Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (21.08.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.02.14/11(1369) Հոդ.153
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
21.08.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
21.08.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.08.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
 
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
 
 ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԼԴ/0108/01/10

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Ս. Ավետիսյանի

 

մասնակցությամբ դատավորներ`

Ս. Օհանյանի

   

Հ. Ասատրյանի

   

Ե. Դանելյանի

   

Լ. Թադևոսյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

     
  քարտուղարությամբ`

Մ. Պետրոսյանի

2017 թվականի օգոստոսի 21-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով նոր հանգամանքի հիմքով Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի ապրիլի 12-ի որոշման դեմ դատապարտյալ Սպարտակ Հենրիկի Մանուչարյանի պաշտպան Տ.Մատինյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. 2009 թվականի հուլիսի 1-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Լոռու մարզի քննչական բաժնի Թումանյանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 55105509 գործը։

Նույն օրը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժին է ներկայացել Սպարտակ Մանուչարյանը, ով ձերբակալվել է։

Նախաքննության մարմնի` 2009 թվականի հուլիսի 3-ի որոշմամբ Ս.Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով։

2010 թվականի ապրիլի 27-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։

2. Առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 4-ի դատավճռով Սպարտակ Մանուչարյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման` 13 տարի ժամկետով։

3. Ս.Մանուչարյանի պաշտպան Է.Մարուքյանի վերաքննիչ բողոքի հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) 2011 թվականի հունվարի 26-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 4-ի դատավճիռը` օրինական ուժի մեջ թողնելու մասին։

4. Վերաքննիչ դատարանի վերոգրյալ որոշման դեմ պաշտպան Է.Մարուքյանի վճռաբեկ բողոքը Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի ապրիլի 12-ի որոշմամբ վերադարձվել է։

5. Սպարտակ Մանուչարյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) 2016 թվականի նոյեմբերի 24-ին Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 35688/11) վճիռ է կայացրել, որով ճանաչել է դիմումատուի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` նաև Կոնվենցիա) երաշխավորված իրավունքների խախտման փաստը։

6. Դատապարտյալ Ս.Մանուչարյանի պաշտպան Տ.Մատինյանը, որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի վերոնշյալ վճիռը, Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի ապրիլի 12-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք է ներկայացրել։

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հուլիսի 28-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցվել է նույն դատարանի` 2011 թվականի ապրիլի 12-ի որոշման վերանայման վարույթ, և դատապարտյալ Ս.Մանուչարյանի պաշտպան Տ.Մատինյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել։

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել։

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. Ս.Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա «(...) ապօրինի կրել է զենք և շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկել Կարեն Սոխակյանին։

Այսպես.

2009 թվականի հուլիսի լույս 1-ի գիշերը` ժամը 01։20-ի սահմաններում, Ալավերդի քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի թիվ 18-րդ շենքի մոտ Սպարտակ Մանուչարյանը, ապօրինի կերպով կրելով ինքնաձիգ տեսակի հրազեն, անբարյացակամ հարաբերությունների հետևանքով, վրեժխնդիր լինելու շարժառիթով, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ նույն զենքից կրակել է «Կրայսլեր» մակնիշի 16 ՕԼ 214 պետհամարանիշի ավտոմեքենայի ղեկին նստած համաքաղաքացի Կարեն Սոսի Սոխակյանին և սպանել նրան (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 2-րդ, թերթեր 218-224)։

8. Առաջին ատյանի դատարանի դատավճռի համաձայն` «(...) [Ն]ախաքննական մարմնի կողմից Սպարտակ Մանուչարյանին ՀՀ քր. օր-ի 104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235 հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքը որակված է ճիշտ, իսկ ամբաստանյալի ցուցմունքն այն մասին, որ ինքը նման հանցագործություն չի կատարել, անհիմն է, արժանահավատ չէ, որն ապացուցված է ինչպես գործով տուժողի իրավահաջորդի, վկաների ցուցմունքներով, այնպես էլ քրեական գործով ձեռք բերված մի շարք այլ ապացույցներով` (...) [տ]ուժողի իրավահաջորդ, Կարեն Սոխակյանի քույր Սոնա Սոխակյանի ցուցմունքով, (...) [գ]ործով վկա Քրիստինե Մատինյանի նախաքննական ցուցմունքով, (...) [գ]ործով վկաներ Սեդա Մատինյանի նախաքննական և Արծրուն Մատինյանի նույնաբովանդակ ցուցմունքներով, (...) [գ]ործով վկա Վոլոդյա Ջամալյանի նախաքննական ցուցմունքով [Վ.Ջամալյանն իր ցուցմունքը պնդել է նաև նախաքննության ընթացքում Ս.Մանուչարյանի հետ առերես հարցաքննության ժամանակ], (...) դեպքի վայրի զննության արձանագրությամբ, (...) դիակի զննության արձանագրությամբ, (...) ավտոմեքենայի զննության արձանագրությամբ, (...) առգրավում կատարելու արձանագրությամբ (...) [ա]նձին լուսանկարով ճանաչման ներկայացնելու (...) արձանագրությամբ [Քրիստինե Մատինյանի մասնակցությամբ], (...) մեղայականով ներկայանալու և ինքնաձիգը ներկայացնելու արձանագրություններով, (...) [դ]ատաբժշկական փորձաքննության թիվ 98/Դ եզրակացությամբ, (...) [դ]ատաձգաբանական, դատաքիմիական և դատահետքաբանական համալիր փորձաքննության (...) թիվ 2030-09 եզրակացությամբ (...), [դ]ատակենսաբանական փորձաքննության թիվ 360 եզրակացությամբ, (...) [դ]ատաձգաբանական, դատաքիմիական և դատաբժշկական համալիր փորձաքննության թիվ 3519 եզրակացությամբ, (...) [դ]ատաքիմիական փորձաքննության թիվ 098410003 եզրակացությամբ, (...) [ի]րեղեն ապացույց[ներով] (...)»։

Վկա Ք.Մատինյանը դատարան չի ներկայացել, և հրապարակվել են նրա` նախաքննության ընթացքում տրված ցուցմունքները (տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 209-214)։

9. Վերաքննիչ դատարանը եզրահանգել է, որ «(...) [Ձ]եռք բերված բավարար ապացույցների հիման վրա [ամբաստանյալ Ս.Մանուչարյանի] արարքին տրվել է քրեաիրավական ճիշտ գնահատական, ուստի արդարացման դատավճիռ կայացնելու կամ արարքը վերաորակելու կամ պատիժը մեղմացնելու հիմքեր չկան։

(...) [Վ]երաքննիչ դատարանը (...) հանգում է այն հետևության, որ ամբաստանյալ Սպարտակ Հենրիկի Մանուչարյանի մեղքը (...) հիմնավորված և հաստատված է գործին վերաբերող փոխկապակցված, հավաստի ապացույցների բավարար ամբողջությամբ, քրեական գործի ինչպես նախաքննությամբ, այնպես էլ դատաքննության ընթացքում քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք գործին մասնակցող անձանց օրենքով երաշխավորված իրավունքներից զրկելու կամ դրանցում սահմանափակելու կամ այլ ճանապարհով խոչընդոտել են գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմանը, ազդել են կամ կարող են ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, թույլ չեն տրվել, և գործի փաստական հանգամանքների մասին դատարանի դատավճռում շարադրված հետևությունները բխում են քրեական գործով ձեռք բերված ապացույցներից (...)»։

Վերաքննիչ դատարանում ևս գործի դատաքննությունն անցել է վկա Ք.Մատինյանի բացակայությամբ (տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 54-62)։

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

10. Բողոքաբերի պնդմամբ Եվրոպական դատարանի դատական ակտում արտահայտված իրավական դիրքորոշումները հիմք են Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի ապրիլի 12-ի որոշումը վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար։

Բողոքի հեղինակը նշել է, որ դատապարտյալ Ս.Մանուչարյանի գանգատի կապակցությամբ Եվրոպական դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և նույն հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում։ Մասնավորապես, Եվրոպական դատարանը փաստել է, որ անհիմն կերպով սահմանափակվել է Ս.Մանուչարյանի` իր դատապարտման հարցում որոշիչ դեր ունեցող ցուցմունքներ տված անձին հարցաքննելու իրավունքը։ Բողոքաբերը մեջբերել է նաև Եվրոպական դատարանի հիմնավորումներն առ այն, որ Ս.Մանուչարյանի համար փոխհատուցման ամենապատշաճ ձևը վարույթի վերաբացումն է և գործի վերաքննությունը` արդար դատաքննության պահանջներին համապատասխան։

11. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է վերանայել Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի ապրիլի 12-ի որոշումը, բեկանել Առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 4-ի դատավճիռն ու Վերաքննիչ դատարանի` 2011 թվականի հունվարի 26-ի որոշումը և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության։

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռն արդյո՞ք նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի ապրիլի 12-ի որոշումը վերանայելու համար։

13. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը։

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»։

Նույն օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(…)։

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից (…)»։

Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16, Հրաչյա Մուրադյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 30-ի թիվ 1-81/2005 - Զ-139/06 - ՎՔԲ-195/06 - Զ-510/06 որոշումները)։

14. Այսպես` Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ Սպարտակ Մանուչարյանի նկատմամբ տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի հետ համատեղ՝ կապված իր դեմ ցուցմունք տված վկային հարցաքննելու հնարավորությունից զրկված լինելու հետ։

14.1. Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը քննարկվող գործի շրջանակներում վերահաստատել է արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ մասը կազմող և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետով երաշխավորված` իր դեմ ցուցմունք տվող վկաներին հակընդդեմ հարցման ենթարկելու իրավունքի վերաբերյալ նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստելով. «(…) Որպես ընդհանուր կանոն, 6-րդ հոդվածի 1-ին կետով և 3-րդ կետի «դ» ենթակետով պահանջվում է, որ ամբաստանյալին տրվի վիճարկելու և իր դեմ ցուցմունք տվող վկային հարցաքննելու համարժեք և պատշաճ հնարավորություն կա՛մ նրա կողմից ցուցմունք տալու ժամանակ, կա՛մ հետագա փուլերում (...)։

(...) [Հրապարակային դատաքննությանը վկայի չներկայանալու դեպքում կիրառման ենթակա] սկզբունքները կարող են ամփոփ ներկայացվել հետևյալ կերպ`

i) [Եվրոպական դատարանը] նախևառաջ պետք է ուսումնասիրի այն նախնական հարցը, թե արդյոք առկա է հիմնավոր պատճառ` քննությունից բացակայող վկայի տված ցուցմունքը որպես ապացույց ճանաչելու համար` հաշվի առնելով այն հանգամանքը, որ վկաները, որպես ընդհանուր կանոն, պետք է ցուցմունք տան դատաքննության ժամանակ, և որ ողջամիտ ջանքեր պետք է ներդրվեն` նրանց ներկայությունը երաշխավորելու համար.

ii) չներկայանալու պատճառներից հատկանշական են, օրինակ, (...) վկայի բացակայությունը քննությունից մահվան կամ վրեժխնդրության երկյուղի հիմքով։ Այնուամենայնիվ, առկա են նաև վկայի կողմից դատաքննությանը չներկայանալու այլ իրավաչափ հիմքեր.

iii) եթե վկան չի հարցաքննվել վարույթի որևէ նախնական փուլում, ապա վկայի ցուցմունքը դատաքննության ժամանակ կենդանի վկայության փոխարեն թույլատրելը պետք է ծառայի որպես ծայրահեղ միջոց.

iv) քննությունից բացակայող վկաների` արդեն իսկ տված ցուցմունքը որպես ապացույց ճանաչելը հնարավոր անբարենպաստ հետևանքներ է առաջացնում ամբաստանյալի համար, որը, ըստ էության, քրեական դատավարության ընթացքում պետք է արդյունավետ հնարավորություն ունենա վիճարկելու իր դեմ ուղղված ապացույցները։ Մասնավորապես, նա պետք է հնարավորություն ունենա ստուգելու վկայի ցուցմունքների ճշմարտացիությունը և հավաստիությունը` վկաներին իր ներկայությամբ բանավոր հարցաքննելու միջոցով` վկայի կողմից ցուցմունք տալու ժամանակ կամ վարույթի հետագա փուլերում.

v) «միակ կամ որոշիչ կանոնի» համաձայն` այն դեպքում, երբ ամբաստանյալի դատապարտումը բացառապես կամ հիմնականում հիմնված է այն վկաների տված ցուցմունքների վրա, որոնց մեղադրյալը չի կարող հարցաքննել վարույթի որևէ փուլում, նրա պաշտպանության իրավունքներն անհիմն կերպով սահմանափակվում են.

vi) այս համատեքստում «որոշիչ» բառը պետք է ընկալվի նեղ իմաստով` որպես միայն այնպիսի նշանակության կամ կարևորության ապացույց, որը կարող է որոշիչ լինել գործի ելքի համար։ Եթե վկայի չստուգված ցուցմունքը հիմնավորվում է այլ հաստատված ապացույցներով, ապա դրա որոշիչ լինելու հանգամանքը գնահատելը կախված է հիմնավորող ապացույցների ապացուցողական ուժից. որքան ծանրակշիռ են մեղավորությունը հաստատող մյուս ապացույցները, այնքան ավելի քիչ հավանական է, որ քննությունից բացակայող վկայի ցուցմունքը համարվի որոշիչ.

vii) այնուամենայնիվ, քանի որ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 3-րդ կետը պետք է մեկնաբանվի վարույթի արդարացիության ընդհանուր ուսումնասիրության համատեքստում, միակ կամ որոշիչ կանոնը չպետք է կիրառվի ոչ ճկուն եղանակով.

viii) մասնավորապես, եթե ուրիշի խոսքի վրա հիմնված ցուցմունքն ամբաստանյալի դեմ ուղղված միակ կամ որոշիչ ապացույցն է, ապա այն որպես ապացույց ճանաչելը մեխանիկորեն չի հանգեցնում 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտման։ Միևնույն ժամանակ, եթե դատապարտման համար միակ կամ որոշիչ հիմք են հանդիսանում քննությունից բացակայող վկաների ցուցմունքները, ապա [Եվրոպական դատարանը] գործը պետք է առավել մանրազնին քննության ենթարկի։ Այդպիսի ցուցմունքները որպես ապացույց ճանաչելուց բխող վտանգներից ելնելով` դա շատ կարևոր գործոն է հավասարակշռությունն ապահովելու հարցում, և դրա համար անհրաժեշտ են բավարար հակակշռող գործոններ, այդ թվում` ծանրակշիռ ընթացակարգային երաշխիքների առկայություն։ Յուրաքանչյուր գործում հարցն այն է, թե արդյոք առկա են բավարար հակակշռող գործոններ, այդ թվում` այդ ապացույցների հավաստիության արդարացի և պատշաճ գնահատումը թույլատրող միջոցներ։ Դա կարող է թույլ տալ դատապարտման հիմքում դնել այդպիսի ապացույցներ միայն այն դեպքում, երբ դրանք բավականաչափ հավաստի են` գործի համար դրանց կարևորությունից ելնելով (…)» (տե՛ս Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 46-47-րդ կետերը)։

15. Վերոգրյալ սկզբունքները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Եվրոպական դատարանը վերլուծության առարկա է դարձրել այդ չափանիշների՝ ներպետական դատարանների կողմից պահպանված լինելու հարցը։

15.1. Մասնավորապես, անդրադառնալով այն խնդրին, թե արդյոք վկայի՝ դատական քննությանը չներկայանալու համար եղել են հիմնավոր պատճառներ` Եվրոպական դատարանը նշել է. «(…) [Առաջին ատյանի դատարանը] և Վերաքննիչ դատարանը դիմումատուի գործը քննել են վկա Ք. Մ.-ի բացակայությամբ, որը հանդիսացել է սպանության միակ ականատես վկան, և որը նույն օրը ոստիկանության կողմից հարցաքննվելու ժամանակ տվել է դիմումատուի մեղավորությունն ուղղակիորեն հաստատող ցուցմունք (...)։ [Առաջին ատյանի դատարանը] մի քանի անգամ հետաձգել է լսումները` փորձելով ապահովել Ք.Մ.-ի ներկայությունը դիմումատուի գործով դատաքննությանը, ինչպես նաև այդ հարցում դիմել է ոստիկանության աջակցությանը (...)։ Վերաքննիչ դատարանն իր հերթին փորձել է ապահովել Ք.Մ.-ի ներկայությունը դատաքննությանը գործն իր վարույթում գտնվելու ժամանակ (...)։ [Եվրոպական դատարանն] այնուհետև նշում է, որ ոստիկանությանն անընդմեջ չի հաջողվել կատարել [Առաջին ատյանի դատարանի] կարգադրությունները` Ք.Մ.-ի կողմից դատաքննությանը հարկադրաբար ներկայանալու վերաբերյալ, սակայն, ըստ ոստիկանության, հնարավոր չի եղել պարզել նրա գտնվելու վայրը, և ենթադրվում է, որ նա մեկնել է երկրից (...)։

(...) Այդ կապակցությամբ [Եվրոպական դատարանը] վերահաստատում է, որ ընդհանուր առմամբ ցուցաբերել է ողջամիտ մոտեցում` որոշելու համար` արդյոք ներպետական դատարանն ունեցել է հիմնավոր փաստական կամ իրավական հիմքեր` դատաքննությանը վկայի ներկայությունը չապահովելու համար։ Այն գտել է, որ վկայի բացակայությունն այն երկրից, որտեղ անցկացվել է վարույթը, ինքնին բավարար հիմք չէ դատաքննությունից նրա բացակայության փաստը հիմնավորելու համար (...)։ Մասնավորապես, վկայի գտնվելու վայրը հայտնի չլինելու դեպքում [Եվրոպական դատարանը] գտել է, որ իշխանությունները պետք է «ակտիվորեն փնտրեն վկային» և ձեռնարկեն «բոլոր ողջամիտ միջոցները վկայի ներկայությունն ապահովելու համար» (...)։

(...) Սույն գործում [Եվրոպական դատարանի] համար համոզիչ չէ այն հանգամանքը, որ գործադրվել են բոլոր ողջամիտ ջանքերը` դիմումատուի գործով դատաքննությանը վկա Ք. Մ.-ի ներկայությունն ապահովելու համար։ Ճշմարիտ է այն հանգամանքը, որ, ինչպես արդեն նշվել է, [Առաջին ատյանի] դատարանը փորձել է ապահովել Ք.Մ.-ի ներկայությունը դատավարությանը գործն իր վարույթում գտնվելու ժամանակ` մի քանի անգամ հետաձգելով լսումները և դիմելով ոստիկանության օգնությանը` դատաքննությանը նրա հարկադրաբար ներկայանալն ապահովելու համար։ Այնուամենայնիվ, այդ միջոցները եղել են ապարդյուն` հաշվի առնելով դատարանի կարգադրությունը ոստիկանության կողմից կատարելու անընդմեջ ձախողումը։ Այն իրավիճակում, երբ ոստիկանությունը զուտ մի քանի անգամ այցելել է Ք.Մ.-ի տուն և տեղեկանալով, որ նա արտասահմանում է գտնվում, ո՛չ ստուգել է այդ տեղեկատվության հավաստիությունը և ո՛չ էլ փորձել է պարզել վերջինիս գտնվելու վայրը, ինչը հնարավորություն կտար դատարանին դիմելու միջազգային իրավական օգնության, [Եվրոպական դատարանը] չի կարող համարել, որ իշխանություններն «ակտիվորեն փնտրել են վկային» և ձեռնարկել «բոլոր ողջամիտ միջոցները` վկայի ներկայությունն ապահովելու համար» (տե՛ս Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 49-52-րդ կետերը)։

15.2. Անդրադառնալով չներկայացած վկայի ցուցմունքը «միակը և վճռորոշը» լինելու հարցին՝ Եվրոպական դատարանն արձանագրել է. «(...) [Եվրոպական դատարանի] դիտարկմամբ [Առաջին ատյանի] դատարանի և Վերաքննիչ դատարանի վճիռներում Ք.Մ.-ի մինչդատական ցուցմունքն ընդունվել է որպես դիմումատուի մեղավորությունը հաստատող ապացույց` առանց գնահատելու այդ ապացույցի ապացուցողական արժեքը։ Հետևաբար, [Եվրոպական դատարանը] պետք է սեփական գնահատականը տա քննությունից բացակայող վկայի ցուցմունքի ծանրակշիռ լինելու հանգամանքին` հաշվի առնելով մեղավորությունը հաստատող մյուս առկա ապացույցները (...)։

(...) Ինչպես արդեն նշվել է, Ք.Մ.-ն եղել է հանցագործության միակ ականատես վկան։ Նա ճանաչել է դիմումատուին, ով եղել է իր հարևանը, և մատնացույց է արել նրան ոստիկանության կողմից հարցաքննության ժամանակ (...)։ Կասկածի տակ չի կարող դրվել այն հանգամանքը, որ Ք.Մ.-ի ցուցմունքը միակ ապացույցը չէ, որի վրա հիմնվել է դիմումատուի դատապարտումը։ Այնուամենայնիվ, վկայի մինչդատական ցուցմունքը միակ ուղղակի ապացույցն է, որը հիմնավորում է այն հայտարարությունը, որ դիմումատուն է կրակ արձակել Կ.Ս.-ի ավտոմեքենայի վրա։ Այդ իմաստով դիմումատուի գործում Ք.Մ.-ն կարող է դիտարկվել որպես մեղադրող կողմի հիմնական վկա։ Ինչ վերաբերում է ապացույցների մնացած մասին, Ս.Ս.-ի ցուցմունքը զուտ ապացուցում է, որ Կ.Ս.-ի և դիմումատուի միջև առկա են եղել լարված հարաբերություններ, մինչդեռ Ք.Մ.-ի ծնողների` Ա.Մ.-ի և Ս.Մ.-ի ցուցմունքները հիմնված են եղել դեպքերի մասին Ք.Մ.-ի տված ցուցմունքների վրա (...)։ Ճշմարիտ է այն հանգամանքը, որ Վ.Ջ.-ի ցուցմունքը, որը նա վերահաստատել է առերես հարցաքննության ժամանակ, հակասում է դիմումատուի պաշտպանական ցուցմունքին այն մասին, որ հանցագործության կատարման ժամանակ նա եղել է Վ.Ջ.-ի տանը (...)։ Այնուամենայնիվ, միայն Վ.Ջ.-ի ցուցմունքն առանձին չի ապացուցում, որ ավտոմեքենայի վրա կրակ արձակողը եղել է դիմումատուն և ոչ թե նրա եղբայրը, ինչպես նշել էր դիմումատուն իր խոստովանական ցուցմունքից հրաժարվելուց հետո։ Կառավարությունը չի կարողացել հիմնավորել, որ մնացած բոլոր ապացույցները, այդ թվում` դատաբժշկական փորձաքննությունը բավարար են որոշիչ կերպով պնդելու համար, որ հանցագործությունը կատարվել է դիմումատուի և ոչ թե մեկ այլ անձի, օրինակ՝ նրա եղբոր կողմից։ Օրինակ, ներպետական դատարանների վճիռներից չի բխում, որ դեպքի օրը դիմումատուի հագին եղած հագուստի վրա կրակոցի` դատաբժշկական փորձաքննությամբ հաստատված հետքերն ապացուցում են, որ կրակոցների հեղինակը եղել է նա։ Վերոնշյալից ելնելով` [Եվրոպական դատարանը] գտնում է, որ դիմումատուի դատապարտման համար որոշիչ են եղել քննությունից բացակայող վկա Ք.Մ.-ի ցուցմունքները (...)» (տե՛ս Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 55-56-րդ կետերը)։

15.3. Բավարար «հակակշռող գործոններ» լինելու չափանիշի առնչությամբ Եվրոպական դատարանը փաստել է. «(…) [Առաջին ատյանի] դատարանի վճիռը չի պարունակում իրեն ներկայացված ապացույցների վերլուծություն, ինչպես նաև ավելի փոքր նշում այն մասին, որ դատարանը տեղյակ է եղել վկայի չստուգված ցուցմունքների, այդ թվում` Ք.Մ.-ի ցուցմունքի նվազ ապացուցողական արժեքի մասին։ Բոլոր ապացույցները պարզապես ներկայացվել են որպես դիմումատուի կողմից հանցագործության կատարման ապացույց` առանց վկայի չստուգված ցուցմունքի հավաստիության գնահատման (...)։ Հետևաբար [Եվրոպական դատարանը] գտնում է, որ դատաքննություն անցկացնող դատարանը պատշաճ կարգով չի քննել Ք.Մ.-ի ցուցմունքի հավաստիության հարցը։

(...) [Եվրոպական դատարանն] այնուհետև նշում է, որ, ինչպես արդեն վերևում նշվել է, [Առաջին ատյանի] դատարանն ունեցել է դիմումատուի մեղավորությունը հաստատող լրացուցիչ ապացույց (...)։ Այնուամենայնիվ, ինչպես արդեն նշվել է, լրացուցիչ ապացույցը, ի տարբերություն Ք.Մ.-ի ցուցմունքի, ինքնին չի խաթարել դիմումատուի պաշտպանության իրականացումն այն մասով, որ իր մահացած եղբայրն է կատարել սպանությունը։

(...) Ի վերջո, [Եվրոպական դատարանը] նշում է, որ դատավարական որևէ միջոց չի ձեռնարկվել` իր գործով դատաքննության ժամանակ Ք.Մ.-ին խաչաձև հարցաքննելու հնարավորության բացակայությունը հատուցելու համար։ Դիմումատուն հնարավորություն չի ունեցել հարցաքննելու Ք.Մ.-ին վարույթի որևէ փուլում։ Ավելին` դիմումատուն Վերաքննիչ դատարանից պահանջել է Ք.Մ.-ի ցուցմունքը հայտարարել անընդունելի, սակայն իր պահանջը որևէ կերպ չի բավարարվել (…)» (տե՛ս Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 58-60-րդ կետերը)։

Վերոգրյալի հիման վրա Եվրոպական դատարանը գտել է, որ անհիմն կերպով սահմանափակվել է Ս.Մանուչարյանի` վկա Ք.Մ.-ին հարցաքննելու իրավունքը, ում վկայությունները որոշիչ դեր են ունեցել իր դատապարտման հարցում։ Հետևաբար, ըստ Եվրոպական դատարանի` տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի և 3-րդ կետի «դ» ենթակետի խախտում։

16. Այսպիսով, նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանը հաստատված է համարել սույն գործով դատապարտված անձի՝ Ս.Մանուչարյանի` միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի իմաստով Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճիռը նոր հանգամանք է Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի ապրիլի 12-ի որոշումը վերանայելու համար։

17. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցն արդյո՞ք վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։

18. Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանը, վերահաստատելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրվելու դեպքում վարույթը վերաբացելու առնչությամբ իր նախադեպային իրավունքում ձևավորած իրավական դիրքորոշումները, փաստել է. «(…) այն վճիռը, որում [Եվրոպական դատարանը] Կոնվենցիայի կամ դրան կից արձանագրությունների խախտում է արձանագրում, պատասխանող Պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց անհրաժեշտության դեպքում վճարելու այն գումարները, որոնք վճռել է տրամադրել որպես արդարացի փոխհատուցում, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրելու, թե հարկ եղած դեպքում ինչպիսի ընդհանուր և (կամ) մասնավոր միջոցներ պետք է ընդունվեն ներպետական իրավական համակարգում` [Եվրոպական դատարանի] կողմից արձանագրված խախտումն արմատապես վերացնելու և դրա հետևանքները հարթելուն ուղղված հնարավոր այնպիսի հատուցում տրամադրելու համար, որը հնարավորինս կվերականգնի նախքան խախտումն առկա իրավիճակը (...)։ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտում արձանագրելու դեպքում դիմումատուի համար հնարավորինս պետք է ստեղծվի այնպիսի իրավիճակ, որում նա կգտնվեր, եթե այդ դրույթի պահանջներն անտեսված չլինեին (...Ինչպես [Եվրոպական դատարանը] նախկինում նշել է իր նախադեպերում, այնպիսի գործերում, ինչպես օրինակ սույն գործն է, փոխհատուցման ամենապատշաճ ձևը, որպես կանոն, վարույթի պատշաճ կարգով վերաբացումն է և գործի վերաքննությունը` արդար դատաքննության բոլոր պահանջներին համապատասխան (...(տե՛ս Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 67-68-րդ կետերը)։

19. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մանուչարյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 6-րդ հոդվածի խախտումը վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է։ Ուստի Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանների դատական ակտերը պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության։

Վճռաբեկ դատարանը փաստում է, որ նոր դատաքննության ընթացքում Առաջին ատյանի դատարանը, վերացնելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումները, յուրաքանչյուր ապացույց գնահատելով վերաբերելիության, թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ` գործի լուծման համար բավարարության տեսանկյունից, պետք է հանգի համապատասխան հետևության։

20. Անդրադառնալով Սպարտակ Մանուչարյանի խափանման միջոցի հարցին` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ առկա են նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու պայմաններն ու հիմքերը։ Մասնավորապես` Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով Ս.Մանուչարյանին վերագրված հանցագործությունների հանրային վտանգավորության բնույթը, ծանրության աստիճանը, կատարման եղանակը և շարժառիթը, արձանագրում է, որ Ս.Մանուչարյանը, մինչև գործի նոր քննության ընթացքում խափանման միջոցի հարցի լուծումը մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել վարույթն իրականացնող մարմնից, խոչընդոտել դատարանում գործի քննությանը։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Վճռաբեկ դատարանի` 2011 թվականի ապրիլի 12-ի որոշումը վերանայել։

2. Սպարտակ Հենրիկի Մանուչարյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2010 թվականի նոյեմբերի 4-ի դատավճիռը և այն անփոփոխ թողնելու վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2011 թվականի հունվարի 26-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության։

3. Սպարտակ Հենրիկի Մանուչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը։

4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Ս. Օհանյան

  Հ. Ասատրյան
  Ե. Դանիելյան
  Լ. Թադևոսյան
  Ա. Պողոսյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան