Գլխավոր տեղեկություն
Համար
N 303-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (05.04.2018-22.07.2022)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.04/26(1384) Հոդ.509
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
05.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

6 մարտի 2018 թվականի N 303-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ, ԱՆԻԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՊԻՏԱԿԻ, ՎԱՆԱՁՈՐԻ, ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 925-Ն ՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 17-Ի N 332-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ, 347-րդ, 352-րդ, 594-րդ, 605-րդ ու 606-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի 70-րդ հոդվածի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի N 1748-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 925-Ն որոշման 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Առաջարկել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքի ղեկավարին մինչև 2018 թվականի հոկտեմբերի 1-ը սույն որոշման 2-րդ կետում նշված`

1) շահառուների հետ կնքել նվիրատվության պայմանագրեր.

2) շենքերի չբաշխված բնակարանները նվիրել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից ներկայացված շահառուներին՝ նվիրատվության պայմանագրերում նախատեսելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվում են նվիրառուների միջոցների հաշվին:»:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի «Աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակարան (բնակելի տուն) ստացած անձանց հետ նվիրատվության պայմանագրերի կնքման վերջնաժամկետ սահմանելու մասին» N 332-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «նվիրվում են» բառերը փոխարինել «նվիրաբերվում են» բառերով.

2) որոշման 3-րդ կետում «նվիրվող» բառը փոխարինել «նվիրաբերվող» բառով:

3. Սահմանել, որ՝

1) Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով հատկացված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքի Մարալիկ բնակավայրում կառուցված NN 17, 22, 28 և 35 բազմաբնակարան շենքերից Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 4-ի N 1260-Ն որոշման համաձայն բաշխված, սակայն դեռևս Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող բնակարանները նվիրաբերվում են Անիի համայնքին.

2) Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մարտի 17-ի N 332-Ն որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետի և սույն որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետի համաձայն բնակարանները համապատասխան համայնքներին են նվիրաբերվում սույն որոշման 5-րդ կետում թվարկված պայմաններին համապատասխան.

3) սույն կետի 1-ին և 2-րդ ենթակետերում նշված բնակարանների (բնակելի տների) հետ միասին սեփականության իրավունքով համապատասխան համայնքներին են հանձնվում՝

ա. Գյումրու համայնքի և Մարալիկ բնակավայրի բազմաբնակարան շենքերի բնակարանների մասով՝ այդ բազմաբնակարան շենքերի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի ու ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը,

բ. Սպիտակի համայնքի անհատական բնակելի տների մասով՝ այդ բնակելի տների հետ, որպես միասնական գույք, պետական գրանցում ստացած և սեփականության իրավունքի գրանցման վկայականներում նշված հողամասերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում համապատասխան համայնքների ղեկավարների հետ կնքել սույն որոշման 3-րդ կետում նշված բնակարանների նվիրաբերության պայմանագրերը:

5. Սույն որոշման 3-րդ կետի համաձայն բնակարանները համապատասխան համայնքներին են նվիրաբերվում հետևյալ պայմաններով՝

1) Գյումրու և Սպիտակի համայնքների բնակարանները՝ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում բնակարան ստացած ընտանիքների և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 6-ի N 893-Ա որոշմամբ նախատեսված անձանց հետ նվիրատվության պայմանագրեր կնքելու պայմանով` ապահովելով նրանց կողմից մինչև բնակարան ստանալն զբաղեցված ոչ հիմնական շինությունը կամ ժամանակավոր կացարանը Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի նոյեմբերի 26-ի N 1402-Ն որոշման 2-րդ կետի 5.1-ին, 5.2-րդ և 6-րդ ենթակետերի դրույթների համաձայն բնակությունից ազատելու և քանդելու հետ կապված պահանջների կատարումը.

2) Մարալիկ բնակավայրի բնակարանները՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 4-ի N 1260-Ն որոշման համաձայն բնակարան ստացած անձանց հետ նույն որոշման 4-րդ կետով նախատեսված պայմանագրերը կնքելու պայմանով՝ ապահովելով նույն որոշմամբ սահմանված պահանջների կատարումը.

3) մինչև քաղաքացիների կողմից՝ իրենց հատկացված բնակարանների նկատմամբ նվիրատվության պայմանագրերի կնքումը՝ այդ քաղաքացիների հետ վարձակալության պայմանագրերի կնքման պայմանով:

6. Առաջարկել Գյումրու, Սպիտակի և Անիի համայնքների ղեկավարներին՝

1) ապահովել սույն որոշման 4-րդ կետով նախատեսված նվիրաբերության պայմանագրերի կնքման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման գործընթացը.

2) սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված գործընթացի ավարտից հետո մինչև քաղաքացիների կողմից՝ իրենց հատկացված բնակարանների նկատմամբ նվիրատվության պայմանագրերի կնքումն այդ քաղաքացիների հետ կնքել վարձակալության պայմանագրեր.

3) սույն կետի 2-րդ ենթակետի համաձայն կնքվող վարձակալության պայմանագրերում որպես վարձավճարի չափ սահմանել համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տարածքների համար համապատասխան համայնքի ավագանու կողմից սահմանված վճարի չափը, իսկ բազմաբնակարան շենքերի բնակարանների մասով՝ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հոկտեմբերի 4-ի N 1161-Ն որոշման 2-րդ կետով նախատեսված՝ պարտադիր իրականացման ենթակա միջոցառումների և աշխատանքների արժեքը.

4) քաղաքացիների հետ սույն որոշմամբ նախատեսված նվիրատվության պայմանագրերի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի նոյեմբերի 4-ի N 1260-Ն որոշմամբ նախատեսված պայմանագրերի կնքման գործընթացն ավարտել սույն կետի 1-ին ենթակետով նախատեսված պետական գրանցման օրվան հաջորդող վեց ամսվա ընթացքում:

7. Սահմանել, որ`

1) սույն որոշման 4-րդ կետի համաձայն կնքվող նվիրաբերության պայմանագրերի և 6-րդ կետի 2-րդ ենթակետի համաձայն կնքվող վարձակալության պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվում են համապատասխան համայնքների միջոցների հաշվին.

2) սույն որոշման համաձայն՝ համապատասխան համայնքների և քաղաքացիների միջև կնքվող նվիրատվության պայմանագրերի նոտարական վավերացման և դրանցից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարումները կատարվում են քաղաքացիների միջոցների հաշվին:

8. Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետներին՝ սույն որոշմամբ սահմանված նվիրաբերության պայմաններով համապատասխանաբար Գյումրու, Սպիտակի, Ստեփանավանի և Վանաձորի համայնքներին նվիրաբերել 2000-2004 թվականներին Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, Լինսի, «Ջոն և Կարեն Հանթսման», «Հայաստան» համահայկական հիմնադրամների և Ամերիկյան կարմիր խաչի միջոցներով Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրու, Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի, Ստեփանավանի և Սպիտակի համայնքներում կառուցված բազմաբնակարան շենքերի՝ դեռևս Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի և Լոռու մարզպետարանների սեփականությունը հանդիսացող բնակարանները, ինչպես նաև այդ բազմաբնակարան շենքերի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ հողամասի ու ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքը:

9. Սահմանել, որ աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով պետական աջակցությամբ իրականացված բնակարանային շինարարության ծրագրի շրջանակներում 2010 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասում և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Վարպետաց թաղամասում, 2012 թվականին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Մուշ-2 և Անի թաղամասերում կառուցված բազմաբնակարան շենքերի (բնակելի տների), ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարեկան պետական բյուջեներով հատկացված միջոցների հաշվին Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Անիի համայնքի Մարալիկ բնակավայրում 2013 թվականին կառուցված NN 17, 22, 28 և 35 բազմաբնակարան շենքերի չբաշխված բնակարանները (բնակելի տները) բաշխում և հատկացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը:

10. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. մարտի 27

Երևան

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
21.07.2022, N 1113-Ն 22.07.2022, N 303-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան