչ միայն հանցագործության հետևանքով անմիջականորեն պատճառված վնասը, այլև բաց թողնված օգուտը և բարոյական վնասը» (տե՛ս Քրեական գործ, հատոր 2, թերթեր 93-100)։
9.1. Վերոնշյալ դատավճիռը քաղաքացիական հայցի մասով բեկանելու և գործը ստորադաս դատարան` այլ կազմով նոր քննության ուղարկելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2015 թվականի հունիսի 16-ի որոշման համաձայն. «(...) Վերաքննիչ դատարանը հանգում է հետևության, որ Առաջին ատյանի դատարանը, քննության առարկա չդարձնելով ՀՀ ԳԱԱ Ա.Բ.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ ՊՈԱԿ-ի դեմ ներկայացված քաղաքացիական հայցը և կայացրած դատավճռով չլուծելով այն, թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, որը ազդել է (...) գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, (...) [և չի] կարող վերացվել Վերաքննիչ դատարանում` դատական քննությամբ։
(...)
Նոր քննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը պետք է քննության առնի ՀՀ ԳԱԱ Ա.Բ.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ ՊՈԱԿ-ի վերաբերյալ քաղաքացիական հայցը և լուծի այն։
(...)» (տե՛ս Քրեական գործ, հատոր 3, թերթեր 57-65)։
10. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 2-ի որոշման մեջ արձանագրված է հետևյալը. «Փորձաքննության թիվ 147/հձ եզրակացության համաձայն Գ.Կուչուրյանի մոտ ներկայումս ախտորոշված հիվանդությունները հանդիսանում են խոչընդոտ՝ լիարժեք լսելու, ընկալելու, և դատական քննությանը մասնակցության համար, որը հանդիսանում է քրեական գործով վարույթի հետագա ընթացքը կասեցնելու օբյեկտիվ հիմք` նկատի ունենալով, որ առանց ամբաստանյալի մասնակցության նրա վերաբերյալ տարվող քրեական գործով հետագա վարույթն անհնար է։
(...) Հետևաբար, հիմք ընդունելով վերոգրյալը` Դատարանը գտնում է, որ թիվ ԵԱՔԴ/0154/01/14 քրեական գործի հետագա վարույթը պետք է կասեցնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով» (տե՛ս Քրեական գործ, հատոր 5, թերթեր 124-129)։
10.1. Առաջին ատյանի դատարանի կողմից 2017 թվականի փետրվարի 3-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության պետին հասցեագրված կարգադրության մեջ նշված է հետևյալը. «(...) Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2015թ. հունվարի 23-ի դատավճռի չբեկանված մասն օրինական ուժի մեջ է մտել 2015 թվականի հուլիսի 17-ին և ենթակա է ի կատար ածման» (տե՛ս Քրեական գործ, հատոր 5, թերթեր 135-136, 137-138)։
11. Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 2-ի որոշման դեմ բերված վերաքննիչ բողոքների քննության արդյունքում Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 5-ին կայացված որոշման մեջ արձանագրված է հետևյալը. «Վերաքննիչ դատարանը (...) պաշտպան Ա.Հակոբյանի և քաղաքացիական հայցվորների ներկայացուցիչ Հ.Ավետիսյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում հանգում է այն հետևության, որ (...) դատական ակտը բեկանելու հիմքեր չկան, նկատի ունենալով, որ դատարանը որոշում կայացնելիս թույլ չի տվել նյութական և դատավարական իրավունքի այնպիսի խախտումներ, որոնք կարող էին հանգեցնել դատական սխալի» (տե՛ս Քրեական գործ, հատոր 6, թերթեր 51-60)։
12. Վճռաբեկ դատարան ներկայացված մահվան վկայականի պատճենից երևում է, որ Գալուստ Եզնիկի Կուչուրյանը 2017 թվականի նոյեմբերի 29-ին մահացել է (տե՛ս Քրեական գործ, հատոր 6, թերթ 159)։
Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.
13. Բողոքի հեղինակի կարծիքով Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի հունիսի 5-ի որոշումն անօրինական է և անհիմն, այն կայացվել է նյութական և դատավարական իրավունքի խախտումներով, որոնք ազդել են գործի ելքի վրա։ Բողոքաբերը մասնավորապես նշել է, որ սույն գործի վարույթը կասեցնելու որոշմամբ թույլ են տրվել «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` նաև Կոնվենցիա) 6-րդ հոդվածի և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի խախտումներ։
Բողոքաբերն ընդգծել է, որ Առաջին ատյանի դատարանի՝ 2015 թվականի հունվարի 23-ի դատավճիռը բեկանվել է միայն քաղաքացիական հայցի մասով, իսկ մնացած մասով` մտել է օրինական ուժի մեջ։ Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը, անտեսելով այդ հանգամանքը, կայացրել է գործի վարույթը կասեցնելու մասին որոշում՝ պատճառաբանելով, որ առանց ամբաստանյալի մասնակցության նրա վերաբերյալ քննվող քրեական գործով հետագա վարույթն անհնար է։ Իսկ Վերաքննիչ դատարանը համաձայնել է Առաջին ատյանի դատարանի վերոնշյալ դիրքորոշման հետ և անփոփոխ թողել ոչ իրավաչափ դատական ակտը։
Բողոքաբերը նշել է, որ բազմաթիվ անբուժելի հիվանդություններ ունեցող 85-ամյա քաղաքացիական պատասխանող Գալուստ Կուչուրյանի դեմ ներկայացված քաղաքացիական հայցը քննության չառնելով և քրեական գործի վարույթը քաղաքացիական պատասխանողի առողջական խնդիրներով պայմանավորված կասեցնելով, Առաջին ատյանի դատարանն ուղղակի չի կատարել քաղաքացիական հայցը քննության ենթարկելու իր պարտականությունը` թույլ տալով դատական պաշտպանության և ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքերի խախտում։
14. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 2-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 5-ի որոշումները և կայացնել նոր դատական ակտ։
Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.
15. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ են արդյոք միայն քաղաքացիական հայցի մասով քրեական գործի քննության շրջանակներում ամբաստանյալի ծանր հիվանդության հիմքով գործի վարույթը կասեցնելու մասին ստորադաս դատարանների հետևությունները։
16. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`«Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»։
ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`
«Յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետում քննության իրավունք»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Տուժող է ճանաչվում այն անձը, ում քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով անմիջականորեն պատճառվել է բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս։ Տուժող է ճանաչվում նաև այն անձը, ում կարող էր անմիջականորեն պատճառվել բարոյական, ֆիզիկական կամ գույքային վնաս, եթե ավարտվեր քրեական օրենսգրքով չթույլատրված արարք կատարելը»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Քաղաքացիական հայցվոր է ճանաչվում քրեական գործով վարույթի ընթացքում հայց ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը, որի նկատմամբ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ նրան քրեական օրենսգրքով չթույլատրված արարքով պատճառվել է քրեական դատավարության կարգով հատուցման ենթակա գույքային վնաս»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն`«Տուժողի իրավահաջորդ է ճանաչվում նրա մերձավոր ազգականներից մեկը, որը ցանկություն է հայտնել քրեական գործով վարույթում իրականացնել մահացած կամ իր կամքն արտահայտելու ունակությունը կորցրած տուժողի իրավունքները և պարտականությունները»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 80-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Տուժողի իրավահաջորդը քրեական գործով վարույթին մասնակցում է տուժողի փոխարեն և ունի վերջինիս իրավունքները և պարտականությունները, բացի ցուցմունքներ տալու և տուժողի անձից անբաժանելի այլ իրավունքներից և պարտականություններից։ (...)»։
17. Վճռաբեկ դատարանը Ս.Անտոնյանի վերաբերյալ որոշմամբ իրավական դիրքորոշում է հայտնել այն մասին, որ «(...) քրեական դատավարությունն իրականացվում է ոչ միայն հանցագործությունը բացահայտելու և մեղավորներին քրեական պատասխանատվության ենթարկելու, այլև հանցագործության արդյունքում տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով։ Այլ խոսքով՝ տուժողի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը հանդիսանում է քրեական դատավարության կարևորագույն խնդիրներից մեկը։
(...)
(...) տուժողի իրավաչափ շահերի շրջանակում է նրան հասցված վնասի վերականգնումը, (...)» (տե՛ս Սուսաննա Անտոնյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2013 թվականի փետրվարի 15-ի թիվ ԵԿԴ/0077/11/12 որոշման 25-26-րդ կետերը)։
Վճռաբեկ դատարանը հարկ է համարում ընդգծել, որ հանցագործության արդյունքում տուժած անձն արդար դատաքննության հիմնարար իրավունքը կրող սուբյեկտ է։ Ընդ որում, միջազգային-իրավական մի շարք փաստաթղթերով որպես պետության պարտավորություն է սահմանվում հենց տուժողի (հանցագործության արդյունքում տուժած անձի) իրավունքների արդյունավետ պաշտպանության ապահովումը։
18. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 1-ին հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված վարույթի կարգը պարտադիր է դատարանների, հետաքննության, նախաքննության և դատախազության մարմինների, ինչպես նաև դատավարության մասնակիցների համար»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի համաձայն`«Քրեական գործով վարույթը դատախազի, քննիչի կամ դատարանի որոշմամբ ամբողջությամբ կամ համապատասխան մասով կարող է կասեցվել, եթե` (...) մեղադրյալը ծանր հիվանդ է (...), որ[ի] պատճառով չի կարող մասնակցել քրեական գործով վարույթին, եթե առանց նրա մասնակցության քրեական գործով հետագա վարույթն անհնար է»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 302-րդ հոդվածի համաձայն. «Դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է (...)»։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված է, որ. «Քաղաքացիական պատասխանողի կամ նրա ներկայացուցչի չներկայանալը չի խոչընդոտում դատական քննությունը շարունակելուն և քաղաքացիական հայցը քննելուն»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քրեական գործով վարույթի կասեցումը, օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված, գործի վարույթի ժամանակավոր ընդմիջումն է։ Գործով վարույթը կասեցվում է, եթե գործի քննության ընթացքում առաջ են գալիս դրա քննությունը շարունակելուն խոչընդոտող այնպիսի հանգամանքներ, որոնք սպառիչ թվարկված են օրենքով։
Հաշվի առնելով, որ դատական քննությանը ամբաստանյալի մասնակցությունը պարտադիր է, հետևաբար նրա` ծանր հիվանդության հետևանքով գործով վարույթին մասնակցելու անկարողությունը հիմք է գործի վարույթը կասեցնելու համար։ Մինչդեռ օրենսդիրը հնարավոր է համարում դատական քննությունը շարունակելը և քաղաքացիական հայցը քննելը քաղաքացիական պատասխանողի բացակայությամբ։ Հետևաբար այն դեպքում, երբ քրեական գործը քննվում է միայն քաղաքացիական հայցի մասով (օրինակ` վերադաս ատյանի կողմից միայն քաղաքացիական հայցի մասով գործը նոր քննության ուղարկելու արդյունքում) և անձը, կորցնելով ամբաստանյալի կարգավիճակը, հանդես է գալիս միայն որպես քաղաքացիական պատասխանող, ապա քրեական գործի վարույթը կասեցնելու քննարկվող հիմքը կիրառելի չէ։
19. Սույն գործի փաստերի համաձայն՝ Առաջին ատյանի դատարանի կողմից 2015 թվականի հունվարի 23-ին կայացված դատավճռի չբեկանված մասն օրինական ուժի մեջ է մտել 2015 թվականի հուլիսի 17-ին, և այդ պահից Գ.Կուչուրյանը դադարել է տվյալ գործով լինել ամբաստանյալ։ Իսկ Գ.Կուչուրյանի և ՀՀ ԳԱԱ Ա.Բ.Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտի դեմ հարուցված հայցի դատական քննության շրջանակներում Գ.Կուչուրյանը հանդես է եկել միայն որպես քաղաքացիական պատասխանող, ում չներկայանալը չի խոչընդոտել գործի քննությանը։
Մինչդեռ Առաջին ատյանի դատարանը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 305-րդ հոդվածի 2-րդ մասով ղեկավարվելու և քաղաքացիական հայցը քննելու փոխարեն անհիմն որոշում է կայացրել քրեական գործի վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա կասեցնելու մասին։
20. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 18-րդ կետում շարադրված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ միայն քաղաքացիական հայցի մասով քրեական գործի քննության շրջանակներում ամբաստանյալի ծանր հիվանդության հիմքով գործի վարույթը կասեցնելու մասին ստորադաս դատարանների հետևությունները իրավաչափ չեն։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ քաղաքացիական հայցը քննելու փոխարեն քրեական գործի վարույթը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիմքով կասեցնելու մասին որոշում կայացնելով՝ Առաջին ատյանի դատարանն անհամաչափորեն սահմանափակել է տուժողի իրավահաջորդ և քաղաքացիական հայցվոր Վ.Քոչինյանի իրավունքներն ու օրինական շահերը։
Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով ստորադաս դատարանները թույլ են տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի և 305-րդ հոդվածի 2-րդ մասի խախտումներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ և 406-րդ հոդվածների համաձայն, հիմք է Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 2-ի և Վերաքննիչ դատարանի՝ 2017 թվականի հունիսի 5-ի որոշումները բեկանելու համար։
21. Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Գալուստ Կուչուրյանը 2017 թվականի նոյեմբերի 29-ին մահացել է, որպիսի պայմաններում քաղաքացիական հայցը պետք է թողնել առանց քննության։
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 155-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` «Քրեական դատավարությունում հարուցված քաղաքացիական հայցը, որը դատարանի կողմից թողնվել է առանց քննության, կարող է հետագայում հարուցվել քաղաքացիական դատավարության կարգով»։
Վճռաբեկ դատարանն արձանագրում է նաև, որ դատապարտյալ Գ.Կուչուրյանի մահվան կապակցությամբ քաղաքացիական հայցն առանց քննության թողնելու հանգամանքը տուժողի իրավահաջորդին չի զրկում քաղաքացիական դատավարության կարգով համապատասխան հայց հարուցելու հնարավորությունից։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց
1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն։ Գալուստ Եզնիկի Կուչուրյանի վերաբերյալ «Քրեական գործի վարույթը կասեցնելու մասին» Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի փետրվարի 2-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2017 թվականի հունիսի 5-ի որոշումը բեկանել։
2. Տուժողի իրավահաջորդ Վարսենիկ Քոչինյանի քաղաքացիական հայցը թողնել առանց քննության՝ քաղաքացիական պատասխանող Գալուստ Կուչուրյանի մահվան կապակցությամբ։
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
Նախագահող` |
Ս. Ավետիսյան | |
Դատավորներ` |
Հ. Ասատրյան | |
Ե. Դանիելյան | ||
Լ. Թադևոսյան | ||
Ա. Պողոսյան | ||
Ս. Օհանյան |