Գլխավոր տեղեկություն
Համար
N 355-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (16.04.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.04.06/28(1386).1 Հոդ.536.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
29.03.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
04.04.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.04.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

29 մարտի 2018 թվականի N 355-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 4-Ի N 318-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 8-րդ և 9-րդ ենթակետերով.

«8) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերին մատուցվող ծառայությունների ծավալները և փոխհատուցման ձևերը` համաձայն N 8 հավելվածի.

9) 12 տարեկան երեխաներին պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագրի շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների իրականացման կարգը՝ համաձայն N 9 հավելվածի։».

2) որոշումը լրացնել նոր` NN 8 և 9 հավելվածներով՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների.

3) որոշման N 1 հավելվածի 1-ին կետում և N 2 հավելվածի 12-րդ կետի 5-րդ ենթակետում «30.00» թիվը փոխարինել «30.01» թվով.

4) որոշման N 1 հավելվածի 10-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. 12 տարեկան երեխաներ` ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայությունների մասով, 65 տարեկան և ավելի բարձր տարիքի անձինք` ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունների մասով։».

5) որոշման N 2 հավելվածի՝

ա. 12-րդ կետի 5-րդ ենթակետից հանել «արտահիվանդանոցային ստոմատոլոգիական ծառայություններ և» բառերը,

բ. 12-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«6) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող` բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ` համաձայն N 8 հավելվածի.

7) 12 տարեկան երեխաներին տրամադրվում են պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ` համաձայն N 9 հավելվածի:»,

գ. 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 2-րդ ենթակետով.

«2) պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված անձանց արտոնյալ պայմաններով տրամադրվում են պետության կողմից երաշխավորված ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ` համաձայն N 8 հավելվածի։»,

դ. 33-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «և «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» բառերը,

ե. 33-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 6-րդ և 7-րդ ենթակետերով.

«6) «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» պայմանագրային գումարն ըստ Երևան քաղաքի և ըստ Հայաստանի Հանրապետության մարզերի հաշվարկվում են շահառուների թվի համամասնությամբ: Հայաստանի Հանրապետության մարզերից Երևան քաղաքում բժշկական օգնություն ստացող հիվանդների համար՝ սույն ենթակետով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության մարզերի համար հաշվարկված պայմանագրային գումարի 20 տոկոսն ուղղվում է Երևան քաղաքի համար հաշվարկված պայմանագրային գումարին: Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր մարզի ընդհանուր պայմանագրային գումարի սահմաններում առանձին կազմակերպությունների պայմանագրային գումարը սահմանվում է տվյալ կազմակերպության նախորդ տարվա պայմանագրային գումարի համամասնությամբ: Առանձին կազմակերպություններում ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների ծավալների ընդլայնման կամ նոր ծառայությունների իրականացման դեպքում նախարարի անհատական իրավական ակտով կարող են փոփոխվել սույն ենթակետով սահմանված կարգով հաշվարկված պայմանագրային գումարները.

7) «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագրի շրջանակներում պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու թույլտվություն ստացած կազմակերպությունների պայմանագրային գումարները հաշվարկվում են Երևանի քաղաքապետի և Հայաստանի Հանրապետության մարզպետների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա նախարարի կողմից հաստատված շահառուների թվի և մեկ շահառուի համար Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշմամբ սահմանված կարգով հաստատված գնի արտադրյալով:».

6) որոշման N 3 հավելվածի՝

ա. 6-րդ կետն «Ուռուցքաբանական և արյունաբանական հիվանդությունների բժշկական օգնության ծառայություններ» բառերից հետո լրացնել «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» բառերով, իսկ «Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններ» ծրագրերի շրջանակներում» բառերը փոխարինել «Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի շրջանակներում իրականացվող լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտությունների շրջանակներում» բառերով,

բ. 1-ին բաժնի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին ծրագրերում պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 7.1-ին և 7.2-րդ կետերով.

«7.1. Սույն հավելվածի 1-ին բաժնի 7-րդ կետը չի տարածվում «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի վրա:

7.2. «Ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններ» ծրագրի մասով համավճարը չի տարածվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 8 հավելվածում ներկայացված՝ պետության կողմից երաշխավորված անվճար ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբերի վրա։»,

գ. 1-ին բաժնի` Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի առանձին ծրագրերում պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգի 7-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

դ. 2-րդ բաժնի` առանձին բժշկական կազմակերպություններում պետության կողմից երաշխավորված արտոնյալ պայմաններով փորձարարական եղանակով բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման կարգի 7-րդ կետից հանել «որոշման N 2 հավելվածի 9-րդ կետով սահմանված կարգով անվճար բժշկական օգնության և սպասարկման ուղեգրված անձանց վրա և» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2018 թ. ապրիլի 4

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 29-ի N 355-Ն որոշման

 

«Հավելված N 8

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ԵՎ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԵՎ ԱՌԱՆՁԻՆ (ՀԱՏՈՒԿ) ԽՄԲԵՐԻՆ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԵՎ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՁԵՎԵՐԸ

 

NN
ը/կ

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական ծառայություններից օգտվելու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով և առանձին (հատուկ) խմբեր

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով մատուցվող ստոմատոլոգիական ծառայություններ

Ծառայությունների փոխահատուցման ձևը (անվճար կամ արտոնյալ**)

1.

Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված՝ 35.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ

ատամի հեռացում

անվճար

պուլպիտ

անվճար

պերիոդոնտիտ

անվճար

մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ)*

անվճար

լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ)*

անվճար

2.

Ընտանեկան նպաստի համակարգում ընդգրկված՝ 30.01-35.00 անապահովության միավոր ունեցող մինչև 18 տարեկան երեխաներ *** և 65 տարեկան ու ավելի բարձր տարիքի անձինք

ատամի հեռացում

անվճար

պուլպիտ

անվճար

պերիոդոնտիտ

անվճար

մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ)*

անվճար

լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ)*

անվճար

3.

Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբեր (բացառությամբ սույն հավելվածի 1-ին և 2-րդ կետերի և ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի N 318-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետում ընդգրկված խմբի)

ատամի հեռացում

անվճար

պուլպիտ

արտոնյալ

պերիոդոնտիտ

արտոնյալ

մասնակի շարժական թիթեղյա պրոթեզ (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ)*

արտոնյալ

լրիվ շարժական թիթեղյա պրոթեզ (յուրաքանչյուր երեք տարին մեկ անգամ)*

արտոնյալ

 

* Երեք տարվա սահմանափակման սկիզբը հաշվարկվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո մատուցված ծառայությունների համար:

** Արտոնյալ պայմաններով մատուցվող ստոմատոլոգիական ծառայությունների՝ պետության մասնակցության մասը կազմում է ընդհանուր գնի 65 տոկոսը, իսկ շահառուի կողմից վճարվող համավճարի չափը՝ ընդհանուր գնի 35 տոկոսը:

*** Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք ունեցող բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերում ընդգրկված մինչև 18 տարեկան երեխաների ատամների կարիեսը բուժվում է անվճար:»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

մարտի 29-ի N 355-Ն որոշման

 

«Հավելված N 9

ՀՀ կառավարության 2004 թվականի

մարտի 4-ի N 318-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

12 ՏԱՐԵԿԱՆ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԵՐԱՇԽԱՎՈՐՎԱԾ ԱՆՎՃԱՐ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են պետության կողմից երաշխավորված անվճար պայմաններով «Երեխաների ստոմատոլոգիական առաջնային կանխարգելման ծառայություններ» ծրագրի (այսուհետ՝ ծրագիր) շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման իրականացման հետ կապված հարաբերությունները:

2. Ծրագրով նախատեսված ծառայությունները տրամադրվում են 12 տարեկան կամ 7-րդ դասարանում սովորող երեխաներին, յուրաքանչյուր երեխային՝ մեկ անգամ:

3. Ծրագիրն իրականացվում է հանրակրթական ուսումնական հաստատության, իսկ անհնարինության դեպքում՝ առողջության առաջնային պահպանում իրականացնող բժշկական կազմակերպության միջոցով:

4. Ծրագրի իրականացման վերաբերյալ նախապես տեղեկացվում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարը, իսկ գյուղական համայնքներում՝ նաև բժշկական ամբուլատորիաների և բուժակ-մանկաբարձական կետերի պատասխանատուները, ովքեր մինչև ծրագրի իրականացումը կազմում են 12 տարեկան կամ 7-րդ դասարանում սովորող երեխաների ցուցակ:

5. Ծրագիրն իրականացվում է հանրակրթական ուսումնական հաստատություններում` արտագնա մասնագիտական խմբի միջոցով` ծրագիրն իրականացնող բժշկական կազմակերպության տնօրենի կողմից հաստատված ժամանակացույցին համապատասխան:

6. Ծրագիրն իրականացվում է համապատասխան որակավորում և մասնագիտացում ունեցող բժիշկ-ստոմատոլոգի կողմից:

7. Ծրագրի իրականացման ընթացակարգը ներառում է՝

1) երեխայի ստոմատոլոգիական կարգավիճակի գնահատումը.

2) ատամնաշարի մշակումը ֆտոր պարունակող մածուկով` բացառությամբ ֆլյուորոզ հիվանդությամբ տառապող երեխաների.

3) երեխայի բերանի խոռոչի հիգիենայի վերաբերյալ խորհրդատվության ապահովումը (երեխայի օրինական ներկայացուցչին, երեխային).

4) ստոմատոլոգիական բժշկական օգնության և սպասարկման (թերապևտիկ կամ վիրաբուժական բուժում, ատամնապրոթեզավորում և այլն) կարիք ունեցող երեխաների ուղղորդումն ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն` երեխայի օրինական ներկայացուցչին (դպրոցական, առողջության առաջնային պահպանում իրականացնող բուժքույրերի կամ հեռախոսակապի միջոցով) տրամադրելով տեղեկատվություն պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով ստոմատոլոգիական բժշկական օգնության ծառայությունների մասին.

5) ստոմատոլոգիական քարտում տվյալների լրացումը և դրանց մուտքագրումն էլեկտրոնային առողջապահության համակարգում:»։

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար

Վ. Ստեփանյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան