ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
11 դեկտեմբերի 2017 թ. |
թիվ 300-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետ՝ Հանձնաժողով) 2017 թվականի դեկտեմբերի 11-ի դռնբաց նիստում փաստաբան Վահե Մովսիսյանի (այսուհետ` Դիմումատու) 2017 թվականի նոյեմբերի 21-ի դիմումի հիման վրա քննարկեց համակենտրոնացման վերաբերյալ պաշտոնական պարզաբանում տալու մասին հարցը:
Դիմումատուն հայցել է Հանձնաժողովի պաշտոնական պարզաբանումը հետևյալ հարցերի վերաբերյալ:
Հանձնաժողովը 2017 թվականի նոյեմբերի 27-ին փաստաբան Վահե Մովսիսյանից ստացել է պաշտոնական պարզաբանում տալու վերաբերյալ դիմում, որով Դիմումատուն խնդրել է տրամադրել պաշտոնական պարզաբանում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի վերաբերյալ:
Դիմումատուն նշել է, որ «Ա» ընկերությունը ձեռք է բերում «Բ» ընկերության բաժնետոմսերի (բաժնեմասի) մեկ տոկոսը, սակայն «Բ» ընկերության կանոնադրությունը սահմանում է (բաժնեմասը ձեռք բերելուց առաջ կամ հետո գործող խմբագրությամբ), որ ընդհանուր ժողովի բոլոր կարևոր որոշումները, օրինակ` «Բ» ընկերության գործունեության ուղղությունների որոշումը, բյուջեի հաստատումը, կանոնադրության ցանկացած փոփոխություն, խոշոր կամ փոխկապակցված գործարքների, ինչպես նաև կանոնադրությամբ սահմանված որոշակի տեսակի այլ գործարքների վերաբերյալ որոշումները պետք է ընդունվեն միաձայն: Դիմումատուն հայտնել է նաև, որ մեկ տոկոս բաժնեմաս ունեցող մասնակիցն իրավունք ունի ինքնուրույն նշանակել խորհրդի անդամ, իսկ խորհրդի բոլոր որոշումները ևս ընդունվում են միաձայնությամբ:
Դիմումատուն նշել է, որ հակասական մեկնաբանություն է առաջանում այն պատճառով, որ թեև բաժնեմասի ձեռքբերմամբ պայմանավորված համակենտրոնացման դեպքերը հստակ սահմանված են Օրենքում (20 կամ ավել տոկոս փայաբաժնի ձեռքբերում), միևնույն ժամանակ Օրենքը սպառիչ չի սահմանում համակենտրոնացման բոլոր դեպքերը, և կա հավանականություն, որ վերը նկարագրված իրավիճակը կարող է դիտարկվել որպես տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
Դիմումատուն առաջարկել է իր մեկնաբանությունը, համաձայն որի` նկարագրված իրավիճակը չի հանդիսանում համակենտրոնացում Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով, քանի որ փայաբաժնի ձեռքբերմամբ պայմանավորված համակենտրոնացման դեպքը հստակ սահմանված է Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում, ըստ որի` մեկ տոկոս բաժնեմասի ձեռքբերումը որևէ դեպքում (անկախ կանոնադրության բովանդակությունից) չի դիտարկվում որպես համակենտրոնացում:
Հաշվի առնելով վերը նշվածը և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածով` Դիմումատուն խնդրել է տրամադրել պաշտոնական պարզաբանում Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի վերաբերյալ:
Քննարկման արդյունքում Հանձնաժողովն ամրագրում է հետևյալը:
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`
1) տնտեսվարող սուբյեկտների միացումը.
2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.
3) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.
4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.
5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է համակենտրոնացման դրսևորման հնարավոր ձևերը: Մասնավորապես, համակենտրոնացման դրսևորման ձևերից է տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին: Այսինքն, օրենսդիրը փայաբաժնի ձեռքբերման միջոցով դրսևորվող համակենտրոնացումը նախատեսել է որպես համակենտրոնացման առանձին ձև և սահմանել, որ տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը համակենտրոնացում է համարվում այն դեպքում, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին: Ինչ վերաբերում է Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետին, ապա այդ կետով նախատեսվել են համակենտրոնացման այն ձևերը, որոնք չեն հանդիսանում տնտեսվարող սուբյեկտների միացում, միաձուլում, ակտիվների ձեռքբերում կամ փայաբաժնի ձեռքբերում, սակայն տնտեսվարող սուբյեկտների միավորման արդյունքում մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 86-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտը մեկնաբանվում է դրանում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբ` հաշվի առնելով օրենքի պահանջները: Իրավական ակտի մեկնաբանությամբ չպետք է փոփոխվի դրա իմաստը:
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` իրավական ակտի դրույթների ոչ հստակ կամ տարաբնույթ ընկալման, իրավական ակտն ավելի բարձր կամ նույն իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտին կամ նույն իրավական ակտի տարբեր դրույթների հակասության կամ օրենքով նախատեսված այլ դեպքերում, իրավական ակտի ուժի մեջ մտնելու ժամկետի որոշման, իրավաբանական ուժ ունենալու հարցերի պարզաբանման, ինչպես նաև իրավական ակտի կիրառման բնագավառում ծագած այլ հարցերի ճշտման նպատակով տրվում է իրավական ակտի պարզաբանում:
Ելնելով վերոգրյալից և հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 87-րդ հոդվածը և Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի «ը» կետը, Հանձնաժողովը որոշում է
1. Պաշտոնապես պարզաբանել, որ Օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի իմաստով տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի մեկ տոկոսի ձեռքբերումը չի հանդիսանում համակենտրոնացում, եթե դա ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին չի կազմում այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Նախագահ
Ա. Շաբոյան
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
29.03.2022, N 121-Ն | 01.04.2022, թիվ 300-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|