Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.01/72(1347).1 Հոդ.1208.22
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.06.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ԿԴ2/0001/15/16

ԿԴ2/0001/15/16

Նախագահող դատավոր՝ Մ. Արղամանյան  

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ`

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ դատավորներ

Լ. Թադևոսյանի

   

Հ. Ասատրյանի

   

ե. դԱՆԻԵԼյանի

   

ա. պողոսՅԱՆԻ

    

Ս. Օհանյանի

     
  քարտուղարությամբ`

Մ. Ավագյանի

 

2017 թվականի հունիսի 22-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հունիսի 15-ի որոշման դեմ դատապարտյալ Արամ Թանգիի Դավթյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2012 թվականի մայիսի 30-ի դատավճռով Արամ Թանգիի Դավթյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 349-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով՝ նշանակված պատիժները լրիվ գումարելու սկզբունքով, Ա.Դավթյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 6 (վեց) տարի ժամկետով` առանց գույքի բռնագրավման և տուգանք` 400.000 ՀՀ դրամի չափով:

2. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2012 թվականի նոյեմբերի 26-ի որոշմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 75-րդ հոդվածով սահմանված կարգով Ա.Դավթյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 1-ին մասով քրեական գործի վարույթը կարճվել է և քրեական հետապնդումը դադարեցվել` վաղեմության ժամկետն անցնելու հիմքով:

Դատավճիռը մնացած մասով թողնվել է անփոփոխ:

3. ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿ հիմնարկի պետի` 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշմամբ դատապարտյալ Ա.Դավթյանի նկատմամբ «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը չի կիրառվել` նույն որոշման 9-րդ կետի 6-րդ ենթակետի հիմքով: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումը չի կիրառվել` նույն որոշման 9-րդ կետի 6-րդ ենթակետի հիմքով (տե՛ս դատական գործ, հատոր 1, թերթ 64):

4. 2016 թվականի հունվարի 18-ին դատապարտյալ Ա.Դավթյանը բողոք է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` Առաջին ատյանի դատարան)` խնդրելով վերացնել ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿ հիմնարկի պետի` 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը և պարտավորեցնել ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿ հիմնարկին իր նկատմամբ կիրառել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2011 թվականի մայիսի 26-ի և «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշումներով հայտարարված համաներումները:

4.1. Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի ապրիլի 2-ի որոշմամբ Ա.Դավթյանի բողոքը մերժվել է:

5. 2016 թվականի հունիսի 15-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան) որոշում է կայացրել դատապարտյալ Ա.Դավթյանի վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու և վերաքննիչ վարույթը կարճելու մասին:

6. Վերաքննիչ դատարանի վերոհիշյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել դատապարտյալ Ա.Դավթյանը, որը Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի մարտի 2-ի որոշմամբ ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

7. 2016 թվականի ապրիլի 22-ին դատապարտյալ Ա.Դավթյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան` խնդրելով. «(…) Կայացնել նոր դատական ակտ` ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԱԺ 26.05.2011թ. որոշմամբ հայտարարված համաներումը [իր] նկատմամբ կիրառելու և ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի պետի 28.12.2015թ. թիվ 198 որոշումը վերացնելու վերաբերյալ, պարտավորեցնելով ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿՀ-ի պետին քննարկելու ՀՀ անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԱԺ 03.10.2013թ. որոշմամբ հայտարարված համաներման կիրառման հարցը, առանց համաներման որոշման 9-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված արգելքի (…)» (տե՛ս դատական գործ, հատոր 2, թերթ 7):

7.1. 2016 թվականի հունիսի 13-ին դատապարտյալ Ա.Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան, որով փաստել է. «(…) Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը իր 16.05.2016թ. թիվ ԵԿԴ/0014/15/16 օրինական ուժի մեջ մտած որոշմամբ լուծել է իմ նկատմամբ կայացված թիվ ԵԿԴ/0241/01/11 դատավճռի անհստակությունը` կապված իմ նկատմամբ ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԱԺ 26.05.2011թ. որոշմամբ հայտարարված համաներումը չկիրառելու հետ և արդյունքում դատավճռով 2012թ. մայիսի 30-ին կիրառվել է նշված համաներումը իմ նկատմամբ: Վերոգրյալի հիման վրա խնդում եմ [ի]մ բողոքի պահանջը ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԱԺ 26.05.2011թ. որոշմամբ հայտարարված համաներման մասով չեղյալ համարել (…)» (տե՛ս դատական գործ, հատոր 2, թերթ 17):

8. Վերաքննիչ դատարանը, որոշելով առանց քննության թողնել դատապարտյալ Ա.Դավթյանի վերաքննիչ բողոքը և կարճել վերաքննիչ վարույթը, իր դատական ակտի նկարագրական-պատճառաբանական մասում արձանագրել է. «(…) Դատապարտյալ Արամ Դավթյանը վերաքննիչ բողոք է բերել [Առաջին ատյանի] դատարանի 2016 թվականի ապրիլի 02-ի որոշման դեմ` միջնորդելով բեկանել այն և իր նկատմամբ կիրառել Հայաստանի Հանրապետության 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը:

(…)

13.06.2016թ-ին վերաքննիչ քրեական դատարան մուտք է եղել դատապարտյալ Արամ Դավթյանի դիմումը, որով նա հայտնել է, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը իր 16.05.2016թ-ի թիվ ԵԿԴ/0014/15/16 օրինական ուժի մեջ մտած որոշմամբ լուծել է կայացրած թիվ ԵԿԴ/0241/01/11 դատավճռի անհստակությունը` կապված իր նկատմամբ ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ ԱԺ 26.05.2011թ-ի որոշմամբ հայտարարված համաներումը չկիրառելու հետ և արդյունքում 2012 թվականի մայիսի 30-ի դատավճռով կիրառվել է նշված համաներումը իր նկատմամբ (…):

(...)

Քննարկելով դատապարտյալ Արամ Դավթյանի վերաքննիչ բողոքը և այն հետ վերցնելու մասին նրա դիմումը, վերաքննիչ դատարանը գտնում է, որ դիմումը պետք է բավարարել, իսկ վերաքննիչ վարույթը` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 4-րդ մասով կարճել (…)» (տե՛ս դատական գործ, հատոր 2, թերթեր 43-44):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ հիմնավորումներով.

9. Բողոք բերած անձը փաստել է, որ Վերաքննիչ դատարանը թույլ է տվել քրեադատավարական օրենքի էական խախտում, այն է՝ հրաժարվել է արդարադատություն իրականացնելուց` խախտելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասը:

Ի հիմնավորումն վերոհիշյալ փաստարկի՝ բողոքի հեղինակը նշել է, որ Վերաքննիչ դատարանը սխալ է արձանագրել այն հանգամանքը, որ իբրև ինքը միջնորդել է, որպեսզի իր նկատմամբ կիրառվի միայն ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումը: Իրականում ինքը միջնորդել է, որ իր նկատմամբ կիրառվեին ՀՀ անկախության հռչակման ինչպես 20-րդ, այնպես էլ 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներումները: Բացի այդ, Վերաքննիչ դատարանը, կարճելով վերաքննիչ վարույթը, նշել է, որ իբրև ինքը դիմել է Վերաքննիչ դատարան` վերաքննիչ բողոքը հետ վերցնելու խնդրանքով, մինչդեռ իրականում ինքը դիմել է միայն ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներման մասով իր պահանջը չեղարկելու համար՝ նկատի ունենալով, որ մինչև Վերաքննիչ դատարանի նիստը սկսվելը նշված համաներումը Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից արդեն կիրառվել էր, իսկ ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ հայտարարված համաներման մասով բողոքի իր պահանջը չէր փոփոխվել:

10. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի` 2016 թվականի հունիսի 15-ի որոշումը և կայացնել նոր դատական ակտ:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

11. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ բողոքը հետ վերցնելու և վերաքննիչ բողոքի մի մասից հրաժարվելու («վերաքննիչ բողոքը մասնակիորեն հետ վերցնելու») դատավարական գործողությունների սահմանազատման հարցի կապակցությամբ առկա է օրենքի միատեսակ կիրառություն ապահովելու խնդիր: Ուստի անհրաժեշտ է համարում արտահայտել իրավական դիրքորոշումներ, որոնք կարող են ուղղորդող նշանակություն ունենալ նման գործերով դատական պրակտիկան ճիշտ ձևավորելու համար:

12. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչափ է արդյոք վերաքննիչ բողոքը հետ վերցնելու պատճառաբանությամբ այն առանց քննության թողնելու և վերաքննիչ վարույթը կարճելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը:

13. ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունք»:

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 13-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք, ում՝ սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

ՀՀ սահմանադրական դատարանը, անդրադառնալով արդյունավետ դատական պաշտպանության սահմանադրական իրավունքի վերաբերյալ հիմնահարցերին, ձևավորել է, ի թիվս այլոց, հետևյալ իրավական դիրքորոշումները`

- իշխանության ոտնձգություններից անձի պաշտպանվելու ամենաարդյունավետ միջոցը դատարան դիմելու նրա իրավունքն է, որն իրավական պետությունում ունի սահմանադրական (հիմնարար) իրավունքի բնույթ,

- անձի դատական պաշտպանության սահմանադրական իրավունքից ածանցվում է պետության պոզիտիվ պարտականությունը՝ ապահովել այն թե՛ նորմաստեղծ, թե՛ իրավակիրառման գործունեություն իրականացնելիս, ինչը ենթադրում է մի դեպքում` օրենսդրի պարտականությունը` լիարժեք դատական պաշտպանության հնարավորություն և մեխանիզմներ ամրագրել օրենքներում, մյուս կողմից` իրավակիրառողի պարտականությունը` առանց բացառությունների քննարկման ընդունել անձանց` օրինական կարգով իրենց ուղղված դիմումները, որոնցով նրանք հայցում են իրավական պաշտպանություն իրենց իրավունքների ենթադրյալ խախտումներից. նշված պահանջն առաջին հերթին վերաբերում է դատական իշխանությանը, որն օժտված է իրավական պաշտպանության համապարփակ լիազորություններով և անկախ է բոլոր այլ մարմիններից,

- դատական բողոքարկումը՝ որպես դատական պաշտպանության եղանակ, պետք է արդյունավետ միջոց ծառայի վերականգնելու անձի խախտված իրավունքներն ու ազատությունները` պահպանելով արդարադատության իրականացման սահմանադրական սկզբունքները,

- դատական բողոքարկման ինստիտուտը, առանց բացառության, պետք է միջոց հանդիսանա հավասարության պայմաններում, օբյեկտիվ, բազմակողմանի, արդար և հրապարակային դատաքննության արդյունքում, ողջամիտ ժամկետներում բացահայտելու և շտկելու դատական բոլոր այն սխալները, որոնք թույլ են տրվել ինչպես նյութական, այնպես էլ դատավարական իրավունքի նորմերի պահպանման արդյունքում, հետևաբար հանգեցրել են դատական գործի սխալ լուծմանը,

- դատավարական որևէ առանձնահատկություն կամ ընթացակարգ չի կարող խոչընդոտել կամ կանխել դատարան դիմելու իրավունքի արդյունավետ իրացման հնարավորությունը, իմաստազրկել ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված դատական պաշտպանության իրավունքը կամ դրա իրացման արգելք հանդիսանալ (տե՛ս ՀՀ սահմանադրական դատարանի` 2007 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՍԴՈ-719 և 2011 թվականի փետրվարի 8-ի թիվ ՍԴՈ-936 որոշումների 6-րդ կետերը, 2016 թվականի մարտի 10-ի թիվ ՍԴՈ-1257 որոշման 7-րդ կետը):

14. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է. «Բողոք բերած անձը և այն անձը, որի շահերի պաշտպանության նպատակով բերվել է բողոքը, իրավունք ունեն հետ վերցնելու այն մինչև վերաքննիչ դատարանում դատական նիստն սկսվելը (…)»:

Նույն հոդվածի 4-րդ մասը ամրագրում է. «Եթե վերաքննիչ բողոքարկման ժամկետն ավարտվել է, իսկ տվյալ դատական ակտի դեմ այլ վերաքննիչ բողոքներ չեն բերվել, ապա բողոքը հետ վերցնելու դեպքում դատարանը կայացնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշում (…)»:

Վերլուծության ենթարկելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածը՝ Վճռաբեկ դատարանն իր նախադեպային իրավունքում արձանագրել է. «(...) Բողոքը հետ վերցնելն անձի իրավունքն է, և դրանով կարգավորվում են սուբյեկտների կողմից բողոքները հետ վերցնելու իրավունքի իրացման հետ կապված հարաբերություններ: Իրավունքն անձի հնարավոր թույլատրելի վարքագիծն է՝ կատարելու այս կամ այն արարքը կամ ձեռնպահ մնալու դրա կատարումից: Հետևաբար վերաքննիչ բողոք բերելը կամ այն հետ վերցնելը անձի իրավունքն է, որն արտահայտվում է անձի ազատ կամքի դրսևորմամբ:

(…) Վերաքննիչ բողոքը հետ վերցնելու վերաբերյալ փաստի հաստատման և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի 3-րդ մասի կիրառման համար դատարանը պետք է ունենա բավարար հիմքեր, մասնավորապես այդպիսին կարող է հանդիսանալ բողոք բերած անձի` վերաքննիչ բողոքը հետ վերցնելու վերաբերյալ վերաքննիչ դատարան բերված դիմումը: Բողոքաբերի կողմից բողոքը հետ վերցնելը պետք է կատարվի ակտիվ վարքագիծ դրսևորելով, այսինքն` անձը պետք է իր կամքն արտահայտի բողոքը հետ վերցնելու կապակցությամբ» (տե՛ս «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի գործով Վճռաբեկ դատարանի` 2009 թվականի հունիսի 2-ի թիվ ԵԿԴ/0107/11/08 որոշման 15-16-րդ կետերը):

14.1. Վերահաստատելով և զարգացնելով «Էկոնոմինկասացիա» ԴՓԲԸ-ի գործով արտահայտված և վերը մեջբերված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վերաքննիչ բողոքը հետ վերցնելու և վերաքննիչ բողոքի մի մասից հրաժարվելու («վերաքննիչ բողոքը մասնակիորեն հետ վերցնելու») դատավարական գործողություններն անհրաժեշտ է տարբերակել միմյանցից: Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերջիններս նույն բովանդակությունը չկրող և իրավական տարբեր հետևանքներ առաջացնող դատավարական գործողություններ են: Մասնավորապես՝ Վճռաբեկ դատարանն ընդգծում է, որ ի տարբերություն վերաքննիչ բողոքն ամբողջությամբ հետ վերցնելուն, ինչը օրենքով սահմանված պայմանների առկայության դեպքում հանգեցնում է վերաքննիչ վարույթը կարճելու մասին որոշման կայացմանը, բողոքի մի մասից հրաժարվելու («բողոքը մասնակիորեն հետ վերցնելու») դեպքում դատարանը պարտավոր է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով շարունակել գործի քննությունը և քննության առնել բողոքի այն մասը, որից բողոքաբերը չի հրաժարվել: Հակառակ պարագայում, Վճռաբեկ դատարանի համոզմամբ, անհամաչափորեն կսահմանափակվի անձի՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքը՝ հանգեցնելով անօրինական դատական ակտի կայացմանը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանը փաստում է, որ վերաքննիչ բողոքի մի մասից հրաժարվելը չի կարող դիտարկվել որպես անձի՝ բողոքը հետ վերցնելու տնօրինչական իրավունքի իրացում, հետևաբար նաև առաջացնել օրենքով սահմանված նույն հետևանքները, որոնք ծագում են բողոքը հետ վերցնելու դեպքում:

15. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ 2016 թվականի ապրիլի 22-ին դատապարտյալ Ա.Դավթյանը բողոք է ներկայացրել Վերաքննիչ դատարան` խնդրելով կայացնել նոր դատական ակտ` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2011 թվականի մայիսի 26-ի որոշմամբ հայտարարված համաներումն իր նկատմամբ կիրառելու և ՀՀ ԱՆ «Սևան» ՔԿ հիմնարկի պետի` 2015 թվականի դեկտեմբերի 28-ի որոշումը վերացնելու վերաբերյալ` պարտավորեցնելով վերջինիս քննարկել «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2013 թվականի հոկտեմբերի 3-ի որոշման կիրառման հարցը՝ առանց այդ որոշման 9-րդ կետի 6-րդ ենթակետով սահմանված արգելքի (տե՛ս սույն որոշման 7-րդ կետը):

2016 թվականի հունիսի 13-ին դատապարտյալ Ա.Դավթյանը միջնորդություն է ներկայացրել Վերաքննիչ դատարան` իր վերաքննիչ բողոքի մի մասից հրաժարվելու, մասնավորապես՝ իր վերաքննիչ բողոքի պահանջը` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի` 2011 թվականի մայիսի 26-ի որոշման մասով չեղյալ համարելու խնդրանքով` հաշվի առնելով, որ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը 2016 թվականի մայիսի 16-ի որոշմամբ լուծել է իր նկատմամբ կայացված դատավճռի անհստակությունը՝ կապված ՀՀ Ազգային ժողովի` 2011 թվականի մայիսի 26-ի որոշմամբ հայտարարված համաներումը չկիրառելու հետ, և արդյունքում իր նկատմամբ նշված համաներման ակտն արդեն իսկ կիրառվել է (տե՛ս սույն որոշման 7.1-րդ կետը):

Վերաքննիչ դատարանը, հիմք ընդունելով դատապարտյալ Ա.Դավթյանի՝ 2016 թվականի հունիսի 13-ի միջնորդությունը, 2016 թվականի հունիսի 15-ին որոշում է կայացրել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու և վերաքննիչ վարույթը կարճելու մասին (տե՛ս սույն որոշման 5-րդ և 8-րդ կետերը):

16. Սույն որոշման նախորդ կետում մեջբերված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 13-14.1.-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Վերաքննիչ դատարանը վերաքննիչ բողոքի մի մասից հրաժարվելու վերաբերյալ դատապարտյալի միջնորդությունը ոչ իրավաչափորեն դիտարկել է որպես վերջինիս՝ բողոքը հետ վերցնելու տնօրինչական իրավունքի իրացում և որոշում կայացրել վերաքննիչ բողոքն առանց քննության թողնելու ու վերաքննիչ վարույթը կարճելու մասին, որի արդյունքում անհամաչափորեն սահմանափակել է Ա.Դավթյանի՝ արդյունավետ դատական պաշտպանության հիմնարար իրավունքը` թույլ տալով դատական սխալ:

16.1. Հիմք ընդունելով վերոգրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ դատապարտյալ Ա.Դավթյանի կողմից վերաքննիչ բողոքը հետ վերցնելու պատճառաբանությամբ այն առանց քննության թողնելու և վերաքննիչ վարույթը կարճելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումն իրավաչափ չէ:

17. Վերը արտահայտված իրավական դիրքորոշումներից զատ Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ նույնիսկ եթե դատապարտյալ Ա.Դավթյանը վերաքննիչ բողոքն օրենքով սահմանված կարգով ամբողջությամբ հետ վերցրած լիներ, Վերաքննիչ դատարանը վերաքննիչ վարույթը կարճելու հետ միաժամանակ իրավասու չէր կայացնելու նաև բողոքն առանց քննության թողնելու մասին որոշում (տե՛ս սույն որոշման 5-րդ և 8-րդ կետերը), քանի որ վերջիններս տարբեր դատավարական ինստիտուտներ են:

18. Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից թույլ են տրվել ՀՀ Սահմանադրության 61-րդ հոդվածի, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 383-րդ հոդվածի պահանջների խախտումներ, որոնք իրենց բնույթով էական են և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի իմաստով հիմք են Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` ըստ էության քննության ուղարկելու համար:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալ Արամ Թանգիի Դավթյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի հունիսի 15-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան` ըստ էության քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

 

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Լ. Թադևոսյան
    Հ. Ասատրյան
   

Ե. Դանիելյան

    Ա. Պողոսյան
    Ս. Օհանյան