Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (22.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.01/72(1347).1 Հոդ.1208.23
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
22.06.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
22.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

  

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի որոշում

Գործ թիվ ՇԴ/0008/13/16

ՇԴ/0008/13/16

Նախագահող դատավոր՝ Մ. Պապոյան

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

մասնակցությամբ դատավորներ

Լ. Թադևոսյանի

Հ. Ասատրյանի

ե. դԱՆԻԵԼյանի

ա. պողոսՅԱՆԻ

Ս. Օհանյանի

 
քարտուղարությամբ

Մ. ԱՎԱԳՅԱՆԻ

մասնակցությամբ պաշտպան

Ի. ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

դատապարտյալ

Ա. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ

 

2017 թվականի հունիսի 22-ին

ք. Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով Աստղիկ Մարատի Համբարձումյանի և Նաիրա Թոմիկի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2016 թվականի նոյեմբերի 29-ի որոշման դեմ դատապարտյալ Ա.Համբարձումյանի և դատապարտյալ Ն.Առաքելյանի պաշտպան Ի.Պետրոսյանի վճռաբեկ բողոքը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան)` 2007 թվականի սեպտեմբերի 25-ի դատավճռով Աստղիկ Մարատի Համբարձումյանը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով Ա.Համբարձումյանը դատապարտվել է ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 9 (ինը) տարի ժամկետով` անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, Ա.Համբարձումյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 10 (տասը) տարի ժամկետով` անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ:

Նույն դատավճռով Նաիրա Թոմիկի Առաքելյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 268-րդ հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով Ն.Առաքելյանը դատապարտվել է ազատազրկման` 7 (յոթ) տարի ժամկետով` անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ, 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ազատազրկման` 10 (տաս) տարի ժամկետով` անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ, 268-րդ հոդվածի 1-ին մասով` ազատազրկման` 1 (մեկ) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով Ն.Առաքելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի ժամկետով` անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի հիման վրա դատավճռով նշանակված պատժին լրիվ գումարվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի հունվարի 26-ի դատավճռով նշանակված 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և Ն.Առաքելյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 12 (տասներկու) տարի ժամկետով` անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ:

Նույն դատավճռով դատապարտվել են նաև Գոհար Կարապետի Հակոբյանը, Վարդան Ռաֆիկի Խաչատրյանը, Արթուր Կոլյայի Ղուկասյանը և Ալեքսանդր Միխայելի Ղարագյոզյանը:

Հիշյալ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ:

2. 2016 թվականի հուլիսի 6-ին ՀՀ արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներ Ա.Համբարձումյանը և Ն.Առաքելյանը դիմումներ են ներկայացրել Առաջին ատյանի դատարան` խնդրելով վերանայել նույն դատարանի` 2007 թվականի սեպտեմբերի 25-ի դատավճիռը` նկատի ունենալով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի մայիսի 16-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը:

Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի հուլիսի 26-ի որոշմամբ նշված դիմումներով գործերը միացվել են մեկ վարույթում և գործին շնորհվել է ՇԴ/0008/13/16 համարը:

Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ դատապարտյալներ Ա.Համբարձումյանի և Ն.Առաքելյանի դիմումները բավարարվել են, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1-122-07 դատավճիռը նրանց մասով վերանայվել է:

Մասնավորապես, դատապարտյալ Ա.Համբարձումյանը ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկում` անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ պատժից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը` 9 (ինը) տարի ժամկետով ազատազրկումը` անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ թողնվել է անփոփոխ: Դատապարտյալ Ա.Համբարձումյանը անհապաղ ազատ է արձակվել դատական նիստերի դահլիճում` պատիժը կրած լինելու պատճառաբանությամբ:

Դատապարտյալ Ն.Առաքելյանը ազատվել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված 7 (յոթ) տարի ժամկետով ազատազրկում` անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ պատժից, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով նշանակված պատիժը` 10 (տասը) տարի ժամկետով ազատազրկումը` անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ և 268-րդ հոդվածի 1-ին մասով նշանակված պատիժը` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը թողնվել է անփոփոխ: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիման վրա` պատիժները մասնակի գումարելու միջոցով, Ն.Առաքելյանի նկատմամբ վերջնական պատիժ է սահմանվել ազատազրկում` 10 (տասը) տարի 3 (երեք) ամիս ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 67-րդ հոդվածի հիման վրա նշանակված պատժին լրիվ գումարվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2007 թվականի հունվարի 26-ի դատավճռով նշանակված` 1 (մեկ) տարի ժամկետով ազատազրկումը, և Ն.Առաքելյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել ազատազրկում` 11 (տասնմեկ) տարի 3 (ամիս) ամիս ժամկետով` անձնական ամբողջ գույքի բռնագրավմամբ:

3. Դատախազ Կ.Գաբրիելյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2016 թվականի նոյեմբերի 29-ի որոշմամբ բողոքը բավարարել է մասնակիորեն, բեկանել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 11-ի որոշումը՝ մերժելով դատապարտյալներ Աստղիկ Համբարձումյանի և Նաիրա Առաքելյանի դատավճիռը համապատասխանեցնելու մասին ներկայացրած դիմումները:

4. Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 29-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք են բերել դատապարտյալ Ա.Համբարձումյանի և դատապարտյալ Ն.Առաքելյանի պաշտպան Ի.Պետրոսյանը:

Վճռաբեկ դատարանի՝ 2017 թվականի մարտի 23-ի որոշմամբ վճռաբեկ բողոքն ընդունվել է վարույթ:

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը

5. Աստղիկ Համբարձումյանը դատապարտվել է այն բանի համար, որ «հաստատապես իմանալով, որ ընկերուհին՝ Նաիրա Առաքելյանը, զբաղվում է թմրամիջոցների իրացմամբ, դրանք Ռուսաստանի Դաշնությունից փոխադրելու նախնական համաձայնության գալով նրա հետ, յուրաքանչյուր անգամ 500 ԱՄՆ դոլար ստանալով` 2006թ. հոկտեմբերից Սարատով քաղաքում բնակվող՝ Նաիրա Առաքելյանի ազգական Արտակ Արզումանյանից ձեռք է բերել թմրամիջոցներ, որպիսիք մաքսային հսկողությունից թաքցնելով`փոխադրել` Երևան և հանձնել Նաիրա Սռաքելյանին: Հիշյալ եղանակով և կարգով` 2007 թվականի մայիսի 24-ին Աստղիկ Համբարձումյանը հերթական անգամ Արտակ Արզումանյանից ձեռք է բերել պահպանակի մեջ լցված առանձնապես խոշոր չափերի` 165գ «հերոին» տեսակի թմրամիջոց, թաքցրել հեշտոցի մեջ, ապա հաջորդ օրը Մոսկվա-Երևան չվերթով մաքսանենգ ճանապարհով այն փոխադրել է Երևան և հանձնել Նաիրա Առաքելյանին» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 34):

5.1. Նաիրա Առաքելյանը դատապարտվել է այն բանի համար, որ «նախնական համաձայնության գալով ընկերուհու` գործով ամբաստանյալ Աստղիկ Համբարձումյանի և ՌԴ Սարատով քաղաքում բնակվող նախկին ամուսնու եղբայր` Արտակ Արզումանյանի հետ, վերջինից ձեռք է բերել առանձնապես խոշոր չափերի «հերոին» տեսակի թմրամիջոցներ: Յուրաքանչյուր անգամ Աստղիկ Համբարձումյանին 500 ԱՄՆ դոլար վճարելով` նրա միջոցով, հեշտոցում թաքցրած, մաքսանենգ ճանապարհով 2006թ. հոկտեմբերից մինչև 2007թ. մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում տարբեր չվերթներով, ավելի քան 10 անգամ Երևան է փոխադրել առանձնապես խոշոր չափերի «հերոին» տեսակի թմրամիջոց: Ստանալով թմրամիջոցի հերթական խմբաքանակը` յուրաքանչյուր անգամ Նաիրա Առաքելյանն այն փոխադրել է Գյումրի, պահել, այնուհետև ինչպես անձամբ, այնպես էլ նախնական համաձայնության գալով գործով ամբաստանյալ Գոհար Հակոբյանի հետ, նույն թվականի դեկտեմբերից նրա միջոցով իրացրել է Վարդան Խաչատրյանին, Ալեքսանդր Ղարագյոզյանին, Արթուր Ղուկասյանին և այլոց: Նաիրա Առաքելյանը նշված թմրամիջոցների վաճառքից ստացած եկամուտներն օգտագործել է անձնական կարիքների համար, իսկ մնացածը «Արեքսիմբանկ» ՓԲ ընկերության միջոցով տարբեր ժամանակներում մաս-մաս ընդամենը 17.000 ԱՄՆ դոլար, փոխանցել է Արտակ Արզումանյանին: Նույն եղանակով և կարգով` 2007 թվականի մայիսի 25-ին Նաիրա Առաքելյանն Աստղիկ Համբարձումյանից ստացել է հերթական անգամ Արտակ Արզումանյանից ձեռք բերած և մաքսային հսկողությունից թաքցրած Մոսկվա-Երևան չվերթով փոխադրած առանձնապես խոշոր չափերի` 165գ «հերոին» տեսակի թմրամիջոց, որը պահել և փոխադրել է Գյումրի: Նույն օրը նա մերկացվել է կատարած հանցագործության մեջ, այն է` իրավապահները նշված թմրամիջոցը հայտնաբերել են նրա պայուսակում: Բացի այդ, առանց իրացնելու նպատակի, Նաիրա Առաքելյանը գործով չպարզված հանգամանքներում ձեռք է բերել և պահել մանր չափերի` 0,6 գ «չորացված մարիխուանա» տեսակի թմրամիջոց, որը 2007թ. մայիսի 31-ին բնակարանում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է նրա սպորտային անդրավարտիքի գրպանում» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 34):

6. Առաջին ատյանի դատարանը 2016 թվականի օգոստոսի 11-ի որոշմամբ արձանագրել է. «(…) 25.06.2016թ. ուժի մեջ մտած ՀՕ-83-Ն՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը վերացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով սահմանված արարքի հանցավորությունը, այսինքն` նախքան Աստղիկ Համբարձումյանի և Նաիրա Առաքելյանի վերաբերյալ նշանակված պատժի կրման ավարտը, ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածն ապաքրեականացվել է։ Հետևաբար տեղի ունեցած օրենսդրական փոփոխություններից բխում է, որ Ա.Համբարձումյանի և Ն.Առաքելյանի արարքի այդ մասում (165 գրամ քաշով հերոին տեսակի թմրամիջոցը 2007թ մայիսի 24-ին մաքսանենգությամբ՝ մաքսային հսկողությունից թաքցնելով, Մոսկվա-Երևան չվերթով տեղափոխել է Երևան)` հանցակազմ չկա։

(…)

Այսպիսով, դատարանը նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքի հանցավորությունը վերացվել է, գտնում է, որ դատապարտյալներ՝ Աստղիկ Մարատի Համբարձումյանի և Նաիրա Թոմիկի Առաքելյանի դիմումները պետք է բավարարել և իրենց վերաբերելի մասով վերանայել Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի` թիվ 1-122-07 քրեական գործով 25.09.2007թ. կայացված դատավճիռը:

(…)» (տե՛ս նյութեր, հատոր 1-ին, թերթ 36-38):

6.1. Վերաքննիչ դատարանը, միանձնյա կազմով քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված վերաքննիչ բողոքը, իր որոշմամբ նշել է. «[Տ]վյալ դեպքում առկա չէ այնպիսի իրավիճակ, երբ դատապարտյալների արարքների արդյունքում վնաս պատճառված հասարակական հարաբերությունն այլևս քրեաիրավական պաշտպանության ենթակա չլինի և նման օբյեկտի դեմ ուղղված ոտնձգությունը հակաիրավական չլինի, այլ ընդհակառակը` նշված հասարակական հարաբերությունը` բնակչության առողջության պահպանությունը, դարձել է ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցակազմի առանցքային օբյեկտ:

Այսպիսով` Վերաքննիչ դատարանը (…) գտնում է, որ [դատախազի] վերաքննիչ բողոքը` դատապարտյալներ Նաիրա Առաքելյանի և Աստղիկ Համբարձումյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 21-րդ հոդվածի 2-րդ մասով նշանակված ազատազրկման ձևով պատժից ազատելն անթույլատրելի ճանաչելու մասով ենթակա է բավարարման» (տե՛ս նութեր, հատոր 2-րդ, թերթեր 79-80):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը

7. Բողոքաբերները նշել են, որ Վերաքննիչ քրեական դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 72-րդ, «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 71-րդ, 72-րդ, ՀՀ քրեական օրենսգրքի 13-րդ հոդվածների պահանջները, բողոքարկվող դատական ակտի պատճառաբանությունները հակասում են ՀՀ սահմանադրական դատարանի 2011 թվականի նոյեմբերի 29-ի թիվ ՍԴՈ-1000 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշումներին:

 7.1. Մանսավորապես, բողոքի հեղինակները նշել են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը ՀՀ Ազգային ժողովի՝ 2016 թվականի հունիսի 7-ի «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի համաձայն ուժը կորցրել է, որն իրենից ենթադրում է, որ նշված նորմի գործողությունը դադարեցվել է: Մինչդեռ Վերաքննիչ դատարանը, խախտելով վկայակոչված նորմերի և ՀՀ սահմանադրական դատարանի որոշման պահանջները, չի կիրառել հետադարձ ուժի կանոնը, անհիմն հետևություն անելով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածը փոխարինվել է մեկ այլ` 267.1-րդ հոդվածով:

7.2. Բողոքի հեղինակները նշել են նաև, դատախազը որպես պետության անունից հանդես եկող պաշտոնատար անձ չի կարող մեկ հարցի վերաբերյալ ունենալ երկակի մոտեցում: Տվյալ դեպքում դատապարտյալների դիմումների քննության ժամանակ դատախազ Բ.Պողոսյանը դիմումների դեմ չի առարկել, իսկ Առաջին ատյանի դատարանի կողմից դիմումները բավարարվելուց հետո դատախազ Կ.Գաբրիելյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որն էլ Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել է: Ուստի, բողոքաբերների կարծիքով, գործի քննության ժամանակ ներկայացված դիմումին դատախազի չառարկելու դեպքում այդ մասով վերաքննիչ բողոք բերելու հարցի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր:

8. Հիմք ընդունելով նշվածը՝ բողոքի հեղինակները խնդրել են բեկանել Վերաքննիչ դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը և օրինական ուժ տալ Առաջին ատյանի դատարանի` 2016 թվականի օգոստոսի 11-ի որոշմանը:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

9. Սույն գործի փաստերի առանձնահատկություններով պայմանավորված Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում նախ անդարդառնալ Վերաքննիչ դատարանում դատախազի ներկայացրած վերաքննիչ բողոքը միանձնյա դատական կազմով քննելու իրավաչափության հարցին, քանի որ վերջինով է պայմանավորված բողոքի փաստարկներն ըստ էության քննարկման առարկա դարձնելու Վճռաբեկ դատարանի իրավասությունը:

10. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է. իրավաչա՞փ է արդյոք դատապարտյալներ Ա.Համբարձումյանի և Ն.Առաքելյանի դիմումները բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կազմով քննության առնելը։

11. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 6-րդ հոդվածի 10.1-րդ կետը սահմանում է, որ գործն ըստ էության լուծող դատական ակտեր են համարվում առաջին ատյանի դատարանի դատավճիռը, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումը, բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու մասին որոշումը, այդ ակտերի վերաքննիչ բողոքարկման արդյունքում վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտերը, ինչպես նաև օրենքով նախատեսված դեպքերում վճռաբեկ դատարանի դատական ակտերը:

Վերոնշյալ իրավանորմի առնչությամբ Վճռաբեկ դատարանն Ա.Արծրունու գործով կայացված որոշման շրջանակներում ձևավորել է հետևյալ իրավական դիրքորոշումը. «(…) [Հ]անցանք կատարած անձի վիճակը նոր քրեական օրենքի ուժով բարելավելու հիմքով դատավճիռը վերանայելու, մասնավորապես՝ անձի կատարած արարքի քրեաիրավական որակումը նոր ընդունված քրեական օրենքին համապատասխանեցնելու հարցը լուծելով՝ դատարանը կայացնում է որոշում, որտեղ իրենց լուծումն են ստանում դատավճռին վերաբերող հարցեր (օրինակ՝ արարքի քրեաիրավական որակում, պատժատեսակի և պատժաչափի որոշում): Հետևաբար այդ որոշումը ևս հանդիսանում է գործն ըստ էության լուծող դատական ակտ և այն ենթակա է բողոքարկման նույն ընթացակարգով, ինչպիսին կիրառվում է դատավճիռները բողոքարկելիս» (տե՛ս Արսեն Արծրունու գործով Վճռաբեկ դատարանի՝ 2011 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ ՎԲ-16/11 որոշման 11-րդ կետը):

12. Վերահաստատելով և զարգացնելով Ա.Արծրունու գործով արտահայտված իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն Է.Ծռնվերանցի գործով որոշմամբ իրավական դիրքորոշումներ է հայտնել առ այն, որ «(…) [Ա]նձի կատարած արարքի քրեաիրավական որակումը նոր ընդունված քրեական օրենքին համապատասխանեցնելու հարցի վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը որպես գործն ըստ էության լուծող դատական ակտ դիտարկելը պայմանավորված է այն հանգամանքով, որ քրեական օրենքով արգելված արարքը նոր իրավակարգավորումներին համապատասխանեցնելու հարցը լուծելիս դատարանն անդրադառնում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածում նախատեսված այնպիսի իրավական հարցերի (արարքը համապատասխանում է արդյոք քրեական օրենսգրքի հատուկ մասի նորմերի հատկանիշներին, ենթակա է արդյոք պատժի հանցավորն իր կատարած հանցանքի համար, ի՞նչ պատիժ պետք է նշանակվի հանցավորի նկատմամբ), որոնք օրենքի ուժով (ex lege) վերապահված են գործն ըստ էության լուծող դատական ակտի` դատավճռի լուծմանը։ Հետևաբար քրեական օրենքով արգելված արարքը նոր իրավակարգավորումներին համապատասխանեցնելու հարցը լուծելիս կայացվող դատական ակտի բողոքարկումը և բողոքի քննությունը ենթակա է իրականացման նույն դատավարական ընթացակարգով, ինչը նախատեսված է գործն ըստ էության լուծող դատական ակտի համար։ Այլ կերպ՝ քննարկման առարկա դատական ակտը վերաքննության կարգով բողոքարկելիս կիրառման են ենթակա, ի թիվս այլոց, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով, 379-րդ և 387-րդ հոդվածներով սահմանված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտին ներկայացվող պահանջները:

 (…)

[«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված] արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» եզրույթի առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը նախադեպային իրավունք է ձևավորել առ այն, որ նշյալ եզրույթը ոչ միայն կազմում է «դատարանի»՝ առհասարակ գոյության իրավական հենքը, այլև այն ներառում է յուրաքանչյուր գործով դատարանի կազմը (տե՛ս Buscarini v. San Marino գործով 2000 թվականի մայիսի 4-ի որոշումը, գանգատ թիվ 31657/96, Posokhov v. Russia գործով 2003 թվականի մարտի 4-ի վճիռը, գանգատ թիվ 63486/00, կետ 39, Yegorychev v. Russia գործով 2016 թվականի մայիսի 17-ի վճիռը, գանգատ թիվ 8026/04, կետ 64)։ Ուստի այն դեպքերում, երբ օրենքով դատարանի կազմին ներկայացվող պահանջներն ապահովված չեն, ապա խաթարվում է օրինականության սկզբունքը` անձին զրկելով արդար դատաքննության իրավունքի բաղկացուցիչ տարրը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առջև կանգնելու իրավունքից (տե՛ս, mutatis mutandis, Jorgic v. Germany գործով 2007 թվականի հուլիսի 12-ի վճիռը, գանգատ թիվ 74613/01, կետ 64, Richert v. Poland գործով 2011 թվականի հոկտեմբերի 25-ի վճիռը, գանգատ թիվ 54809/07, կետ 41)» (տե՛ս Էդիկ Ծռնվերանցի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 22-ի թիվ ԵՇԴ/0049/01/12 որոշման 11.1-րդ և 12-րդ կետերը):

13. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ դատապարտյալներ Ա.Համբարձումյանը և Ն.Առաքելյանը 2016 թվականի հուլիսի 6-ին Առաջին ատյանի դատարան դիմումներ են ներկայացրել, որով խնդրել են վերանայել իրենց նկատմամբ կայացված դատավճիռը` հաշվի առնելով ՀՀ Ազգային ժողովի կողմից 2016 թվականի մայիսի 16-ին ընդունված «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածը (տե՛ս սույն որոշման 2-րդ կետը)։

Առաջին ատյանի դատարանը ներկայացված դիմումները բավարարել է և նույն դատարանի` 2007 թվականի սեպտեմբերի 25-ի թիվ 1-122-07 դատավճիռը դիմումատուների մասով վերանայել այն պատճառաբանությամբ, որ 2016 թվականի հունիսի 25-ին ուժի մեջ մտած ՀՕ-83-Ն՝ «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը վերացրել է ՀՀ քրեական օրենսգրքի 215-րդ հոդվածով սահմանված արարքի հանցավորությունը (տե՛ս սույն որոշման 6-րդ կետը)։

Վերաքննիչ դատարանը, միանձնյա կազմով քննության առնելով Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված դատախազի վերաքննիչ բողոքը, իր որոշմամբ արձանագրել է, որ առկա չէ այնպիսի իրավիճակ, երբ դատապարտյալների արարքների արդյունքում վնաս պատճառված հասարակական հարաբերությունն այլևս քրեաիրավական պաշտպանության ենթակա չլինի և նման օբյեկտի դեմ ուղղված ոտնձգությունը հակաիրավական չլինի, այլ ընդհակառակը` նշված հասարակական հարաբերությունը` բնակչության առողջության պահպանությունը, դարձել է ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածով նախատեսված հանցակազմի առանցքային օբյեկտ: Արդյունքում՝ գտել է, որ դատախազի վերաքննիչ բողոքը ենթակա է բավարարման (տե՛ս սույն որոշման 6.1.-րդ կետը):

14. Նախորդ կետում մեջբերված փաստերը գնահատելով սույն որոշման 11-12-րդ կետերում շարադրված նորմերի և արտահայտված իրավական դիրքորոշումների լույսի ներքո` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Առաջին ատյանի դատարանի որոշման` որպես գործն ըստ էության լուծող դատական ակտի նկատմամբ պետք է կիրառվեին ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասով և 387-րդ հոդվածով սահմանված՝ գործն ըստ էության լուծող դատական ակտին ներկայացվող պահանջները: Այլ կերպ՝ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ ներկայացված բողոքը սույն գործով Վերաքննիչ դատարանի կողմից պետք է քննության առնվեր կոլեգիալ` երեք դատավորի կազմով, մինչդեռ այն քննության է առնվել միանձնյա կազմով` այդ կերպ չապահովելով արդար դատաքննության իրավունքի բաղադրիչը կազմող` «օրենքի հիման վրա ստեղծված» դատարանի առկայությունը:

Հիմք ընդունելով վերոգրյալը` Վճռաբեկ դատարանը գտնում է, որ դատապարտյալներ Ա.Համբարձումյանը և Ն.Առաքելյան դիմումները բավարարելու մասին Առաջին ատյանի դատարանի դատական ակտի դեմ բերված բողոքը Վերաքննիչ դատարանի կողմից միանձնյա կարգով քննության առնելն իրավաչափ չէ։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով Վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 39-րդ հոդվածի 4-րդ մասի, 387-րդ հոդվածի խախտումներ, այն է` դատական ակտը կայացրել է դատարանի ոչ օրինական կազմով: Նշված խախտումը ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի համաձայն դատական ակտն անվերապահ բեկանելու հիմք է: Հիշյալ հոդվածով ամրագրելով «բոլոր դեպքերում» ձևակերպումը` օրենսդիրը արտահայտել է այդ կանոնն իմպերատիվ դարձնելու կամք` անկախ վերադաս դատարաններում վարույթի սահմանները որոշող իրավանորմերից (ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 404-րդ հոդվածի 2-րդ մաս և 415-րդ հոդվածի 1-ին մաս): Այլ կերպ, եթե վերադաս դատարանը հայտնաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված հանգամանքներից որևէ մեկը, ապա իրավասու է ուղղել այդ դատական սխալը` կաշկանդված չլինելով դատական վերանայման սահմանների վերաբերյալ կանոններով (տե՛ս Մխիթար Էլոյանի և այլոց գործով Վճռաբեկ դատարանի 2011 թվականի հուլիսի 13-ի թիվ ԵԿԴ/0211/01/10 որոշման 12-րդ կետը):

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ, 406-րդ հոդվածների համաձայն, հիշյալ խախտումը հիմք է Վերաքննիչ դատարանի դատական ակտը բեկանելու և գործը նույն դատարան` նոր քննության ուղարկելու համար:

Միևնույն ժամանակ Վճռաբեկ դատարանը փաստում է, որ որոշմամբ արձանագրված խախտման պայմաններում հնարավոր չէ անդրադառնալ սույն որոշման 7.1-7.2-րդ կետերում բողոքաբերի բարձրացրած՝ իրավունքի ենթադրյալ խախտման վերաբերյալ փաստարկներին: Նոր քննության ընթացքում Վերաքննիչ դատարանը, վերացնելով հիշյալ խախտումը, պետք է օրենքով սահմանված կարգով քննության առնի ներկայացրած վերաքննիչ բողոքը` գալով համապատասխան եզրահանգման:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի նոյեմբերի 27-ի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611-րդ, 419-րդ, 422-423-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով՝ Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել մասնակիորեն: Դատապարտյալներ Աստղիկ Մարատի Համբարձումյանի և Նաիրա Թոմիկի Առաքելյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2016 թվականի նոյեմբերի 29-ի որոշումը բեկանել և գործն ուղարկել նույն դատարան՝ նոր քննության:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

 

Նախագահող`

Ս. Ավետիսյան

Դատավորներ`

Լ. Թադևոսյան

Հ. Ասատրյան
Ե. Դանիելյան
Ա. Պողոսյան
Ս. Օհանյան