Գլխավոր տեղեկություն
Համար
N 428-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (25.12.2017-31.10.2019)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2015.05.06/26(1115) Հոդ.352
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.04.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.05.2015
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 ապրիլի 2015 թվականի N 428-Ն

 

ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածի 5-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել փորձաքննական եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու կարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. ապրիլի 27

Երևան

 

 

 Հավելված

 ՀՀ կառավարության 2015 թվականի

ապրիլի 22-ի N 428-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով կարգավորում են լիազորված մարմնի կողմից տրված շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական եզրակացությունները (այսուհետ` եզրակացություն) ուժը կորցրած ճանաչելու ժամկետների և կարգի գործընթացի հետ կապված հարաբերությունները:

2. «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 21-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերում սահմանված դեպքերում փորձաքննական կենտրոնը՝ լիազոր մարմնի հանձնարարականով, ձեռնարկողին ծանուցում է համապատասխան պահանջների և դրանց իրականացման ժամկետների, ինչպես նաև նշված պահանջները սահմանված ժամկետում չկատարելու դեպքում եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու անհրաժեշտության և դրանց հիմնավորումների վերաբերյալ:

3. Ծանուցման մեջ նշվում են եզրակացության ուժը կորցրած ճանաչելու կամ գործունեության դադարեցման պայմանների կամ առաջադրվող նոր պայմանների մասին օրենքով սահմանված հիմքերը, դրանց իրականացման ժամկետները, որը չի կարող ավել լինել, քան 60 աշխատանքային օրը:

4. Սահմանված ժամկետում պայմանները և պահանջները չկատարելու դեպքում լիազոր մարմինն ուժը կորցրած է ճանաչում իր տված փորձաքննական եզրակացությունը` սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով:

5. Փորձաքննական կենտրոնը եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ զեկուցագիրը` համապատասխան հիմնավորումներով, ներկայացնում է լիազոր մարմին, որը 10 աշխատանքային օրվա ընթացքում ուժը կորցրած է ճանաչում եզրակացությունը, դրա մասին փորձաքննական կենտրոնը` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, գրավոր ծանուցում է ձեռնարկողին, ազդակիր համայնքին:

 

II. ՓՈՐՁԱՔՆՆԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ

 

6. Եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված դեպքերում:

7. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված դեպքերում ազդակիր համայնքը կամ հանրությունը դրա մասին գրավոր կարող են տեղեկացնել լիազոր մարմնին, որն ստուգումներ իրականացնելու հանձնարարական է տալիս Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին (այսուհետ` տեսչական մարմին):

(7-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

8. Տեսչական մարմինը, ստուգման ընթացքում օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 1-3-րդ կետերով նախատեսված խախտումներ հայտնաբերելու դեպքում, խախտումները վերացնելու հանձնարարական է տալիս ստուգվող սուբյեկտին` դրանում նշելով խախտումները վերացնելու ժամկետը և խախտումները չվերացնելու դեպքում լիազոր մարմնի` եզրակացությունն ուժը կորցրած ճանաչելու իրավասությունը:

(8-րդ կետը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված հանձնարարականի ժամկետում խախտումները չվերացվելու դեպքում լիազոր մարմինն ուժը կորցրած է ճանաչում եզրակացությունը:

10. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով կամ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով սահմանված դեպքերում համապատասխան իրավական ակտն ուժի մեջ մտնելու կամ էկոլոգիական նոր գործոններն ի հայտ գալուց հետո եռամսյա ժամկետում փորձաքննական կենտրոնը վերլուծում է լիազոր մարմնի կողմից տրված եզրակացությունները:

11. Եթե վերլուծության արդյունքում պարզվում է, որ օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ և 5-րդ կետերում նշված պայմաններում գործունեության շարունակման դեպքում շրջակա միջավայրին կարող է հասցվել զգալի վնաս, ըստ սահմանված թույլատրելի նորմաների, եզրակացությունը սույն կարգի 5-րդ կետով սահմանված կարգով ուժը կորցրած է ճանաչվում:

12. Եթե վերլուծության արդյունքում պարզվում է, որ շրջակա միջավայրի պահպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է գործունեությունում կատարել ամբողջական կամ մասնակի փոփոխություններ, իրականացնել առանձին միջոցառումներ կամ ձեռնարկումներ, ապա փորձաքննական կենտրոնը դրա մասին գրավոր հիմնավորումներով տեղեկացնում է ձեռնարկողին:

13. Փորձաքննական կենտրոնի պահանջներին համապատասխան՝ ձեռնարկողը փաստաթղթերում պարտավոր է կատարել ամբողջական կամ մասնակի փոփոխություններ, նախատեսել առանձին միջոցառումներ կամ պահանջվող այլ ձեռնարկումներ և եռամսյա ժամկետում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատմանը վերաբերող լրամշակված փաստաթղթերը համապատասխան փոփոխություններով ներկայացնել լիազորված մարմին: Չներկայացնելու դեպքում եզրակացությունն ուժը կորցրած է ճանաչվում:

14. Լրամշակված փաստաթղթերի հիման վրա լիազոր մարմինն ընդունում է համապատասխան որոշում` տվյալ գործունեության շրջակա միջավայրին վերաբերող գործընթացների հետագա կարգավորման վերաբերյալ և դրա մասին հինգ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում ձեռնարկողին:

15. Եթե նախատեսվող գործունեության իրականացումն օրենքի 20-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն չի սկսվում փորձաքննական եզրակացությունը տալուց հետո մեկ տարվա ընթացքում, ապա եզրակացությունը կորցնում է ուժը, և պահանջվում է նոր փորձաքննական եզրակացություն:

(հավելվածը փոփ. 30.11.17 N 1588-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
02.05.2024, N 643-Ն 04.05.2024, N 428-Ն
10.10.2019, N 1442-Ն 31.10.2019, N 428-Ն
30.11.2017, N 1588-Ն 25.12.2017, N 428-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան