Գլխավոր տեղեկություն
Համար
N 448-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (17.04.2018-13.06.2018)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
17.04.2018
Ուժը կորցնելու ամսաթիվ
13.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 448-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ «ՎԱՂԱՐՇԱՊԱՏԻ ՀԻՎԱՆԴԱՆՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՐՅՈՒՐ ՏՈԿՈՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐՈՎ ՀԱՎԱՍՏՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՎԱՏԱՐՄԱԳՐԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 52-րդ գլխի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշմամբ և ելնելով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությունից՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության (գտնվելու վայրը՝ Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզ, քաղ. Էջմիածին, Սպանդարյան 1) հարյուր տոկոս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 41498 հատ հասարակ անվանական բաժնետոմսերով հավաստված իրավունքները (մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 5000 դրամ) հանձնել հավատարմագրային կառավարման՝ 15 տարի ժամկետով:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքը 2018 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում է 259159,6 հազ. դրամ, իսկ կրեդիտորական պարտավորությունները՝ 121982,1 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝

1) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները հավատարմագրային կառավարման հանձնելու նպատակով սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում կազմակերպել մրցույթ.

2) մրցույթն անցկացնելու նպատակով ստեղծել մրցութային հանձնաժողով՝ դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի 2-ական ներկայացուցչի.

3) մրցույթում հաղթող ճանաչված անձի հետ 10-օրյա ժամկետում կնքել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության հարյուր տոկոս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքների հավատարմագրային կառավարման մասին պայմանագիր՝ սահմանելով, որ՝

ա. պայմանագրի գործողության ժամկետը լրանալուց հետո՝ հավատարմագրային կառավարչի կողմից ստանձնած պարտավորությունները պայմանագրով նախատեսված չափով և ժամկետում լիովին ու պատշաճ մակարդակով կատարելու պարագայում և պայմանագիրը դադարեցնելու մասին հավատարմագրային կառավարչի կամ կառավարման հիմնադրի դիմումի բացակայության դեպքում պայմանագրի գործողությունը համարվում է երկարաձգված՝ նույն ժամկետով և պայմաններով,

բ. հավատարմագրային կառավարչին են փոխանցվում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 84-րդ հոդվածով սահմանված բաժնետիրական ընկերության խորհրդի իրավասությունները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 7-ի N 515-Ն որոշման հավելվածի 36-րդ կետով նախատեսված սահմանափակումների, ինչպես նաև հավատարմագրային կառավարիչն իրավունք չունի առանց Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության համաձայնության օտարելու կամ գրավ դնելու Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող անշարժ և (կամ) շարժական գույքը,

գ. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա շահութաբաժինը հաշվարկվելու և վճարումը կանոնակարգվելու է Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մարտի 3-ի N 202-Ն որոշմամբ սահմանված դրույթներին համապատասխան:

4. Սահմանել՝

1) մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

ա. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունում իրականացվող ներդրումների չափը՝ տարիների կտրվածքով,

բ. աշխատավարձի լրավճարային չափաքանակը՝ տարիների կտրվածքով,

գ. հավատարմագրային կառավարչի վարձատրության չափը, որը չի կարող գերազանցել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության զուտ շահույթի 50 տոկոսը.

2) մրցույթի հաղթողին ներկայացվող հետևյալ պահանջները՝

ա. հինգ տարվա ընթացքում չնվազեցնել աշխատողների նվազագույն թիվը՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից այլ չափորոշիչների սահմանման դեպքերի,

բ. առնվազն ապահովել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի հունվարի 22-ի N 74-Ա հրամանով հաստատված՝ «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում ըստ առանձին կատեգորիաների աշխատողների աշխատանքի վարձատրության միջոցների ձևավորման ընդհանուր սկզբունքների և կողմնորոշիչ չափաքանակների մասին» չափորոշիչին համապատասխան աշխատողների վարձատրության չափը,

գ. պահպանել հավատարմագրային կառավարման պայմանագրի կնքման պահին Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերությունում գործող բժշկական օգնության և սպասարկման բոլոր ուղղությունները:

5. Հավատարմագրային կառավարման մասին պայմանագրով ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովվում է հավատարմագրային կառավարչի կողմից օրենքով սահմանված կարգով տրամադրված գրավով և (կամ) բանկի կողմից տրամադրված երաշխիքով, որոնք չեն կարող Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» պետական փակ բաժնետիրական ընկերության ակտիվների 5 տոկոսից պակաս լինել՝ բացառությամբ՝ եթե մրցույթի հաղթող է ճանաչվում հարյուր տոկոս պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպություն:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 16

Երևան