Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1407
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.03.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.03.28/21(1379) Հոդ.318
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
16.03.2018
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
16.03.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.03.2018

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

16 մարտի 2018 թ.

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 24-ԻՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ՝ ՄԻ ԿՈՂՄԻՑ, ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՈՒ ԴՐԱՆՑ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ՝ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ, ՄԻՋԵՎ ՀԱՄԱՊԱՐՓԱԿ ԵՎ ԸՆԴԼԱՅՆՎԱԾ ԳՈՐԾԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Վ. Հովհաննիսյանի (նախագահող), Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Հ. Թովմասյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի (զեկուցող), Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Կ. Նազարյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված` Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 2018 թվականի փետրվարի 15-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (այսուհետ՝ Համաձայնագիր) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում:

Համաձայնագրի 382-րդ հոդվածի համաձայն՝ որպես Համաձայնագրի Կողմեր հանդես են գալիս մի կողմից՝ Հայաստանի Հանրապետությունը և մյուս կողմից՝ Եվրոպական միությունը կամ դրա անդամ պետությունները, կամ՝ Եվրոպական միությունը և դրա անդամ պետությունները՝ «Եվրոպական միության մասին» պայմանագրով և «Եվրոպական միության գործունեության մասին» պայմանագրով դրանց վերապահված համապատասխան իրավասությունների համաձայն, իսկ անհրաժեշտության դեպքում՝ այն վերաբերում է նաև Եվրատոմին՝ Ատոմային էներգիայի եվրոպական համայնքը հիմնադրող պայմանագրով սահմանված իր լիազորությունների համաձայն:

2. Համաձայնագրի նպատակն է ամրապնդել համապարփակ քաղաքական և տնտեսական գործընկերությունն ու համագործակցությունը, տարածաշրջանային և միջազգային մակարդակներով պահպանել և ամրապնդել խաղաղությունը, ընդլայնել համագործակցությունն ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտներում, ստեղծել բարենպաստ պայմաններ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում սերտ համագործակցության համար:

3. Համաձայնագիրը բաղկացած է հիմնական տեքստից և 12 հավելվածներից, որոնք վերաբերում են համագործակցության վերաբերյալ ոլորտային քաղաքականություններին (տրանսպորտ, էներգետիկա, շրջակա միջավայր, կլիմայի փոփոխություն, տեղեկատվական հասարակության ոլորտում համագործակցություն, սպառողների պաշտպանություն, զբաղվածություն, սոցիալական քաղաքականություն և հավասար հնարավորություններ), ծառայությունների առևտրին, աշխարհագրական նշումներին, պետական գնումներին, ֆինանսական աջակցությանը և խարդախության դեմ պայքարին:

Հավելվածները սահմանում են Եվրոպական միության ակտերին ՀՀ օրենսդրության մոտարկման հստակ ժամանակացույց:

4. Համաձայնագրի 35-րդ հոդվածի համաձայն՝ Համաձայնագրի հավելված և դրա անբաժանելի մաս են կազմելու Եվրոստատի՝ ամեն տարի թարմացվող Վիճակագրական պահանջների ժողովածուն, որի համաձայն պետք է իրականացվի ՀՀ օրենսդրության աստիճանական մոտարկումը վիճակագրությանն առնչվող ԵՄ օրենսդրությանը:

Համաձայնագրի նպատակներից ելնելով (113, 114, 117, 120, 122, 125, 129 և 269-րդ հոդվածներ)՝ Առևտրի համաշխարհային կազմակերպության շրջանակներում գործող համաձայնագրերի որոշակի դրույթներ նույնպես կազմում են դրա անբաժանելի մասը:

5. Համաձայնագիրն ունի 2 արձանագրություն՝ «Ֆինանսական աջակցություն և խարդախության դեմ պայքարի ու վերահսկողության վերաբերյալ դրույթներ» և «Մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցության վերաբերյալ»:

Համաձայնագրով Կողմերն արել են նաև խարդախության դեմ պայքարի վերաբերյալ դրույթներին առնչվող համատեղ հայտարարություն:

6. Համաձայնագրի 380-րդ հոդվածի համաձայն՝ այն փոխարինում է 1996 թվականի ապրիլի 22-ին Լյուքսեմբուրգում ստորագրված և 1999 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած Եվրոպական Համայնքների ու դրանց անդամ պետությունների՝ մի կողմից, և Հայաստանի Հանրապետության՝ մյուս կողմից, միջև Գործընկերության և համագործակցության համաձայնագրին (ԳՀՀ): Կողմերի միջև կնքված բոլոր այլ համաձայնագրերում ԳՀՀ-ին կատարված հղումները մեկնաբանվում են որպես Համաձայնագրին կատարվող հղում:

7. Համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը փոխադարձության սկզբունքով ստանձնում է մի շարք պարտավորություններ, մասնավորապես.

- ընդունել, որ ժողովրդավարական սկզբունքների, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների նկատմամբ հարգանքը՝ ամրագրված, մասնավորապես, ՄԱԿ-ի կանոնադրության մեջ, ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում և 1990 թվականի Նոր Եվրոպայի փարիզյան խարտիայում, ինչպես նաև մարդու իրավունքների վերաբերյալ համապատասխան այլ փաստաթղթերում, ինչպես, օրինակ՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան, կազմում է ՀՀ ներքին և արտաքին քաղաքականության հիմքը և Համաձայնագրի կարևոր տարրը (հոդված 2(1)),

- պայքարել կոռուպցիայի, անդրազգային կազմակերպված հանցավորության և ահաբեկչության տարբեր տեսակների դեմ, խթանել կայուն զարգացումը, արդյունավետ բազմակողմանիությունը և պայքարել զանգվածային ոչնչացման զենքերի տարածման և դրանց մատակարարման համակարգերի դեմ, այդ թվում` ԵՄ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և ատոմային ռիսկերի նվազեցման կենտրոնի Գերազանցության նախաձեռնության միջոցով (հոդված 2(4)),

- շարունակել զարգացնել և ամրապնդել մյուս կողմի հետ Համաձայնագրի 3(2)-րդ հոդվածով սահմանված նպատակներով իրականացվող քաղաքական երկխոսությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում, այդ թվում` արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերի, ինչպես նաև ներքին բարեփոխումների վերաբերյալ (հոդված 3(1,2)),

- ակտիվացնել արտաքին և անվտանգության քաղաքականության, այդ թվում` ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության ոլորտում երկխոսությունը և համագործակցությունը` ընդունելով Հայաստանի Հանրապետության կողմից միջազգային կազմակերպություններում և համագործակցության ձևաչափերում իր մասնակցությանը և դրանից բխող առկա պարտավորություններին տրվող կարևորությունը, ինչպես նաև լուծել, մասնավորապես, հակամարտության կանխարգելման և ճգնաժամի կառավարման, ռիսկի նվազեցման, կիբեռանվտանգության, անվտանգության ոլորտի բարեփոխման, տարածաշրջանային կայունության, զինաթափման, չտարածման, սպառազինությունների վերահսկման և արտահանման վերահսկման հետ կապված խնդիրներ: Համագործակցությունը պետք է հիմնված լինի ընդհանուր արժեքների ու փոխադարձ հետաքրքրությունների վրա և պետք է ուղղված լինի դրա արդյունավետության բարձրացմանը՝ օգտվելով երկկողմ, միջազգային և տարածաշրջանային հարթակներից, մասնավորապես՝ ԵԱՀԿ (հոդված 5(1)),

- սերտորեն համագործակցել ցեղասպանության, մարդկության դեմ հանցագործությունների և պատերազմական հանցագործությունների կանխարգելման գործում` օգտվելով համապատասխան երկկողմ և բազմակողմ շրջանակներից (հոդված 6(3)),

- ամրապնդել հակամարտության կանխարգելման և ճգնաժամի կառավարման ոլորտում գործնական համագործակցությունը, մասնավորապես, նկատի ունենալով Հայաստանի Հանրապետության հնարավոր մասնակցությունը, յուրաքանչյուր կոնկրետ դեպքում, ԵՄ կողմից իրականացվող ճգնաժամի կառավարման քաղաքացիական և ռազմական գործողություններին, ինչպես նաև համապատասխան վարժանքներին և վերապատրաստման դասընթացներին (հոդված 7),

- ակտիվացնել համատեղ ջանքերը հետագա տարածաշրջանային համագործակցության պայմանները բարելավելու համար՝ խթանելով միջսահմանային տեղաշարժով բաց սահմանների առկայությունը, բարիդրացիական հարաբերությունները և ժողովրդավարական զարգացումը՝ այդպիսով նպաստելով կայունությանը և անվտանգությանը, ինչպես նաև աշխատել հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ (հոդված 8(1)),

- համագործակցել զանգվածային ոչնչացման զենքերի տարածման և դրանց մատակարարման միջոցների դեմ պայքարի մասով և նպաստել դրան՝ լիարժեք համապատասխանելով զինաթափման և չտարածման վերաբերյալ միջազգային պայմանագրերի և համաձայնագրերի ներքո ՀՀ ստանձնած պարտավորություններին և ազգային մակարդակով կատարելով դրանք, ինչպես նաև այլ համապատասխան միջազգային պարտավորությունները: Համաձայնել, որ այս դրույթը Համաձայնագրի կարևոր տարր է (հոդված 9(1)),

- համագործակցել և ապահովել փոքր տրամաչափի զինատեսակների և թեթև զենքերի (ՓՏԶԹԶ), այդ թվում՝ դրանց զինամթերքի ապօրինի առևտրի և ավելորդ կուտակումների ոչնչացման հետ կապված կողմերի ջանքերի մասով համակարգումը, փոխլրացումը և փոխգործակցությունը՝ համաշխարհային, տարածաշրջանային, ենթատարածաշրջանային և, համապատասխան դեպքերում, ազգային մակարդակներով (հոդված 10(3)),

- շարունակել խթանել Միջազգային ահաբեկչության մասին համապարփակ կոնվենցիայի նախագծի վերաբերյալ երկխոսությունը և համագործակցել ՄԱԿ-ի ահաբեկչության դեմ պայքարի համաշխարհային ռազմավարության, ինչպես նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի և Եվրոպայի խորհրդի կոնվենցիաների կիրառման հարցում, համագործակցել ահաբեկչության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասով միջազգային կոնսենսուսի հասնելուն նպաստելու համար (հոդված 11(3)),

- ազատության, անվտանգության և արդարադատության ոլորտներում համագործակցության մեջ հատկապես կարևորել իրավունքի գերակայության, այդ թվում՝ դատական համակարգի անկախության ամրապնդումը, արդարադատության մատչելիությունը, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության իրավունքը և քրեական գործերով ու տուժողների իրավունքների դատավարական երաշխիքները (հոդված 12(1)),

- լիովին համագործակցել իրավապահ, կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության իրականացման ոլորտների հաստատությունների արդյունավետ գործունեության հարցում (հոդված 12(2)),

- ապահովել Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման և վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարումը (հոդված 15(1)),

- համագործակցել քրեական և ապօրինի գործունեության, ներառյալ Համաձայնագրի 16(1)-րդ հոդվածով նախատեսված անդրազգային գործունեության՝ կազմակերպված կամ այլ ձևով, դեմ պայքարում և դրանց կանխարգելման գործում (հոդված 16(1)),

- ամրապնդել իրավապահ մարմինների միջև երկկողմ, տարածաշրջանային և միջազգային համագործակցությունը՝ ներառյալ Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության (Եվրոպոլի) և Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմինների միջև համագործակցության հնարավոր զարգացումը: Արդյունավետորեն ներդնել համապատասխան միջազգային ստանդարտները, մասնավորապես այն ստանդարտները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի 2000թ. Անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ կոնվենցիայում և դրա երեք արձանագրություններում: Համագործակցել կոռուպցիայի կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցերով ՄԱԿ-ի 2003 թվականի Կոռուպցիայի դեմ կոնվենցիային, Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբի (ԳՐԵԿՕ) և ՏՀԶԿ-ի առաջարկություններին համապատասխան, գույքի հայտարարագրման ոլորտում թափանցիկության ապահովման, խախտումների մասին տեղեկացնող անձանց պաշտպանության և իրավաբանական անձանց վերջնական շահառուների վերաբերյալ տեղեկությունների հրապարակման հարցերով (հոդված 16(2)),

- համագործակցել արգելված թմրանյութերի, ինչպես նաև նոր հոգեակտիվ նյութերի կանխարգելմանն ու դրանց դեմ պայքարին ուղղված հավասարակշռված և ինտեգրված մոտեցում ապահովելու համար (հոդված 17(1)),

- զարգացնել քաղաքացիական և առևտրային գործերով դատական համագործակցությունը՝ քաղաքացիական գործերով դատական համագործակցության վերաբերյալ բազմակողմ կոնվենցիաների և, մասնավորապես, միջազգային իրավական համագործակցության և վեճերի կարգավորման, ինչպես նաև երեխաների պաշտպանության բնագավառներում միջազգային մասնավոր իրավունքի վերաբերյալ Հաագայի համաժողովի կոնվենցիաների վերաբերյալ բանակցությունների, դրանց վավերացման և կիրարկման մասով (հոդված 20(1)),

- ձեռնարկել լրացուցիչ քայլեր՝ արդյունավետ գործող շուկայական տնտեսություն զարգացնելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական ու ֆինանսական կարգավորումներն ու քաղաքականությունները Համաձայնագրով համաձայնեցված դեպքերում Եվրոպական միության տնտեսական ու ֆինանսական կարգավորումներին ու քաղաքականություններին աստիճանական մոտարկելու ուղղությամբ (հոդված 22(2)),

- համագործակցել հարկային ոլորտում պատշաճ կառավարումն ընդլայնելու հարցում՝ տնտեսական հարաբերությունների, առևտրի, ներդրումների և արդար համագործակցության հետագա կատարելագործման նպատակով (հոդված 25),

- ընդլայնել և ամրապնդել համագործակցությունը՝ ուղղված Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի և հարկային վարչարարության կատարելագործմանն ու զարգացմանը, այդ թվում՝ հարկահավաքման և հսկողության կարողությունների ընդլայնմանը, ապահովել արդյունավետ հարկային հավաքագրում և ամրապնդել հարկային խարդախությունների ու հարկերի վճարումից խուսափելու դեմ պայքարը։ Խտրականություն չդնել ներմուծված արտադրանքի և նմանատիպ տեղական արտադրանքի միջև՝ 1994 թվականի Սակագների և առևտրի գլխավոր համաձայնագրի (ՍԱԳՀ 1994) I և III հոդվածներին համապատասխան (հոդված 27),

- զարգացնել համագործակցությունը՝ խարդախությանը հակազդելու ու դրա դեմ պայքարելու և ակցիզային հարկով հարկվող ապրանքների մաքսանենգության դեմ պայքարի համատեղ քաղաքականություններ որդեգրելու նպատակով (հոդված 28),

- ընդլայնել և ամրապնդել տրանսպորտի ոլորտում համագործակցությունը՝ կայուն տրանսպորտային համակարգերի զարգացմանը նպաստելու նպատակով, խթանել արդյունավետ, ապահով և անվտանգ տրանսպորտի աշխատանքը, ինչպես նաև՝ տրանսպորտային համակարգերի ինտերմոդալությունն ու փոխգործողությունը, փորձել ընդլայնել իրենց տարածքների միջև հիմնական տրանսպորտային հաղորդակցության ուղիները (հոդված 36),

- մշակել և ամրապնդել շրջակա միջավայրին առնչվող հարցերի մասով համագործակցությունը՝ դրանով նպաստելով կանաչ տնտեսության և կայուն զարգացման երկարաժամկետ նպատակի ապահովմանը (հոդված 45),

- մշակել և ամրապնդել համագործակցությունը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի գործընթացում՝ հաշվի առնելով Կողմերի՝ հավասարության և փոխադարձ օգուտի վրա հիմնված շահերը, ինչպես նաև այդ ոլորտում երկկողմ և բազմակողմ հանձնառությունների միջև գոյություն ունեցող փոխկապակցվածությունը (հոդված 51),

- խթանել էլեկտրոնային հաղորդակցությունների ոլորտում Եվրոպական միության կարգավորում իրականացնողների և Հայաստանի Հանրապետության կարգավորում իրականացնող ազգային մարմնի միջև համագործակցությունը (հոդված 64),

- համագործակցել գյուղատնտեսության և գյուղական համայնքների զարգացումը խթանելու հարցում՝ մասնավորապես քաղաքականությունների և օրենսդրության աստիճանական մոտարկման միջոցով, inter alia, ունենալով Համաձայնագրի 71-րդ հոդվածով սահմանված նպատակները (հոդվածներ 70, 71),

- փոխշահավետության հիման վրա և ապահովելով մտավոր սեփականության իրավունքների պատշաճ և արդյունավետ պաշտպանությունը, խթանել համագործակցությունը քաղաքացիական գիտահետազոտության, տեխնոլոգիական զարգացման և նորարարության բոլոր ոլորտներում (հոդված 78),

- համագործակցել սպառողների պաշտպանության բարձր մակարդակ և սպառողների պաշտպանության իրենց համակարգերի միջև համատեղելիություն ապահովելու համար (հոդված 81),

- համագործակցությունն ու քաղաքական երկխոսությունն ակտիվացնելու համար փոխգործակցել կրթության և վերապատրաստման ոլորտում՝ Հայաստանի Հանրապետության կրթության և վերապատրաստման համակարգերը Եվրոպական միության քաղաքականություններին ու գործելակերպերին մոտարկելու նպատակով, ինչպես նաև համագործակցել ամբողջ կյանքի ընթացքում կրթությունը խթանելու հարցում, խրախուսել կրթության և վերապատրաստման բոլոր մակարդակներում համագործակցությունն ու թափանցիկությունը՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով մասնագիտական և բարձրագույն կրթությունը (հոդված 93),

- խթանել մշակութային համագործակցությունը՝ Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) 2005 թվականի «Մշակութային ինքնարտահայտման ձևերի բազմազանության պաշտպանության և խրախուսման մասին» կոնվենցիայում ամրագրված սկզբունքների համաձայն, ինչպես նաև ձգտել քաղաքական կանոնավոր երկխոսության՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ Եվրոպական միությունում և Հայաստանի Հանրապետությունում մշակութային արդյունաբերության զարգացման ոլորտներում։ Ապահովել, որպեսզի կողմերի միջև համագործակցությունը խթանի միջմշակութային երկխոսությունը, այդ թվում՝ Եվրոպական միությունից և Հայաստանի Հանրապետությունից մշակույթի ոլորտի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների մասնակցության միջոցով (հոդված 96),

- Համաձայնագրի 102-րդ հոդվածով նախատեսված նպատակներով երկխոսություն հաստատել քաղաքացիական հասարակության հետ համագործակցության վերաբերյալ (հոդված 102),

- ամրապնդել և խրախուսել միջսահմանային համագործակցության զարգացումը՝ Համաձայնագրով նախատեսված ոլորտներում, ինչպիսիք են, inter alia, տրանսպորտը, էներգետիկան, բնապահպանությունը, հաղորդակցության ցանցերը, մշակույթը, կրթությունը, զբոսաշրջությունը և առողջապահությունը (հոդված 107(1)),

- մշակել և ամրապնդել համագործակցությունը բնական և տեխնածին աղետների դեմ պայքարի հարցերով (հոդված 109),

- Եվրոպական միության ապրանքների համար տրամադրել ազգերի առավել բարենպաստության ռեժիմ՝ 1994 թվականի ապրիլի 15-ին կնքված Առևտրի համաշխարհային կազմակերպության հիմնադրման Մարաքեշի Համաձայնագրի (ԱՀԿ համաձայնագիր) 1A հավելվածում ընդգրկված՝ ՍԱԳՀ 1994-ի I հոդվածի, այդ թվում՝ դրա բացատրական ծանոթագրությունների համաձայն, որոնք ներառվել են Համաձայնագրում և կազմում են դրա անբաժանելի մասը mutatis mutandis (հոդված 113),

- ապահովել սանիտարական և բուսասանիտարական միջոցառումների (ՍԲՍ) մշակումը և կիրառումը համաչափության, թափանցիկության, խտրականության բացառման և գիտական հիմնավորման սկզբունքների հիման վրա՝ հաշվի առնելով միջազգային ստանդարտները, ինչպես, օրինակ՝ 1951 թվականի Բույսերի պաշտպանության միջազգային կոնվենցիայով (ԲՊՄԿ), Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (ԿԱՀԿ) և Կոդեքս Ալիմենտարիուս հանձնաժողովի (Կոդեքս) կողմից սահմանված ստանդարտները (հոդված 135),

- Համաձայնագրի VI մասի 5-րդ գլխի B բաժնի համաձայն կատարված և VIII-C հավելվածում նշված վերապահումներով կարգավորվող յուրաքանչյուր ոլորտի դեպքում թույլ տալ Եվրոպական միության ձեռնարկատերերին իրենց հաստատությունում աշխատանքի վերցնել Եվրոպական միության ֆիզիկական անձանց՝ պայմանով, որ այդ աշխատողները 153-րդ հոդվածով սահմանված հիմնական աշխատակիցներ և վերապատրաստում անցնող շրջանավարտներ են: Թույլատրել հիմնական աշխատակիցների և վերապատրաստում անցնող շրջանավարտների մուտքը և ժամանակավոր կացությունը ներկորպորատիվ փոխադրվողների դեպքում մինչև երեք տարի ժամանակահատվածով, հաստատության գործունեության նպատակներով բիզնես այցելուների դեպքում՝ 90 օր՝ ցանկացած 12-ամսյա ժամանակահատվածում, և մեկ տարի՝ վերապատրաստում անցնող շրջանավարտների դեպքում (հոդված 154),

- անհապաղ պատասխանել մյուս Կողմի՝ ընդհանուր կիրառության ՀՀ որևէ միջոցառման կամ միջազգային համաձայնագրի վերաբերյալ որոշակի տեղեկություններ տրամադրելու մասին բոլոր պահանջներին, որոնք առնչվում են Համաձայնագրին կամ ազդում են դրա վրա (հոդված 162),

- ապահովել, որպեսզի ՀՀ էլեկտրոնային հաղորդակցության ցանցերը և ծառայությունները կարգավորող մարմիններն ունենան բավականաչափ լիազորություններ, որպեսզի կարգավորեն ոլորտը, և ունենան համապատասխան ֆինանսական և մարդկային ռեսուրսներ, որպեսզի կատարեն իրենց հանձնարարված առաջադրանքը (հոդված 171(2)),

- համապատասխան միջոցներ ընդունել կամ իրականացնել՝ առանձին կամ միասին խոշոր օպերատոր հանդիսացող մատակարարների հակամրցակցային գործելակերպը կանխելու նպատակով (հոդված 175),

- իրականացնել ֆինանսական ծառայությունների ՀՀ կարգավորումների մոտարկումը Եվրոպական միության օրենսդրությանը (հոդված 189),

- ընդունել տրանսպորտային ծառայությունների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրոպական միության համապատասխան օրենսդրությանն աստիճանական մոտարկման կարևորությունը (հոդված 192),

- երկկողմ ներդրումները դյուրացնելու նպատակով, ոչ ուշ, քան Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց երեք տարի հետո և, այդուհետ՝ պարբերաբար, համատեղ դիտարկել ներդրումային միջավայրն ու ներդրումների վերաբերյալ իրավական դաշտը (հոդված 203),

- չկիրառել որևէ սահմանափակում և թույլ տալ Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև վճարային հաշվեկշռի ընթացիկ հաշվին ցանկացած վճարման կամ փոխանցման կատարում ազատ փոխարկելի արժույթով և Միջազգային արժութային հիմնադրամի համաձայնագրի հոդվածներին համապատասխան (հոդված 204),

- տրամադրել մտավոր սեփականության իրավունքների ազգային կամ տարածաշրջանային մակարդակով սպառման ռեժիմ (հոդված 211),

- հեղինակներին, կատարողներին, հնչունագրեր արտադրողներին, հեռարձակող կազմակերպություններին վերապահել Համաձայնագրի համապատասխանաբար` 213-216-րդ հոդվածներով նախատեսված բացառիկ իրավունքները (հոդվածներ 213-216),

- պահպանել Նշանների միջազգային գրանցման մասին Մադրիդյան համաձայնագրի արձանագրության դրույթները, Ապրանքային նշանների իրավունքի մասին պայմանագրի և Նշանների գրանցման համար ապրանքների և ծառայությունների միջազգային դասակարգման վերաբերյալ Նիցցայի համաձայնագրի պահանջները (հոդված 224),

- նախատեսել ապրանքային նշանների գրանցման համակարգ, որտեղ ապրանքային նշանների հարցերով համապատասխան մարմնի կողմից կայացված յուրաքանչյուր վերջնական բացասական որոշում հաղորդվում է գրավոր և պատշաճորեն հիմնավորված է (հոդված 226 (1)),

- տրամադրել ապրանքային նշանների հայտերի և ապրանքային նշանների գրանցումների վերաբերյալ տվյալների հանրամատչելի էլեկտրոնային բազա (հոդված 226(3)),

- հանրահայտ ապրանքային նշանների պահպանությունն ուժի մեջ դնելու նպատակով, ինչպես նշված է Փարիզյան կոնվենցիայի (1967 թվական) 6 bis հոդվածում և ԹՐԻՓՍ համաձայնագրի 16-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ պարբերություններում, կիրառել Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության (ՄՍՀԿ) անդամ պետությունների ասամբլեաների 1999 թվականի սեպտեմբերի 20-29-ը տեղի ունեցած հանդիպումների երեսունչորսերորդ շարքին Արդյունաբերական սեփականության պահպանության մասին Փարիզի Միության ասամբլեայի և ՄՍՀԿ Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված Հանրահայտ նշանների պաշտպանության մասին դրույթների վերաբերյալ համատեղ առաջարկությունը (հոդված 227),

- Հայաստանի Հանրապետության այն ավելի վաղ գրանցված ապրանքային նշանները, որոնք բաղկացած են Եվրոպական միության «Կոնյակ» կամ «Շամպայն» աշխարհագրական նշումից կամ պարունակում են այդ նշումները՝ ներառյալ նման արտադրանքի համար գրանցված և համապատասխան հատկորոշմանը չհամապատասխանող սղագրության կամ թարգմանության մեջ, անվավեր կամ չեղյալ ճանաչել կամ փոփոխել, որպեսզի վերացվի այդ անվանումը որպես ամբողջ ապրանքային նշանի տարր՝ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո «Կոնյակի» և «Շամպայնի» համար համապատասխանաբար ամենաուշը 14 տարվա և երկու տարվա ընթացքում (հոդված 235(5)),

- պահպանել Արտոնագրային համագործակցության մասին պայմանագրի դրույթները և գործադրել բոլոր խելամիտ ջանքերը՝ Արտոնագրային իրավունքի մասին պայմանագրին համապատասխանելու համար (հոդված 246),

- ապահովել քաղաքացիական դատավարության պատշաճ ընթացակարգեր և իրավական պաշտպանության միջոցներ առևտրային գաղտնիքի տիրապետող ցանկացած անձի համար՝ առևտրային գաղտնիքի ձեռքբերումը, օգտագործումը կամ բացահայտումը կանխելու, և դրա դիմաց վնասի փոխհատուցում ստանալու համար, երբ դա իրականացվել է ազնիվ առևտրային գործելակերպին հակասող ձևով (հոդված 249),

- պաշտպանել բույսերի սորտերի նկատմամբ իրավունքները Բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիային (UPOV) համապատասխան, որը ներառում է նաև սելեկցիոների իրավունքներից բացառությունները, որոնք նշված են այդ Կոնվենցիայի 15-րդ հոդվածում, և համագործակցել այդ իրավունքները պաշտպանելու և դրանց իրականացումն ապահովելու նպատակով, ոչ ուշ, քան Համաձայնագիրն ուժի մեջ մտնելու օրվանից երեք տարի հետո (հոդված 253),

- ապահովել, որ դատական մարմինները կարողանան, դիմումատուի պահանջով, ենթադրյալ իրավախախտի մասով ձեռնարկել հայցի ապահովման միջոց՝ մտավոր սեփականության իրավունքի ցանկացած նախապատրաստվող խախտում կանխելու համար (հոդված 258(1)),

- ապահովել, որ այն դեպքում, երբ դիմումատուն ներկայացնում է այնպիսի հանգամանքներ, որոնք կարող են վտանգել վնասների հատուցումը, դատական մարմինները կարողանան հանձնարարել ենթադրյալ իրավախախտի շարժական և անշարժ գույքի վրա, որպես նախազգուշական միջոց, արգելանք դնել, ինչպես նաև սառեցնել նրա բանկային հաշիվները և այլ ակտիվներ (հոդված 258(3)),

- հաստատել 2012 թվականի «Պետական գնումների մասին» վերանայված համաձայնագրով (ԱՀԿ-ի «Պետական գնումների մասին» համաձայնագիր) ստանձնած փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները: ԱՀԿ-ի «Պետական գնումների մասին» համաձայնագրով սահմանված այդ իրավունքներն ու պարտավորությունները, այդ թվում` ՀՀ` իր I Առդիրի համապատասխան հավելվածներով սահմանված մասնագրերը Համաձայնագրի անբաժանելի մասն են կազմում և կիրառվում են վեճերի երկկողմ կարգավորման ժամանակ, ինչպես նախատեսված է 13-րդ գլխով (հոդված 269),

- ինչպես ԱՀԿ-ի «Պետական գնումների մասին» համաձայնագրի I Առդիրի՝ համապատասխան հավելվածներով, այնպես էլ Համաձայնագրի XI Հավելվածով կարգավորվող գնումների նկատմամբ կիրառել Համաձայնագրի 271-րդ հոդվածով սահմանված լրացուցիչ կանոնները (հոդված 271),

- ապրանքներ տրամադրող կամ ծառայություններ մատուցող ձեռնարկություններին չտրամադրել սուբսիդիաներ, եթե այդ սուբսիդիաները բացասաբար են ազդում կամ կարող են բացասաբար ազդել մրցակցության կամ առևտրի վրա (հոդված 290),

- ապահովել, որ ձեռնարկությունները ՀՀ կողմից տրամադրվող սուբսիդիաներն օգտագործեն միայն հանրային քաղաքականության այն նպատակով, որի համար սուբսիդիաները տրվել են (հոդված 296),

- Հայաստանի Հանրապետության ներպետական օրենսդրությանը համապատասխան հաստատել կամ պահպանել դատական, արբիտրաժային կամ վարչական ատյաններ կամ ընթացակարգեր՝ Համաձայնագրով կարգավորվող հարցերի հետ կապված վարչական միջոցները շտապ վերանայելու և, հիմնավորված դեպքերում, ուղղելու նպատակով (հոդված 312(1)),

- ապահովել, որ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինները Եվրոպական միության իրավասու մարմինների հետ համագործակցեն՝ եվրոն և դրամը կեղծումից արդյունավետորեն պաշտպանելու նպատակով։ Այդ համագործակցությունը պետք է ներառի եվրոյի և դրամի կեղծումը կանխելու և դրա դեմ պայքարելու համար անհրաժեշտ աջակցությունը՝ ներառյալ տեղեկությունների փոխանակումը (հոդված 352),

- ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության իշխանությունները Եվրոպական հանձնաժողովին անհապաղ փոխանցեն Եվրոպական միության ֆինանսական միջոցների իրականացման հետ կապված խարդախության, կոռուպցիայի կամ ցանկացած այլ չարաշահման, այդ թվում՝ շահերի բախման կասկածվող կամ փաստացի դեպքերի մասին իրենց հայտնի դարձած ցանկացած տեղեկություն. խարդախության և կոռուպցիայի կասկածի դեպքում պետք է տեղեկացվի նաև Խարդախության դեմ պայքարի եվրոպական գրասենյակը (հոդված 355(1)),

- ապահովել, որպեսզի Համաձայնագրի շրջանակներում, Եվրոպական միության ֆիզիկական և իրավաբանական անձինք ունենան իրենց անձնական և գույքային իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ իրավասու դատարաններ և վարչական մարմիններ դիմելու իրավունք՝ առանց խտրականության՝ ՀՀ քաղաքացիների համեմատ (հոդված 367) և այլն:

8. Համաձայնագրի VI մասի 13-րդ գլխով սահմանվում են Համաձայնագրի VI մասի դրույթների մեկնաբանման և կիրառման հետ կապված վեճերի լուծման կառուցակարգերը: Մասնավորապես սահմանվում է, որ եթե Կողմերը վեճը չեն կարգավորում խոհրդակցությունների միջոցով, ինչպես նախատեսված է 318-րդ հոդվածով, ապա խորհրդակցություններ պահանջող Կողմը կարող է պահանջել ստեղծել արբիտրաժային կոլեգիա, որի ստեղծման կարգը և խնդիրները սահմանվում են Համաձայնագրի 13-րդ գլխով:

Համաձայնագրի 340-րդ հոդվածով սահմանվում է, որ երբ ծագում է վեճ որևէ առանձին միջոցի շուրջ, որով խախտվում է Համաձայնագրով սահմանված որևէ պարտավորություն և երկու Կողմերի մասնակցությամբ մեկ այլ միջազգային համաձայնագրով, այդ թվում՝ ԱՀԿ համաձայնագրով սահմանված որևէ էականորեն համարժեք պարտավորություն, ապա իրավական պաշտպանություն փնտրող Կողմն ընտրում է վեճի կարգավորման հարթակը: Համաձայնագրի 342-րդ հոդվածը նախատեսում է, որ Համաձայնագրի 169, 180, 189 և 192-րդ հոդվածների՝ մոտարկման վերաբերյալ դրույթների մեկնաբանման առնչությամբ առաջացող վեճի արդյունքում Եվրոպական միության օրենսդրության դրույթի մեկնաբանության հարց առաջանալու դեպքում արբիտրաժային կոլեգիան դիմում է Եվրոպական միության արդարադատության դատարան՝ տվյալ հարցի վերաբերյալ ընթացակարգային որոշում կայացնելու համար՝ պայմանով, որ այդ հարցն անհրաժեշտ է արբիտրաժային կոլեգիայի որոշման համար: Նման դեպքերում արբիտրաժային կոլեգիայի ընթացակարգային որոշումների նկատմամբ կիրառվող վերջնաժամկետները կասեցվում են՝ մինչև Եվրոպական միության արդարադատության դատարանի որոշման կայացումը: Եվրոպական միության արդարադատության դատարանի որոշումը պարտադիր է արբիտրաժային կոլեգիայի համար:

9. Համաձայնագրի VIII մասի 1-ին գլխով նախատեսվում է Գործընկերության խորհրդի ստեղծում, որը վերահսկում և պարբերաբար դիտարկում է Համաձայնագրի կիրարկումը: Գործընկերության խորհուրդը բաղկացած է Կողմերի նախարարական մակարդակով ներկայացուցիչներից և հանդիպում է պարբերաբար՝ տարին առնվազն մեկ անգամ և երբ հանգամանքները պահանջում են: Գործընկերության խորհուրդը կարող է հանդիպել ցանկացած կազմով՝ փոխադարձ համաձայնությամբ: Գործընկերության խորհուրդն ուսումնասիրում է Համաձայնագրի շրջանակներում ծագած ցանկացած էական նշանակություն ունեցող հարց և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող երկկողմանի կամ միջազգային բնույթի այլ հարցեր՝ Համաձայնագրի նպատակներն իրագործելու համար:

10. Համաձայնագրի 385-րդ հոդվածի համաձայն՝ Համաձայնագիրը ենթակա է վավերացման կամ հաստատման՝ Կողմերի ընթացակարգերին համապատասխան, և այն ուժի մեջ է մտնում վավերացման կամ հաստատման մասին վերջին փաստաթուղթն ի պահ հանձնելու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը:

Չնայած վերոգրյալին, սահմանվում է, որ Եվրոպական միությունը և Հայաստանի Հանրապետությունը կարող են ժամանակավորապես կիրառել Համաձայնագիրն ամբողջությամբ կամ մասամբ՝ իրենց համապատասխան ներքին ընթացակարգերի համաձայն՝ ըստ կիրառելիության: Ժամանակավոր կիրառումն ուժի մեջ է մտնում ավանդապահի կողմից հետևյալն ստանալու օրվան հաջորդող երկրորդ ամսվա առաջին օրը՝ (a) Եվրոպական միության ծանուցումը՝ այդ նպատակի համար անհրաժեշտ ընթացակարգերի ավարտի մասին՝ Համաձայնագրի այն մասերի մատնանշմամբ, որոնք պետք է կիրառվեն ժամանակավորապես, և (b) Հայաստանի Հանրապետության՝ իր ներպետական ընթացակարգերի համաձայն ի պահ հանձնված վավերացման մասին փաստաթուղթը:

Հիշյալի կապակցությամբ Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության 2018 թվականի փետրվարի 6-ի տեղեկանքի համաձայն՝ Եվրոպական միությունը 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Համաձայնագրի 385-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն ծանուցել է հայկական կողմին, որ ավարտել է Համաձայնագրի ժամանակավոր կիրառման համար նախատեսված ընթացակարգերը: Ծանուցման մեջ նշված են Համաձայնագրի այն դրույթները, որոնք Հայաստանի Հանրապետության կողմից Համաձայնագիրը վավերացվելուց հետո մինչև դրա ուժի մեջ մտնելը Եվրոպական միության և Հայաստանի միջև կգործեն ժամանակավորապես, այնքանով, որքանով դրանք վերաբերում են Եվրոպական միության իրավասությանը, այդ թվում՝ Եվրոպական միության ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության մշակման և իրականացման իրավասությանը: Ժամանակավոր կիրառվելիք դրույթներն են. ա) I մասը, բ) II մասի 3, 4, 7 և 8-րդ հոդվածները, գ) III մասի 12 և 15-րդ հոդվածները, 14-րդ հոդվածի 1-ին կետը, դ) V մասի (i) 1-ին գլուխը՝ բացառությամբ 38-րդ հոդվածի 3-րդ կետի (a) ենթակետի, (ii) 2-րդ գլուխը՝ բացառությամբ 42-րդ հոդվածի 2-րդ կետի (f) ենթակետի և 42-րդ հոդվածի 2-րդ կետի (g) ենթակետի՝ միջուկային անվտանգությանն առնչվող հղումներ, (iii) 3-րդ գլուխը՝ բացառությամբ 46-րդ հոդվածի 1-ին կետի (a), (c) և (e) ենթակետերի, և (iv) 7, 10, 14 և 21-րդ գլուխները, ե) VI մասը՝ բացառությամբ 205-րդ հոդվածի 2-րդ կետի (b) և (c) ենթակետերի, 203-րդ հոդվածը ժամանակավորապես կկիրառվի միայն ուղղակի ներդրումների դեպքում, զ) VII մասը, է) VIII մասը՝ բացառությամբ 380-րդ հոդվածի 1-ին կետի, քանի դեռ այդ մասի դրույթները սահմանափակված են Համաձայնագրի ժամանակավոր կիրառումն ապահովելու նպատակով, ը) I հավելվածը և II հավելվածը՝ բացառությամբ Եվրատոմին արվող հղումների, որոնք վերաբերում են ենթակառուցվածքների, կանոնակարգերի կիրառման և միջուկային քաղաքականություններին, III, VI, VIII, IX, X, XI և XII հավելվածները, ինչպես նաև «Ֆինանսական աջակցություն և խարդախության դեմ պայքարի ու վերահսկողության վերաբերյալ դրույթներ», VII մասի «Խարդախության դեմ պայքարի ու վերահսկողության վերաբերյալ դրույթներ» 2-րդ գլխի վերաբերյալ I արձանագրությունը և «Մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցության վերաբերյալ» II արձանագրությունը:

Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ. «Եթե միջազգային պայմանագրով նախատեսվում է, որ դա ուժի (գործողության) մեջ է մտնում ստորագրման պահից, կամ մինչև ուժի մեջ մտնելը պայմանագիրը ամբողջությամբ կամ որոշակի մասով կարող է ժամանակավորապես կիրառվել, ապա հայկական կողմից այդ պայմանագիրն ստորագրելու իրավասություն կամ հատուկ լիազորություն ունեցող անձը պարտավոր է բանակցությունների ընթացքում` նախքան ստորագրելը, մյուս կողմի հետ հասնել այն բանին, որ տեքստի նման դրույթները փոխարինվեն այնպիսի դրույթներով, որոնք բացառեն հայկական կողմի համար պայմանագրի կիրառումը նախքան սույն օրենքով սահմանված կարգով դրա վավերացումը կամ հաստատումը»:

Վերոշարադրյալի առնչությամբ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրի հետ կապված հարաբերությունները կարգավորող օրենսդրության և Համաձայնագրի դրույթների համակարգված վերլուծության հիման վրա Սահմանադրական դատարանը նաև արձանագրում է, որ Համաձայնագրի 385-րդ հոդվածի դրույթները բացառում են դրա ժամանակավոր կիրառումը մինչև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացման համար սահմանված ներպետական ընթացակարգերի իրականացումը:

11. Համաձայնագրի առանձին դրույթներով ստանձնված պարտավորությունների շրջանակում Հայաստանի Հանրապետությունը նաև պարտավորվում է ըստ ժամանակացույցի իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրության մոտարկում Համաձայնագրի I-VII և XII հավելվածներում նշված միջազգային փաստաթղթերին, Եվրոպական միության ինստիտուտների կողմից ընդունված իրավական ակտերին կամ դրանց առանձին դրույթներին:

Եվրոպական միության իրավական ակտերի մասով խոսքը վերաբերում է, մասնավորապես, Եվրոպական միության Խորհրդի, Խորհրդարանի, Հանձնաժողովի կողմից ընդունված հրահանգներին (դիրեկտիվներին), կանոնակարգերին, պատվիրակված կանոնակարգերին, որոշումներին: Ընդ որում, Համաձայնագրի 372(2)-րդ հոդվածի համաձայն՝ Եվրոպական միությունը գնահատում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրոպական միության օրենսդրությանը մոտարկելու գործընթացը՝ Համաձայնագրով սահմանված կարգով: Այդ գնահատումը ներառում է կիրարկման և իրականացման ասպեկտները: Այդ գնահատումները կարող են իրականացվել Եվրոպական միության կողմից առանձին կամ Հայաստանի Հանրապետության հետ համաձայնությամբ: Գնահատման գործընթացը դյուրացնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունը Եվրոպական միությանը հաշվետվություն է ներկայացնում մոտարկման գործընթացում գրանցված առաջընթացի վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում՝ նախքան Համաձայնագրով սահմանված անցումային ժամանակահատվածի ավարտը:

Համաձայնագրի 362(8)-րդ հոդվածի համաձայն. «Գործընկերության խորհուրդն ունի Հավելվածները թարմացնելու կամ փոփոխելու լիազորություն՝ չհակասելով սույն Համաձայնագրի VI մասով սահմանված հատուկ դրույթներին»: Իսկ 371-րդ հոդվածը սահմանում է, որ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Եվրոպական միության օրենսդրությանն աստիճանական մոտարկման նպատակին համահունչ՝ Գործընկերության խորհուրդը պարբերաբար դիտարկում և թարմացնում է Համաձայնագրի հավելվածները, inter alia, Եվրոպական միության օրենսդրության զարգացումը և Կողմերի կողմից պատշաճ համարվող միջազգային փաստաթղթերով սահմանված կիրառելի ստանդարտներն արտացոլելու նպատակով՝ հաշվի առնելով Կողմերի համապատասխան ներքին ընթացակարգերի կատարումը»:

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Համաձայնագրին կից հավելվածները հանդիսանում են դրա անբաժանելի մասը, ինչպես նաև այն, որ հիշատակված հավելվածները Հայաստանի Հանրապետության համար առաջացնում են ուղղակի պարտավորություններ, հիմք ընդունելով ՀՀ միջազգային պայմանագրերի վերաբերյալ օրենսդրության պահանջները և ՀՀ սահմանադրական դատարանի կողմից իր մի շարք որոշումներով (ՍԴՈ-287, ՍԴՈ-525, ՍԴՈ-576 և այլն) արտահայտած այն իրավական դիրքորոշումը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության անունից կնքված միջազգային (միջպետական) պայմանագրերի փոփոխությունները և լրացումները ենթակա են վավերացման Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից, դրանցում կատարվող յուրաքանչյուր հավելում կամ փոփոխություն Հայաստանի Հանրապետության համար իրավաբանական ուժ է ստանում միայն դրանց վավերացման ընթացակարգն անցնելուց հետո, ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ Համաձայնագրի 371-րդ հոդվածի` «հաշվի առնելով Կողմերի համապատասխան ներքին ընթացակարգերի կատարումը» դրույթը համապատասխանում է միջազգային պայմանագրերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին ու ՀՀ սահմանադրական դատարանի իրավական դիրքորոշումներին, և այն պետք է մեկնաբանվի բացառապես դրանց համատեքստում: Դա ենթադրում է, որ Գործընկերության խորհրդի կողմից Համաձայնագրի հավելվածների թարմացումները կամ փոփոխությունները Հայաստանի Հանրապետության համար իրավական հետևանքներ կարող են առաջացնել միայն Համաձայնագրի վավերացման համար նախատեսված ընթացակարգերն անցնելուց հետո:

12. Համաձայնագրի VIII հավելվածով, որն իր հերթին բաղկացած է 7 հավելվածներից, ներկայացվում են Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության՝ ծառայությունների առևտրի և հիմնադրման վերաբերյալ հանձնառություններն ու վերապահումները՝ Համաձայնագրի VI մասի 5-րդ գլխին համապատասխան։ Համաձայնագրի VIII հավելվածի VIII-A-ից VIII-D հավելվածները վերաբերում են Եվրոպական միության հանձնառություններին և կատարված վերապահումներին, իսկ VIII-E-ից VIII-G հավելվածները՝ Հայաստանի Հանրապետության հանձնառություններին և կատարված վերապահումներին: Ընդ որում, հիշյալ Հավելվածում վերապահումները կատարված են ինչպես Եվրոպական միության անունից, այնպես էլ՝ Եվրոպական միության անդամ առանձին պետությունների անունից:

Հայաստանի Հանրապետությունը կատարել է մի շարք հորիզոնական և ոլորտային վերապահումներ: Հորիզոնական վերապահումների մասով նշվում է, որ «Հայաստանն իրավունք է վերապահում ընդունելու կամ պահպանելու ցանկացած միջոց, որով տրամադրվում է տարբերակված ռեժիմ գործող կամ մինչև սույն Համաձայնագիրն ուժի մտնելու օրը կնքված ցանկացած միջազգային ներդրումային պայմանագրի կամ այլ առևտրային համաձայնագրի համաձայն։ Հայաստանն իրավունք է վերապահում ընդունելու կամ պահպանելու ցանկացած միջոց, որով երկրին տրամադրվում է տարբերակված ռեժիմ՝ ցանկացած գործող կամ հետագայում կնքվելիք երկկողմ կամ բազմակողմ համաձայնագրի համաձայն, որով՝ (a) ստեղծվում է ծառայությունների և ներդրումների միասնական շուկա, (b) շնորհվում է հիմնադրման իրավունք, կամ (c) պահանջվում է օրենսդրության մոտարկում մեկ կամ ավելի տնտեսական ոլորտներում։ … Կոմունալ ծառայություններ համարվող տնտեսական գործունեության վրա կարող են տարածվել պետական մենաշնորհները կամ մասնավոր օպերատորներին շնորհված բացառիկ իրավունքները: … Օրենքով այլ բան նախատեսված չլինելու դեպքում օտարերկրյա ֆիզիկական անձինք չեն կարող Հայաստանում ձեռք բերել հողի սեփականության իրավունք»:

Միաժամանակ, ոլորտային վերապահումների մասով Հայաստանի Հանրապետությունը հայտարարում է, որ. «Իրավական փաստաթղթերի վարման և սերտիֆիկացման ծառայությունների առնչությամբ նոտարական ծառայությունները վերապահվում են Հայաստանի Հանրապետությանը։ Աուդիտորական ծառայությունների առնչությամբ՝ այն իրավաբանական անձը, որը գրանցված է որպես փակ բաժնետիրական ընկերություն կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն, համապատասխանում է Հայաստանի Հանրապետության «Աուդիտորական գործունեության մասին» օրենքի պահանջներին, ունի աուդիտորական ծառայություններ իրականացնելու լիցենզիա ստանալու իրավասություն։ … Տեխնիկական փորձարկման և վերլուծության ծառայություն մատուցողները պետք է լինեն Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն ստեղծված իրավաբանական անձինք։ … Բեռների փոխադրման գործակալության ծառայությունների և բեռների զննման առնչությամբ մաքսազերծումը պետք է կատարվի Հայաստանում գտնվող լիցենզավորված մաքսային գործակալի կողմից»:

Համաձայնագրի VIII հավելվածով Հայաստանի Հանրապետությունը նաև պարտավորվում է թույլ տալ Եվրոպական միության` պայմանագրային հիմունքներով ծառայություն մատուցողների և անկախ մասնագետների կողմից ՀՀ տարածքում ծառայությունների մատուցումը VIII-G հավելվածով ներկայացված տնտեսական գործունեության համար ֆիզիկական անձանց ներկայությամբ՝ Համաձայնագրի 156 և 157-րդ հոդվածներին համապատասխան և համապատասխան սահմանափակումների կիրառմամբ:

13. Համաձայնագրի 2-րդ՝ «Մաքսային հարցերով փոխադարձ վարչական աջակցության վերաբերյալ» վերտառությամբ արձանագրությամբ սահմանվում է կողմերի պարտավորությունը՝ օգնել միմյանց իրենց իրավասության շրջանակներում գտնվող ոլորտներում՝ Արձանագրությամբ սահմանված ձևով և պայմաններով՝ ապահովելու համար մաքսային օրենսդրության ճիշտ կիրառումը, մասնավորապես՝ կանխելով և ուսումնասիրելով այդ օրենսդրությունը խախտող գործողությունները և պայքարելով դրանց դեմ:

14. ՀՀ Սահմանադրության նախաբանում հավաստելով իր հավատարմությունը համամարդկային արժեքներին, սահմանադրական կարգի հիմունքներով արտաքին քաղաքականության իրականացման հիմքում դնելով միջազգային իրավունքի սկզբունքներն ու նորմերը, իրավական, ժողովրդավարական պետության կայացման գործում գերակայություն վերապահելով միջազգային իրավունքին՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը որևէ սահմանափակում չի նախատեսում միջազգային ու տարածաշրջանային համագործակցության ու այն ապահովող կառույցների իրավաչափ գործունակության ապահովման հարցերում։

Համաձայնագրով ամրագրված պարտավորությունների վերլուծության արդյունքում ՀՀ սահմանադրական դատարանը գտնում է, որ դրանք համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածի բովանդակությանը, համաձայն որի՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն իրականացվում է միջազգային իրավունքի հիման վրա՝ բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերություններ հաստատելու նպատակով:

Սահմանադրական դատարանը միաժամանակ արձանագրում է, որ քննության առարկա Համաձայնագրով ստանձնված պարտավորությունների իրացումը, ի թիվս այլնի, նպատակաուղղված է ՀՀ Սահմանադրության 86-րդ հոդվածով ամրագրված տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում պետության քաղաքականության առանձին հիմնական նպատակների իրականացմանը նպաստելուն և խթանմանը:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. 2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված՝ Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Վ. Հովհաննիսյան

 

16 մարտի 2018 թվականի

ՍԴՈ-1407

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան