Գլխավոր տեղեկություն
Համար
ՍԴՈ-1392
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (23.11.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.12.01/72(1347).1 Հոդ.1208.4
Ընդունող մարմին
ՀՀ Սահմանադրական դատարան
Ընդունման ամսաթիվ
23.11.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
23.11.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.11.2017

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
 
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
 
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

Քաղ. Երևան

23 նոյեմբերի 2017 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ` «ՀԱՆՐԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՇՈՒԿԱՆԵՐԻ ԾՐԱԳԻՐ. ԵՆԹԱԾՐԱԳԻՐ 1» (ԸՆԹԱՑԻԿ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ) ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԱՄՐԱԳՐՎԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԸ ՈՐՈՇԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾՈՎ

 

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը՝ կազմով. Գ. Հարությունյանի (նախագահող), Կ. Բալայանի, Ա. Գյուլումյանի, Ֆ. Թոխյանի, Ա. Թունյանի, Ա. Խաչատրյանի, Վ. Հովհաննիսյանի, Հ. Նազարյանի, Ա. Պետրոսյանի (զեկուցող),

մասնակցությամբ (գրավոր ընթացակարգի շրջանակներում)՝ Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցիչ` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալ Ա. Հայրապետյանի,

համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետի, 101-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25, 38 և 72-րդ հոդվածների,

դռնբաց նիստում գրավոր ընթացակարգով քննեց «Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ստորագրված՝ «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։

Գործի քննության առիթ է հանդիսացել Հանրապետության Նախագահի՝ 2017 թվականի նոյեմբերի 17-ին Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարան մուտքագրված դիմումը։

Ուսումնասիրելով սույն գործով զեկուցողի գրավոր հաղորդումը, Հանրապետության Նախագահի պաշտոնական ներկայացուցչի գրավոր բացատրությունը, հետազոտելով վարկային համաձայնագիրը և գործում առկա մյուս փաստաթղթերը, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը պարզեց.

 

1. «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագիրը (Վարկային համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև ստորագրվել է 2017 թվականի հոկտեմբերի 27-ին:

 

2. Ասիական զարգացման բանկը (Բանկ) Հայաստանի Հանրապետությանը (Վարկառու) Վարկային համաձայնագրով սահմանված կարգով տրամադրում է քառասուն միլիոն (40,000,000) ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ (Վարկ)՝ Վարկային համաձայնագրով նախատեսված ծրագրի (Ծրագիր) իրականացման համար:

Ծրագրի գլխավոր նպատակն է Վարկառուի ֆինանսական շուկաների հնարավորության ավելացումը:

Ծրագիրը բաղկացած է երկու ենթածրագրից: Վարկային համաձայնագիրը վերաբերում է առաջին ենթածրագրին:

Ծրագիրը, մասնավորապես, ներառում է՝

ա) Վարկառուի պետական պարտքի և ֆիսկալ ռիսկի կառավարման հզորացումը,

բ) պետական արժեթղթերի և փողի շուկայի ենթակառուցվածքի ամրապնդումը,

գ) ֆինանսական գործիքների բազայի ընդլայնումը և հաշվապահական ստանդարտների ու աուդիտի պահանջների բարեփոխումների միջոցով կորպորատիվ թափանցիկության բարձրացումը:

Ծրագիրն իրականացնող մարմինը և Ծրագրի ընդհանուր իրականացման պատասխանատուն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունն է:

Ծրագրի շրջանակներում իրենց համապատասխան բաղադրիչներն իրականացնող մարմիններն են՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը:

Վարկն ունի մայր գումարի մարման 12 տարի ժամկետ, ինչպես նաև Վարկային համաձայնագրով նախատեսված կարգով և ժամկետներում Վարկի արտոնյալ ժամանակահատված:

 

3. Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությունը, մասնավորապես, ստանձնում է հետևյալ պարտավորությունները.

ա) տարեկան կտրվածքով վճարել 0.15 տոկոսի չափով պարտավճար,

բ) Վարկի տոկոսագումարը և այլ վճարները կատարել կիսամյակային կտրվածքով՝ յուրաքանչյուր տարվա մայիսի 15-ին և նոյեմբերի 15-ին,

գ) կատարել կամ նպաստել, որ կատարվեն Վարկային համաձայնագրի 4-րդ հավելվածում սահմանված բոլոր պարտավորությունները,

դ) Բանկին տրամադրել կամ ապահովել, որ տրամադրվեն բոլոր այն հաշվետվությունները և տեղեկությունները, որոնք Ծրագրի իրականացման համար Բանկի կողմից ողջամտորեն կպահանջվեն,

ե) Վարկի մայր գումարի մարումը և Վարկի մայր գումարի տոկոսները վճարել Վարկային համաձայնագրի 2-րդ հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում,

զ) վարկային հաշվից առհանում կատարել Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո,

է) վարկային միջոցների որևէ առհանում չկատարել Վարկային համաձայնագրի 3-րդ հավելվածում նշված չթույլատրվող ծախսերի համար, մասնավորապես, ծախսեր՝

- այնպիսի ապրանքների համար, որոնք ներառված են ՄԱԿ-ի Ստանդարտ միջազգային առևտրի դասակարգման 3-րդ փոփոխության Վարկային համաձայնագրի 3-րդ հավելվածում նշված խմբերում և ենթախմբերում.

- Վարկառուի արժույթով կամ այնպիսի ապրանքների համար, որոնք մատակարարվում են Վարկառուի տարածքից.

- այնպիսի ապրանքների համար, որոնք մատակարարվում են այնպիսի պայմանագրի շրջանակներում, որը ֆինանսավորելու է կամ համաձայնել է ֆինանսավորել որևէ տեղական կամ միջազգային ֆինանսավորող հաստատություն կամ գործակալություն, ներառյալ Բանկից ստացված որևէ վարկի կամ դրամաշնորհի շրջանակներում ֆինանսավորվող ցանկացած պայմանագիր.

- այնպիսի ապրանքների համար, որոնք նախատեսված են ռազմական կամ ռազմական նպատակների համար կամ որպես պերճանքի առարկաներ օգտագործելու համար.

- թմրանյութերի համար.

- շրջակա միջավայրի համար վտանգավոր ապրանքների համար, որոնց արտադրությունը, օգտագործումը կամ ներկրումն արգելված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային այնպիսի համաձայնագրերով, որոնց կողմ է հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը.

- որոնք կատարվել են որևէ վճարի հաշվին, որն արգելված է Հայաստանի Հանրապետության կողմից՝ համաձայն ՄԱԿ-ի կանոնադրության VII գլխի շրջանակներում ընդունված՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշման,

ը) տեղեկացնել Բանկին օգնություն տրամադրող բազմակողմ և երկկողմ այլ կազմակերպությունների հետ քաղաքականության վերաբերյալ այնպիսի քննարկումների մասին, որոնք կարող են ազդեցություն ունենալ Ծրագրի իրականացման վրա,

թ) ընդունել, որ Բանկն իրեն իրավունք է վերապահում ուղղակիորեն կամ իր գործակալների միջոցով հետաքննելու Ծրագրին առնչվող ցանկացած ենթադրյալ՝ կոռուպցիոն, խարդախ, դավադիր կամ հարկադրանք պարունակող գործելակերպը, և համագործակցել այդպիսի ցանկացած հետաքննության մասով և տրամադրել նման հետաքննության բավարար կատարման համար անհրաժեշտ աջակցություն,

ժ) ապահովել, որպեսզի Ծրագիրն իրականացնող մարմինները կատարեն պարբերական վերանայումներ` գնահատելու համար Ծրագրի իրականացման կազմակերպումը, առաջընթացը, ձեռքբերումները և ազդեցությունները և ապահովել, որպեսզի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունը պատասխանատու լինի Ծրագրի մշտադիտարկման բոլոր տվյալները վարելու և արդյունքները գնահատելու համար, ինչպես նաև ժամանակին տրամադրել համապատասխան՝ մակրոտնտեսական և ֆինանսական տվյալներ և առնչվող տվյալներ՝ այնպիսի մանրամասնությամբ, որը Բանկի կողմից ողջամտորեն կպահանջվի:

 

4. Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանը տրամադրվում է բյուջետային վարկ և դրա հետ կապված Վարկային համաձայնագրով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնվող միջազգային պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողությունը կապահովվի բյուջետային վերահսկողության ընդհանուր կարգի շրջանակներում:

 

Ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 100-րդ հոդվածի 2-րդ կետով, 102-րդ հոդվածի 1-ին և 4-րդ մասերով, «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 63, 64 և 72-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը որոշեց.

 

1. Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև 2017 թվականի հոկտեմբերի 27-ին ստորագրված՝ «Հանրային արդյունավետության և ֆինանսական շուկաների ծրագիր. ենթածրագիր 1» (ընթացիկ գործառնություններ) վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը:

 

2. Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 102-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 

Նախագահող

Գ. Հարությունյան

 

23 նոյեմբերի 2017 թվականի

ՍԴՈ-1392