Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.12.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.445.20
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական

դատարանի որոշում

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0934/02/15

Քաղաքացիական գործ թիվ ԿԴ3/0934/02/15
2017թ.

Նախագահող դատավոր՝ Ա. Հունանյան

Դատավորներ՝

Կ. Հակոբյան

Ն. Բարսեղյան

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Մ. Դրմեյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

Վ. Ավանեսյանի

Ա. Բարսեղյանի

Գ. Հակոբյանի

Ռ. Հակոբյանի

Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով Սուրեն Միքայելյանի ներկայացուցիչ Մարատ Գինոսյանի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.07.2016 թվականի որոշման դեմ՝ ըստ հայցի Սուրեն Միքայելյանի ընդդեմ Հովիկ Միքայելյանի` փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու և ժառանգական գույքը բաժանելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Հովիկ Միքայելյանի ընդդեմ Սուրեն Միքայելյանի` փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջի մասին,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան՝ Սուրեն Միքայելյանը պահանջել է ճանաչել փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի, 016-014 կադաստրային համարի 0,1850հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի, ք. Երևան, Քուչակի փողոցի թիվ 4/1 բնակելի տան և տնամերձ հողամասի` Արփենիկ Միքայելյանի բաժինների նկատմամբ, և կողմերի միջև բաժանել ք. Երևան, Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեի անշարժ գույքը:

Հակընդդեմ հայցով դիմելով դատարան` Հովիկ Միքայելյանը պահանջել է ճանաչել փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ք. Երևան, Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեի անշարժ գույքի նկատմամբ:

ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր` Գ. Հեբոյան) (այսուհետ` Դատարան) 15.04.2016 թվականի վճռով հայցը բավարարվել է մասնակիորեն, վճռվել է` ՀՀ Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասում, նույն համայնքում գտնվող 016-014 կադաստրային համարի 0,1850հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում Արփենիկ Միքայելյանի բաժինների նկատմամբ Սուրեն Միքայելյանին փաստացի տիրապետման եղանակով ճանաչել ժառանգությունն ընդունած ժառանգ, հայցապահանջը՝ մնացած մասով, մերժել, հակընդդեմ հայցը բավարարել՝ Հովիկ Միքայելյանին փաստացի տիրապետման հիմքով ճանաչել Երևան քաղաքի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքում Արփենիկ Միքայելյանի ժառանգությունն ընդունած ժառանգ:

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 13.07.2016 թվականի որոշմամբ Սուրեն Միքայելյանի վերաքննիչ բողոքը մերժվել է, Դատարանի 15.04.2016 թվականի վճիռը թողնվել է օրինական ուժի մեջ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Սուրեն Միքայելյանի ներկայացուցիչը։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ, 1237-րդ հոդվածները, խախտել է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ, 219-րդ, 220-րդ, 220.2-րդ հոդվածները:

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը չի կատարել գործում առկա ապացույցների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի հետազոտություն, որի հետևանքով հանգել է սխալ եզրակացության:

Վերաքննիչ դատարանը հաշվի չի առել այն հանգամանքը, որ Սուրեն Միքայելյանը` որպես Արփենիկ Միքայելյանի առաջին հերթի ժառանգ, մոր մահից հետո մինչև օրս տիրապետել, կառավարել է ընդհանուր սեփականության գույքում մոր բաժինները, վճարել է անշարժ գույքի հարկերը, ինչը վկայում է, որ Սուրեն Միքայելյանը փաստացի տիրապետման եղանակով ընդունել է մոր ժառանգությունը: Մինչդեռ Դատարանը Սուրեն Միքայելյանին ժառանգությունն ընդունած ժառանգ է ճանաչել միայն Արագյուղ համայնքում գտնվող ընդհանուր սեփականության գույքերում մորը պատկանող բաժինների նկատմամբ, և պատճառաբանելով, որ սկզբնական հայցվորը չի ապացուցել Երևանի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի տիրապետման կամ կառավարման փաստը, այդ մասով մերժել է հայցը, ինչն անտեսվել է Վերաքննիչ դատարանի կողմից: Միաժամանակ Դատարանը եզրահանգել է, որ Երևանի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեի անշարժ գույքում Արփենիկ Միքայելյանին պատկանող բաժնեմասը փաստացի տիրապետման հիմքով ընդունել է միայն Հովիկ Միքայելյանը և նրան ճանաչել է ամբողջ բաժնեմասի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ:

Վերաքննիչ դատարանն անտեսել է այն փաստը, որ ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է ամբողջ ժառանգության ընդունում, հետևաբար հաստատված համարելով ժառանգության մի մասի փաստացի տիրապետման հանգամանքը՝ ստորադաս դատարանները պարտավոր էին Սուրեն Միքայելյանին ճանաչել ամբողջ ժառանգությունն ընդունած ժառանգ:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է «Երևանի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեի ժառանգության զանգվածի մասով մասնակիորեն բեկանել Վերաքննիչ դատարանի 13.07.2015 թվականի որոշումը և փոփոխել այն` Սուրեն Միքայելյանին ճանաչել այդ գույքի նկատմամբ ժառանգությունն ընդունած ժառանգ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը՝

1. Ամուսնության ակտի գրանցման մասին տեղեկանքի համաձայն` Գուրգեն Միքայելյանը և Արփենիկ Միքայելյանն ամուսնացել են 24.01.1969 թվականին, Սուրեն և Հովիկ Միքայելյանները նրանց զավակներն են (հատոր 1-ին, գ.թ. 6, 7, 51):

2. ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի (այսուհետ` Կադաստր) կողմից 01.04.2009 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի 248 համարի տակ գրանցված` ՀՀ Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի բնակելի տունը և 0,2435հա մակերեսով տնամերձ հողամասը, ինչպես նաև Կադաստրի կողմից 01.04.2009 թվականին տրված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման միասնական մատյանի 222 համարի տակ գրանցված` Արագյուղ համայնքի 016-014 կադաստրային համարի 0,1850հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասը պատկանել են Արփենիկ Միքայելյանին և Սուրեն Միքայելյանի որդուն` Անուշավան Միքայելյանին (հատոր 1-ին, գ.թ. 8-11):

3. 21.11.2014 թվականին տրված` ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21412014-01-0173 վկայականի համաձայն` Երևանի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեի 61,59քմ մակերեսով բնակելի տունն ու 0,02776հա մակերեսով տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանել են Արփենիկ Միքայելյանին (11/20) և Սուրեն Միքայելյանին (9/20) բաժիններով (հատոր 1-ին, գ.թ. 12):

4. Եղվարդ համայնքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժնի 09.02.2007 թվականի մահվան վկայականի համաձայն` Գուրգեն Միքայելյանը մահացել է 28.01.2007 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 15):

5. Եղվարդ համայնքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժնի 20.02.2012 թվականի մահվան վկայականի համաձայն` Արփենիկ Միքայելյանը մահացել է 11.02.2012 թվականին (հատոր 1-ին, գ.թ. 14):

6. ՀՀ Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի ղեկավարի կողմից տրված 04.04.2015 թվականի տեղեկանքի համաձայն` Արփենիկ Միքայելյանի մահից հետո Արագյուղ համայնքում գտնվող գույքը տիրապետել, կառավարել և հարկերը վճարել է Սուրեն Միքայելյանը (հատոր 1-ին, գ.թ. 16):

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 234-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ, 1226-րդ հոդվածների, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 53-րդ հոդվածի խախտման հետևանքով առկա է առերևույթ դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա, և որի առկայությունը հիմնավորվում է ստորև ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ փաստացի տիրապետման եղանակով ժառանգության ընդունման առանձնահատկություններին և ժառանգվող գույքից բաժինն առանձնացնելու հարցին՝ վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

1) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1184-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության դեպքում մահացածի գույքը (ժառանգությունը) անփոփոխ վիճակում, որպես միասնական ամբողջություն, անցնում է այլ անձանց (համապարփակ իրավահաջորդություն), եթե այլ բան նախատեսված չէ նույն օրենսգրքի կանոններով:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության զանգվածի մեջ է մտնում ժառանգության բացման օրը ժառանգատուին պատկանող գույքը` ներառյալ դրամը, արժեթղթերը, գույքային իրավունքները և պարտականությունները:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1188-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ ժառանգության բացման ժամանակը քաղաքացու մահվան օրն է (…):

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1216-րդ հոդվածի համաձայն` առաջին հերթի ժառանգներն են ժառանգատուի երեխաները, ամուսինը և ծնողները։ Ժառանգատուի թոռները ժառանգում են ներկայացման իրավունքով։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգություն ձեռք բերելու համար ժառանգը պետք է այն ընդունի։ Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը պայմանով կամ վերապահումներով ընդունել չի թույլատրվում: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում, անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում։ Նույն հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ընդունված ժառանգությունը ժառանգության բացման ժամանակից համարվում է ժառանգին պատկանող, անկախ այդ գույքի նկատմամբ ժառանգի իրավունքի պետական գրանցումից, եթե նման իրավունքը ենթակա է գրանցման։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունն ընդունվում է ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին ժառանգի դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ եթե այլ բան ապացուցված չէ, ապա ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել կամ կառավարել ժառանգված գույքը՝ ներառյալ, երբ ժառանգը

1) միջոցներ է ձեռնարկել գույքը պահպանելու և այն երրորդ անձանց ոտնձգություններից կամ հավակնություններից պաշտպանելու համար.

2) իր հաշվին կատարել է գույքը պահպանելու ծախսեր.

3) իր հաշվից վճարել է ժառանգատուի պարտքերը կամ երրորդ անձանցից ստացել է ժառանգատուին հասանելիք գումարները:

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում բազմիցս անդրադարձել է վկայակոչված հոդվածների վերլուծությանը: Մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ օրենսդիրը նախատեսել է ժառանգության ընդունման երկու եղանակ՝ ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին հանձնելը և ժառանգի կողմից ժառանգված գույքը փաստացի տիրապետելը կամ կառավարելը։ Ժառանգությունը ժառանգի կողմից ընդունված է համարվում, երբ նա սկսում է փաստացի տիրապետել այդ գույքը, ինչը հանդիսանում է ժառանգական գույքի նկատմամբ ժառանգի սեփականության իրավունքի ծագման նախապայման (տե՛ս, օրինակ, Արմինե Հակոբյանը և Սամվել Հակոբյանն ընդդեմ ՀՀ Կենտրոն նոտարական տարածքի նոտար Ալվարդ Մելքոնյանի և մյուսների թիվ 3-1621(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 09.11.2007 թվականի որոշումը)։

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ ժառանգական գույքի փաստացի տիրապետելու հանգամանքը կարող է ապացուցվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 47-րդ հոդվածով նախատեսված ապացույցների տեսակներով, ընդ որում, գույքի տիրապետման կամ կառավարման ապացույց կարող է հանդիսանալ նաև բնակարանային շահագործման մարմինների, համատիրությունների, բնակարանային-շինարարական կոոպերատիվների, տեղական ինքնակառավարման մարմինների և օրենսդրությամբ համապատասխան փաստաթուղթ տալու իրավունք ունեցող այլ մարմինների կողմից տրված տեղեկանքը կամ այլ ապացույցներ, որոնք ուղղակիորեն հաստատում են այն, որ ժառանգը փաստացի տիրապետմամբ ընդունել է ժառանգությունը (տե՛ս, Միշա Վարդանյանն ընդդեմ Վարդան Վարդանյանի և մյուսների թիվ 3-938(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 01.06.2007 թվականի որոշումը)։

Եթե օրենսդիրը դիմում տալու եղանակով ժառանգության ընդունման հատուկ ընթացակարգ է նախատեսել (ժառանգությունն ընդունելու կամ ժառանգական իրավունքի վկայագիր ստանալու մասին դիմումը ժառանգության բացման վայրի նոտարին վեցամսյա ժամկետում հանձնելը), ապա փաստացի տիրապետման և կառավարման եղանակով ժառանգության ընդունումը կարող է տեղի ունենալ ժառանգի կողմից ամենատարբեր բնույթի ակտիվ գործողություններ սկսելու հիմքով, որպիսիք ուղղված են ժառանգատուի գույքի փաստացի տիրապետման և կառավարման հնարավորությունների ապահովմանը (տե՛ս, Կիմա Սարգսյանն ընդդեմ Հարություն Սարգսյանի և մյուսների թիվ 3-1224(ՎԴ) քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 05.09.2007 թվականի որոշումը)։

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ ըստ օրենքի ժառանգման դեպքում ժառանգատուի մահվանից հետո վեցամսյա ժամկետում ժառանգի կողմից ժառանգված գույքի փաստացի տիրապետումն ու կառավարումն արդեն իսկ գիտակցված, ակտիվ գործողություններ են, որոնք նպատակաուղղված են ժառանգության ընդունմանը: Եթե ժառանգը, գիտակցելով, որ գույքը պատկանել է ժառանգատուին, վերջինիս մահվանից հետո տիրապետում և կառավարում է այդ գույքը, ըստ էության, գիտակցաբար կատարում է ակտիվ գործողություններ, իսկ նման գործողությունների կատարումն օրենսդիրը համարում է ժառանգության ընդունման եղանակներից մեկը: Հետևաբար բոլոր այն դեպքերում, երբ գործով հիմնավորված է ժառանգատուի մահվանից հետո ժառանգված գույքի փաստացի տիրապետման և կառավարման հանգամանքը, ըստ օրենքի ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու համար այլևս անհրաժեշտություն չկա ապացուցելու այլ ակտիվ, գիտակցված գործողությունների կատարման վերաբերյալ փաստեր (...) (տե՛ս, Սամվել Հովհաննիսյանն ընդդեմ Լիդա Հովհաննիսյանի և մյուսների թիվ ԱՐԱԴ2/0420/02/11 քաղաքացիական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 04.10.2013 թվականի որոշումը):

Վճռաբեկ դատարանը հարկ է համարում հավելել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի բովանդակությունից բխում է, որ ժառանգությունը ժառանգին անցնում է որպես մեկ միասնական ամբողջություն, հետևաբար ժառանգի կողմից ժառանգատուի ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է ամբողջ ժառանգության ընդունում, քանի որ ժառանգումն ընդհանուր, համապարփակ իրավահաջորդություն է, ուստի, որպես կանոն, հնարավոր չէ ընդունել ժառանգական գույքի միայն մի մասը, ինչպես նաև հնարավոր չէ ժառանգության պայմանով կամ վերապահումներով ընդունումը: Ամփոփելով նշվածը` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ժառանգի կողմից փաստացի տիրապետման հիմքով ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում:

 

2) ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1234-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգվող գույքի ընդհանուր սեփականության նկատմամբ կիրառվում են ընդհանուր բաժնային սեփականության մասին` նույն օրենսգրքի 12-րդ գլխի կանոնները, եթե այլ բան սահմանված չէ ժառանգության մասին նույն օրենսգրքի կանոններով: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` ժառանգությունն ընդունած ժառանգներից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջել ժառանգության բաժանում:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1236-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգության զանգվածի մեջ մտնող և երկու կամ մի քանի ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության ներքո գտնվող գույքը կարող է բաժանվել ժառանգների համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1235-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` ժառանգությունը բաժանելու դեպքում ժառանգատուի հետ գույքի նկատմամբ ընդհանուր սեփականության իրավունք ունեցող ժառանգն իրեն հասանելիք ժառանգության բաժնի հաշվին այդ գույքն ստանալու նախապատվության իրավունք ունի: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն` ժառանգությունը բաժանելու դեպքում ժառանգատուին պատկանող բնակելի տան (բնակարանի) նկատմամբ բնակելի տարածության օգտագործման իրավունք ունեցող ժառանգն իրեն հասանելիք ժառանգության բաժնի հաշվին այդ տունը (բնակարանը), ինչպես նաև տնային գործածության իրերը և այլ առարկաներն ստանալու նախապատվության իրավունք ունի: Նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն` գույքի և ժառանգության նախապատվության իրավունք ունեցող ժառանգին հասանելիք բաժնի անհամաչափությունը վերացվում է մնացած ժառանգներին ժառանգության զանգվածից այլ գույք կամ փոխհատուցում` ներառյալ համապատասխան դրամական գումար տալու միջոցով: Նույն հոդվածի 4-րդ կետի համաձայն` ժառանգը կարող է իրականացնել իր նախապատվության իրավունքը միայն մյուս ժառանգներին համապատասխան փոխհատուցում տրամադրելուց հետո, եթե այլ բան սահմանված չէ ժառանգների համաձայնությամբ:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1237-րդ հոդվածի համաձայն` ժառանգությունը բաժանելու` ներառյալ ժառանգներից մեկի բաժինը դրանից առանձնացնելու վերաբերյալ ժառանգների համաձայնության բացակայության դեպքում ժառանգությունը նույն օրենսգրքի 197-րդ հոդվածին համապատասխան բաժանում է դատարանը:

Վերոնշյալ հոդվածների վերլուծությունից հետևում է, որ այն դեպքում, երբ ժառանգությունն ընդունած ժառանգների թիվը մեկից ավելի է, ժառանգական զանգվածը վերջիններիս փոխանցվում է ընդհանուր սեփականության իրավունքով: Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ըստ օրենքի ժառանգման դեպքում նույն հերթի բոլոր ժառանգները ժառանգական գույքը ժառանգում են հավասար բաժիններով: Ժառանգության բացման օրվանից գույքը վերածվում է ժառանգների ընդհանուր բաժնային սեփականության, որի նկատմամբ կիրառվում են ընդհանուր բաժնային սեփականության վերաբերյալ կանոնները: Նման դեպքում ընդհանուր բաժնային սեփականություն համարվող ժառանգական գույքը բոլոր ժառանգների միջև բաշխվում է նրանց ընդհանուր համաձայնությամբ, իսկ վեճի դեպքում` դատական կարգով: Ընդ որում, ժառանգությունն ընդունած ժառանգներից յուրաքանչյուրն իրավունք ունի պահանջելու ժառանգության բաժանում: Օրենսդիրը սահմանել է նաև ժառանգի իրեն հասանելիք բաժնի նկատմամբ նախապատվության իրավունք այն դեպքերում, երբ ժառանգությունը բաժանելիս տվյալ ժառանգը ժառանգատուի հետ գույքի նկատմամբ ունի ընդհանուր սեփականություն իրավունք:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Գուրգեն և Արփենիկ Միքայելյաներն ամուսիններ են, իսկ Սուրեն և Հովիկ Միքայելյանները նրանց զավակներն են: Եղվարդ համայնքի քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տարածքային բաժնի կողմից տրված մահվան վկայականների համաձայն` Գուրգեն Միքայելյանը մահացել է 28.01.2007 թվականին, իսկ Արփենիկ Միքայելյանը` 11.02.2012 թվականին: Կադաստրի կողմից տրված անշարժ գույքի սեփականության իրավունքի գրանցման վկայականների համաձայն` Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի բնակելի տունը և տնամերձ հողամասը, ինչպես նաև բնակելի կառուցապատման հողամասը պատկանում են Արփենիկ Միքայելյանին և Անուշավան Միքայելյանին: 21.11.2014 թվականի ՀՀ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 21412014-01-0173 վկայականի համաձայն`Երևանի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեի 61,59քմ մակերեսով բնակելի տունն ու 0,02776հա մակերեսով տնամերձ հողամասը սեփականության իրավունքով պատկանում են Արփենիկ Միքայելյանին (11/20) և Սուրեն Միքայելյանին (9/20) բաժիններով:

Սույն գործով Դատարանը, սկզբնական հայցը մասնակիորեն, իսկ հակընդդեմ հայցն ամբողջությամբ բավարարելով, Սուրեն Միքայելյանին ճանաչել է ՀՀ Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասում, նույն համայնքում գտնվող 016-014 կադաստրային համարի 0,1850հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասում Արփենիկ Միքայելյանի բաժինների նկատմամբ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ: Հայցը՝ մնացած մասով, մերժելով՝ Դատարանը պատճառաբանել է, որ Սուրեն Միքայելյանը չի ապացուցել Երևանի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող և Արփենիկ Միքայելյանին պատկանող բնակելի տան և հողամասի բաժնեմասը փաստացի տիրապետման կամ կառավարման փաստը, մինչդեռ հակընդդեմ հայցով հայցվորի կողմից նշված փաստն ապացուցվել է:

Վերաքննիչ դատարանը, մերժելով Սուրեն Միքայելյանի վերաքննիչ բողոքը և Դատարանի վճիռը թողնելով օրինական ուժի մեջ, պատճառաբանել է, որ սկզբնական հայցով հայցվոր Սուրեն Միքայելյանը չի ներկայացրել որևէ ապացույց այն մասին, որ Երևան քաղաքի Քուչակի փողոցի 4/1 հասցեի նկատմամբ ժառանգության բացման օրվանից վեց ամսվա ընթացքում փաստացի տիրապետման եղանակով ընդունել է մոր ժառանգությունը, որպիսի պայմաններում հիմնավոր է համարել Դատարանի պատճառաբանություններն ու եզրահանգումները:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, վերոշարադրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների հետևությունները, արձանագրում է հետևյալը.

Սույն գործով Դատարանի 15.04.2016 թվականի վճիռը՝ ժառանգական զանգվածի մեջ մտնող` ՀՀ Կոտայքի մարզի Արագյուղ համայնքի 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի, նույն համայնքում գտնվող 016-014 կադաստրային համարի 0,1850հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի մասով Սուրեն Միքայելյանին ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ, չի բողոքարկվել և մտել է օրինական ուժի մեջ: Հետևաբար օրինական ուժի մեջ մտած վճռով հաստատվել է, որ Սուրեն Միքայելյանը փաստացի տիրապետման եղանակով ընդունել է ժառանգատու Արփենիկ Միքայելյանին պատկանող ժառանգության մի մասը:

Դատարանը, ժառանգական զանգվածի մեջ մտնող՝ Երևանի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեի տան և հողամասի 11/20 բաժնի նկատմամբ Սուրեն Միքայելյանի՝ ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու վերաբերյալ պահանջը մերժելով, իսկ Վերաքննիչ դատարանը, այդ մասով Դատարանի վճիռն օրինական ուժի մեջ թողնելով, պատճառաբանել են, որ Սուրեն Միքայելյանը չի կարող ճանաչվել փաստացի տիրապետման հիմքով ժառանգությունն ընդունած ժառանգ, քանի որ այդ փաստը հաստատող ապացույցներ չի ներկայացրել: Ավելին, գործում առկա ապացույցները վկայում են, որ վերը նշված վիճելի՝ Երևանի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեի տան և հողամասի 11/20 բաժնի նկատմամբ փաստացի տիրապետման կամ կառավարման հիմքով ժառանգությունն ընդունվել է Հովիկ Միքայելյանի կողմից:

Մինչդեռ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ ստորադաս դատարաններն անտեսել են, որ ժառանգի կողմից ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում` անկախ այն բանից, թե ինչ է այն իրենից ներկայացնում և որտեղ է գտնվում: Հետևաբար Սուրեն Միքայելյանի կողմից փաստացի տիրապետման հիմքով ժառանգության մի մասի ընդունումը նշանակում է իրեն հասանելիք ամբողջ ժառանգության ընդունում: Այսինքն՝ Սուրեն Միքայելյանը, փաստացի տիրապետման եղանակով ընդունելով ժառանգատու Արփենիկ Միքայելյանին պատկանող` Կոտայքի մարզի Արագյուղ գյուղի 9-րդ փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2 հասցեի բնակելի տան և տնամերձ հողամասի, ինչպես նաև Արագյուղ համայնքի 016-014 կադաստրային համարի 0,1850հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի բաժինները, փաստացի տիրապետման հիմքով ընդունել է նաև Երևանի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեի տան և հողամասի՝ ժառանգատուին պատկանող բաժնեմասը:

Անդրադառնալով Սուրեն Միքայելյանի՝ Երևանի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեի 61,59քմ մակերեսով բնակելի տունն ու 0,02776հա մակերեսով տնամերձ հողամասը ժառանգների միջև բաժանելու պահանջին՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այդ պահանջն ածանցվում է հիմնական պահանջից, այն է՝ վերը նշված վիճելի գույքի նկատմամբ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու պահանջից, որը ստորադաս դատարանների կողմից մերժվել է:

Վճռաբեկ դատարանը, միաժամանակ, արձանագրում է, որ հիմնական պահանջի մերժման պայմաններում ստորադաս դատարանների կողմից որևէ անդրադարձ չի կատարվել ածանցյալ պահանջին: Նման պայմաններում Վճռաբեկ դատարանը հնարավոր չի համարում անդրադառնալ Սուրեն Միքայելյանի՝ Երևանի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեի 61,59քմ մակերեսով բնակելի տունն ու 0,02776հա մակերեսով տնամերձ հողամասը ժառանգների միջև բաժանելու պահանջին, և գտնում է, որ այն ենթակա է քննության հիմնական պահանջի հետ միասին գործի նոր քննության ընթացքում:

 

Այսպիսով, վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը դիտում է բավարար՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 227-րդ և 228-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու համար` վերոնշյալ որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո սույն գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերը պարզելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդվածի համաձայն՝ դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և փորձագետին, վկային կանչելու, ապացույցները դրանց գտնվելու վայրում զննելու, փաստաբանի խելամիտ վարձատրության և գործի քննության հետ կապված այլ գործողությունների համար վճարման ենթակա գումարներից:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 7-րդ ենթակետերի համաձայն` պետական տուրքը վճարվում է` հայցադիմումների, դատարանի վճիռների և որոշումների դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 73-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են բավարարված հայցապահանջների չափին համամասնորեն, իսկ 3-րդ կետի համաձայն՝ վերաքննիչ կամ վճռաբեկ բողոք բերելու հետ կապված դատական ծախսերը գործին մասնակցող անձանց միջև բաշխվում են նույն հոդվածի կանոններին համապատասխան:

Վճռաբեկ դատարանը, նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը, ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 240-241.2-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Բեկանել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 13.07.2016 թվականի որոշումը և գործը՝ Երևան քաղաքի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող անշարժ գույքում Արփենիկ Միքայելյանին պատկանող բաժնեմասի նկատմամբ փաստացի տիրապետման եղանակով ժառանգությունն ընդունած ժառանգ ճանաչելու հայցի և հակընդդեմ հայցի պահանջների, ինչպես նաև Երևան քաղաքի Քուչակի փողոցի թիվ 4/1 հասցեում գտնվող, ժառանգության զանգվածի մեջ մտնող անշարժ գույքը ժառանգների միջև բաժանելու հայցապահանջի մասերով, ուղարկել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան` նոր քննության:

2. Բեկանված մասով դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Մ. Դրմեյան

Ս. Անտոնյան
Վ. Ավանեսյան
Ա. Բարսեղյան
Գ. Հակոբյան
Ռ. Հակոբյան
Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան