Գլխավոր տեղեկություն
Համար
N 439-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (03.05.2018-16.05.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.23/34(1392) Հոդ.604
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
12.04.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
16.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.05.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

12 ապրիլի 2018 թվականի N 439-Ն

 

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐԸ ԵՎ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 7-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել՝

1) ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 16

Երևան

 

 

     

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 439-Ն որոշման

 

Տ Ե Խ Ն Ի Կ Ա Կ Ա Ն  Ն Կ Ա Ր Ա Գ Ի Ր

 

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ

 

1. Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակը (այսուհետ՝ նաև միասնական էլեկտրոնային հարթակ) ունի «Գլխավոր էջ», որտեղ մուտք գործելուց հետո էկրանին հայտնվում է հաղորդագրություն. «Հարգելի՛ այցելու, Դուք մուտք եք գործել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ: Հարթակի միջոցով Դուք կարող եք անանուն կամ տվյալներ ներկայացնելու եղանակով ներկայացնել հանցագործության վերաբերյալ հաղորդում: Անանուն եղանակով հաղորդում ներկայացնելու դեպքում Ձեր անանունությունը երաշխավորվում է Ձեր համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու միջոցով: Համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրելու նպատակով անհրաժեշտ է միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործել «ՏՈՌ» (TOR), «Օպերա» (Օpera) կամ «Օպերա Մինի» (Opera Mini) ցանցային դիտարկիչների (browser) միջոցով: «ՏՈՌ» (TOR) ցանցային դիտարկիչի (browser) միջոցով մուտք գործելու դեպքում համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրվում է ինքնաշխատ կերպով՝ ապահովելով Ձեր անանունությունը: «Օպերա» (Օpera) կամ «Օպերա Մինի» (Օpera Mini) ցանցային դիտարկիչով (brօwser) մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝

1) մուտք գործել «Ցանկ» (Menu) պատուհան.

2) սեղմել «Կարգավորումներ» (Settings) կոճակը.

3) բացված պատուհանում սեղմել «Գաղտնիություն և անվտանգություն» (Privacy & security) կոճակը.

4) բացված պատուհանում նշել «Միացնել վիրտուալ մասնավոր ցանցը» (Enable VPN) կոճակը:

Նշված գործողությունները կատարելու դեպքում Ձեր համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրվում է՝ ապահովելով Ձեր անանունությունը:»:

2. Միասնական էլեկտրոնային հարթակի «Գլխավոր էջ» պատուհանը բաղկացած է հետևյալ պատուհաններից՝

1) «Ազդարարել». այս պատուհանի միջոցով ազդարարը կարող է հաղորդել տեղեկություններ հանցագործության մասին՝ կատարելով սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված գործողությունները.

2) «Մուտք գործել անհատական հասցե». այս պատուհանի միջոցով միասնական էլեկտրոնային հարթակում գրանցված ազդարարը մուտք է գործում իր անհատական հասցե.

3) «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի մասին». այս պատուհանը պարունակում է ընդհանուր տեղեկատվություն միասնական էլեկտրոնային հարթակի մասին, այդ թվում՝ միասնական էլեկտրոնային հարթակի ստեղծման նպատակը, ստեղծման համար հիմք հանդիսացող իրավական ակտը և միասնական էլեկտրոնային հարթակի անվտանգության երաշխիքները.

4) «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի օգտագործման ուղեցույց». այս պատուհանում քայլ առ քայլ ներկայացվում են միասնական էլեկտրոնային հարթակից օգտվելու, ազդարարի անանունության ապահովման կանոնները և ազդարարման կարգը.

5) «Վիճակագրություն». այս պատուհանը ներկայացնում է վիճակագրական տվյալներ՝ ըստ միասնական էլեկտրոնային հարթակի այցելությունների թվի, ըստ գրանցված ազդարարների ընդհանուր թվի, ըստ ներկայացված հաղորդումների թվի, ըստ չստուգված հաղորդումների թվի, ըստ ստուգված հաղորդումների թվի, ըստ հաղորդումների ստուգման արդյունքում հարուցված քրեական գործերի, ըստ հաղորդումների ստուգման արդյունքում քրեական գործի հարուցումը մերժելու մասին գործերի.

6) «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի միջոցով բացահայտված հանցագործություններ». այս պատուհանը ներկայացնում է միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների միջոցով բացահայտված հանցագործությունների մասին համառոտ տեղեկատվություն:

3. Ազդարարի կողմից հանցագործության մասին տեղեկությունները հաղորդվում են քայլերի հետևյալ հաջորդականությամբ՝

1) քայլ 1. մուտք գործել «Ազդարարել» պատուհան.

2) քայլ 2. ընտրել ազդարարման եղանակը՝ «Անանուն եղանակով», «Տվյալներ ներկայացնելու եղանակով»: Այն դեպքում, երբ ընտրվում է «Անանուն եղանակով» կոճակը, համակարգում գրանցվելն իրականացվում է սույն հավելվածի 5-րդ կետով սահմանված կարգով: «Տվյալներ ներկայացնելու եղանակով» կոճակն ընտրելու դեպքում համակարգում գրանցվելն իրականացվում է սույն հավելվածի 6-րդ կետով սահմանված կարգով.

3) քայլ 3. «Անանուն եղանակով» կոճակն ընտրելու դեպքում, եթե ազդարարը չի ծածկագրել իր համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address), ապա էկրանին հայտնվում է հաղորդագրություն. «Հարգելի՛ այցելու, եթե ցանկանում եք անանուն եղանակով շարունակել հաղորդումը ներկայացնել, անհրաժեշտ է ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակ մուտք գործել «ՏՈՌ» (TOR), «Օպերա» (Opera) կամ «Օպերա Մինի» (Opera Mini) ցանցային դիտարկիչների (browser) միջոցով: «ՏՈՌ» (TOR) ցանցային դիտարկիչի (browser) միջոցով մուտք գործելու դեպքում Ձեր համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրվում է ինքնաշխատ կերպով՝ ապահովելով Ձեր անանունությունը: «Օպերա» (Opera) կամ «Օպերա Մինի» (Opera Mini) ցանցային դիտարկիչով (browser) մուտք գործելու դեպքում անհրաժեշտ է կատարել հետևյալ գործողությունները՝

ա. մուտք գործել «Ցանկ» (Menu) պատուհան,

բ. սեղմել «Կարգավորումներ» (Settings) կոճակը,

գ. բացված պատուհանում սեղմել «Գաղտնիություն և անվտանգություն» (Privacy & security) կոճակը.

4) բացված պատուհանում նշել «Միացնել վիրտուալ մասնավոր ցանցը» (Enable VPN) կոճակը:

Նշված գործողությունները կատարելու դեպքում Ձեր համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) ծածկագրվում է՝ ապահովելով Ձեր անանունությունը:».

4) քայլ 4. նշել այն մարմինը, որտեղ կամ որի աշխատողի մասնակցությամբ, ըստ ազդարարի, կատարվել է հանցագործություն.

5) քայլ 5. լրացնել հետևյալ հարցերը պարունակող հարցաշարը՝

ա. հանցագործություն կատարած անձի անունը, ազգանունը, պաշտոնը (ոչ պարտադիր),

բ. հանցագործությանն առնչություն ունեցող այլ անձի անունը, ազգանունը, պաշտոնը (ոչ պարտադիր),

գ. հանցագործության կատարման ամսաթիվը, իսկ եթե դա հայտնի չէ, ապա այն ժամանակագրական միջակայքը, երբ տեղի է ունեցել հանցագործությունը (պարտադիր).

6) քայլ 6. «Հանցագործության նկարագրությունը» բաժնի միջոցով ներկայացնել հանցագործության հետ կապված մանրամասները՝ նշելով, թե երբ և ինչ պայմաններում է կատարվել հանցագործությունը.

7) քայլ 7. «Փաստաթղթերի կամ աուդիո- և տեսաձայնագրությունների ներբեռնում» կոճակի միջոցով ներբեռնել հաղորդվող հանցագործությանն առնչվող՝ TXT, DOCX, DOC, PDF, ZIP, RAR, JPG, JPEG, XLSX, XLS ձևաչափերով փաստաթղթեր կամ աուդիո- և տեսաձայնագրություններ, եթե այդպիսիք առկա են.

8) քայլ 8. սույն կետի 1-7-րդ ենթակետերով նախատեսված գործողությունները կատարելուց հետո էկրանին հայտնվում է հաղորդագրություն. «Հարգելի՛ այցելու, «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հանցագործության հատկանիշներ պարունակող և ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումը ենթակա է ստուգման «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով, եթե հաղորդմամբ ներկայացվող տեղեկությունը բավարար չափով հիմնավորված է, վերաբերում է կոնկրետ պաշտոնատար անձի կամ մարմնի և պարունակում է տվյալներ, որոնք կարող են ստուգվել: Ուստի, խնդրում ենք անհրաժեշտության դեպքում վերանայել ներկայացված հաղորդման բովանդակությունը և խմբագրել այն՝ հնարավորություն տալով Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանն իրականացնելու օրենքով սահմանված իր լիազորությունները՝ ուղղված հանցագործության բացահայտմանը:».

9) քայլ 9. սույն կետի 8-րդ ենթակետով նախատեսված հաղորդագրությունից հետո էկրանին հայտնվում է ներկայացված հաղորդման ամբողջ բովանդակությունը, որն ազդարարը կարող է վերանայել «Խմբագրել» կոճակի միջոցով.

10) քայլ 10. «Հաստատել հաղորդումը» կոճակի միջոցով ազդարարը հաստատում է ներկայացված հաղորդումը:

4. Սույն հավելվածի 3-րդ կետով նախատեսված գործողությունները կատարելուց հետո հաղորդումը համարվում է միասնական էլեկտրոնային հարթակում գրանցված:

5. «Անանուն եղանակով» ազդարարումն ընտրելու դեպքում հաղորդումը միասնական էլեկտրոնային հարթակում գրանցելուց հետո ազդարարին «Հետադարձ կապ» պատուհանի միջոցով տրամադրվում են անհատական հասցե և անհատական հասցե մուտք գործելու համար անհրաժեշտ պայմանական անուն և գաղտնաբառ: Պայմանական անվան և գաղտնաբառի միջոցով միասնական էլեկտրոնային հարթակը նույնականացնում է անձին և ապահովում մուտքն անհատական հասցե:

6. «Տվյալներ ներկայացնելու եղանակով» ազդարարումն ընտրելու դեպքում հաղորդումը միասնական էլեկտրոնային հարթակում գրանցելուց հետո ազդարարը համակարգ մուտք գործելու համար մուտքագրում է իր տվյալները և «Հետադարձ կապ» պատուհանի միջոցով ստացված գաղտնաբառը: Մուտքագրված տվյալների միջոցով միասնական էլեկտրոնային հարթակը նույնականացնում է անձին և ապահովում մուտքն անհատական հասցե:

7. Հաղորդումը ներկայացնող ազդարարի անհատական հասցեն բաղկացած է հետևյալ պատուհաններից՝

1) «Գրանցել նոր հաղորդում». այս պատուհանի միջոցով միասնական էլեկտրոնային հարթակում գրանցված ազդարարը կարող է ներկայացնել հանցագործության մասին նոր հաղորդում.

2) «Ներկայացված հաղորդումներ». այս պատուհանում ընդգրկվում են ազդարարի կողմից ներկայացված հաղորդումները.

3) «Ծանուցումներ». այս պատուհանի միջոցով միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն ունեցող մարմինն ազդարարին ծանուցում է հաղորդման ընթացքի, այդ թվում՝ հաղորդման ստուգման և դրա արդյունքների վերաբերյալ.

4) «Հետադարձ կապ». այս պատուհանը միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն ունեցող մարմնին հնարավորություն է տալիս կապ հաստատելու ազդարարի հետ, հավաքելու անհրաժեշտ տեղեկություններ և փաստեր, որոնք առնչվում են հաղորդմանը:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

ապրիլի 12-ի N 439-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ԱԶԴԱՐԱՐՄԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Միասնական էլեկտրոնային հարթակը վարում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը (այսուհետ՝ լիազոր մարմին):

2. Միասնական էլեկտրոնային հարթակի վարման և գործարկման աշխատանքներին մասնակցում են հետևյալ սուբյեկտները՝

1) միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատոր.

2) հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձինք:

3. Միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորը նշանակվում է լիազոր մարմնի կողմից:

4. Հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձինք նշանակվում են Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության կողմից:

5. Միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորը նշանակվում է միասնական էլեկտրոնային հարթակի գործունեության աշխատանքների համակարգման համար: Նա`

1) միասնական էլեկտրոնային հարթակում հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց տրամադրում է միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն և զրկում է դրանից.

2) հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց տրամադրում է միասնական էլեկտրոնային հարթակի շահագործման վերաբերյալ խորհրդատվություն.

3) մշտադիտարկում է միասնական էլեկտրոնային հարթակի աշխատանքը.

4) մշտադիտարկում է միասնական էլեկտրոնային հարթակի սերվերի աշխատանքը.

5) իրականացնում է միասնական էլեկտրոնային հարթակի անխափան աշխատանքի ապահովման տեխնիկական աշխատանքները, այդ թվում` սերվերի ծրագրային և տեխնիկական սպասարկումը.

6) իրականացնում է միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների պահուստային պատճենահանում.

7) միասնական էլեկտրոնային հարթակի գործունեության խափանման ժամանակ (ծրագրի կամ սարքավորման անսարքություն, կապուղիների խափանում, տվյալների շտեմարանների չթույլատրված մուտքի, տվյալների զանգվածային խափանում և այլն) անհապաղ տեղեկացնում է լիազոր մարմնին: Տեղեկատվական ենթակառուցվածքի գործառնության բնականոն գործունեության վերականգնման համար լիազոր մարմինը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ:

6. Միասնական էլեկտրոնային հարթակում հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց միասնական էլեկտրոնային հարթակին հասանելիություն տրամադրում և դրանից զրկում է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը՝ հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձանց վերաբերյալ ցանկ ներկայացնելու հիման վրա:

7. Միասնական էլեկտրոնային հարթակով ներկայացված հաղորդումների պահուստային պատճենահանումն իրականացվում է յուրաքանչյուր օր: Պահուստային պատճենները պետք է պահվեն միասնական էլեկտրոնային հարթակի պորտալից դուրս՝ առանձին սարքում:

8. Հաղորդման հետագա ընթացքի համար պատասխանատու անձինք ապահովում են միասնական էլեկտրոնային հարթակում մուտքագրված յուրաքանչյուր հաղորդման հաշվառումը, քննարկումը, իր իրավասությունների սահմաններում միջոցների ձեռնարկումը և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան ակտի ընդունումը:

9. Հաղորդման ստուգման հիմքերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը հաղորդումը փաստաթղթային տարբերակով ուղարկում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմին:

10. Միասնական էլեկտրոնային հարթակում ազդարարի և հաղորդման ընթացքի համար պատասխանատու անձանց կողմից մուտքագրված տվյալները ծածկագրավորվում են AES256 ծածկագրով՝ միասնական էլեկտրոնային հարթակի ադմինիստրատորի կողմից տվյալների մեջ փոփոխություններ կատարելը բացառելու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
06.07.2023, N 1135-Ն ---------
02.05.2019, N 500-Ն 16.05.2019, N 439-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան