Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.445.33
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վարչական վերաքննիչ 
դատարանի որոշում
Վարչական գործ թիվ ՎԴ3/0233/05/12

Վարչական գործ թիվ ՎԴ3/0233/05/12

2017թ.

Նախագահող դատավոր` Ա. Առաքելյան

                 Դատավորներ`  Ք. Մկոյան
                                            Գ. Ղարիբյան

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

  մասնակցությամբ դատավորներ

Ա. Բարսեղյանի

 

Ս. Անտոնյանի

   

Վ. Ավանեսյանի

   

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

   

Ռ. Հակոբյանի

   

Տ. ՊետրոսՅԱՆԻ

   

Ե. Սողոմոնյանի

   

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Ժիրայր Զոհրաբյանի ներկայացուցիչ Համլետ Մնացականյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Ժիրայր Զոհրաբյանի ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ՝ Կադաստր) աշխատակազմի Արարատի մարզային ստորաբաժանման, Աննա Զոհրաբյանի, երրորդ անձ ՀՀ Արարատի մարզի Գոռավանի գյուղական համայնքի (այսուհետ՝ Համայնք)` մասնակիորեն` Աննա Զոհրաբյանի մասով, սեփականության իրավունքի պետական գրանցումների առոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` Ժիրայր Զոհրաբյանը պահանջել է մասնակիորեն` Աննա Զոհրաբյանի մասով, անվավեր ճանաչել Համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումից 2000 թվականին տրված քաղվածքը կամ ճանաչել դրա առոչինչ լինելը, անվավեր ճանաչել անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000223 համարի, թիվ 03031-4-7 մատյանի 000055 համարի և թիվ 03031-4-7 մատյանի 000056 համարի տակ սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումները կամ ճանաչել դրանց առոչինչ լինելը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Ա. Պողոսյան) 20.12.2012 թվականի վճռով վարչական գործի վարույթը` Համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումից 2000 թվականին տրված քաղվածքը մասնակիորեն` Աննա Զոհրաբյանի մասով, անվավեր ճանաչելու կամ դրա առոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասով, կարճվել է, իսկ հայցը՝ սեփականության իրավունքի պետական գրանցումները մասնակիորեն` Աննա Զոհրաբյանի մասով, անվավեր ճանաչելու կամ դրանց առոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասով, մերժվել է։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (դատավորներ՝ Ա. Սարգսյան, Հ. Բեդևյան, Ա. Բաբայան) 02.05.2013 թվականի որոշմամբ Ժիրայր Զոհրաբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, և ՀՀ վարչական դատարանի 20.12.2012 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 26.12.2013 թվականի որոշմամբ Ժիրայր Զոհրաբյանի վճռաբեկ բողոքը բավարարվել է մասնակիորեն` ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 02.05.2013 թվականի որոշման՝ հայցը մերժելու մասը բեկանվել է և գործն այդ մասով ուղարկվել է նոր քննության, իսկ մնացած մասը թողնվել է անփոփոխ:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր՝ Հ. Այվազյան) (այսուհետ` Դատարան) 23.01.2015 թվականի որոշմամբ սույն վարչական գործի վարույթը` անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000223 համարի, թիվ 03031-4-7 մատյանի 000055 համարի և թիվ 03031-4-7 մատյանի 000056 համարի տակ սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցումներն Աննա Զոհրաբյանի մասով անվավեր ճանաչելու պահանջների մասով, կարճվել է:

Դատարանի 12.02.2015 թվականի վճռով հայցը՝ անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000223 համարի, թիվ 03031-4-7 մատյանի 000055 համարի և թիվ 03031-4-7 մատյանի 000056 համարի տակ սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ 06.06.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումների՝ Աննա Զոհրաբյանի մասով առոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասին, մերժվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 08.07.2015 թվականի որոշմամբ Ժիրայր Զոհրաբյանի վերաքննիչ բողոքը մերժվել է և Դատարանի 12.02.2015 թվականի վճիռը թողնվել է անփոփոխ։

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Ժիրայր Զոհրաբյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետը:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ Աննա Զոհրաբյանը ծնվել է 25.06.1978 թվականին, ամուսնացել է Ժիրայր Զոհրաբյանի հետ 1996 թվականին, 1991 թվականին որևէ կապ չի ունեցել Ժիրայր Զոհրաբյանի հետ, չի հանդիսացել նրա ծխի անդամը և սեփականաշնորհման գործընթացին մասնակցել է իր հայրական ծխի կազմում: Վարչական մարմինը պետական գրանցում կատարելիս կարող էր պարզել, որ Աննա Զոհրաբյանը ծնվել է 1978 թվականին և 1991 թվականին չէր կարող լինել Ժիրայր Զոհրաբյանի կինը: Հետևաբար անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000223 համարի, թիվ 03031-4-7 մատյանի 000055 համարի և թիվ 03031-4-7 մատյանի 000056 համարի տակ սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ 06.06.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումներով Աննա Զոհրաբյանին տրամադրվել են ակնհայտ ոչ իրավաչափ իրավունքներ, քանի որ վերջինս չէր կարող 1991 թվականին սեփականաշնորհման գործընթացի շրջանակներում սեփականության իրավունք ձեռք բերել Ժիրայր Զոհրաբյանին հասանելիք հողամասերի նկատմամբ: Բացի այդ, կադաստրային գործերից բացակայում է վիճելի պետական գրանցումների հիմքում դրված 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումը:

Վերաքննիչ դատարանն անտեսել է, որ վերոգրյալը «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի ուժով հիմք է հանդիսանում սեփականության իրավունքի պետական գրանցումների՝ Աննա Զոհրաբյանի մասով, առոչինչ լինելը ճանաչելու համար:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1. Աննա Զոհրաբյանի անձնագրի համաձայն՝ վերջինս ծնվել է 25.06.1978 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 65):

2. Ժիրայր Զոհրաբյանը և Աննա Գրիգորյանն ամուսնացել են 08.02.1995 թվականին, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 01.06.1996 թվականին կատարվել է թիվ 7 գրանցումը, իսկ ամուսնության գրանցումից հետո Աննա Գրիգորյանը կրել է Զոհրաբյան ազգանունը (հատոր 1-ին, գ.թ. 6)։

3. 07.02.2000 թվականին տրված Համայնքի հողային ժապավենային տնտեսության թիվ 5 գրքից 210 համարի տակ գտնվող գրանցումից քաղվածքի համաձայն՝ Աննա Գրիգորյանն ընդգրկված է Ֆլորա Գրիգորյանի ընտանիքի կազմում (հատոր 1-ին, գ.թ. 93)։

4. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 0146371, թիվ 0146377 և թիվ 1437154 վկայականների համաձայն՝ Հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 20.03.1991 թվականի թիվ 11 որոշման և Համայնքի հողային ժապավենային տնտեսության թիվ 5 գրքից 210 համարի տակ գտնվող գրանցումից 07.02.2000 թվականին տրված քաղվածքի հիման վրա Աննա Գրիգորյանի անվամբ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գրանցված է բնակելի տուն, գոմ, տնամերձ հողամաս, վարելահողեր և խաղողի այգի՝ Ֆլորա, Անժելա և Պարգև Գրիգորյանների հետ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով (հատոր 1-ին, գ.թ. 127-132)։

5. Համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումից 07.02.2000 թվականին տրված քաղվածքի համաձայն՝ Ժիրայր Զոհրաբյանի ընտանիքին սեփականաշնորհվել է 700քմ մակերեսով վարելահող, 1.400քմ մակերեսով պտղատու այգի և 1.000քմ մակերեսով խաղողի այգի, իսկ Ժիրայր Զոհրաբյանի ընտանիքի կազմում ընդգրկված է 1978 թվականին ծնված Աննա Հայկազի Զոհրաբյանը (հատոր 1-ին, գ.թ. 92)։

6. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 895915 վկայականի համաձայն՝ Համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշման հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000055 համարի տակ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գտնվող 0,170հա մակերեսով պտղատու այգու նկատմամբ 06.06.2003 թվականին գրանցվել է Ժիրայր և Աննա Զոհրաբյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 20-22)։

7. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 895916 վկայականի համաձայն՝ Համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշման հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000056 համարի տակ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գտնվող 0,154հա մակերեսով վարելահողի նկատմամբ 06.06.2003 թվականին գրանցվել է Ժիրայր և Աննա Զոհրաբյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 23-25)։

8. Անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 895917 վկայականի համաձայն՝ Համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշման հիման վրա գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000223 համարի տակ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գտնվող 0,140հա մակերեսով խաղողի այգու նկատմամբ 06.06.2003 թվականին գրանցվել է Ժիրայր և Աննա Զոհրաբյանների ընդհանուր համատեղ սեփականության իրավունքը (հատոր 1-ին, գ.թ. 26-28)։

9. Համայնքի ղեկավարի կողմից 27.06.2012 թվականին տրված թիվ 1/245 տեղեկանքի համաձայն՝ Գոռավան գյուղի բնակիչ Ժիրայր Զոհրաբյանը 1991 թվականին հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացի ժամանակ ամուսնացած չի եղել (հատոր 1-ին, գ.թ. 8)։

10. Համայնքի ղեկավարի կողմից 27.06.2012 թվականին տրված թիվ 1/247 տեղեկանքի համաձայն՝ Ժիրայր Զոհրաբյանը 1991 թվականին հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացին մասնակցել է միայնակ և ստացել մեկ հողաբաժին` 0,43հա մակերեսով հողատարածք (հատոր 1-ին, գ.թ. 15)։

11. Համայնքի ղեկավարի կողմից 27.06.2012 թվականին տրված թիվ 1/248 տեղեկանքի համաձայն՝ Աննա Զոհրաբյանը 1991 թվականին սեփականաշնորհման գործընթացին մասնակցել է իր հայրական ընտանիքի կազմում և համարվում է իր ընտանիքին հատկացված տնամերձ հողամասի, վարելահողի և խաղողի այգու համասեփականատեր (հատոր 1-ին, գ.թ. 17)։

12. Համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումից 28.06.2012 թվականին տրված քաղվածքի համաձայն` Աննա Գրիգորյանն ընդգրկված է եղել Ֆլորա Գրիգորյանի ընտանիքի կազմում, որի անվամբ սեփականաշնորհվել է վարելահող և խաղողի այգի (հատոր 1-ին, գ.թ. 10)։

13. Համայնքի հողային ժապավենային տնտեսության թիվ 5 գրքից 210 համարի տակ գտնվող գրանցումից 28.06.2012 թվականին տրված քաղվածքի համաձայն` Ֆլորա Գրիգորյանի անվամբ գրանցված է տնամերձ հողամաս, որի վրա առկա է բնակելի տուն` օժանդակ շինություններով, իսկ Ֆլորա Գրիգորյանի ընտանիքի կազմում ընդգրկված է նաև Աննա Հայկազի Գրիգորյանը (հատոր 1-ին, գ.թ. 11):

14. Համայնքի ղեկավարի կողմից Կադաստրին ուղղված 02.07.2012 թվականի թիվ 51 գրության համաձայն՝ ե(...) Արարատի մարզի Գոռավանի գյուղապետարանի կողմից սեփականության իրավունքով առաջին պետական գրանցման նպատակով մեր կողմից տրված 07.02.2000 թվականի հողային ժապավենային տնտեսության գրքի քաղվածքով սեփականատեր Ժիրայր Վոլոդյայի Զոհրաբյանի ընտանիքի կազմում որպես համասեփականատեր թյուրիմացաբար է նշվել Աննա Հայկազի Զոհրաբյանը` ծնված 1978 թվականին: Աննա Հայկազի Զոհրաբյանը հողի սեփականաշնորհումից օգտվել է իր հայրական տան հետ միասին (...)» (հատոր 1-ին, գ.թ. 14):

15. Հայաստանի Ազգային արխիվի Արարատի տարածքային ներկայացուցչության 20.11.2012 թվականի թիվ 375/44 գրության համաձայն՝ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշումն արխիվից բացակայում է, իսկ ըստ արխիվում պահպանված Գոռավանի գյուղացիական տնտեսությունների և տնամերձերի ցուցակի թիվ 557 համարի` Ժիրայր Զոհրաբյանն ունի 1 հողաբաժին` 1 շնչով, 0,43հա մակերեսով հողատարածք (հատոր 1-ին, գ.թ. 133-135):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` ստորադաս դատարանի կողմից «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ հարցադրմանը. արդյո՞ք սեփականության իրավունքի վիճելի պետական գրանցումներով Աննա Զոհրաբյանին տրամադրված իրավունքները կարող են որակվել ակնհայտ ոչ իրավաչափ, այն պայմաններում, երբ վերջինս ակնհայտորեն չէր կարող լինել այդ վարչական ակտերով գրանցված անշարժ գույքերի համասեփականատեր:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի համաձայն` առոչինչ է այն վարչական ակտը, որում առկա են, մասնավորապես` հետևյալ ակնառու կոպիտ սխալները. ակտով դրա հասցեատիրոջ վրա դրվում է ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն, կամ նրան տրամադրվում է ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք։

ՀՀ վարչական դատավարության 69-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ ճանաչման հայցով հայցվորը կարող է պահանջել ճանաչել վարչական ակտի առոչինչ լինելը։

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձել է վարչական ակտի առոչինչ լինելը ճանաչելու հիմքերին: ՀՀ վճռաբեկ դատարանը, մասնավորապես, արձանագրել է, որ վարչական ակտի առոչինչ լինելու համար էական և անհրաժեշտ պայման է անձի վրա ակնհայտ ոչ իրավաչափ պարտականություն դնելը կամ անձին ակնհայտ ոչ իրավաչափ իրավունք տրամադրելը: Այսինքն` անձի վրա դրվող պարտականությունը կամ անձին տրամադրվող իրավունքը պարտադիր կերպով պետք է լինի ակնհայտ ոչ իրավաչափ: Հետևաբար վարչական ակտով անձի վրա նույնիսկ «ոչ իրավաչափ» պարտականություն դնելը կամ անձին «ոչ իրավաչափ» իրավունք տրամադրելը, որը կարող է պարզվել այդ վարչական ակտի վիճարկման վարույթում, դեռևս բավարար չէ վարչական ակտն առոչինչ դիտելու համար: Այսինքն` ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտի առոչինչ լինելը հաստատված համարելու համար անհրաժեշտ է, որ դրանով տրամադրված իրավունքը կամ դրված պարտականությունն առերևույթ ոչ իրավաչափ լինի, իսկ բոլոր այն դեպքերում, երբ վիճարկվում է վարչական ակտի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը կամ կիրառված նորմերի սխալ կիրառելիությունը կամ մեկնաբանությունը, ապա նման վարչական ակտը չի կարող դիտվել առոչինչ, այլ այն կարող է ճանաչվել անվավեր (տե'ս, ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Սպանդարյանի 1 հարկային տեսչությունն ընդդեմ «Նովռոսինվեստ» ՍՊԸ-ի թիվ ՎԴ/0562/05/09 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 12.03.2010 թվականի որոշումը):

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ «Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 31.10.1990 թվականին, ուժի մեջ է մտել 01.12.1990 թվականին, ուժը կորցրել է 01.01.1999 թվականին) 13-րդ հոդվածի համաձայն` գյուղացիական տնտեսությունը որպես սեփականություն կարող է ունենալ բնակելի տներ, տնտեսական շինություններ, հողամասեր և տունկեր, մթերատու և բանող անասուններ, թռչուններ, գյուղատնտեսական տեխնիկա և գործիքներ, փոխադրամիջոցներ և այլ գույք` գյուղատնտեսական արտադրությունը ինքնուրույն վարելու, արտադրանքը վերամշակելու և իրացնելու համար: (...) Գյուղացիական տնտեսության գույքը նրա անդամներին է պատկանում ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով: Գյուղացիական տնտեսությունը ձևակերպվում է գյուղացիական ընտանիքի գլխի անունով: (...) Գյուղացիական տնտեսության գույքը, այդ թվում` գյուղատնտեսական արտադրանքը, տիրապետվում, օգտագործվում և տնօրինվում է նրա անդամների հայեցողությամբ (...):

Իրավահարաբերության ծագման պահին գործող՝ «Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների մասին» ՀՀ օրենքի (ընդունվել է 22.01.1991 թվականին, ուժի մեջ է մտել 20.02.1991 թվականին, ուժը կորցրել է 04.01.2007 թվականին) 2-րդ հոդվածի համաձայն` գյուղացիական տնտեսությունը քաղաքացիների սեփականության հիման վրա հիմնված գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունը ապահովող ինքնուրույն կազմակերպական միավոր է: Գյուղացիական տնտեսությունը ստեղծվում է կամավոր հիմունքներով: Նույն օրենքով նախատեսված կարգով յուրաքանչյուր ընտանիք (ծուխ) իրավունք ունի որպես սեփականություն ստանալու հողամաս: Գյուղացիական տնտեսությունը ձևակերպվում է ընտանիքի գլխավորի անունով: (...) Գյուղացիական տնտեսության անդամներ են համարվում ընտանիքի անդամները` ամուսինները, ծնողները (որդեգրողները), զավակները (որդեգրվածները), մյուս հարազատները և մեկ տնտեսությունում կամավոր միավորված այլ անձինք, որոնք բնակվում են տվյալ բնակավայրում և վարում են համատեղ տնտեսություն: Գյուղացիական տնտեսությունը կարող է բաղկացած լինել նաև մեկ անձից: (...) Գյուղացիական տնտեսության անդամների գույքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, ամուսնության և ընտանիքի օրենսգրքերով, Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին օրենքով և օրենսդրական այլ ակտերով:

Վկայակոչված իրավական նորմերի վերլուծությունից հետևում է, որ գյուղացիական տնտեսությունը որպես սեփականություն կարող է ունենալ նաև հողամասեր, որոնք ձևակերպվում են գյուղացիական ընտանիքի գլխի անունով: Իսկ գյուղացիական տնտեսության անդամներ են համարվում ընտանիքի անդամները` ամուսինները, ծնողները, զավակները, մյուս հարազատները և մեկ տնտեսությունում կամավոր միավորված այլ անձինք, որոնք բնակվում են տվյալ բնակավայրում և վարում են համատեղ տնտեսություն, գյուղացիական տնտեսությունը կարող է բաղկացած լինել նաև մեկ անձից:

Սույն գործով վիճելի պետական գրանցումները կատարվել են Համայնքի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման հանձնաժողովի 21.03.1991 թվականի թիվ 11 որոշման հիման վրա, որով հատկացված հողամասերի նկատմամբ գրանցվել է նաև Աննա Զոհրաբյանի՝ որպես Ժիրայր Զոհրաբյանի ընտանիքի (գյուղացիական տնտեսության) անդամի՝ ամուսնու, սեփականության իրավունքը:

Դատարանը մերժել է ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղի սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ 06.06.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումների՝ Աննա Զոհրաբյանի մասով առոչինչ լինելը ճանաչելու պահանջների մասին Ժիրայր Զոհրաբյանի հայցը՝ պատճառաբանելով, որ հայցվորը վիճարկում է այդ վարչական ակտերի հիմքում դրված հանգամանքների հավաստիությունը և նորմերի կիրառման իրավաչափությունը, ինչը չի կարող հանգեցնել վարչական ակտերի առոչինչ լինելը ճանաչելուն:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Ժիրայր Զոհրաբյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով անփոփոխ` պատճառաբանել է, որ Ժիրայր Զոհրաբյանի հայցի հիմքերը կարող են քննության առարկա դառնալ վարչական ակտերն անվավեր ճանաչելու պահանջի, սակայն ոչ երբեք դրանց առոչինչ լինելը ճանաչելու պահանջի շրջանակներում:

 

Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը և գնահատելով Վերաքննիչ դատարանի պատճառաբանությունը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ այն անհիմն է հետևյալ պատճառաբանությամբ.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտի «ակնհայտ, առերևույթ ոչ իրավաչափ իրավունք և պարտականություն» եզրույթը պետք է մեկնաբանել` ելնելով կոնկրետ գործի փաստական հանգամանքների առանձնահատկություններից: Տվյալ դեպքում սույն գործով հաստատվում է այն հանգամանքը, որ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղի սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ 06.06.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի վիճելի պետական գրանցումներով Աննա Զոհրաբյանին տրամադրվել են ակնհայտ ոչ իրավաչափ իրավունքներ: Այսպես, սույն գործի փաստերի համաձայն` Ժիրայր Զոհրաբյանը 1991 թվականի հողային բարեփոխումներին մասնակցել է որպես առանձին ծուխ, ամուսնացած չի եղել, և իր ընտանիքը չի ունեցել իրենից բացի որևէ այլ անդամ: Հետևաբար Ժիրայր Զոհրաբյանը` որպես մենատնտես գյուղացիական տնտեսության ծխի գլուխ, միայնակ մասնակցել է հողային բարեփոխումների և սեփականաշնորհման գործընթացին և 21.03.1991 թվականի թիվ 11 որոշմամբ ստացել է հողաբաժիններ ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում: Աննա Զոհրաբյանը ծնվել է 25.06.1978 թվականին, և 1991 թվականի հողային բարեփոխումներին մասնակցել է ոչ թե Ժիրայր Զոհրաբյանի, այլ իր հայրական ընտանիքի կազմում: Ընդ որում, Աննա Զոհրաբյանը և Ժիրայր Զոհրաբյանն ամուսնացել են 08.02.1995 թվականին, որի մասին ամուսնության վերաբերյալ ակտերի գրանցման գրքում 01.06.1996 թվականին կատարվել է ամուսնության գրանցում: Հետևաբար ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղում գտնվող հողամասերի նկատմամբ Աննա Զոհրաբյանի սեփականության իրավունքն ակնհայտորեն չէր կարող գրանցվել անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000223 համարի, թիվ 03031-4-7 մատյանի 000055 համարի և թիվ 03031-4-7 մատյանի 000056 համարի տակ 06.06.2003 թվականին կատարված պետական գրանցումներով, քանի որ վերջինս ակնհայտորեն որևէ իրավունք չէր կարող ունենալ 1991 թվականի հողային բարեփոխումների արդյունքում Ժիրայր Զոհրաբյանին հասանելիք հողամասերի նկատմամբ: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը գտնում է, որ 1991 թվականին 13-ամյա Աննա Զոհրաբյանը Ժիրայր Զոհրաբյանի հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվելու հիմքով չէր կարող վերոնշյալ հողամասերի նկատմամբ ձեռք բերել սեփականության իրավունք: Հետևաբար վիճելի պետական գրանցումներով Աննա Զոհրաբյանին տրամադրվել են ակնհայտ ոչ իրավաչափ իրավունքներ:

Ամփոփելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանը հանգում է այն եզրակացության, որ անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000223 համարի, թիվ 03031-4-7 մատյանի 000055 համարի և թիվ 03031-4-7 մատյանի 000056 համարի տակ սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ 06.06.2003 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումների՝ Աննա Զոհրաբյանի մասով առոչինչ լինելը ենթակա էր ճանաչման «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 62-րդ հոդվածի 1-ին մասի «դ» կետի հիմքով, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

 

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար՝ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար:

 

Միաժամանակ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է կիրառել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված` ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելու Վճռաբեկ դատարանի լիազորությունը հետևյալ հիմնավորմամբ.

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի (այսուհետ` Կոնվենցիա) 6-րդ հոդվածի համաձայն՝ յուրաքանչյուր ոք ունի ողջամիտ ժամկետում իր գործի քննության իրավունք։ Սույն գործով վեճի լուծումն էական նշանակություն ունի գործին մասնակցող անձանց համար։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիայի նույն հոդվածով ամրագրված անձի արդար դատաքննության իրավունքի տարր է, հետևաբար, գործի անհարկի ձգձգումները վտանգ են պարունակում նշված իրավունքի խախտման տեսանկյունից։ Տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի կողմից ստորադաս դատարանի դատական ակտը փոփոխելը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ սույն գործով վերջնական դատական ակտ կայացնելու համար նոր հանգամանք հաստատելու անհրաժեշտությունը բացակայում է:

Դատական ակտը փոփոխելիս Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում սույն որոշման պատճառաբանությունները, ինչպես նաև գործի նոր քննության անհրաժեշտության բացակայությունը:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունը այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով հայցվոր Ժիրայր Զոհրաբյանը հայցադիմումը դատարան ներկայացնելիս վճարել է 12.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք (հատոր 1-ին, գ.թ. 1)։

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.02.2013 թվականի որոշմամբ Ժիրայր Զոհրաբյանի միջնորդությունը բավարարվել է և առաջին վերաքննիչ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է (հատոր 2-րդ, գ.թ. 16)։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.08.2013 թվականի որոշմամբ Ժիրայր Զոհրաբյանի միջնորդությունը բավարարվել է և առաջին վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է (հատոր 2-րդ, գ.թ. 89-90)։

Երկրորդ վերաքննիչ բողոքը ներկայացնելիս Ժիրայր Զոհրաբյանը վճարել է 30.000 ՀՀ դրամի չափով պետական տուրք (հատոր 5-րդ, գ.թ. 36-37)։

ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2015 թվականի որոշմամբ Ժիրայր Զոհրաբյանի միջնորդությունը բավարարվել է և երկրորդ վճռաբեկ բողոքի համար սահմանված պետական տուրքի վճարումը հետաձգվել է:

Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև նկատի ունենալով, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման և Ժիրայր Զոհրաբյանի հայցը` երեք ոչ գույքային հայցապահանջների մասին, ենթակա է բավարարման, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ սույն գործով դատական ծախսերի հարցը պետք է լուծել հետևյալ կերպ.

1) Կադաստրից հօգուտ Ժիրայր Զոհրաբյանի ենթակա է բռնագանձման 12.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի գումար,

2) Կադաստրից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 30.000 ՀՀ դրամ` որպես առաջին վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.02.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար,

3) Կադաստրից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 60.000 ՀՀ դրամ` որպես առաջին վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.08.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար,

4) Կադաստրից հօգուտ Ժիրայր Զոհրաբյանի ենթակա է բռնագանձման 30.000 ՀՀ դրամ` որպես երկրորդ վերաքննիչ բողոքի համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի գումար,

5) Կադաստրից ՀՀ պետական բյուջե ենթակա է բռնագանձման 60.000 ՀՀ դրամ` որպես երկրորդ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 08.07.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` հայցը բավարարել. մասնակիորեն` Աննա Զոհրաբյանի մասով, ճանաչել ՀՀ անշարժ գույքի պետական միասնական կադաստրի անշարժ գույքի պետական գրանցման միասնական թիվ 03031-4-7 մատյանի 000223 համարի, թիվ 03031-4-7 մատյանի 000055 համարի և թիվ 03031-4-7 մատյանի 000056 համարի տակ սեփականաշնորհված հողամասերի նկատմամբ կատարված պետական գրանցումների առոչինչ լինելը:

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից հօգուտ Ժիրայր Զոհրաբյանի բռնագանձել 12.000 ՀՀ դրամ` որպես հայցադիմումի համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես առաջին վերաքննիչ բողոքի համար սահմանված և ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 04.02.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 60.000 ՀՀ դրամ` որպես առաջին վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 28.08.2013 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից հօգուտ Ժիրայր Զոհրաբյանի բռնագանձել 30.000 ՀՀ դրամ` որպես երկրորդ վերաքննիչ բողոքի համար սահմանված և նախապես վճարված պետական տուրքի գումար:

ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեից ՀՀ պետական բյուջե բռնագանձել 60.000 ՀՀ դրամ` որպես երկրորդ վճռաբեկ բողոքի համար սահմանված և ՀՀ վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի 18.11.2015 թվականի որոշմամբ հետաձգված պետական տուրքի գումար:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ:

 

Նախագահող`

 

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

 

Ա. Բարսեղյան

   

Ս. Անտոնյան

   

Վ. ԱՎԱՆԵՍՅԱՆ

   

Մ. ԴՐՄԵՅԱՆ

    Գ. Հակոբյան
   

Ռ. ՀակոբՅԱՆ

   

Տ. Պետրոսյան

    Ե. Սողոմոնյան
   

Ն. Տավարացյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան