ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 հունիսի 2018 թվականի N 645-Ն
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության 2018 թ. հունիսի 12 Երևան
վարչապետՆ. Փաշինյան
Հավելված |
Կ Ա Ր Գ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԳՐԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ
1. Կառավարության հանրագրերի հարցերով հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով) կազմված է հանձնաժողովի նախագահից և չորս անդամից: Հանձնաժողովն ունի քարտուղար:
2. Հանձնաժողովը կազմավորվում է վարչապետի առաջարկությամբ կառավարության անդամների ներկայացրած թեկնածուներից: Հանձնաժողովի անհատական կազմը հաստատում է վարչապետը:
3. Հանձնաժողովը հասարակական հիմունքներով մշտապես գործող մարմին է:
4. Հանձնաժողովը քննարկում է այն հանրագրերը, որոնք ենթակա չեն որևէ նախարարության իրավասությանը:
5. Եթե հանրագրում նշված հարցը ենթակա չէ որևէ նախարարության իրավասությանը, ապա վարչապետի աշխատակազմը հանրագիրը և կից փաստաթղթերը ոչ ուշ, քան դրանք ստանալուն հաջորդող աշխատանքային օրն ուղարկում է հանձնաժողով:
6. Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում ղեկավարվում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ իրավական ակտերով:
7. Հանձնաժողովի գործունեությունը կազմակերպվում է նիստերի միջոցով: Նիստերը հրավիրվում են ըստ անհրաժեշտության:
8. Հանձնաժողովի նիստերն իրավազոր են, եթե դրանց մասնակցում է հանձնաժողովի անդամների թվի կեսից ավելին:
9. Որոշումներն ընդունվում են հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությամբ:
10. Հանձնաժողովի նախագահը`
1) ղեկավարում է հանձնաժողովի գործունեությունը.
2) նշանակում է հանձնաժողովի նիստի անցկացման օրը և ժամը.
3) հրավիրում է հանձնաժողովի նիստերը և վարում դրանք.
4) անհրաժեշտության դեպքում՝ հանրագրի քննարկումներում ներգրավում է մասնագետների.
5) հանձնաժողովի քարտուղարի բացակայության դեպքում նրա պարտականությունների կատարումը ժամանակավորապես հանձնարարում է հանձնաժողովի անդամներից մեկին.
6) վարչապետի աշխատակազմին տեղեկացնում է «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում և կարգով հանրագրին պատասխան ներկայացնելու ժամկետը երկարաձգելու մասին` հանրագիրը ներկայացրած անձին ծանուցելու համար.
7) կազմակերպում է հանձնաժողովի ընթացիկ աշխատանքները.
8) ստորագրում է հանձնաժողովի որոշմամբ ընդունված հանրագրի պատասխանը, գրությունը, նրա գործունեությանը վերաբերող մյուս փաստաթղթերը.
9) «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:
11. Հանձնաժողովի անդամը՝
1) մասնակցում է հանձնաժողովի նիստերին.
2) հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ՝ վարում է հանձնաժողովի նիստը.
3) հանրագրի պատասխանի նախագծերը քննարկելուց հետո մասնակցում է քվեարկությանը` քվեարկելով կողմ կամ դեմ.
4) «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:
12. Հանձնաժողովի քարտուղարը`
1) նախապատրաստում է հանձնաժողովի նիստերի անցկացումը.
2) հանձնաժողովի նիստի անցկացման օրվա և ժամի մասին ծանուցում է հանձնաժողովի անդամներին՝ նիստի անցկացումից առնվազն երկու աշխատանքային օր առաջ.
3) կազմում է նիստերի արձանագրությունները.
4) «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ իրականացնում է իրեն վերապահված այլ լիազորություններ:
13. Հանձնաժողովի քարտուղարը հանձնաժողովի անդամ չէ և չի մասնակցում քվեարկությանը:
14. Հանձնաժողովի նախագահի բացակայության դեպքում, նրա հանձնարարությամբ, հանձնաժողովի նախագահի լիազորություններն իրականացնում է հանձնաժողովի անդամներից մեկը:
15. Հանձնաժողովի նախագահը հանրագիրն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում հանձնաժողովի անդամներից մեկին նշանակում է տվյալ հարցը զեկուցող: Հանձնաժողովի նախագահը և անդամները հանրագիրն ստանալուց հետո յոթ աշխատանքային օրվա ընթացքում ներկայացնում են հանրագրի պատասխանի նախագիծ:
16. Եթե սույն կարգի 15-րդ կետում սահմանված ժամկետում հանրագրի պատասխանի նախագիծ չի ներկայացվում, ապա հանրագրի պատասխանի նախագիծը երկու աշխատանքային օրվա ընթացքում մշակում և հանձնաժողովի քննարկմանն է ներկայացնում զեկուցողը:
17. Հանրագրի պատասխանի նախագիծ մշակած հանձնաժողովի անդամը հանձնաժողովի նիստի անցկացումից առնվազն մեկ աշխատանքային օր առաջ այն տրամադրում է հանձնաժողովի անդամներին:
18. Ներկայացված նախագծերը քննարկվում են հետևյալ կարգով`
1) նախագծերը քվեարկության են դրվում ըստ դրանք ներկայացնելու հաջորդականության.
2) մեկ նախագիծ քվեարկության դրված լինելու դեպքում այն ընդունված է համարվում, եթե ստացել է հանձնաժողովի անդամների ձայների մեծամասնությունը.
3) եթե քվեարկության է դրվել երկու նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա առավել շատ ձայներ ստացած նախագիծը նորից է դրվում քվեարկության.
4) եթե քվեարկության է դրվել երկուսից ավելի նախագիծ, և դրանցից ոչ մեկը չի ստացել ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որի ժամանակ քվեարկության է դրվում առավել շատ ձայներ ստացած երկու նախագիծը.
5) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ թվով ձայներ, ապա ընդունված է համարվում առավել շատ «կողմ» ձայներ ստացած նախագիծը.
6) եթե մեկից ավելի նախագծեր ստացել են ընդունման համար անհրաժեշտ և հավասար թվով ձայներ, ապա հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է:
19. Հանձնաժողովն իր նիստերը պետք է կազմակերպի այնպես, որ «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ժամկետում ապահովվի հանրագիր ներկայացրած անձին հանրագրի պատասխանը ներկայացնելը:
20. Հանձնաժողովի նախագահը հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանրագրի պատասխանն անհապաղ ուղարկում է վարչապետի աշխատակազմ: Վարչապետի աշխատակազմը ոչ ուշ, քան այն ստանալուն հաջորդող աշխատանքային օրը հանձնաժողովի որոշմամբ հաստատված հանրագրի պատասխանը «Հանրագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ուղարկում է հասցեատիրոջը:
21. Հանձնաժողովի նիստի արձանագրությունն ստորագրում են հանձնաժողովի նախագահը, քարտուղարը և նիստին ներկա հանձնաժողովի անդամները: Նիստի արձանագրության մեջ նշվում են օրակարգը, հանրագրի պատասխանի նախագծերի, ելույթների հակիրճ նկարագրությունը, քվորումի և քվեարկության արդյունքների մասին տեղեկատվություն:
Հայաստանի Հանրապետության |
Է. Աղաջանյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|