Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (20.12.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.05.10/37(1395).1 Հոդ.620.12
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
20.12.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
20.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԵԿԴ/0097/06/17

ԵԿԴ/0097/06/17

Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ`

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

Լ. Թադևոսյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

 
մասնակցությամբ պաշտպան՝

 Վ. ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ

 

2017 թվականի դեկտեմբերի 20-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով մեղադրյալ Շահեն Սեդրակի Կեշիշյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 16-ի որոշման դեմ պաշտպան Վ.Կարապետյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2016 թվականի հուլիսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է թիվ 15127616 քրեական գործը։

Նախաքննության մարմնի` 2017 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ Շահեն Սեդրակի Կեշիշյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով։ Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Շ.Կեշիշյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)` 2017 թվականի ապրիլի 18-ի որոշմամբ մեղադրյալ Շ.Կեշիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը` 2 (երկու) ամիս ժամկետով։

Նախաքննության մարմնի` 2017 թվականի մայիսի 5-ի որոշմամբ քրեական գործով վարույթը կասեցվել է, իսկ նույն թվականի մայիսի 18-ի որոշմամբ՝ վերսկսվել։

Առաջին ատյանի դատարանի՝ 2017 թվականի մայիսի 18-ի որոշմամբ մեղադրյալ Շ.Կեշիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումն անփոփոխ թողնելու մասին նախաքննության մարմնի միջնորդությունը բավարարվել է։

2. Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 14-ի որոշմամբ նախաքննության մարմնի միջնորդությունը` մեղադրյալ Շ.Կեշիշյանին կալանքի տակ պահելու ժամկետը` 2 (երկու) ամսով երկարացնելու մասին, մերժվել է։ Նույն որոշմամբ մերժվել է նաև պաշտպանի միջնորդությունը` մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացնելու դեպքում այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ։

3. Դատախազի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2017 թվականի օգոստոսի 16-ի որոշմամբ բողոքը բավարարել է, Առաջին ատյանի դատարանի` 2017 թվականի հուլիսի 14-ի որոշումը բեկանել է և մեղադրյալ Շ.Կեշիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը երկարացրել 2 (երկու) ամսով` կալանավորման սկիզբը հաշվելով նրան արգելանքի վերցնելու պահից։

4. Վերաքննիչ դատարանի` 2017 թվականի օգոստոսի 16-ի որոշման դեմ մեղադրյալ Շ.Կեշիշյանի պաշտպան Վ.Կարապետյանը վճռաբեկ բողոք է ներկայացրել, որը Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի նոյեմբերի 20-ի որոշմամբ ընդունվել է վարույթ։

Դատավարության մասնակիցները Վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

5. Մեղադրյալ Շ.Կեշիշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա. «[բ]նակվելով ԱՄՆ-ում, 2016 թվականի հունիս ամսվա ընթացքում, իր ծանոթ, ԱՄՆ-ում բնակվող ոմն Հարությունի օգնությամբ «Զվարթնոց» օդանավակայանով, մաքսանենգությամբ` մաքսային հսկողությունից թաքցնելու եղանակով, խախտելով թմրամիջոցների տեղափոխման համար սահմանված կանոնները, ՀՀ է ուղարկել թվով 3 ձեռքի ծանրոցներ, որոնց մեջ գտնվող «Նիվեա մեն» գրառմամբ թվով 4 շամպունի տարաների մեջ առկա է եղել խոշոր չափերի` ընդհանուր 11,54 գրամ մարիխուանա տեսակի թմրամիջոց» (տե՛ս նյութեր, հատոր 1, թերթ 29)։

6. Առաջին ատյանի դատարանի կողմից կալանքի տակ պահելու ժամկետի երկարացման միջնորդության քննարկման ընթացքում` 2017 թվականի հուլիսի 14-ի դատական նիստի ժամանակ, պաշտպան Վ.Կարապետյանը գրավոր առարկություն է ներկայացրել` խնդրելով մերժել վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը, իսկ այն բավարարելու դեպքում` թույլատրելի ճանաչել գրավի կիրառումը և Շ.Կեշիշյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը փոխարինել այլընտրանքային խափանման միջոց գրավով (տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 60-72)։

7. Առաջին ատյանի դատարանի որոշման համաձայն` «(…) Քննության առնելով քննիչի միջնորդությունը բավարարելու դեպքում գրավը որպես կալանքի այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորության մասին պաշտպանի միջնորդությունը, դատարանը գտնում է, որ այն ենթակա է մերժման, քանի որ քննիչի միջնորդությունը մերժելու դեպքում, պաշտպանի միջնորդությունը դառնում է առարկայազուրկ (…)» (տե'ս նյութեր, հատոր 1, թերթեր 78-82)։

8. Վերաքննիչ դատարանի որոշման համաձայն` բավարարելով դատախազի վերաքննիչ բողոքը և բեկանելով Առաջին ատյանի դատարանի որոշումը, բավարարվել է վարույթն իրականացնող մարմնի միջնորդությունը` մեղադրյալ Շ.Կեշիշյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորման ժամկետը 2 (երկու) ամսով երկարացնելու մասին` հաշվի առնելով այն, որ «(…) առկա է մեղադրյալ Շահեն Կեշիշյանի կողմից նրան վերագրվող արարքը կատարելու հիմնավոր կասկած, ինչպես նաև նրան վերագրվող արարքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, գտնում է, որ բավարար հիմքեր կան ենթադրելու, որ ազատության մեջ մնալու դեպքում մեղադրյալ Շահեն Կեշիշյանի կողմից վարույթն իրականացնող մարմնից թաքնվելու և վարույթն իրականացնող մարմնի կանչով առանց հարգելի պատճառների չներկայանալու միջոցով վարույթն իրականացնող մարմնի աշխատանքները խոչընդոտելու հավանականությունը բարձր է, որպիսի պայմաններում թիվ 15127616 քրեական գործով մեղադրյալ Շահեն Կեշիշյանի կալանավորման ժամկետը պետք է երկարացնել 2 (երկու) ամիս ժամկետով (…)» (տե'ս նյութեր, հատոր 2, թերթեր 59-63)։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոքի հեղինակը գտել է, որ Վերաքննիչ դատարանը խախտել է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ՝ նաև Կոնվենցիա) 5-րդ հոդվածը, ինչպես նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված մի շարք նորմեր և սկզբունքներ, որոնք ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ Արդյունքում Վերաքննիչ դատարանը կայացրել է չպատճառաբանված ու չհիմնավորված որոշում, որը կարող է առաջացնել ծանր հետևանքներ։

9.1. Մասնավորապես, ըստ բողոքաբերի` Վերաքննիչ դատարանը, կալանավորման ժամկետը երկարացնելով, պատշաճ չի պատճառաբանել դրա հիմքերի առկայությունը, ինչպես նաև գնահատման չի արժանացրել Շ.Կեշիշյանի կողմից իրեն մեղսագրվող արարքը կատարելու հիմնավոր կասկածի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի հիմնավորումները։

9.2. Բացի այդ, բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել Շ.Կեշիշյանի նկատմամբ կալանավորման ժամկետը երկարացնելու դեպքում գրավ կիրառելու վերաբերյալ պաշտպանական կողմի միջնորդությանն այն պայմաններում, երբ Առաջին ատյանի դատարանն այն մերժել էր կալանավորման ժամկետը երկարացնելու միջնորդությունը մերժելու պատճառաբանությամբ։ Ըստ բողոքաբերի՝ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու դեպքում, անձի արդար դատաքննության իրավունքից ելնելով, Վերաքննիչ դատարանը պարտավոր էր անդրադառնալ նաև գրավի թույլատրելիության հարցին։

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է.

«Բեկանել ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 16.08.2017 թվականի (…) որոշումը՝ փոփոխել այն մերժել (…) Շահեն Կեշիշյանի նկատմամբ կալանավորման ժամկետը երկու ամսով երկարացնելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը և ուժի մեջ թողնել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 14.07.2017թ. կայացրած որոշումը և (…) Շահեն Կեշիշյանին անհապաղ ազատել կալանքից.

(…) սույն խնդրանքը չբավարարելու դեպքում` կայացնել նոր դատական ակտ և (…) Շահեն Կեշիշյանին կալանքից գրավով ազատելը ճանաչելով թույլատրելի` գրավի կիրառմամբ նրան ազատել կալանավորումից»։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. Շ.Կեշիշյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու պայմաններում իրավաչա՞փ է արդյոք Վերաքննիչ դատարանի կողմից կալանավորումը գրավով փոխարինելու հարցը չքննարկելը, երբ պաշտպանական կողմը նման միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարանում։

12. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «(…) Գրավը համարվում է կալանավորման այլընտրանքային խափանման միջոց և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` «Կալանավորումը, գրավը կիրառվում են միայն դատարանի որոշմամբ` քննիչի կամ դատախազի միջնորդությամբ կամ սեփական նախաձեռնությամբ` դատարանում քրեական գործը քննելիս։ Գրավը կալանավորման փոխարեն դատարանը կարող է կիրառել նաև պաշտպանության կողմի միջնորդությամբ»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն`

«Կալանավորման մասին որոշում կայացնելու հետ միաժամանակ դատարանը լուծում է մեղադրյալին գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը և, ճանաչելով նման ազատման հնարավորությունը, նշանակում է գրավի գումարը։ Հետագայում դատարանը կարող է պաշտպանության կողմի միջնորդությամբ վերանայել գրավի անթույլատրելիության կամ գրավի գումարի մասին որոշումը»։

Ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «Կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցը որոշելիս դատարանն իրավունք ունի ճանաչել մեղադրյալին գրավով ազատելու հնարավորությունը և նշանակել գրավի գումարը»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 285-րդ հոդվածի համաձայն`

«1. Կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու անհրաժեշտության դեպքում դատախազը կամ քննիչը միջնորդություն է հարուցում դատարան` խափանման միջոցի այդ տեսակը ընտրելու կամ կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին։ (…)

(…)

5. Քննելով միջնորդությունը` դատավորը որոշում է կայացնում մեղադրյալի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ միջնորդությունը մերժելու մասին (…)»։

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածը սահմանում է, որ.

«1. Որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգումը կատարվում է վերաքննիչ դատարանի կողմից։

(…)

5. Դատական ստուգման արդյունքում դատարանը կայացնում է հետևյալ որոշումներից որևէ մեկը`

1) կալանքը որպես խափանման միջոց վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին.

2) որպես խափանման միջոց կալանք ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու մասին.

3) բողոքն առանց բավարարման թողնելու մասին։

6. Այն դեպքում, երբ նիստին ներկայացված չեն կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, ինչպես նաև կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու օրինականությունը և հիմնավորվածությունը հաստատող նյութեր, դատարանը որոշում է կայացնում տվյալ խափանման միջոցը վերացնելու և անձին կալանքից ազատելու մասին»։

Վերաքննիչ դատարանի կողմից կալանքը գրավով փոխարինելու իրավասության վերաբերյալ Վճռաբեկ դատարանը դիրքորոշումներ է արտահայտել Տ.Հակոբյանի գործով որոշմամբ։ Մասնավորապես, Վճռաբեկ դատարանը նշել է, որ. «(…) կալանքը որպես խափանման միջոց ընտրելու և կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու հարցերում առաջին ատյանի դատարանի և վերաքննիչ դատարանի իրավասությունն էականորեն տարբերվում է։ Առաջին ատյանի դատարանը լիազորված է քննիչի կամ դատախազի միջնորդության հիման վրա ըստ էության լուծում տալ մեղադրյալին կալանավորելու (կալանքի ժամկետը երկարացնելու) կամ կալանքից ազատ արձակելու հարցին։ Մասնավորապես՝ առաջին ատյանի դատարանը, ինչպես տվյալ միջնորդությունը քննարկելիս, այնպես էլ հետագայում, լիազորված է կալանքը փոխարինելու դրա այլընտրանքային խափանման միջոց գրավով։

Մինչդեռ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածին համապատասխան` վերաքննիչ դատարանն իրավասու է միայն իրականացնելու որպես խափանման միջոց կալանքն ընտրելու կամ չընտրելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում։

Ընդ որում, այս գործունեությունն իրականացնելիս ՀՀ քրեական վերաքննիչ դատարանն իրավասու չէ ղեկավարվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 10-րդ բաժնի դրույթներով, քանի որ (…) մեղադրյալին կալանավորելու կամ չկալանավորելու, կալանքի ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների բողոքարկման և բողոքի քննության կարգը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 287-րդ և 288-րդ հոդվածներով ստացել է առանձին օրենսդրական կանոնակարգում։

Հետևաբար` մեղադրյալին կալանավորելու կամ չկալանավորելու, կալանքի ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումների բողոքարկման և բողոքի քննության ընթացքում վերաքննիչ դատարանն իրականացնում է ոչ թե գործի ամբողջ ծավալով ըստ էության քննություն (վերաքննություն), այլ ավելի սահմանափակ գործունեություն` համապատասխան որոշման օրինականության և հիմնավորվածության դատական ստուգում։

Մասնավորապես` եթե բողոքարկվել է մեղադրյալին կալանավորելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշումը, վերաքննիչ դատարանն իրավասու չէ անդրադառնալ կալանքը գրավով փոխարինելու հարցին։ Մինչդատական վարույթի ընթացքում առաջին ատյանի դատարանի կայացրած՝ անձի կալանավորման կամ կալանքի ժամկետը երկարացնելու մասին որոշման բողոքարկման դեպքում կալանքը գրավով փոխարինելու հարցի լուծման լիազորությամբ օրենսդիրը վերաքննիչ դատարանին չի օժտել։ Օրենքի այս մեկնաբանությունը հիմնված է նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 288-րդ հոդվածի 5-րդ մասի վրա, որը սահմանում է քննարկվող գործերով դատական ստուգման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կայացվող որոշումների սպառիչ ցանկը, և այն չի ներառում ստորադաս դատարանի որոշման փոփոխումը և ստորադաս դատարանի ընտրած խափանման միջոց կալանքի փոխարեն գրավի կիրառումը։

Այսինքն` օրենսդիրն անձին կալանավորելու կամ կալանքի ժամկետը երկարացնելու մասին առաջին ատյանի դատարանի որոշման՝ վերադասության կարգով դատական ստուգման առարկայի մեջ գրավի հարցի լուծումը չի ներառել։ Փոխարենը, այդ դեպքերում պաշտպանության կողմն ազատ է ցանկացած պահի կալանավորված անձին գրավով ազատելու (կալանքը գրավով փոխարինելու) միջնորդություն հարուցել առաջին ատյանի դատարան (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մաս), քանի որ գրավը կիրառվում է միայն այն դեպքում, երբ առկա է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մաս(տե՛ս Տարոն Հակոբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2007 թվականի հուլիսի 13-ի թիվ ՎԲ-115/07 որոշումը)։

Մեջբերված իրավական դիրքորոշումները Վճռաբեկ դատարանը վերահաստատել է Ա.Ճուղուրյանի վերաբերյալ որոշմամբ, որով արձանագրելով նաև, որ Առաջին ատյանի դատարանում գործի քննության ընթացքում կալանավորման փոխարեն գրավ կիրառելու մասին դատախազի կամ պաշտպանության կողմի միջնորդություն չի հարուցվել և քննարկման առարկա չի դարձել, եզրահանգել է, որ առաջին ատյանի դատարանի կողմից ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու որոշումը վերաքննիչ դատարանը կայացրել է այն պայմաններում, երբ օրենքով լիազորված չէր նման որոշում կայացնելու (տե՛ս Արամ Ճուղուրյանի գործով Վճռաբեկ դատարանի 2007 թվականի օգոստոսի 30-ի թիվ ՎԲ-132/07 որոշումը)։

13. Վերահաստատելով վերը մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ առաջին ատյանի դատարանի կողմից կայացվում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու վերաբերյալ որոշում, վերաքննիչ դատարանն իրավասու չէ այն փոփոխել և ստորադաս դատարանի ընտրած խափանման միջոց կալանքի փոխարեն գրավ կիրառել, երբ վերջինիս հարցը չի ներկայացվել և չի քննարկվել առաջին ատյանի դատարանում։

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ վերաքննիչ դատարանը հանդես է գալիս որպես առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականությունը և հիմնավորվածությունը վերանայելու իրավասությամբ օժտված դատական ատյան։ Մասնավորապես, վերաքննիչ դատարանը դատական վերանայման գործառույթի շրջանակներում բացահայտում է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ ընտրելը մերժելու, կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու կամ երկարացնելուց հրաժարվելու մասին որոշում կայացնելիս առաջին ատյանի դատարանի կողմից օրենքի բոլոր պահանջների պահպանման, ինչպես նաև կալանավորման հիմքերի առկայության կամ բացակայության վերաբերյալ հետևությունների իրավաչափության հարցերը։ Վերաքննիչ դատարանում դատական վերանայման առարկան սահմանափակվում է առաջին ատյանի դատարանի դատական ակտի օրինականության և հիմնավորվածության ստուգմամբ, որն էլ պետք է իրականացվի միայն առաջին ատյանի դատարանում քննության ենթարկված կալանավորման հիմքերի, հետազոտված փաստերի կամ ապացույցների շրջանակներում (տե'ս Գոռ Դուրյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2015 թվականի հունիսի 5-ի թիվ ՏԴ/0052/06/14 որոշման 17-19-րդ կետերը)։

Հետևաբար, առաջին ատյանի դատարանում ներկայացված կամ քննարկված լինելու դեպքում ստորադաս դատարանի որոշման ստուգման և վերանայման գործառույթից ելնելով, վերաքննիչ դատարանն իրավասու է քննարկման առարկա դարձնել և որոշում կայացնել գրավի՝ որպես այլընտրանքային խափանման միջոցի կիրառելիության հարցի կապակցությամբ։ Ընդ որում, առաջին ատյանի դատարանի կողմից կալանքի կամ դրա ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշման վերաքննիչ վերանայման արդյունքում վերաքննիչ դատարանի կողմից կալանքը որպես խափանման միջոց ընտրելու կամ դրա ժամկետը երկարացնելու դեպքում վերջինս պարտավոր է քննարկման առարկա դարձնել և համապատասխան լուծում տալ առաջին ատյանի դատարանում ներկայացված՝ գրավ կիրառելու վերաբերյալ միջնորդությանը։ Հակառակ դեպքում անձի դատական պաշտպանության և դատաքննությանը ներկայանալու երաշխիքներով ազատ արձակվելու իրավունքները կկրեն վերացական և պատրանքային բնույթ, ինչն անթույլատրելի է։

14. Անդրադառնալով սույն գործի փաստերին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը, բավարարելով նախաքննական մարմնի միջնորդությունը` մեղադրյալ Շ.Կեշիշյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին (տե'ս սույն որոշման 8-րդ կետը), քննարկման առարկա չի դարձրել Առաջին ատյանի դատարանում պաշտպանության կողմի ներկայացրած միջնորդությունը` կալանքի ժամկետը երկարացնելու դեպքում այն այլընտրանքային խափանման միջոց գրավով փոխարինելու վերաբերյալ։

Վերաքննիչ դատարանի որոշման բովանդակությունից հետևում է, որ դատական ստուգման արդյունքում, բավարարելով մեղադրյալ Շ.Կեշիշյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու մասին միջնորդությունը, Վերաքննիչ դատարանն անտեսել է ինչպես այն հանգամանքը, որ գրավը կալանավորման այլընտրանքային խափանման միջոց է և կիրառվում է միայն այն դեպքում, երբ ստացվել է դատարանի որոշումը մեղադրյալին կալանավորելու մասին (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 134-րդ հոդվածի 4-րդ մաս), այնպես էլ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 137-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը, համաձայն որի` դատարանը գրավով կալանքից ազատելու հնարավորության հարցը լուծում է կալանավորման մասին որոշումը կայացնելու հետ միաժամանակ։

15. Նախորդ կետում շարադրված փաստական վերլուծությունը գնահատելով 12-13-րդ կետերում առկա իրավական դիրքորոշումների համատեքստում՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Շ.Կեշիշյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացնելու պայմաններում իրավաչափ չէ Վերաքննիչ դատարանի կողմից կալանավորումը գրավով փոխարինելու հարցը չքննարկելը, երբ պաշտպանական կողմը նման միջնորդություն է ներկայացրել Առաջին ատյանի դատարանում։

16. Անդրադառնալով բողոքաբերի` սույն որոշման 9.1-րդ կետում բարձրացրած փաստարկներին` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դրանց կապակցությամբ ստորադաս դատարանը թույլ չի տվել գործի ելքի վրա ազդեցություն ունեցող այնպիսի դատական սխալ, որը կարող էր բավարար հիմք համարվել հիշյալ դատարանի դատական ակտն այդ մասով բեկանելու համար։

17. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են, քանի որ ազդել են գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ինչը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն, այն բեկանելու հիմք է։ Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ բողոքարկված դատական ակտը եղել է ժամանակավոր, այն կորցրել է իր իրավական նշանակությունը և սույն որոշումը կայացնելու պահին դադարել է իրավաբանորեն գոյություն ունենալուց, հետևաբար այն չի կարող բեկանվել։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 403-406-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը մերժել։ Մեղադրյալ Շահեն Սեդրակի Կեշիշյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2017 թվականի օգոստոսի 16-ի որոշումը թողնել օրինական ուժի մեջ` հիմք ընդունելով Վճռաբեկ դատարանի որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումները։

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Հ. Ասատրյան

Ե. Դանիելյան

Լ. Թադևոսյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան