Գլխավոր տեղեկություն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Base act (30.06.2017-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.11.03/65(1340).1 Հոդ.1071.55
Ընդունող մարմին
Վճռաբեկ դատարան
Ընդունման ամսաթիվ
30.06.2017
Ստորագրող մարմին
Նախագահող
Ստորագրման ամսաթիվ
30.06.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

1-81/2005

Զ-139/06

ՎՔԲ-195/06

Զ-510/06

 

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան)

 

 

նախագահությամբ

Ս. ԱՎԵՏԻՍյանի

 

մասնակցությամբ դատավորներ

ա. պողոսՅԱՆԻ

   

ե. դԱՆԻԵԼյանի

   

Լ. Թադևոսյանի

   

Ս. Օհանյանի

   

 

  քարտուղարությամբ

Մ. ԱվագՅԱՆԻ

     
  մասնակցությամբ տուժողի իրավահաջորդ

Հ. Մուրադյանի

  դատախազ

Լ. Պետրոսյանի

2017 թվականի հունիսի 30-ին ք.Երևանում

 

դռնբաց դատական նիստում, քննության առնելով ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի օգոստոսի 4-ի որոշման դեմ տուժողի իրավահաջորդ Հրաչյա Մուրադյանի ու նրա ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքի հիման վրա նոր հանգամանքի հիմքով հարուցված վարույթով գործը,

 

Պ Ա Ր Զ Ե Ց

 

Գործի դատավարական նախապատմությունը.

1. Զինծառայող Սուրեն Հրաչյայի Մուրադյանի մահվան փաստի առթիվ 2002 թվականի օգոստոսի 6-ին Հադրութի կայազորի զինվորական դատախազությունում 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է թիվ 91204602 քրեական գործը:

2002 թվականի սեպտեմբերի 2-ին Հրաչյա Մուրադյանը ճանաչվել է տուժողի իրավահաջորդ:

Նախաքննության մարմնի` 2002 թվականի սեպտեմբերի 13-ի որոշումներով Դավիթ Հարությունյանը և Վահե Գրիգորյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածով:

Նախաքննության մարմնի` 2002 թվականի նոյեմբերի 4-ի որոշմամբ Վ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան մեղադրանք է առաջադրվել 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածով և 232-րդ հոդվածի 1-ին մասով:

Նույն թվականի նոյեմբերի 5-ի որոշմամբ Դ.Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, լրացվել, և նրան մեղադրանք է առաջադրվել 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածով և 268-րդ հոդվածի «ա» կետով:

2. 2003 թվականի փետրվարի 4-ին թիվ 91204602 քրեական գործից անջատվել է Դ.Հարությունյանի և Վ.Գրիգորյանի վերաբերյալ մասը, անջատված մասին շնորհվել թիվ 91200703 համարը:

2003 թվականի փետրվարի 28-ին թիվ 91200703 քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան:

Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` 2003 թվականի մայիսի 5-ի դատավճռով Վ.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասով, 251-րդ հոդվածով և հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով:

Նույն դատավճռով Դ.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել 1961 թվականին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 251-րդ հոդվածով, 268-րդ հոդվածի «ա» կետով և հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման` 1 տարի ժամկետով:

3. ՀՀ զինվորական դատախազ Գ.Ջհանգիրյանի` 2004 թվականի հոկտեմբերի 19-ի որոշմամբ նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով հարուցվել է վարույթ:

4. Նախաքննության մարմնի` 2004 թվականի նոյեմբերի 17-ի, նույն թվականի նոյեմբերի 19-ի և 29-ի որոշումներով Իսկանդար Միսկարյանը, Սահակ Գասպարյանը և Արամ Համբարձումյանը ներգրավվել են որպես մեղադրյալներ, և նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով:

5. Քննության առնելով ՀՀ զինվորական դատախազ Գ.Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը` ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատը 2004 թվականի դեկտեմբերի 10-ին որոշում է կայացրել բողոքը բավարարելու, Վ.Գրիգորյանի վերաբերյալ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` 2003 թվականի մայիսի 5-ի դատավճիռը բեկանելու և գործը նոր նախաքննության ուղարկելու մասին:

Նախաքննության մարմնի` 2004 թվականի դեկտեմբերի 24-ի որոշմամբ թիվ 91200703 քրեական գործը միացվել է թիվ 91204602 քրեական գործին, և նախաքննությունը շարունակվել է թիվ 91204602 քրեական գործի համարի ներքո:

6. 2004 թվականի դեկտեմբերի 28-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Վ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու, և նրան ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք առաջադրելու մասին:

7. 2005 թվականի մարտի 25-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Ի.Միսկարյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին` նրա արարքում հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ:

Նույն թվականի մարտի 29-ին նախաքննության մարմինը որոշում է կայացրել Կոմիտաս Զարգարյանի և Արտակ Մախսուդյանի նկատմամբ քրեական գործ չհարուցելու և քրեական հետապնդում չիրականացնելու մասին` կապված իրադրության փոփոխման հետ:

Նախաքննության մարմնի` 2005 թվականի ապրիլի 14-ի որոշումներով Սահակ Գասպարյանին և Արամ Համբարձումյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրանց նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նույն օրվա մեկ այլ որոշմամբ Վ.Գրիգորյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:

8. 2005 թվականի ապրիլի 16-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարան (այսուհետ՝ նաև Առաջին ատյանի դատարան):

9. Առաջին ատյանի դատարանի` 2005 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռով Վ.Գրիգորյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և հանցանքների համակցությամբ դատապարտվել ազատազրկման` 5 տարի ժամկետով: Նույն դատավճռով Ա.Համբարձումյանը և Ս.Գասպարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով և նույն օրենսգրքի 64-րդ հոդվածի կիրառմամբ դատապարտվել տուգանքի` 200.000-ական ՀՀ դրամ գումարի չափով: Վճռվել է նաև որպես վնասի հատուցում Վ.Գրիգորյանից հօգուտ պետբյուջեի բռնագանձել 1.800 ԱՄՆ դոլար գումար, որպես տուժող Սուրեն Մուրադյանի հուղարկավորության և դատական ծախսեր Վ.Գրիգորյանից հօգուտ տուժողի իրավահաջորդ Հրաչյա Մուրադյանի բռնագանձել 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումար, իսկ Ա.Համբարձումյանից և Ս.Գասպարյանից` 200.000-ական ՀՀ դրամ գումար:

10. Տուժողի իրավահաջորդ Հ.Մուրադյանի, ամբաստանյալ Վ.Գրիգորյանի պաշտպան Վ.Աղասյանի և մեղադրող Գ.Ավետիսյանի վերաքննիչ բողոքների հիման վրա քննության առնելով քրեական գործը` ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանը (այսուհետ՝ նաև Վերաքննիչ դատարան) 2006 թվականի հունիսի 20-ին դատավճիռ է կայացրել տուժողի իրավահաջորդի բողոքը մասնակիորեն` ամբաստանյալներ Ա.Համբարձումյանի և Ս.Գասպարյանի նկատմամբ նշանակված պատժի մասով, ամբաստանյալ Վ.Գրիգորյանի պաշտպանի բողոքը մասնակիորեն` քաղաքացիական հայցի մասով, մեղադրողի բողոքը մասնակիորեն` քաղաքացիական հայցի և ամբաստանյալներ Ա.Համբարձումյանի ու Ս.Գասպարյանի մասով բավարարելու, իսկ մնացած մասերով ներկայացված բողոքներն առանց բավարարման թողնելու մասին: Ամբաստանյալներ Ա.Համբարձումյանը և Ս.Գասպարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` համապատասխանաբար 3 տարի 6 ամիս և 3 տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կարգով նրանց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել, և նշանակվել է փորձաշրջան: Վճռվել է նաև Վ.Գրիգորյանից, Ս.Գասպարյանից և Ա.Համբարձումյանից համապարտության կարգով հօգուտ պետբյուջեի բռնագանձել 1.800 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, իսկ հօգուտ տուժողի իրավահաջորդ Հ.Մուրադյանի` 1.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ` որպես տուժող Ս.Մուրադյանի հուղարկավորության և դատական ծախսեր:

11. Վերաքննիչ դատարանի` 2006 թվականի հունիսի 20-ի դատավճռի դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ամբաստանյալ Վ.Գրիգորյանը, մեղադրող Հ.Թադևոսյանը և տուժողի իրավահաջորդ Հ.Մուրադյանը:

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ մեղադրողի վճռաբեկ բողոքը բավարարվել է, ամբաստանյալներ Ա.Համբարձումյանի և Ս.Գասպարյանի նկատմամբ նշանակված պատիժների մասով Վերաքննիչ դատարանի` 2006 թվականի հունիսի 20-ի դատավճիռը` բեկանվել, և գործն ուղարկվել է նույն դատարան` այլ կազմով նոր քննության: Հիշյալ դատավճիռը մյուս մասով թողնվել է անփոփոխ, տուժողի իրավահաջորդ Հ.Մուրադյանի վճռաբեկ բողոքը` առանց բավարարման, իսկ ամբաստանյալ Վ.Գրիգորյանի վճռաբեկ բողոքը` առանց քննության:

12. Նոր քննության արդյունքում Վերաքննիչ դատարանը 2006 թվականի սեպտեմբերի 26-ին դատավճիռ է կայացրել մեղադրողի վերաքննիչ բողոքը բավարարելու մասին: Ամբաստանյալներ Ա.Համբարձումյանը և Ս.Գասպարյանը մեղավոր են ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով և դատապարտվել ազատազրկման` համապատասխանաբար 4 տարի և 3 տարի 6 ամիս ժամկետով: ՀՀ Ազգային Ժողովի` «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 15-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2006 թվականի հուլիսի 7-ի որոշման կիրառմամբ ամբաստանյալներն ազատվել են պատժից:

13. Հրաչյա Մուրադյանի գանգատի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (այսուհետ` նաև Եվրոպական դատարան) 2016 թվականի նոյեմբերի 24-ին Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով (գանգատ թիվ 11275/07) վճիռ է կայացրել, որով ճանաչել է դիմումատուի` «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով (այսուհետ` նաև Կոնվենցիա) երաշխավորված իրավունքների խախտման փաստը:

Որպես նոր հանգամանք վկայակոչելով Եվրոպական դատարանի վերոնշյալ վճիռը` տուժողի իրավահաջորդ Հ.Մուրադյանը և նրա ներկայացուցիչ Մ.Շուշանյանը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի օգոստոսի 4-ի որոշման վերանայման վարույթ հարուցելու վերաբերյալ բողոք են ներկայացրել:

Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի հունիսի 27-ի որոշմամբ նոր հանգամանքի հիմքով հարուցվել է ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի օգոստոսի 4-ի որոշման վերանայման վարույթ, և տուժողի իրավահաջորդ Հ.Մուրադյանի ու նրա ներկայացուցիչ Մ.Շուշանյանի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվել:

Դատավարության մասնակիցները վճռաբեկ բողոքի պատասխան չեն ներկայացրել:

 

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստերը.

14. Վ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ «(...) [Ն]ա, հանդիսանալով ՊԲ թիվ 59703 զորամասի ֆիզիկական պատրաստության ծառայության պետ, կոչումով լեյտենանտ, պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, ցանկանալով ցույց տալ իր անպատժելիությունն ու առավելությունը շարքային զինծառայողների հանդեպ, չարաշահել է պաշտոնեական դիրքը, անցել պաշտոնեական լիազորությունների սահմանը, որոնք անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջացրել:

Այսպես, 2002 թվականի հուլիսի 21-ին` ժամը 17-ի սահմաններում, ԼՂՀ Մարտունի քաղաքի փոստի մոտ շարքային Սուրեն Հրաչյայի Մուրադյանի ձեռքին տեսնելով իր եղբոր` Աշոտ Գրիգորյանի գողացված ժամացույցը, բռնել է նրա ձեռքից և հարցրել, թե նրան որտեղից այդ ժամացույցը, և երբ Ս.Մուրադյանը պատասխանել է, թե չի հիշում, թե ով է իրեն տվել այդ ժամացույցը, բարկացել է, հայհոյել, ուժեղ թափահարել նրա ձեռքը, որի ընթացքում հարվածել է Սուրեն Մուրադյանի ձախ թուլակողին` փայծաղի շրջանում, որի հետևանքով Ս.Մուրադյանի մոտ առաջացրել է փայծաղի ենթապատյանային պատռվածք, 2002 թվականի օգոստոսի 3-ին տեղափոխվել է Մեխակավանի հոսպիտալ և 2002 թվականի օգոստոսի 4-ին` ժամը 21:15-ի սահմաններում, մահացել:

Բացի այդ, 2002 թվականի նոյեմբերի 1-ին Վ.Գրիգորյանի բնակարանում կատարված խուզարկության ժամանակ հայտնաբերվել և առգրավվել է ապօրինի կերպով ձեռք բերված, ապօրինի կերպով պահվող, ռազմամթերք հանդիսացող 33 հատ 7,62 մմ և 9 հատ 5,45 մմ տրամաչափերի փամփուշտներ (...)»:

Ա.Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ «(...) [Ն]ա, հանդիսանալով ՊԲ թիվ 59703 զորամասի բուժծառայության պետ, կոչումով լեյտենանտ, պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է պաշտոնեական դիրքը, ցուցաբերել է հանցավոր անգործություն, որոնք անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջացրել.

Այսպես, 2002 թվականի հուլիսի 25-ին այցելել է ՊԲ թիվ 59703 զորամասի ժամկետային զինծառայող, հիվանդ Սուրեն Հրաչյայի Մուրադյանին, ճիշտ չի ախտորոշել նրա իրական հիվանդությունը, մի քանի «պառացետամոլի» հաբ է տվել, ամբուլատոր և ստացիոնար մատյանների մեջ ոչինչ չի գրանցել, որից հետո, երբ 2002 թվականի հուլիսի 27-ին Ա.Համբարձումյանին կրկին հրավիրել են հիվանդ Ս.Մուրադյանին օգնություն ցույց տալու, հրաժարվել է գնալ և օգնություն ցույց տալ:

Բացի այդ, 2002 թվականի հուլիսի 31-ին, առանց Ս.Մուրադյանին հոսպիտալ տեղափոխելու վերաբերյալ որևէ հրահանգ տալու, մեկնել է Երևան, որով և խախտվել է Պաշտպանության նախարարի` 2000 թվականի մայիսի 29-ի թիվ 586 հրամանը, և Ս.Մուրադյանը հոսպիտալ է տեղափոխվել նախատեսված 7 օրից ուշ` 2002 թվականի օգոստոսի 3-ին, որի հետևանքով հոսպիտալում ժամանակին և ճիշտ չեն ախտորոշվել նրա հիվանդությունները, և արդյունքում Ս.Մուրադյանը 2002 օգոստոսի 4-ին` ժամը 21:15-ին, մահացել է (...)»:

Ս.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ «(...) [Ն]ա, հանդիսանալով ՊԲ թիվ 59703 զորամասի բուժկետի պետ, կոչումով լեյտենանտ, պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել է իր պաշտոնեական դիրքը, ցուցաբերել է հանցավոր անգործություն, որոնք անզգուշությամբ ծանր հետևանքներ են առաջացրել:

Այսպես, 2002 թվականի հուլիսի 27-ից մինչև օգոստոսի 3-ը մի քանի անգամ այցելել է ՊԲ թիվ 59703 զորամասի ժամկետային զինծառայող, հիվանդ Սուրեն Հրաչյայի Մուրադյանին, ճիշտ չի ախտորոշել նրա իրական հիվանդությունները, չի ախտորոշել Ս.Մուրադյանի փայծաղի մեծացումը, նրա մոտ ախտորոշել է «սուր ռեսպիրատոր հիվանդություն», մի քանի «պարացետամոլի» հաբ է տվել և ջերմիջեցնող դեղ է ներարկել նրան, միջոցներ չի ձեռնարկել Ս.Մուրադյանին բազմակողմանի հետազոտելու ուղղությամբ, որի հետևանքով նրա առողջական վիճակը 2002 թվականի օգոստոսի 3-ին կտրուկ վատացել է, նրան տեղափոխել է Մեխակավանի զինվորական հոսպիտալ, որտեղ, սակայն, Ս.Մուրադյանը 2002 օգոստոսի 4-ին մահացել է (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 9-րդ, թերթեր 211-233):

15. Առաջին ատյանի դատարանի` 2005 թվականի դեկտեմբերի 21-ի դատավճռի համաձայն` «(...) [Ա]մբաստանյալ Վահե Անդրանիկի Գրիգորյանին մեղսագրվող հանցանքները հիմնավորված են և համապատասխանում են ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ և 235-րդ հոդվածի 1-ին մասերին, իսկ ամբաստանյալներ Արամ Զավենի Համբարձումյանին և Սահակ Ռաֆիկի Գասպարյանին առաջադրված մեղադրանքը ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասից պետք է վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասի, քանի որ նրանց կատարած արարքը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածության կամ խմբակային շահերից ելնելով այլ նպատակներ չեն հետապնդել (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 172-176):

16. Վերաքննիչ դատարանի` 2006 թվականի հունիսի 20-ի դատավճռի համաձայն` «(...) Սույն քրեական գործով հետաքննության կամ նախաքննության մարմնի կողմից թույլ չեն տրվել քրեադատավարական օրենքի էական խախտումներ, որոնք չեն կարող վերացվել դատական քննության ընթացքում:

(...) Սույն քրեական գործի` առաջին ատյանի դատարանի դատական քննության ժամանակ թույլ չեն տրվել քրեադատավարական օրենքի (...) էական խախտումներ:

(...) Հաշվի առնելով (...) շարադրված պատճառաբանությունները, ինչպես նաև այն հանգամանքը, որ վկաներ Հ.Ղուկասյանը և Կ.Բաբայանը որպես իրենց` վերաքննիչ դատարանում հաղորդած տվյալների ստացման աղբյուր նշում են հանգուցյալ Սուրեն Մուրադյանին, վերաքննիչ դատարանը հանգում է այն հետևության, որ դրանք չեն կարող բավարար հիմք հանդիսանալ քրեական գործը (...) լրացուցիչ նախաքննության վերադարձնելու կամ Դավիթ Հարությունյանի և Կոմիտաս Զարգարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու` համապատասխան միջնորդություն ներկայացնելու համար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 325-336):

17. ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի օգոստոսի 4-ի որոշման համաձայն` «(...) Վերաքննիչ դատարանը գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտմամբ Վահե Գրիգորյանի, Արամ Համբարձումյանի և Սահակ Գասպարյանի գործողություններին տվել է ճիշտ իրավական գնահատական: Հետևաբար արարքների վերաորակման առումով դատավճիռը բեկանելու և քրեական գործը նոր նախաքննության ուղարկելու հիմքեր չկան, ամբաստանյալներին մեղսագրված արարքներն իրավաբանորեն ճիշտ են որակված, այդ առումով վերաքննիչ դատարանի դատավճիռն օրինական է, հիմնավորված և պատճառաբանված: Ինչ վերաբերում է տուժողի իրավահաջորդի այն փաստարկին, որ ոչ մի թենիս չի խաղացվել, և ժամացույցներ չեն եղել, ապա այդ պնդումներն անհիմն են, իսկ թենիս խաղալու և ժամացույցների առկայության հանգամանքները հաստատված են գործով ձեռք բերված ապացույցներով: (...) Վերաքննիչ դատարանն անդրադարձել է նաև տուժողի իրավահաջորդի այն պնդումներին, որ համաձայն վկաներ Հ.Ղուկասյանի և Կ.Բաբայանի` վերաքննիչ դատարանում տված ցուցմունքների` Ս.Մուրադյանին ծեծի են ենթարկել «գնդի հրամանատարի ժ.պ. Կ.Զարգարյանը, ֆիզ. ղեկ Վ.Գրիգորյանը, հրետանու պետ Դ.Հարությունյանը»: Հաշվի առնելով, որ վկաներ Հ.Ղուկասյանը և Կ.Բաբայանը նախաքննության ընթացքում բազմիցս հարցաքննվել են և երբևիցե ցուցմունք չեն տվել սպաների կողմից տուժողին ծեծի ենթարկելու մասին, ինչպես նաև այն, որ նշված վկաները որպես հաղորդած տվյալների ստացման աղբյուր նշել են հանգուցյալ Ս.Մուրադյանին, վերաքննիչ դատարանը հանգել է այն հետևության, որ դրանք չեն կարող բավարար հիմք հանդիսանալ քրեական գործը լրացուցիչ նախաքննության վերադարձնելու կամ Դավիթ Հարությունյանի և Կոմիտաս Զարգարյանի նկատմամբ քրեական գործ հարուցելու միջնորդություն ներկայացնելու համար (...)» (տե՛ս քրեական գործ, հատոր 10-րդ, թերթեր 379-382):

 

Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները և պահանջը.

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

18. Բողոք բերած անձանց պնդմամբ՝ Եվրոպական դատարանի դատական ակտում արտահայտված իրավական դիրքորոշումները հիմք են ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի օգոստոսի 4-ի որոշումը վերանայելու և ստորադաս դատարանների դատական ակտերը բեկանելու համար:

Մասնավորապես, բողոքի հեղինակները, մեջբերելով Եվրոպական դատարանի` Մուրադյանն ընդդեմ Հայաստանի վճռի հիմնավորումները, նշել են, որ տուժողի իրավահաջորդ Հ.Մուրադյանի դիմումի կապակցությամբ հիշյալ դատարանն արձանագրել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում` կապված տուժող Ս.Մուրադյանի մահվան հանգամանքների ոչ արդյունավետ քննության հետ: Բացի այդ, Եվրոպական դատարանը մատնանշել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական խախտում` արձանագրելով, որ պետությունը տուժողի կյանքի համար վտանգավոր վնասվածքի վերաբերյալ համոզիչ և բավարար բացատրություն չի ներկայացրել: Այլ խոսքով` ըստ բողոքի հեղինակների՝ Եվրոպական դատարանը փաստել է, որ իշխանությունները չեն կատարել Ս.Մուրադյանի` իրենց խնամքի տակ գտնվելու ժամանակահատվածում տեղի ունեցած մահվան դեպքի վերաբերյալ արժանահավատ բացատրություն տրամադրելու պարտավորությունը:

19. Վերոշարադրյալի հիման վրա բողոք բերած անձինք խնդրել են վերանայել ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի օգոստոսի 4-ի որոշումը, բեկանել Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` 2005 թվականի դեկտեմբերի 21-ի, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2006 թվականի հունիսի 20-ի, նույն դատարանի` 2006 թվականի սեպտեմբերի 26-ի դատավճիռները և գործն ուղարկել ստորադաս դատարան` նոր քննության:

 

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

20. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված առաջին իրավական հարցը հետևյալն է. Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային և նյութաիրավական խախտումների արձանագրման փաստն արդյոք ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի օգոստոսի 4-ի որոշումը վերանայելու հիմք է:

21. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.1-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերանայման ենթակա է միայն օրինական ուժի մեջ մտած դատական ակտը:

2. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով առաջին ատյանի դատարանի դատական ակտը վերանայում է վերաքննիչ դատարանը, իսկ վերաքննիչ և վճռաբեկ դատարանների դատական ակտերը` վճռաբեկ դատարանը»:

Նույն օրենսգրքի 426.4-րդ հոդվածի համաձայն`

«1. Նոր հանգամանքների հետևանքով դատական ակտերը վերանայվում են հետևյալ դեպքերում.

(…)

2) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը.

(…):

2. Սույն հոդվածի առաջին մասի (…) 2-րդ կետ[ով] նախատեսված նոր հանգամանք[ը] հաստատված [է] համարվում (…) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող տվյալ միջազգային դատարանի որոշմամբ դր[ա] ուժի մեջ մտնելու պահից:

(…)»:

Մեջբերված նորմերի բովանդակությունից բխում է, որ նոր հանգամանքով դատական ակտերի վերանայման հիմք է նաև Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի, այդ թվում` Եվրոպական դատարանի ուժի մեջ մտած վճիռը, որով հաստատվել է անձի` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը (տե՛ս, mutatis mutandis, Գրիշա Վիրաբյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2013 թվականի նոյեմբերի 28-ի թիվ ՎԲ-05/13, Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13, Բագրատ, Արևիկ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-06/15, Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15, Արայիկ Զալյանի գործով Վճռաբեկ դատարանի` 2017 թվականի ապրիլի 12-ի թիվ ՎԲ-02/16 որոշումները):

22. Այսպես` Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանն արձանագրել է, որ դիմումատու Հ.Մուրադյանի որդուն` Ս.Մուրադյանին պատճառված` կյանքի համար վտանգավոր վնասվածքի և այդ փաստով իրականացված քննության մասով տեղի են ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական և ընթացակարգային խախտումներ:

22.1. Մասնավորապես՝ Եվրոպական դատարանը քննարկվող գործի շրջանակներում վերահաստատել է Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման դեպքում արդյունավետ քննություն իրականացնելու պետության պարտավորության մասին իր նախադեպային իրավունքի շրջանակներում արտահայտված իրավական դիրքորոշումները` փաստելով. «(…) 2-րդ հոդվածը, որով պաշտպանվում է կյանքի իրավունքը, Կոնվենցիայի ամենահիմնարար դրույթներից մեկն է (...), մի այնպիսի դրույթ, որից խաղաղ պայմաններում, 15-րդ հոդվածի համաձայն, շեղում կատարել չի թույլատրվում: 3-րդ հոդվածի հետ միասին այն նաև սահմանում է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարական հասարակությունների հիմնարար արժեքներից մեկը: Կոնվենցիայի` որպես անհատի պաշտպանության փաստաթղթի խնդիրներից և նպատակից ելնելով` անհրաժեշտ է 2-րդ հոդվածը մեկնաբանել և կիրառել այնպես, որ դրանով սահմանված երաշխիքները լինեն գործուն ու արդյունավետ: 2-րդ հոդվածի 1-ին կետով պետության համար սահմանվում է ոչ միայն անձին դիտավորությամբ և ապօրինաբար կյանքից զրկելու արգելք, այլև` անձանց կյանքը պաշտպանելու նպատակով իր իրավազորության շրջանակներում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու պարտավորություն (…):

(…) [Եվրոպական դատարանն] արգելանքի տակ գտնվող անձանց առնչությամբ նախկինում նշել է, որ այդ անձինք գտնվում են խոցելի իրավիճակում, և որ իշխանություններն ունեն նրանց պաշտպանելու պարտավորություն: Պետությունը պարտավոր է արժանահավատ բացատրություն ներկայացնել արգելանքի տակ պահելու ընթացքում առաջացած վնասվածքների կամ վրա հասած մահվան վերաբերյալ, հակառակ դեպքում անխուսափելիորեն ի հայտ է գալիս Կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածների ներքո պատասխանատվության հարց: (…) Ինչպես արգելանքի տակ գտնվող անձանց դեպքում, զորակոչիկները նույնպես գտնվում են պետության ձեռքերում, և բացառապես իշխանություններն են ամբողջությամբ կամ մեծ մասամբ տեղյակ բանակում տեղի ունեցող դեպքերից: Այդ պատճառով պետությունը նաև պարտավոր է ներկայացնել բավարար և համոզիչ բացատրություն բանակում առաջացած վնասվածքների կամ վրա հասած մահվան վերաբերյալ:

(…) [Եվրոպական դատարանը] նշում է, որ կյանքի իրավունքը պաշտպանելու, ինչպես նաև դրանից զրկվելու դեպքի վերաբերյալ պատշաճ տեղեկություններ ներկայացնելու պարտավորության համար անուղղակիորեն պահանջվում է որոշակի արդյունավետ պաշտոնական քննության իրականացում, եթե հիմք կա կարծելու, որ անձին կասկածելի հանգամանքներում հասցվել են կյանքին սպառնացող վնասվածքներ, նույնիսկ այն դեպքում, երբ մահ առաջացրած ոտնձգությունը կատարելու մեջ կասկածվող անձը պետական պաշտոնյա չէ: (…) Որպեսզի քննությունն արդյունավետ համարվի, այն նախ պետք է լինի պատշաճ, այսինքն` հնարավորություն տա պարզելու փաստական հանգամանքները և անհրաժեշտության դեպքում ի հայտ բերելու ու պատժելու մեղավորներին:

(…) Արդյունավետ քննություն իրականացնելու պարտավորությունը ոչ թե արդյունքի, այլ միջոցի պարտավորություն է. իշխանությունները պետք է ձեռնարկեն հնարավոր բոլոր ողջամիտ միջոցները` ապահովելու համար տվյալ դեպքի վերաբերյալ ապացույցները` ներառյալ, iոter alia, վկաների հարցաքննությունը, փորձաքննությունները և, անհրաժեշտության դեպքում, որի միջոցով հնարավոր է ամբողջական և ճշգրտորեն կերպով արձանագրել վնասվածքը և իրականացնել կլինիկական տվյալների, այդ թվում` մահվան պատճառի օբյեկտիվ վերլուծություն: (…) Քննության արդյունավետությունը, սակայն, չի կարող միայն գնահատվել կազմված արձանագրությունների, հարցաքննված վկաների կամ կատարված այլ քննչական գործողությունների թվով: (…) Քննության արդյունքները պետք է հիմնված լինեն համապատասխան բոլոր տարրերի բազմակողմանի, օբյեկտիվ և անկողմնակալ վերլուծության վրա: Քննության համար ակնհայտորեն անհրաժեշտ միջոցները պատշաճորեն չձեռնարկելը վճռորոշ կերպով խոչընդոտում է գործի փաստական հանգամանքները պարզելու և, անհրաժեշտության դեպքում, մեղավորներին ի հայտ բերելու` քննության հնարավորությունը և անխուսափելիորեն հանգեցնում է արդյունավետության պահանջվող չափանիշին չհամապատասխանելուն:

(…) Քննության` բավականաչափ արդյունավետ լինելու հարցը պետք է քննվի համապատասխան բոլոր փաստերի հիման վրա, ինչպես նաև` հաշվի առնելով քննչական աշխատանքի գործնական հանգամանքները: Քննության արդյունավետության նվազագույն շեմը բավարարելու համար հետազոտության բնույթը և աստիճանը կախված է տվյալ գործի հանգամանքներից: (…) Եվ ի վերջո, պետք է նշել, որ այս պահանջները տարածվում են ոչ միայն նախնական քննության փուլի, այլև դատական քննության փուլի վրա, որը պետք է նաև բավարարի 2-րդ հոդվածով սահմանված պահանջները (…)» (տե՛ս Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 132-136-րդ կետերը):

22.2. Վերոգրյալ դրույթները կիրառելով քննարկվող գործի փաստական տվյալների նկատմամբ` Եվրոպական դատարանն ընդգծել է. «(…) Պետության կողմից Սուրեն Մուրադյանի մահվան վերաբերյալ տեղեկություններ ներկայացնելու պարտավորությունը բավարար չափով կատարված լինելու հարցը լուծելու համար [Եվրոպական դատարանն] առաջին հերթին պետք է ուսումնասիրի իշխանությունների կողմից կատարված քննությունը և դրա արդյունքները: Այս առումով [Եվրոպական դատարանը] նշում է, որ կողմերը չեն վիճարկում այն հանգամանքը, որ Ս.Մուրադյանը մահացել է նրա փայծաղին հասցված հարվածի հետևանքով, որը սկզբում առաջացրել է փայծաղի ենթապատյանային պատռվածք, իսկ ավելի ուշ` լրիվ պատռվածք և սուր արյունահոսություն: Պարզվել է, որ բժշկական անփութությունը ևս կարող էր նպաստել վերջինիս մահվանը: Ինչ վերաբերում է մահացու վնասվածքին, ապա իշխանություններն իրականացրել են այս հանգամանքի պաշտոնական քննություն և հանգել են այն հետևության, որ այն պատճառվել է 2002 թվականի հուլիսի 21-ին, երբ սպա Վ.Գ.-ն այլ անձանց ներկայությամբ Ս.Մուրադյանի հետ վիճաբանության ժամանակ ուժեղ թափահարել է նրա ձեռքը, որի ընթացքում նրանք ձեռքերով, ըստ երևույթին, պատահաբար հարվածել կամ կպել են Ս.Մուրադյանի որովայնի ձախ հատվածին, որն առաջացրել է փայծաղի ենթապատյանային պատռվածք: Այնուամենայնիվ, [Եվրոպական դատարանը] կասկածներ ունի Ս.Մուրադյանի մահացու վնասվածքի մասին այս բացատրության վերաբերյալ` հաշվի առնելով այդ հետևություններին հանգեցրած քննության ընթացքում թույլ տրված բազմաթիվ լուրջ թերությունները:

(…) Այս առնչությամբ [Եվրոպական դատարանն] նշում է, որ իշխանություններն սկզբում արագ արձագանքել են Ս.Մուրադյանի մահվանը: Նրա մահվան հաջորդ օրը` 2002 թվականի օգոստոսի 5-ին, քննիչը որոշում է կայացրել դիակի դատաբժշկական փորձաքննություն, այդ թվում` դիահերձում նշանակելու մասին: Փորձագետը դատաբժշկական փորձաքննությունը սկսել է հաջորդ օրը և նույն օրը հայտնել է քննիչին, որ Ս.Մուրադյանը մահացել է հին ու նոր արյունազեղումների առկայությամբ փայծաղի վնասվածքի հետևանքով: Այնուհետև քննիչը որոշում է կայացրել [ՀՀ քրեական] օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, այն է` դիտավորությամբ ծանր մարմնական վնասվածք հասցնելը, որի հետևանքով տուժողը մահացել է, քրեական գործ հարուցելու մասին` հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սուրեն Մուրադյանը ենթարկվել է վատ վերաբերմունքի» (…): Այնուամենայնիվ, դրանից չի հետևում, որ նախաքննական մարմինն իրական փորձեր է արել քննության համար անհրաժեշտ միջոցներն ակտիվորեն ձեռնարկելու և համապատասխան հանգամանքները պատշաճորեն հետազոտելու ուղղությամբ` չնայած նրան, որ առկա են եղել մի շարք կոնկրետ կողմնորոշիչներ: [Եվրոպական դատարանը], մասնավորապես, նշում է հետևյալը.

(…) Առաջին հերթին` դեռևս 2002 թվականի օգոստոսի 7-ին նախաքննական մարմինը, հարցաքննելով մի շարք վկաների, ձեռք է բերել ապացույցներ, որոնց համաձայն` Ս.Մուրադյանը ընդհարում է ունեցել նույն զորամասի երկու սպաների` Վ.Գ.-ի և Դ.Հ.-ի հետ: Ընդհարումը սկսվել է ժամացույցի ենթադրյալ գողության պատճառով 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանությամբ, և Ս.Մուրադյանին ժամանակ են տվել կոնկրետ պահանջներ կատարելու համար` ենթադրաբար նրան սպառնալով, որ դրանք չկատարելու դեպքում նա «խնդիրներ կունենա» և «կպատժվի»: Ավելին` մի քանի օր անց (մոտավորապես 2002 թվականի հուլիսի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում), ըստ երևույթին այդ ժամկետը լրանալուն պես, այդ սպաները նրան մի քանի անգամ տարել են շտաբ, այդ թվում` սպա Կ.Զ.-ի աշխատասենյակ, որտեղ սպառնալիքները ենթադրաբար շարունակվել են: Պարզվել է, որ այդ նույն ժամանակահատվածում Ս.Մուրադյանն սկսել է իրեն վատ զգալ (…): Չնայած այդ բոլոր ապացույցներին, որոնք հիմք են տալիս ենթադրելու, որ սպաներ Դ.Հ.-ն, Վ.Գ.-ն և Կ.Զ.-ն հանցավոր արարք են կատարել, նրանք անմիջապես չեն մեկուսացվել և հարցաքննվել են համապատասխանաբար միայն երկու, երեք և տասն օր անց (…): [Եվրոպական դատարանը] նշում է, որ թեև չկան ապացույցներ, որոնցով հիմնավորվում է այս սպաների կողմից նախնական համաձայնությամբ գործելու հանգամանքը, սակայն միայն այն փաստը, որ այդպիսի նախնական համաձայնության վտանգի հավանականությունը նվազեցնելու ուղղությամբ անհրաժեշտ քայլեր չեն ձեռնարկվել, համարվում է քննության պատշաճ իրականացման հարցում լուրջ թերություն:

(…) Ինչ վերաբերում է այդ սպաների փաստացի հարցաքննություններին, ապա նախաքննական մարմինը, ունենալով ականատեսի ցուցմունք այն մասին, որ 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ս.Մուրադյանի նկատմամբ ակնհայտ ֆիզիկական բռնություն չի գործադրվել, այնուամենայնիվ, որոշել է իր ուշադրությունը հիմնականում սևեռել այդ վիճաբանության վրա` առանց Ս.Մուրադյանի` հետագայում զորամասի շտաբ կատարած այցերին առնչվող հանգամանքները պարզելուն ուղղված լուրջ քայլեր ձեռնարկելու: Սպաներին չեն առաջադրվել մանրամասն հարցեր, որոնց միջոցով հնարավոր կլիներ պարզել այդ այցերի ժամանակ Ս.Մուրադյանին վատ վերաբերմունքի ենթարկելու հնարավոր հանգամանքը: Նրանց կողմից վատ վերաբերմունքի ենթարկելու հանգամանքը հերքելը հեշտությամբ ընդունվել է առանց այդ մասով լրացուցիչ քննության, իսկ որոշ դեպքերում հարցաքննությունները հիմնականում սահմանափակվել են այնպիսի գրավոր ցուցմունքներ վերցնելով, որոնցում սպաները պարզապես պատմում են 2002 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած դեպքերը (…):

(…) Դեպքերին առնչություն են ունեցել և Ս.Մուրադյանի հետ շտաբ են կանչվել երկու այլ զինծառայողներ` Կ.Ե.-ն և Գ.Մ.-ն, որոնք կարող էին քննության համար էական նշանակություն ունեցող տեղեկություններ հայտնել: Ճիշտ է, որ նրանք երկուսն էլ որպես վկա հարցաքննվելու ժամանակ հերքել են, որ որևէ տեղեկություն ունեն շտաբ կատարած այցերի ժամանակ Ս.Մուրադյանի` վատ վերաբերմունքի ենթարկվելու մասին (…): Սակայն չի բացառվում, որ նրանք ցուցմունքներում չեն տրամադրել իրենց հայտնի բոլոր տեղեկությունները և, ճնշումներից վախենալով, ճշմարտությունը չեն հայտնել` հաշվի առնելով, որ գործին առնչություն ունեցող անձինք նրանց վերադասներն էին այն զորամասում, որտեղ նրանք շարունակել են իրենց ծառայությունը, այդ թվում` այնպիսի բարձրաստիճան սպաներ, ինչպիսին էր զորամասի հրամանատարի ժամանակավոր պաշտոնակատարը, որը նաև այդ զորամասի հրամանատարի տեղակալն էր: Նախաքննական մարմինը, սակայն, չի դիտարկել այս հնարավոր խնդիրը լուծելու ուղղությամբ համապատասխան այնպիսի քայլեր ձեռնարկելու հնարավորությունը, ինչպիսին [ՀՀ քրեական] դատավարության օրենսգրքի 98-րդ և 98.1-րդ հոդվածներով նախատեսված պաշտպանության միջոցներն իրականացնելն է, օրինակ` նշված վկաների ծառայության վայրը փոփոխելու և դրանով հնարավոր ճնշումներից նրանց պաշտպանությունն ապահովելու միջոցով (…):

(…) [Եվրոպական դատարանը] նշում է, որ անորոշ են դատաբժշկական փորձագետ Մ.Բ.-ի կողմից արված հետևությունները` կապված քննության համար էական նշանակություն ունեցող` Ս.Մուրադյանի մոտ առաջին և հիմնական արյունազեղումն առաջանալու օրվա հետ: Մասնավորապես, փորձագետը եզրակացրել է, որ այդ արյունազեղումն առաջացել է մահվանից «ավելի քան 8-ից 10 օր» առաջ (…): Այսպիսով, մի կողմից փորձագետը նշում է կոնկրետ ժամանակահատվածի մասին, մասնավորապես` 8-ից 10 օր, սակայն մյուս կողմից կարծիք է հայտնում, որ արյունազեղումը կարող էր առաջացած լինել այդ ժամանակահատվածից առաջ ցանկացած ժամանակ` դրանով իսկ տալով էական նշանակություն [ունեցող] հարցին շատ անորոշ պատասխան և միևնույն ժամանակ զգալիորեն նվազեցնելով այս ապացույցի ապացուցողական ուժը: Նախաքննական մարմինը չի պարզել այս հարցը, այդ թվում` ինչ է նկատի ունեցել դատաբժշկական փորձագետը «ավելի քան 8-ից 10 օր առաջ» արտահայտությամբ, ինչպես նաև այն, թե ինչու հնարավոր չի եղել նշել արյունազեղումն առաջանալու ավելի կոնկրետ ժամանակ, մինչդեռ դա հնարավոր է եղել անել նույն հատվածում առաջացած երկրորդ արյունազեղման դեպքում (մահվանից 1-ից 2 օր առաջ):

(…) Երբևէ չի իրականացվել տեղանքի զննություն, այդ թվում` չի զննվել սպա Կ.Զ.-ի աշխատասենյակը, որտեղ 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանությունից հետո կանչել են Սուրեն Մուրադյանին:

(…) [Եվրոպական դատարանը] նաև նշում է, որ վատ վերաբերմունքի վերաբերյալ վարկածը պատշաճորեն չի ստուգվել նույնիսկ այն բանից հետո, երբ քրեական վարույթն իրականացնող մարմինները ձեռք են բերել ապացույց, որի համաձայն գործով ներգրավված երեք սպաներից առնվազն երկուսը, մասնավորապես` Դ.Հ.-ն և Կ.Զ.-ն, առնչություն ունեն բռնության դեպքին (…): Առավել ուշագրավ է այն, որ սպա Կ.Զ.-ն փաստացի առնչություն է ունեցել Ս.Մուրադյանի հետ նույն նպատակով իր աշխատասենյակ կանչված մյուս երկու զինծառայողներից մեկի` Գ.Մ.-ի նկատմամբ նույն պատմության համատեքստում բռնություն գործադրելուն: Այս հանգամանքին նշանակություն չի տրվել, և քրեական վարույթն իրականացնող մարմինները հեշտությամբ ընդունել են այն սցենարը, որի համաձայն միայն զինծառայող Գ.Մ.-ն է դարձել բռնության գործողությունների զոհ, այլ ոչ թե Ս.Մուրադյանը (…): Քննության ընթացքը որևէ կերպ չի փոխվել նույնիսկ այն բանից հետո, երբ Ս.Մուրադյանի հետ նրա մահվանից ոչ շատ առաջ կապի մեջ եղած երկու վկաները` Կ.Բ.-ն և Հ.Ղ.-ն, հստակ հայտնել են, որ վերջինս պատմել է, որ սպաներ Վ.Գ.-ն, Դ.Հ.-ն և Կ.Զ.-ն վատ վերաբերմունք են դրսևորել իր նկատմամբ: [Եվրոպական դատարանը] բավարար չափով համոզիչ չի համարում այդ պնդումները մերժելու պատճառները (…):

(…) Այսպիսով, վերոնշյալ խնդիրները լուծելու, 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանությանը հաջորդող օրերին կատարվածի բազմակողմանի քննություն իրականացնելու, ինչպես նաև դիմումատուի որդու` վատ վերաբերմունքի ենթարկված լինելու հանգամանքը պարզելու փոխարեն` քննության համար առանցքային է դարձվել հենց վիճաբանության հանգամանքը` նույնիսկ այն դեպքում, երբ, ինչպես արդեն նշվել է, չի եղել որևէ ապացույց առ այն, որ այդ վիճաբանության ժամանակ Ս.Մուրադյանը ենթարկվել է այնպիսի բնույթի և ծանրության ֆիզիկական բռնության, որի հետևանքով կարող էր պատճառվել նրա փայծաղի` կյանքի համար վտանգավոր վնասվածք: [Եվրոպական դատարանը] նշում է, որ ոչ շուտ, քան երկու տարի հետո է դեպքին առնչություն ունեցող սպաներից մեկը հայտնել, որ նախկինում չի ասել ամբողջ ճշմարտությունը, և որ 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության ժամանակ իրականում պատահաբար հարված է հասցվել Ս.Մուրադյանի որովայնի հատվածին (...): Նախաքննական մարմինը հեշտությամբ ընդունել է այդ պնդումը, մինչդեռ առկա չի եղել այն հիմնավորող որևէ օբյեկտիվ ապացույց, և հետագա ամբողջ քննությունը, այդ թվում` բոլոր դատաբժշկական փորձաքննություններն ուղղված են եղել հիմնավորելու այն վարկածը, որ առաջին արյունազեղումը և փայծաղի ենթապատյանային պատռվածքն առաջացել են պատահական հարվածի հետևանքով: [Եվրոպական դատարանը], սակայն, նշում է, որ նույնիսկ այս հետևությունն արվել է մի շարք թերություններով:

(...) Նախ, ինչպես արդեն նշվել է, դեպքերի այս վարկածն ամբողջությամբ հիմնված է եղել դեպքերին առնչություն ունեցող այն սպայի ցուցմունքի վրա, որը չէր կարող համարվել օբյեկտիվ վկա, և որը, ավելին, քրեական գործով վարույթի ամբողջ ընթացքում այդ մասին տվել է հակասող ցուցմունքներ (...):

(...) Թեև համապատասխան բժշկական փորձագետների պնդմամբ առաջին արյունազեղումը և փայծաղի ենթապատյանային պատռվածքն առաջացել են 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության ընթացքում սպա Վ.Գ.-ի կողմից պատահաբար հասցված հարվածի հետևանքով, սակայն [Եվրոպական դատարանի] ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ դատաբժշկական փորձագետներին ներկայացվել է միայն մեկ վարկած, որի համաձայն` Ս.Մուրադյանին սպա Վ.Գ.-ի նկարագրած հանգամանքներում հասցվել է մեկ հարված: Հետևաբար զարմանալի չէ, որ փորձագետներն այդ հարվածը համարել են նշված վնասվածքների առաջացման պատճառ: Դա, սակայն, չի կարող մեկնաբանվել որպես սպա Վ.Գ.-ի պնդումների հավաստիությունը հաստատող կամ այդ վնասվածքներն իրականում պատճառվելու միանգամայն այլ` նախաքննական մարմնի կողմից պատշաճորեն և դատաբժշկական փորձագետներին չներկայացված սցենարի հավանականությունը բացառող հանգամանք:

(...) Որևէ համոզիչ բացատրություն չի տրվել այն հանգամանքի վերաբերյալ, որ Ս.Մուրադյանից մահվանից առաջ հոսպիտալում վերցված արյան միևնույն նմուշի մեջ սկզբում չեն հայտնաբերվել մալարիայի հարուցիչներ, իսկ հետո դրանք հայտնաբերվել են: Դատաբժշկական փորձագետները կա՛մ տրամադրել են հակասող և ոչ բավարար բացատրություններ, կա՛մ որևէ բացատրություն չեն տրամադրել (...): Հատկանշական է, որ մալարիայի ախտորոշման հիման վրա բացատրվել է Ս.Մուրադյանի փայծաղի մեծացման և դեֆորմացման հանգամանքը, ինչպես նաև նշվել է, որ այն կարող էր պատռվել նույնիսկ թույլ հպումից:

(...) Նախաքննական մարմինը չի փորձել պարզել, թե արդյոք բժշկական տեսանկյունից հնարավոր է, որ Ս.Մուրադյանը սկսեր իրեն վատ զգալ միայն մոտավորապես 2002 թվականի հուլիսի 24-ից հետո, եթե վնասվածքը նրա փայծաղին հասցվել է 2002 թվականի հուլիսի 21-ին, և արդյոք հնարավոր է, որ 2002 թվականի հուլիսի 21-ի վիճաբանության ժամանակ ցավի ակնհայտ դրսևորումներ եղած չլինեն այն դեպքում, երբ նրան հասցվել է վնասվածք, որի հետևանքով առաջացել է 10x9սմ չափերի արյունազեղում, ինչպես նաև` փայծաղի ենթապատյանային պատռվածք: Դատաբժշկական փորձագետները դիմումատուի համապատասխան հարցերին ի պատասխան համոզիչ բացատրություն չեն տրամադրել (...):

(...) Ինչ վերաբերում է Ս.Մուրադյանի փայծաղի շրջանում երկրորդ արյունազեղմանը, որն առաջացել է նրա մահվանից 1-ից 2 օր առաջ, ապա, ըստ երևույթին, որևէ էական փորձ չի արվել նաև արյունազեղումն առաջանալու պատճառները պարզելու, ինչպես նաև փայծաղի պատռվածքի հետ դրա հնարավոր կապը պարզելու ուղղությամբ: Համարվել է, որ այդ արյունազեղումն առաջացել է հոսպիտալում Ս.Մուրադյանի վայր ընկնելու հետևանքով (...): Նման հիմնավորման դեպքում, սակայն, լիովին անտեսվում է այն հանգամանքը, որ տվյալ արյունազեղումը, ինչպես պարզվել է, առաջացել է Ս.Մուրադյանի մահվանից 1-ից 2 օր առաջ, մինչդեռ հոսպիտալում նրա վայր ընկնելը, ըստ երևույթին, տեղի է ունեցել նրա մահից առաջ` երկու ժամից էլ կարճ ժամանակահատվածում (...): Ավելին` պարզ չէ, թե նախաքննական մարմինն ինչ հիմքով է պարզված համարել, որ վայր ընկնելիս Ս.Մուրադյանի ձեռքը եղել է իր փորի տակ (...):

(...) [Եվրոպական դատարանը] նաև անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենի` 2004 թվականի նոյեմբերի 5-ի գրությանը, ինչպես նաև ՀՀ գլխավոր դատախազի ավագ օգնականի` 2004 թվականի նոյեմբերի 24-ի որոշմանը: Դրանցից առաջինը` «գաղտնի» նշումով գրությունը, վերաբերում էր «[Սուրեն Մուրադյանի] հայտնի ծեծին», իսկ մյուսում նշվել է, որ քննությամբ պարզվել է, որ Ս.Մուրադյանին սպա Կ.Զ.-ի աշխատանքային սենյակում ծեծել են փայտե ձողով (...): Այսպիսով, այս փաստաթղթերի բովանդակությունից պարզ է դառնում, որ իշխանություններն առնվազն բավարար ապացույց են ունեցել այն մասին, որ Ս.Մուրադյանը ենթարկվել է ծեծի, սակայն գործողություններ չեն ձեռնարկել կամ չեն ցանկացել ձեռնարկել այդ ապացույցի առնչությամբ: Լեռնային Ղարաբաղի ազգային անվտանգության ծառայության տնօրենի հայտնած տեղեկությունը չի ազդում այս եզրակացության վրա, քանի որ չի տրամադրվել որևէ այլ համոզիչ բացատրություն վերջինիս կողմից արված «[Սուրեն Մուրադյանի] հայտնի ծեծ» արտահայտության վերաբերյալ (...) (տե՛ս Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 137-152-րդ կետերը):

22.3. Վերոգրյալի արդյունքում Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ իշխանություններն արդյունավետ քննություն չեն իրականացրել Ս.Մուրադյանին մահացու վնասվածք պատճառվելու հանգամանքների կապակցությամբ: Հետևաբար, ըստ դատարանի, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային խախտում (տե՛ս Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 153-154-րդ կետերը):

Եվրոպական դատարանը եզրահանգել է նաև, որ իշխանությունների կողմից իրականացված քննությունն արդյունավետ չի եղել, դրա արդյունքները չի կարելի համարել բավականաչափ հուսալի, իսկ Ս.Մուրադյանի կյանքի համար վտանգավոր վնասվածքի վերաբերյալ բացատրությունը` համոզիչ և բավարար: Բացի այդ, չի կարող համարվել, որ իշխանությունները կատարել են դիմումատուի որդու` իրենց խնամքի տակ գտնվելու ժամանակահատվածում տեղի ունեցած մահվան դեպքի վերաբերյալ արժանահավատ բացատրություն տրամադրելու պարտավորությունը: Հետևաբար, ըստ դատարանի, տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 2-րդ հոդվածի նյութաիրավական խախտում (տե՛ս Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի 155-156-րդ կետերը):

23. Հաշվի առնելով վերոգրյալը, ինչպես նաև հիմք ընդունելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426.4-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով` Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային և նյութաիրավական խախտումների արձանագրման փաստը ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի օգոստոսի 4-ի որոշումը վերանայելու հիմք է:

24. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված երկրորդ իրավական հարցը հետևյալն է. Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային և նյութաիրավական խախտումները վերացնելու ամենապատշաճ միջոցն արդյոք վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է:

25. Այսպես, Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «Բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Դատարանի վերջնական վճիռները ցանկացած գործի վերաբերյալ, որում նրանք կողմեր են»:

Սկոցցարին և Ջունտան ընդդեմ Իտալիայի գործով Եվրոպական դատարանն իրավական դիրքորոշում է արտահայտել այն մասին, որ. «(…) [Վ]ճիռը, որով [Եվրոպական դատարանը] խախտում է արձանագրում, պատասխանող պետության վրա իրավական պարտավորություն է դնում ոչ միայն շահագրգիռ անձանց վճարել արդարացի փոխհատուցման կարգով տրամադրվելիք գումարները, այլ նաև Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ ընտրել ընդհանուր և/կամ անհրաժեշտության դեպքում անհատական միջոցներ, որոնք անհրաժեշտ է ձեռնարկել ներպետական իրավական համակարգում` վերջ տալու համար [Եվրոպական դատարանի] արձանագրած խախտումներին և հնարավորինս շտկելու դրանց հետևանքները: Բացի այդ, Նախարարների կոմիտեի վերահսկողությամբ պետությունը ազատ է Կոնվենցիայի 46-րդ հոդվածով ստանձնած իր պարտավորությունների կատարման միջոցների ընտրության հարցում` պայմանով, որ դրանք համատեղելի են [Եվրոպական դատարանի] վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ:

Կոնվենցիայի 41-րդ հոդվածի հիման վրա արդարացի փոխհատուցման կարգով գումարների տրամադրման նպատակը բացառապես կրած վնասի համար հատուցում տալն է այնքանով, որքանով որ այդ վնասը հետևանք է խախտման, որն այլ կերպ վերականգնվել չի կարող» (տե՛ս Scozzari and Giunta v. Italy գործով Եվրոպական դատարանի՝ 2000 թվականի հուլիսի 13-ի վճիռը, գանգատներ թիվ 39221/98 և 41963/98, կետեր 249-250):

Սելջուկը և Ասկերն ընդդեմ Թուրքիայի գործով Եվրոպական դատարանը նշել է. «Կոնվենցիայի խախտում արձանագրած [Եվրոպական դատարանի] վճռով պատասխանող պետության վրա պարտավորություն է դրվում դադարեցնել խախտումը և դրա հետևանքների համար այնպիսի հատուցում տրամադրել, որ հնարավորինս վերականգնվի խախտումից առաջ առկա իրավիճակը (restitutio in integrum): Եթե restitutio in integrum-ը գործնականում հնարավոր չէ, ապա պատասխանող պետությունն ազատ է վճիռը կատարելու միջոցների ընտրության հարցում (…)» (տե՛ս Selcuk and Asker v. Turkey գործով Եվրոպական դատարանի՝ 1998 թվականի ապրիլի 24-ի վճիռը, գանգատներ թիվ 23184/94 և 23185/94, կետ 125):

25.1. Հաշվի առնելով Եվրոպական դատարանի վերոնշյալ իրավական դիրքորոշումները` Վճռաբեկ դատարանը Ժ.Սեֆիլյանի գործով որոշմամբ արձանագրել է. «(…) Կոնվենցիայի 46-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով պետություններն ունեն հետևյալ պարտավորությունները.

1. վճարել նշանակված փոխհատուցումը,

2. անհրաժեշտության դեպքում հօգուտ դիմումատուի ձեռնարկել անհատական միջոցառումներ, այն է՝

- դադարեցնել Եվրոպական դատարանի կողմից արձանագրված իրավունքի խախտումը կամ դրա հետևանքների ներգործությունը,

- հնարավորինս վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը (restitսtiօ iո iոtegrսm), իսկ դրա անհնարինության դեպքում Դատարանի վճռի մեջ տեղ գտած եզրակացությունների հետ համատեղելի այլ միջոցներով ապահովել իր ստանձնած պարտավորությունների կատարումը,

3. ձեռնարկել ընդհանուր բնույթի միջոցառումներ՝ կանխելու համար նմանատիպ խախտումներն ապագայում (…)» (տե՛ս Ժիրայր Սեֆիլյանի գործով Վճռաբեկ դատարանի՝ 2014 թվականի մայիսի 31-ի թիվ ՎԲ-07/13 որոշման 24-րդ կետը):

26. Այսպիսով, Վճռաբեկ դատարանը կրկնում է, որ Կոնվենցիայի խախտում արձանագրվելու դեպքում պետությունն արդարացի փոխհատուցում տրամադրելուց զատ պարտավորվում է հնարավորության դեպքում ձեռնարկել որոշակի անհատական միջոցառումներ, որոնք հնարավորինս կվերականգնեն մինչև խախտումը եղած իրավիճակը: Այլ կերպ՝ յուրաքանչյուր դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել կոնկրետ գործի հանգամանքները, խախտման բնույթը, դրա՝ գործի ելքի վրա ունեցած ազդեցությունը, ինչպես նաև «restitutio in integrum»-ն ապահովելու հնարավորությունը: Եթե վերոնշյալ հանգամանքների գնահատումը վկայում է, որ գործի վերաբացման արդյունքում հնարավոր է վերականգնել մինչև խախտումը եղած իրավիճակը, ապա վարույթի նորոգում պետք է տեղի ունենա (տե՛ս Բագրատ և Նարինե Նալբանդյանների գործով Վճռաբեկ դատարանի` 2016 թվականի հունիսի 24-ի թիվ ՎԲ-04/15 որոշման 19-րդ կետը): Ընդ որում, այդ առումով հատկանշական է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի` 2000 թվականի հունվարի 19-ի՝ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի որոշումների հիման վրա ներպետական մակարդակով գործերի վերանայման և վարույթի նորոգման մասին» հանձնարարականը, որտեղ նշվում է, որ անհատական միջոցառումների ձեռնարկումն անհրաժեշտ է հետևյալ երկու պայմանների պարտադիր առկայության պարագայում, այն է` նյութական կամ դատավարական իրավունքի խախտումը պետք է իր բնույթով լինի այնպիսին, որ լուրջ կասկած հարուցի ներպետական մարմիններում բողոքարկման առարկա վարույթի ելքի արդյունքների կապակցությամբ և դիմումատուն պետք է շարունակի կրել խնդրո առարկա ներպետական որոշման բացասական հետևանքները, որոնք բավարար չափով չեն վերականգնվում արդարացի փոխհատուցմամբ և չեն կարող վերացվել այլ կերպ, քան դատական ակտի վերանայմամբ կամ գործի վերաբացմամբ:

27. Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման առնչությամբ Եվրոպական դատարանն իր նախադեպային իրավունքում իրավական դիրքորոշումներ է արտահայտել այն մասին, որ «(...) [Ք]րեական պատժամիջոցների կիրառման գլխավոր նպատակներից են հատուցումը` որպես զոհերի համար արդարադատության միջոց, և ընդհանուր զսպումը, որն ուղղված է նոր խախտումների կանխարգելմանը և օրենքի գերակայության պահպանմանը: Հետևաբար այս նպատակներից և ոչ մեկը չի կարող ապահովվել առանց ենթադրյալ հանցագործներին դատարանի առջև կանգնեցնելու: Հնարավոր անմիջական կատարողների նկատմամբ քննություն իրականացնելու իշխանությունների ձախողումը խաթարում է քրեաիրավական մեխանիզմի արդյունավետությունը, որն ուղղված է ապօրինի սպանությունները կանխարգելելուն, զսպելուն ու պատժելուն: Պետության` [Կոնվենցիայի] 2-րդ հոդվածով սահմանված ընթացակարգային պարտավորությունների պահպանումը պահանջում է, որ ներպետական իրավական համակարգը ցուցադրի իր կարողությունը և պատրաստակամությունը` կիրառելու քրեական արդարադատությունն այն անձանց նկատմամբ, ովքեր ապօրինի խլել են մեկ ուրիշի կյանքը (տե՛ս, mutatis mutandis, Nachova and Others v. Bulgaria գործով Եվրոպական դատարանի` 2005 թվականի հուլիսի 6-ի վճիռը (գանգատներ թիվ 43577/98 և 43579/98, կետ 160), Ghimp and Others v. the Republic of Moldova գործով Եվրոպական դատարանի` 2012 թվականի հոկտեմբերի 30-ի վճիռը (գանգատ թիվ 32520/09, կետ 43), Jelić v. Croatia գործով Եվրոպական դատարանի` 2014 թվականի հունիսի 12-ի վճիռը (գանգատ թիվ 57856/11, կետ 90), M. and Others v. Croatia գործով Եվրոպական դատարանի` 2017 թվականի մայիսի 2-ի վճիռը (գանգատ թիվ 50175/12, կետ 88)):

28. Հաշվի առնելով Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով վճռի շրջանակներում Եվրոպական դատարանի արտահայտած և սույն որոշման 22.1-22.3-րդ կետերում մեջբերված իրավական դիրքորոշումները, ինչպես նաև սույն որոշման 25-27-րդ կետերում շարադրված վերլուծության լույսի ներքո գնահատելով Եվրոպական դատարանի կողմից արձանագրված խախտումների բնույթը՝ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Մուրադյանն ընդդեմ Հայաստանի գործով Եվրոպական դատարանի` ուժի մեջ մտած վճռով արձանագրված՝ Կոնվենցիայի 2-րդ հոդվածի ընթացակարգային և նյութաիրավական խախտումները վերացնելու ամենապատշաճ միջոցը վիճարկվող դատական ակտերը բեկանելը և գործը նոր քննության ուղարկելն է:

29. Հիմք ընդունելով վերոշարադրյալը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի օգոստոսի 4-ի որոշման վերանայման արդյունքում Առաջին ատյանի դատարանի՝ 2005 թվականի դեկտեմբերի 21-ի, Վերաքննիչ դատարանի՝ 2006 թվականի հունիսի 20-ի և նույն թվականի սեպտեմբերի 26-ի դատավճիռները պետք է բեկանել և գործն ուղարկել Առաջին ատյանի դատարան` նոր քննության:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 91-րդ, 92-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 16-րդ, 39-րդ, 43-րդ, 3611 -րդ, 397-րդ, 398-րդ, 419-րդ, 422-423-րդ, 426.1-րդ, 426.2-րդ, 426.4-րդ, 426.7-րդ և 426.9-րդ հոդվածներով և Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 20-րդ հոդվածով` Վճռաբեկ դատարանը

 

Ո Ր Ո Շ Ե Ց

 

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Վահե Անդրանիկի Գրիգորյանի, Արամ Զավենի Համբարձումյանի և Սահակ Ռաֆիկի Գասպարյանի վերաբերյալ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական և զինվորական գործերով պալատի` 2006 թվականի օգոստոսի 4-ի որոշումը վերանայել:

2. Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի` 2005 թվականի դեկտեմբերի 21-ի, ՀՀ քրեական և զինվորական գործերով վերաքննիչ դատարանի` 2006 թվականի հունիսի 20-ի և նույն թվականի սեպտեմբերի 26-ի դատավճիռները բեկանել և գործն ուղարկել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` նոր քննության:

3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող`

  Ս. Ավետիսյան

Դատավորներ`

  Ա. Պողոսյան
   

Ե. Դանիելյան

    Լ. Թադևոսյան
   

Ս. Օհանյան