Գլխավոր տեղեկություն
Համար
N 1727-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (27.01.2018-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.01.17/4(1362) Հոդ.53
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
28.12.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.12.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2017 թվականի N 1727-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-Ի N 1442-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի «Սննդամթերքի, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի ներմուծման, արտահանման և տարանցիկ փոխադրման, ինչպես նաև անասնաբուժական հսկողության (վերահսկողության) ենթակա ապրանքների (արտադրանքի) արտահանման կարգը սահմանելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի օգոստոսի 19-ի N 1228-Ն և 2005 թվականի նոյեմբերի 9-ի N 1901-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1442-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման նախաբանը «14-րդ հոդվածի» բառերից առաջ լրացնել «, 13-րդ հոդվածի 7-րդ մասով,» բառերով.

2) որոշման հավելվածում՝

ա. 27-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«27. Բեռն արտահանելու համար արտահանողը լիազոր մարմին է ներկայացնում հայտ՝ առձեռն կամ էլեկտրոնային, կամ փոստային եղանակով` նշելով արտահանվող ապրանքի անվանումը, ծագման վայրը, արտադրողը (անվանումը, փաստացի գործունեության իրականացման վայրը), քանակը կամ քաշը (քանակը՝ հատով, քաշը՝ կգ-ով), արտահանման երկիրը, վայրը կամ տարածքը, բեռն ստացողը (անվանումը, գտնվելու վայրը), արտահանման նախատեսվող ժամկետը, արտահանողի անվանումը կամ անունը, ազգանունը, բնակության կամ գործունեության իրականացման վայրը: Արտահանողը հայտին կից ներկայացնում է՝

1) կենդանական ծագման չվերամշակված սննդամթերքի դեպքում՝ տվյալ արտադրանքի խմբաքանակի անասնաբուժասանիտարական փորձաքննության եզրակացությունը.

2) սննդամթերքի դեպքում, այդ թվում՝ փաթեթավորված, համապատասխանության հայտարարագիրը կամ պետական գրանցման վկայականը.

3) սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող նյութերի դեպքում՝ համապատասխանության հայտարարագիրը.

4) ներմուծող երկրի պահանջի դեպքում՝ տվյալ բեռի խմբաքանակի անվտանգությունը հավաստող լաբորատոր փորձարկման արձանագրությունը:»,

բ. 28-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«28. Հայտն ստանալուց հետո բեռի ծագման վայրի համապատասխան մարզային կենտրոնը մեկ աշխատանքային օրվա ընթացքում պարզում է`

1) լիազոր մարմնի տվյալների բազայում արտահանողի առկայությունը, իսկ ԵՏՄ-ի տարածք անասնաբուժական հսկողության ենթակա բեռի արտահանման դեպքում՝ անասնաբուժական հսկողության ենթակա բեռն արտադրողի, վերամշակողի և (կամ) պահպանողի առկայությունը ԵՏՄ-ի տարածք արտահանման թույլտվություն ունեցող կազմակերպությունների ռեեստրում.

2) անասնաբուժական հսկողության ենթակա արտադրանքի ծագման վայրի անասնահամաճարակային իրավիճակը և ապահովությունը կենդանիների վարակիչ հիվանդությունների նկատմամբ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 21-ի N 1499-Ն որոշմամբ սահմանված ձևի անասնաբուժական ուղեկցող փաստաթղթերի առկայությունը.

3) բեռի ծագումը, արտադրողին (կենդանիների դեպքում՝ սեփականատիրոջը), բեռը, բեռի ամբողջականությունը, անվտանգությունը երաշխավորող պայմանները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ մակնշմանը ներկայացվող պահանջները.

4) ներմուծող երկրի օրենսդրությամբ բեռի ներմուծմանը ներկայացվող պահանջների առկայությունը և արտահանվող բեռի համապատասխանությունն այդ պահանջներին:»,

գ. 29-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«29. Սույն կարգի 27-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու և սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները բավարարվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից բեռն արտահանողին թղթային կամ էլեկտրոնային եղանակով տրամադրվում է արտահանվող բեռի համապատասխանության տեղեկանքը՝ հայտն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,

դ. հավելվածը 29-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 29.1-ին և 29.2-րդ կետերով.

«29.1. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները բավարարվելու, սակայն սույն կարգի 27-րդ կետի 1-ին և 4-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթերը չներկայացվելու դեպքում մարզային կենտրոնն արտահանվող արտադրանքի խմբաքանակից կատարում է նմուշառում անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկումների միջոցով բեռի անվտանգությունը որոշելու նպատակով: Անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկումների միջոցով բեռի անվտանգությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից համապատասխանության տեղեկանքը տրվում է լաբորատոր անվտանգությունը հավաստող փաստաթղթերը տալու օրը:

29.2. Սույն կարգի 28-րդ կետով սահմանված պահանջները չբավարարվելու կամ անասնաբուժասանիտարական փորձաքննության կամ լաբորատոր փորձարկման արդյունքում արտահանվող բեռի վտանգավորությունը հաստատվելու դեպքում մարզային կենտրոնի կողմից հայտը մերժվում է գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ հայտը կամ արդյունքներն ստանալուց հետո մեկ աշխատանքային օրվա ընթացքում:»,

ե. 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«31. Արտահանողի կողմից համապատասխանության տեղեկանքը և սույն կարգի 27-րդ կետով սահմանված փաստաթղթերը, իսկ կենդանիների դեպքում՝ առողջությունը հավաստող փաստաթուղթը, տոհմային կենդանիների և բեղմնավորիչ նյութերի դեպքում՝ նաև տոհմային ծագումը հավաստող փաստաթուղթը համապատասխան հսկիչ կետ ներկայացվելու դեպքում արտահանման համար տրվող համապատասխան սերտիֆիկատը տրվում է համապատասխանության տեղեկանքի տրամադրման օրը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան


2017 թ. դեկտեմբերի 29
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան