ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
Քաղ. Երևան |
21 նոյեմբերի 2017 թ. |
1968 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-ԻՆ ՎԻԵՆՆԱՅՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՆՇԱՆՆԵՐԻ ԵՎ ԱԶԴԱՆՇԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՒՄ (ԿԻՑ ԱՌԱՐԿՈՒԹՅԱՄԲ) ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը` կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի (զեկուցող), Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի,
մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)` Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գ. Գրիգորյանի,
համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,
դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված` Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին կոնվենցիայում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:
Գործի քննության առիթը Հանրապետության Նախագահի` 26.10.2017 թ. Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումն է:
Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով կոնվենցիան և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.
1. Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին կոնվենցիան (այսուհետ՝ Կոնվենցիա) ստորագրվել է 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում` միջազգային ճանապարհային երթևեկության դյուրացման և ճանապարհային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով:
2. Կոնվենցիան սահմանում է ճանապարհային նշանների, ազդանշանների և պատկերանշանների, ինչպես նաև ճանապարհային գծանշումների միջազգային միասնական կարգ:
Կոնվենցիան ունի անբաժանելի մաս կազմող 9 հավելված՝ Հավելված 1. «Նախազգուշացնող նշաններ՝ բացառությամբ խաչմերուկների կամ երկաթուղային գծանցների մոտ տեղադրվող նշանների», Հավելված 2. «Խաչմերուկների անցման առավելությունը կարգավորող նշաններ, խաչմերուկների մոտ տեղադրվող նախազգուշացնող նշաններ և ճանապարհի նեղ հատվածներում անցման առավելությունը կարգավորող նշաններ», Հավելված 3. «Երկաթուղային գծանցներին վերաբերող նշաններ», Հավելված 4. «Կարգավորող նշաններ՝ բացառությամբ անցման առավելության, կանգառի ու կայանման նշանների», Հավելված 5. «Տեղեկատվության նշաններ՝ բացառությամբ կայանման նշանների», Հավելված 6. «Կանգառի և կայանման նշաններ», Հավելված 7. «Լրացուցիչ ցուցանակներ», Հավելված 8. «Ճանապարհային գծանշումներ», Հավելված 9. «1-7-րդ հավելվածներում նշված նշանների, պատկերանշանների և ցուցանակների գունային վերարտադրությունը»:
3. Հայաստանի Հանրապետությունը կատարել է առարկություն Ադրբեջանի Հանրապետության կողմից Կոնվենցիայի վերաբերյալ կատարված հայտարարության կապակցությամբ:
4. Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետությունն ստանձնում է, մասնավորապես, հետևյալ պարտավորությունները.
• ընդունել Կոնվենցիայում նկարագրված ճանապարհային նշանների, ազդանշանների և պատկերանշանների, ինչպես նաև ճանապարհային գծանշումների համակարգը և ներդնել այն հնարավորինս կարճ ժամկետներում,
• ՀՀ տարածքում Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից ոչ ուշ, քան չորս տարի հետո փոխարինել կամ լրացնել ցանկացած նշան, պատկերանշան, սարք կամ գծանշում, որը, Կոնվենցիայով սահմանված համակարգին պատկանող նշանի, պատկերանշանի, սարքի կամ գծանշման հատկանիշներ ունենալով հանդերձ, կիրառվում է ոչ այն իմաստով, որը նախատեսված է Կոնվենցիայով,
• ՀՀ տարածքում Կոնվենցիան ուժի մեջ մտնելու օրվանից տասնհինգ տարվա ընթացքում փոխարինել ցանկացած նշան, պատկերանշան, սարք կամ գծանշում, որը չի համապատասխանում Կոնվենցիայով սահմանված համակարգին,
• միջոցներ ձեռնարկել` արգելելու համար, որպեսզի նշանի, դրա հենասյան կամ ճանապարհային երթևեկությունը կարգավորող որևէ այլ հարմարանքի վրա տեղադրվի այդ նշանի կամ հարմարանքի օգտագործման նշանակության հետ առնչություն չունեցող որևէ բան. այնուամենայնիվ, եթե Հայաստանի Հանրապետությունը կամ ՀՀ տարածքային ենթակառուցվածքները շահույթ ստանալու նպատակ չհետապնդող որևէ միավորման իրավասություն են տալիս տեղակայելու տեղեկատվության նշաններ, ապա թույլատրել այդ միավորումներին այդ նշանի կամ դրա հենասյան վրա դնել իրենց խորհրդանիշը՝ պայմանով, որ այն չի դժվարացնի նշանի ընկալումը,
• միջոցներ ձեռնարկել` արգելելու համար, որպեսզի տեղակայվի որևէ ցուցատախտակ, ազդագիր, գծանշում կատարվի կամ հարմարանք տեղադրվի, որը հնարավոր է շփոթել նշանների կամ ճանապարհային երթևեկությունը կարգավորող այլ հարմարանքների հետ, կարող է նվազեցնել դրանց տեսանելիությունը կամ արդյունավետությունը, կամ շեղել ճանապարհային երթևեկության մասնակիցների ուշադրությունը՝ վտանգելով երթևեկությունը,
• եթե Կոնվենցիան հնարավորություն է տալիս ընտրություն կատարել մի քանի նշանների կամ մի քանի պատկերանշանների միջև, ապա ՀՀ ամբողջ տարածքի համար ընդունել այդ նշաններից կամ պատկերանշաններից միայն մեկը՝ փորձելով ձեռք բերել ընտրված տարբերակի վերաբերյալ տարածաշրջանային մակարդակով պայմանավորվածություններ,
• եթե Հայաստանի Հանրապետությունը ցանկանում է Կոնվենցիայի համաձայն ներդնել Կոնվենցիայով չնախատեսված որևէ նշան կամ պատկերանշան, ապա փորձել տարածաշրջանային մակարդակով համաձայնություն ձեռք բերել այդ նոր նշանի կամ պատկերանշանի վերաբերյալ:
5. ՀՀ սահմանադրական դատարանն արձանագրում է նաև, որ Կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները համահունչ են ՀՀ Սահմանադրության 13-րդ հոդվածով ամրագրված՝ միջազգային իրավունքի հիման վրա բոլոր պետությունների հետ բարիդրացիական, փոխշահավետ հարաբերությունների հաստատմանն ուղղված՝ Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության իրականացման նպատակներին:
Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի առաջին և չորրորդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.
1. 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննայում ստորագրված՝ Ճանապարհային նշանների և ազդանշանների մասին կոնվենցիայում (կից առարկությամբ) ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:
2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
Նախագահող |
Գ. Հարությունյան |
21 նոյեմբերի 2017 թվականի ՍԴՈ-1390 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|