«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
22 դեկտեմբերի 2017 թ.
Պետական գրանցման թիվ 32617487
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
5 դեկտեմբերի 2017 թ. |
N 1478-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՆՔԱԽՈՐՇԵՐՈՒՄ, ԹՈՒՆԵԼՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՎԵՐԳԵՏՆՅԱ ՀԱՆՔԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված փրկարարական ծառայության կանոնագրքի 120-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության (այսուհետ՝ ՀՀ) կառավարության 2016 թվականի մարտի 3-ի N 259-Ն որոշմամբ հաստատված ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ԱԻՆ) կանոնադրության 16-րդ կետով՝
Հրամայում եմ`
1. Սահմանել հանքախորշերում, թունելներում և այլ ստորգետնյա տարածքներում, վերգետնյա հանքերում փրկարարական աշխատանքների իրականացման կարգը՝ համաձայն հավելվածի։
2. ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության փրկարարական ուժերի վարչության պետին՝ սահմանված ժամկետում ու կարգով ապահովել սույն հրամանի ներկայացումը ՀՀ արդարադատության նախարարություն՝ պետական գրանցման։
3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
Դ. Տոնոյան |
Հավելված |
ԿԱՐԳ
ՀԱՆՔԱԽՈՐՇԵՐՈՒՄ, ԹՈՒՆԵԼՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ, ՎԵՐԳԵՏՆՅԱ ՀԱՆՔԵՐՈՒՄ ՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ԳԼՈՒԽ 1.
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով սահմանվում են հանքախորշերում, թունելներում և այլ ստորգետնյա տարածքներում ու վերգետնյա հանքերում փրկարարական աշխատանքների իրականացման առանձնահատկություններն ու կարգը:
2. Սույն կարգը մշակված է «Փրկարարական ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:
3. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները`
1) հանքախորշ` հանքի տարածքում օգտակար հանածոների շահագործման ժամանակ աշխատանքային տեղամաս.
2) հանքահոր` երկրի մակերևույթի հետ անմիջական ելք ունեցող, լայնական հատույթի համեմատաբար մեծ մակերեսով (մինչև մի քանի տասնյակ մ2) ու մեծ խորությամբ (մինչև մի քանի հարյուր մետր և ավելի) ուղղաձիգ կամ թեք ստորերկրյա փորվածք, որը հանքային դաշտի կամ դրա մի մասի սահմաններում ծառայում է ստորերկրյա աշխատանքներին.
3) թունել` գետնի տակ կամ հանքերի մեջ փորված անցք՝ հաղորդակցության, ջրի անցման համար, ստորգետնյա անցուղի ճանապարհ.
4) ստորգետնյա տարածք` գետնի տակ գտնվող տարածք.
5) հանքային փորվածք` հանքանյութը դուրս բերելու կամ հանքանյութի առկայության ուղղությամբ ուսումնասիրություն իրականացնելու նպատակով հանքափորների կողմից ժայռերում բացված անցքեր, խոռոչներ.
6) գազապատ տարածք` տարածք, որտեղ վտանգավոր բնական գազերի առկայությունը օդում գերազանցում է վտանգավոր թույլատրելի սահմանը.
7) հանքափրկարար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորված ֆիզիկական անձ, որն իրականացնում է հանքափրկարարական աշխատանքներ` հանքախորշերում, ինչպես նաև հարստացուցիչ, վերամշակող և արդյունահանող կազմակերպություններում.
8) հանքափրկարարական աշխատանքներ` վթարի առաջացման դեպքում հանքափրկարարական ստորաբաժանումների և հանքախորշի աշխատակիցների կողմից իրականացված հատուկ միջոցառումներ.
9) հանքափրկարարական ստորաբաժանում` հանքափրկարարական աշխատանքներ իրականացնելու համար նախատեսված, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով որակավորված ֆիզիկական անձանցով համալրված և համապատասխան տեխնիկական հագեցվածությամբ զինված ստորաբաժանում:
ԳԼՈՒԽ 2.
ՀԱՆՔԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ
4. Հանքախորշերում, թունելներում, վերգետնյա հանքերում և այլ ստորգետնյա տարածքներում հանքափրկարարական ստորաբաժանման հիմնական խնդիրներն են`
1) հետախուզության կազմակերպումն ու իրականացումը.
2) ստեղծված իրավիճակի բացահայտումն ու գնահատումը.
3) արգելափակված մարդկանց, կենդանիների, նյութական և մշակութային արժեքների փրկումն
ու տուժածներին առաջին օգնության ցուցաբերումը.
4) վթարի հետևանքների վերացումն ու անհրաժեշտ տեխնիկական աշխատանքների իրականացումը.
5) ստեղծված իրավիճակի, հետևանքների վերացման գործընթացի և անհրաժեշտ օգնության վերաբերյալ տեղեկատվության ժամանակին տրամադրումը շահագրգիռ ստորաբաժանումներին ու պաշտոնատար անձանց.
6) հանքի մակերևույթում անհետաձգելի վթարների վերացման աշխատանքների կատարումը, եթե այդ վթարները կարող են վտանգ ներկայացնել հանքերում կամ ստորգետնյա հանքային փորվածքներում աշխատող մարդկանց.
7) վտանգավոր տարածքից մարդկանց կենդանիների, նյութական և մշակութային արժեքների դուրսբերման կազմակերպումը:
5. Վթարների հետևանքների վերացման աշխատանքների հաջող կատարման համար անհրաժեշտ է`
1) վթարի hետևանքների վերացման գործում հստակ որոշել հանքափրկարարների հիմնական խնդիրները և դրանց համապատասխան վթարի դեմ պայքարի ամենաարդյունավետ ձևը.
2) հանքափրկարարական ջոկատների ուժերն ու միջոցները արագ կենտրոնացնել վթարային օբյեկտում և ժամանակին այդ ուժերն ու միջոցները դնել գործողության մեջ.
3) հանքափրկարարական աշխատանքների հստակ ղեկավարման համար կազմակերպել կապ.
4) վթարային տեղամասում իրավիճակը բարդանալիս ստեղծել պահեստային ուժեր ու միջոցներ և դրանք ժամանակին դնել գործողության մեջ.
5) վթարի հետևանքների վերացման ժամանակ նշանակել հանքափրկարարական ջոկատների և հանքի անձնակազմի կողմից վթարի հետևանքների վերացման պատասխանատու և ապահովել հանքափրկարարական աշխատանքների ղեկավարների օպերատիվ հանձնարարականների կատարում:
ԳԼՈՒԽ 3.
ՀԱՆՔԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ
6. Հանքախորշերում, թունելներում, ստորգետնյա այլ տարածքներում և վերգետնյա հանքերում վթարի դեպքում փրկարարական ստորաբաժանումները հագեցված են`
1) շնչառական սարքերով (շնչադիմակ, մեկուսիչ հակագազ, ինքնափրկիչի լրակազմ, շնչառության վերականգնման սարք, գազաջերմամեկուսիչ սարք).
2) հրդեհաշիջման սարքավորումներ (նախատեսված հրդեհի բաց օջախների վերացման, մեկուսացման, սահմանափակվող տարածքներում` պայթյունաանվտանգ մթնոլորտի ապահովման համար).
3) կապի միջոցներ (ստորաբաժանման օղակների, անձնակազմի, կենտրոնի/բազայի հետ).
4) հանքափրկարարական աշխատանքների մեխանիզացման/տեխնիկական միջոցներ.
5) փորվածքներում` մթնոլորտի վիճակի վերահսկման սարքեր.
6) տրանսպորտային միջոցով:
7. Սույն կարգի 5-րդ կետում նշված սարքավորումների կիրառման հերթականությամբ և նշանակությամբ պայմանավորված` դրանք տեղադրվում և պահպանվում են հատուկ տրանսպորտային միջոցներում` պահելով կիրառման համար մշտապես պատրաստ վիճակում:
8. Աշխատանքների բարձր արդյունավետության ապահովման նպատակով` հանքափրկարարական ջոկատը պետք է ունենա հատուկ տրանսպորտային միջոցներ (ավտոբուս, բեռնատար ու մարդատար բարձր անցելիության ավտոմեքենաներ, ամենագնացներ և այլն):
ԳԼՈՒԽ 4.
ՎԹԱՐՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ
9. Վթարի հետևանքների վերացման պատասխանատու ղեկավարը հանքի գլխավոր ինժեներն է, իսկ մինչ նրա դեպքի վայր գալը` գլխավոր դիսպետչերը, հերթապահը:
10. Հանքափրկարարական աշխատանքների ղեկավարը տվյալ հանքը սպասարկող ջոկատի հրամանատարն է:
11. Ժամանելով հանքահոր` աշխատանքները ղեկավարելու իրավասություն ունեցող հրամանատարը (պետը), անհրաժեշտության դեպքում, իր վրա է վերցնում հանքափրկարարական աշխատանքների ղեկավարումը կամ իր հայեցողությամբ նշանակում ուրիշ ղեկավարի:
12. Հանքափրկարարական աշխատանքների ղեկավարի փոփոխման մասին օպերատիվ մատյանում կատարվում է համապատասխան գրանցում:
13. Հրամանատարական կետում պետք է լինեն` վթարի հետևանքների վերացման օպերատիվ մատյանը և մատյան, որտեղ գրանցվում է հանքափրկարար ջոկերի կատարած աշխատանքը:
14. Վթարի հետևանքների վերացման օպերատիվ մատյանում գրանցվում է`
1) հանքափրկարար ջոկատի գալու պահին հանքահորում վթարային վիճակը և վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ընթացքում տեղի ունեցող փոփոխությունները.
2) հանքափրկարարների գալու ժամանակը և ջոկերի թիվը.
3) հանքափրկարար ստորաբաժանումների հրամանատարների գալու ժամանակը.
4) վթարի հետևանքների վերացման պատասխանատու ղեկավարի հանձնարարականները հանքափրկարար ջոկատին.
5) հանքափրկարարական աշխատանքների ղեկավարից ջոկերին տրված հանձնարարականների ժամանակը և հակիրճ բովանդակությունը.
6) հանձնարարական ստացած ջոկի հրամանատարի և շնչադիմակավորների անուն-ազգանունները և հանձնարարականի կատարման համար նրանց հետ վերցրած հանդերձանքի անվանումը.
7) ջոկը ստորգետնյա բազա հասնելու և այնտեղից հանձնարարականի կատարման համար շնչառության համար ոչ պիտանի միջավայր մտնելու ժամանակը, ինչպես նաև տեղեկություններ հանձնարարության կատարման ընթացքի մասին.
8) ջոկը ստորգետնյա բազա վերադառնալու ժամանակը և նրանց կողմից կատարված աշխատանքների արդյունքը.
9) վթարի հետևանքների վերացման պատասխանատու ղեկավարի հանձնարարականները հանքահորի աշխատողներին ու դրանց կատարման արդյունքը.
10) հանքափրկարարների հանքահորից դուրս գալու ժամանակը.
11) հանքափրկարար ստորաբաժանում վերադառնալու ժամանակը.
12) վթարային տեղամասում հանքահորի մթնոլորտային օդի վերաբերյալ առանձին հետազոտությունների արդյունքները և ջերմաստիճանը:
15. Օպերատիվ մատյանին կցվում են վթարի հետևանքների վերացման աշխատանքներին վերաբերվող սխեմաները, էսքիզներն ու օպերատիվ պլանները:
16. Վթարի հետևանքների վերացման պատասխանատու ղեկավարը և հանքափրկարարական աշխատանքների ղեկավարը կազմակերպում են խորհրդակցություններ` մասնագիտացված կազմակերպություններից, հանձնաժողովներից և այլ պաշտոնատար անձանցից հանքափրկարարական աշխատանքների կատարման ընթացքի վերաբերյալ առաջարկություններ և կարծիքներ ստանալու նպատակով:
17. Վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման ժամանակաշրջանում հանքափրկարարների կողմից վթարի վայրին հարակից անվտանգ տեղամասում ծավալվում է հրամանատարական կետ: Հրամանատարական կետի հիմնական խնդիրն է վթարի հետևանքների վերացման աշխատանքների կազմակերպումն ու ղեկավարումը:
18. Վթարի հետևանքների վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարը մշտապես գտնվում է հրամանատարական կետում ու ղեկավարում է վթարի հետևանքների վերացմանը մասնակցող բոլոր անձանց ու կազմակերպությունների աշխատանքը:
19. Նշված անձինք ու կազմակերպությունները որևէ այլ ցուցում չեն կատարում, եթե այն չի հաստատվում վթարի հետևանքների վերացման աշխատանքների ղեկավարի բանավոր կամ գրավոր հանձնարարությամբ:
20. Վթարային տեղամասում հանքափրկարար ստորաբաժանումների ուժերի և միջոցների արագ կենտրոնացման նպատակով ստեղծվում են հանքափրկարար ջոկատներ:
21. Հանքափրկարար ջոկատների օպերատիվ սկզբնական միավորումը, որը վթարի հետևանքների վերացման գործում ի վիճակի է կատարել առանձին հանձնարարականներ, համարվում է ջոկը` կազմված 5 հոգուց ոչ պակաս թվաքանակով, ներառյալ ջոկի հրամանատարը:
22. Վթարային տեղամաս հասնելիս, ջոկատի հրամանատարը ջոկերին հրամայում է պատրաստվել հանք իջնելուն և ներկայանում հետևանքների վերացման աշխատանքների ղեկավարին` խնդրադրման:
23. Ջոկատի հրամանատարը ջոկերի ղեկավարների խնդրադրման ժամանակ տրամադրում է հետևյալ տեղեկատվությունը`
1) վթարի բնույթը և տեղը.
2) վթարի առաջացման ժամանակը.
3) խոցված տարածքները, գոտիները, հատվածները.
4) խոցված հատվածներում մարդկանց թվաքանակը և նրանց գտնվելու հնարավոր վայրերը.
5) օդափոխման ուղղությունները և օդի մատակարարման ծավալները խոցված հատվածներ.
6) մինչ փրկարարների ժամանումը հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկված և տեղի ուժերով իրականացված/իրականացվող միջոցառումները.
7) ջոկերի երթուղիները և փորվածքների վիճակը շարժման ուղղություններում.
8) հակահրդեհային միջոցների և հետևանքների վերացման համար նախատեսված սարքավորումների առկայությունն ու գտնվելու վայրերը:
24. Ջոկատի հրամանատարը վթարի հետևանքների վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարից` վթարի վերաբերյալ ստանալով տեղեկատվություն և գրավոր հանձնարարականներ, այն փոխանցում է հանքափրկարարական աշխատանքներին մասնակցող ջոկերին, իսկ ինքը մնում է վթարի հետևանքների վերացման աշխատանքների ղեկավարի մոտ և ղեկավարում հանքափրկարարական աշխատանքները:
25. Հանքափրկարարական ջոկատի հրամանատարի բացակայության դեպքում, վթարների հետևանքների վերացման աշխատանքների ղեկավարից կամ նրան փոխարինողից գրավոր հանձնարարականը ստանում է ջոկի հրամանատարը:
26. Ստանալով հանձնարարականը` ջոկի հրամանատարը հանքափրկարարներին հակիրճ ներկայացնում է ստեղծված իրադրությունը և խնդրի բնույթը` նշելով, թե ինչ օժանդակ (հատուկ) սարքավորումներ են անհրաժեշտ և անմիջապես ձեռնամուխ է լինում հանձնարարականի կատարմանը:
ԳԼՈՒԽ 5.
ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
27. Հանքափրկարարական աշխատանքների բարձր արդյունավետության համար, հանքափրկարարական աշխատանքների ղեկավարը հանքախորշում կազմակերպում է հատուկ ծառայություններ` ստորգետնյա և վերգետնյա բազաներ, կապի ծառայություն, բժշկական և կենցաղային ապահովում, վթարային անալիտիկ լաբորատորիա:
28. Վթարի հետևանքների վերացման աշխատանքներում ստեղծված բարդ իրավիճակների, խոշոր վթարների, մարդկանց կյանքին վտանգ սպառնալու և աշխատանքների երկարաձգման դեպքում կազմակերպվում է վերգետնյա բազա:
29. Վերգետնյա բազան ծավալվում է կազմակերպության կողմից հատկացվող հատուկ տարածքում:
30. Վերգետնյա բազայում գտնվող հանքափրկարարական սարքերի, պահեստային մասերի և նյութերի քանակը որոշվում է հանքափրկարարական աշխատանքների ղեկավարի կողմից` ելնելով վթարի մասշտաբից ու բնույթից:
31. Վերգետնյա բազայում շուրջօրյա հերթապահում են սարքավորումների ու շնչադիմակների վերանորոգման մեխանիկը, հերթապահ մեքենայի վարորդը և հեռախոսավարը, որն ապահովում է կապ հանքափրկարարական աշխատանքների ղեկավարի հետ:
32. Ստորգետնյա բազան կազմակերպվում է մաքուր օդով ապահովված փորվածքում (խորշում)` գազապատ փորվածքի հարևանությամբ` վթարի հետևանքների վերացման աշխատանքներին ընդգրկված հանքափրկարարական ստորաբաժանումների և հրամանատարական կետի մեջ կապի ապահովման և ուժերի ու միջոցների տեղակայման համար: Եթե գազերի ներթափանցման վտանգ կա, ապա բազայում կատարում են օդի հաճախակի ստուգումներ:
33. Ստորգետնյա բազայում անձնակազմի անվտանգ գործունեության համար սպառնալիքների առաջացման դեպքում, բազան օդափոխման կարգավորման համակարգի հետ միասին, հանքափրկարարական աշխատանքների ղեկավարի թույլտվությամբ, տեղափոխվում է մոտակա անվտանգ փորվածք, ինչի մասին անմիջապես իրազեկվում են գազով պատված փորվածքներում աշխատող ջոկերը:
34. Վթարի հետևանքների վերացման աշխատանքների ընթացքում հանքափրկարարական աշխատանքների օպերատիվ ղեկավարման և աշխատող ջոկերի միջև փոխհամաձայնեցված գործունեության ապահովման նպատակով կազմակերպվում է կայուն կապ:
35. Կապի ծառայությունն օժանդակում է վթարների հետևանքների վերացման օպերատիվ ղեկավարումը` հուսալի կապ ապահովելով հրամանատարական կետի և աշխատող ջոկերի ու հատուկ ծառայությունների միջև:
Կապի միջոցներն են.
1) լուսային և ձայնային ազդանշանները.
2) շախտաֆոնային կապը.
3) հեռախոսը.
4) բարձր հաճախականության ռադիոկապի միջոցները:
36. Կապը ստեղծվում է վերևից ներքև` հանքափրկարարական աշխատանքների ղեկավարից դեպի աշխատող ջոկերը և ստորգետնյա բազա:
37. Կապի խափանման դեպքում ջոկի հրամանատարը կամ հանքափրկարարները միջոցներ են ձեռնարկում վերջինիս վերականգնման ուղղությամբ, իսկ անհնարինության դեպքում` զեկուցում հանքափրկարարական աշխատանքների ղեկավարին:
38. Վթարների հետևանքների վերացման ընթացքում կապի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է հանքափրկարարական աշխատանքների ղեկավարը:
39. Հանքափրկարարական աշխատանքների ժամանակ հուսալի կապ ապահովելու համար, հրամանատարական կետում, ստորգետնյա և վերգետնյա բազաներում կազմակերպվում է կապավորների շուրջօրյա հերթապահություն: Շնչառության համար ոչ պիտանի միջավայրում աշխատելիս ձայնային ազդանշանները տրվում են ըստ հետևյալ կոդերի.
1) ազդանշան «Կանգնիր» (շարժման ընթացքում) կամ «Դադարացրու աշխատանքը» (աշխատելիս).
2) ազդանշան «Հետ դարձ».
3) ազդանշան «Առաջ» կամ «Շարունակիր աշխատել».
4) ազդանշան «Հեռացիր վտանգից».
5) ազդանշան «Օգնիր աշխատանքում».
6) ազդանշան «Կապը դադարեցնում եմ».
7) բազմակի ազդանշան «Վատ եմ զգում», «Դժբախտություն է, օգնեք»:
40. Ուղղահայաց և թեք փորվածքներով, մեխանիկական միջոցների օգնությամբ կամ բարձրանալու դեպքում օգտագործվում են հետևյալ ազդանշանները`
1) ազդանշան «Կանգնիր».
2) ազդանշան «Վերև».
3) ազդանշան «Ներքև»:
41. Հանքափրկարարական աշխատանքներ կատարելիս անհրաժեշտ է ստեղծել բժշկական ծառայություն, որի նպատակն է բժշկական օգնություն ցույց տալ վթարից տուժածներին և հանքափրկարարական աշխատանքներ իրականացնելիս վնասվածքներ ստացածներին:
42. Հանքափրկարարական աշխատանքներ կատարելիս բժշկական ծառայության կազմակերպումն իրականացնում են հանքահորի պետը և համապատասխան առողջապահական կազմակերպությունները:
43. Բարդ վթարների դեպքում ստորգետնյա բազայում կազմակերպվում է բժշկական ծառայության մշտական հերթապահություն, երբ դրանց հետևանքների վերացման ու հանքափրկարարական աշխատանքները երկարաձգվում են` կապված մարդկանց փրկելու հետ:
44. Երբ անհնար է հանքային փորվածքներում բժշկական աշխատողի հերթապահության կազմակերպումը, հերթապահություն է կազմակերպվում վերգետնյա բազայում:
45. Վթարների հետևանքների վերացման ժամանակ, որպես կանոն, հանքի օդի բաղադրության ստուգումը կատարվում է գազաանալիզատորների միջոցով (յուրաքանչյուր հանքափրկարարական խումբ պետք է ունենա նվազագույնը 2 գազաանալիզատորներ), ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փորձանմուշներն ուղարկվում են լաբորատոր հետազոտության ու արդյունքների մասին շտապ տեղեկացվում է հանքափրկարարական աշխատանքների ղեկավարին:
46. Այն դեպքում, երբ սպասարկող հանքափրկարարական ստորաբաժանման գազաանալիտիկ լաբորատորիան գտնվում է հանքահորից բավական հեռու, անմիջապես հանքահորում ծավալվում է վթարային լաբորատորիա` այդ նպատակի համար հատկացված տեղում:
47. Հանքափրկարարական աշխատանքների ղեկավարի կողմից նշանակվում է վթարային գազաանալիտիկ լաբորատորիայի պետ, որն ապահովում է լաբորատորիա բերված հանքի օդի նմուշի անալիզի արագ հետազոտում և արդյունքները ներկայացնում հանքափրկարարական աշխատանքների ղեկավարին, իսկ լաբորատորիայում կազմակերպում է շուրջօրյա հերթապահություն:
48. Հանքափրկարարական աշխատանքների 6 ժամից ավելի տևողության դեպքում հետևանքների վերացման աշխատանքները ղեկավարող պաշտոնատար անձի կողմից ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպվում է փրկարարական աշխատանքներին ներգրավված անձնակազմի սննդի ընդունում, իսկ 12 ժամից ավելի` նաև հանգիստ:
49. Հանքափրկարարական աշխատանքների ավարտից հետո, ջոկի անձնակազմը ստուգում է վթարի հետևանքների վերացման համար նախատեսված սարքերի և սարքավորումների առկայությունը, որից հետո վթարի հետևանքների վերացման աշխատանքների ղեկավարի գրավոր թույլտվությամբ, հանքափրկարարների ջոկը վերադառնում է մշտական տեղակայման վայր: Վերադառնալով տեղակայման վայր` ջոկն անմիջապես ստուգում և մարտական հաշվարկի է դնում սարքերն ու սարքավորումները, որից հետո անձնակազմը կարող է օգտվել հանգստի իրավունքից:
ԳԼՈՒԽ 6.
ՀԱՆՔԱՓՐԿԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
50. Վթարի հետևանքների վերացման աշխատանքների կատարման սկզբնական շրջանում պատասխանատու ղեկավարը գործում է վթարների հետևանքների վերացման պլանով նախատեսված միջոցառումներին համապատասխան և կազմակերպում է դրանց կատարումը: Միևնույն ժամանակ նա ճշտում է վթարից տուժածների քանակը, տեղը և նրանց փրկելու համար ձեռնարկում միջոցներ:
51. Հանքահորի վերաբերյալ բավարար տվյալներ ստանալուց հետո, երբ վթարի հետևանքների վերացման աշխատանքների պլանով նախատեսված միջոցառումներն ավարտվել են, կամ այդ միջոցառումները չեն ապահովում վթարի հետևանքների վերացման աշխատանքների հաջող կատարումը, վթարի հետևանքների վերացման աշխատանքների ղեկավարը, հանքափրկարարական աշխատանքների ղեկավարի հետ միասին մշակում է վթարի հետևանքների վերացման աշխատանքների օպերատիվ պլան: Օպերատիվ պլանը ստորագրվում է վթարի հետևանքների վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարի և հանքափրկարարական աշխատանքների ղեկավարի կողմից, ինչը հաստատման կարիք չունի:
52. Օպերատիվ պլանի առանձին միջոցառումների մշակումը, վթարի հետևանքների վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարը կամ հանքափրկարար աշխատանքների ղեկավարը, անհրաժեշտության դեպքում, հանձնարարում են առանձին մասնագետների կամ փորձագետների խմբի: Նրանց մշակած միջոցառումներն օպերատիվ պլանում ընդգրկվում են միայն երկու ղեկավարների համաձայնությամբ:
53. Մինչ օպերատիվ պլանի մշակումը վթարի հետևանքների վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարն ընդունում է որոշումներ ու միջանկյալ հանձնարարականներ տալիս` վթարի հետևանքների վերացման աշխատանքների ընթացքի արագացման նկատառումներով: Այդ հանձնարարականների կատարումն աշխատանքներին մասնակցող բոլոր անձանց ու կազմակերպությունների համար պարտադիր է:
54. Ջոկերին հանձնարարություններ տալով` հանքափրկարարական աշխատանքների ղեկավարը նրանց հայտնում է վթարի տեղը և բնույթը, տուժածների թիվը և նրանց գտնվելու ենթադրական տեղը, հանքահորի և վթարային տեղամասի օդափոխման վիճակը, ջոկերի շարժման երթուղին և շնչադիմակները հագնելու տեղը, վթարի հետևանքների վերացման ընթացքում վթարի զարգացման հետ կապված հնարավոր բարդացումները, ստորգետնյա բազայի և կապի միջոցների տեղը, ստորաբաժանման օպերատիվ խնդիրը, մյուս ջոկերին տրված առանձին հանձնարարությունները, տեղեկությունների հայտնման ձևը և եղանակը:
55. Այն վթարների դեպքում, երբ հանքային փորվածքները գազալցվում են, առաջին ջոկը կարճ ճանապարհներով ուղարկվում է վթարային տեղամասից դուրս եկող օդի հանքային փորվածքներով, այնպես որ նրանք հանքահորից դուրս եկող մարդկանց ընդառաջ գնան ու ցույց տան համապատասխան օգնություն, իսկ երկրորդ ջոկը (հրդեհների ժամանակ)` օդ ընդունող փորվածքներով հրդեհը հանգցնելու համար:
56. Եթե հանքահոր է եկել մեկ ջոկ, ապա այն ուղարկվում է մարդկանց փրկելու, իսկ օդ ընդունող, գազ չպարունակող փորվածքներով հրդեհի հանգցման համար ուղարկվում են ինքնապաշտպանական շնչադիմակներով զինված հանքագործները, որոնց հետագայում միանում են դեպքի վայր ժամանած 1-2 հանքափրկարար:
57. Վթարի հետևանքների վերացման ժամանակ, բոլոր դեպքերում, ձեռք են առնվում միջոցառումներ, որոնք ապահովում են հանքափրկարարական աշխատանքների կատարման անվտանգությունը (հանքային փորվածքների ամրակապում կամ դրանց ուժեղացում, օդի գազապարունակության ու ջերմության մշտական հսկողություն, աշխատանքների դադարեցում վառվող գազերի պայթյունավտանգ քանակությունների կուտակման դեպքում և այլն):
58. Վթարների հետևանքների վերացման ժամանակ ու տեխնիկական աշխատանքներ կատարելիս, անկախ հանքի օդի վիճակից, անձնակազմին արգելվում է առանց շնչադիմակների մուտք գործել աշխատանքային տեղամաս:
59. Վթարային վիճակի փոփոխությունների, ինչպես նաև վթարի հետևանքների վերացման ընթացքի մասին ջոկի հրամանատարը (ավագ հրամանատարը) պարբերաբար զեկուցում է հանքափրկարարական աշխատանքների ղեկավարին, իսկ վերջինս` վթարի վերացման պատասխանատու ղեկավարին:
60. Այն դեպքում, երբ վթարային տեղամասում վիճակի փոփոխությունը պահանջում է միջոցառումներ, որոնք չեն նախատեսված հանձնարարականով, տեղում գտնվող ավագ հրամանատարն ընդունում է աշխատանքի կատարման նոր վիճակին համապատասխանող որոշումներ, ինչի մասին անվերապահորեն հայտնում է հանքափրկարարական աշխատանքների ղեկավարին:
61. Վթարի հետևանքների վերացման ու փրկարարական աշխատանքների արագ ու արդյունավետ կատարման համար օգտագործվում են հանքահորի մեքենաներն ու սարքավորումները` (էլեկտրափորներ, վագոններ, հորատման հարմարանքներ, պոմպեր, օդափոխիչներ և այլն) պահպանելով դրանց շահագործման անվտանգության կանոնները:
62. Վթարի հետևանքների վերացման համար անհրաժեշտ սարքավորումների և նյութերի մատակարարումը, ինչպես նաև մաքուր օդում կատարվող օժանդակ աշխատանքները, վթարի վերացման օպերատիվ պլանի համաձայն, վթարի հետևանքների վերացման պատասխանատու ղեկավարի հանձնարարությամբ, կատարվում են հանքի աշխատողների ուժերով:
63. Այն դեպքում, երբ վթարի հետևանքների վերացման աշխատանքներին մասնակցում են մի քանի ստորաբաժանումներ, հանքափրկարարական աշխատանքների ղեկավարն ունենում է պահեստային մեկ ջոկ` անհրաժեշտության դեպքում տվյալ ստորաբաժանման կողմից սպասարկվող հանքում աշխատելու, հանք իջնելու և վթարի վերացման աշխատանքներ իրականացնելու համար:
64. Հանքափրկարարական աշխատանքների ղեկավարը մշտապես պետք է տեղյակ լինի ջոկատի անձնակազմի գտնվելու վայրի մասին (ճաշարան, ստորգետնյա բազա, հանգստի սենյակ և այլն):
ԳԼՈՒԽ 7.
ՋՈԿԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
65. Հանքափրկարարական աշխատանքներ իրականացնելիս վթարի հետևանքների վերացման ու մարդկանց փրկման ժամանակ` շնչառության համար ոչ պիտանի միջավայրում, ջոկի կազմը` ջոկի հրամանատարի հետ միասին պետք է լինի հինգ մարդուց ոչ պակաս:
66. Առանձին դեպքերում ստորգետնյա տարածքների աշխատողների փոքր թվաքանակի և հանքահանքային աշխատանքների փոքր ծավալի դեպքում, երբ հանքահորում ինքնաբռնկման և պայթյունավտանգ պայմաններ չկան, ջոկի անձնակազմը շնչառության համար ոչ պիտանի միջավայրում կարող է բաղկացած լինել չորս մարդուց:
67. Հանքափրկարարական աշխատանքներ կատարելիս, ջոկի անձնակազմի փոխհամաձայնեցված գործունեություն ապահովելու նպատակով, յուրաքանչյուր հանքափրկարարի տրվում է հերթական համար և համապատասխան պարտականություններ:
68. Վթարի վայրում` հանքային փորվածքներով շարժվելիս, հանքափրկարարական աշխատանքների ղեկավարին ջոկի հրամանատարը պարբերաբար կապի միջոցներով տեղեկացնում է շարժման ընթացքում իրենց հանդիպած մարդկանց, հանքի վիճակի, իրենց տեղի և գործողությունների մասին:
69. Վթարի վայր արագ հասնելու համար ջոկը պետք է օգտագործի բոլոր հնարավոր միջոցները (էլեկտրաքարշ, մեխանիկական վերելակներ և այլն):
70. Շնչադիմակներ հագնելու վայրը որոշում է հանքափրկարարական աշխատանքների ղեկավարը: Այն դեպքում, երբ հանքափրկարարական աշխատանքների ղեկավարը հանքահորի օդափոխման ու հանքային փորվածքներում գազերի տարածման ու դրանց շարժման վերաբերյալ չունի անհրաժեշտ տվյալներ, շնչադիմակներ հագնելու վայրը որոշում է տվյալ ջոկի հրամանատարը` ելնելով ստեղծված իրավիճակից ու գազաանալիզատորների ցուցմունքներից:
71. Շնչադիմակներ հագնելուց առաջ ջոկի անձնակազմը կատարում է շնչադիմակների մարտական ստուգում:
72. Գազապատ տարածք մտնելիս, ջոկի անձնակազմը ցուցաբերում է առավելագույն զգուշություն: Յուրաքանչյուր հանքափրկարար անընդմեջ հետևում է ընկերոջ վիճակին, ինչպես նաև իր շնչադիմակի աշխատանքին ու մանոմետրի ցուցումներին:
73. Գազապատ փորվածքով շարժվելիս ջոկը մշտական կապ է պահպանում պահեստային ջոկի կամ անմիջապես հրամանատարական կետի հետ:
74. Բարդ հանքային փորվածքներով շարժվելիս, ջոկը ճանապարհի բաժանման վայրում թողնում է պայմանական նշաններ, որոնք ցույց են տալիս շարժման ուղղությունը (կավճով նշագծումներ, ամրակապերի վրա քերվածքներ, փորվածքների մուտքի փակում և այլն):
75. Հետախուզության գնացող ջոկը ղեկավարում է ջոկի հրամանատարը` թթվածնի ծախսի անհրաժեշտ հաշվարկից ելնելով:
76. Եթե ջոկը շարժվում է հանքային փորվածքներով մեխանիզմների օգտագործմամբ (էլեկտրաքարշ, ավտոմեքենա, վերելակներ և այլն), ապա վերադարձի համար թթվածնի քանակը հաշվարկվում է ոտքով վերադառնալու հաշվարկով:
77. Գազապատ փորվածքում հանդիպելով փլվածքի, երբ անհնար է առաջ շարժվել, ջոկը գնահատում է փլվածքի բնույթն ու ծավալը, գազի ծավալը, լաբորատոր անալիզի համար վերցնում են օդի նմուշ, վերադառնում բազա և անմիջապես զեկուցում հանքափրկարար աշխատանքների ղեկավարին:
78. Եթե գազապատ փորվածքում ջոկի անձնակազմից որևէ մեկը կորցնում է գիտակցությունը, կամ վատ է զգում, ջոկը նրան ցույց է տալիս օգնություն, այդ մասին անմիջապես հայտնում ստորգետնյա բազա կամ հրամանատարական կետ: Այնուհետև լաբորատոր անալիզի համար այդ տեղամասից վերցնում է օդի նմուշ ու վերադառնում է ստորգետնյա բազա կամ թարմ օդ պարունակող մոտակա փորվածք:
79. Ջոկը լրիվ կազմով վերադառնում է ստորգետնյա բազա նաև այն դեպքում, երբ որևէ հանքափրկարարի ապարատում անսարքություն է հայտնաբերվել, այդ դեպքում, ելնելով անհրաժեշտությունից, հանքափրկարարին հագցնում են օժանդակ շնչադիմակը և տեղափոխում մաքուր օդ պարունակող մոտակա փորվածք:
80. Գազապատ միջավայրում աշխատելիս ջոկի հրամանատարն անձնակազմին պահում է տեսադաշտում կամ ձայնային կապի սահմաններում:
81. Եթե գազապատ փորվածքի աշխատանքի տեղամասը գտնվում է մաքուր օդին մոտ և այդտեղ ամբողջ ջոկով աշխատել հնարավոր չէ, ջոկի հրամանատարը գազապատ միջավայր է ուղարկում ոչ պակաս քան երկու շնչադիմակով հանքափրկարար` իր տեսողության կամ ձայնային լսողության սահմաններում: Ջոկի մնացած անդամները գտնվում են մաքուր օդում (ստորգետնյա բազայում) որպես պահեստային անձնակազմ:
82. Գազապատ փորվածքներում ջոկերի հերթափոխության ժամանակ, եթե չկա պահեստային ջոկ, բազայում կապի ապահովման նպատակով, թողնվում է հերթապահ` հեռախոսավար:
83. Ջոկը ստորգետնյա բազա է վերադառնում լրիվ կազմով և այն երթուղով, որով գնացել էր, բացառությամբ այն դեպքերի, երբ ճանապարհը փակվել է փլուզումով, հրդեհով և այլն, կամ երբ հանքափրկարարական աշխատանքի կատարման ժամանակ հանքափրկարարական աշխատանքների ղեկավարի ցուցումով այդ ճանապարհը փոխվել է:
84. Գտնվելով ստորգետնյա բազայում` պահեստային ջոկը մշտական կապի մեջ է լինում գազապատ փորվածքում աշխատող ջոկի հետ և պատրաստ լինում, անհրաժեշտության դեպքում, նրան ցույց տալու համապատասխան օգնություն կամ փոխարինում:
85. Փլուզված ու քանդված փորվածքներով ջոկի առաջ շարժվելիս անհրաժեշտ է`
1) օգտագործել տուժածներին արագ հասնելու բոլոր հնարավոր ձևերը.
2) փլուզված վայրով անցնել միայն նախօրոք ուսումնասիրելուց հետո.
3) վերադարձի համար հետադարձ ճանապարհը ամրակապել և վերականգնել խախտված ամրակապերը:
ՀՐԴԵՀՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՈՒՄԸ ԵՎ ՀՐԴԵՀԱՇԻՋՈՒՄԸ
86. Կառուցման, շահագործման և վերակառուցման մեջ գտնվող բոլոր ստորերկրյա հանքերում պետք է իրագործվեն հրդեհային անվտանգության միջոցառումներ` ուղղված հրդեհների առաջացման կանխարգելմանը, ինչպես նաև տեղայնացմանը և վերացմանը: Արգելվում է շահագործման ընդունել նոր հանքեր, հորիզոններ, տեղամասեր, բլոկներ, որոնցում սահմանված չափով չեն նախատեսված հրդեհային անվտանգության պահանջները: Հրդեհային անվտանգության միջոցառումները պետք է արտացոլվեն նոր կամ վերակառուցվող հանքերի նախագծի մեջ, գործող և նախապատրաստվող հորիզոններում, լեռնային աշխատանքների զարգացման պլաններում:
87. Բոլոր բարձրակները և թարմ օդ մատակարարող հանքահորերի, հետախուզահորերի, և հանքուղիների վերհանային շինությունները պետք է կառուցվեն չհրկիզվող նյութերից: Չհրկիզվող նյութերով պետք է ամրապնդվեն`
1) բոլոր ուղղաձիգ և թեք հանքահորերի, հանքուղիների, ինչպես նաև հետախուզահորերի հորաբերանները` երկրի մակերևույթից 10 մ-ից ոչ պակաս երկարությամբ.
2) ուղղաձիգ և թեք հանքահորերի, հանքուղիների, հետախուզահորերի կցորդամասերը` հորիզոնների փորվածքներով և հորանամերձ բակերով փոխհատվող փորվածքի մերձակա պատի ամեն կողմից 10 մ-ից ոչ պակաս երկարությամբ.
3) հիմնական թեքությունների հորաբերանները, բացատարման և օդափոխության հանքամիջանցքների անցարանները, կցորդամասերը` փոխհատվող փորվածքի մերձակա պատի ամեն կողմից 10 մ-ից ոչ պակաս երկարությամբ.
4) գլխավոր և օժանդակ օդափոխության կայանքների շինությունների օդափոխության անցուղիները, ինչպես նաև բոլոր օդաջեռուցիչների (կալորիֆեր) անցուղիները` 10 մ երկարությամբ:
88. Ստորերկրյա հանքի օդամղիչ հորանների, հետախուզահորերի հորաբերանները պետք է ունենան մետաղե կափույրներ, իսկ հանքուղիները` մետաղե դռներ: Կափույրները պետք է գործարկվեն երկու տեղերից` անմիջապես բարձրակից և վերհանքային շինության արտաքին մասից:
89. Արգելվում է ծխել հանքում, վերհանքային շինություններում և սենյակներում, էլեկտրամեքենաշինական խցերում, էլեկտրատեղակայանքներում:
90. Արգելվում է ցանկացած տեսակի վառելիքի, ինքնաբռնկվող ապարների և նյութերի համար տեղակայել պահեստներ՝ վերհանքային շինություններից մինչև 100 մ հեռավորության վրա:
91. Հակահրդեհային նյութերի, սարքավորումների և հարմարանքների պահման համար պետք է կազմակերպվեն`
1) պահեստներ` տեղադրված վերհանքային շինություններից և հանքուղու բերանից մինչև 100 մ հեռավորության վրա` կապված վերջիններիս հետ երկաթուղով կամ ավտոճանապարհներով.
2) ստորերկրյա պահեստներ` տեղադրված յուրաքանչյուր գործող հորիզոնում համալրված հակահրդեհային միջոցներով, նյութերով, գործիքներով և գույքով: Վթարների վերացման համար պահեստներից ծախսված հակահրդեհային նյութերը և միջոցները պետք է լրացվեն մեկ օրվա ընթացքում:
92. Հանքերում` գազավորված մթնոլորտում, հրդեհաշիջման աշխատանքները պետք է կատարեն միայն հանքափրկարարները: Հրդեհների վերացմանը` հանքափրկարարների հսկողությամբ կարող են մասնակցել նաև հանքի և հակահրդեհային ծառայության աշխատողները` ունենալով մեկուսիչ ինքնափրկարարական միջոցներ:
93. Արտաքին հրդեհային ջրատար չունեցող ստորերկրյա հանքերում երկրի մակերևույթի վրա պետք է կառուցվի և միշտ ջրով լցավորված վիճակում պահվի հակահրդեհային ջրավազան, որի տարողությունը որոշվում է հաշվարկով: Ջրավազանները հանքահորի հետ պետք է միացված լինեն խողովակագծով` տրամագիծը` 100 մմ-ից ոչ պակաս: Ջրատար խողովակագծի մոտ պետք է տեղադրվեն պոմպեր (աշխատող և պահուստային), որոնց արտադրողականությունը և ճնշումը որոշվում են ըստ հանքի հակահրդեհային նախագծի: Պոմպերի շինությունները ձմռանը պետք է տաքացվեն:
94. Հրդեհի օջախ ունեցող ստորերկրյա հանքերում օդափոխիչների խափանման կամ օդափոխության հաստատված ռեժիմների խախտումների ժամանակ լեռնային փորվածքներում գտնվող բոլոր մարդիկ պետք է անմիջապես դուրս բերվեն երկրի մակերևույթ: Հրդեհի տեղամասը պետք է մեկուսացվի չհրկիզվող օդաանթափանցիկ և հակահրդեհային միջնապատով` օդի ջերմաստիճանի չափման և օդի մեջ CO, CO2, SO2, O2 գազերի պարունակությունն ստուգելու նպատակով օդի նմուշներ վերցնելու համար: Հրդեհի տեղամասը շահագործվող փորվածքներից բաժանող հակահրդեհային միջնապատի զննումը պետք է կատարվի ամենօրյա: Օդափոխության ռեժիմը վերականգնելուց հետո հանքի բոլոր փորվածքները պետք է լրիվ օդափոխվեն, կատարվի օդի բաղադրության վերլուծություն:
95. Հրդեհով բռնկված տեղամասերում հետագայում հանույթի ժամանակ անհրաժեշտ է թողնել արգելափակոցային բնամասեր և հանույթը կատարել միայն մշակված տարածության լցափակմամբ:
96. Հրդեհներով բռնկված տեղամասերի բացումը և դրանց նախնական օդափոխությունը պետք է իրականացնեն հանքափրկարարները:
97. Միայն դրական արդյունքներ ստանալուց հետո կարելի է թույլատրել աշխատողներին մտնել լեռնային փորվածքներ: Աշխատանքների վերսկսումից հետո, 3 օրվա ընթացքում, հրդեհված տեղամասում պետք է հերթապահեն հանքափրկարարները և յուրաքանչյուր 30 րոպեն մեկ, ամեն մի փորվածքում որոշեն օդի բաղադրությունը և ջերմաստիճանը:
98. Ստորգետնյա հրդեհների մարումը կատարվում է հետևյալ հիմնական ձևերով`
1) օջախի վրա հրդեհաշիջման միջոցների անմիջական ազդեցությամբ (ակտիվ միջոց).
2) վառվող տեղամասի մեկուսացում, գործող փորվածքից միջնապատով և ուրիշ մեկուսացնող կառույցներով:
99. Հրդեհի մարման ակտիվ եղանակի դեպքում պետք է օգտագործել ձեռքի տակ ունեցած բոլոր հնարավոր հրդեհաշիջման միջոցները փոքրից մինչև հզորները: Կազմակերպելով հրդեհի մարում հանքափրկարարական աշխատանքների և վթարի հետևանքների վերացման պատասխանատու ղեկավարները ակտիվ գործողություններ են ձեռնարկում հրդեհի մարման համար անհրաժեշտ միջոցներ կուտակելու, զուգահեռ պետք է մշակեն կամ մասնագետների խմբի հանձնարարեն մշակել հրդեհի մարման ուրիշ եղանակներ կամ այն մեկուսացնել, եթե հրդեհը անմիջական եղանակով մարել չի հաջողվում:
100. Մասնագետների այդպիսի խմբերի կազմակերպումը պետք է ապահովեն կոմբինատի, հանքավարչության գլխավոր ճարտարագետները և հանքափրկարար ջոկատների հրամանատարները:
101. Ավելի նպատակահարմար օդափոխման ռեժիմ (հրդեհի դեմ պայքարի տարբեր էտապների համար) մշակելու համար անհրաժեշտ է խումբ կազմել օդափոխման մասնագետներից, որի մեջ կարող են մտնել հանքի, կոմբինատի, հանքափրկարար ջոկատի, համապատասխան գիտահետազոտական ինստիտուտների աշխատողները:
102. Ելնելով իրավիճակից, հրդեհի մարման մի եղանակից մյուսին անցնելը որոշվում է վթարի հետևանքների վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարի և հանքափրկարարական աշխատանքների ղեկավարի կողմից:
103. Եթե հանքափրկարար ստորաբաժանման տեղ հասնելու պահին հրդեհը այնպիսի մեծ չափեր է ընդունել, որ հրդեհի մարման համար հանքահորում առկա միջոցների քանակը չի բավարարում, այդ դեպքում հրդեհի օջախը միջնապատերով մեկուսացվում է այնպես, որ նվազի այրման ակտիվությունը, որից հետո անհրաժեշտ հրդեհաշիջման միջոցների կուտակումից հետո կատարվում է հրդեհի մարման աշխատանքներ:
104. Եթե հրդեհը սպառնում է հանքահորի կարևոր հանգույցներին կամ օբյեկտներին (հանքափողերին, պահեստներին, էլեկտրական սարքավորումների և ջրահեռացման պոմպերի խուցերին և այլն), այդ դեպքում հիմնական ուժերը և միջոցները պետք է ուղղվեն հրդեհի տարածման ճանապարհների փակման և նշված օբյեկտների պաշտպանության ապահովման:
ՋՐԻ ԵՎ ԳԱԶԻ ՃԵՂՔՈՒՄՆԵՐԻ ԿԱՆԽՈՒՄԸ
105. Ջրապարունակ և ջրավորված օգտակար հանածոների ստորգետնյա հանքավայրերի մշակումը պետք է կատարվի «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:
106. Եթե ստորերկրյա եղանակով մշակվող օգտակար հանածոների հանքավայրերի սահմաններում կան հեղեղված փորվածքներ, ինչպես նաև փորվածքներ, որոնցում հնարավոր է տաք և թունավոր գազերի կուտակումներ, պետք է որոշվեն դրանցում ջրերի և գազերի ճեղքումների վտանգավոր գոտիները և մտցվեն մարկշեյդերական փաստաթղթերի մեջ:
107. Ջրավազանների տակ գտնվող արգելապատված կամ ապահովիչ բնամասերի սահմաններում լեռնային աշխատանքները կարող են կատարվել միայն ջրահեղեղված փորվածքներից ջուրը բաց թողնելուց կամ երկրի մակերևույթի վրա տեղադրված ջրավազաններից այն հանքավայրի սահմաններից դուրս մղելուց հետո:
108. Եթե ջրահեղեղված փորվածքներում նկատվում են ջրի և գազի հնարավոր ճեղքման նշաններ, անհրաժեշտ է անմիջապես դադարեցնել աշխատանքները, մարդկանց դուրս բերել ջրահեղեղման և գազավորման վտանգի տակ գտնվող փորվածքներից: Միաժամանակ անհրաժեշտ է հերթափոխում ոչ պակաս, քան 3 անգամ անցկացնել օդի բաղադրության արագընթաց վերլուծություն, վերցնել օդի նմուշ և ամիսը երկու անգամ կատարել օդի քիմիական վերլուծություն: Բոլոր հորատանցքերը, բացառությամբ դիտարկման և ջրապարունակ հորիզոնները հատող հորատանցքերից, պետք է ցեմենտածածկվեն:
109. Կազմակերպությունը, որն իրականացնում է հորատման աշխատանքներ, պետք է կազմի երկրաբանական հաշվետվություն, որի մեջ պետք է տեղադրական հատակագծերի (քարտեզների) վրա և կոորդինատների քարտեզացուցակներում ցույց տրվեն ելանցքների, հանքախորշերի ու փորվածքների հետ բոլոր հորատանցքերի հատման տեղերը: Երկրաբանական հաշվետվության մեկ օրինակը պետք է պահվի կազմակերպությունում, որը պարտավոր է հանքերին հաղորդել դրանց վերաբերյալ երկրաբանահետախուզական տվյալները:
110. Ջրի, տղմահողերի կամ խույսի ճեղքի վտանգի պայմաններում, հանքահորերի կառուցման և շահագործման ժամանակ, գործող լեռնային փորվածքները, մերձհանքահորային բակերը և գլխավոր ջրահեռացման սարքավորումները պետք է պատնեշապատվեն անջրաթափանցիկ անջրպետներով: Երկրի մակերևույթի ձագարները և հանքավայրերի մշակման հետևանքով առաջացած բաց ճեղքվածքները, հեղեղատներով անցումները պետք է անջրպետվեն ջրահեռացման առուներով` անձրևաջրերը և հեղեղաջրերը արտամղելու, դրանց մուտքը դեպի լեռնային փորվածքներ արգելափակելու համար:
111. Ջրածածկված ուղղահայաց և թեք փորվածքներից ջրի դուրս մղման ժամանակ պետք է ստուգվեն մթնոլորտի և այդ փորվածքների չօդափոխվող մասերի վիճակը` ջրի հայելամակերեսից վերև: Օդի փորձանմուշները` վերցված հանքափրկարարների կողմից, պետք է հետազոտվեն ածխածնի (CO), ածխաթթու(CO2), մեթան գազի (CH4), ծծմբաջրածնի (H2S), թթվածնի (O2) և ջրածնի (H2) պարունակության համար:
112. Վնասակար գազերի հնարավոր կուտակման տեղերին մոտեցող փորվածքները պետք է լուսավորվեն մարտկոցային լամպերով: Եթե փորվածքներում հայտնաբերվում են վնասակար գազեր, դրանց չափումը պետք է կատարվի գազորոշիչներով: Այն դեպքերում, երբ հանքախորշերը մոտենում են փորվածքներին, որոնցում հնարավոր է վնասակար և այրվող նյութերի կուտակումներ, պետք է կազմվի գազի ճեղքման դեմ պաշտպանիչ միջոցառումների ծրագիր, որը հաստատվում է կազմակերպության ղեկավարության կողմից:
113. Եթե նույն հանքավայրում տեղակայված մի հանքահորը կամ հանքահորերի խումբը մյուս հանքահորերի համար ստեղծում են հնարավոր ջրահեղեղման կամ գազավորման վտանգ` հանքային դաշտի սահմաններում պետք է թողնվեն արգելապատված բնամասեր:
114. Ուղղաձիգ և թեք հանքահորերը, հետախուզահորերը, հանքուղիները պետք է դասավորվեն այնպես, և դրանց ելանցքներն ունենան այնպիսի սարքեր, որպեսզի մակերևութային ջրերը չթափանցեն լեռնային փորվածքներ: Լեռնային փորվածքները շահագործումից հանելու կամ կոնսերվացնելու դեպքում պետք է դրանցում մեկուսացվեն մակերևութային ջրերի հոսքը:
115. Ջրահանման գլխավոր և տեղամասային կայանքները պետք է ունենան երկու ջրահավաքիչներ` բաղկացած երկու և ավելի փորվածքներից:
116. Կառուցվող և վերակառուցվող հանքահորերի և նոր հորիզոնների համար գլխավոր ջրահավաքիչի տարողությունը պետք է հաշվարկված լինի 4 ժամից ոչ պակաս հոսքի համար, տեղամասայինը` 2 ժամից ոչ պակաս հոսքի համար: Ջրաքաշող հանքահորերի գլխավոր ջրահանման կայանքների ջրաքաշիչ տարողությունները պետք է հաշվարկել երկժամյա հոսքի համար:
117. 50 մ3/ժ-ից ավելի ջրային հոսք ունեցող հանքերի ջրհանման գլխավոր կայանքները պետք է սարքավորված լինեն 3-ից ոչ պակաս պոմպային ագրեգատներով:
118. Ջրհան կայանքների աշխատանքային պոմպերի արտադրողականությունը պետք է ապահովի շուրջօրյա ջրային հոսքի նորմալ դուրս մղումը` 20 ժամից ոչ ավելի ժամանակով:
119. Գլխավոր ջրհան կայանքը պետք է սարքավորված լինի երկուսից ոչ պակաս ջրահեռացման խողովակագծերով, որից մեկը` պահուստային: Աշխատանքային խողովակագծերը պետք է հաշվարկվեն պոմպային կայանքի լրիվ արտադրողականության վրա: Պոմպային խցում մղիչ խողովակագծերը պետք է լինեն օղակված և ունենան սողնակ` խողովակագծերից յուրաքանչյուրի ագրեգատի փոխարկումն ապահովելու համար:
120. Գլխավոր ջրհան կայանքը պետք է զննվի ոչ պակաս, քան շաբաթը մեկ անգամ` հանքի տեխնիկական պատասխանատու անձի կողմից:
121. Յուրաքանչյուր հանքում պարբերաբար, բայց ոչ պակաս, քան 6 ամիսը մեկ անգամ, պետք է կատարվի ջրի հոսքի չափում և ջրի քիմիական վերլուծություն:
ՓՈՇՈՒ ԵՎ ԳԱԶԻ ՊԱՅԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ
122. Հանքահորում փոշու և գազի պայթման հետևանքների վերացման գործում հանքափրկարար ստորաբաժանումների հիմնական խնդիրները համարվում են վթարի գոտում գտնվող մարդկանց փրկումը, առաջացած հրդեհների մարումը և օդափոխման վերականգնումը:
123. Հանքահորում գազի կամ փոշու պայթման վայրից մարդկանց փրկելու համար այնտեղ պետք է ուղարկվի հանքափրկարարների այնքան ջոկ, որպեսզի հնարավոր լինի յուրաքանչյուր տուժածի օգնություն ցույց տալ:
124. Վտանգավոր տեղամասեր ուղարկվում է երկու ջոկ: Առաջին ջոկը դուրս եկող օդի կողմից, երկրորդ ջոկը` մտնող օդի կողմից: Անհրաժեշտ քանակությամբ հանքափրկարար ուժեր չլինելու դեպքում, որպես կարգ, հանքահոր եկած բոլոր ջոկերը ուղարկվում են վթարի վայր: Ջոկերի երթուղին որոշվում է ելնելով իրավիճակից: Երթուղով շարժվելիս անհրաժեշտ է ձգտել խոր մտնել պայթյունից տուժած տեղամաս, քանի որ այնտեղ կարող են գտնվել տուժածները, որոնք բոլորից շատ օգնության կարիք ունեն:
125. Տարածված բարդ լեռնային փորվածքների ցանց ունեցող հանքավայրում տուժածներին արագ օգնություն ցույց տալու և էվակուացնելու համար պետք է առավելագույն չափով օգտագործել ստորգետնյա տեղափոխման միջոցները (էլեկտրաքարշ, վագոն, վերամբարձ միջոցներ և այլն):
126. Հանքում պայթյունի դեպքում, մարդկանց փրկելու աշխատանքների հետ միասին, պետք է միջոցներ ձեռնարկվեն պայթյունից տուժած տեղամասերում վերականգնել օդափոխման ռեժիմը, հնարավորին չափ ավելացնելով տրվող օդի քանակը: Եթե պայթյունը ուղեկցվել է հրդեհով, ապա մարդկանց փրկելու աշխատանքները վերջացնելուց հետո, անմիջապես պետք է զբաղվել հրդեհի մարմամբ:
127. Տեղամասի արագ օդափոխման համար առաջին հերթին պետք է վերականգնվեն օդափոխման վնասված սարքավորումները, եթե դրանք այնքան են վնասված, որ հնարավոր չէ վերականգնել, պետք է տեղադրել նոր ժամանակավոր հարմարանքներ:
128. Հանքահորին մաքուր օդ տվող մակերեսային շինություններում և փողակից փորվածքներում փոշու կամ գազի պայթյունը, ինչպես նաև այն փորվածքներում, որոնցից այրման կամ պայթման հետևանքով առաջացած նյութերը կարող են հեռացվել կարճ ճանապարհով, որպես կարգ նախատեսվում է կատարել օդի շարժման ուղղության շրջադարձ:
129. Գազ պարունակող փորվածք ջոկը ուղարկելիս կարճ ժամկետում ստորգետնյա բազա պետք է ուղարկվի նաև պահեստային ջոկը:
130. Եթե մարդկանց փրկման հետ կապված աշխատանքներում եղած ջոկերի անհրաժեշտ քանակ չի բավարարում, այդպիսի դեպքերում ստորգետնյա բազայում պահեստային ջոկ կարելի է չպահել:
131. Գազ պարունակող փորվածք մտնելուց անմիջապես առաջ շնչադիմակ հագնելու վայրում, փորվածքի պատին, աչքը ընկնող տեղում կավճով կատարվում է գրառում գազափորվածք մտնելու ժամի և ջերմության մասին:
132. Այդտեղ է թողնվում կարմիր լույսով լուսալամպը և կապի սարքավորումը (շախտաֆոն), որին ամրացված է ռադիոկապի լարը և շարժվում են փորվածքով, ռադիոկապի լարի կծիկը աստիճանաբար բաց թողնելով:
133. Շնչադիմակով մեկ ապարատահերթափոխ աշխատելուց հետո ջոկը, նորից երկրորդ անգամ շնչադիմակով աշխատանքի է թույլատրվում ոչ պակաս մեկ ապարատ-հերթափոխ ժամանակամիջոց հանգստանալուց հետո, բացառությամբ այն դեպքերի, որոնք կապված են մարդկանց փրկության կամ եթե այդ խիստ պահանջում է իրավիճակը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՓՈՐՎԱԾՔՆԵՐՈՒՄ ՓԼՈՒԶՈՒՄՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՈՒՄ
134. Լեռնային փորվածքներում փլուզումների և լեռնային հարվածների ժամանակ հանքափրկարար ստորաբաժանումների հիմնական խնդիրը համարվում է մարդկանց փրկելը և օդափոխման ռեժիմի վերականգնումը:
135. Լեռնային փորվածքներում փլուզումների հետևանքները վերացնելու նպատակով առաջին ջոկը վթարի տեղամաս է ուղարկվում մաքուր օդի տրման կողմից, իսկ եթե փլուզումները կատարվել են փակուղային փորվածքներում, այդ դեպքում ջոկերն ուղարկվում են միևնույն երթուղով:
136. Մարդկանց փրկելու ժամանակ անհրաժեշտ է`
1) իմանալ տուժածների տեղը և քանակը` բանվորներից և ինժեներատեխնիկական անձնակազմից հարցումով, խողովակաշարին հարվածելով և ուրիշ միջոցներով.
2) ստեղծել ու մշտական կապ պահպանել տուժածների հետ.
3) տուժածներին մոտենալու նպատակով անմիջապես սկսել փլվածքի մաքրումը կամ փոքր չափսերի նոր փորվածքի անցում.
4) տուժածներին մաքուր օդով, ջրով և անհրաժեշտության դեպքում նաև սննդով ապահովել` այդ նպատակի համար օգտագործելով գոյություն ունեցող ջրի կամ օդի խողովակաշարը կամ դրա համար անցնելով նոր հատուկ հորատանցք:
137. Փլվածքի մաքրման, փլվածքով կամ լեռնային զանգվածներով տուժածներին մոտենալու փորվածքների անցումը պետք է կատարել միաժամանակ, հնարավոր մեծ թվով տեղերից: Աշխատանքների արագ կատարման նպատակով այդ գործին ընդգրկվում են նաև հանքի փորձառու բանվորները:
138. Փլվածքի մաքրման կամ շրջանցիկ փորվածքի անցման ժամանակ ջոկը պետք է մշտապես հետևի առաստաղի վիճակին, լեռնային ճնշմանը և փորվածքը ժամանակին ամրակապի, որպեսզի խուսափի փլվելու կրկնությունից և անվտանգ անցուղի ունենան:
139. Մաքրման փորվածքներում փլուզման ժամանակ հանքնափրկարարական աշխատանքներ կատարելիս, երբ մարդկանց գտնվելու հնարավոր բոլոր տեղերը ուսումնասիրված են ու մարդիկ չեն հայտնաբերվել, ապա փլուզման տարածքում գտնվող տուժածների փնտրման հետագա աշխատանքների կատարման համար փլուզված տարածքում փորվածքների անցումը որպես կարգ պետք է կատարվի գործող փորվածքի երկու առանձին ելքերի առկայության դեպքում:
140. Փլվածքի տակից մարդկանց հանելիս, նոր փլուզումից կամ փլված զանգված տեղափոխելուց խուսափելու համար պետք է միջոցներ ձեռք առնել անվտանգության ապահովման, ինչպես տուժածների, այնպես էլ հանքափրկարարների համար (ժամանակավոր ամրակապում, կախված ապառների մաքրում, պոկում, մոտակա փորվածքներում պայթեցման աշխատանքների դադար և այլն):
141. Այն հանքերում, որտեղ փլվածքի տակ գտնվող մարդկանց փրկման համար օգտագործվում է խտացված օդի էներգիան, դեպի վթարային տեղամաս խտացված օդի մատակարարման դադարեցումը արգելվում է:
142. Մինչ որոնման համար նախատեսված փորվածքի անցումը պետք է ուժեղացնել փորվածքի չփլված մասի ամրակապը և կախված ապառներ վայր ընկնելու վտանգը վերացնելու համար միջոցներ ձեռնարկել:
143. Փլված տարածքի ազատման նպատակով փլուզված ապառների բաց թողնումը և փորվածքի վերականգնումը արգելվում է:
144. Այն փլվածքային փորվածքներում, որոնց առաստաղները իրենցից ներկայացվում են ջրահագեցված ավազաններ կամ տղմաշերտեր տուժածներին հանելը, որպես կարգ, պետք է կատարել ջրանցվող փորվածքների անցումով:
145. Գործող փորվածքներում մեծ փլվածքների դեպքում տուժածներին օգնություն ցույց տալու համար նպատակահարմար է փորել մեծ տրամաչափի հորատանցքեր:
146. Թեք կամ ուղղահայաց փորվածքներում փլվածքների վերացման հանքափրկարարական աշխատանքներ կատարելիս, անհրաժեշտ է օգտագործել ապահովող ամրագոտիներ կամ կախովի սարքեր:
147. Դեպի տուժածներ փորվածքներ անցնելիս պայթեցման աշխատանքների կատարումը արգելվում է, ինչպես նաև արգելվում է պայթեցումներ կատարել վթարային փորվածքին հարևան փորվածքներում:
ՀԱՆՔԱՀՈՐԵՐՈՒՄ ԶԱՆԳՎԱԾԱՅԻՆ ՊԱՅԹԵՑՈՒՄՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
148. Հանքափրկարար ջոկատի հրամանատարը հանքահորի ղեկավարությունից ստանալով գրավոր տեղեկություն զանգվածային պայթեցման տեխնիկական աշխատանքները կատարելու մասին անմիջապես տեղեկացնում է հանքափրկարարներին, ծանոթացնում տեխնիկական աշխատանքների բնույթին:
149. Զանգվածային պայթեցումից 1 օր առաջ հանքի օդափոխության հսկողությունը իրականացնող ծառայությունը հանքափրկարար ջոկատի անձնակազմի հետ միասին ծանոթանում է պայթեցման տարածքին և ստուգում օդափոխման համակարգի և բլոկի պահեստային անցումների վիճակը, հրդեհաշիջման միջոցների առկայությունը և այլն:
150. Հանքափրկարար ջոկատի հրամանատարը հանքի ղեկավարության հետ կազմում է պայթեցումից հետո այդ սարքերի սպասարկման պլան:
151. Հանքափրկարար ջոկատի կողմից մասսայական պայթեցումներից առաջ և հետո կատարվող աշխատանքների անվանացանկը և ծավալները մշակվում է զանգվածային պայթեցման նախագծի տեխնիկական հաշվարկների հատուկ բաժնում:
152. Պայթեցմանը նախորդող օրերին հանքափրկարար ջոկատի հրամանատարը պայթեցման աշխատանքների պատասխանատու ղեկավարի հետ միասին ճշտում են պայթեցումից հետո նախատեսվող տեխնիկական աշխատանքները և մինչ պայթեցում ու պայթեցումից հետո հնարավոր վթարների վերացման միջոցառումները:
153. Զանգվածային պայթեցմանը նախապատրաստվելուց առաջ հանքի ղեկավարությունը վթարների հետևանքների վերացման պլանին կից մշակում է լրացուցիչ միջոցառումներ (անժամանակ պայթյուն, պայթուցիկ նյութերի այրում և այլն), որը ընդունված կարգով համաձայնեցվում և հաստատվում է:
154. Հանքավայրի համատեղ` բաց ու ստորգետնյա շահագործման դեպքում, բաց հանքի գլխավոր ինժեները հանքափրկարար ջոկատի հրամանատարի հետ որոշում է վտանգավոր տեղամասերը, որտեղից պայթեցումից հետո կարող են թափանցել թունավոր գազերը և միջոցներ են ձեռնարկում այդ շրջան մարդ չթողնելու:
155. Հանքափրկարար ջոկերին կամ խմբերին թույլատրվում է հիմնական հորիզոնի փորվածքներ գնալ հանքաքարի անջատման համար զանգվածային պայթեցումից մեկ ժամ հետո, իսկ պայթեցման տարածքի փորվածքներ երկու ժամ հետո:
156. Առաստաղազանգվածների և բնամասերի քայքայման զանգվածային պայթեցման ժամանակ հանքափրկարար ջոկերին կամ խմբերին հանք իջնել թույլատրվում է հիմնական հորիզոնի փորվածքներ երկու ժամից ոչ շուտ, իսկ պայթեցման շրջան` չորս ժամից ոչ շուտ:
157. Չի թույլատրվում պայթեցման վայրին մոտենալ 200 մետրից ոչ պակաս, այն էլ այն դեպքում եթե փորվածքում կա երկու 90օ անկյան շրջադարձ:
158. Հանքափրկարար ջոկերը կամ խմբերը առաջադրանքի կատարումը սկսում են հրամանատարական կետից թույլատրություն ստանալուց հետո:
159. Շնչադիմակ հագնելու տեղը որոշվում է ջոկի հրամանատարի կողմից ըստ էքսպրես անալիզի սարքերով ածխածնի և ազոտի օքսիդների առկայության ցուցանիշի:
160. Հանքափրկարար ջոկերը կամ խմբերը զանգվածային պայթեցումներից հետո համաձայն առաջադրանքի միացնում են օդափոխիչները և ջրհան սարքերը, հետազոտում են հանքի փորվածքները, նախօրոք նշված կետերում կատարում օդի էքսպրես անալիզներ, գրանցելով անալիզի արդյունքները և այլն:
161. Զանգվածային պայթեցումներից 2 ժամ, իսկ առաստաղազանգվածների և բնամասերի զանգվածային պայթեցումներից` 4 ժամ հետո հրամանատարական կետի թույլատրությամբ հանքափրկարար ջոկերը կամ խմբերը ստուգում են պայթեցման ամբողջականությունը, պայթեցման շրջանում լեռնային փորվածքների վիճակը, կատարում են օդի էքսպրես անալիզ ու երթուղի-հանձնարարականում նշված վայրերում լաբորատոր անալիզի համար վերցնում օդի նմուշներ:
162. Չպայթած լիցքավորումների հայտնաբերման դեպքում ջոկերը կամ խմբերը զգուշությունը պահպանելով, դադարեցնում են տեղամասի ուսումնասիրությունը և այդ մասին հայտնում հրամանատարական կետ:
163. Լեռնային փորվածքների լրիվ օդափոխումից (մինչ որոշված նորմերը) հետո հանքափրկարար ջոկատի հրամանատարը պայթեցման աշխատանքի պատասխանատու ղեկավարին օդի անալիզի արդյունքների վերաբերյալ ծանուցագիր է տալիս և նրանցից ստանում հանքափրկարար ջոկատի կողմից կատարվող տեխնիկական աշխատանքների ավարտման թույլատրություն:
ԳԼՈՒԽ 8.
ՀԱՆՔԱՓՐԿԱՐԱՐ ՋՈԿԱՏԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՆՔԱՓՐԿԱՐԱՐ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
164. Հանքափրկարար ջոկատի հրամանատարը համարվում է ջոկատի ստորաբաժանումների ողջ անձնակազմի պետը և նրանց օպերատիվ գործունեության համար պատասխանատվություն է կրում:
165. Հանք գալով ջոկատի հրամանատարը իր վրա է վերցնում հանքափրկարարական աշխատանքների կատարման ղեկավարումը, եթե հանքափրկարարական աշխատանքներին մասնակցում են մի քանի ջոկատներ:
166. Անհրաժեշտության դեպքում ջոկատի հրամանատարը հանքափրկարարական աշխատանքների ղեկավարությունը կարող է վերցնել իր վրա, եթե այդ աշխատանքները կատարվում է նույնիսկ մեկ ջոկի կողմից:
ՀԱՆՔԱՓՐԿԱՐԱՐ ՋՈԿԱՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐԻ ՕԳՆԱԿԱՆ
167. Հանքափրկարար ջոկատի հրամանատարի օգնականը համարվում է ջոկատի ստորաբաժանումների անձնակազմի ուղղակի ղեկավարը և նրանց օպերատիվ աշխատանքի համար հրամանատարին հավասար պատասխանատվություն է կրում:
168. Եթե հանքափրկարար ջոկատի հրամանատարի օգնականը առաջինն է գալիս հանք, մինչև ջոկատի հրամանատարի գալը ղեկավարում է հանքափրկարարական աշխատանքների կատարումը:
169. Եթե հանքափրկարարական աշխատանքների ղեկավարումը կատարվում է ջոկատի հրամանատարի կամ ուրիշ` նրանից կարգով բարձր հրամանատարության կողմից, այդ դեպքում նա ղեկավարում է հանքահորում կատարվող հանքափրկարարական աշխատանքները:
170. Ջոկատի հրամանատարի օգնականը պետք է մշտապես տեղյակ լինի վթարի հետևանքների վերացման աշխատանքներին և պատրաստ լինի անհրաժեշտության դեպքում փոխարինելու ջոկատի հրամանատարին:
ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՀԱՆՔԱՓՐԿԱՐԱՐ ՀԵՆԱԿԵՏԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
171. Ստորգետնյա հանքափրկարար հենակետի հրամանատարը մինչև ջոկատի հանք գալը գործում է վթարի վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարի հրահանգով ու պատասխանատու է հենակետի անձնակազմի օպերատիվ գործունեության համար:
172. Տեղեկանալով վթարի մասին ստորգետնյա հանքափրկարար հենակետի հրամանատարը պարտավոր է`
1) անմիջապես ներկայանալ վթարի վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարին` հանձնարարական ստանալու համար.
2) վթարների հետևանքների վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարի բացակայության դեպքում հանքի դիսպետչերին տեղեկացնել իր որոշման մասին և կանչով եկած շնչադիմակավորների հետ, ըստ վթարի բնույթի, վերցնել անհրաժեշտ հանդերձանքը ու սկսել վթարի հետևանքների վերացման և տուժածներին օգնելու աշխատանքները.
3) վթարի հետևանքների վերացման համար օգտագործել ստորգետնյա խուցերում, լեռնային փորվածքներում և հանքի ստորգետնյա պահեստներում գտնվող հանդերձանքը, նյութերը և միջոցները.
4) լեռնային փորվածքներով վթարի վայր շարժվելու ժամանակ հանդիպող մարդկանց ուղարկել մակերևույթ կամ մաքուր օդ պարունակող փորվածքներ.
5) հանքափրկարար ջոկատի հրամանատարի հանք գալուն պես, վթարային տեղամասի վիճակի մասին նրան զեկուցել հեռախոսով կամ հանքի մակերևույթ դուրս գալուց անմիջապես հետո:
173. Այն դեպքում, երբ ստորգետնյա հենակետի անձնակազմը կատարում է օպերատիվ հանձնարարական լրիվ կազմով, ստորգետնյա հենակետի հրամանատարը գործում է որպես ջոկի հրամանատար:
ՋՈԿԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ
174. Ջոկի հրամանատարը համարվում է ջոկի անձնակազմի անմիջական պետը և ղեկավարում է ջոկի բոլոր գործողությունները:
175. Օպերատիվ հանձնարարականներ կատարելիս ջոկի հրամանատարը պետք է խրախուսի շնչադիմակավորների նախաձեռնությունը, խիզախությունն ու հերոսությունը, անձնակազմի կյանքի և առողջության համար ցուցաբերի հոգատարություն:
176. Ջոկի հրամանատարը պարտավոր է`
1) իմանալ ջոկի առաջադրանքը և ծանոթանալ աշխատանքի ընդհանուր պլանին վթարի հետևանքների վերացման համար.
2) ջոկի անձնակազմին բացատրի ստացված հանձնարարականը, աշխատող հանքափրկարար ստորաբաժանման խնդիրները և նշել ստորգետնյա բազայի տեղը.
3) ապահովել հանձնարարված օպերատիվ խնդրի անվերապահ կատարում.
4) տեղում հանքափրկարար ջոկատի ավագ հրամանատարության բացակայելու դեպքում, վթարի վայր առաջինը հասած ջոկի հրամանատարը ծանոթանում է վթարային տեղամասի դրությանը, վթարի հետևանքների վերացման աշխատանքների պատասխանատու ղեկավարից ստանում է գրավոր հանձնարարականը և սկսում է այն կատարել.
5) մշտական կապի մեջ լինել հանքափրկարար աշխատանքների ղեկավարի հետ, նրան պարբերաբար հայտնելով վթարային տեղամասի վիճակի և ջոկի գործունեության մասին.
6) հանք իջեցնելուց ու շնչադիմակ հագնելուց առաջ հետևել շնչադիմակի վիճակի ստուգմանը և շնչադիմակը ճիշտ հագնելուն, ստուգել յուրաքանչյուրի հանդերձանքի գոյությունը և համոզվել վերցված սարքերի համապատասխանությանը վթարի բնույթին ու ստացված հանձնարարությանը.
7) որոշել շնչադիմակները հագնելու տեղը, (եթե հանքափրկարար աշխատանքների ղեկավարը այդ մասին տվյալներ չունի) և այդ մասին հայտնել ջոկի անձնակազմին: Որոշել ու ջոկի անձնակազմին հայտնել թթվածնային բալոնի ճնշման այն թվային մեծությունը, որի դեպքում ջոկը պետք է դադարեցնի օպերատիվ աշխատանքները և վերադառնա բազա.
8) հետևի շնչադիմակավորների ինքնազգացողությանը, հանդերձանքին և հետևի թթվածնի ճիշտ օգտագործմանը.
9) որևէ շնչադիմակի անսարքության կամ անձնակազմից որևէ մեկի վատ ինքնազգացողության դեպքում անմիջապես, ամբողջ ջոկը դուրս բերել մաքուր օդ պարունակող միջավայր.
10) անձնական օրինակով օժանդակել ջոկի առջև դրված խնդրի կատարմանը.
11) հանձնարարականը կատարելուց վերադառնալիս որոշել շնչադիմակները հանելու տեղը.
12) գազ պարունակող միջավայրից դուրս գալուն պես, ստորգետնյա բազայում կամ հրամանատարական պունկտում գտնվող ավագ հրամանատարին զեկուցել հանձնարարականի կատարման ու վթարային տեղամասի վիճակի մասին.
13) հանքից դուրս գալուն պես, հանքափրկարարական աշխատանքների ղեկավարին զեկուցել հանձնարարականի կատարման մասին, հետևել շնչադիմակների և մյուս հանդերձանքի կարգի բերելուն:
ՇՆՉԱԴԻՄԱԿԱՎՈՐ
177. Վթարների հետևանքների վերացման աշխատանքների կատարումը շնչադիմակավորից պահանջում է բարոյական ու ֆիզիկական ուժերի մեծ լարում, ուստի նա պետք է լինի ֆիզիկապես ամրակազմ և տոկուն, խիզախ ու վճռական և վթարներում տուժած անձանց օգնելու ու փրկելու գործում չխնայի իր ուժերը, եթե անհրաժեշտ է նաև` կյանքը:
178. Շնչադիմակավորը պետք է արագ ու ճշգրիտ կատարի հրամանատարների կարգադրությունները և նրանց հետ լինի մշտական կապի մեջ:
179. Շնչադիմակավորը պարտավոր է`
1) կարողանալ օգտագործել տեխնիկական միջոցները, իմանալ ջոկի օպերատիվ խնդիրները.
2) մանրակրկիտ հիշել հանքում անցած ճանապարհը, աշխատատեղ գնալու ճանապարհին ուշադրություն դարձնել փորվածքների վիճակին.
3) կատարելով իր խնդիրները, ջոկի մյուս շնչադիմակավորներին օգնել աշխատանքում, հետևել նրանց վիճակին և ոչ մի անգամ ինքնակամ չհեռանալ աշխատատեղից (ջոկից).
4) հետևել աշխատանքի ընթացքին և ընկերների գործողություններին, աշխատատեղի վիճակին և նկատված վտանգի մասին հայտնել ջոկի հրամանատարին, օգտագործելով ընդունված կապի միջոցները (ազդանշանային կոդով, ժեստիկուլյացիայով, կավճե գրառումով և այլն).
5) շնչադիմակում անսարքություններ նկատելու կամ ինքնազգացման վատացման նշաններ զգալու դեպքում այդ մասին անմիջապես հայտնել ջոկի հրամանատարին.
6) մշտապես, մանոմետրի միջոցով, հետևել շնչադիմակի թթվածնային բալոնի ճնշմանը, վթարային փականից աննպատակ չօգտվել գազով լցված միջավայրում, չփորձել խոսել երբ ռեսպիրատորի փողածայրը (մուշտուկը) բերանում է, շնչադիմակը հագնել կամ հանել միայն հրամանատարի ցուցումով.
7) ճիշտ իմանալ ստորգետնյա բազայի (պահեստային ջոկի) գտնվելու վայրը.
8) հանքից դուրս գալուն պես շնչադիմակը վերալիցքավորել, ստուգել նրա աշխատանքային պարամետրերը, կարգի բերել իրենց տրամադրված սարքավորումներն ու արտահագուստը:
ՀԵՌԱԽՈՍԻ ՄՈՏ ԳՏՆՎՈՂ ՀԵՐԹԱՊԱՀԸ
180. Ջոկատում հեռախոսի մոտ գտնվող հերթապահը կատարում է ծառայություն, որը հանդիսանում է հանքափրկարար ջոկատի կարևոր աշխատանքներից մեկը, ուստի նա չպետք է տարվի ուշադրությունը շեղող խոսակցությամբ ու զբաղմունքով:
181. Հեռախոսի մոտ հերթապահը նշանակվում է ջոկի հրամանատարի կողմից նախօրոք որոշված հերթականության համաձայն:
182. Ջոկում հեռախոսի մոտ հերթապահողը պարտավոր է`
1) մշտապես գտնվել հեռախոսի մոտ, ընդունել վթարների հետևանքների վերացման կանչերը, ինչպես նաև ընդունել և ժամանակին հայտնել հեռախոսով հայտնված բոլոր ծառայողական հրահանգներն ու հաղորդումները.
2) հանքում տեղի ունեցած վթարի մասին ստանալով տեղեկություն անմիջապես միացնել «տագնապ» ազդանշանը, լրացնել ուղեգիրը (երկու օրինակ), այն հնարավոր վթարների պլանի հետ միասին հանձնել մեկնող ջոկի հրամանատարին.
3) կազմակերպել դիսպոզիցիայով նախատեսված ստորաբաժանումների կանչը և հանքից ընդունել լրացուցիչ տեղեկություններ:
183. Հեռախոսի մոտ հերթապահողին փոխարինելը թույլատրվում է բացառիկ դեպքերում, երբ այդ անհրաժեշտ է մեկնող ջոկի լրիվ կոմպլեկտավորման համար:
184. Հանքի հեռախոսի (շախտաֆոնի կամ ուրիշ տիպի կապի միջոցների) մոտ հերթապահության ժամանակ պետք է լինել աչալուրջ, մշտական կապի մեջ լինել աշխատող ջոկերի և հրամանատարական կետի հետ: Հանքափրկարարական աշխատանքների ղեկավարներին կանոնավոր կերպով տեղեկացնել իրադրության ու ջոկերի աշխատանքների մասին:
ԿԱՊԱՎՈՐ
185. Հրամանատարական կետի կապը ստորգետնյա բազայի, աշխատող ջոկի և ուրիշ օբյեկտների հետ ապահովելու համար, կապի տեխնիկական միջոցների բացակայության կամ նրանց շահագործման անհնարինության դեպքում առանձնացվում է կապավոր (միայնակ շնչադիմակավոր կամ ջոկ):
186. Որպես օրենք, կապավոր նշանակվում է շնչադիմակավորներից նա, ով լավ գիտի հանքափրկարարական աշխատանքներ կատարվող հանքի լեռնային փորվածքները:
187. Կապավորը պետք է հիշի, որ իր արագ ու ճիշտ գործունեության կատարումը օժանդակում է հանքափրկարար ստորաբաժանումներին հաջողությամբ լուծելու իրենց առաջ դրված օպերատիվ խնդիրները:
188. Կապավորը պարտավոր է`
1) իմանալ ստորաբաժանման ավագ հրամանատարի գտնվելու և ստորգետնյա ու վերգետնյա բազաների գտնվելու տեղերը.
2) հնարավոր կարճ ժամանակում կատարի հրամանատարի հանձնարարականները, որից հետո այդ մասին զեկուցել հանձնարարողին.
3) անցնելով լեռնային փորվածքներով ուշադրություն դարձնել նրանց վիճակին և աշխատող ջոկերի գործունեությանը ու բոլոր նկատած թերությունների մասին հաղորդել հրամանատարին:
ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԵՏԻ ՀԵՐԹԱՊԱՀ
189. Անվտանգության կետը նշանակվում է մաքուր օդի միջավայրում երկու մարդ կազմով ոչ հեռու այն վայրից, որտեղից սկսվում է շնչառության համար ոչ պիտանի միջավայրը: Կետի հերթապահը բացի անձնական հանձնարականից պետք է ունենա օդի փորձանմուշներ վերցնելու համար գազորոշիչ սարքեր և անոթներ: Հանքափրկարար անձնակազմի անբավարար քանակության դեպքում անվտանգության կետեր չեն կազմակերպվում:
190. Անվտանգության կետի հերթապահը պարտավոր է`
1) առանց շնչադիմակի մարդկանց թույլ չտալ մտնել գազ պարունակող փորվածքները.
2) գազ պարունակող փորվածքներից դուրս եկողներին ուղարկել մաքուր օդ և անհրաժեշտության դեպքում նրանց ցույց տալ առաջին բժշկական օգնություն.
3) էքսպրես գազորոշիչների միջոցով հետևողականորեն հսկել հանքի օդի, ինչպես նաև մոտակա լեռնային փորվածքների վիճակին ու այդ մասին պարբերաբար զեկուցել հանքափրկարարական աշխատանքների ղեկավարին:
191. Վտանգի առաջացման դեպքում, անվտանգության կետի հերթապահը տեղափոխվում է անվտանգ տեղ, եթե անհրաժեշտ է հագնում է շնչադիմակը և եղելության մասին անմիջապես տեղեկացնում է հանքափրկարարական աշխատանքների ղեկավարին:
192. Անվտանգության կետի հերթապահ նշանակվում և հանվում է հանքափրկարարական աշխատանքների ղեկավարի կարգադրությամբ:
ՊԱՐՓԱԿՈՂ
193. Պարփակող նշանակվում է ամենափորձված շնչադիմակավորը, որը մշտապես համարվում է ջոկի հրամանատարի տեղակալը: Ջոկի հրամանատարը շարքից դուրս գալուց, ջոկի ղեկավարությունը իր վրա է վերցնում պարփակողը:
194. Լեռնային փորվածքներով առաջ շարժվելիս պարփակողը պարտավոր է հետևել ջոկի կողմից շարժման ընդունված կարգի պահպանմանը, շնչադիմակավորների վիճակին և պետք է կրկնի ջոկի հրամանատարի ձայնային նշանները: Ջոկի վերադարձի ժամանակ պարփակողը գնում է ջոկի առջևից:
ԳԾԱՅԻՆ
195. Գծային նշանակվում է շնչադիմակավորներից, գազ չպարունակող լեռնային փորվածքներով դեպի հրդեհի վայրը ջուր տվող հակահրդեհային խողովակաշարի վիճակի հսկողության համար:
196. Գազ պարունակող փորվածքներով հրդեհի օջախ ջուր մատակարարող խողովակաշար անցկացնելու դեպքում նրա վիճակի հսկողությունը պետք է կատարի ջոկը:
197. Գծայինը պարտավոր է`
1) զննել անցկացրած հակահրդեհային խողովակաշարը.
2) մշտապես հսկել անցկացված խողովակաշարի վիճակը, ջուր տալ, ընթացքում վերացնել ամեն տեսակի անսարքությունները` ջրահոսքեր, ծռմռվածություն և դրանց մասին հայտնել հրամանատարությանը:
198. Գծայինը պետք է ունենա շնչադիմակավորների մինիմալ հանդերձանքը և հակահրդեհային խողովակաշարի անսարքությունների վերացման համար անհրաժեշտ գործիքներով, պահեստային մասերով ու հարմարանքներով պայուսակ:
ՍՏՈՐԳԵՏՆՅԱ ՀԱՆՔԱՓՐԿԱՐԱՐ ՀԵՆԱԿԵՏԻ ՊԱՀԱԿԱՅԻՆ ՀԵՐԹԱՊԱՀ
199. Ստորգետնյա հենակետի պահակային հերթապահ է նշանակվում ջոկի շնչադիմակավորներից մեկը, որի հիմնական պարտականությունն է հրդեհաշիջումը նրա նախնական շրջանում և այդ տարածքում գտնվող մարդկանց օգնություն ցույց տալը:
200. Ստորգետնյա հենակետի պահակային հերթապահը, ընդունելով կետը պետք է ստուգի կետի մոտ գտնվող օբյեկտների և ընդունվող հակահրդեհային միջոցների վիճակը կապի միջոցների, ազդանշանային կապի և ինվենտարի աշխատունակությունը:
201. Գտնվելով ստորգետնյա հենակետի պահակային կետում կամ շարժվելով լեռնային փորվածքներով, պահակային հերթապահը պետք է մշտական կապի մեջ լինի հանքի դիսպետչերի հետ:
202. Ստորգետնյա պահակային հերթապահը պարտավոր է`
1) լավ իմանալ հանքի լեռնային փորվածքները, հրդեհավտանգ տեղերը, հակահրդեհային միջոցների տեղը, նրանց վիճակը և կարողանա անհրաժեշտության դեպքում դրանք օգտագործել.
2) վթարի մասին ստանալով տեղեկություն անմիջապես հայտնել հրամանատարին կամ հանքի դիսպետչերին և չսպասելով հանքափրկարար ստորաբաժանման գալուն, նրա վերացման համար գնալ վթարի տեղամաս, իր հետ վերցնելով անհրաժեշտ հանդերձանքը, ըստ վթարի բնույթի հաշվեցուցակի համաձայն.
3) հասնելով վթարային տեղամաս, գործել սեփական նախաձեռնությամբ, ձգտելով վթարը վերացնել նախնական շրջանում (անհրաժեշտության դեպքում այդ աշխատանքներում ներգրավել տեղամասի աշխատողներին).
4) վթարի վերացման և մարդկանց փրկելու հետ առնչվող իր բոլոր գործողությունների մասին զեկուցել հրամանատարությանը հեռախոսի միջոցով, իսկ կապի բացակայության դեպքում տեղեկությունը հայտնել հանքի աշխատողների միջոցով:
203. Հանքափրկարար ստորաբաժանման տեղ հասնելուն պես պահակակետի հերթապահը անցնում է ջոկի հրամանատարի տրամադրության տակ:
ՕՊԵՐԱՏԻՎ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅԻ ՎԱՐՈՐԴ
204. Օպերատիվ ավտոմեքենայի վարորդը պարտավոր է`
1) ավտոմեքենան պահպանել տեխնիկական սարքին ու լրիվ պատրաստ վիճակում «Տագնապ» ազդանշանով մեկնման և ապահովել ջոկին արագ վթարի տեղամաս հասցնելը.
2) շնչադիմակավորներին օգնել հանք գնալու նախապատրաստական աշխատանքներում.
3) հանքում կանգնած ժամանակ ապահովել ավտոմեքենայում գտնվող հանդերձանքի պահպանությունը.
4) իմանալ սպասարկվող օբյեկտների ու պահեստային անցուղիներ տանող ճանապարհները.
5) վթարի հետևանքները վերացնելու աշխատանքների ավարտից հետո վերադառնալով ստորաբաժանում լցնել բակերը վառելանյութով և կնքել, ստուգել մեքենայի սարքին լինելը:
205. Վթարի վերացման մեկնելիս ու ստորաբաժանում վերադառնալիս օպերատիվ ավտոմեքենայի վարորդը ղեկավարվում է ճանապարհային երթևեկության կանոնակարգով:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|