Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (27.12.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.30/24(1382).1 Հոդ.445.45
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
27.12.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
27.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.12.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վարչական վերաքննիչ
դատարանի որոշում

Վարչական գործ թիվ ՎԴ/3204/05/15

Վարչական գործ թիվ ՎԴ/3204/05/15
2017թ.

Նախագահող դատավոր՝ Գ. Ղարիբյան  

Դատավորներ՝

 Ա. Աբովյան

 

 Ա. Բաբայան

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատը
(այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ե. Խունդկարյանի

մասնակցությամբ դատավորներ

Վ. Ավանեսյանի

Ս. ԱՆՏՈՆՅԱՆԻ

 

Ա. Բարսեղյանի

Մ. Դրմեյանի

   

Գ. Հակոբյանի

    Ռ. Հակոբյանի
    Տ. Պետրոսյանի

Ե. Սողոմոնյանի

Ն. Տավարացյանի

 

2017 թվականի դեկտեմբերի 27-ին

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե) վճռաբեկ բողոքը ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.06.2016 թվականի որոշման դեմ` ըստ հայցի Կոմիտեի Արաբկիրի հարկային տեսչության ընդդեմ Ա/Ձ Էդուարդ Ափոյանի` 464.205 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին 

                                                    

Պ Ա Ր Զ Ե Ց

 

1. Գործի դատավարական նախապատմությունը

Դիմելով դատարան` ՀՀ ֆինանսների նախարարության Արաբկիրի հարկային տեսչությունը (այսուհետ` Տեսչություն) պահանջել է Ա/Ձ Էդուարդ Ափոյանից բռնագանձել 464.205 ՀՀ դրամ:

ՀՀ վարչական դատարանի ատավոր՝ Գ. Առաքելյան) (այսուհետ` Դատարան) 25.08.2015 թվականի որոշմամբ վարչական գործի վարույթը կարճվել է:

ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի (այսուհետ՝ Վերաքննիչ դատարան) 06.06.2016 թվականի որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպման հիմքով փոխարինվել է իրավահաջորդով՝ Կոմիտեով:

Վերաքննիչ դատարանի 14.06.2016 թվականի որոշմամբ Կոմիտեի վերաքննիչ բողոքը մերժվել է, և Դատարանի 25.08.2015 թվականի որոշումը թողնվել է անփոփոխ:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն։

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել։

 

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը       

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը սխալ է մեկնաբանել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ  հոդվածի 1.1-ին մասի «գ» կետը։

Բողոք բերած անձը նշված պնդումը պատճառաբանել է հետևյալ փաստարկներով.

Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքը մերժելու հիմքում դրել է այն հանգամանքը, որ սույն գործով բացակայում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված երեք պայմաններից որևէ մեկը, այսինքն` կատարողական վարույթի համար խոչընդոտ են հանդիսացել ոչ թե «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված սահմանափակումները, այլ գույքի բացակայությունը: Մինչդեռ նման պատճառաբանությունն անհիմն է, քանի որ պարտապան հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ կողմից գույք կամ եկամուտներ չունենալը հանգեցնում է նրան, որ վերջինից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է անհատ ձեռնարկատիրոջ գույքի (հայտնաբերված կամ չհայտնաբերված) արժեքը, ինչն էլ համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «գ» կետի կանոնակարգմանը:

 

Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 14.06.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել նոր քննության կամ «կայացնել նոր դատական ակտ»:

 

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետևյալ փաստերը.

1) Տեսչության 20.10.2014 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1252 որոշման համաձայն` որոշվել է Ա/Ձ Էդուարդ Ափոյանից գանձել ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը`462.503 ՀՀ դրամի չափով (գ.թ. 5-6).

2) ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ` Ծառայություն) 05.06.2015 թվականի որոշման համաձայն` Տեսչության 20.10.2014 թվականի թիվ 1252 որոշման հիման վրա Ա/Ձ Էդուարդ Ափոյանի նկատմամբ 27.01.2015 թվականին հարուցված թիվ 01/11-338/15 կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով (գ.թ. 7)։

 

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները      

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի  1-ին կետով նախատեսված հիմքի առկայությամբ, այն է` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար, և գտնում է, որ տվյալ դեպքում Վճռաբեկ դատարանի արտահայտած իրավական դիրքորոշումները` հանրային իրավական դրամական պահանջի դատական կարգով հարկադիր կատարման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «գ» կետով նախատեսված պայմանի կիրառման առանձնահատկությունների վերաբերյալ, կարևոր նշանակություն կունենան նմանատիպ գործերով միասնական և կանխատեսելի դատական պրակտիկա ձևավորելու համար:

Վերոգրյալով պայմանավորված` Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ հետևյալ իրավական հարցադրմանը. անհատ ձեռնարկատիրոջն ուղղված հանրային իրավական դրամական պահանջով գումարի բռնագանձման վերաբերյալ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «գ» կետի հիմքով հարուցված գործը ենթակ՞ա է արդյոք կարճման` վեճը որևէ դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով այն դեպքում, երբ անհատ ձեռնարկատերն ընդհանրապես գույք չունի:

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները, օրենքով սահմանված կարգով, վարչական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական կամ համայնքային բյուջե պարտադիր կարգով դրամական գումարներ վճարելու պահանջներն են (...):

«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ դրամական պահանջները ենթակա են կատարման անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Նույն հոդվածի 1.1-ին մասի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ օրինական ուժի մեջ մտած վճռով տրված կատարողական թերթի հիման վրա, եթե՝

ա. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,

բ. ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,

գ. իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 87-րդ հոդվածի բովանդակությունից հետևում է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում «հանրային իրավական» է կոչվում պետական կամ համայնքային բյուջե դրամական գումարներ վճարելու այն պահանջը, որին բնորոշ են հետևյալ հատկանիշները.

1)   այդ դրամական գումարները վճարելու կարգը սահմանված է օրենքով,

2)   այդ դրամական գումարները վճարելը պարտադիր է,

3)   այդ դրամական գումարները վճարելու պարտադիրությունը ծագում է և հաստատվում է վարչական ակտի հիման վրա:

Օրենսդիրը, հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման հետ կապված հասարակական հարաբերությունները կարգավորելիս սահմանել է հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարման երկու տարբեր եղանակներ՝ դատական և արտադատական: Ընդ որում, հանրային իրավական դրամական պահանջի՝ արտադատական կարգով հարկադիր կատարման եղանակը նախատեսված է որպես ընդհանուր կանոն, իսկ դատական կարգով կատարման եղանակը՝ որպես բացառություն ընդհանուր կանոնից:

Այդ ընդհանուր կանոնը սահմանված է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1-ին մասում, որի համաձայն՝ հանրային իրավական դրամական պահանջները ենթակա են հարկադիր կատարման անմիջականորեն այդ պահանջի պարտադիրությունը հաստատող անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակը կիրառվում է միայն այն դեպքում, երբ առկա է հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարն արտադատական կարգով բռնագանձելու՝ օրենքով սահմանված որևէ սահմանափակում. այդ սահմանափակումներն իրենց հերթին հանդիսանում են այն պայմանները, որոնց առկայությունն անհրաժեշտ է հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակի գործողության համար: Վերոնշյալ պայմանները (սահմանափակումները) նախատեսված են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասում և հանգում են հետևյալին.

ա) անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է երկու հարյուր հազար դրամը,

բ) ֆիզիկական անձից գանձման ենթակա դրամական պահանջի հարկադիր կատարումը հնարավոր չէ առանց նրան սեփականության (այդ թվում՝ ընդհանուր սեփականության) իրավունքով պատկանող միակ բնակարանի բռնագանձման,

գ) իրավաբանական անձից կամ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը:

Այսպիսով, նշված իրավաբանական փաստերի առկայությունը կամ բացակայությունը կանխորոշում է հանրային իրավական դրամական պահանջների հարկադիր կատարման եղանակը. այդ պայմաններից որևէ մեկի առկայության դեպքում հանրային իրավական դրամական պահանջի՝ արտադատական կարգով հարկադիր կատարման եղանակը չի գործում, և գործում է հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակը (տե'ս, ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունն ընդդեմ Կարեն Պետրոսյանի թիվ ՎԴ3/0196/05/16 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 19.06.2017 թվականի որոշումը):

Անդրադառնալով հանրային իրավական դրամական պահանջի դատական կարգով հարկադիր կատարման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «գ» կետով սահմանված պայմանի էությանը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ նշված իրավական նորմով նախատեսված՝ «(...) գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը (...)» արտահայտությունը նախևառաջ նշանակում է, որ տվյալ անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող որոշակի գույք, սակայն այդ գույքի արժեքն ավելի փոքր է, քան հանրային իրավական դրամական պահանջով գանձման ենթակա գումարի չափը: Միևնույն ժամանակ վերոգրյալ օրենսդրական ձևակերպումը կարող է նշանակել նաև, որ անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձն ընդհանրապես չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք, քանի որ վերջինիս մոտ գույքի բացակայությունը ևս գործնականում առաջացնում է այնպիսի իրավիճակ, երբ «(...) գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը (...)»: Փաստորեն, հանրային իրավական դրամական պահանջի դատական կարգով հարկադիր կատարման՝ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «գ» կետով սահմանված իրավական նորմի դիսպոզիցիան հավասարապես տարածվում է թե՛ այն դեպքի վրա, երբ անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող որոշակի գույք, սակայն այդ գույքի արժեքն ավելի փոքր է, քան հանրային իրավական դրամական պահանջով գանձման ենթակա գումարի չափը, թե՛ այն դեպքի վրա, երբ անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձն ընդհանրապես չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք:

Այսպիսով, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «գ» կետով սահմանված իրավադրույթի ուժով հանրային իրավական դրամական պահանջների՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակը կիրառվում է հետևյալ պայմանների միաժամանակյա առկայության դեպքում.

1)   անբողոքարկելի վարչական ակտով հաստատված հանրային իրավական դրամական պահանջն ուղղված է անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձին,

2)   անբողոքարկելի վարչական ակտով հաստատված հանրային իրավական դրամական պահանջի չափը գերազանցում է այդ անհատ ձեռնարկատիրոջը կամ իրավաբանական անձին պատկանող գույքի արժեքը, ինչը կարող է առաջանալ ներքոհիշյալ իրավիճակներից որևէ մեկի առկայության դեպքում.

-       անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձն ունի սեփականության իրավունքով իրեն պատկանող որոշակի գույք, սակայն այդ գույքի արժեքն ավելի փոքր է, քան հանրային իրավական դրամական պահանջով գանձման ենթակա գումարի չափը, կամ

-       անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձն ընդհանրապես չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք:

 

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն գործի փաստերի համաձայն՝ Տեսչության 20.10.2014 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1252 որոշմամբ որոշվել է Ա/Ձ Էդուարդ Ափոյանից գանձել ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը` 462.503 ՀՀ դրամի չափով: Նշված հանրային իրավական դրամական պահանջը ներկայացվել է հարկադիր կատարման արտադատական եղանակով, և Ծառայության կողմից հարուցվել է համապատասխան կատարողական վարույթ: Մինչդեռ Ծառայության 05.06.2015 թվականի որոշմամբ նշված կատարողական վարույթն ավարտվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի հիմքով, որի համաձայն՝ հարկադիր կատարողն ավարտում է կատարողական վարույթը, եթե պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել, և հարկադիր կատարողի՝ նույն օրենքի 40 հոդվածի երրորդ մասով սահմանված կարգով իրականացված հետախուզումը և (կամ) պահանջատիրոջ կողմից պարտապանի գույքը փնտրելու ուղղությամբ ձեռնարկված օրենքով թույլատրելի բոլոր միջոցները եղել են ապարդյուն։

Փաստորեն, Տեսչության 20.10.2014 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1252 որոշմամբ Ա/Ձ Էդուարդ Ափոյանի նկատմամբ առաջադրված հանրային իրավական դրամական պահանջը գերազանցել է այդ անհատ ձեռնարկատիրոջը պատկանող գույքի արժեքը, ինչն առաջացել է այնպիսի իրավիճակի պատճառով, որ անհատ ձեռնարկատերն ընդհանրապես չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք: Հիմք ընդունելով վերոգրյալ իրողությունը՝ Տեսչությունը դիմել է վարչական դատարան՝ 20.10.2014 թվականի թիվ 1252 որոշմամբ Ա/Ձ Էդուարդ Ափոյանի նկատմամբ հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարի բռնագանձման հայցով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի 2.1-րդ կետի համաձայն՝ վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք՝ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 216.1-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը (...) հարուցվում են «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասով նախատեսված հիմքերով` այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա:

Վերոգրյալ իրավադրույթների բովանդակությունից բխում է, որ օրենսդիրը հանրային իրավական դրամական պահանջի՝ դատական կարգով հարկադիր կատարման եղանակի հետ կապված դատավարական հարաբերությունները կարգավորել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքով՝ ամրագրելով, որ վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք կարող են դիմել վարչական դատարան` անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա ֆիզիկական կամ իրավաբանական անձից հանրային իրավական դրամական պահանջներով նախատեսվող գումարի բռնագանձման պահանջով. անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը հարուցվում են այդ ակտն ընդունած վարչական մարմնի հայցադիմումի հիման վրա: Հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերը վարչական դատավարությունում քննվում են հատուկ վարույթի կարգով, որի առանձահատկությունները սահմանված են ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի՝ «Անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործերի վարույթը» վերտառությամբ 29.1-ին գլխում:

Այսպիսով, սույն վարչական գործը հարուցվել է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 29.1-ին գլխով սահմանված կարգով՝ անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջով Ա/Ձ Էդուարդ Ափոյանից գումարի բռնագանձման վերաբերյալ Տեսչության հայցադիմումի հիման վրա:

Մինչդեռ Դատարանը որոշում է կայացրել սույն գործի վարույթը կարճելու մասին ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վեճը որևէ դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով: Դատարանն իր որոշմամբ պատճառաբանել է, որ պարտապանը չունի գույք կամ եկամուտներ, որոնց վրա կարելի է բռնագանձում տարածել, ինչը չի կարող անբողոքարկելի վարչական ակտերի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործի հարուցման հիմք հանդիսանալ, քանզի այն դեպքում, երբ իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը չունի որևէ գույք, որի նկատմամբ կարող է իրականացվել հարկադիր կատարում, վերանում է նաև այդ միջամտության նկատմամբ վարչադատական վերահսկողության իրականացման անհրաժեշտությունը:

Վերաքննիչ դատարանը մերժել է Կոմիտեի վերաքննիչ բողոքը և Դատարանի որոշումը թողել է անփոփոխ՝ ըստ էության համաձայնելով Դատարանի դիրքորոշման հետ: Վերաքննիչ դատարանը միաժամանակ նշել է, որ այն պարագայում, երբ Ծառայությունն արձանագրել է, որ Ա/Ձ Էդուարդ Ափոյանը չի հայտնաբերվել, իրեն պատկանող գույք և դրամական միջոցներ չունի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «գ» կետը չի կարող կիրառվել։

 

Վերոգրյալ իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով ստորադաս դատարանների փաստարկները` Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետևյալը.

Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ տվյալ դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «գ» կետով սահմանված՝ հանրային իրավական դրամական պահանջով նախատեսվող գումարը դատական կարգով բռնագանձելու հիմքն առկա է, քանի որ անհատ ձեռնարկատիրոջ մոտ գույքի բացակայությունը ևս գործնականում առաջացնում է այնպիսի իրավիճակ, երբ անբողոքարկելի վարչական ակտով գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է վերջինիս գույքի արժեքը: Նման պայմաններում Տեսչության 20.10.2014 թվականի «Հարկ վճարողից ժամանակին չվճարված հարկային պարտավորությունների գծով վճարման ենթակա գումարը գանձելու մասին» թիվ 1252 որոշման վրա հիմնված հանրային իրավական դրամական պահանջի հարկադիր կատարումը պետք է տեղի ունենա ոչ թե արտադատական, այլ` դատական եղանակով՝ հիմք ընդունելով այն հանգամանքը, որ Ա/Ձ Էդուարդ Ափոյանն ընդհանրապես չունի սեփականության իրավունքով իրեն պատկանող գույք, ինչի հետևանքով անբողոքարկելի վարչական ակտով հաստատված հանրային իրավական դրամական պահանջի չափը գերազանցում է Ա/Ձ Էդուարդ Ափոյանին պատկանող գույքի արժեքը: Այլ կերպ ասած՝ պարտապան հանդիսացող անհատ ձեռնարկատիրոջ կողմից գույք կամ եկամուտներ չունենալն ըստ էության նշանակում է, որ վերջինից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է անհատ ձեռնարկատիրոջ գույքի (հայտնաբերված կամ չհայտնաբերված) արժեքը, ինչն էլ համապատասխանում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 88-րդ հոդվածի 1.1-ին մասի «գ» կետի կանոնակարգմանը, որպիսի պայմաններում վարչական մարմինների կամ պաշտոնատար անձանց մոտ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դեմ հանրային իրավական դրամական պահանջով գումարի բռնագանձման հայցով վարչական դատարան դիմելու իրավական հնարավորության բացակայության մասին խոսք լինել չի կարող:

Ամփոփելով վերոգրյալ իրավական և փաստական վերլուծությունները՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ստորադաս դատարանները սխալմամբ են եկել այն եզրահանգման, որ սույն գործով անբողոքարկելի վարչական ակտի հիման վրա հանրային իրավական դրամական պահանջներով գումարի բռնագանձման վերաբերյալ գործի հարուցման իրավական հիմքերը բացակայում են: Այսպիսով, Վճռաբեկ դատարանը սույն որոշմամբ արտահայտված իրավական դիրքորոշումների հաշվառմամբ արձանագրում է, որ սույն վարչական գործը ենթակա չէր կարճման ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 96-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված՝ վեճը որևէ դատարանում քննության ենթակա չլինելու հիմքով, քանի որ տվյալ դեպքում առկա է հանրային իրավական դրամական պահանջը դատական կարգով հարկադիր կատարելու օրենքով նախատեսված պայմաններից մեկը, այն է՝ անհատ ձեռնարկատիրոջից գանձման ենթակա դրամական պահանջը գերազանցում է անհատ ձեռնարկատիրոջ գույքի արժեքը, ինչն անտեսվել է ստորադաս դատարանների կողմից:

Այսպիսով, սույն վճռաբեկ բողոքի հիմքի առկայությունը Վճռաբեկ դատարանը համարում է բավարար` ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 150-րդ, 151-րդ և 163-րդ հոդվածների ուժով Վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու և գործը նոր քննության ուղարկելու համար:

 

5. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումները դատական ծախսերի բաշխման վերաբերյալ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 56-րդ հոդվածի համաձայն` դատական ծախսերը կազմված են պետական տուրքից և գործի քննության հետ կապված այլ ծախսերից:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 60-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` կողմը, որի դեմ կայացվել է վճիռ, կամ որի բողոքը մերժվել է, կրում է Հայաստանի Հանրապետության դատական դեպարտամենտի` վկաներին և փորձագետներին վճարած գումարների հատուցման պարտականությունը, ինչպես նաև մյուս կողմի կրած դատական ծախսերի հատուցման պարտականությունն այն ծավալով, ինչ ծավալով դրանք անհրաժեշտ են եղել դատական պաշտպանության իրավունքի արդյունավետ իրականացման համար: Դատական պաշտպանության այն միջոցի հետ կապված ծախսերը, որ իր նպատակին չի ծառայել, դրվում են այդ միջոցն օգտագործած կողմի վրա, անգամ եթե վճիռը կայացվել է այդ կողմի օգտին:

Վճռաբեկ դատարանը նկատի ունենալով այն, որ վճռաբեկ բողոքը ենթակա է բավարարման, իսկ գործն ուղարկվում է նոր քննության, որպիսի պարագայում դատական ծախսերի բաշխման հարցին հնարավոր չէ անդրադառնալ գործի քննության ներկա փուլում, գտնում է, որ այդ հարցը ենթակա է լուծման գործի նոր քննության ընթացքում:

 

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 169-171-րդ հոդվածներով, 172-րդ հոդվածի 1-ին մասով` Վճռաբեկ դատարանը

 

ՈՐՈՇԵՑ

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել։ Բեկանել ՀՀ վարչական վերաքննիչ դատարանի 14.06.2016 թվականի որոշումը և գործն ուղարկել ՀՀ վարչական դատարան՝ նոր քննության:

2. Դատական ծախսերի բաշխման հարցին անդրադառնալ գործի նոր քննության ընթացքում:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և բողոքարկման ենթակա չէ։ 

Նախագահող`

Ե. Խունդկարյան

Դատավորներ`

Վ. Ավանեսյան
Ս. Անտոնյան

Ա. Բարսեղյան 

 

Մ. Դրմեյան

  Գ. Հակոբյան
  Ռ. Հակոբյան
  Տ. Պետրոսյան
Ե. Սողոմոնյան
Ն. Տավարացյան